ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ Քաղաքացիական գործ թիվ 3-1244 (ՎԴ)
դատարանի որոշում 2007 թ.
Քաղաքացիական գործ թիվ (Ա)-09/07
Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Հ. Մանուկյանի
մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի
Ս. Սարգսյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Ս. Գյուրջյանի
Է. Հայրիյանի
2007 թվականի օգոստոսի 1-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբան Գևորգ Դավթյանի միջոցով «Զորավիգ» թերթի խմբագիր Պուշկին Սերոբյանի կողմից բերված վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 2007 թվականի մայիսի 14-ի որոշման դեմ` ըստ Պուշկին Սերոբյանի դիմումի ընդդեմ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի` որոշակի տեղեկություններ հայտնել հանձնարարելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործով կայացված դատական ակտի էությունը.
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի ապրիլի 16-ի որոշմամբ Պուշկին Սերոբյանի` ընդդեմ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի` որոշակի տեղեկություններ հայտնելուն հանձնարարելու պահանջի մասին դիմումի ընդունումը մերժվել է:
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2007 թվականի մայիսի 14-ի որոշմամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի ապրիլի 16-ի որոշումը թողնվել է անփոփոխ:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որը չպետք է կիրառվեր և չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի ապրիլի 16-ի որոշմամբ «Զորավիգ» թերթի խմբագիր Պուշկին Սերոբյանի դիմումի ընդունումը մերժվել է վեճը դատարանում քննության ենթակա չլինելու պատճառաբանությամբ` հաշվի չառնելով այն հանգամանքը, որ դիմումատուն վիճարկում է պետական մարմնի պաշտոնատար անձի անգործությունը: Իսկ Վերաքննիչ դատարանը, անտեսելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ և 160-րդ հոդվածները, գտել է, որ իրավունքի խախտման մասին վերաքննիչ բողոքի պատճառաբանությունները հիմնավոր չեն և Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի ապրիլի 16-ի որոշումը վերացնելու հիմք չեն:
2) Վճռաբեկ բողոքի մյուս հիմքերը չեն վկայակոչվում, քանի որ դրանք սույն գործով դիմումը վարույթ ընդունելու համար որևէ նշանակություն չունեն:
Վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 2007 թվականի մայիսի 14-ի որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատավորը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց` օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու կամ նրանց գործողությունները (անգործությունը) վիճարկելու դիմումները, գործերի ենթակայությանը համապատասխան, տրվում են քաղաքացիական գործեր քննող դատարան կամ տնտեսական դատարան: Դատարանի քննությանը ենթակա չեն պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց` գործողությունը (անգործությունը) վիճարկելու վերաբերյալ այն դիմումները, որոնց` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցի որոշելը, սահմանադրական դատարանի բացառիկ իրավասությունն է:
Սույն գործով «Զորավիգ» թերթի խմբագիր Պուշկին Սերոբյանն իր դիմումով վիճարկում է պաշտոնատար անձի` ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի անգործությունը: Հետևաբար, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն է Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի ուժով Դատարանը լիազորված չէ պետական մարմնի պաշտոնատար անձին պարտավորեցնել կատարելու դիմումում նշված գործողությունները:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքը, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն առաջարկել է 6-րդ հոդվածի լայն մեկնաբանություն` հաստատելով, որ արդարացի և հրապարակային դատաքննության անձի իրավունքը ենթադրում է նաև արդարադատության իրականացման այնպիսի երաշխիք, ինչպիսին է դատարան դիմելու անձի իրավունքը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միաժամանակ նշել է, որ դատարան դիմելու անձի իրավունքը բացարձակ իրավունք չէ: Այս իրավունքն իր բնույթով պետական կարգավորում է պահանջում, ինչն իր հերթին չպետք է վնասի այդ իրավունքի էությանը և չպետք է հակասության մեջ մտնի «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայում ամրագրված այլ իրավունքների հետ (Գոլդերն ընդդեմ Միացյալ Թագավորության 21.02.1975 թ.):
Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը Պուշկին Սերոբյանի դիմումի ընդունման մերժումը պայմանավորել է վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հանգամանքով և պատճառաբանել է այն փաստարկով, որ դատարանն օժտված չէ պետական մարմնին տեղեկություններ հայտնելուն պարտադրելու լիազորությամբ: Մինչդեռ դատարանի նման լիազորությունը սահմանված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասով: Այսինքն` դատարան դիմելու անձի իրավունքը սահմանափակող պետական կարգավորման բացակայության պայմաններում Վերաքննիչ դատարանն անհիմն կերպով սահմանափակել է Պուշկին Սերոբյանի կողմից այդ իրավունքի իրականացումը:
Սույն գործի փաստերի հիման վրա` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ և 160-րդ հոդվածները, որն առաջացրել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված` անձի դատարան դիմելու իրավունքի խախտում:
2) բողոքի մյուս հիմքերին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ դրանք վերաբերում են հայցապահանջի հիմնավորումներին:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 2007 թվականի մայիսի 14-ի որոշումը:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Հ. Մանուկյան
Դատավորներ` Ա. Մկրտումյան
Ս. Սարգսյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ս. Գյուրջյան
Է. Հայրիյան