(ուժը կորցրել է բացառությամբ 1-ին և 9-րդ կետերի 16.01.03 թիվ 133-Ն որոշում)
i
040.0189.300399
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«30» մարտի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 մարտի 1999 թվական թիվ 189
ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ ԹՈՒՆԵԼԻ ԱՆԽԱՓԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Արփա-Սևան թունելի հետագա անխափան շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել ի գիտություն Արփա-Սևան թունելի տեխնիկական վիճակը գնահատող հանձնաժողովի եզրակացությունը (կցվում է):
2. Արփա-Սևան թունելի տեխնիկական վիճակը գնահատող հանձնաժողովին` շարունակել Արփա-Սևան թունելի փորձագիտական ուսումնասիրությունները և դրանց արդյունքները պարբերաբար ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
(2-րդ կետն ուժը կորցրել է 16.01.03 թիվ 133-Ն որոշում)
3. Արփա-Սևան թունելի տեխնիկական վիճակը գնահատող հանձնաժողովին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության (Հայլեռտեխհսկողություն) վարչությանը և «Հայհիդրոէներգանախագիծ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը` յուրաքանչյուր ամիս Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկանք Արփա-Սևան թունելի շահագործման վերահսկողության և տեխնիկական վիճակի դիտանցի արդյունքների վերաբերյալ:
(3-րդ կետն ուժը կորցրել է 16.01.03 թիվ 133-Ն որոշում)
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը`
ա) ձեռնարկել համապատասխան միջոցներ Արփա-Սևան թունելի տեխնիկական վիճակը գնահատող հանձնաժողովի կողմից առաջարկված ժամանակավոր միջոցառումների իրականացման համար.
բ) Արփա-Սևան թունելի վերանորոգման-վերականգնման, ինչպես նաև անհրաժեշտ տեխնիկատրանսպորտային և այլ արտադրական մեխանիզմների բազայի վերազինման աշխատանքներն իրականացնել համապատասխան ժամանակացույցի համաձայն ու Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով Արփա-Սևան թունելի վերանորոգման համար նախատեսված միջոցների սահմաններում.
գ) 1999 թվականի ընթացքում Սևանա լիճ ջրերի տեղափոխումն իրականացնել առավելագույն թողունակությամբ` միաժամանակ ապահովելով Արփա-Սևան թունելի անվտանգ շահագործումը.
դ) 10-օրյա ժամկետում սահմանված կարգով համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել Արփա-Սևան թունելի շահագործման կանոններում.
ե) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ, Արփա-Սևան թունելի տեխնիկական վիճակը գնահատող հանձնաժողովի վերջնական եզրակացության հիման վրա, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի դեկտեմբերի 24-ի «Արփա-Սևան թունելի անխափան ու անվտանգ շահագործման և նրա տեխնիկական վիճակի բարելավման միջոցառումների մասին» N 360 որոշմամբ հաստատված ծրագրում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ և 20-օրյա ժամկետում սահմանված կարգով տեղեկանք նշված որոշումը չկատարելու պատճառների մասին.
զ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ լուծել Արփա-Սևան թունելի պահպանության ֆինանսավորման հարցը:
(4-րդ կետն ուժը կորցրել է 16.01.03 թիվ 133-Ն որոշում)
5. Արփա-Սևան թունելի վերանորոգման և շահագործման ապահովման աշխատանքների պատասխանատուներ համարել`
ա) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Որոտան-Արփա-Սևան» թունելների շահագործման վարչությունը ժամանակավոր ամրակապերի տեղադրման և պատվիրատուի պարտականությունների կատարման համար.
բ) «Արփա-Սևան» փակ բաժնետիրական ընկերությունը` հորանների վերականգնման համալիր աշխատանքների կատարման համար.
գ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության «Կենտրոնական էլեկտրացանց» պետական փակ բաժնետիրական ընկերությունը` բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի և ենթակայանների վերականգնման համար.
դ) «Հայհիդրոէներգանախագիծ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը` նախագծային և ինժեներահետազոտական աշխատանքների համար.
ե) Արփա-Սևան թունելի տեխնիկական վիճակը գնահատող հանձնաժողովը և «Հայհիդրոէներգանախագիծ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը` Արփա-Սևան թունելի տեխնիկական վիճակի դիտանցի իրականացման համար
զ) Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր արտակարգ իրավիճակների վարչության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության (Հայլեռտեխհսկողություն) վարչությունը Արփա-Սևան թունելի անվտանգ շահագործման վերահսկողության համար:
(5-րդ կետն ուժը կորցրել է 16.01.03 թիվ 133-Ն որոշում)
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը`
ա) Արփա-Սևան թունելի վերանորոգման-վերականգնման աշխատանքների ֆինանսավորումը սկսած 1999 թվականի մարտ ամսից, իրականացնել առաջնահերթության կարգով.
բ) 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված օբյեկտի հետագա ֆինանսավորման համար անհրաժեշտ միջոցների չափի և աղբյուրների վերաբերյալ ելնելով Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի միջոցների սահմանված կարգով վերաբաշխման հնարավորությունից.
գ) 7-օրյա ժամկետում ճշտել և կազմել ժամանակացույց նշված օբյեկտի 1998 թվականի պարտքերի մարման վերաբերյալ:
(6-րդ կետն ուժը կորցրել է 16.01.03 թիվ 133-Ն որոշում)
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`
ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկանք Որոտան-Արփա-Սևան թունելի շահագործման համար 1994-1999 թվականներին ծախսված միջոցների և կատարված հատկացումների մասին.
բ) 10-օրյա ժամկետում լուծել Արփա-Սևան թունելի տեխնիկական վիճակը գնահատող հանձնաժողովի աշխատանքների ֆինանսավորման հարցը:
(7-րդ կետն ուժը կորցրել է 16.01.03 թիվ 133-Ն որոշում)
i
8. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին ուժեղացնել հսկողությունը թունելի շահագործման և սպասարկման համար նախատեսված գույքի ու սարքավորումների հափշտակման դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործերով նախաքննության նկատմամբ տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
(8-րդ կետն ուժը կորցրել է 16.01.03 թիվ 133-Ն որոշում)
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 22-ի «Հատուկ, կարևորագույն և պատմամշակութային նշանակության օբյեկտների պետական պահպանության մասին» N 599 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 3-ի N 123 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը
որոշմամբ հաստատված ցանկի 7-րդ կետում «Արփա-Սևան ջրային թունելի 3 տեղամասեր» բառերը փոխարինել «Արփա-Սևան ջրային թունել» բառերով:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 30-ից: