Սեղմել Esc փակելու համար:
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

05.04.2024 -

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2002 թվականի նոյեմբերի 20-ին

 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության մշակութային օրենսդրության խնդիրները

 

Հայաստանի Հանրապետության մշակութային օրենսդրության խնդիրներն են`

1) ապահովել և պաշտպանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` խոսքի, ստեղծագործության ազատության, հասարակության մշակութային կյանքին մասնակցելու սահմանադրական իրավունքը.

2) կարգավորել մշակութային գործունեության սուբյեկտների միջև առաջացող հարաբերությունները.

3) սահմանել պետական մշակութային քաղաքականության սկզբունքներ, մշակույթին պետական աջակցություն ցուցաբերելու իրավական հիմքեր և ստեղծագործական գործընթացին պետության կողմից չմիջամտելու երաշխիքներ.

4) ստեղծել Հայաստանի Հանրապետության մշակութային հարստության պահպանման, տարածման և զարգացման համար իրավական երաշխիքներ:

 

Հոդված 2. Պետական մշակութային քաղաքականության կազմակերպումը

 

Հայաստանի Հանրապետությունում պետական մշակութային քաղաքականությունը կազմակերպվում է մշակույթի պահպանման, տարածման և զարգացման պետական (տարեկան, եռամյա, հեռանկարային) ծրագրերով, որոնք, որպես օրենք, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը:

 

Հոդված 3. Պետական մշակութային քաղաքականության սկզբունքները

 

Պետական մշակութային քաղաքականության հիմնական սկզբունքներն են`

1) մշակույթի ոլորտում կառավարման պետական, հասարակական և ժողովրդավարական բնույթը.

2) մշակութային և ստեղծագործական գործունեության ազատությունը.

3) մշակութային արժեքներին հաղորդակցվելու մատչելիությունը.

4) միջազգային նշանակություն ունեցող ազգային մշակութային արժեքների նկատմամբ նախապատվությունը.

5) մշակութային կազմակերպությունների ինքնուրույնությունը:

 

Հոդված 4. Պետական մշակութային քաղաքականության նպատակները

 

Պետական մշակութային քաղաքականության նպատակներն են`

1) հասարակության կողմից մշակույթի` որպես զարգացման միջոցի գիտակցումը.

2) նոր արժեքների և նոր գաղափարների որոնումը.

3) հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրման և զարգացման համար պայմանների ստեղծումը.

4) քաղաքացիական հասարակության ձևավորումը:

 

i
Հոդված 5. Հայաստանի Հանրապետության մշակութային օրենսդրությունը

 

Հայաստանի Հանրապետության մշակութային օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հոդված 6. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները և բովանդակությունը.

մշակույթ` հասարակության կյանքի նյութական և հոգևոր ոլորտներում գործողությունների, զգայությունների և մտածողության եղանակների ամբողջությունն ու դրանց արժեքավոր արտահայտությունը.

մշակութային գործունեություն` մշակութային արժեքների և առարկաների (օբյեկտների) պահպանում, ստեղծում, տարածում և մեկնաբանում, մշակութային բարիքների մատուցում և իրացում.

մշակութային արժեքներ` մշակույթի և արվեստի երկեր, գեղարվեստական ժողովրդական ստեղծագործություններ և արհեստներ, բանահյուսություն, բարոյագիտական և գեղագիտական գաղափարատիպեր (իդեալներ), վարվեցողության կանոններ և ձևեր, լեզուներ, բարբառներ և խոսվածքներ, ազգային ավանդույթներ և սովորույթներ, պատմաաշխարհագրական տեղանուններ, մշակութային գործունեության մասին գիտական հետազոտությունների արդյունքներ և մեթոդներ, մշակութային ժառանգության առարկաներ (օբյեկտներ).

մշակութային բարիքներ` իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից բնակչության մշակութային պահանջմունքների բավարարման նպատակով մատուցվող մշակութային ծառայություններ և իրացվող մշակութային արտադրանք (ապրանքներ).

մշակութային ոչ առևտրային կազմակերպություն` կազմակերպություն, որի ստեղծման հիմնական նպատակը մշակութային գործունեության իրականացումն է.

ստեղծագործական գործունեություն` մշակութային արժեքների ստեղծում և մեկնաբանում.

ստեղծագործական աշխատող` մշակութային արժեքներ ստեղծող կամ մեկնաբանող ֆիզիկական անձ.

ստեղծագործական աշխատողների միություն` ստեղծագործական աշխատողների կամավոր միավորում, որն ունի հասարակական միավորման կարգավիճակ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծվել է ստեղծագործական աշխատողների շահերի ընդհանրության հիման վրա` հոգևոր կամ ոչ նյութական այլ պահանջմունքներ բավարարելու համար.

Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգություն` անցյալում ստեղծված մշակութային արժեքների ամբողջություն, որը Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի մշակութային ինքնության պահպանման ու զարգացման, համաշխարհային քաղաքակրթության մեջ ներդրման համար հնագիտական, ճարտարապետական, պատմական, գեղագիտական կամ սոցիալ-մշակութային հայեցակետից ունի կարևոր նշանակություն.

Հայաստանի Հանրապետության մշակութային հարստություն` մշակութային արժեքների ամբողջություն (այդ թվում` մշակութային ժառանգության օբյեկտներ), որը հայ ժողովրդի համար ունի ազգային նշանակություն.

պետական մշակութային քաղաքականություն` պետության գործունեությունը մշակույթի ոլորտում և սկզբունքների ու նորմերի ամբողջությունը, որով ղեկավարվում է պետությունը մշակութային քաղաքականություն իրականացնելիս:

 

Հոդված 7. Սույն օրենքի գործողության ոլորտները

 

Սույն օրենքի գործողությունը տարածվում է`

1) մշակութային ժառանգության օբյեկտների (պատմամշակութային հուշարձանների) պահպանության, ուսումնասիրման, օգտագործման և հանրահռչակման,

2) կինոարվեստի և տեսալսողական այլ արվեստների,

3) գեղարվեստական գրականության, ճարտարապետության, կերպարվեստի, դիզայնի, լուսանկարչության, բեմական, տարածական և երաժշտական արվեստի ու արվեստի այլ տեսակների և ժանրերի,

4) գեղարվեստական ժողովրդական ստեղծագործության և արհեստների, ժողովրդական մշակույթի,

5) ինքնագործ (սիրողական) գեղարվեստական ստեղծագործության,

6) թանգարանային առարկաների, թանգարանային հավաքածուների, հնատիպ գրքերի ու մատենագրերի և մշակութային այլ արժեքների պահպանության, ուսումնասիրման և հանրահռչակման,

7) մշակութային արժեքների հավաքչարարության (կոլեկցիոներության),

8) գրադարանային, արխիվային և հրատարակչական գործի,

9) գեղագիտական դաստիարակության և գեղարվեստական կրթության, մշակույթի ոլորտում մանկավարժական գործունեության,

10) մշակութաբանության և մշակույթի ոլորտում գիտական գործունեության,

11) միջազգային մշակութային համագործակցության,

12) մշակութային արժեքների պահպանման, ստեղծման, տարածման և մեկնաբանման (ընկալման) համար անհրաժեշտ մշակութային նշանակության նյութերի, սարքավորումների և այլ միջոցների արտադրության,

13) մշակութային գործունեության այլ ոլորտներում:

 

Հոդված 8. Ազգային փոքրամասնությունների մշակույթների նկատմամբ վերաբերմունքը

 

Հայաստանի Հանրապետությունն աջակցում է իր տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, պետական ծրագրերի իրականացման միջոցով նպաստում է նրանց կրոնի, ավանդույթների, լեզվի, մշակութային ժառանգության, մշակույթի պահպանման, տարածման և զարգացման համար պայմանների ստեղծմանը:

 

ԳԼՈՒԽ II
ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏՈՒՄ

 

Հոդված 9. Մշակութային կյանքին մասնակցելու և մշակութային գործունեություն իրականացնելու իրավունքը

 

Հայաստանի Հանրապետության տարածքում հասարակության մշակութային կյանքին մասնակցելը և մշակութային գործունեություն իրականացնելը յուրաքանչյուր մարդու անկապտելի իրավունքն է` անկախ նրա ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, համոզմունքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

 

Հոդված 10. Ստեղծագործական գործունեություն իրականացնելու իրավունքը

 

Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի իրականացնելու ստեղծագործական գործունեություն:

Ստեղծագործական գործունեության իրավունքը կարող է իրականանալ և՛ մասնագիտորեն, և՛ ոչ մասնագիտորեն (սիրողաբար):

 

Հոդված 11. Մշակութային արժեքներին հաղորդակցվելու իրավունքը

 

Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, հաղորդակցվելու մշակութային արժեքներին, մշակութային գործունեության բոլոր ոլորտներում Հայաստանի Հանրապետության գրադարանային, թանգարանային, արխիվային և այլ հավաքածուներից օգտվելու:

 

Հոդված 12. Կրթություն ստանալու իրավունքը

 

Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, առանց տարիքային սահմանափակման, հումանիտար և գեղարվեստական կրթություն ստանալու, այդ կրթության ձևերն ու միջոցներն ընտրելու:

 

Հոդված 13. Ստեղծագործական գործունեության արդյունքներն արտահանելու իրավունքը

 

Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության տարածքից իր սեփական ստեղծագործական գործունեության արդյունքներն արտահանելու:

 

Հոդված 14. Մշակութային կազմակերպություններ ստեղծելու իրավունքը

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծելու մշակութային կազմակերպություններ:

 

Հոդված 15. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքը մշակույթի ոլորտում

 

Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ մշակութային գործունեության ոլորտում ունեն հավասար իրավունքներ և ստանձնում են հավասար պարտավորություններ, բացառությամբ օրենքով և միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերի:

 

ԳԼՈՒԽ III
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 16. Հայաստանի Հանրապետության մշակութային հարստությունը

 

Հայաստանի Հանրապետության մշակութային հարստության պահպանվածությունը, պահպանությունը և օգտագործումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան:

Մշակութային ժառանգության առարկաները (օբյեկտները) տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու առանձնահատկությունները, դրանց նկատմամբ պետական աջակցություն ցուցաբերելու ձևերը սահմանվում են օրենքով:

 

Հոդված 17. Հայաստանի Հանրապետության գրադարանային, թանգարանային, արխիվային և այլ հավաքածուները

 

Հայաստանի Հանրապետության հարստություն համարվող գրադարանային, թանգարանային, արխիվային, կինո, ֆոտո, ֆոնո հավաքածուների պահպանության, գործառության և համալրման կարգը սահմանվում է օրենքով և այլ իրավական ակտերով:

Պետական ու համայնքային սեփականություն համարվող մշակութային արժեքները և հավաքածուները չեն կարող օգտագործվել որպես պարտավորությունների կատարման ապահովման միջոց:

 

ԳԼՈՒԽ IV
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 18. Պետությունը և ստեղծագործական աշխատողները

 

Պետությունը`

1) խթանում է ստեղծագործական աշխատողների` մշակույթի պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը նպատակաուղղված գործունեությունը.

2) ապահովում է ստեղծագործական աշխատողների աշխատանքի և զբաղվածության համար պայմաններ.

3) աջակցում է ստեղծագործական աշխատողների միջազգային ստեղծագործական շփումների ընդլայնմանը:

 

Հոդված 19. Պետությունը և ստեղծագործական աշխատողների միությունները

 

Պետությունը աջակցում է ստեղծագործական աշխատողների միությունների գործունեությանը, նրանց ընձեռում մշակութային քաղաքականության մշակմանը մասնակցելու հնարավորություն, նկատի առնում նրանց առաջարկությունները ստեղծագործական աշխատողների զբաղվածության, մասնագիտական վերապատրաստման, աշխատանքի ապահովման, սոցիալական պաշտպանվածության ոլորտներում ծրագրեր մշակելիս:

 

ԳԼՈՒԽ V
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏՈՒՄ

 

Հոդված 20. Պետության գործունեությունը մշակույթի ոլորտում

 

Պետությունը`

1) նպաստում է մշակութային գործունեության իրականացմանը, մշակութային արժեքներին և ծառայություններին հաղորդակցվելու մատչելի պայմանների ստեղծմանը.

2) չի միջամտում քաղաքացիների ու մշակութային կազմակերպությունների մշակութային և ստեղծագործական գործունեությանը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.

3) աջակցում է ազգային մշակույթի և արվեստի պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը.

4) աջակցում է ստեղծագործող երիտասարդներին, դեբյուտանտներին, շնորհալի պատանիներին և նորաստեղծ ստեղծագործական խմբերին:

 

ԳԼՈՒԽ VI
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏՈՒՄ

 

i
Հոդված 21. Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները մշակույթի ոլորտում

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

1) ապահովում է պետական մշակութային քաղաքականության իրականացումը.

i

2) մշակույթի պահպանման, տարածման և զարգացման համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով ստեղծում է մշակույթի զարգացման հիմնադրամ և հաստատում դրա կանոնադրությունը.

3) օրենքով սահմանում է բնակչության որոշ խավերի համար (նախադպրոցական տարիքի երեխաներ, դպրոցականներ, ուսանողներ, կենսաթոշակառուներ, հաշմանդամություն ունեցող անձինք, ժամկետային զինծառայողներ) մշակութային կազմակերպությունների վճարովի ծառայություններից օգտվելու արտոնությունների կարգ.

4) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ.

5) մշակութային ոչ առևտրային առանձին կազմակերպությունների շնորհում է կարգավիճակ, սահմանում է կարգավիճակ շնորհելու կարգն ու պայմանները:

(21-րդ հոդ. փոփ. 23.05.11 ՀՕ-183-Ն, 07.02.24 ՀՕ-55-Ն օրենքներ)

 

Հոդված 22. Մշակույթի ոլորտում լիազորված պետական մարմնի իրավասությունները

 

Մշակույթի ոլորտում պետական կառավարում իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինը (այսուհետև` լիազորված պետական մարմին):

Լիազորված պետական մարմինը`

1) իրականացնում է պետական մշակութային քաղաքականությունը, մասնակցում է մշակութային օրենսդրության ու մշակույթի պահպանման, տարածման և զարգացման պետական ծրագրերի մշակմանը.

2) մասնակցում է մշակույթի ոլորտում կրթական չափորոշիչների (ստանդարտների), մեթոդական ձեռնարկների և ծրագրերի մշակմանը.

3) իր իրավասությունների սահմաններում մասնակցում է մշակույթի ոլորտում արտաքին քաղաքականության ձևավորմանը.

4) օրենքով սահմանված կարգով իրականացնում է վերահսկողություն մշակութային արժեքների արտահանման և ներմուծման նկատմամբ.

5) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու, մշակույթի ոլորտում պատվավոր կոչումներ շնորհելու միջնորդություններ.

6) ստեղծում է պետական միասնական տեղեկատվական համակարգ` Հայաստանի Հանրապետության տարածքում մշակութային գործունեության ապահովման նպատակով.

7) վարում է մշակույթի ոլորտի վարչական վիճակագրությունը, ինչպես նաև` մշակութային կազմակերպությունների հաշվառումը.

8) հայտնաբերում, հաշվառում, ուսումնասիրում, վերականգնում և պահպանում է մշակութային ժառանգության առարկաները (օբյեկտները).

9) վարում է մշակութային ժառանգության առարկաների (օբյեկտների) պետական ցուցակները.

10) կազմակերպում է մշակույթի ոլորտում աշխատողների մասնագիտական պատրաստումը, վերապատրաստումը և վերաորակավորումը.

11) ներկայացնում է մշակութային ոչ առևտրային առանձին կազմակերպությունների` թատերական, երաժշտական, պարարվեստի, թանգարանային, գրադարանային և արխիվային, «Ազգային» կարգավիճակ շնորհելու վերաբերյալ միջնորդություն:

(22-րդ հոդ. փոփ. 23.05.11 ՀՕ-183-Ն, 28.02.24 ՀՕ-121-Ն օրենքներ)

 

Հոդված 23. Մարզպետի իրավասությունները մշակույթի ոլորտում

 

Մարզպետը`

1) ապահովում է մարզի տարածքում պետական մշակութային քաղաքականության իրականացումը, կազմակերպում է պետական, ազգային ու այլ տոների և հիշատակի օրերի հետ կապված հանրային միջոցառումներ, նպաստում է ազգային ծեսերի վերականգնմանն ու տարածմանը.

2) իրականացնում է օրենքով սահմանված լիազորություններ` մարզի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանության և օգտագործման նկատմամբ.

3) կազմակերպում է մարզի տարածքում մշակութային օբյեկտների կառուցումը, պահպանումն ու շահագործումը, հանգստի գոտիների ստեղծումը.

4) իրականացնում է մշակույթի ոլորտում օրենքով սահմանված այլ իրավասություններ:

(23-րդ հոդ. փոփ. 14.04.11 ՀՕ-100-Ն օրենք)

 

Հոդված 24. Համայնքի ղեկավարի իրավասությունները մշակույթի ոլորտում

 

Համայնքի ղեկավարը`

1) ապահովում է համայնքի տարածքում պետական մշակութային քաղաքականության իրականացումը.

2) որպես պարտադիր լիազորություն` կազմակերպում է համայնքի կողմից ստեղծված մշակութային կազմակերպությունների գործունեությունը, մշակութային օբյեկտների շահագործման և նորոգման աշխատանքները.

3) որպես պատվիրակված լիազորություն` կազմակերպում է Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի հետ կապված զանգվածային միջոցառումներ.

4) որպես կամավոր լիազորություն` աջակցում է համայնքի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանությանը.

5) որպես կամավոր լիազորություն` աջակցում է ազգային արհեստների, ժողովրդական ստեղծագործության և գեղարվեստական ինքնագործունեության զարգացմանը.

6) իրականացնում է մշակույթի ոլորտում օրենքով սահմանված այլ լիազորություններ:

 

ԳԼՈՒԽ VII
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

(7-րդ գլխի վերնագիրը փոփ. 23.05.11 ՀՕ-183-Ն օրենք)

 

Հոդված 25. Մշակույթի և մշակութային գործունեության ֆինանսավորումը

 

Հայաստանի Հանրապետության տարածքում մշակույթը պահպանելու, տարածելու և զարգացնելու պետական երաշխիքների հիմքը բյուջետային ֆինանսավորումն է:

Պետության և համայնքի կողմից ստեղծված մշակութային կազմակերպություններին պետական և համայնքային բյուջեից ֆինանսավորում հատկացվում է պայմանագրային հիմունքներով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ձևերով:

Պետության և համայնքի կողմից ստեղծված մշակութային կազմակերպություններին հատկացվող սուբսիդիաների հաշվարկման և տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 26. Մշակութային ոչ առևտրային կազմակերպության գործունեության տեսակները

 

Մշակութային ոչ առևտրային կազմակերպությունը կարող է իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված և իր ստեղծման նպատակին համապատասխանող մշակութային և ձեռնարկատիրական գործունեություն:

Մշակութային ոչ առևտրային կազմակերպությունը ձեռնարկատիրական գործունեություն կարող է իրականացնել միայն այնքանով, որքանով այդ գործունեությունը համապատասխանում և ծառայում է կազմակերպության ստեղծման նպատակին: Այդպիսի գործունեություն է համարվում մշակութային ոչ առևտրային կազմակերպության ստեղծման նպատակին համապատասխանող ու շահութաբեր ապրանքների արտադրությունը և ծառայությունների մատուցումը, ինչպես նաև գույքային և ոչ գույքային իրավունքների իրացումը:

Մշակութային ոչ առևտրային կազմակերպությունը լիցենզավորման ենթակա գործունեության կամ օրենքով նախատեսված այլ գործունեության առանձին տեսակներով կարող է զբաղվել միայն լիցենզիայի կամ համապատասխան թույլտվության հիման վրա:

 

Հոդված 26.1. Մշակութային ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակը

 

1. Մշակութային առանձին կազմակերպությունների` թատերական, երաժշտական, պարարվեստի, ֆիլմարվեստի, թանգարանային, գրադարանային և արխիվային, որոնք համապետական և համազգային նշանակության բացառիկ գործունեություն են իրականացնում, կարող է շնորհվել «Ազգային» կարգավիճակ:

i

2. Գործող և նոր ստեղծվող կազմակերպություններին սահմանված կարգով «Ազգային» կարգավիճակ շնորհում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

«Ազգային» կարգավիճակ շնորհվում է`

1) այն կազմակերպություններին, որոնք առանձնանում են ինքնատիպությամբ, կատարողական բարձր վարպետությամբ, անժամանցելի ձեռքբերումներով հարստացնում և զարգացնում են հայկական մշակութային ժառանգությունը, նպաստում են նրա պահպանմանն ու հանրահռչակմանը, խթանում են ազգային և համամարդկային արժեքների տարածմանը, նպաստում են հասարակության բարոյական և գեղագիտական դաստիարակությանը.

2) նոր ստեղծվող այն պետական կազմակերպություններին, որոնք մշակութային գործունեության տվյալ ոլորտում առանձնանում են իրենց բացառիկ բնույթով, և այդ կազմակերպությունների կանոնադրական գործառույթներում նախատեսված են սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված պահանջները:

3. «Ազգային» կարգավիճակ կարող է շնորհվել մշակութային գործունեության տվյալ ոլորտը և տեսակը ներկայացնող միայն մեկ կազմակերպության:

4. «Ազգային» կարգավիճակ ունեցող մշակութային կազմակերպությունների ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում արտահայտվում է առանձին տողով:

(26.1-ին հոդ. լրաց. 23.05.11 ՀՕ-183-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ VIII
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ

 

Հոդված 27. Միջազգային մշակութային փոխանակությունների քաղաքականությունը և առաջնային ուղղությունները

 

Հայաստանի Հանրապետությունը աջակցում է միջազգային մշակութային համագործակցության զարգացմանը, խրախուսում քաղաքացիների ու կազմակերպությունների ինքնուրույն և ուղղակի մասնակցությունը միջազգային մշակութային փոխանակություններին:

Հայաստանի Հանրապետության միջազգային մշակութային փոխանակությունների քաղաքականությունը, նրա առաջնային ուղղությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և մշակույթի պահպանման, տարածման ու զարգացման պետական ծրագրերով:

(27-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-233-Ն օրենք)

 

Հոդված 28. Ապօրինի արտահանված և ապօրինի ներմուծված մշակութային արժեքների փոխանակության քաղաքականությունը

 

Հայաստանի Հանրապետությունն իր տարածքից ապօրինի արտահանված և իր տարածք ապօրինի ներմուծված մշակութային արժեքների վերադարձման համար միջազգային պայմանագրերի հիման վրա իրականացնում է նպատակաուղղված մշակութային քաղաքականություն:

(28-րդ հոդ. փոփ. 23.03.18 ՀՕ-233-Ն օրենք)

 

Հոդված 29. Մշակութային գործակցությունը օտարերկրյա պետություններում

 

Հայաստանի Հանրապետությունը (այլ պետությունների և Սփյուռքի հետ համատեղ) աջակցում է օտարերկրյա պետություններում հայկական մշակութային կենտրոնների ու կազմակերպությունների գործունեությանը, նպաստում ազգային մշակույթի և արվեստի պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը:

 

ԳԼՈՒԽ IX
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հոդված 30. Պատասխանատվությունը մշակութային օրենսդրությունը խախտելու համար

 

Մշակութային օրենսդրությունը խախտելու համար պատասխանատվություն սահմանվում է օրենքով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ X
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 31. Պետական ծրագրերը ներկայացնելը

 

Սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված` 2005-2008 թվականների եռամյա պետական ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում մինչև 2004 թվականի սեպտեմբերի 1-ը, իսկ 2004 թվականի պետական տարեկան ծրագիրը` մինչև 2003 թվականի հոկտեմբերի 1-ը:

 

Հոդված 32. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. դեկտեմբերի 18
Երևան
ՀՕ-465-Ն

 

 

pin
ՀՀ 20.11.2002
N ՀՕ-465-Ն օրենք