(ուժը կորցրել է 27.11.08 ՀՕ-198-Ն օրենք)
i
010.0120.240697
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
«29» մայիսի 1997 թ.
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության հիմքերն ու կազմակերպումը, պաշտպանության բնագավառում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները, հանրապետության պաշտպանության գործում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի /այսուհետ` զինված ուժեր/ դերն ու խնդիրները, դրանց կառուցվածքը և ղեկավարումը, պաշտպանության բնագավառում օրենսդրության խախտումների համար պատասխանատվությունը:
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 1. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ |
i
Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը քաղաքական, տնտեսական, ռազմական, սոցիալական, իրավական և այլ միջոցների ու միջոցառումների համակարգ է` ուղղված հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անվտանգության ապահովմանը:
Պաշտպանությունը կազմակերպվում և իրականացվում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրության հիման վրա:
Պաշտպանության նպատակով ստեղծվում են զինված ուժեր և սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զինապարտություն:
i
Պաշտպանությանն առնչվող խնդիրներ լուծելու նպատակով, միջազգային պայմանագրերով /համաձայնագերով/ նախատեսված կարգով, Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են տեղակայվել օտարերկրյա պետությունների զորամիավորումներ:
Ռազմական դրության ժամանակ պաշտպանության իրականացմանը կարող են ներգրավվել Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը, ոստիկանության զորքերը և ազգային անվտանգության զինված ստորաբաժանումները (այսուհետ` այլ զորքեր), ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները:
Սույն հոդվածում նշված զորքերի թվարկումը սպառիչ է: Հայաստանի Հանրապետությունում այլ զինվորական կազմավորումների ստեղծումն արգելվում է:
(1-ին հոդվածը փոփ. 05.03.02 ՀՕ-311, 14.12.04 ՀՕ-2-Ն, 26.05.05 ՀՕ-126-Ն օրենքներ)
ՀՈԴՎԱԾ 2. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ |
Հայաստանի Հանրապետության պաշտպանության կազմակերպումը ներառում է`
ա/ ռազմական քաղաքականության մշակումը.
բ/ ռազմական վտանգի կանխատեսումը և գնահատումը.
գ/ պաշտպանության բնագավառի իրավական կարգավորումը.
դ/ անհրաժեշտ կառուցվածքով և թվակազմով, ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով հագեցած, մարտական զորահավաքային բարձր պատրաստականություն ունեցող զինված ուժերի ստեղծումը, ինչպես նաև դրանց օգտագործման ծրագրավորումը.
ե/ զորակոչի անցկացումը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պայմանագրային հիմունքներով զինծառայության ներգրավումը.
զ/ կոլեկտիվ անվտանգության և համատեղ պաշտպանության նպատակներով միջազգային համագործակցությունը.
է/ տնտեսության, պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, հաղորդակցության միջոցների ու հանգույցների, տարածքի և բնակչության զորահավաքային նախապատրաստումը.
ը/ տարածքային և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների ծրագրավորումն ու իրականացումը.
թ/ ռազմաարդյունաբերական համալիրի և ռազմական գիտության զարգացումը` ներառյալ ռազմական ուսուցման կազմակերպումը.
ժ/ պետական և ծառայողական գաղտնիքի պահպանման ապահովումը.
ժա/ զինված ուժերի պահեստազորի, ռազմական ուսուցում անցած զինապարտների, ինչպես նաև անհրաժեշտ քանակությամբ զենքի և զինամթերքի, տեխնիկայի, պարենի և այլ նյութերի պաշարների նախապատրաստումը.
ժբ/ պաշտպանության բնագավառի այլ միջոցառումներ:
ՀՈԴՎԱԾ 3. |
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ |
Պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից /համաձայնագրերից/, սույն օրենքից և օրենսդրության այլ ակտերից:
ԳԼՈՒԽ 2
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ, ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
i
ՀՈԴՎԱԾ 4. |
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Հայաստանի Հանրապետության Նախագահը զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է:
Հայաստանի Հանրապետության Նախագահը`
ա/ համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում.
բ/ նշանակում և ազատում է զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմը.
գ/ շնորհում է բարձրագույն զինվորական կոչումներ, պարգևատրում Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով.
դ/ վարում է բանակցություններ, կնքում և ստորագրում է պաշտպանության բնագավառի միջազգային պայմանագրեր /համաձայնագրեր/, վավերացնում է միջկառավարական պայմանագրեր /համաձայնագրեր/.
ե/ հայտարարում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ժամկետային զինվորական ծառայության զորակոչ և սահմանված ժամկետը ծառայած անձանց զորացրում.
զ/ որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին և տալիս է ռազմական գործողություններ վարելու` զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հրամաններ:
(4-րդ հոդվածը փոփ. 28.11.06 ՀՕ-213-Ն օրենք)
ՀՈԴՎԱԾ 5. |
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
ա/ ապահովում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության քաղաքականության իրականացումը.
բ/ մշակում և հաստատում է Հայաստանի Հանրապետության ռազմական քաղաքականության հիմնական ուղղությունները.
գ/ հաստատում է զինված ուժերի զարգացման, զորահավաքային նախապատրաստման, տեղակայման և ռազմավարական օգտագործման ծրագրերը.
դ/ սահմանում է զինված ուժերի ընդհանուր թվաքանակը և կառուցվածքը.
ե/ իր իրավասության շրջանակներում կազմակերպում, ղեկավարում և վերահսկում է պետական կառավարման մարմինների գործունեությունը զինված ուժերի սպառազինման, բնակավորման, ֆինանսավորման և թիկունքային ապահովման ոլորտներում.
զ/ ապահովում է զինված ուժերի պահեստազորի նախապատրաստումը, կազմակերպում է զորահավաքային ծրագրերի, առաջադրանքների և պետական պահուստի կուտակման պլանների մշակումը.
է/ ծրագրում և ապահովում է ռազմական արդյունաբերության և ռազմական գիտության զարգացումը.
i
ը/ սահմանում է զորակոչի ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թվաքանակը.
թ/ սահմանում է պետական պաշտպանական պատվերի ձևավորման կարգը և իրականացնում վերահսկողություն` պաշտպանական ծախսերի նկատմամբ.
ժ/ կազմակերպում է ընդհանուր և մասնակի զորահավաքների անցկացումը, հաստատում է զորահավաքային ռեզերվի և նյութական պաշարների կուտակման ծրագրերը, ղեկավարում է տնտեսության զորահավաքային /մոբիլիզացիոն/ նախապատրաստությունը և դրա փոխադրումը ռազմական դրության իրավական հատուկ ռեժիմի.
ժա/ իրականացնում է տարածքային և քաղաքացիական պաշտպանության ընդհանուր ծրագրումը, որոշում է դրանց կազմակերպման կարգը, խնդիրները, վերահսկում է հաստատված ծրագրերի կատարումը.
ժբ/ մշակում է բնակչության հետ տարվող ռազմահայրենասիրական դաստիարակության պետական ծրագրերը և ապահովում դրանց իրականացումը.
ժգ/ ապահովում է զինծառայողների, նրանց հավասարեցված, ինչպես նաև նշված կատեգորիաների անձանց ընտանիքների անդամների օրենքով սահմանված կենսաթոշակային ապահովությունը և սոցիալական պաշտպանվածությունը.
ժդ/ ստեղծում, վերակազմավորվում և լուծարում է պաշտպանական ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, ռազմաուսումնական հաստատությունները.
ժե/ պաշտպանության հարցերով օտարերկրյա պետությունների հետ վարում է բանակցություններ, կնքում է միջկառավարական պայմանագրեր /համաձայնագրեր/, որոշում է ռազմական վտանգի նվազեցման և Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա պետությունների վստահության ամրապնդման միջոցները.
ժզ/ կազմակերպում է զենքի և ռազմական տեխնիկայի, ստրատեգիական նյութերի, առաջավոր տեխնոլոգիայի և երկակի նշանակության արտադրանքի արտահանման և ներմուծման վերահսկողությունը.
ժէ/ իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
(5-րդ հոդվածը փոփ. 28.11.06 ՀՕ-213-Ն օրենք)
i
ՀՈԴՎԱԾ 6. |
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Մարզպետները /Երևանի քաղաքապետը/`
ա/ իրագործում են Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտպանության բնագավառի տարածքային քաղաքականությունը.
բ/ ապահովում են մարզերում պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարումը, զինված ուժերի զորահավաքային պատրաստությունը և զորակոչի իրականացումը, զինծառայողների, պահեստ արձակված անձանց, նրանց ընտանիքների անդամների սոցիալական, իրավական պաշտպանվածությունը.
գ/ պաշտպանության նպատակով իրականացնում են տարածքի և հաղորդակցության ուղիների նախապատրաստման միջոցառումները, զորահավաքային ծրագրերի ու խնդիրների կատարումը.
դ/ մասնակցում են տարածքային պաշտպանության միջոցառումների ծրագրավորմանն ու օժանդակում դրանց իրագործմանը.
ե/ կազմակերպում և ղեկավարում են մարզի բնակչության քաղաքացիական պաշտպանության աշխատանքները.
զ/ օրենսդրությամբ սահմանված կարգով զինված ուժերն ապահովում են նյութական միջոցներով և կենսագործունեության համար անհրաժեշտ այլ արտադրանքով:
i
Պաշտպանության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով:
ԳԼՈՒԽ 3
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ, ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
i
ՀՈԴՎԱԾ 7. |
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, դրանց պաշտոնատար անձինք պետական պաշտպանական պատվերով սահմանված կարգով կատարում են ռազմական արտադրանքի թողարկման, վերանորոգման, մատակարարման հանձնարարություններ և ծառայություններ, իրականացնում են զորահավաքային նախապատրաստման ծրագրերով նախատեսված միջոցառումներ, անհրաժեշտ պայմաններ են ստեղծում իրենց աշխատողների զինվորական պարտականությունների կատարման համար, ինչպես նաև մասնակցում են քաղաքացիական պաշտպանության խնդիրների իրագործմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:
i
ՀՈԴՎԱԾ 8. |
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելը յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական պարտականությունն է:
Պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն պետության կողմից երաշխավորված իրավունքներ և կրում են պարտականություններ, որոնց իրագործումը կարգավորվում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով:
i
Օտարերկրյա պետությունների զինված ուժերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության զինված ուժերում օտարերկրյա պետությունների քաղաքացիների ծառայությունը կարգավորվում է միջազգային պայմանագրերով /համաձայնագրերով/:
ԳԼՈՒԽ 4
ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ԵՎ ԱՅԼ ԶՈՐՔԵՐԸ
i
ՀՈԴՎԱԾ 9. |
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ |
Զինված ուժերը Հայաստանի Հանրապետության պաշտպանության հիմքն են և ռազմավարական, մարտավարական խնդիրների զուգորդմամբ ապահովում են հանրապետության զինված պաշտպանությունը:
Զինված ուժերը կոչված են զինված հարձակմանը դիմակայելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի /համաձայնագրերի/ համաձայն խնդիրներ լուծելու համար:
Զինված ուժերը ներառում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերի, զորախմբերի, զորամիավորումների, զինվորական կառավարման մարմինների, քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների, հիմնարկների, կազմակերպությունների և ռազմաուսումնական հաստատությունների ամբողջական համակարգը:
(9-րդ հոդվածը փոփ. 26.05.05 ՀՕ-126-Ն օրենք)
i
ՀՈԴՎԱԾ 10. |
ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ |
Զինված ուժերի ընդհանուր ղեկավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության Նախագահը և Հայաստանի Հանրապետության կառավարությունը` իրենց լիազորությունների շրջանակներում:
Զինված ուժերի անմիջական ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը:
Զինված ուժերի պետական կառավարման մարմինը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն է, որն անմիջական պատասխանատվություն է կրում հանրապետության պաշտպանության ապահովման, զինված ուժերի ստեղծման, զարգացման և մարտական պատրաստականության համար:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը`
ա/ իր լիազորությունների սահմաններում ուսումնասիրում և գնահատում է ռազմաքաղաքական իրադրությունը, ռազմական վտանգի և հանրապետության պաշտպանվածության աստիճանը.
բ/ մասնակցում է հանրապետության ռազմական քաղաքականության հիմնական ուղղությունների մշակմանը.
գ/ առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն` զինված ուժերի կառուցվածքի, թվաքանակի և ապահովման վերաբերյալ.
դ/ իրականացնում է միասնական ռազմատեխնիկական քաղաքականություն, համարվում է սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ գույքի գնման, արտադրության, գիտահետազոտական և նորոգման պետական պատվիրատուն /պետական պատվերը տեղադրող լիազորված մարմին/.
ե/ կազմակերպում և վերահսկում է զինված ուժերի ֆինանսական, տեխնիկական և թիկունքային ապահովվածությունը, անձնակազմի պատրաստվածությունը, կարգապահությունն ու մարտունակությունը.
զ/ ղեկավարում է զինված ուժերի օպերատիվ ապահովումը, մարտական պատրաստությունը և անձնակազմի ռազմահայրենասիրական դաստիարակությունը.
զ.1/ ղեկավարում է քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների գործունեությունը.
է/ իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կանոնագրքերով և Հայաստանի Հանրապետության օրենսդրության մյուս ակտերով նախատեսված այլ լիազորություններ:
Զինված ուժերի օպերատիվ կառավարման հիմնական մարմինը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գլխավոր շտաբն է, որը`
ա/ մշակում է զինված ուժերի օգտագործման և զորահավաքային ծրագրերը.
բ/ իրականացնում է զորքերի օպերատիվ կառավարումը.
գ/ իրականացնում է զինված ուժերի զորահավաքային նախապատրաստումը և ծավալումը.
դ/ մասնակցում է հանրապետության տնտեսության զորահավաքային նախապատրաստման ծրագրերի մշակմանը.
ե/ կազմակերպում է շտաբների և զորքերի օպերատիվ նախապատրաստումը.
i
զ/ իր լիազորությունների սահմաններում իրականացնում է հանրապետության պաշտպանության և անվտանգության ամրապնդման, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության կազմակերպման ու իրականացման այլ միջոցառումներ:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության խնդիրները, գործառույթները և լիազորությունները սահմանվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կանոնագրքերով և օրենսդրության այլ ակտերով:
(10-րդ հոդվածը փոփ. 26.05.05 ՀՕ-126-Ն օրենք)
ՀՈԴՎԱԾ 11. |
ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՈՒՄԸ |
Զինված ուժերի տեղակայումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Զինված ուժերի տեղակայումը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իրականացվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի /համաձայնագրերի/ հիման վրա:
Այլ զորքերի ստեղծումը, կառավարումը և գործունեությունն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենքների հիման վրա:
Այլ զորքերը`
ա/ մասնակցում են զինված ուժերի օգտագործման ծրագրերի մշակմանը և իրենց մասով ապահովում դրանց իրականացումը.
բ/ զինված ուժերի հետ մեկտեղ մասնակցում են հանրապետության վրա զինված հարձակմանը դիմակայելուն.
գ/ պաշտպանության բնագավառում իրականացնում են սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
Այլ զորքերի համալրումն իրականացվում է զինված ուժերի համար սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 5
ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆ, ԶՈՐԱՀԱՎԱՔ
i
ՀՈԴՎԱԾ 13. |
ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆ |
i
Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ Ազգային Ժողովի կողմից պատերազմ հայտարարվելու դեպքերում Հայաստանի Հանրապետության Նախագահը հայտարարում է ռազմական դրություն:
Հայաստանի Հանրապետությունում կամ նրա մի մասում ռազմական դրությունը հայտարարվում և իրավական ռեժիմը սահմանվում է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
(13-րդ հոդվածը փոփ. 28.11.06 ՀՕ-213-Ն օրենք)
i
Հայաստանի Հանրապետության Նախագահը ռազմական դրություն հայտարարելու հետ միաժամանակ կամ դրանից հետո կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք:
Զորահավաքը Հայաստանի Հանրապետության պետական մարմինների գործունեության, զինված ուժերի /կամ առանձին ստորաբաժանումների/ կազմակերպման և կազմի ռազմական դրության ռեժիմի անցման միջոցառումների համակարգ է:
Զորահավաքային նախապատրաստումն իրականացվում է խաղաղ ժամանակ և նպատակ ունի պետական կառավարման համակարգը, զինված ուժերը, տնտեսությունը, տարածքային կազմավորումները նախապատրաստել պետությունը զինված հարձակումից պաշտպանելու, պատերազմի ժամանակ տնտեսության և բնակչության պահանջմունքները բավարարելու համար:
Զորահավաքային նախապատրաստման և զորահավաքի անցկացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
ԳԼՈՒԽ 6
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
i
ՀՈԴՎԱԾ 15. |
ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԵՎ ԱՅԼ ԶՈՐՔԵՐՈՒՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՈՒՄԸ |
Զինված ուժերում և այլ զորքերում կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ստեղծումը և կանոնադրական գործունեությունն արգելվում է:
Զորամասերում, ռազմական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ռազմաուսումնական հաստատությունների տարածքում կուսակցական քարոզչության կազմակերպումը և անցկացումն արգելվում են:
i
ՀՈԴՎԱԾ 16. |
ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ԵՎ ԱՅԼ ԶՈՐՔԵՐՈՒՄ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ |
Զինված ուժերում և այլ զորքերում օրինականությունն ապահովվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, զինված ուժերի և այլ զորքերի համազորային կանոնագրքերով նախատեսված կարգով:
i
Զինված ուժերում և այլ զորքերում հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության դատախազությունը` օրենքով սահմանված կարգով:
i
Զինված ուժերում և այլ զորքերում քրեական գործերի դատական քննությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության դատարանները` օրենքով սահմանված կարգով:
ՀՈԴՎԱԾ 17. |
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ |
Պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը խախտելու համար մեղավոր անձինք կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
24 հունիսի 1997 թ.
ՀՕ-120