09.01.2001 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2000 թվականի դեկտեմբերի 5-ին
ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 1. |
Օրենքի նպատակը և կարգավորման առարկան |
1. Սույն օրենքի նպատակն է սահմանել փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների չափորոշիչները, պետական աջակցության հիմնական ուղղությունները և այդ ոլորտում պետական քաղաքականության իրականացման սկզբունքները:
Փոքր և միջին ձեռնարկատիրության (այսուհետ` ՓՄՁ) ոլորտում հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և իրավական ակտերով:
2. Սույն օրենքը չի տարածվում վարկային, ապահովագրական և ներդրումային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների, գրավատների, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների, խաղատների և շահումով խաղերի կազմակերպման գործունեություն իրականացնող սուբյեկտների, ինչպես նաև դուստր և կախյալ տնտեսական ընկերությունների վրա:
(1-ին հոդ. փոփ. 22.12.10 ՀՕ-285-Ն օրենք)
Հոդված 2. |
ՓՄՁ սուբյեկտները |
1. Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ սուբյեկտները դասակարգվում են`
1) գերփոքր` առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը կազմում է մինչև 10 մարդ, իսկ նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը չի գերազանցում 100 մլն դրամը.
2) փոքր` առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը կազմում է մինչև 50 մարդ, իսկ նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը չի գերազանցում 500 մլն դրամը.
3) միջին` առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը կազմում է մինչև 250 մարդ, իսկ նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը չեն գերազանցում համապատասխանաբար 1500 մլն դրամը և 1000 մլն դրամը:
(2-րդ հոդ. փոփ. 05.10.10 ՀՕ-142-Ն օրենք)
Հոդված 3. |
ՓՄՁ-ի պետական աջակցության հիմնական ուղղությունները |
ՓՄՁ-ի պետական աջակցության հիմնական ուղղություններն են`
- իրավական բարենպաստ դաշտի ձևավորումը,
- ֆինանսական և ներդրումային աջակցությունը, երաշխիքների տրամադրումը,
- աջակցող ենթակառուցվածքների ստեղծմանը ու զարգացմանը նպաստելը,
- տեղեկատվական և խորհրդատվական օգնությունը,
- արտաքին տնտեսական գործունեության խթանումը,
- նորարարական գործունեության և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման աջակցությունը,
- բարենպաստ հարկային քաղաքականության իրականացումը,
- կադրերի պատրաստումը և վերապատրաստումը,
- վիճակագրական հաշվետվությունների և հաշվապահական հաշվառման պարզեցված համակարգերի ստեղծումը,
- պետական գնումների իրականացման գործընթացում աջակցությունը:
i
Հոդված 4. |
ՓՄՁ-ի աջակցության պետական ծրագիրը |
ՓՄՁ-ի պետական աջակցությունը իրականացվում է տարեկան ծրագրով (այսուհետ` Ծրագիր): Ծրագիրը մշակում և հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ծրագրի իրականացման ֆինանսավորումը նշվում է պետական բյուջեում առանձին տողով:
Ծրագիրը մշակվում է սույն օրենքով սահմանված հիմնական ուղղություններին համապատասխան` ելնելով տվյալ ժամանակահատվածում զարգացման գերակայություններից, ներառյալ` ՓՄՁ ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծումը:
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով: Ծրագրի կատարման հաշվետվությունը ներկայացվում է տվյալ տարվա պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության հետ:
(4-րդ հոդ. փոփ. 05.10.10 ՀՕ-142-Ն օրենք)
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
Երևան 28 դեկտեմբերի 2000 թ. ՀՕ-121
|