Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ Ն ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Քաղ. Երևան 2 դեկտեմբերի 2022 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Հովհաննիսյանի,

i

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

i

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր` 2022 թվականի նոյեմբերի 24-ի N 1784-Ա որոշմամբ հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է այդ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցով դիմել Սահմանադրական դատարան:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության` 2022 թվականի նոյեմբերի 24-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վերոնշյալ համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը (այսուհետ` Վարկային համաձայնագիր) ստորագրվել է 2022 թվականի նոյեմբերի 17-ին` Հայաստանում ֆինանսական շուկաների ընդլայնման և հարկաբյուջետային կառավարման և կայունության ամրապնդման նպատակով:

Վարկային համաձայնագիրն ունի չորս հավելված. Հավելված 1. «Ծրագրի նկարագրությունը», Հավելված 2. «Մարման ժամանակացույց», Հավելված 3. «Վարկային միջոցների առհանումը» և Հավելված 4. «Ծրագրի իրականացումը և այլ հարցեր»:

2. Ասիական զարգացման բանկի (այսուհետ` ԱԶԲ)` 2022 թվականի հունվարի 1-ով թվագրված` Սովորական գործառնությունների վարկավորման կանոնների (Վարկավորման կանոններ) բոլոր դրույթները Վարկային համաձայնագրի նկատմամբ կիրառելի են նույն ուժով ու գործողությամբ այնպես, ինչպես դրանք ամբողջությամբ սահմանված լինեին Վարկային համաձայնագրում, այնուամենայնիվ, Վարկային համաձայնագրի 1-ին հոդվածի 1.01 բաժնով նախատեսված փոփոխություններով:

Վարկային համաձայնագրի 1-ին հավելվածի 1-ին պարբերության մեջ նկարագրված ծրագրային մոտեցման հիմնական նպատակն է Հայաստանում ընդլայնել ֆինանսական շուկաները և ամրապնդել հարկաբյուջետային կառավարումը և կայունությունը: Ծրագրային մոտեցումը կազմված է երկու ենթածրագրից, և Ծրագիրը (որոշակի նպատակներ և քաղաքականության միջոցառումներ` ուղղված Հայաստանի Հանրապետության հարկաբյուջետային կայունության ամրապնդմանը և դրա ֆինանսական ու կապիտալի շուկաների ոլորտի զարգացմանը) դրա առաջին ենթածրագիրն է:

Ծրագրի շրջանակը ներառում է` ա) հարկաբյուջետային կառավարման, պետական պարտքի և հարկաբյուջետային ռիսկի կառավարման, ինչպես նաև ենթակառուցվածքային ներդրումների կայունության ամրապնդումը, բ) պետական արժեթղթերի և փողի շուկայի ենթակառուցվածքների բարելավումը, և գ) ֆինանսական գործիքների բազայի և ներդրողների շրջանակի ընդլայնումը և կորպորատիվ թափանցիկության մակարդակի բարձրացումը: Ծրագիրն առավել մանրամասն նկարագրված է Քաղաքականության մասին գրության և քաղաքականության մշակման և մշտադիտարկման սխեմայում:

3. ԱԶԲ-ն համաձայնում է ԱԶԲ-ի սովորական կապիտալ միջոցներից Հայաստանի Հանրապետությանը տրամադրել հարյուր միլիոն ԱՄՆ դոլարի ($100,000,000) չափով վարկ (Վարկ), ընդ որում` նշված գումարը կարող է ըստ անհրաժեշտության փոփոխվել Արժույթի փոխարկման միջոցով` Վարկային համաձայնագրի 2.06 բաժնի դրույթներին համապատասխան: Վարկի մայր գումարի մարման ժամկետը 12 տարի է, իսկ վճարման արտոնյալ ժամանակահատվածը` ինչպես սահմանված է Վարկային համաձայնագրի 2.01 բաժնի «գ» պարբերությամբ: Վարկի մայր գումարի մարումն սկսվում է 2026 թվականի փետրվարի 15-ից և ավարտվում է 2037 թվականի օգոստոսի 15-ին:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը Ծրագրի իրականացման մարմինն է և պատասխանատու է Ծրագրի ընդհանուր իրականացման, այդ թվում` քաղաքականության բոլոր միջոցառումների հետ համապատասխանության, միջոցների մասհանման և հաշվառում վարելու համար, իսկ լիազոր մարմիններն են` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, Էկոնոմիկայի նախարարությունը, Շրջակա միջավայրի նախարարությունը և Արդարադատության նախարարությունը, Ծրագրի` իրենց համապատասխան բաղադրիչների առումով:

5. Վարկային համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

5.1. պարբերաբար` յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ին և օգոստոսի 15-ին` սկսած 2026 թվականի փետրվարի 15-ից մինչև 2037 թվականի օգոստոսի 15-ը, ԱԶԲ-ին վճարել տոկոսներ, որոնք հաշվարկվում են Վարկի` առհանված և չվճարված մայր գումարի նկատմամբ` տոկոսների հաշվեգրման յուրաքանչյուր ժամանակահատվածի համար սահմանված այն տոկոսադրույքով, որը հավասար է հետևյալ գումարին` ապահովված օվերնայթ ֆոնդային տոկոսադրույք (SOFR), և 0.60%` Վարկավորման կանոնների 3.02 բաժնով սահմանված կարգով, հանած 0.10%` Վարկավորման կանոնների 3.03 բաժնով նախատեսված կարգով, և մարման ժամկետի ռիսկի համար հավելավճարի 0.10%` Վարկավորման կանոնների 3.03 բաժնով նախատեսված կարգով (Հոդված II, բաժիններ 2.02 և 2.04, Հավելված 2, պարբերություն 1),

5.2. վճարել տարեկան 0.15%-ի չափով պարտավորավճար, որը հաշվեգրվում է Վարկի ամբողջ գումարի նկատմամբ (հանած պարբերաբար առհանվող գումարները)` սկսած Վարկային համաձայնագրի կնքման 60-րդ օրվանից (Հոդված II, բաժին 2.03),

5.3. յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ին և օգոստոսի 15-ին` սկսած 2026 թվականի փետրվարի 15-ից մինչև 2037 թվականի փետրվարի 15-ը, վերադարձնել Վարկային հաշվից առհանված` Վարկի մայր գումարը 4.166667% մասնաբաժնով, իսկ 2037 թվականի օգոստոսի 15-ին 4.166659% մասնաբաժնով (Հոդված II, բաժիններ 2.04 և 2.05, Հավելված 2, պարբերություն 1),

5.4. ապահովել, որ վարկային միջոցներն օգտագործվեն Ծրագրի իրականացման համար կատարված ծախսերը ֆինանսավորելու համար` Վարկային համաձայնագրի դրույթներին համապատասխան (Հոդված III, բաժին 3.01),

5.5. վարկային միջոցները առհանել Վարկային համաձայնագրի 3-րդ հավելվածի դրույթներին համապատասխան, ընդ որում` նշված հավելվածը կարող է ըստ անհրաժեշտության փոփոխվել` Հայաստանի Հանրապետության և ԱԶԲ-ի միջև ձեռք բերված համաձայնությամբ (Հոդված III, բաժին 3.02),

5.6. Ծրագիրն իրականացնելիս կատարել Վարկային համաձայնագրի 4-րդ հավելվածով սահմանված բոլոր պարտավորությունները կամ ապահովել դրանց կատարումը (Հոդված IV, բաժին 4.01),

5.7. Վարկավորման կանոնների 7.01 և 7.04 բաժիններում նշված հաշվետվությունների և տեղեկատվության շրջանակներում ԱԶԲ-ին տրամադրել կամ ապահովել, որ տրամադրվեն ԱԶԲ-ի կողմից ողջամտորեն պահանջվող այն բոլոր հաշվետվություններն ու ամբողջ տեղեկատվությունը, որոնք վերաբերում են համարժեք դրամական միջոցներին ու դրանց օգտագործմանը, և Ծրագրի իրականացմանը, այդ թվում` թիրախների իրագործմանը և Քաղաքականության միջոցառումների իրականացմանը (Հոդված IV, բաժին 4.02),

5.8. եթե Վարկի մայր գումարի առաջին մարման օրվա դրությամբ վարկային միջոցներն ամբողջությամբ առհանված չեն, ապա վերադարձնել Վարկի մայր գումարի առաջին մարման օրվա դրությամբ վարկային միջոցների առհանման չափով այդ օրվա դրությամբ առհանված և չվճարված գումարը` Վարկային համաձայնագրի 2-րդ հավելվածի 1-ին պարբերությանը համապատասխան (Հավելված 2, պարբերություն 2, կետ «ա»),

5.9. եթե Վարկի մայր գումարի առաջին մարման օրվա դրությամբ վարկային միջոցներն ամբողջությամբ առհանված չեն, ապա Վարկի մայր գումարի առաջին մարման օրվանից հետո ցանկացած առհանման դեպքում վերադարձնել գումարները այդ առհանմանը հաջորդող` Վարկի մայր գումարի մարման յուրաքանչյուր օր` ԱԶԲ-ի կողմից սահմանված գումարի չափով` այդպիսի յուրաքանչյուր առհանման գումարը բազմապատկելով կոտորակով, որի համարիչը Վարկային համաձայնագրի 2-րդ հավելվածի 1-ին պարբերության աղյուսակում նշված` մայր գումարի տվյալ մարման օրվա դրությամբ սկզբնական վճարման մասնաբաժինն է (Սկզբնական վճարման մասնաբաժին), իսկ հայտարարը` այդ օրը կամ դրանից հետո ընկնող մայր գումարի մարման օրերի մնացած բոլոր Սկզբնական վճարման մասնաբաժինների ընդհանուր գումարը. մարման ենթակա այդ գումարներն ըստ անհրաժեշտության ճշգրտվում են` Վարկային համաձայնագրի 2-րդ հավելվածի 4-րդ պարբերության մեջ նշված ցանկացած այնպիսի գումար նվազեցնելու նպատակով, որի նկատմամբ կիրառվում է Արժույթի փոխարկումը (Հավելված 2, պարբերություն 2, կետ «բ»),

5.10. մայր գումարի մարման յուրաքանչյուր օրվա դրությամբ միայն վճարման ենթակա մայր գումարները հաշվարկելու նպատակներով մայր գումարի մարման յուրաքանչյուր օրվա նախորդող 2 օրացուցային ամսվա ընթացքում կատարված առհանումները համարվում են որպես առհանված և չվճարված` առհանման օրվան հաջորդող` մայր գումարի մարման երկրորդ օրվա դրությամբ, որոնք վճարել առհանման օրվան հաջորդող` մայր գումարի մարման երկրորդ օրվանից սկսած մայր գումարի մարման յուրաքանչյուր օր (Հավելված 2, պարբերություն 3),

5.11. բացառությամբ Վարկային համաձայնագրի 3-րդ հավելվածում սահմանված ձևի կամ ԱԶԲ-ի հետ այլ համաձայնություն ձեռք բերելու դեպքերի` մասհանել վարկային միջոցները Վարկային մասհանումների ձեռնարկին համապատասխան (Հավելված 3, պարբերություն 1),

5.12. Վարկային հաշվից առհանում կատարելու վերաբերյալ առաջին դիմումը ԱԶԲ ներկայացնելուց առաջ ներկայացնել ՀԿԲ-ում բացված հաշիվը (Դեպոզիտային հաշիվ), որին մուտքագրվում են Վարկային հաշվից կատարվող բոլոր առհանումները (Հավելված 3, պարբերություն 3, կետ «ա»),

5.13. Դեպոզիտային հաշվի հետ կապված վարել առանձին հաշիվներ և գրանցամատյաններ` ԱԶԲ-ի համար ընդունելի հաշվապահական սկզբունքներին համապատասխան, և ԱԶԲ-ի պահանջով ապահովել այնպիսի անկախ աուդիտորների կողմից Դեպոզիտային հաշվի վերաբերյալ ֆինանսական հաշվետվությունների աուդիտի իրականացում, որոնց որակավորումները, փորձառությունը և տեխնիկական առաջադրանքն ընդունելի են ԱԶԲ-ի համար, համապատասխանում են աուդիտի միջազգային ստանդարտներին կամ դրանց ազգային համարժեքին, որն ընդունելի է ԱԶԲ-ի համար և դրանք կազմելուց հետո կարճ ժամկետում, սակայն ցանկացած դեպքում ոչ ուշ, քան ԱԶԲ-ի պահանջից 6 ամիս անց, այդպիսի աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվությունների օրինակները և ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորների եզրակացությունները տրամադրել ԱԶԲ-ին` անգլերենով (Հավելված 3, պարբերություն 3, կետ «բ»),

5.14. չառհանել վարկային միջոցներ Վարկային համաձայնագրի 3-րդ հավելվածի առդիրում նշված որևէ ապրանքի ձեռքբերումը ֆինանսավորելու նպատակով (Հավելված 3, պարբերություն 4),

5.15. անկախ վարկային համաձայնագրի որևէ այլ դրույթից կամ բացառությամբ ԱԶԲ-ի հետ այլ համաձայնություն ձեռք բերելու դեպքերի` որևէ առհանում չկատարել Վարկային հաշվից, եթե Հայաստանի Հանրապետությունը չի կատարել Քաղաքականության միջոցառումները` Վարկային միջոցները հատկացնելու համար, և Քաղաքականության այդ միջոցառումներն այլևս ուժի մեջ չեն (Հավելված 3, պարբերություն 5),

5.16. վարկային միջոցների որևէ առհանում չկատարել Վարկային համաձայնագրի 3-րդ հավելվածի առդիրում սահմանված ծախսերի դեպքում (Հավելված 3-ի առդիր),

5.17. ԱԶԲ-ին տեղեկացնել բազմակողմ և երկկողմ օգնություն տրամադրող այլ կազմակերպությունների հետ քաղաքականության վերաբերյալ այնպիսի քննարկումների մասին, որոնք կարող են նշանակություն ունենալ Ծրագրի իրականացման համար, ինչպես նաև ԱԶԲ-ին հնարավորություն տալ մեկնաբանություններ ներկայացնելու այդ քննարկումների արդյունքում առաջացած քաղաքականության հետ կապված ցանկացած առաջարկության վերաբերյալ, ինչպես նաև նախքան այդպիսի որևէ առաջարկի վերջնական տարբերակի մշակումը և իրականացումը հաշվի առնել ԱԶԲ-ի տեսակետները (Հավելված 4, պարբերություն 3),

5.18. ապահովել, որ համարժեք դրամական միջոցներն օգտագործվեն Ծրագրի նպատակներին համապատասխան որոշակի ծրագրերի և գործողությունների իրականացումը ֆինանսավորելու նպատակով (Հավելված 4, պարբերություն 4),

5.19. ապահովել, որ Լիազոր մարմինները ուսումնասիրեն Ծրագրի` իրենց համապատասխան բաղադրիչների նպատակների շրջանակը, իրականացման հետ կապված կարգավորումները, ազդեցությունն ու ձեռքբերումները և այդ մասին հաշվետվություն ներկայացնեն Ծրագրի իրականացման մարմին` Ծրագրի իրականացման մարմնին հնարավորություն ընձեռելով կատարելու ԱԶԲ-ին հաշվետվություն ներկայացնելու` իր համար սահմանված պահանջները` Վարկային համաձայնագրի ժամկետներին համապատասխան (Հավելված 4, պարբերություն 6):

 

i

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

i

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ                              Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

 

2 դեկտեմբերի 2022 թվականի

ՍԴՈ-1671

 

Հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում (concourt.am)` 2 դեկտեմբերի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
02.12.2022
N ՍԴՈ-1671
Որոշում