i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԿԴ1/2503/03/16
Քաղաքացիական գործ թիվ ԿԴ1/2503/03/16 2019թ.
Նախագահող դատավոր` Ն. Մարգարյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Ե. Խունդկարյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
2019 թվականի մայիսի 29-ին
գրավոր ընթացակարգով քննելով Մհեր Մուրադյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.11.2018 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊ ընկերությունը (այսուհետ` Ընկերություն) պահանջել է Մհեր Մուրադյանի նկատմամբ արձակել վճարման կարգադրություն` 520.000 ՀՀ դրամի չափով:
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ն. Գալստյան) (այսուհետ` Դատարան) կողմից 09.01.2017 թվականին արձակվել է վճարման կարգադրություն:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.10.2018 թվականի որոշմամբ Մհեր Մուրադյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է, և սահմանվել է ժամկետ` վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.11.2018 թվականի որոշմամբ Մհեր Մուրադյանի միջնորդությունը` վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ, և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մհեր Մուրադյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածը, «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ բողոքարկվող վճարման կարգադրության մասին Մհեր Մուրադյանը տեղեկացել է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից 29.06.2018 թվականին և այն իրեն հասու է դարձել դատարան դիմելուց և գործի նյութերի ուսումնասիրությունից հետո: Մասնավորապես, դիմումը` գործի նյութերին ծանոթանալու վերաբերյալ, մուտքագրվել է դատարան 16.08.2018 թվականին, իսկ 28.08.2018 թվականին արխիվից տրամադրվել են գործի նյութերի պատճենները, որոնցից պարզվել է, որ վճարման կարգադրությունն ուղարկվել է թերի հասցեով, և հայտնի չէ, թե ով է ստորագրել հանձնման ծանուցագիրը և ստացել փոստային առաքանին: Այսինքն` 09.01.2017 թվականին արձակված վճարման կարգադրության մասին Մհեր Մուրադյանն իմացել է միայն 28.08.2018 թվականին, հետևաբար վերաքննիչ բողոք բերելու ժամկետը պետք է հաշվարկվեր այդ օրվանից, որը և պահպանվել է` վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնվել 26.09.2018 թվականին օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանի կողմից վճարման կարգադրությունը թերի հասցեով ուղարկելու արդյունքում բողոք բերած անձն ըստ էության զրկվել է իր իրավունքների պաշտպանությունն արդյունավետ իրականացնելու իրավունքից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 15.11.2018 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ»:
i
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
i
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
i
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
i
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
«ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` դատարանների գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունը` օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության միջոցով:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` բողոքարկման ժամկետներին վերաբերող նորմերն անկասկած սահմանված են արդարադատության պատշաճ իրականացման և իրավական որոշակիության սկզբունքի ապահովման նպատակով, սակայն հիշյալ նորմերը կամ դրանց կիրառումը չպետք է գործին մասնակցող անձին զրկեն իրենց իրավունքի իրականացման հնարավորությունից (տե՛ս, Pռrez de Rada Cavanilles v. Spain գործով Եվրոպական դատարանի 28.10.1998 թվականի վճիռը, կետ 45): Որպեսզի դատարանի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անձը պետք է իր իրավունքների իրականացմանը միջամտող իրավական ակտը վիճարկելու հստակ և իրական հնարավորություն ունենա (տե՛ս, Bellet v. France գործով Եվրոպական դատարանի 04.12.1995 թվականի վճիռը, կետ 36, Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 16.03.2010 թվականի վճիռը, կետ 25):
Այս կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանը 09.02.2016 թվականի թիվ ՍԴՈ-1254 որոշմամբ արձանագրել է, որ «օրենսդրորեն պետք է սահմանվեն անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ դատական ակտը բողոք բերողի կողմից ամբողջությամբ ու ողջամիտ ժամկետում ստանալու և դատարանի մատչելիության ու արդար դատաքննության իր իրավունքն արդյունավետ իրացնելու համար: Միաժամանակ ՀՀ սահմանադրական դատարանը նույն որոշմամբ արձանագրել է, որ ստորադաս դատարանի դատական ակտը վերադասության կարգով բողոքարկելու եղանակով անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի լիարժեք իրացումը մեծապես կախված է այն հանգամանքից, թե որքանով է բողոքարկվող դատական ակտը հասու շահագրգիռ անձին, ողջամիտ ինչ ժամկետում նա կարող է հիմնավոր բողոք ներկայացնել իր իրավունքների դատական պաշտպանության համար: (...) վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքներն օրենքով դրանց ներկայացված պահանջներին համահունչ նախապատրաստելու համար հարկ է, որպեսզի վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք ներկայացնող անձն իր տնօրինության ներքո ունենա բողոքարկվող դատական ակտը, որպեսզի կարողանա նշված ակտի ուսումնասիրության հիման վրա իր վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքում հիմնավորել, պատճառաբանել ստորադաս դատարանի կողմից նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումը և գործի ելքի վրա դրանց ազդեցությունը (...)»:
ՀՀ վճռաբեկ դատարանը ևս, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով դատարանի դատական ակտն օրենսդրությամբ սահմանված ժամկետում անձին չհանձնելու և բողոքարկման ժամկետները բաց թողնելու իրավական հետևանքներին, նշել է, որ երբ գործին մասնակցող անձը բաց է թողնում դատական ակտը բողոքարկելու ժամկետը, վերջինս իրավունք ունի ներկայացնել դրա բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն, որի քննարկումը վերաքննիչ դատարանը պարտավոր է իրականացնել` հաշվի առնելով նաև անձի` սահմանադրական նորմով երաշխավորված դատական պաշտպանության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքները (տե՛ս, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Դանիել Բարսեղյանի և այլոց թիվ ԱՐԱԴ/0716/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.12.2011 թվականի որոշումը):
Այսինքն` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն դեպքում, երբ բողոքարկման իրավունքի իրացման ժամկետի բացթողումը պայմանավորված է ստորադաս դատարանի անգործությամբ, բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցը քննարկելիս վերադաս դատարանը պետք է առաջնորդվի անձի` իր իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու և դրա մատչելիության սկզբունքներով:
Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությունը դիմումով խնդրել է Մհեր Մուրադյանի նկատմամբ արձակել վճարման կարգադրություն` 520.000 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 1,2): Դատարանի կողմից 09.01.2017 թվականին արձակվել է վճարման կարգադրություն (հատոր 1-ին, գ.թ. 29): Վճարման կարգադրությունը Մհեր Մուրադյանին ուղարկվել է 10.05.2017 թվականին հետևյալ հասցեով` Հայաստան, Առինջ (հիմք` փոստային անդորրագիր, հատոր 1-ին, գ.թ. 31), իսկ ստացման/հանձնման ծանուցագրի վրա առկա ստորագրության համաձայն` այն ստացվել է 12.05.2017 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 32): Ընկերության ներկայացուցիչը 18.10.2017 թվականին Դատարան ներկայացված գրությամբ պահանջել է տրամադրել կատարողական թերթ, քանի որ պարտապան Մհեր Մուրադյանը վճարման կարգադրության դեմ օրենքով սահմանված ժամկետում չի առարկել, որպիսի պայմաններում այն ստացել է օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ (հատոր 1-ին, գ.թ. 36, 38): Հետագայում Մհեր Մուրադյանը Դատարանի 09.01.2017 թվականի վճարման կարգադրության դեմ փոստային առաքման եղանակով առաջին անգամ վերաքննիչ բողոք է ներկայացրել 26.09.2018 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 5-39):
Վերաքննիչ դատարանի` «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 19.10.2018 թվականի որոշմամբ Մհեր Մուրադյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է և սահմանվել է ժամկետ` վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար (հատոր 2-րդ, գ.թ. 41-43): Նշված որոշմամբ որպես վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմք արձանագրվել է, որ «(...) վերաքննիչ բողոքին կից չի ներկայացվել պետական տուրքը վճարելու փաստը հավաստող ապացույցը` պետական տուրքի վճարման անդորրագիրը, կամ չի ներկայացվել միջնորդություն` պետական տուրքի վճարման գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ, (...) վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին»:
Մհեր Մուրադյանը, կրկին ներկայացնելով վերաքննիչ բողոք, միաժամանակ միջնորդել է հարգելի համարել օրենքով սահմանված ժամկետի բացթողումը` պատճառաբանելով, որ «վճարման կարգադրության մասին իմացել է դատական ակտերի հարկադիր ծառայությունից` 29.06.2018 թվականին, որից հետո դիմել է դատարան գործի նյութերին ծանոթանալու և դրանց պատճենները ստանալու համար: Գործի նյութերը ստանալուց հետո միայն 28.08.2018 թվականին է իրեն հասու դարձել բողոքարկվող վճարման կարգադրությունը» (հատոր 2-րդ, գ.թ. 50-53, 54):
Վերաքննիչ դատարանը 15.11.2018 թվականի որոշմամբ Մհեր Մուրադյանի` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ «(...) Մհեր Մուրադյանը բողոքարկվող վճարման կարգադրությունը փոստային ծառայության միջոցով ստացել է 12.05.2017 թվականին, գ. Առինջ հասցեով ու թեև սույն վերաքննիչ բողոքում Մհեր Մուրադյանը նշում է, որ 09.01.2017 թվականին արձակված վճարման կարգադրության մասին տեղեկացել է հարկադիր կատարման ծառայությունից և 28.08.2018 թվականին դիմում է ներկայացրել Դատարան` վճարման կարգադրությունը և գործի նյութերը ստանալու վերաբերյալ, սակայն գործի նյութերում առկա չէ Մհեր Մուրադյանի անունից դիմում և դրա հիմքով գործի նյութերը ստանալու վերաբերյալ ապացույց: Այսինքն` թիվ ԿԴ1/2503/03/16 գործի նյութերով չի հաստատվում բողոքաբերի փաստարկներն այն մասին, որ բողոքարկվող վճարման կարգադրության մասին տեղեկացել է 28.08.2018 թվականին (...)» (հատոր 2-րդ, գ.թ. 85-86):
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ սույն գործով բողոքարկվող վճարման կարգադրությունն արձակվել և պարտապանին ուղարկվել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի գործողության պայմաններում, իսկ վերաքննիչ բողոք այդ վճարման կարգադրության դեմ ներկայացվել է 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի գործողության շրջանակներում, նախ և առաջ հարկ է համարում անդրադառնալ կիրառելի օրենսդրության խնդրին:
ՀՀ վճռաբեկ դատարանը ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ «Ամիգո Արմեն» ՍՊԸ-ի գործով անդրադառնալով 17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի և 09.02.2018 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հարաբերակցության հարցին, նորմատիվ ակտերի ժամանակի մեջ գործողության կանոնները համադրելով 09.02.2018 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի անցումային և եզրափակիչ դրույթների հետ` արձանագրել է, որ 09.04.2018 թվականի դրությամբ առաջին ատյանի դատարանում քննվող գործերի նկատմամբ ենթակա են կիրառման 17.06.1998 թվականին ընդունված և 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը, սակայն այդ գործերով 09.04.2018 թվականից հետո վերաքննիչ բողոքարկում իրականացված լինելու պայմաններում պետք է կիրառվեն արդեն 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը (տե՛ս, ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՍԴ2/0037/04/16 քաղաքացիական գործով 19.02.2019 թվականի որոշումը):
Սույն գործով, հաշվի առնելով, որ վերաքննիչ բողոք առաջին անգամ ներկայացվել է 26.09.2018 թվականին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ բողոքը վարույթ ընդունելու, այդ թվում` բողոքարկման ժամկետների պահպանվածության հարցը պետք է լուծվեր 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների լույսի ներքո: Ինչ վերաբերում է ստորադաս դատարանի անգործությամբ պայմանավորված դատական ակտն ուշ ստանալու հանգամանքին, ապա դրան իրավական գնահատական պետք է տրվեր` հաշվի առնելով 17.06.1998 թվականին ընդունված և 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը, քանի որ վճարման կարգադրությունն արձակվել է և ուղարկվել է նշված օրենսգրքի նորմերին համապատասխան:
17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վճարման կարգադրությունը պատասխանողին ուղարկվում է փոստով` ստացման մասին հետադարձ ծանուցմամբ (տեղեկացմամբ):
i
09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` վճարման կարգադրության դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունի պարտապանը:
i
09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` վճարման կարգադրության դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մեկ ամսվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ բողոք բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ արձակված վճարման կարգադրության մասին:
i
09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե` վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:
i
09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը ներկայացվում է այն դատարան, որտեղ պետք է կատարվի համապատասխան դատավարական գործողությունը: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:
Վերոգրյալ դատավարական նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանում էր վճարման կարգադրությունը պատասխանողին (պարտապանին) փոստով` ստացման մասին հետադարձ ծանուցմամբ (տեղեկացմամբ) ուղարկելու իմպերատիվ պահանջ: 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ուղղակիորեն ամրագրում է վճարման կարգադրությունը պարտապանի կողմից բողոքարկելու իրավական հնարավորություն` դրա իրացման մեկամսյա ժամկետի հաշվարկը պայմանավորելով պարտապանի կողմից վճարման կարգադրության մասին իրազեկվելու փաստով կամ իրազեկվելու իրական հնարավորությամբ:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Դատարանի կողմից 09.01.2017 թվականին արձակված վճարման կարգադրությունը Մհեր Մուրադյանին ուղարկվել է 10.05.2017 թվականին` Հայաստան, Առինջ հասցեով: Ըստ գործում առկա ստացման/հանձնման ծանուցագրի վրա առկա ստորագրության` այն ստացվել է 12.05.2017 թվականին: Սույն գործում առկա` Ընկերության վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումով Մհեր Մուրադյանի հասցեն նշվել է` «Կոտայքի մարզ, գյուղ Առինջ, 3-րդ փող., տուն 21» (հատոր 1-ին, գ.թ. 1):
Մհեր Մուրադյանը ներկայացված վերաքննիչ բողոքում նշել է, որ 09.01.2017 թվականին արձակված վճարման կարգադրության մասին տեղեկացել է 29.06.2018 թվականին դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից, որից հետո դիմում է ներկայացրել Դատարան գործի նյութերը ստանալու համար և դրանք ստանալով 28.08.2018 թվականին` ծանոթացել է 09.01.2017 թվականին արձակված վճարման կարգադրությանը, որից հետո 26.09.2018 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Մհեր Մուրադյանը սույն վճռաբեկ բողոքին կցել է նաև Դատարանի աշխատակազմի ղեկավարին հասցեագրված 16.08.2018 թվականի դիմումը, որով խնդրել է իրեն տրամադրել թիվ ԿԴ1/2503/03/16 գործի պատճեններն ամբողջությամբ (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից): Նշված դիմումի վրա առկա է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կնիքը` «Մ-4531/18, 20.08.2018» նշումներով:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետի պահպանված լինելու հարցը պարզելու համար էական են սույն գործով կայացված վճարման կարգադրությունը Մհեր Մուրադյանին հանձնված և այն նրա կողմից ստացված լինելու փաստը, քանի որ և՛ դատական ակտի հանձնումը, և՛ դրա ուղարկումը կողմին նպատակ է հետապնդում վերջինիս տեղեկացնելու դատարանի կողմից կայացված դատական ակտի մասին: Միայն նշված փաստերը պարզելուց հետո Վերաքննիչ դատարանը կարող էր որոշել` արդյոք պահպանված է վերաքննիչ բողոքարկման իրավունքի իրացման ժամկետը:
Այսպես, սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ բողոքարկվող վճարման կարգադրությունը Մհեր Մուրադյանին ուղարկվել է պատշաճ հասցեով: Վճռաբեկ դատարանի նման հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքների պահպանության անհրաժեշտությունից ելնելով` Դատարանը պարտավոր էր վճարման կարգադրությունն ուղարկել այնպիսի պատշաճ հասցեով, որը կապահովեր Մհեր Մուրադյանի կողմից վճարման կարգադրության իրապես ստացումը, որպիսին սույն գործով հանդիսանում է վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումում նշված հասցեն, այն է` «Կոտայքի մարզ, գյուղ Առինջ, 3-րդ փող., տուն 21»: Մինչդեռ վճարման կարգադրությունը Մհեր Մուրադյանին ուղարկելու վերաբերյալ ապացույցների (փոստային անդորրագիր և հանձնման-ստացման ծանուցագիր) ուսումնասիրությունից հետևում է, որ այն վերջինիս ուղարկվել է թերի հասցեով, այն է` «Հայաստան, Առինջ» հասցեով: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործում առկա փոստային անդորրագիրը և հանձնման-ստացման ծանուցագիրը չեն կարող անվերապահորեն վկայել այն մասին, որ վճարման կարգադրությունը պատշաճ կարգով ուղարկվել է Մհեր Մուրադյանին և վերջինս ստացել է այն, քանի որ փոստային անդորրագրում առկա հասցեն նշված է թերի, ոչ ամբողջական, ինչն իր հերթին կասկածի տակ է դնում Մհեր Մուրադյանի կողմից վճարման կարգադրությունը ստանալու հանգամանքը:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես վերաքննիչ, այնպես էլ վճռաբեկ բողոքներով Մհեր Մուրադյանը նշել է, որ վճարման կարգադրության մասին իմացել է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից 29.06.2018 թվականին, որից հետո դիմելով դատարան գործի նյութերին ծանոթանալու համար` միայն 28.08.2018 թվականին է իրեն հասու դարձել բողոքարկվող վճարման կարգադրությունը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքարկվող դատական ակտի մասին Մհեր Մուրադյանը տեղեկացել է 29.06.2018 թվականին և վերաքննիչ բողոքը ներկայացնելով 26.09.2018 թվականին` բաց է թողել վճարման կարգադրությունն օրենքով սահմանված ժամկետում բողոքարկելու մեկամսյա ժամկետը: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ներկայացվել է համապատասխան ապացույց, որի ուսումնասիրությունից հետևում է, որ Մհեր Մուրադյանը 20.08.2018 թվականին դիմել է Դատարան գործի նյութերին ծանոթացնելու համար, և գործում այլ ապացույցների բացակայության պայմաններում ողջամտորեն ենթադրվում է, որ բողոքարկվող դատական ակտը Մհեր Մուրադյանին հասու է դարձել միայն սույն քաղաքացիական գործի նյութերը նրան տրամադրելուց հետո` 28.08.2018 թվականին:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում առկա է բողոքաբերից անկախ պատճառներով դատական ակտը նրան ուշ հասու լինելու հանգամանքը, որպիսի պայմաններում բողոքարկման բաց թողնված ժամկետը համապատասխան միջնորդության և վերը նշված ապացույցների առկայության պարագայում ենթակա էր վերականգնման: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը վերը նշված ապացույցները պատշաճ հետազոտման և համարժեք գնահատման չարժանացնելով` անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը թերի է իրականացրել դատական ակտը գործին մասնակցող անձին ուղարկելու իր լիազորությունը, ինչն էլ հանգեցրել է բողոք բերած անձի կողմից բողոքարկման իրավունքի իրացման օրենքով սահմանված ժամկետի բացթողման:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մհեր Մուրադյանի կողմից վերաքննիչ բողոքի ներկայացման համար դատավարական ժամկետի բացթողումը հարգելի համարելու մասին միջնորդությունը հիմնավոր էր և ենթակա էր բավարարման, քանի որ Դատարանի կողմից չի ապահովվել Մհեր Մուրադյանի կողմից վճարման կարգադրության ստացումը, այն հասու է դարձել վերջինիս միայն 28.08.2018 թվականին, որպիսի պայմաններում Մհեր Մուրադյանն օբյեկտիվորեն չի կարողացել այն բողոքարկել օրենքով սահմանված ժամկետում: Հետևաբար Վերաքննիչ դատարանը, 15.11.2018 թվականին կայացնելով Մհեր Մուրադյանի կողմից ներկայացված միջնորդությունը, արդյունքում նաև վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու վերաբերյալ որոշում, թույլ է տվել Մհեր Մուրադյանի` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված դատական պաշտպանության հիմնարար իրավունքի բաղադրատարր հանդիսացող բողոքարկման իրավունքի խախտում` խաթարելով արդարադատության բուն էությունը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.11.2018 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան
Զեկուցող Ե. Խունդկարյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան