i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/0479/02/08
դատարանի որոշում 2009 թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/0479/02/08
Նախագահող դատավոր` Ա. Խառատյան
Դատավորներ` Վ. Ավանեսյան
Կ. Չիլինգարյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Ա. Մկրտումյանի
մասնակցությամբ դատավորներ` Ս. Սարգսյանի
Ե. Խունդկարյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Է. Հայրիյանի
Ա. Մաթևոսյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2009 թվականի փետրվարի 13-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Սեդա Սարգսյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.10.2008 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Էդգար Մարկոսյանի և Զարուհի Գևորգյանի ընդդեմ Սեդա Սարգսյանի` գրավադրված գույքն արգելանքից հանելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Սեդա Սարգսյանի ընդդեմ Էդգար Մարկոսյանի և Զարուհի Գևորգյանի` գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Էդգար Մարկոսյանը և Զարուհի Գևորգյանը պահանջել են լուծել Սեդա Սարգսյանի հետ 06.10.2006 թվականին կնքված հիփոթեքի պայմանագիրը և արգելանքից հանել Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի 22-րդ շենքի թիվ 119 բնակարանը:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Սեդա Սարգսյանը պահանջել է Զարուհի Գևորգյանից և Էդգար Մարկոսյանից բռնագանձել 3.600.000 ՀՀ դրամ` որպես փոխառության գումար և բռնագանձումը տարածել գրավի առարկայի վրա:
Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 05.06.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.10.2008 թվականի որոշմամբ Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 05.06.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սեդա Սարգսյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացել Էդգար Մարկոսյանը և Զարուհի Գևորգյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 53-րդ հոդվածների պահանջները, որի հետևանքով չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 247-րդ, 424-րդ, 466-րդ, 880-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր և սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը փոխառության պայմանագրով նախատեսված գումարը վճարված լինելու փաստի ապացուցման պարտականությունը դրել է Սեդա Սարգսյանի վրա` հաշվի չառնելով, որ այդ փաստի ապացուցման պարտականությունը օրենքի ուժով դրված է հայցվորների վրա: Փոխառության գումարը վերադարձված չլինելու պայմաններում, չէր կարող դադարել գրավով ապահովված պարտավորությունը և լուծվել հիփոթեքի պայմանագիրը:
Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով, որ հնարավոր չի պարզել, թե ստացականներում ստորագրությունները Սեդա Սարգսյանի, թե մեկ այլ անձի կողմից են կատարվել, այնուամենայնիվ մերժել է վերաքննիչ բողոքը:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, մասնավորապես` փոխառության և հիփոթեքի պայմանագրերը, թվով ութ ստացականները, փորձագիտական երեք եզրակացությունները: Սույն գործի քննության ժամանակ չի հաստատվել, որ հայցվորները պատասխանողին պատշաճ կարգով վերադարձրել են փոխառության գումարը, որը կարող էր հաստատվել միայն գրավոր ապացույցներով:
Ինչ վերաբերում է դատաքննության ընթացքում Նատալյա Շամամյանի տրված ցուցմունքին, ապա Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «գործին մասնակցող անձի ներկայացուցչի ցուցմունքը» ապացույցի տեսակ չէ, ուստի այն չէր կարող դրվել դատական ակտի հիմքում: Առավել ևս, որ Վերաքննիչ դատարանն անուշադրության է մատնել, որ Նատալյա Շամամյանը ոչ թե Էդգար Մարկոսյանի ներկայացուցիչն է, այլ` Զարուհի Գևորգյանի:
i
2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանի որոշման մեջ բացակայում է դատական ակտի փաստական հիմնավորումը, քանի որ դատարանը չի նշել, թե ինչ ապացույցների վերլուծության և գնահատման արդյունքում է հայցվորների պահանջը հիմնավոր համարել, իսկ պատասխանողի հակընդդեմ հայցապահանջը` անհիմն, ինչպես նաև եզրակացություն արել վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
i
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերը, ինչպես նաև 48-րդ հոդվածի 7-րդ կետը, չի պատճառաբանել, թե ինչո՞ւ պետք է կիրառվեն հենց այդ նորմերը: Այդ իմաստով բացակայում է որոշման իրավական հիմնավորումը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.10.2008 թվականի որոշումը:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Հայցվորները ներկայացրել են իրենց պահանջը հիմնավորող ութ ստացականներ և հաշվի առնելով պատասխանողի առարկությունը` միջնորդել են նշանակել փորձաքննություն, որով հաստատվել է երկու ստացականում պատասխանողի ստորագրության առկայությունը, իսկ մնացած վեց ստացականների վերաբերյալ եզրակացություն չի տրվել` գրաֆիկական նյութի սակավության պատճառով, որը չի կարելի մեկնաբանել, որ մնացած ստացականներում առկա չէ պատասխանողի ստորագրությունը: Մինչդեռ, պատասխանողը չի ներկայացրել որևէ ապացույց ստացականները հերքելու համար: Այսինքն` քննարկվող պարագայում ապացուցման պարտականությունը, հետևաբար, նաև վիճելի մնացած փաստի բացասական հետևանքներ կրող կողմը պատասխանողն է:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Սեդա Սարգսյանի` որպես փոխատուի, և Զարուհի Գևորգյանի ու Էդգար Մարկոսյանի` որպես փոխառուների, միջև 06.10.2006 թ-ին կնքվել է փոխառության պայմանագիր, որի համաձայն` փոխատուն հանձնել է փոխառուներին 3.936.800 (երեք միլիոն ինը հարյուր երեսունվեց հազար ութ հարյուր) ՀՀ դրամ` մինչև 06.10.2007 թվականը մարման ժամկետով:
2) Ի ապահովումն փոխառության պայմանագրով փոխառուների կողմից ստանձնած պարտավորության կատարման` Զարուհի Գևորգյանի ու Էդգար Մարկոսյանի, որպես գրավատուների, և Սեդա Սարգսյանի, որպես գրավառուի, միջև 06.10.2006 թվականին կնքվել է անշարժ գույքի հիփոթեքի (գրավի) պայմանագիր, որի համաձայն` գրավատուներին համասեփականության իրավունքով պատկանող` ք. Երևան, Նոր Նորքի 9-րդ միկրոշրջան, 22 շենք, բն. 119 հասցեի անշարժ գույքը գրավ է դրվել Սեդա Սարգսյանի մոտ: Նշված պայմանագրի 4-րդ կետի համաձայն` անշարժ գույքն արգելանքի է վերցվում մինչև 3.936.800 ՀՀ դրամ գումարի լրիվ մարումը և արգելվում է այն օտարելը:
Նշված պայմանագիրը վավերացվել է նոտարական կարգով, իսկ պայմանագրից ծագող իրավունքները 12.10.2006 թվականին ստացել են պետական գրանցում` համաձայն գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցման 12.10.2006 թվականի թիվ 0061177 վկայականի:
3) Քաղաքացիական գործում առկա թիվ 1 և թիվ 2 ստացականների համաձայն` Սեդա Սարգսյանը Զարուհի Գևորգյանից ստացել է 1.120 ԱՄՆ դոլար գումար, որը համարժեք է 336.800 ՀՀ դրամի: Մնացած 3.600.000 ՀՀ դրամ փոխառության գումարի վերադարձը հիմնավորելու համար հայցվորի կողմից դատարան է ներկայացվել «06. 3, 4, 2007 թ., 06. 5, 6, 2007 թ., 06.7.2007 թ., 06.8.2007 թ., 06.2007 թ. և 06.2007» թվագրում ունեցող թիվ 3, 4, 5, 6, 7, 8 ստացականները:
4) «ՀՀ Փորձագիտական Կենտրոն» ՊՈԱԿ-ի ձեռագրաբանական փորձագետի 18.01.2008 թվականի թիվ 46440701 եզրակացության համաձայն` փորձաքննությանը տրամադրված թիվ 1 և թիվ 2 ստացականներում տեղավորված Սեդա Սարգսյանի անունից ստորագրությունները կատարվել են միևնույն անձի` Սեդա Սարգսյանի կողմից: Միևնույն, թե տարբեր անձանց, Սեդա Սարգսյանի, թե մեկ այլ անձի (անձանց) կողմից են կատարվել փորձաքննությանը տրամադրված թիվ 3, 4, 5, 6, 7 և 8 ստացականներում տեղավորված Սեդա Սարգսյանի անունից ստորագրությունները պարզել հնարավոր չէ:
5) ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ձեռագրաբանական փորձագետի 29.02.2008 թվականի թիվ 08-0088 եզրակացության համաձայն` Սեդա Սարգսյանի, թե մեկ այլ անձի կողմից են կատարվել` Զարուհի Գևորգյանի կողմից Սեդա Սարգսյանին գումար հանձնելու վերաբերյալ 06. 3, 4, 2006 թ., 06.5, 6, 2007 թ., 06.7.2007 թ., 06.8.2007 թ., 06.2007 թ., 06.2007 թ. ստացականների (թիվ 3-8 ստացականներ) ներքևի մասերում «ստացա» և «Ս. Սարգսյան» բառերի միջև տեղավորված ստորագրությունները պարզել հնարավոր չէ` հետազոտելի ստորագրությունների ինֆորմատիվ գրաֆիկական նյութի սակավության և պարզ կատարման պատճառով:
6) ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության ձեռագրաբանական փորձագետի 04.05.2008 թվականի թիվ 578 եզրակացության համաձայն` հնարավոր չէ պարզել, թե 06. 3, 4, 2007 թ., 06. 5, 6, 2007 թ., 06.7.2007 թ., 06.8.2007 թ., 06.2007 թ. և 06.2007 համարակալված 3, 4, 5, 6, 7, 8 թվերով վեց ստացականներում «ստացա» բառի դիմաց առկա ստորագրությունները կատարված են Սեդա Սարգսյանի, թե մեկ այլ անձի կամ անձանց կողմից:
7) 23.05.2008 թվականի լիազորագրի համաձայն` Նատալյա Շամամյանը Զարուհի Գևորգյանի ներկայացուցիչն է (1-ին հատոր, գ.թ. 36):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա, իսկ նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:
Վերը նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար, դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը` ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում, դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:
Հետևաբար, սույն քաղաքացիական գործի փաստերի առանձնահատկությունների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով պարզման ենթակա է այն իրավական հարցադրումը, թե որո՞նք են գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը և որ կողմը պետք է կրի այդ փաստերի ապացուցման դատավարական բեռը:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք: Նույն օրենսգրքի 880-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխառուն պարտավոր է, փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով, փոխատուին վերադարձնել ստացված փոխառության գումարը: Ընդ որում, փոխառության գումարը համարվում է վերադարձված այն փոխատուին հանձնելու կամ նրա բանկային հաշվին փոխանցելու պահին, եթե այլ բան նախատեսված չէ փոխառության պայմանագրով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին կետի առաջին ենթակետի համաձայն` գրավը դադարում է գրավով ապահովված պարտավորությունը դադարելով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 424-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պատշաճ կատարումը դադարեցնում է պարտավորությունը:
Նշված հոդվածներից հետևում է, որ փոխառության պայմանագիրը, լինելով երկկողմանի պայմանագիր, իմպերատիվ ձևով սահմանում է փոխառուի (պարտապանի) հիմնական պարտավորությունը, այն է` փոխատուին (պարտատիրոջը) փոխառությամբ ստացված գումարը վերադարձնելը` փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով: Ընդ որում, միայն տվյալ փաստի առկայության հադեպքում փոխառությամբ ստանձնված պարտավորությունը մարվում է պատշաճ կատարված, իսկ պարտավորությունը` դադարած: Իսկ գրավը, լինելով պարտավորության կատարման ապահովման միջոց, նույնպես դադարում է գրավով ապահովված հիմնական պարտավորության դադարման դեպքում:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի լուծման համար էական նշանակություն ունի փոխառուներ (պարտապաններ) Զարուհի Գևորգյանի և Էդգար Մարկոսյանի կողմից փոխատու (պարտատեր) Սեդա Սարգսյանին փոխառությամբ ստացված գումարը վերադարձնելու օրենքով սահմանված պարտավորության կատարման փաստի առկայությունը:
Սույն գործի փաստերից հետևում է, որ «ՀՀ Փորձագիտական Կենտրոն» ՊՈԱԿ-ի ձեռագրաբանական փորձագետի 18.01.2008 թվականի թիվ 46440701 եզրակացության համաձայն` փորձաքննությանը տրամադրված թիվ 1 և թիվ 2 ստացականներում տեղավորված Սեդա Սարգսյանի անունից ստորագրությունները կատարվել են միևնույն անձի` Սեդա Սարգսյանի կողմից, իսկ թե Սեդա Սարգսյանի, թե մեկ այլ անձի կողմից են կատարվել` Զարուհի Գևորգյանի կողմից Սեդա Սարգսյանին գումար հանձնելու վերաբերյալ 06.3,4,2006 թ., 06.5,6,2007 թ., 06.7.2007 թ., 06.8.2007 թ., 06.2007 թ., 06.2007 թ. ստացականների (թիվ 3-8 ստացականներ) ներքևի մասերում «ստացա» և «Ս. Սարգսյան» բառերի միջև տեղավորված ստորագրությունները չեն պարզվել վերը նշված եզրակացությամբ, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ձեռագրաբանական փորձագետի 29.02.2008 թվականի թիվ 08-0088 ու ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության ձեռագրաբանական փորձագետի 04.05.2008 թվականի թիվ 578 եզրակացություններով:
Այսինքն` հայցվորների կողմից ապացուցվել է փոխառության գումարից 1.120 ԱՄՆ դոլարը (որը համարժեք է 336.800 ՀՀ դրամի) Սեդա Սարգսյանին հանձնելու հանգամանքը, իսկ մնացած 3.600.000 ՀՀ դրամ փոխառության գումարի վերադարձը հիմնավորելու համար հայցվորի կողմից դատարան ներկայացված «06. 3, 4, 2007 թ., 06. 5, 6, 2007 թ., 06.7.2007 թ., 06.8.2007 թ., 06.2007 թ. և 06.2007» թվագրում ունեցող թիվ 3, 4, 5, 6, 7, 8 ստացականները Սեդա Սարգսյանի կողմից ստորագրված լինելու հանգամանքը, փորձագետների եզրակացությունների համաձայն, հնարավոր չէ պարզել:
Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով, որ դատաքննության արդյունքում վիճելի է մնացել թվով վեց` «06. 3, 4, 2007 թ., 06. 5, 6, 2007 թ., 06.7.2007 թ., 06.8.2007 թ., 06.2007 թ. և 06.2007» թվագրում ունեցող թիվ 3, 4, 5, 6, 7, 8 ստացականները Սեդա Սարգսյանի կողմից ստորագրված լինելու փաստը, փոխառության գումարը չստանալու փաստի ապացուցման պարտականությունը դրել է Սեդա Սարգսյանի վրա:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ փաստի ապացուցման պարտականությունը կրում են Զարուհի Գևորգյանը և Էդգար Մարկոսյանը, այսինքն` այն կողմը, որի վրա օրենքով սահմանված կարգով դրված է փոխառությամբ ստացված գումարը վերադարձնելու պարտականությունը և միայն այդ փաստի առկայության դեպքում կարող է դադարել գրավը, իսկ փոխառությամբ ստանձնված պարտավորության կատարումը համարվել պատշաճ:
Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են` 1. գրավոր ապացույցներով, 2. փորձագետների եզրակացություններով, 3. վկաների ցուցմունքներով, 4. գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը վեճի դեպքում կողմերին զրկում է ի հաստատումն գործարքի ու նրա պայմանների` վկաների ցուցմունքներ վկայակոչելու, սակայն նրանց չի զրկում գրավոր և այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքից:
Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, սահմանելով ապացույցի հասկացությունը, սպառիչ սահմանել է դրանց տեսակները, այն է` գրավոր ապացույցները, փորձագետների եզրակացությունները, վկաների ցուցմունքները և գործին մասնակցող անձանց ցուցմունքները: Ընդ որում, գործի հանգամանքները, որոնք օրենքի և այլ իրավական ակտի հիման վրա կարող են հաստատվել միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար:
Սույն գործով, Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով, որ դատաքննության արդյունքում վիճելի է մնացել թվով վեց ստացականները Սեդա Սարգսյանի կողմից ստորագրված լինելու փաստը, այնուամենայնիվ «Էդգար Մարկոսյանի ներկայացուցիչ Նատալյա Շամամյանի ցուցմունքը» որակել է որպես գործի համար էական նշանակություն ունեցող տեղեկություն, այնինչ «կողմի ներկայացուցչի ցուցմունքը» ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածի առաջին կետի ուժով թույլատրելի ապացույց չի կարող դիտվել: Բացի այդ, հարկ է նկատել, որ Նատալյա Շամամյանը Զարուհի Գևորգյանի ներկայացուցիչն է (հիմք` 23.05.2008 թվականի լիազորագիր, 1-ին հատոր, գ.թ. 36):
2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` Վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն` գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:
i
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տե՛ս, Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանն ընդդեմ Արմեն, Անահիտ Խաչատրյանների, Քանաքեռավանի գյուղապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Եղվարդի տարածքային ստորաբաժանման` Քանաքեռավանի շրջխորհրդի գործկոմի 31.01.1995 թվականի թիվ 1 որոշումը, սեփականության իրավունքի պետական գրանցումը, գրանցման վկայականը մասնակիորեն անվավեր ճանաչելու և համասեփականատեր ճանաչելու պահանջների մասին, և Արմեն Խաչատրյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Թեհմինե Խաչատրյանի` բնակության իրավունքը դադարեցնելու և բնակելի տարածությունից վտարելու պահանջների մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ ԿԴ03/0026/02/08):
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:
Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը:
Դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վճիռ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը չի նշել, թե ինչ ապացույցների վերլուծության և գնահատման արդյունքում է եզրակացություն արել վիճելի փաստի առկայության մասին, ավելին, կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 4-րդ կետը, 48-րդ հոդվածի 7-րդ կետը, որևէ կերպ չի պատճառաբանել, թե ինչու հատկապես պետք է կիրառվեն այդ նորմերը:
i
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
i
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ դատարանի 23.10.2008 թվականի որոշումը և այն փոփոխել. Էդգար Մարկոսյանի և Զարուհի Գևորգյանի հայցը մերժել, իսկ Սեդա Սարգսյանի հակընդդեմ հայցը բավարարել.
Էդգար Մարկոսյանից և Զարուհի Գևորգյանից հօգուտ Սեդա Սարգսյանի բռնագանձել 3.600.000 ՀՀ դրամ` բռնագանձումը տարածելով գրավադրված գույքի` ք. Երևան, Նոր Նորքի 9-րդ միկրոշրջան, 22 շենք, թիվ 119 բնակարանի վրա:
2. Էդգար Մարկոսյանից և Զարուհի Գևորգյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 180.000 ՀՀ դրամ, որից 108.000 ՀՀ դրամ` վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա և Վճռաբեկ դատարանի 24.11.2008 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումարը, և 72.000 ՀՀ դրամ` հակընդդեմ հայցի համար վճարման ենթակա և առաջին ատյանի դատարանի 14.12.2007 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումարը:
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ա. Մկրտումյան
Դատավորներ` Ս. Սարգսյան
Ե. Խունդկարյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Է. Հայրիյան
Ա. Մաթևոսյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան