ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
16 հուլիսի 2021 թվականի N 55-Ն
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 33 կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ընդհանուր վիրաբուժական բժշկական օգնության և սպասարկման չափորոշիչը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2021 թվականի հուլիսի 16-ի
N 55-Ն հրամանի
ՉԱՓՈՐՈՇԻՉ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն չափորոշչով կարգավորվում են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ընդհանուր վիրաբուժական բժշկական օգնության և սպասարկման հետ կապված հարաբերությունները:
2. Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող ընդհանուր վիրաբուժական բժշկական օգնություն և սպասարկում իրականացվում է բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի լիցենզիա ունեցող հաստատություններում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն չափորոշչին համապատասխան:
3. Մարզային բժշկական հաստատությունների ընդհանուր վիրաբուժական բաժանմունքում ընդհանուր վիրաբույժի հետ համատեղ կարող Է գործունեություն իրականացնել համապատասխան նեղ մասնագետը:
4. Մարզային բժշկական հաստատությունների ընդհանուր վիրաբուժական բաժանմունքում նեղ մասնագետները իրենց գործունեությունը ծավալում են հետևյալ բժշկական օգնության և սպասարկման տեսակների մասով`
1) քիթ-կոկորդ-ականջաբանական,
2) կրծքային վիրաբուժական,
3) անոթային վիրաբուժական,
4) ուրոլոգիական,
5) վնասվածքաբանական,
6) ներզատաբանական վիրաբուժական,
7) ակնաբուժական,
8) նեյրովիրաբուժական,
9) դիմածնոտային վիրաբուժական:
2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԻՐԱԲՈՒՅԺԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ
5. Արտահիվանդանոցային պայմաններում ընդհանուր վիրաբուժական բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 1529-Ն որոշման համաձայն` արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում ընդհանուր վիրաբուժական ծառայությունը պարտադիր նեղ մասնագիտացված ծառայություն է և իրականացվում է ընդհանուր վիրաբույժի կողմից:
7. Արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատության ընդհանուր վիրաբույժը իրականացնում է ողջ տարածաշրջանի բնակչության (այդ թվում` սպասարկման տարածքի գյուղական բնակչության) արտահիվանդանոցային պայմաններում ընդհանուր վիրաբուժական բժշկական օգնություն և սպասարկում:
8. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 539-Ն որոշման հավելված 1-ով հաստատված ընտանեկան բժշկի գործունեության կազմակերպման դրույթների ընտանեկան բժիշկը ինքնուրույն իրականացնում է վիրաբուժական միջամտություններ` Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշմամբ սահմանված պահանջներին ու պայմաններին համապատասխան լիցենզավորված ընտանեկան բժշկի գրասենյակում:
(8-րդ կետը փոփ. 03.03.2023 թիվ 09-Ն հրաման)
9. Արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատության ընդհանուր վիրաբույժը իրականացնում է հետևյալ բժշկական միջամտությունները.
1) վերքի առաջնային վիրաբուժական մշակում և կարում,
2) արտաքին արյունահոսության դադարեցում,
3) դաստակի և ոտնաթաթի փոքր հոդերի հոդախախտերի կոնսերվատիվ բուժում հաղորդչական անզգայացումով,
4) ենթահոդախախտ,
5) պարոնիխիաներ, ներաճած եղունգ, եղունգի հեռացում,
6) ֆլեգմոնայի, մակերեսային տեղակայված թարախակույտի (աբսցես) բացում,
7) կենդանիների կողմից հասցված վնասվածքների առաջնային վիրաբուժական մշակում (հակափայտացման շիճուկի կամ հակակատաղության պատվաստանյութի ներարկմամբ),
8) վերքերի վիրակապություններ,
9) կոտրվածքների գիպսային անշարժացում (վերին վերջույթ, ստորին վերջույթ):
10. Սույն չափորոշչի 9-րդ կետում նշված վիրաբուժական միջամտությունից հետո պացիենտը պետք է գտնվի բժշկի հսկողության տակ երկու ժամից ոչ պակաս:
3. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԻՐԱԲՈՒՅԺԻ ԿՈՂՄԻՑ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ
11. Հիվանդանոցային պայմաններում վիրաբուժական բժշկական օգնություն և սպասարկումն իրականացվում է հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունների ընդհանուր վիրաբուժական բաժանմունքներում:
12. Ընդհանուր վիրաբույժի վիրաբուժական գործունեության ծավալը ներառում է.
1) Շտապ և անհետաձգելի վիրաբուժական միջամտություն պահանջող հիվանդություններ և վիճակներ.
ա. սուր որովայն,
բ. որդանման ելունի սուր բորբոքում,
գ. օղակված ճողվածք,
դ. աղիքային անանցանելիություն,
ե. տարածուն պերիտոնիտ,
զ. երիկամաքարային խիթ,
է. սուր միզակապություն,
ը. ամորձու սուր հիվանդություններ` չիջած ամորձու սեղմում, ամորձու ոլորում, ամորձու պատռվածք, կախոցի ոլորում, սուր օրխոէպիդիդիմիտ,
թ. պլևրալ խոռոչի դրենավորում` վնասվածքների դեպքում, հեմոթորաքսի դեպքում, պնևմոթորաքսի դեպքում,
ժ. խոռոչավոր օրգանների թափածակում,
ժա. սեպսիս` արյան ցանքսով հաստատված,
ժբ. արտաքին և ներքին (երակային և զարկերակային) պրոֆուզ արյունահոսություններ,
ժգ. ողնաշարի ոսկրի, կոնքի ոսկրի, բազկոսկրի, ճաճանչոսկրի, ծղիկոսկրի, ազդրոսկրի, մեծ ոլոքի բաց կամ փակ կոտրվածքներ` բեկորների տեղաշարժով,
ժդ. պոլիտրավմա` խոշոր ոսկրերի և/կամ ներքին օրգանների համակցված վնասվածքներ (բացառությամբ վերակենդանացման միջոցառումներ պահանջող միջամտությունների),
ժե. գանգուղեղային վնասվածք,
ժզ. գլխուղեղի սալջարդ,
ժէ. ողնուղեղի վնասվածք,
ժը. թափանցող վնասվածքներ` կրծքավանդակի վնասվածքներով, որովայնի վնասվածքներով, կոնքի օրգանների վնասվածքներով, գլխուղեղի վնասվածքներով, ողնուղեղի վնասվածքներով,
ժթ. մարմնի արտաքին ծածկույթի այրվածքներ,
ի. քթի խոռոչի օտար մարմնի հեռացում,
իա. ողնաշարի միջողային սկավառակի ճողվածք:
2) Շտապ և անհետաձգելի վիրաբուժական միջամտություն չպահանջող հիվանդություններ և վիճակներ.
ա. քրոնիկ ապենդիցիտ,
բ. քրոնիկ խոլեցիստիտ,
գ. ճողվածքահատում,
դ. ամորձու թաղանթների ջրգողություն,
ե. սերմնալարի կիստա,
զ. ամորձու բորբոքում,
է. պոչուկի էպիթելային խուղակ,
ը. վահանաձև գեղձի հիվանդություններ
թ. ենթամաշկային պարապրոկտիտ,
ժ. հետանցքի ճաք,
ժա. թութք,
ժբ. լյարդի էխինոկոկի հեռացում,
ժգ. վենտրալ մեծ ճողվածքի վիրահատություն,
ժդ. անանցանելիության կապակցությամբ վիրահատություն,
ժե. փայծաղի հեռացում,
ժզ. խոլեդոխի վիրահատություն,
ժէ. գաստրէկտոմիա,
ժը. ենթաստամոքսային գեղձի բշտի ներքին դրենավորում կամ հեռացում,
ժթ. մեծ ճարպոնի հեռացում,
ի. վիրահատություն խոցային հիվանդության կապակցությամբ,
իա. կարճ սանձիկի հատում,
իբ. սպիական ֆիմոզի թլպատում,
իգ. ներքին աճուկային օղից վար կրիպտորխիզմի վիրահատություն,
իդ. սերմնալարի երակների լայնացում` բարձր հատում,
իե. վենէկտոմիա,
իզ. սույն չափորոշչի 9-րդ կետով սահմանված վիրաբուժական միջամտություններ հիվանդանոցային պայմաններում,
իէ. ֆիմոզի վիրահատություններ:
4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
13. Մարզային բժշկական հաստատություններում ընդհանուր վիրաբուժական բաժանմունքում համապատասխան նեղ մասնագետների կողմից իրականացվում են շտապ և անհետաձգելի վիրաբուժական միջամտությունները` սույն չափորոշչի 12-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված իրենց մասնագիտական գործունեության ոլորտին վերաբերող հիվանդությունների և վիճակների դեպքերում:
14. Ընդհանուր վիրաբուժական բաժանմունքում նեղ մասնագետների կողմից շտապ և անհետաձգելի վիրաբուժական միջամտություն չպահանջող հիվանդությունների և վիճակների դեպքերում իրականացվում են հետևյալ վիրաբուժական միջամտությունները.
1) քիթ-կոկորդ-ականջաբանական`
ա. տոնզիլէկտոմիա,
բ. քթի խոռոչի օտար մարմնի հեռացում,
գ. ադենոիդէկտոմիա,
դ. քրոնիկական հիպերտրոֆիկ ռինիտի վիրահատություններ,
ե. պարատոնզիլյար թարախակույտի հատում,
զ. քթի կոտրվածքներ` ռեպոզիցիա,
է. քթի միջնապատի ծռվածության վիրահատություններ,
ը. քթային արյունահոսությունների վիրահատություններ,
թ. հայմորոտոմիա,
2) կրծքային վիրաբուժական`
ա. պլևրալ խոռոչի դրենավորում,
բ. լոբեկտոմիա,
գ. տրախեոտոմիա, տրախեոստոմիա,
3) անոթային վիրաբուժական`
ա. հեմոդիալիզ ստացող պացիենտների արյան անոթների ֆիստուլավորում, ռեկոնստրուկցիա և փակում,
բ. վենէկտոմիա, թրոմբէկտոմիա (թրոմբէմբոլէկտոմիա),
գ. փոքր անոթային վիրահատություններ` պերիարտերիալ սիմպատէկտոմիա, լինտոնի վիրահատություն, անոթների վնասվածքներ,
դ. վերջույթի ամպուտացիա
4) ուրոլոգիական`
ա. կարճ սանձիկի հատում,
բ. սպիական ֆիմոզի թլպատում,
գ. միզուկի արտաքին բացվածքի կիստաների հեռացում,
դ. սրածայր կոնդիլոմաների հեռացում,
ե. ամորձու թաղանթների ջրգողության վիրահատություն,
զ. սերմնալարի կիստայի հեռացում,
է. օրխէկտոմիա,
ը. ներքին աճուկային օղից վար կրիպտորխիզմի վիրահատություն,
թ. սերմնալարի երակների լայնացում` բարձր հատում,
ժ. ամորձու սուր հիվանդություններ` չիջած ամորձու սեղմում, ամորձու ոլորում, ամորձու պատռվածք, կախոցի ոլորում, սուր օրխոէպիդիդիմիտ,
ժա. միզածորանի բացվածքի Էնդոսկոպիկ հատում,
ժբ. միզապարկի վզիկի էնդոսկոպիկ հատում,
ժգ. միզածորանի քարի հեռացում,
ժդ. շագանակագեղձի ադենոմայի տրանսուրետրալ հատում,
ժե. նեֆրէկտոմիա,
ժզ. բաց ադենոմէկտոմիա,
5) վնասվածքաբանական`
ա. ոսկրերի կոտրվածքներ, հոդախախտեր, գիպսի տեղադրում,
բ. խոշոր ոսկրերի փակ կոտրվածքների բուժում ձգման եղանակով, գիպսային անշարժացումով,
գ. խոշոր ոսկրերի (ինչպես նաև անրակի և ծնկոսկրի) փակ կոտրվածքների վիրահատական բուժում բաց եղանակով, գիպսային անշարժացումով,
դ. խոշոր ոսկրերի փակ կոտրվածքների վիրահատական բուժում` (շյուղերով, ապարատներով և մեխերով),
ե. ներհոդային և արտաքին տրավմատիկ բնույթի արյունահոսությունների վիրահատական բուժում,
զ. փոքր ոսկրերի (ձեռնաթաթ, ոտնաթաթ) կոտրվածքների վիրահատական բուժում,
է. մետաղական կոնստրուկցիայի, օտար մարմնի հեռացում,
ը. փոքր ջլերի և համակցությունների վնասումների վիրահատություններ,
6) ներզատական վիրաբուժական`
ա. վիրաբուժական միջամտություն պահանջող վահանաձև գեղձի հիվանդություններ` բացառությամբ չարորակ նորագոյացությունների,
7) ակնաբուժական`
ա. գլաուկոմա,
բ. ծերունական կատարակտա,
գ. աչքի և ակնակապճի վնասվածք,
դ. աչքի պատռվածք վերք ներակնային հյուսվածքի արտանկումով կամ կորստով,
ե. ցանցաթաղանթի կենտրոնական անոթների սուր անանցանելիություն:
(14-րդ կետը փոփ. 30.09.2021 թիվ 75-Ն հրաման)
5. ՄԱՆԿԱԿԱՆ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
15. Մինչև 18 տարեկան երեխաների պլանային վիրաբուժական միջամտություններն իրականացվում են միայն մանկական վիրաբուժական և մանկական վերակենդանացման և անեսթեզիոլոգիական տեսակներով լիցենզիաներ ունեցող բժշկական հաստատություններում, համաձայն Առողջապահության նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 13-ի N 2525-Լ հրամանով հաստատված` ըստ բուժօգնության մակարդակների մանկաբուժական հիվանդանոցային ծառայությունների հիմնական բնութագրիչներով նախատեսված ծավալների:
16. Սույն չափորոշչի 15-րդ կետով սահմանված պայմանների բացակայության դեպքում կյանքի ցուցումով անհետաձգելի վիրաբուժական օգնությունը ցուցաբերվում է այն դեպքերում, երբ պացիենտի տեղափոխման ռիսկը գերազանցում է տեղում միջամտության իրականացմանը:
Պաշտոնական հրապարակման օրը` 23 հուլիսի 2021 թվական: