040.1045.250810
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 օգոստոսի 2010 թվականի N 1045-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի, 11-րդ հոդվածի 1-ին կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2010 թվականի օգոստոսի 5-ի
N 1045-Ն որոշման
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալությունը (այսուհետ` գործակալություն) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է ծառայություններ իրավական ակտերի և իրավական ակտերի նախագծերի փորձաքննության, իրավական ակտերի գրանցման և հաշվառման բնագավառներում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:
2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` նախարար) ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և գործակալության հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Գործակալության նպատակները և խնդիրներն են`
1) իրավական ակտերի նախագծերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին համապատասխանության վերաբերյալ պետական պարտադիր փորձաքննության կազմակերպման և իրականացման ապահովումը.
2) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարների կողմից ընդունված գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին համապատասխանության վերաբերյալ պետական պարտադիր փորձաքննության իրականացման և գրանցման ապահովումը.
3) Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին համապատասխանության վերաբերյալ պետական պարտադիր փորձաքննության իրականացման և գրանցման ապահովումը.
4) Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի հաշվառումը, պետական գրանցումը և նորմատիվ իրավական ակտերի պահառուի գործառույթի իրականացման ապահովումը.
5) իրավական ակտերի պաշտոնական հրապարակման և պաշտոնական վերահրատարակման իրականացման ապահովումը:
III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
i
8. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշումների, Հայաստանի Հանրապետության Նախագահի նորմատիվ հրամանագրերի և կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների (այսուհետ` օրենսդրական ակտեր) նախագծերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության վերաբերյալ պետական պարտադիր փորձաքննության իրականացումը.
2) Հայաստանի Հանրապետության գործող իրավական ակտերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի, միջազգային պայմանագրերի պահանջների համապատասխանության վերաբերյալ պետական փորձաքննության իրականացում և համապատասխան առաջարկություններ ներկայացնելը.
3) գերատեսչական և օրենքով նախատեսված նորմատիվ իրավական այլ ակտերի պետական փորձաքննության իրականացում.
4) տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերի պետական պարտադիր փորձաքննության իրականացում.
5) Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի հաշվառում, պետական գրանցում և նորմատիվ իրավական ակտերի պահառուի գործառույթի իրականացում.
6) իրավական ակտերի պաշտոնական հրապարակման ու պաշտոնական վերահրատարակման ապահովում և իրավական ակտերի էլեկտրոնային ժողովածուի կազմում ու հրապարակման կազմակերպում.
7) իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիայի իրականացում.
8) իրավական ակտերի համակարգում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի համակարգված ժողովածուների կազմում և հրապարակման կազմակերպում.
9) օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում այլ պաշտոնական փաստաթղթերի հրատարակման կամ հրապարակման կազմակերպում.
10) օրենքի պահանջների խախտմամբ ընդունված, հրապարակված կամ կիրառվող իրավական ակտերի հայտնաբերման դեպքում դիմում է տվյալ ակտն ընդունած մարմին` առաջարկելով վերացնել օրենքի խախտումները: Իրավական ակտն ընդունած մարմնի կողմից օրենքի խախտումները չվերացվելու դեպքում` խախտումը վերացնելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացնելուց 15 օր հետո դիմում է դատարան` օրենքի պահանջների խախտմամբ ընդունված, հրապարակված կամ կիրառվող իրավական ակտն անվավեր ճանաչելու համար.
11) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների պետական համապատասխան մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ համագործակցություն.
11.1) (11.1-ին ենթակետն ուժը կորցրել է 19.05.16 թիվ 506-Ն որոշում)
11.2) (11.2-րդ ենթակետն ուժը կորցրել է 19.05.16 թիվ 506-Ն որոշում)
12) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացում:
(8-րդ կետը փոփ. 09.10.14 թիվ 1105-Ն, 19.05.16 թիվ 506-Ն որոշումներ)
IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Գործակալությունը կառավարում է նախարարը: Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Իր գործունեության ընթացքում գործակալության պետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության կանոնադրությամբ ու սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
10. Գործակալության պետը պատասխանատու է իրավական ակտերի և իրավական ակտերի նախագծերի փորձաքննության, իրավական ակտերի գրանցման և հաշվառման բնագավառներում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց` օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:
11. Գործակալության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, գործակալության գործունեությունը համակարգող` նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նաև` նախարարության աշխատակազմի ղեկավարին:
12. Գործակալության պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է գործակալության պետի տեղակալը:
(12-րդ կետը փոփ. 09.10.14 թիվ 1105-Ն որոշում)
13. Գործակալության պետը`
1) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) համապատասխան նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների և խնդիրների վերաբերյալ.
3) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
5) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
6) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.
7) նախարարության կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.
8) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.
9) իրականացնում է վերահսկողություն գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
10) նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.
11) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
12) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
14. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:
15. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ:
16. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
17. Գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
Հավելված N 2
i
ՀՀ կառավարության
2010 թվականի օգոստոսի 5-ի
N 1045-Ն որոշման
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
Կառուցվածքային ստորաբաժանումներ
Սահմանադրական իրավունքի բաժին
Քաղաքացիական և առևտրային իրավունքի բաժին
Գերատեսչական իրավական ակտերի փորձաքննության և գրանցման բաժին
Դատաիրավական օրենսդրության փորձաքննության բաժին
(2-րդ հավելվածը փոփ. 11.08.11 թիվ 1142-Ն, 09.10.14 թիվ 1105-Ն, 19.05.16 թիվ 506-Ն որոշումներ)