i
(ուժը կորցրել է 06.02.02 ՀՕ-305 օրենք)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ
ՎԵՐՑՆԵԼՈՒ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նախնական կալանքի վերցնելու կանոնադրությունը հաստատելու մասին» ԽՍՀՄ 1969 թվականի հուլիսի 11-ի օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է`
Հաստատել Հայաստանի Հանրապետությունում նախնական կալանքի վերցնելու կանոնադրությունը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱԼԱՆՔԻ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 1. |
Նախնական կալանք |
ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության քրեական-դատավարության օրենսդրությանը համապատասխան նախնական կալանքի վերցնելը խափանման միջոց է մեղադրյալի, ամբաստանյալի, ինչպես նաև այնպիսի հանցագործություն կատարելու մեջ կասկածվողի նկատմամբ, որի համար օրենքով որպես պատիժ կարող է նշանակվել ազատազրկում:
Նախնական կալանքի վերցնելու կարգը սահմանվում է ԽՍՀՄ 1969 թվականի հուլիսի 11-ի օրենքով հաստատված նախնական կալանքի վերցնլու կանոնադրությամբ, սույն կանոնադրությամբ և ԽՍՀ Միության ու Հայաստանի Հանրապետության մյուս օրենսդրությամբ:
Նախնական կալանքի կարգը տարածվում է նաև կալանքի վերցված այն դատապարտյալների վրա, որոնց վերաբերյալ դատավճիռները օրինական ուժի մեջ չեն մտել:
i
Հոդված 2. |
Նախնական կալանքի վերցնելու կանոնադրության խնդիրները |
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 74 և 82 հոդվածներին համապատասխան` նախնական կալանքի վերցնելու կանոնադրության խնդիրն է սահմանել նախնական կալանքի վայրերում այն անձանց պահելու կանոնները, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է կալանավորումը, որպեսզի նրանց համար բացառվի քննությունից և դատից թաքնվելու, քրեական գործով ճշմարտության հայտնաբերմանը խոչնդոտ հարուցելու, կամ հանցավոր գործունեությամբ զբաղվելու հնարավորությունը, ինչպես նաև ապահովվի դատավճռի կատարումը:
Հոդված 3. |
Նախնական կալանքի հիմքերը |
Նախնական կալանքի համար հիմք է հանդիսանում քննիչի կամ հետաքննություն կատարող անձի` դատախազի կողմից հաստատված որոշումը, որպես խափանման միջոց նախնական կալանքը ընտրելու մասին դատախազի որոշումը, կամ դատարանի դատավճիռը կամ որոշումը, որոնք կայացվում են ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության քրեական ու քրեական-դատավարության օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 4. |
Նախնական կալանքի վայրերը |
Այն անձինք, որոնց նկատմամբ խափանման միջոց է ընտրված նախնական կալանքը, պահվում են նախնական կալանքի վայրերում` քննչական մեկուսարաններում: Առանձին դեպքերում այդ անձինք կարող են պահվել բանտում, նախնական կալանքի խցում, ինչպես նաև հաուպտվախտում:
Կալանքի վերցված անձինք նախնական կալանքի խցում կարող են պահվել ոչ ավելի, քան երեք օր: Եթե կալանքի վերցված անձանց քննչական մեկուսարան բերելը հնարավոր չէ հեռավորության կամ հաղորդակցության պատշաճ ճանապարհներ չլինելու պատճառով, նախնական կալանքի խցում պահելու ժամանակը կարող է երկարացվել մինչև 30 օր: Նման դեպքերում, ինչպես նաև, երբ որպես խափանման միջոց կալանքի վերցվածները պահվում են բանտում, նրանց պահելու կարգը սահմանվում է սույն կանոնադրությամբ:
Կալանքի վերցված անձանց մինչև երեք օր նախնական կալանքի խցում, ինչպես նաև հաուպտվախտում պահելու կարգը սահմանվում է ԽՍՀ Միության օրենսդրությամբ:
Եթե ազատազրկման վայրերում պատիժ կրող անձինք քրեական պատասխանատվության են կանչվում մի այլ հանցագործություն կատարելու համար և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է կալանավորումը, նրանք կարող են պահվել ուղղիչ աշխատանքային գաղութի տուգանային մեկուսարանում կամ դաստիարակչական աշխատանքային գաղութի կարգապահական մեկուսարանում` այն անձի կամ մարմնի որոշմամբ, որի վարույթում գտնվում է գործը:
Հոդված 5. |
Կալանքի տակ պահելու կարգի ապահովումը նախնական կալանքի վայրերում |
Նախնական կալանքի վայրերում անձանց կալանքի տակ պահելու կարգի ապահովումը դրվում է նախնական կալանքի վայրերի ադմինիստրացիայի վրա:
Նախնական կալանքի վայրերի ադմինիստրացիան իր գործունեությունն իրականացնում է ԽՍՀ Միության օրենսդրությանը, սույն կանոնադրությանը և Հայաստանի Հանրապետության մյուս օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 6. |
Նախնական կալանքի վայրերում պահվող անձանց իրավական դրությունը |
Նախնական կալանքի վայրերում պահվող անձինք ԽՍՀՄ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար օրենսդրությամբ սահմանված պարտականությունները կրում և իրավունքներից օգտվում են սույն կանոնադրությամբ նախատեսված և կալանքի տակ պահելու ռեժիմից բխող սահմանափակումներով:
i
Նախնական կալանքի վայրերում պահվող օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական դրությունը որոշվում է ԽՍՀ Միության օրենսդրությամբ, որը նախատեսում է այդ անձանց իրավունքներն ու պարտականությունները ԽՍՀՄ տերիտորիայում նրանց գտնվելու ժամանակ` այն սահմանափակումներով, որոնք բխում են ԽՍՀՄ 1969 թվականի հուլիսի 11-ի օրենքով հաստատված նախնական կալանքի վերցնելու կանոնադրությունից, սույն կանոնադրությունից և կալանքի տակ պահելու ռեժիմից:
Հոդված 7. |
Նախնական կալանքի վայրերի ռեժիմի հիմնական պահանջները |
Նախնական կալանքի վայրերի ռեժիմի հիմնական պահանջներն են` կալանքի վերցված անձանց մեկուսացումը, մշտական հսկողությունը նրանց նկատմամբ և սույն կանոնադրության 8 հոդվածով նախատեսված կարգով նրանց առանձին-առանձին պահելը:
i
Այն անձինք, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է կալանավորումը, խուզարկվում են, վերցվում է նրանց մատնադրոշմը և լուսանկարվում են. նրանց մոտ գտնվող իրերը, ինչպես նաև նրանց անունով ստացվող հանձնուքներն ու ծանրոցները ենթակա են զննության, իսկ նամակագրությունը` գրաքննության: Նրանց արգելվում է իրենց մոտ ունենալ փող և արժեքավոր իրեր, ինչպես նաև այնպիսի առարկաներ, որոնք նախնական կալանքի վայրերում պահել չի թույլատրվում: Նախնական կալանքի վայրերում գտնվելու ժամանակ նրանցից վերցված փողը հաշվեգրվում է անձնական հաշիվներում, իսկ արժեքավոր իրերն ու առարկաները ի պահ են հանձնվում. անաշխատ եղանակով ձեռք բերված կամ անհայտ աղբյուրներից ստացված փողն ու արժեքավոր իրերը նախնական կալանքի վայրի պետի պատճառաբանված և դատախազի հաստատած որոշմամբ պետականացվում են:
Կալանքի վերցվածները կարող են աշխատանքի ներգրավվել միայն նախնական կալանքի վայրի տերիտորիայի սահմաններում` իրենց համաձայնությամբ և այն անձի կամ մարմնի թույլտվությամբ, որի վարույթում գտնվում է գործը: Նրանց աշխատանքի վարձատրության պայմանները որոշվում են ԽՍՀՄ Նախարարների խորհրդի կողմից սահմանվող կարգով:
i
Հոդված 8. |
Կալանավորվածներին նախնական կալանքի վայրերում առանձին-առանձին պահելը |
Կալանքի վերցված անձինք պահվում են ընդհանուր խցերում այն ժամկետում, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 74 հոդվածի երկրորդ մասով և 83 հոդվածով: Բացառիկ դեպքերում նրանք կարող են պահվել մենախցերում այն անձի կամ մարմնի պատճառաբանված որոշմամբ, որի վարույթում գտնվում է գործը, կամ նախնական կալանքի վայրի պետի պատճառաբանված որոշմամբ, որը հաստատված է դատախազի կողմից:
Կալանքի վերցվածները խցերում տեղավորվում են մեկուսացման հետևյալ պահանջների պահպանմամբ.
