Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1225-ՐԴ ՀՈԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1225-ՐԴ ՀՈԴՎԱԾԸ, 1226-ՐԴ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վերաքննիչ քաղաքացիական             Քաղաքացիական գործ թիվ 3-502 (ՎԴ)

    դատարանի որոշում                                            2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 08-557

Նախագահող դատավոր` Գ. Մատինյան

Դատավորներ` Լ. Գրիգորյան

Ս. Միքայելյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Հ. Մանուկյանի              

                   մասնակցությամբ դատավորներ  Ա. Մկրտումյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի  

                                              

2008 թվականի սեպտեմբերի 26-ին,

դռնբաց դատական նիստում, քննելով Վիլեն Հայրապետյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.03.2008 թվականի որոշման դեմ` ըստ Արամ Հայրապետյանի հայցի ընդդեմ Նորիկ Գզիրյանի, Լիլյա և Վիլեն Հայրապետյանների` ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելու, ինչպես նաև ըստ Վիլեն Հայրապետյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Արամ Հայրապետյանի` գումարի բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Արամ Հայրապետյանը պահանջել է ճանաչել Երևանի Ավան Քուչակ թաղամասի 18 շենքի թիվ 10 բնակարանի բաժնի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ, բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառել և ստացված գումարը բաշխել կողմերից յուրաքանչյուր բաժնին համաչափ:

Դիմելով դատարան` Վիլեն Հայրապետյանը պահանջել է բռնագանձել հաշտության պայմանագրով վճարված 1.020.000 ՀՀ դրամ գումարը և այդ գումարին հաշվարկվող տոկոսները:

Ավան և Նոր Նորք առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 30.11.2007 թվականի վճռով հայցը և հակընդդեմ հայցը բավարարվել են մասնակիորեն:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.03.2008 թվականի որոշմամբ Դատարանի վճիռը` բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը կողմերից յուրաքանչյուրի բաժնին համաչափ բաշխելու պահանջով Արամ Հայրապետյանի հայցի մասը բեկանվել է և գործն այդ մասով ուղարկվել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության, դատական ակտի մնացած մասը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վիլեն Հայրապետյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասը, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածը, 1226-րդ հոդվածի 3-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները և հաշվի չի առել, որ Արամ Հայրապետյանը ժառանգատու Օնիկ Հայրապետյանի ժառանգությունն ընդունելու հանգամանքը հավաստող որևէ ապացույց չի ներկայացրել: Ավելին, Վերաքննիչ դատարանն անդրադառնալով «Ավան-4» համատիրության կողմից տրված 19.05.2007 թվականի տեղեկանքին, որի համաձայն` Արամ Հայրապետյանը 1989 թվականից չի բնակվում Երևանի Ավան Քուչակ թաղամասի 18 շենքի թիվ 10 հասցեում գտնվող բնակարանում, հաստատված է համարել, որ Արամ Հայրապետյանը, որպես վիճելի բնակարանի համասեփականատեր, փաստացի տիրապետման հիմքով ընդունել է ժառանգությունը:

i

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 6-րդ կետը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել նույն օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-5-րդ կետերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Արամ Հայրապետյանը դատաքննության ընթացքում չի հիմնավորել վեճի առարկա բնակարանից իր բաժինը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարությունը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Արամ Հայրապետյանը վերաքննիչ բողոքին կից նոր ապացույց ներկայացնելով «Էքսպերտ Լաբորատորիա» ապրանքագիտական փորձաքննության բյուրո ՍՊԸ-ի 13.12.2007 թվականի եզրակացությունը, չի հիմնավորել այն առաջին ատյանի դատարանում իր կամքից անկախ պատճառներով չներկայացնելու հանգամանքները:

i

3) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Արամ Հայրապետյանի, Վիլեն և Լիլյա Հայրապետյանների միջև 09.07.2007 թվականին կնքված հաշտության համաձայնությամբ Վիլեն Հայրապետյանը 16.07.2007 թվականին 9000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարից Արամ Հայրապետյանին վճարել է 1020000 ՀՀ դրամ գումար, որպես Երևանի Ավան Քուչակ թաղամասի 18 շենքի թիվ 10 հասցեում գտնվող բնակարանի Արամ Հայրապետյանի բաժնի դիմաց փոխհատուցում:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ առաջին ատյանի դատարանի կողմից կողմերի միջև կնքած հաշտության համաձայնությունը չհաստատելու պահից, Արամ Հայրապետյանը պետք է հետ վերադարձներ վերը նշված գումարը, որը սակայն չի արել, դրանով իսկ ուրիշի դրամական միջոցները պահել է ապօրինի:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.03.2008 թվականի որոշումը մասնակիորեն և դատական ակտը փոփոխել` Արամ Հայրապետյանի հայցը ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու մասով` մերժել, Վիլեն Հայրապետյանի հակընդդեմ հայցը բռնագանձվող գումարին հաշվարկվող տոկոսներ բռնագանձելու մասով` բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորք տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր) 02.02.2007 թվականի գրությամբ Երևանի Ավան Քուչակ թաղամասի 18 շենքի թիվ 10 բնակարանը ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով գրանցված է Նորիկ Գզիրյանի, Օնիկ, Արամ, Լիլյա և Վիլեն Հայրապետյանների անվամբ:

2. Օնիկ Հայրապետյանը մահացել է 17.02.1999 թվականին:

3. Նորիկ Գզիրյանը, Արամ, Լիլյա և Վիլեն Հայրապետյանները Օնիկ Հայրապետյանի ըստ օրենքի առաջին հերթի ժառանգներն են:

4. Ավան համայնքի «Ավան-4» համատիրության 19.05.2007 թվականի տեղեկանքի համաձայն` Արամ Հայրապետյանը 1989 թվականից Երևանի Ավան Քուչակ թաղամասի 18 շենքի թիվ 10 հասցեում գտնվող բնակարանում չի բնակվում:

5. 09.07.2007 թվականի հաշտության համաձայնությամբ Վիլեն և Լիլյա Հայրապետյանները պարտավորվել են Արամ Հայրապետյանին վճարել 9000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար, որպես Երևանի Ավան Քուչակ թաղամասի 18 շենքի թիվ 10 հասցեում գտնվող բնակարանի Արամ Հայրապետյանի բաժնի դիմաց փոխհատուցում:

4. 16.07.2007 թվականի ստացականի համաձայն` Արամ Հայրապետյանը Վիլեն Հայրապետյանից ստացել է 1.020.000 ՀՀ դրամ գումար որպես 09.07.2007 թվականի հաշտության համաձայնագրով սահմանված գումարի առաջին վճարում:

5. Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանը մերժել է հաշտության համաձայնության հաստատման միջնորդությունը:

6. «Էքսպերտ Լաբորատորիա» ՍՊԸ-ի 30.04.2007 թվականի գրությամբ` Երևանի Ավան Քուչակ թաղամասի 18 շենքի թիվ 10 բնակարանի դուռը մշտապես չի բացվել և փորձագետին հնարավորություն չի ընձեռվել կատարել տեղազննություն` արդյունքում վերոհիշյալ փորձաքննությունը, կապված բաժնի առանձնացման հետ, չի կատարվել` բնակարանում տեղազննություն չկատարելու հետևանքով:

7. «Էքսպերտ Լաբորատորիա» ապրանքագիտական բյուրո ՍՊԸ-ի 13.12.2007 թվականի թիվ 12-07 փորձագետի եզրակացության (այսուհետ` Փորձագիտական եզրակացություն) համաձայն` Երևանի Ավան Քուչակ թաղամասի 18 շենքի թիվ 10 հասցեում գտնվող բնակարանի մակերեսից համասեփականատեր Արամ Հայրապետյանի բաժինը բնեղենով առանձնացնել` ստեղծելով առանձին կոմունալ հարմարություններ, հնարավոր չէ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար, իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսերը, իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ ժառանգության փաստացի տիրապետումը կամ կառավարումը, որպես ժառանգության ընդունման եղանակ, կարող է դրսևորվել ժառանգի կողմից ժառանգական գույքը պահպանելով` այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար, ժառանգական գույքի պահպանման ծախսերը կատարելով, իր հաշվից ժառանգատուի պարտքերը վճարելով կամ ժառանգատուին հասանելիք գումարները երրորդ անձանցից ստանալով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել քննվող քաղաքացիական գործում առկա բոլոր ապացույցները: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել Ավան համայնքի «Ավան-4» համատիրության 19.05.2007 թվականի տեղեկանքը, համաձայն որի Արամ Հայրապետյանը 1989 թվականից Երևանի Ավան Քուչակ թաղամասի 18 շենքի թիվ 10 հասցեում գտնվող բնակարանում չի բնակվում:

Բացի այդ, գործում առկա չէ որևէ ապացույց, որով կհիմնավորվեր Արամ Հայրապետյանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված որևէ եղանակով ժառանգությունն ընդունելու հանգամանքը:

Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չէ Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ Արամ Հայրապետյանը փաստացի տիրապետման հիմքով ընդունել է ժառանգությունը:

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ`

Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն` Երևանի Ավան Քուչակ թաղամասի 18 շենքի թիվ 10 բնակարանի դուռը մշտապես չի բացվել և փորձագետին հնարավորություն չի ընձեռվել կատարել տեղազննություն` արդյունքում վերոհիշյալ փորձաքննությունը, կապված բաժնեմասի առանձնացման հետ, չի կատարվել` բնակարանում տեղազննություն չկատարելու հետևանքով:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առկա է Արամ Հայրապետյանի կողմից իրենից անկախ պատճառներով 13.12.2007 թվականի փորձագիտական եզրակացությունը առաջին ատյանի դատարանում չներկայացնելու հանգամանքը:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Վերաքննիչ դատարանը գնահատման առարկա դարձնելով 13.12.2007 թվականի փորձագիտական եզրակացությունը չէր կարող հաստատված համարել ընդհանուր գույքի հրապարակային սակարկություններով վաճառելու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված նախապայմանների առկայության կամ բացակայության հարցը, հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանն իրավունք չունի նոր ապացույց ընդունելու և բողոքը քննելիս հիմնվում է միայն այն ապացույցների վրա, որոնք ներկայացվել են առաջին ատյանի դատարանին: Եթե առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ ապացույցը չի ներկայացվել կողմերի կամքից անկախ հանգամանքներով, ապա վերաքննիչ դատարանը բեկանում է գործը և այն ուղարկում համապատասխան առաջին ատյանի դատարան` նոր քննության, եթե գտնում է, որ ապացույցն էական նշանակություն ունի գործի լուծման համար:

Վերը նշված հոդվածից հետևում է, որ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը պետք է քննի միայն հիմնվելով գործում առկա ապացույցների վրա, իսկ նոր ապացույց ներկայացվելու դեպքում, գտնելով, որ ապացույցն էական նշանակություն ունի գործի լուծման համար և այն չի ներկայացվել առաջին ատյանի դատարան կողմերից անկախ պատճառներով, դատական ակտը պետք է բեկանի և գործն ուղարկի համապատասխան առաջին ատյանի դատարան` նոր քննության:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, Արամ Հայրապետյանի կողմից ներկայացված 13.12.2007 թվականի փորձագիտական եզրակացությունը դիտելով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացույց, հաստատված համարելով կողմերի կամքից անկախ առաջին ատյանի դատարանում այն չներկայացնելու հանգամանքը և մասնակիորեն բեկանելով դատական ակտը, հաստատված է համարել նաև, որ առկա են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված նախապայմանները` ընդհանուր գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու համար:

3) Վճռաբեկ բողոքը երրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ`

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:

Վերը նշված հոդվածից հետևում է, որ դրամական պարտավորության չկատարման համար գումարին տոկոսներ վճարելու պարտավորության ծագման հիմք է ուրիշի դրամական միջոցները ապօրինի պահելը:

Սույն գործի փաստերի համաձայն` 09.07.2007 թվականի հաշտության համաձայնությամբ Վիլեն և Լիլյա Հայրապետյանները պարտավորվել են Արամ Հայրապետյանին վճարել 9000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար, որպես վիճելի բնակարանի Արամ Հայրապետյանի բաժնի դիմաց փոխհատուցում և 16.07.2007 թվականի ստացականի համաձայն` Արամ Հայրապետյանը Վիլեն Հայրապետյանից ստացել է 1.020.000 ՀՀ դրամ գումար, որպես 09.07.2007 թվականի հաշտության համաձայնագրով սահմանված գումարի առաջին վճարում: Մինչդեռ, Դատարանի կողմից հաշտության համաձայնության հաստատման միջնորդությունը մերժվել է:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հաշտության համաձայնության հաստատման միջնորդությունը մերժվելու պահից, Արամ Հայրապետյանը պետք է վերադարձներ Վիլեն Հայրապետյանին 1.020.000 ՀՀ դրամ գումարը, որի չկատարման պարագայում այն պահվել է ապօրինի:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի վերը նշված հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով` Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.03.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Մանուկյան

Դատավորներ` Ա. Մկրտումյան

Վ. Աբելյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
26.09.2008
N 3-502(ՎԴ)
Որոշում