ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/12643/05/18
դատարանի որոշում 2022 թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/12643/05/18
Նախագահող դատավոր` Ա. Սարգսյան
Դատավորներ` Ա. Պողոսյան
Ա. Բաբայան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Ն. Տավարացյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Հ. Բեդևյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
2022 թվականի մայիսի 19-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ` Տեսչական մարմին) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 10.07.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Տաթևիկ Ասրիյանի ընդդեմ Տեսչական մարմնի` 30.10.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 60 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Տաթևիկ Ասրիյանը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչական մարմնի 30.10.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 60 որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Լ. Հակոբյան) (այսուհետ` Դատարան) 02.05.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.07.2020 թվականի որոշմամբ Տեսչական մարմնի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 02.05.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչական մարմինը (ի պաշտոնե ներկայացուցիչ Հակոբ Ավագյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Տաթևիկ Ասրիյանը (ներկայացուցիչ Հայկ Սահակյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել իրավահարաբերության ծագման պահին գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ, 279-րդ, 281-րդ հոդվածները, ՀՀ կառավարության 20.09.2000 թվականի «Հայաստանի Հանրապետություն դեղերի և դեղանյութերի ներմուծման և արտահանման կարգը հաստատելու մասին» թիվ 581 որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ` Կարգ) 42-րդ կետի 1-ին ենթակետը, չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 5-րդ մասը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 25-րդ հոդվածը, 27-րդ հոդվածի 1-ին մասը, 124-րդ հոդվածի 2-րդ մասը:
i
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Տեսչական մարմինը Տաթևիկ Ասրիյանին վարչական պատասխանատվության է ենթարկել օրենքի խախտմամբ կատարված դեղերի ներմուծման և օրենքի խախտմամբ կատարված դեղերի իրացման արարքների համար: Նշված իրավախախտումները Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածով սահմանված ինքնուրույն զանցանքներ են:
i
Ըստ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ պարբերության` կիրառված վարչական պատասխանատվության միջոցներն օրենքի ուժով կլանվել են առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակում: Նշվածը որևէ կերպ չի ենթադրում կատարված արարքների և դրա կատարման համար օրենքով նախատեսված պատասխանատվության կլանում, այլ տվյալ կարգավորմամբ կլանվում են արդեն իսկ կիրառված սանկցիաներն առավել լուրջ խախտման համար նախատեսված սանկցիայի շրջանակներում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի թիվ 10.07.2020 թվականին կայացրած որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Տվյալ դեպքում վիճարկվող որոշման կայացման համար հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության 20.09.2000 թվականի թիվ 581-Ն որոշումը, որն ընդունվել է ի կատարումն 27.10.1998 թվականին ընդունված և 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած «Դեղերի մասին» ՀՀ օրենքի, որն ուժը կորցրել է 17.05.2016 թվականին: Հարկ է նշել, որ «Դեղերի մասին» ՀՀ օրենքով այլ բան նախատեսված չի եղել և դրա գործողության դադարելու հետ միաժամանակ դադարել է նաև ՀՀ կառավարության 20.09.2000 թվականի թիվ 581-Ն որոշումը: Այսինքն` Տաթևիկ Ասրիյանի կողմից դեղերի ներմուծման պահին դեղերի ներմուծման կարգ և առանձնահատկություններ նախատեսված չի եղել, ուստի Տեսչական մարմինը Տաթևիկ Ասրիյանին չէր կարող ենթարկել վարչական պատասխանատվության` ուժը կորցրած որոշման դրույթները չպահպանելու հիմքով:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1. Տեսչական մարմնի ղեկավարի 08.10.2018 թվականի թիվ 606-Ա հրամանի համաձայն` հարուցվել է վարչական վարույթ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարի 29.08.2018 թվականի թիվ ՀՀ/22.1/12371-18 գրությամբ, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 29.08.2018 թվականի թիվ 0106125818 գրությամբ նշված փաստական հանգամանքները` «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի, 21-րդ հոդվածի 1-ին, 4-րդ, 23-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև Կարգի 5.1-րդ, 28-րդ, 34.5 -րդ կետերի պահանջների պահպանումը պարզելու նպատակով: Հարուցված վարչական վարույթի շրջանակներում 08.10.2018 թվականից մինչև 16.10.2018 թվականը ներառյալ իրականացվել է զննում «Պրոֆարմ» ՍՊԸ-ում (հատոր 1-ին, գ.թ. 34-35):
2. Տեսչական մարմնի աշխատակիցներ Լենա Կարապետյանի և Լիլիթ Բադալյանի կողմից 22.10.2018 թվականին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության համաձայն` Տեսչական մարմնի դեղերի 08.10.2018 թվականի թիվ 606-Ա հրամանի հիման վրա «Պրոֆարմ» ՍՊԸ-ում իրականացրած զննման ժամանակ հայտնաբերել են, որ թիվ 621 հաշիվ-ապրանքագրով դեղերը ԵԱՏՄ տարածքից ՀՀ տարածք ներմուծելիս ընկերության տնօրենը ՀՀ պետական սահմանը հատելուց հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում` մինչև դեղի դրոշմապիտակավորումը և օրենքով սահմանված դրոշմապիտակների օգտագործման վերաբերյալ էլեկտրոնային եղանակով գրանցումների կատարումը ՀՀ առողջապահության նախարարություն չի ներկայացրել ներմուծման թույլտվություն ստանալու մասին էլեկտրոնային հայտ:
Միաժամանակ, զննման ընթացքում արձանագրությունում թվարկված դեղերը չեն հայտնաբերվել, իսկ «Պրոֆարմ» ՍՊԸ-ի տնօրեն Տաթևիկ Ասրիյանը նշել է, որ բոլոր դեղերն իրացվել են: Վերոնշյալով խախտվել է «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ մասի, 23-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև Կարգի 5.1-րդ, 34.1-րդ կետերի պահանջները: Տվյալ վարչական իրավախախտման համար պատասխանատվություն է նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով: Խախտման համար պատասխանատու է «Պրոֆարմ» ՍՊԸ-ի տնօրեն` Տաթևիկ Ասրիյանը (հատոր 1-ին, գ.թ. 37-40):
3. «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Հակոբ Թոփչյանը 29.08.2018 թվականի գրությամբ Տեսչական մարմնի ղեկավարին հայտնել է, որ 2018 թվականի հունիս ամսվա ընթացքում որոշ ընկերությունների կողմից ԵԱՏՄ տարածքից ՀՀ ներմուծվել է 392 անվանում դեղեր, որոնցից 232-ը փորձաքննություն են անցել համաձայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից ներկայացված հայտերի, իսկ մնացած 160 անվանում դեղերը ներմուծվել են առանց ՀՀ առողջապահության նախարարության հայտերի: Ի թիվս այլնի, գրությամբ նշված կազմակերպությունների մեջ նշված է նաև «Պրոֆարմ» ՍՊԸ-ն (տրանսպորտային փաստաթուղթ 10803040/090618/0033259, 10.06.2018թ., հաշիվ-ապրանքագիր 621/06.06.2018թ.) (հատոր 1-ին, գ.թ. 43-44):
4. Տեսչական մարմնի 30.10.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 60 որոշմամբ «Պրոֆարմ» ՍՊԸ-ի տնօրեն Տաթևիկ Ասրիյանը` որպես խախտում թույլ տված անձ, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ մասի, 23-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև Կարգի 34.1-րդ, 5.1-րդ կետերի պահանջները խախտելու համար`
i
1) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով` ՀՀ օրենսդրության խախտմամբ ներմուծված յուրաքանչյուր 22 անվանում դեղերի` 30 և ավելի փաթեթի համար ենթարկվել է վարչական տույժի` սահմանված նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով` 13.600.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի, յուրաքանչյուր անվամբ դեղերի` 10-ից մինչև 30 փաթեթի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով` 1.500.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի:
i
2) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով` ՀՀ օրենսդրության խախտմամբ իրացված յուրաքանչյուր 22 անվանում դեղերի` 30 և ավելի փաթեթի համար ենթարկվել է վարչական տույժի` սահմանված նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով` 13.600.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի, յուրաքանչյուր անվամբ դեղերի` 10-ից մինչև 30 փաթեթի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով` 1.500.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ վարչական վարույթի արդյունքում հայտնաբերված և նույն որոշման պատճառաբանական մասում ընկած, «Պրոֆարմ» ՍՊԸ-ի տնօրեն Տաթևիկ Ասրիյանի կողմից օրենքի խախտմամբ դեղեր ներմուծելը կարող է առավել վտանգ ներկայացնել մարդու առողջությանը և կյանքին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սկզբունքին համաձայն, որպես առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիա` կիրառվել է վարչական տույժ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված սանկցիայի շրջանակներում (հատոր 1-ին, գ. թ. 8-13):
4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել իրավահարաբերության ծագման պահին գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 25-րդ, 27-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ մի քանի վարչական իրավախախտումներ պարունակող վարչական ակտի իրավաչափության գնահատման առանձնահատկություններին, այն պայմաններում, երբ վարչական ակտով առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիան կլանում է առավել նվազ զանցանքների համար սահմանված սանկցիաները` համաձայն իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի երկրորդ պարբերության:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հայտնաբերված վարչական իրավախախտման համար սահմանված վարչական տույժ նշանակելու ժամկետների հաշվարկման առանձնահատկություններին:
i
1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի) կամ գրանցումն օրենքով սահմանված կարգով կասեցված կամ օրենքի խախտմամբ դեղեր ներմուծելը կամ արտադրելը կամ պահպանելը կամ բաշխելը կամ իրացնելը կամ կիրառելը` առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր անվանմամբ դեղի`
1) մինչև 10 փաթեթի դեպքում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով.
2) 10-ից մինչև 30 փաթեթի դեպքում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև երեքհարյուրհիսնապատիկի չափով.
3) 30 և ավելի փաթեթի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:
i
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` մեկ անձի կողմից երկու կամ ավելի վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում վարչական տույժը նշանակվում է յուրաքանչյուր իրավախախտման համար առանձին-առանձին:
Եթե անձը կատարել է մի քանի վարչական իրավախախտումներ, որոնց վերաբերյալ գործերը միաժամանակ քննվում են նույն մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, տույժը նշանակվում է առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակներում: Այդ դեպքում հիմնական տույժին կարող է միացվել կատարված իրավախախտումներից ցանկացածի համար պատասխանատվության վերաբերյալ հոդվածներով նախատեսված լրացուցիչ տույժերից մեկը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ հիշատակված իրավադրույթը առավելագույնի սկզբունքի դրսևորման ձևերից է, որը վարչական մարմինների կողմից կամայականությունների զսպման կամ կանխարգելման գործառույթ է իրականացնում: Սկզբունքի էությունը կայանում է նրանում, որ նույն անձի կողմից մեկից ավելի վարչական զանցանքներ կատարելու դեպքում առավել վտանգավոր կամ առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիան իրենում ներառում է առավել նվազ զանցանքների համար սանկցիաները (տե՛ս, Հովհաննես Նահապետյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/4969/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, հարկ է համարում հավելել, որ իրավահարաբերության ծագման պահին գործող կանոնը` առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակներում վարչական տույժի նշանակման վերաբերյալ, վերաբերում է բացառապես վարչական իրավախախտման համար նախատեսված վարչական պատասխանատվության միջոցին, այլ կերպ ասած` սանկցիային: Այսինքն` առավել նվազ զանցանքների համար վարչական պատասխանատվության միջոցներն օրենքի ուժով կլանվում են առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակում: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ նշվածը որևէ կերպ չի ենթադրում մեկ անձի կողմից կատարված առավել նվազ վարչական իրավախախտման կլանում, այլ տվյալ կարգավորմամբ կլանվում են արդեն իսկ կիրառված սանկցիաներն առավել լուրջ խախտման համար նախատեսված սանկցիայի շրջանակներում:
Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մի քանի վարչական իրավախախտումներ պարունակող վարչական ակտի իրավաչափությունը գնահատելիս, դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վարչական ակտը յուրաքանչյուր իրավախախտման մասով առանձին-առանձին, քանի որ դրանցից յուրաքանչյուրն ինքնուրույն վարչական իրավախախտում (զանցանք) է: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այս կանոնը գործում է նույնիսկ այն պայմաններում, երբ իրավահարաբերության ծագման պահին գործող իրավանորմի համաձայն` վարչական ակտով առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիան կլանում է առավել նվազ զանցանքների համար սահմանված սանկցիաները:
Վերոնշյալի համեմատական վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 1-ին մասում վարչական պատասխանատվություն է նախատեսել, ի թիվս այլնի, ինչպես օրենքի խախտմամբ դեղեր ներմուծելու, այնպես էլ օրենքի խախտմամբ դեղերն իրացնելու համար:
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդիրը սահմանել է երկու տարբեր զանցակազմեր, այն է` օրենքի խախտմամբ դեղերի ներմուծումը և դեղերի իրացումը, որոնք օբյեկտիվ կողմով արտահայտվում են տարբեր գործողությունների կատարմամբ: Հետևաբար, վերոգրյալ վարչական իրավախախտումները կատարելու դեպքում վարչական տույժը նշանակվում է յուրաքանչյուր իրավախախտման համար առանձին-առանձին: Ընդ որում, նշված վարչական իրավախախտումներ պարունակող վարչական ակտի իրավաչափությունը գնահատելիս, յուրաքանչյուր վարչական իրավախախտումն առանձին-առանձին պետք է հանդիսանա դատական վերահսկողության առարկա, անկախ իրավահարաբերության ծագման պահին գործող կանոնի համաձայն առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակներում վարչական տույժի նշանակման հանգամանքից:
i
2. «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածք դեղերը, դեղանյութերը, դեղաբուսական հումքը և հետազոտվող դեղագործական արտադրանքը ներմուծվում (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու միջոցով դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի ներս բերում (այսուհետ` ներմուծում)) և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվում են (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու միջոցով դեղեր, դեղանյութեր, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի դուրս բերում (այսուհետ` արտահանում)) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն:
i
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` դեղեր, դեղանյութեր, դեղաբուսական հումք, հետազոտվող դեղագործական արտադրանք ներմուծել թույլատրվում է ներմուծման հավաստագրի հիման վրա, բացառությամբ նույն հոդվածով նախատեսված դեպքերի: Արտահանման դեպքում հավաստագիր տրամադրվում է արտահանողի ցանկությամբ: Ներմուծման կամ արտահանման հավաստագրերը տրվում են համապատասխան փորձագիտական եզրակացության հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: (...)
i
«Հայաստանի Հանրապետություն դեղերի և դեղանյութերի ներմուծման ու արտահանման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 20.09.2000 թվականի թիվ 581 որոշմամբ /ուժը կորցրել է 28.03.2019 թվականին/ հաստատված կարգի 5.1-րդ կետի համաձայն` ԵԱՏՄ-ի անդամ երկրից Հայաստանի Հանրապետություն ներմուծված դեղերը և դեղանյութերը Հայաստանի Հանրապետությունում կարող են իրացվել միայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից նույն կարգով տրված համապատասխանության հավաստագրի առկայության դեպքում: Նույն կարգի 34.1-ին կետի համաձայն` ԵԱՏՄ-ի անդամ երկրից Հայաստանի Հանրապետություն դեղ և (կամ) դեղանյութ ներմուծողը ՀՀ պետական սահմանը հատելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում` մինչև դեղի դրոշմապիտակավորումը և օրենքով սահմանված դրոշմապիտակների օգտագործման վերաբերյալ էլեկտրոնային եղանակով գրանցումների կատարումը դիմում է ՀՀ առողջապահության նախարարություն` համապատասխանության հավաստագիր ստանալու նպատակով, ներկայացնելով նույն կարգի 28-րդ կետով նախատեսված հայտը և փաստաթղթերը:
Վերոնշյալ դրույթների համակարգային վերլուծությունից հետևում է, որ ԵԱՏՄ-ի անդամ երկրից Հայաստանի Հանրապետություն դեղեր ներմուծող և իրացնող յուրաքանչյուր տնտեսվարող ՀՀ առողջապահության նախարարությունից պարտավոր է ձեռք բերել համապատասխանության հավաստագիր:
i
Նույն կարգի 42-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն` ՀՀ ֆինանսների նախարարությունը ԵԱՏՄ-ի անդամ երկրից Հայաստանի Հանրապետություն ներմուծված դեղերի և (կամ) դեղանյութերի մասին տեղեկատվություն է ներկայացնում ՀՀ առողջապահության նախարարություն` համաձայն N 4 ձևի:
i
Նույն կարգի 42-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` յուրաքանչյուր ամիս` մինչև հաջորդ ամսվա վերջին աշխատանքային օրը, էլեկտրոնային եղանակով կամ կրիչով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն է ներկայացնում դեղերի իրացման նպատակով` «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դրոշմապիտակներ ստանալու համար դիմած անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, բնակության վայրը կամ իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը և գործունեության իրականացման վայրը, ներմուծված դեղի անվանումը, քանակը, տրամադրված դրոշմապիտակների սերիան ու համարը` ըստ հատկացված առաջին և վերջին դրոշմապիտակների:
i
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն` վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, բացառությամբ նույն հոդվածով նախատեսված դեպքերի:
i
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը չի կարող սկսվել, իսկ սկսվածը ենթակա է կարճման հետևյալ հանգամանքների առկայության դեպքում`(...)
7) վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության պահին նույն օրենսգրքի 37 հոդվածով նախատեսված ժամկետներն անցնելը. (...):
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածում օրենսդիրը նախատեսել է անձին վարչական պատասխանատվության ենթարկելու հատուկ ժամկետներ, որոնց անցնելու դեպքում կատարված արարքը կորցնում է իր հանրային վնասակարությունը, և անձն ազատվում է վարչական պատասխանատվությունից, քանի որ այդ ժամկետի լրանալուց հետո վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելը դառնում է աննպատակահարմար: Փաստորեն, վաղեմության ժամկետն անցնելը վարչական պատասխանատվությունը բացառող հանգամանք է. վաղեմության ժամկետն անցած լինելու դեպքում անձին վարչական պատասխանատվությունից ազատելն իրավասու վարչական մարմնի պարտականությունն է, այլ ոչ թե հայեցողական լիազորությունը: Ըստ այդմ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածը վաղեմության ժամկետի լրանալը դիտում է որպես վարչական գործով վարույթը բացառող հանգամանք` սահմանելով, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործ չի կարող հարուցվել, իսկ հարուցված վարչական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վարչական պատասխանատվության վաղեմության ժամկետները (տե՛ս, Հուսիկ Մարգարյանն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ՎԴ/10555/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):
Վերը նշված իրավական նորմերի և իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ վերահսկողություն իրականացնող պետական մարմինը ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ ՀՀ տարածք ներմուծված դեղերի վերաբերյալ տեղեկատվությունը ձեռք է բերում անմիջականորեն ՀՀ մաքսային սահմանները կիրարկող պետական մարմնի կողմից` ամսական պարբերականությամբ: Հետևաբար, վերահսկողություն իրականացնող մարմինը, ստանալով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից փոխանցված տեղեկատվությունը, համադրելով այդ տեղեկատվությունը տվյալ ամսվա դրությամբ իրեն հայտ ներկայացրած տնտեսվարող սուբյեկտների կողմից ներմուծված դեղերի վերաբերյալ տեղեկատվության հետ, անմիջականորեն իրավասու է հետևություն անել ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ դեղեր ներմուծելու, այն է` ՀՀ պետական սահմանը հատելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հավաստագիր ստանալու նպատակով դիմում չներկայացրած անձանց մասին:
Հետևաբար ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ ՀՀ տարածք դեղերի ներմուծման իրավախախտման համար վարչական պատասխանատվություն սահմանելիս ժամկետների հաշվարկն իրականացվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ սահմանված կարգով:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործը հարուցվել է Տաթևիկ Ասրիյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Տեսչական մարմնի 30.10.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 60 որոշումը:
Դատարանը բավարարել է Տաթևիկ Ասրիյանի հայցը` պատճառաբանելով, որ հայցվորի կողմից ԵԱՏՄ-ի անդամ երկրից դեղերը Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել 10.06.2018 թվականին: Ըստ այդմ` հայցվորին վերագրված իրավախախտումը կատարվել է սահմանը հատելուն հաջորդող` հայտ ներկայացնելու համար սահմանված հնգօրյա ժամկետի ավարտին, այն է` 16.06.2018 թվականին, Հետևաբար Դատարանը գտել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին պարբերությանը համապատասխան` դրանով սահմանված երկամսյա ժամկետի համար ելակետ պետք է ընդունվի 16.06.2018 թվականը, որպիսի պայմաններում վիճարկվող որոշումն ընդունվել է այդ երկամսյա ժամկետի խախտմամբ:
Վերաքննիչ դատարանը, իրավաչափ համարելով Դատարանի հետևությունները և մերժելով վերաքննիչ բողոքը, գտել է, որ ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ ՀՀ տարածք դեղերի ներմուծման փաստը բացահայտելու համար լրացուցիչ վարչարարական գործողություններ, որոնք կարող են իրենց բնույթով գնահատվել որպես ստուգում, իրականացնելու անհրաժեշտություն չկա: Ուստի, ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ ՀՀ տարածք դեղերի ներմուծման իրավախախտման համար վարչական պատասխանատվություն սահմանելիս ժամկետների հաշվարկը չի կարող իրականացվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 4-րդ պարբերությամբ սահմանված կարգով, այլ նշված իրավախախտումների համար պատասխանատվության ենթարկելու ժամկետը պետք է հաշվարկել ընդհանուր կանոններով, այն է` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ սահմանված իրավախախտումը կատարվելու (ավարտված լինելու) օրվանից:
Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, որ Դատարանը չի կիրառել «Վարչարարության հիմունքներ և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված իրավանորմը և հաշվի չի առել այն հանգամանքը, որ վիճարկվող որոշմամբ հայցվորին առաջադրված է վարչական պատասխանատվություն վերջինիս կողմից ոչ միայն օրենքի խախտմամբ դեղեր ներմուծելու, այլ նաև ՀՀ օրենսդրության խախտմամբ դեղերի իրացման արարք կատարելու համար, պատճառաբանել է, որ Տաթևիկ Ասրիյանի կողմից թվով երկու` դեղեր ներմուծելու և իրացնելու իրավախախտումներ ենթադրաբար կատարված լինելու, դրանց վերաբերյալ գործերը նույն պաշտոնատար անձի` Տեսչական մարմնի ղեկավարի կողմից քննվելու և տվյալ գործերի քննությունը վերջինիս կողմից միաժամանակ իրականացված լինելու պայմաններում առկա են եղել օրենսդրի կողմից վիճարկվող որոշման կայացման պահին գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված` անձի կողմից մի քանի վարչական իրավախախտումներ կատարած լինելու դեպքում տույժը, առավելագույնի սկզբունքին համապատասխան, առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակներում նշանակելու համար անհրաժեշտ պայմանները, որոնց առկայությունն արդեն իսկ բացառել է Տաթևիկ Ասրիյանի նկատմամբ վիճելի որոշման եզրափակիչ մասում առանձին կետերով տուգանք նշանակելու իրավական հնարավորությունը:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործի փաստերի համաձայն` Տեսչական մարմնի ղեկավարի 08.10.2018 թվականի թիվ 606-Ա հրամանով հարուցվել է վարչական վարույթ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարի 29.08.2018 թվականի թիվ ՀՀ/22.1/12371-18 գրությամբ, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 29.08.2018 թվականի թիվ 0106125818 գրությամբ նշված փաստական հանգամանքները` «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի, 21-րդ հոդվածի 1-ին, 4-րդ, 23-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև Կարգի 5.1-րդ, 28-րդ, 34.5-րդ կետերի պահանջների պահպանումը պարզելու նպատակով: Հարուցված վարչական վարույթի շրջանակներում 08.10.2018 թվականից մինչև 16.10.2018 թվականը ներառյալ իրականացվել է զննում «Պրոֆարմ» ՍՊԸ-ում: Տեսչական մարմնի աշխատակիցներ Լենա Կարապետյանի և Լիլիթ Բադալյանի կողմից 22.10.2018 թվականին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության համաձայն` Տեսչական մարմնի դեղերի 08.10.2018 թվականի թիվ 606-Ա հրամանի հիման վրա «Պրոֆարմ» ՍՊԸ-ում իրականացրած զննման ժամանակ հայտնաբերել են, որ թիվ 621 հաշիվ-ապրանքագրով դեղերը ԵԱՏՄ տարածքից ՀՀ տարածք ներմուծելիս ընկերության տնօրենը ՀՀ պետական սահմանը հատելուց հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում` մինչև դեղի դրոշմապիտակավորումը և օրենքով սահմանված դրոշմապիտակների օգտագործման վերաբերյալ էլեկտրոնային եղանակով գրանցումների կատարումը ՀՀ առողջապահության նախարարություն չի ներկայացրել ներմուծման թույլտվություն ստանալու մասին էլեկտրոնային հայտ: Միաժամանակ, զննման ընթացքում արձանագրությունում թվարկված դեղերը չեն հայտնաբերվել, իսկ «Պրոֆարմ» ՍՊԸ-ի տնօրեն Տաթևիկ Ասրիյանը նշել է, որ բոլոր դեղերն իրացվել են:
Անդրադառնալով 22.10.2018 թվականի զննման արձանագրությանը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրականացված զննությամբ ստուգվել է միայն ներմուծված դեղերի` ընկերության պահեստում առկա լինելու փաստը, ինչը չի կարող հիմք ընդունվել այն հանգամանքի հաստատման համար, որ զննությամբ է պարզվել «Պրոֆարմ» ՍՊԸ-ի տնօրեն Տաթևիկ Ասրիյանի կողմից թիվ 621 հաշիվ-ապրանքագրով ԵԱՏՄ տարածքից ներմուծված 22 (քսաներկու) անվանում դեղերի համար ՀՀ պետական սահմանը հատելուց հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ առողջապահության նախարարություն համապատասխանության հավաստագիր ստանալու նպատակով էլեկտրոնային հայտ չներկայացվելու փաստը, քանի որ Տեսչական մարմինը ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ ՀՀ տարածք ներմուծված դեղերի վերաբերյալ տեղեկատվությունը ձեռք է բերում անմիջականորեն ՀՀ մաքսային սահմանները կիրարկող պետական մարմնի կողմից` ամսական պարբերականությամբ, հետևաբար, Տեսչական մարմինը, ստանալով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տեղեկատվությունը, համադրելով այդ տեղեկատվությունը տվյալ ամսվա դրությամբ իրեն հայտ ներկայացրած տնտեսվարող սուբյեկտների կողմից ներմուծված դեղերի վերաբերյալ տեղեկատվության հետ, անմիջականորեն իրավասու է հետևություն անել ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ դեղեր ներմուծելու, այն է` ՀՀ պետական սահմանը հատելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հավաստագիր ստանալու նպատակով դիմում չներկայացրած անձանց մասին:
Վերոգրյալի համակարգային վերլուծության արդյունքում` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ ՀՀ տարածք դեղերի ներմուծման փաստը բացահայտելու համար լրացուցիչ վարչարարական գործողություններ, որոնք կարող են իրենց բնույթով գնահատվել որպես ստուգում, իրականացնելու անհրաժեշտություն չկա: Ուստի, ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ ՀՀ տարածք դեղերի ներմուծման իրավախախտման համար վարչական պատասխանատվություն սահմանելիս ժամկետների հաշվարկը չի կարող իրականացվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 4-րդ պարբերությամբ սահմանված կարգով, այլ նշված իրավախախտումների համար պատասխանատվության ենթարկելու ժամկետը պետք է հաշվարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ սահմանված կարգով, որպիսի իրավաչափ հետևության և հանգել է Վերաքննիչ դատարանը:
Անդրադառնալով Տեսչական մարմնի 30.10.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 60 որոշման` օրենքի խախտմամբ դեղերի իրացման արարքի մասով վարչական տույժի նշանակման իրավաչափության գնահատմանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Տվյալ դեպքում Տեսչական մարմնի 30.10.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 60 որոշմամբ «Պրոֆարմ» ՍՊԸ-ի տնօրեն Տաթևիկ Ասրիյանը` որպես խախտում թույլ տված անձ, վարչական պատասխանատվության է ենթարկվել «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ մասի, 23-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև Կարգի 34.1-րդ, 5.1-րդ կետերի պահանջները խախտելու` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքիՄիաժամանակ նկատի ունենալով իրավահարաբերության ծագման պահին գործող Վարչական իրավախախտումների վերաբերյ 47.3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով` ՀՀ օրենսդրության խախտմամբ իրացված յուրաքանչյուր 22 անվանում դեղերի համար:ալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնները, վարչական մարմինն արձանագրել է, որ «Պրոֆարմ» ՍՊԸ-ի տնօրեն Տաթևիկ Ասրիյանի կողմից օրենքի խախտմամբ դեղեր ներմուծելը կարող է առավել վտանգ ներկայացնել մարդու առողջությանը և կյանքին, ուստի որպես առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիա` կիրառել է վարչական տույժ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված սանկցիայի շրջանակներում:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Տեսչական մարմնի 30.10.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 60 որոշմամբ «Պրոֆարմ» ՍՊԸ-ի տնօրեն Տաթևիկ Ասրիյանը` որպես խախտում թույլ տված անձ, վարչական պատասխանատվության է ենթարկվել թվով երկու առանձին զանցանքների համար: Ընդ որում, նույն որոշման եզրափակիչ մասի առաջին կետի համապատասխան ենթակետերով վարչական տույժ է նշանակվել յուրաքանչյուր իրավախախտման համար առանձին-առանձին, և միայն երկրորդ կետով կիրառվել է իրավահարաբերության ծագման պահին գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված կանոնը:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Դատարանը Տեսչական մարմնի 30.10.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 60 որոշման իրավաչափությունը գնահատել է միայն օրենքի խախտմամբ դեղեր ներմուծելու իրավախախտման մասով, իսկ Վերաքննիչ դատարանն իրավաչափ է համարել` նկատի ունենալով այն, որ վարչական մարմինն օրենքի խախտմամբ դեղերի ներմուծումը համարել է առավել լուրջ խախտում և նշված հանգամանքը բացառել է Տաթևիկ Ասրիյանի նկատմամբ վիճելի որոշման եզրափակիչ մասում առանձին կետերով տուգանք նշանակելու իրավական հնարավորությունը:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն` գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե («ex officio»): Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով և առարկություններով և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը մատնանշում է հայցադիմումներում առկա ձևական սխալները, առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական և ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից չեն պահպանվել վերոգրյալ նորմերի պահանջները և գործում առկա ապացույցների հետազոտման ու գնահատման միջոցով չեն պարզվել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը, ինչի արդյունքում մի քանի վարչական իրավախախտումներ պարունակող Տեսչական մարմնի 30.10.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 60 որոշման իրավաչափությունը գնահատելիս քննության առարկա չի դարձվել վարչական ակտը յուրաքանչյուր իրավախախտման մասով առանձին-առանձին, նույնիսկ այն պայմաններում, երբ վարչական ակտով առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիան կլանում է նվազ լուրջ զանցանքների համար սահմանված սանկցիաները: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Դատարանը պարտավոր էր քննության առարկա դարձնել նաև օրենքի խախտմամբ դեղերի իրացման մասով վարչական ակտի իրավաչափությունը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ Դատարանը խախտել է գործի փաստերն ի պաշտոնե («ex officio») պարզելու իր պարտականությունը, մասնավորապես` Դատարանի կողմից քննության առարկա չի դարձվել Տաթևիկ Ասրիյանի կողմից դեղերի իրացման արարքի մասով վարչական ակտի իրավաչափությունը: Այսինքն, Դատարանը անդրադարձել է միայն Տաթևիկ Ասրիյանի կողմից օրենքի խախտմամբ դեղեր ներմուծելու արարքի վարչական մարմնի կողմից հայտնաբերման պահին: Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից թույլ տրված վերը նշված խախտումը շտկելու, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե (»ex officio») պարզելու սկզբունքի բովանդակությունը կազմող դատավարական գործողությունները պատշաճ կատարելու համար սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:
Վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ, 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցի մնացած հիմքերն ու հիմնավորումները քննության առարկա դարձնելու համար գործն անհրաժեշտ է ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որն իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 10.07.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Ռ. Հակոբյան
Զեկուցող Ն. Տավարացյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Հ. Բեդևյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատի կողմից թիվ ՎԴ/12643/05/18 վարչական գործով 19.05.2022 թվականին
կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ
19.05.2022 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2022 թվականի մայիսի 19-ին գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ` Տեսչական մարմին) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.07.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Տաթևիկ Ասրիյանի ընդդեմ Տեսչական մարմնի` 30.10.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 60 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 10.07.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:
1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.
«Դիմելով դատարան` Տաթևիկ Ասրիյանը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչական մարմնի 30.10.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 60 որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Լ. Հակոբյան) (այսուհետ` Դատարան) 02.05.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.07.2020 թվականի որոշմամբ Տեսչական մարմնի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 02.05.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչական մարմինը (ի պաշտոնե ներկայացուցիչ Հակոբ Ավագյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Տաթևիկ Ասրիյանը (ներկայացուցիչ Հայկ Սահակյան)»:
2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմք, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.
«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել իրավահարաբերության ծագման պահին գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ, 279-րդ, 281-րդ հոդվածները, ՀՀ կառավարության 20.09.2000 թվականի «Հայաստանի Հանրապետություն դեղերի և դեղանյութերի ներմուծման և արտահանման կարգը հաստատելու մասին» թիվ 581 որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ` Կարգ) 42-րդ կետի 1-ին ենթակետը, չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 5-րդ մասը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 25-րդ հոդվածը, 27-րդ հոդվածի 1-ին մասը, 124-րդ հոդվածի 2-րդ մասը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Տեսչական մարմինը Տաթևիկ Ասրիյանին վարչական պատասխանատվության է ենթարկել օրենքի խախտմամբ կատարված դեղերի ներմուծման և օրենքի խախտմամբ կատարված դեղերի իրացման արարքների համար: Նշված իրավախախտումները Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածով սահմանված ինքնուրույն զանցանքներ են:
Ըստ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ պարբերության` կիրառված վարչական պատասխանատվության միջոցներն օրենքի ուժով կլանվել են առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակում: Նշվածը որևէ կերպ չի ենթադրում կատարված արարքների և դրա կատարման համար օրենքով նախատեսված պատասխանատվության կլանում, այլ տվյալ կարգավորմամբ կլանվում են արդեն իսկ կիրառված սանկցիաներն առավել լուրջ խախտման համար նախատեսված սանկցիայի շրջանակներում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի թիվ 10.07.2020 թվականին կայացրած որոշումը և գործն ուղարկել նոր քննության»:
2.1 Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումներ նշել է հետևյալը.
i
«Տվյալ դեպքում վիճարկվող որոշման կայացման համար հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության 20.09.2000 թվականի թիվ 581-Ն որոշումը, որն ընդունվել է ի կատարումն 27.10.1998 թվականին ընդունված և 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած «Դեղերի մասին» ՀՀ օրենքի, որն ուժը կորցրել է 17.05.2016 թվականին: Հարկ է նշել, որ «Դեղերի մասին» ՀՀ օրենքով այլ բան նախատեսված չի եղել և դրա գործողության դադարելու հետ միաժամանակ դադարել է նաև ՀՀ կառավարության 20.09.2000 թվականի թիվ 581-Ն որոշումը: Այսինքն` Տաթևիկ Ասրիյանի կողմից դեղերի ներմուծման պահին դեղերի ներմուծման կարգ և առանձնահատկություններ նախատեսված չի եղել, ուստի Տեսչական մարմինը Տաթևիկ Ասրիյանին չէր կարող ենթարկել վարչական պատասխանատվության` ուժը կորցրած որոշման դրույթները չպահպանելու հիմքով»:
3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.
«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1. Տեսչական մարմնի ղեկավարի 08.10.2018 թվականի թիվ 606-Ա հրամանի համաձայն` հարուցվել է վարչական վարույթ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարի 29.08.2018 թվականի թիվ ՀՀ/22.1/12371-18 գրությամբ, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 29.08.2018 թվականի թիվ 0106125818 գրությամբ նշված փաստական հանգամանքները` «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի, 21-րդ հոդվածի 1-ին, 4-րդ, 23-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև Կարգի 5.1-րդ, 28-րդ, 34.5 -րդ կետերի պահանջների պահպանումը պարզելու նպատակով: Հարուցված վարչական վարույթի շրջանակներում 08.10.2018 թվականից մինչև 16.10.2018 թվականը ներառյալ իրականացվել է զննում «Պրոֆարմ» ՍՊԸ-ում (հատոր 1-ին, գ.թ. 34-35):
2. Տեսչական մարմնի աշխատակիցներ Լենա Կարապետյանի և Լիլիթ Բադալյանի կողմից 22.10.2018 թվականին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության համաձայն` Տեսչական մարմնի դեղերի 08.10.2018 թվականի թիվ 606-Ա հրամանի հիման վրա «Պրոֆարմ» ՍՊԸ-ում իրականացրած զննման ժամանակ հայտնաբերել են, որ թիվ 621 հաշիվ-ապրանքագրով դեղերը ԵԱՏՄ տարածքից ՀՀ տարածք ներմուծելիս ընկերության տնօրենը ՀՀ պետական սահմանը հատելուց հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում` մինչև դեղի դրոշմապիտակավորումը և օրենքով սահմանված դրոշմապիտակների օգտագործման վերաբերյալ էլեկտրոնային եղանակով գրանցումների կատարումը ՀՀ առողջապահության նախարարություն չի ներկայացրել ներմուծման թույլտվություն ստանալու մասին էլեկտրոնային հայտ:
Միաժամանակ, զննման ընթացքում արձանագրությունում թվարկված դեղերը չեն հայտնաբերվել, իսկ «Պրոֆարմ» ՍՊԸ-ի տնօրեն Տաթևիկ Ասրիյանը նշել է, որ բոլոր դեղերն իրացվել են: Վերոնշյալով խախտվել է «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ մասի, 23-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև Կարգի 5.1-րդ, 34.1-րդ կետերի պահանջները: Տվյալ վարչական իրավախախտման համար պատասխանատվություն է նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով: Խախտման համար պատասխանատու է «Պրոֆարմ» ՍՊԸ-ի տնօրեն` Տաթևիկ Ասրիյանը (հատոր 1-ին, գ.թ. 37-40):
3. «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Հակոբ Թոփչյանը 29.08.2018 թվականի գրությամբ Տեսչական մարմնի ղեկավարին հայտնել է, որ 2018 թվականի հունիս ամսվա ընթացքում որոշ ընկերությունների կողմից ԵԱՏՄ տարածքից ՀՀ ներմուծվել է 392 անվանում դեղեր, որոնցից 232-ը փորձաքննություն են անցել համաձայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից ներկայացված հայտերի, իսկ մնացած 160 անվանում դեղերը ներմուծվել են առանց ՀՀ առողջապահության նախարարության հայտերի: Ի թիվս այլնի, գրությամբ նշված կազմակերպությունների մեջ նշված է նաև «Պրոֆարմ» ՍՊԸ-ն (տրանսպորտային փաստաթուղթ 10803040/090618/0033259, 10.06.2018թ., հաշիվ-ապրանքագիր 621/06.06.2018թ.) (հատոր 1-ին, գ.թ. 43-44):
4. Տեսչական մարմնի 30.10.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 60 որոշմամբ «Պրոֆարմ» ՍՊԸ-ի տնօրեն Տաթևիկ Ասրիյանը` որպես խախտում թույլ տված անձ, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ մասի, 23-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև Կարգի 34.1-րդ, 5.1-րդ կետերի պահանջները խախտելու համար`
1) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով` ՀՀ օրենսդրության խախտմամբ ներմուծված յուրաքանչյուր 22 անվանում դեղերի` 30 և ավելի փաթեթի համար ենթարկվել է վարչական տույժի` սահմանված նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով` 13.600.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի, յուրաքանչյուր անվամբ դեղերի` 10-ից մինչև 30 փաթեթի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով` 1.500.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի:
2) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով` ՀՀ օրենսդրության խախտմամբ իրացված յուրաքանչյուր 22 անվանում դեղերի` 30 և ավելի փաթեթի համար ենթարկվել է վարչական տույժի` սահմանված նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով` 13.600.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի, յուրաքանչյուր անվամբ դեղերի` 10-ից մինչև 30 փաթեթի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով` 1.500.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ վարչական վարույթի արդյունքում հայտնաբերված և նույն որոշման պատճառաբանական մասում ընկած, «Պրոֆարմ» ՍՊԸ-ի տնօրեն Տաթևիկ Ասրիյանի կողմից օրենքի խախտմամբ դեղեր ներմուծելը կարող է առավել վտանգ ներկայացնել մարդու առողջությանը և կյանքին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սկզբունքին համաձայն, որպես առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիա` կիրառվել է վարչական տույժ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված սանկցիայի շրջանակներում (հատոր 1-ին, գ. թ. 8-13)»:
4. Վճռաբեկ դատարանը որպես պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.
«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել իրավահարաբերության ծագման պահին գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 25-րդ, 27-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ մի քանի վարչական իրավախախտումներ պարունակող վարչական ակտի իրավաչափության գնահատման առանձնահատկություններին, այն պայմաններում, երբ վարչական ակտով առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիան կլանում է առավել նվազ զանցանքների համար սահմանված սանկցիաները` համաձայն իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի երկրորդ պարբերության:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հայտնաբերված վարչական իրավախախտման համար սահմանված վարչական տույժ նշանակելու ժամկետների հաշվարկման առանձնահատկություններին:
i
1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի) կամ գրանցումն օրենքով սահմանված կարգով կասեցված կամ օրենքի խախտմամբ դեղեր ներմուծելը կամ արտադրելը կամ պահպանելը կամ բաշխելը կամ իրացնելը կամ կիրառելը` առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր անվանմամբ դեղի`
1) մինչև 10 փաթեթի դեպքում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով.
2) 10-ից մինչև 30 փաթեթի դեպքում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև երեքհարյուրհիսնապատիկի չափով.
3) 30 և ավելի փաթեթի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:
i
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` մեկ անձի կողմից երկու կամ ավելի վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում վարչական տույժը նշանակվում է յուրաքանչյուր իրավախախտման համար առանձին-առանձին:
Եթե անձը կատարել է մի քանի վարչական իրավախախտումներ, որոնց վերաբերյալ գործերը միաժամանակ քննվում են նույն մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, տույժը նշանակվում է առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակներում: Այդ դեպքում հիմնական տույժին կարող է միացվել կատարված իրավախախտումներից ցանկացածի համար պատասխանատվության վերաբերյալ հոդվածներով նախատեսված լրացուցիչ տույժերից մեկը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ հիշատակված իրավադրույթը առավելագույնի սկզբունքի դրսևորման ձևերից է, որը վարչական մարմինների կողմից կամայականությունների զսպման կամ կանխարգելման գործառույթ է իրականացնում: Սկզբունքի էությունը կայանում է նրանում, որ նույն անձի կողմից մեկից ավելի վարչական զանցանքներ կատարելու դեպքում առավել վտանգավոր կամ առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիան իրենում ներառում է առավել նվազ զանցանքների համար սանկցիաները (տե՛ս, Հովհաննես Նահապետյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/4969/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, հարկ է համարում հավելել, որ իրավահարաբերության ծագման պահին գործող կանոնը` առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակներում վարչական տույժի նշանակման վերաբերյալ, վերաբերում է բացառապես վարչական իրավախախտման համար նախատեսված վարչական պատասխանատվության միջոցին, այլ կերպ ասած` սանկցիային: Այսինքն` առավել նվազ զանցանքների համար վարչական պատասխանատվության միջոցներն օրենքի ուժով կլանվում են առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակում: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ նշվածը որևէ կերպ չի ենթադրում մեկ անձի կողմից կատարված առավել նվազ վարչական իրավախախտման կլանում, այլ տվյալ կարգավորմամբ կլանվում են արդեն իսկ կիրառված սանկցիաներն առավել լուրջ խախտման համար նախատեսված սանկցիայի շրջանակներում:
Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մի քանի վարչական իրավախախտումներ պարունակող վարչական ակտի իրավաչափությունը գնահատելիս, դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վարչական ակտը յուրաքանչյուր իրավախախտման մասով առանձին-առանձին, քանի որ դրանցից յուրաքանչյուրն ինքնուրույն վարչական իրավախախտում (զանցանք) է: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այս կանոնը գործում է նույնիսկ այն պայմաններում, երբ իրավահարաբերության ծագման պահին գործող իրավանորմի համաձայն` վարչական ակտով առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիան կլանում է առավել նվազ զանցանքների համար սահմանված սանկցիաները:
Վերոնշյալի համեմատական վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 1-ին մասում վարչական պատասխանատվություն է նախատեսել, ի թիվս այլնի, ինչպես օրենքի խախտմամբ դեղեր ներմուծելու, այնպես էլ օրենքի խախտմամբ դեղերն իրացնելու համար:
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդիրը սահմանել է երկու տարբեր զանցակազմեր, այն է` օրենքի խախտմամբ դեղերի ներմուծումը և դեղերի իրացումը, որոնք օբյեկտիվ կողմով արտահայտվում են տարբեր գործողությունների կատարմամբ: Հետևաբար, վերոգրյալ վարչական իրավախախտումները կատարելու դեպքում վարչական տույժը նշանակվում է յուրաքանչյուր իրավախախտման համար առանձին-առանձին: Ընդ որում, նշված վարչական իրավախախտումներ պարունակող վարչական ակտի իրավաչափությունը գնահատելիս, յուրաքանչյուր վարչական իրավախախտումն առանձին-առանձին պետք է հանդիսանա դատական վերահսկողության առարկա, անկախ իրավահարաբերության ծագման պահին գործող կանոնի համաձայն առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակներում վարչական տույժի նշանակման հանգամանքից:
i
2. «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածք դեղերը, դեղանյութերը, դեղաբուսական հումքը և հետազոտվող դեղագործական արտադրանքը ներմուծվում (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու միջոցով դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի ներս բերում (այսուհետ` ներմուծում)) և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվում են (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու միջոցով դեղեր, դեղանյութեր, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի դուրս բերում (այսուհետ` արտահանում)) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` դեղեր, դեղանյութեր, դեղաբուսական հումք, հետազոտվող դեղագործական արտադրանք ներմուծել թույլատրվում է ներմուծման հավաստագրի հիման վրա, բացառությամբ նույն հոդվածով նախատեսված դեպքերի: Արտահանման դեպքում հավաստագիր տրամադրվում է արտահանողի ցանկությամբ: Ներմուծման կամ արտահանման հավաստագրերը տրվում են համապատասխան փորձագիտական եզրակացության հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: (...)
i
«Հայաստանի Հանրապետություն դեղերի և դեղանյութերի ներմուծման ու արտահանման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 20.09.2000 թվականի թիվ 581 որոշմամբ /ուժը կորցրել է 28.03.2019 թվականին/ հաստատված կարգի 5.1-րդ կետի համաձայն` ԵԱՏՄ-ի անդամ երկրից Հայաստանի Հանրապետություն ներմուծված դեղերը և դեղանյութերը Հայաստանի Հանրապետությունում կարող են իրացվել միայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից նույն կարգով տրված համապատասխանության հավաստագրի առկայության դեպքում: Նույն կարգի 34.1-ին կետի համաձայն` ԵԱՏՄ-ի անդամ երկրից Հայաստանի Հանրապետություն դեղ և (կամ) դեղանյութ ներմուծողը ՀՀ պետական սահմանը հատելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում` մինչև դեղի դրոշմապիտակավորումը և օրենքով սահմանված դրոշմապիտակների օգտագործման վերաբերյալ էլեկտրոնային եղանակով գրանցումների կատարումը դիմում է ՀՀ առողջապահության նախարարություն` համապատասխանության հավաստագիր ստանալու նպատակով, ներկայացնելով նույն կարգի 28-րդ կետով նախատեսված հայտը և փաստաթղթերը:
Վերոնշյալ դրույթների համակարգային վերլուծությունից հետևում է, որ ԵԱՏՄ-ի անդամ երկրից Հայաստանի Հանրապետություն դեղեր ներմուծող և իրացնող յուրաքանչյուր տնտեսվարող ՀՀ առողջապահության նախարարությունից պարտավոր է ձեռք բերել համապատասխանության հավաստագիր:
i
Նույն կարգի 42-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն` ՀՀ ֆինանսների նախարարությունը ԵԱՏՄ-ի անդամ երկրից Հայաստանի Հանրապետություն ներմուծված դեղերի և (կամ) դեղանյութերի մասին տեղեկատվություն է ներկայացնում ՀՀ առողջապահության նախարարություն` համաձայն N 4 ձևի:
i
Նույն կարգի 42-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` յուրաքանչյուր ամիս` մինչև հաջորդ ամսվա վերջին աշխատանքային օրը, էլեկտրոնային եղանակով կամ կրիչով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն է ներկայացնում դեղերի իրացման նպատակով` «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դրոշմապիտակներ ստանալու համար դիմած անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, բնակության վայրը կամ իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը և գործունեության իրականացման վայրը, ներմուծված դեղի անվանումը, քանակը, տրամադրված դրոշմապիտակների սերիան ու համարը` ըստ հատկացված առաջին և վերջին դրոշմապիտակների:
i
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն` վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, բացառությամբ նույն հոդվածով նախատեսված դեպքերի:
i
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը չի կարող սկսվել, իսկ սկսվածը ենթակա է կարճման հետևյալ հանգամանքների առկայության դեպքում`(...)
7) վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության պահին նույն օրենսգրքի 37 հոդվածով նախատեսված ժամկետներն անցնելը. (...):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածում օրենսդիրը նախատեսել է անձին վարչական պատասխանատվության ենթարկելու հատուկ ժամկետներ, որոնց անցնելու դեպքում կատարված արարքը կորցնում է իր հանրային վնասակարությունը, և անձն ազատվում է վարչական պատասխանատվությունից, քանի որ այդ ժամկետի լրանալուց հետո վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելը դառնում է աննպատակահարմար: Փաստորեն, վաղեմության ժամկետն անցնելը վարչական պատասխանատվությունը բացառող հանգամանք է. վաղեմության ժամկետն անցած լինելու դեպքում անձին վարչական պատասխանատվությունից ազատելն իրավասու վարչական մարմնի պարտականությունն է, այլ ոչ թե հայեցողական լիազորությունը: Ըստ այդմ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածը վաղեմության ժամկետի լրանալը դիտում է որպես վարչական գործով վարույթը բացառող հանգամանք` սահմանելով, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործ չի կարող հարուցվել, իսկ հարուցված վարչական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վարչական պատասխանատվության վաղեմության ժամկետները (տե՛ս, Հուսիկ Մարգարյանն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ՎԴ/10555/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):
Վերը նշված իրավական նորմերի և իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ վերահսկողություն իրականացնող պետական մարմինը ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ ՀՀ տարածք ներմուծված դեղերի վերաբերյալ տեղեկատվությունը ձեռք է բերում անմիջականորեն ՀՀ մաքսային սահմանները կիրարկող պետական մարմնի կողմից` ամսական պարբերականությամբ: Հետևաբար, վերահսկողություն իրականացնող մարմինը, ստանալով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից փոխանցված տեղեկատվությունը, համադրելով այդ տեղեկատվությունը տվյալ ամսվա դրությամբ իրեն հայտ ներկայացրած տնտեսվարող սուբյեկտների կողմից ներմուծված դեղերի վերաբերյալ տեղեկատվության հետ, անմիջականորեն իրավասու է հետևություն անել ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ դեղեր ներմուծելու, այն է` ՀՀ պետական սահմանը հատելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հավաստագիր ստանալու նպատակով դիմում չներկայացրած անձանց մասին:
Հետևաբար ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ ՀՀ տարածք դեղերի ներմուծման իրավախախտման համար վարչական պատասխանատվություն սահմանելիս ժամկետների հաշվարկն իրականացվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ սահմանված կարգով:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործը հարուցվել է Տաթևիկ Ասրիյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Տեսչական մարմնի 30.10.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 60 որոշումը:
i
Դատարանը բավարարել է Տաթևիկ Ասրիյանի հայցը` պատճառաբանելով, որ հայցվորի կողմից ԵԱՏՄ-ի անդամ երկրից դեղերը Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել 10.06.2018 թվականին: Ըստ այդմ` հայցվորին վերագրված իրավախախտումը կատարվել է սահմանը հատելուն հաջորդող` հայտ ներկայացնելու համար սահմանված հնգօրյա ժամկետի ավարտին, այն է` 16.06.2018 թվականին, Հետևաբար Դատարանը գտել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին պարբերությանը համապատասխան` դրանով սահմանված երկամսյա ժամկետի համար ելակետ պետք է ընդունվի 16.06.2018 թվականը, որպիսի պայմաններում վիճարկվող որոշումն ընդունվել է այդ երկամսյա ժամկետի խախտմամբ:
i
Վերաքննիչ դատարանը, իրավաչափ համարելով Դատարանի հետևությունները և մերժելով վերաքննիչ բողոքը, գտել է, որ ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ ՀՀ տարածք դեղերի ներմուծման փաստը բացահայտելու համար լրացուցիչ վարչարարական գործողություններ, որոնք կարող են իրենց բնույթով գնահատվել որպես ստուգում, իրականացնելու անհրաժեշտություն չկա: Ուստի, ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ ՀՀ տարածք դեղերի ներմուծման իրավախախտման համար վարչական պատասխանատվություն սահմանելիս ժամկետների հաշվարկը չի կարող իրականացվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 4-րդ պարբերությամբ սահմանված կարգով, այլ նշված իրավախախտումների համար պատասխանատվության ենթարկելու ժամկետը պետք է հաշվարկել ընդհանուր կանոններով, այն է` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ սահմանված իրավախախտումը կատարվելու (ավարտված լինելու) օրվանից:
Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, որ Դատարանը չի կիրառել «Վարչարարության հիմունքներ և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված իրավանորմը և հաշվի չի առել այն հանգամանքը, որ վիճարկվող որոշմամբ հայցվորին առաջադրված է վարչական պատասխանատվություն վերջինիս կողմից ոչ միայն օրենքի խախտմամբ դեղեր ներմուծելու, այլ նաև ՀՀ օրենսդրության խախտմամբ դեղերի իրացման արարք կատարելու համար, պատճառաբանել է, որ Տաթևիկ Ասրիյանի կողմից թվով երկու` դեղեր ներմուծելու և իրացնելու իրավախախտումներ ենթադրաբար կատարված լինելու, դրանց վերաբերյալ գործերը նույն պաշտոնատար անձի` Տեսչական մարմնի ղեկավարի կողմից քննվելու և տվյալ գործերի քննությունը վերջինիս կողմից միաժամանակ իրականացված լինելու պայմաններում առկա են եղել օրենսդրի կողմից վիճարկվող որոշման կայացման պահին գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված` անձի կողմից մի քանի վարչական իրավախախտումներ կատարած լինելու դեպքում տույժը, առավելագույնի սկզբունքին համապատասխան, առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակներում նշանակելու համար անհրաժեշտ պայմանները, որոնց առկայությունն արդեն իսկ բացառել է Տաթևիկ Ասրիյանի նկատմամբ վիճելի որոշման եզրափակիչ մասում առանձին կետերով տուգանք նշանակելու իրավական հնարավորությունը:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործի փաստերի համաձայն` Տեսչական մարմնի ղեկավարի 08.10.2018 թվականի թիվ 606-Ա հրամանով հարուցվել է վարչական վարույթ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարի 29.08.2018 թվականի թիվ ՀՀ/22.1/12371-18 գրությամբ, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 29.08.2018 թվականի թիվ 0106125818 գրությամբ նշված փաստական հանգամանքները` «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի, 21-րդ հոդվածի 1-ին, 4-րդ, 23-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև Կարգի 5.1-րդ, 28-րդ, 34.5-րդ կետերի պահանջների պահպանումը պարզելու նպատակով: Հարուցված վարչական վարույթի շրջանակներում 08.10.2018 թվականից մինչև 16.10.2018 թվականը ներառյալ իրականացվել է զննում «Պրոֆարմ» ՍՊԸ-ում: Տեսչական մարմնի աշխատակիցներ Լենա Կարապետյանի և Լիլիթ Բադալյանի կողմից 22.10.2018 թվականին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության համաձայն` Տեսչական մարմնի դեղերի 08.10.2018 թվականի թիվ 606-Ա հրամանի հիման վրա «Պրոֆարմ» ՍՊԸ-ում իրականացրած զննման ժամանակ հայտնաբերել են, որ թիվ 621 հաշիվ-ապրանքագրով դեղերը ԵԱՏՄ տարածքից ՀՀ տարածք ներմուծելիս ընկերության տնօրենը ՀՀ պետական սահմանը հատելուց հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում` մինչև դեղի դրոշմապիտակավորումը և օրենքով սահմանված դրոշմապիտակների օգտագործման վերաբերյալ էլեկտրոնային եղանակով գրանցումների կատարումը ՀՀ առողջապահության նախարարություն չի ներկայացրել ներմուծման թույլտվություն ստանալու մասին էլեկտրոնային հայտ: Միաժամանակ, զննման ընթացքում արձանագրությունում թվարկված դեղերը չեն հայտնաբերվել, իսկ «Պրոֆարմ» ՍՊԸ-ի տնօրեն Տաթևիկ Ասրիյանը նշել է, որ բոլոր դեղերն իրացվել են:
Անդրադառնալով 22.10.2018 թվականի զննման արձանագրությանը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրականացված զննությամբ ստուգվել է միայն ներմուծված դեղերի` ընկերության պահեստում առկա լինելու փաստը, ինչը չի կարող հիմք ընդունվել այն հանգամանքի հաստատման համար, որ զննությամբ է պարզվել «Պրոֆարմ» ՍՊԸ-ի տնօրեն Տաթևիկ Ասրիյանի կողմից թիվ 621 հաշիվ-ապրանքագրով ԵԱՏՄ տարածքից ներմուծված 22 (քսաներկու) անվանում դեղերի համար ՀՀ պետական սահմանը հատելուց հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ առողջապահության նախարարություն համապատասխանության հավաստագիր ստանալու նպատակով էլեկտրոնային հայտ չներկայացվելու փաստը, քանի որ Տեսչական մարմինը ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ ՀՀ տարածք ներմուծված դեղերի վերաբերյալ տեղեկատվությունը ձեռք է բերում անմիջականորեն ՀՀ մաքսային սահմանները կիրարկող պետական մարմնի կողմից` ամսական պարբերականությամբ, հետևաբար, Տեսչական մարմինը, ստանալով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տեղեկատվությունը, համադրելով այդ տեղեկատվությունը տվյալ ամսվա դրությամբ իրեն հայտ ներկայացրած տնտեսվարող սուբյեկտների կողմից ներմուծված դեղերի վերաբերյալ տեղեկատվության հետ, անմիջականորեն իրավասու է հետևություն անել ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ դեղեր ներմուծելու, այն է` ՀՀ պետական սահմանը հատելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հավաստագիր ստանալու նպատակով դիմում չներկայացրած անձանց մասին:
Վերոգրյալի համակարգային վերլուծության արդյունքում` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ ՀՀ տարածք դեղերի ներմուծման փաստը բացահայտելու համար լրացուցիչ վարչարարական գործողություններ, որոնք կարող են իրենց բնույթով գնահատվել որպես ստուգում, իրականացնելու անհրաժեշտություն չկա: Ուստի, ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ ՀՀ տարածք դեղերի ներմուծման իրավախախտման համար վարչական պատասխանատվություն սահմանելիս ժամկետների հաշվարկը չի կարող իրականացվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 4-րդ պարբերությամբ սահմանված կարգով, այլ նշված իրավախախտումների համար պատասխանատվության ենթարկելու ժամկետը պետք է հաշվարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ սահմանված կարգով, որպիսի իրավաչափ հետևության և հանգել է Վերաքննիչ դատարանը:
Անդրադառնալով Տեսչական մարմնի 30.10.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 60 որոշման` օրենքի խախտմամբ դեղերի իրացման արարքի մասով վարչական տույժի նշանակման իրավաչափության գնահատմանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Տվյալ դեպքում Տեսչական մարմնի 30.10.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 60 որոշմամբ «Պրոֆարմ» ՍՊԸ-ի տնօրեն Տաթևիկ Ասրիյանը` որպես խախտում թույլ տված անձ, վարչական պատասխանատվության է ենթարկվել «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ մասի, 23-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև Կարգի 34.1-րդ, 5.1-րդ կետերի պահանջները խախտելու` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով` ՀՀ օրենսդրության խախտմամբ իրացված յուրաքանչյուր 22 անվանում դեղերի համար:
Միաժամանակ նկատի ունենալով իրավահարաբերության ծագման պահին գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնները, վարչական մարմինն արձանագրել է, որ «Պրոֆարմ» ՍՊԸ-ի տնօրեն Տաթևիկ Ասրիյանի կողմից օրենքի խախտմամբ դեղեր ներմուծելը կարող է առավել վտանգ ներկայացնել մարդու առողջությանը և կյանքին, ուստի որպես առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիա` կիրառել է վարչական տույժ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված սանկցիայի շրջանակներում:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Տեսչական մարմնի 30.10.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 60 որոշմամբ «Պրոֆարմ» ՍՊԸ-ի տնօրեն Տաթևիկ Ասրիյանը` որպես խախտում թույլ տված անձ, վարչական պատասխանատվության է ենթարկվել թվով երկու առանձին զանցանքների համար: Ընդ որում, նույն որոշման եզրափակիչ մասի առաջին կետի համապատասխան ենթակետերով վարչական տույժ է նշանակվել յուրաքանչյուր իրավախախտման համար առանձին-առանձին, և միայն երկրորդ կետով կիրառվել է իրավահարաբերության ծագման պահին գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված կանոնը:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Դատարանը Տեսչական մարմնի 30.10.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 60 որոշման իրավաչափությունը գնահատել է միայն օրենքի խախտմամբ դեղեր ներմուծելու իրավախախտման մասով, իսկ Վերաքննիչ դատարանն իրավաչափ է համարել` նկատի ունենալով այն, որ վարչական մարմինն օրենքի խախտմամբ դեղերի ներմուծումը համարել է առավել լուրջ խախտում և նշված հանգամանքը բացառել է Տաթևիկ Ասրիյանի նկատմամբ վիճելի որոշման եզրափակիչ մասում առանձին կետերով տուգանք նշանակելու իրավական հնարավորությունը:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն` գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե («ex officio»): Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով և առարկություններով և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը մատնանշում է հայցադիմումներում առկա ձևական սխալները, առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական և ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից չեն պահպանվել վերոգրյալ նորմերի պահանջները և գործում առկա ապացույցների հետազոտման ու գնահատման միջոցով չեն պարզվել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը, ինչի արդյունքում մի քանի վարչական իրավախախտումներ պարունակող Տեսչական մարմնի 30.10.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 60 որոշման իրավաչափությունը գնահատելիս քննության առարկա չի դարձվել վարչական ակտը յուրաքանչյուր իրավախախտման մասով առանձին-առանձին, նույնիսկ այն պայմաններում, երբ վարչական ակտով առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիան կլանում է նվազ լուրջ զանցանքների համար սահմանված սանկցիաները: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Դատարանը պարտավոր էր քննության առարկա դարձնել նաև օրենքի խախտմամբ դեղերի իրացման մասով վարչական ակտի իրավաչափությունը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ Դատարանը խախտել է գործի փաստերն ի պաշտոնե («ex officio») պարզելու իր պարտականությունը, մասնավորապես` Դատարանի կողմից քննության առարկա չի դարձվել Տաթևիկ Ասրիյանի կողմից դեղերի իրացման արարքի մասով վարչական ակտի իրավաչափությունը: Այսինքն, Դատարանը անդրադարձել է միայն Տաթևիկ Ասրիյանի կողմից օրենքի խախտմամբ դեղեր ներմուծելու արարքի վարչական մարմնի կողմից հայտնաբերման պահին: Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից թույլ տրված վերը նշված խախտումը շտկելու, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե (»ex officio») պարզելու սկզբունքի բովանդակությունը կազմող դատավարական գործողությունները պատշաճ կատարելու համար սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:
Վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ, 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցի մնացած հիմքերն ու հիմնավորումները քննության առարկա դարձնելու համար գործն անհրաժեշտ է ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության»:
Վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:
Այսպես`
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
i
Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական սխալի հիմքով դատական ակտի բեկանման հիմքերն են նյութական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը, դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե դատարանը չի կիրառել այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտ, որը պետք է կիրառեր, կիրառել է այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտ, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նյութական իրավունքի նորմի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է գործի սխալ լուծման:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման (...):
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմքով վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Տվյալ դեպքում օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասի, նույն օրենսգրքի 151-րդ հոդվածի և նույն օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով` նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման առումով այդպիսի խախտում, իսկ դրա արդյունքում` դատական ակտի բեկանման հիմք է համարում նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումը կամ դրանց սխալ կիրառումը, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման:
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, նշելով, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել իրավահարաբերության ծագման պահին գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 25-րդ և 27-րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Դրանից ելնելով անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ բացառապես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններին` պարզելու համար, թե արդյո՞ք դրանցում նշվածները կարո՞ղ էին բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանին նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում վերագրելու համար, որը հանգեցրել է գործի սխալ լուծման, իսկ դրա արդյունքում` Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:
Համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի` վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով վճռաբեկ դատարանը չի համաձայնել այդ ակտը կայացրած դատարանի հիմնավորումներին կամ եզրահանգումներին:
Վճռաբեկ դատարանը, վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում անհրաժեշտ համարելով անդրադառնալ «մի քանի վարչական իրավախախտումներ պարունակող վարչական ակտի իրավաչափության գնահատման առանձնահատկություններին, այն պայմաններում, երբ վարչական ակտով առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիան կլանում է առավել նվազ զանցանքների համար սահմանված սանկցիաները` համաձայն իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի երկրորդ պարբերության»,
դիրքորոշում է հայտնել այն մասին, որ`
- «իրավահարաբերության ծագման պահին գործող կանոնը` առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակներում վարչական տույժի նշանակման վերաբերյալ, վերաբերում է բացառապես վարչական իրավախախտման համար նախատեսված վարչական պատասխանատվության միջոցին, այլ կերպ ասած` սանկցիային»` հավելելով, որ «առավել նվազ զանցանքների համար վարչական պատասխանատվության միջոցներն օրենքի ուժով կլանվում են առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակում: (...) նշվածը որևէ կերպ չի ենթադրում մեկ անձի կողմից կատարված առավել նվազ վարչական իրավախախտման կլանում, այլ տվյալ կարգավորմամբ կլանվում են արդեն իսկ կիրառված սանկցիաներն առավել լուրջ խախտման համար նախատեսված սանկցիայի շրջանակներում»:
Կարծում եմ, որ նշված դիրքորոշումը չի բխում մինչև 01.01.2020 թվականը գործած խմբագրությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի մեկնաբանությունից հետևյալ պատճառաբանությամբ.
Այսպես`
Մինչև 01.01.2020 թվականը գործած խմբագրությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանել է, որ եթե անձը կատարել է մի քանի վարչական իրավախախտումներ, որոնց վերաբերյալ գործերը միաժամանակ քննվում են նույն մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, տույժը նշանակվում է առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակներում:
Նշված նորմը մեկնաբանելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից ելնելով` ցանկանում եմ կարծիք հայտնել այն մասին, որ տվյալ դեպքում օրենսդիրը մեկ անձի կողմից մի քանի վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում վարչական տույժ նշանակելիս պարտադիր կանոն է սահմանել ոչ միայն յուրաքանչյուր իրավախախտման համար առանձին-առանձին վարչական տույժը նշանակելը, այլ նաև այդ տույժը առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակներում նշանակելը` կարևորելով ոչ թե սանկցիայի, այլ` իրավախախտման լուրջ լինելու հանգամանքը:
Ավելին` Վճռաբեկ դատարանի նշված դիրքորոշումը չի բխում նաև հենց որոշման մեջ վկայակոչված Հովհաննես Նահապետյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/4969/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշմամբ արտահայտված այն դիրքորոշումից, որ մինչև 01.01.2020 թվականը գործող խմբագրությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված սկզբունքի էությունը կայացել է նրանում, որ նույն անձի կողմից մեկից ավելի վարչական զանցանքներ կատարելու դեպքում առավել վտանգավոր կամ առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիան իրենում ներառում է առավել նվազ զանցանքների համար սանկցիաները:
Միևնույն ժամանակ ցանկանում եմ նշել, որ եթե Վճռաբեկ դատարանը նպատակ է ունեցել սույն որոշմամբ վերը նշված նորմը զարգացնել նման կերպ (չնայած, որ այդ մասին չի նշել որոշման մեջ), ապա պարտավոր էր տալով նման տարբերվող նոր մեկնաբանություն` հիմնավորել թիվ ՎԴ/4969/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նույն իրավական նորմին տրված մեկնաբանությունից շեղվելը, որը չի կատարել:
Դատավոր` Գ. Հակոբյան
Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 19 մայիսի 2022 թվական:
Միասնական կայք` 22.08.22-04.09.22