տղամարդիկ` կանանցից առանձին,
անչափահասները` չափահասներից առանձին: Բացառիկ դեպքերում, դատախազի սանկցիայով, այն խցերում, ուր պահվում են անչափահասներ, թույլատրվում է պահել չափահասների,
ազատազրկման վայրերում նախկինում պատիժ կրած անձինք` ազատազրկման վայրերում պատիժ չկրած անձերից առանձին,
ծանր հանցագործություններում մեղադրվող կամ կասկածվող անձինք` կալանքի վերցված մյուս անձերից առանձին,
առանձնապես վտանգավոր պետական հանցագործություններում մեղադրվող կամ կասկածվող անձինք` կալանքի վերցված մյուս անձերից, որպես կանոն, առանձին,
առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստները` կալանքի վերցված մյուս անձերից առանձին,
դատապարտյալները` կալանքի վերցված մյուս անձերից առանձին, և ուղղիչ աշխատանքային գաղութի ռեժիմի այն տեսակին համապատասխան, որը սահմանված է դատարանի դատավճռով,
օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք` կալանքի վերցված մյուս անձերից, որպես կանոն, առանձին:
Մահապատժի դատապարտվածները պահվում են կալանքի վերցված մյուս բոլոր անձերից մեկուսացված:
Միևնույն գործով կասկածվողները կամ մեղավորները պահվում են առանձին-առանձին, երբ առկա է այն անձի կամ մարմնի ցուցումը, որի վարույթում գտնվում է տվյալ գործը:
Կալանքի վերցված անձանց կալանավայրերի բուժհիմնարկներում տեղավորումը կատարվում է ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության կողմից սահմանվող կարգով:
Հոդված 9. |
Կալանքի վերցված անձանց իրավունքները |
Կալանքի վերցված անձինք իրավունք ունեն`
օգտվելու մեկ ժամ տևողությամբ ամենօրյա զբոսանքից,
ամսական մեկ անգամ ստանալու մինչև հինգ կիլոգրամ քաշով հանձնուք կամ ծանրոց, ստանալու դրամական փոխադրումներ, ոչ կանխիկ հաշվով գնելու ամսական մինչև 10 ռուբլու սննդամթերքներ և առաջին անհրաժեշտության առարկաներ, օգտագործելու սեփական հագուստը և կոշիկը,
իրենց մոտ ունենալու քրեական գործին վերաբերող փաստաթղթեր և գրառումներ,
զբաղվելու սեղանի խաղերով և օգտվելու նախնական կալանքի վայրի գրադարանի գրքերից,
գանգատներով և դիմումներով դիմելու պետական մարմիններին, հասարակական կազմակերպություններին և պաշտոնատար անձանց` սույն կանոնադրության 13 հոդվածով սահմանված կարգով:
Կալանքի վերցված կանայք իրավունք ունեն իրենց մոտ պահելու մինչև երկու տարեկան երեխաներին: Հղի կանանց և իրենց մոտ երեխաներ պահող կանանց, ինչպես նաև անչափահասների համար ամենօրյա զբոսանքի տևողությունը սահմանվում է մինչև երկու ժամ:
Ազատազրկման վայրերում պատիժ կրող անձինք, եթե մի այլ գործով նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է կալանավորումը, պահվում են սույն կանոնադրությամբ սահմանված կանոններին համապատասխան: Այդ անձանց համար հանձնուքներ և ծանրոցներ ստանալու, ինչպես նաև սննդամթերքներ և առաջին անհրաժեշտության առարկաներ գնելու իրավունքը սահմանվում է այն կանոններին համապատասխան, որոնք ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված են ուղղիչ աշխատանքային գաղութի ռեժիմի` դատարանի դատավճռով կամ որոշմամբ նշանակված տեսակի համար:
Հոդված 10. |
Կալանքի վերցված անձանց պարտականությունները |
Կալանքի վերցված անձինք պարտավոր են`
պահպանել նախնական կալանքի վայրերում սահմանված կարգ ու կանոնը,
կատարել ադմինիստրացիայի պահանջները,
ադմինիստրացիայի նշանակմամբ հերթապահել խցերում,
խնամքով վերաբերվել նախնական կալանքի վայրերի գույքին, սարքավորմանը և մյուս ունեցվածքին:
i
Հոդված 11. |
Կալանքի վերցված անձանց նյութակենցաղային ապահովությունը և բուժսպասարկումը |
Կալանքի վերցված անձանց համար ապահովվում են սանիտարիայի և հիգիենայի կանոններին համապատասխանող անհրաժեշտ բնակարանակենցաղային պայմաններ:
Կալանքի վերցված անձանց անվճար տրվում են նորմաներով սահմանված սնունդ, անհատական քնելու տեղ, անկողին և նյութակենցաղային ապահովման այլ տեսակներ: Անհրաժեշտ դեպքերում նրանց տրվում է սահմանված տեսակի հագուստ և կոշիկ:
Նախնական կալանքի վայրերում բուժսպասարկումը, ինչպես նաև բուժպրոֆիլակտիկ և հակահամաճարակային աշխատանքը կազմակերպվում և կատարվում են առողջապահության վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան:
Կալանքի վերցված անձանց բուժօգնություն ցույց տալը, առողջապահության մարմինների բուժհիմնարկներն օգտագործելը և այդ նպատակով բուժանձնակազմին ներգրավելը իրականացվում են ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության և ԽՍՀՄ առողջապահության նախարարության կողմից սահմանվող կարգով:
i
Հոդված 12. |
Կալանքի վերցված անձանց տեսակցություններ թույլ տալու կարգը |
Կալանքի վերցված անձանց իրենց ազգականների կամ այլ անձանց հետ տեսակցություններ կարող է թույլ տալ նախնական կալանքի վայրի ադմինիստրացիան միայն այն անձի կամ մարմնի թույլտվությամբ, որի վարույթում գտնվում է տվյալ գործը: Տեսակցության տևողությունը սահմանվում է մեկից մինչև երկու ժամ: Այն անձը կամ մարմինը, որի վարույթում գտնվում է գործը, կարող է տեսակցություն թույլ տալ, որպես կանոն, ամսական ոչ ավելի քան մեկ անգամ:
Դատապաշտպանին գործին մասնակցելու թույլտվության պահից, որը հաստատվում է այն անձի կամ մարմնի գրավոր հաղորդմամբ, որի վարույթում գտնվում է գործը, կալանքի վերցվածները իրավունք ունեն դատապաշտպանի հետ առանձին տեսակցել` առանց տեսակցությունների թվի ու դրանց տևողության սահմանափակման:
Հոդված 13. |
Կալանքի վերցված անձանց նամակագրությունը և նրանց գանգատները, դիմումներն ու նամակները ուղարկելու կարգը |
Կալանքի վերցված անձինք կարող են ազգականների կամ այլ քաղաքացիների հետ նամակագրություն ունենալ այն անձի կամ մարմնի թույլտվությամբ, որի վարույթում գտնվում է գործը:
Կալանքի վերցված անձանց գանգատները, դիմումներն ու նամակները ստուգվում են նախնական կալանքի վայրի ադմինիստրացիայի կողմից: Դատախազին հասցեագրված գանգատները, դիմումներն ու նամակները ստուգման ենթակա չեն և հասցեատիրոջն են ուղարկվում դրանք հանձնելու պահից մեկ օրվա ընթացքում:
ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության քրեական-դատավարության օրենսդրությանը համապատասխան` հետաքննություն կատարող անձի կամ քննիչի գործողությունների վերաբերյալ գանգատները նախնական կալանքի վայրի ադմինիստրացիան դատախազին է ուղարկում դրանց տրվելու պահից ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում, իսկ դատախազի գործողությունների և որոշումների վերաբերյալ գանգատները նույն ժամկետում ուղարկվում են վերադաս դատախազին:
Քրեական գործի վարույթի հետ կապված մյուս գանգատները, դիմումներն ու նամակները, դրանց տրվելու պահից ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում նախնական կալանքի վայրի ադմինիստրացիան ուղարկում է այն անձին կամ մարմնին, որի վարույթում գտնվում է գործը: Այդ անձի կամ մարմնի կողմից դրանք նայվում են և ոչ ուշ, քան դրանց ստացման պահից երեք օրվա ընթացքում ուղարկվում ըստ պատկանելույն: Այնպիսի տեղեկություններ պարունակող գանգատները, դիմումներն ու նամակները, որոնց հաղորդումը կարող է խանգարել քրեական գործի վերաբերյալ ճշմարտության հայտնաբերմանը, ըստ պատկանելույն են ուղարկվում, որի մասին հայտնվում է կալանքի վերցված անձին, ինչպես նաև իրազեկ է պահվում դատախազը:
Գործի վարույթին չվերաբերվող գանգատները, դիմումներն ու նամակները համապատասխանաբար քննության են առնվում և լուծում են ստանում նախնական կալանքի վայրի ադմինիստրացիայի կողմից կամ օրենքով սահմանված կարգով ուղարկվում են ըստ պատկանելույն:
Հոդված 14. |
Կալանքի վերցված անձանց նկատմամբ կիրառվող խրախուսանքի միջոցները |
Կալանքի վերցված անձանց նկատմամբ, նրանց օրինակելի վարքագծի դեպքում, նախնական կալանքի վայրի ադմինիստրացիան կարող է կիրառել խրախուսանքի հետևյալ միջոցները.
շնորհակալություն հայտնել,
ժամկետից շուտ հանել նախկինում տրված տույժը,
ավելացնել զբոսանքի տևողությունը:
Հոդված 15. |
Կալանքի վերցված անձանց նկատմամբ կիրառվող տույժի միջոցները |
Կալանքի վերցված այն անձանց նկատմամբ, որոնք խախտում են ռեժիմի պահանջները, նախնական կալանքի վայրի ադմինիստրացիան կարող է կիրառել տույժի հետևյալ միջոցները.
նախազգուշացում կամ նկատողություն անել,
արտահերթ հերթապահություն նշանակել շենքը մաքրելու համար.
մեկ ամիս ժամանակով զրկել սննդամթերքներ գնելու և հերթական ծանրոցներ կամ հանձնուքներ ստանալու իրավունքից:
Կալանքի վերցված այն անձինք, որոնք չարամտորեն խախտում են ռեժիմի պահանջները, նախնական կալանքի վայրի պետի պատճառաբանված որոշմամբ կարող են արգելափակվել պատժախցում մինչև տասն օր ժամանակով, իսկ անչափահասները` մինչև հինգ օր ժամանակով: Հղի կանայք և իրենց մոտ երեխաներ ունեցող կանայք չեն կարող արգելափակվել պատժախցում:
Կալանքի վերցվածների նկատմամբ կիրառվող տույժի միջոցները պետք է համապատասխանեն զանցանքի ծանրությանն ու բնույթին: Թույլ չի տրվում կիրառել այնպիսի միջոցներ, որոնք նպատակ ունեն կալանքի վերցված անձանց պատճառել ֆիզիկական տանջանքներ կամ նվաստացնել նրանց մարդկային արժանապատվությունը:
Հոդված 16. |
Կալանքի վերցված անձանց նյութական պատասխանատվությունը |
Կալանքի վերցված անձինք նախնական կալանքի վայրերում գտնվելու ժամանակ պետությանը պատճառած նյութական վնասի համար նյութական պատասխանատվություն են կրում ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափերով:
i
Վնասը նախնական կալանքի վայրի պետի որոշմամբ բռնագանձվում է կալանքի վերցվածի անձնական հաշվում եղած դրամական գումարներից: Նախնական կալանքի վայրում գտնվելու ժամանակ տվյալ անձի կողմից չհատուցված վնասը նրան ազատազրկման դատապարտելու դեպքում ուղղիչ աշխատանքային հիմնարկի ադմինիստրացիան կարող է բռնագանձել դատապարտյալի անձնական հաշվում ստացվող միջոցներից:
Խափանման միջոցի վերացման կամ փոփոխման դեպքում կալանքից ազատված անձի կողմից չհատուցված նյութական վնասը կարող է բռնագանձվել ընդհանուր հիմունքներով:
Հոդված 17. |
Անվտանգության միջոցները և զենք կիրառելու հիմքերը |
Կալանքի վերցված անձանց նկատմամբ, եթե նրանք ֆիզիկական դիմադրություն են ցույց տալիս նախնական կալանք վայրի աշխատողներին, ցուցաբերում են վայրագ վերաբերմունք կամ այլ բռնի գործողություններ են կատարում, թույլ է տրվում կիրառել ձեռնաշղթա կամ զսպաշապիկ` շրջապատողներին և իրենց վնաս չպատճառելու նպատակով:
Այն դեպքում, երբ կալանքի վերցված անձը նախնական կալանքի վայրի աշխատողների կամ այլ անձանց կյանքին անմիջականորեն սպառնացող հարձակում է գործում կամ այլ դիտավորյալ գործողություն կատարում, ինչպես նաև կալանքից փախչելու դեպքում, որպես բացառիկ միջոց, թույլ է տրվում զենքի գործադրում, եթե այլ միջոցներով հնարավոր չէ խափանել նշված գործողությունները: Կալանքից կանանց և անչափահասների փախչելու դեպքում զենքի գործադրում թույլ չի տրվում:
Զենքի գործադրման յուրաքանչյուր դեպքի մասին նախնական կալանքի վայրի ադմինիստրացիան պարտավոր է անհապաղ տեղյակ պահել դատախազին:
Հոդված 18. |
Որպես խափանման միջոց կալանքի վերցված անձանց կալանքից ազատելու հիմքերը |
Կալանավորվածներին կալանքից ազատելու հիմքեր են`
1) խափանման միջոցի վերացումը,
2) խափանման միջոցի փոփոխումը,
3) որպես խափանման միջոց կալանքի տակ պահելու օրենքով սահմանված ժամկետը լրանալը, եթե այդ ժամկետը չի երկարացվել օրենքով սահմանված կարգով: Նախնական կալանքի վայրի պետը պարտավոր է ոչ ուշ, քան կալանքի տակ պահելու ժամկետը լրանալուց յոթ օր առաջ այդ մասին գրավոր հայտնել այն անձին կամ մարմնին, որի վարույթում գտնվում է գործը, ինչպես նաև այն դատախազին, որը հսկում է նախնական կալանքի վայրում օրինականության պահպանմանը:
Կալանքի վերցվածներին ազատում է նախնական կալանքի վայրի պետը` հետաքննություն կատարող անձի, քննիչի, դատախազի որոշման, կամ դատարանի դատավճռի կամ որոշման հիման վրա: Սույն հոդվածի 3 կետով նախատեսված դեպքում կալանավորներն ազատվում են նախնական կալանքի վայրերում օրինականության պահպանմանը հսկող դատախազի որոշմամբ:
Կալանավորվածին ազատելու որոշումը կամ դատավճիռը նախնական կալանքի վայրում ստացվելուց հետո ենթակա է անհապաղ կատարման:
Նախնական կալանքի վայրի ադմինիստրացիան ապահովում է կալանքից ազատվող անձանց անվճար ուղևորումը իրենց բնակության վայրը: Անհրաժեշտության դեպքում նրանց տրվում է դրամական նպաստ ու հագուստ:
Հոդված 19. |
Նախնական կալանքի վայրերում օրինականության պահպանման դատախազական հսկողությունը |
Նախնական կալանքի վայրերում օրինականության պահպանման հսկողությունը իրականացնում են ԽՍՀՄ գլխավոր դատախազը, Հայաստանի Հանրապետության դատախազը և նրանց ենթակա դատախազները` ԽՍՀՄ-ում դատախազական հսկողության օրենսդրությանը համապատասխան: