Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

    Ք. Երևան                                    ԲԴԽ-16-Ո-Կ-06

7 հունիսի 2021 թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԳԱՅԱՆԵ ՄԱԶՄԱՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ

 

նախագահությամբ`

 

Բարձրագույն դատական խորհրդի

    նախագահի պաշտոնակատար                       Գ. Ջհանգիրյանի

 

մասնակցությամբ`

    անդամներ                                    Գ. Բեքմեզյանի,

                                                Դ. Խաչատուրյանի,

                                                Մ. Մակյանի,

                                                Լ. Մելիքջանյանի,

                                                Ա. Մխիթարյանի,

                                                Վ. Քոչարյանի,

 

    Արդարադատության նախարարի տեղակալ            Ս. Գրիգորյանի,

 

Արդարադատության նախարարի պաշտոնակատարի

    ներկայացուցիչ                               Դ. Գասպարյանի,

 

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր

    իրավասության դատարանի դատավոր               Գ. Մազմանյանի,

 

    քարտուղարությամբ`                           Ա. Շիլաջյանի,

 

դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի` «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Մազմանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2021 թվականի մարտի 02-ի N-13Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի նախապատմությունը.

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել «ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանի, ընկերության իրավաբանական վարչության ղեկավար Արթուր Մելիքյանի` 18.09.2020 թվականին Արդարադատության նախարարին ներկայացրած հաղորդումը:

Արդարադատության նախարարի 11.01.2021 թվականի թիվ 1-Ա որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Գայանե Մազմանյանի (այսուհետ` Դատավոր) նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

Արդարադատության նախարարի 02.03.2021 թվականի N-13Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդին` Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը

i

Վարույթ հարուցող մարմինը նշել է, որ թիվ ԿԴ1/1293/02/17 քաղաքացիական գործով (այսուհետ` Գործ) «ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` «ԱյԴի Բանկ» ՓԲԸ) կողմից ներկայացված` տուժանքի չափը պակասեցնելու վերաբերյալ միջնորդությունը քննելիս հայցի հիմքում դրված` «Անելիք Բանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` «Անելիք Բանկ» ՓԲԸ) և «Բ.Մ.Լ. Արզնի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ) միջև 04.03.2015 թվականին կնքված համաձայնագրի (այսուհետ նաև` Համաձայնագիր) նկատմամբ Դատավորը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածն ակնհայտորեն կիրառման ոչ ենթակա` «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 14.12.2017 թվականի թիվ ՀՕ-319-Ն օրենքի (այսուհետ` ՀՕ-319-Ն օրենք) 3-րդ հոդվածով սահմանված խմբագրությամբ, որն ուժի մեջ է մտել 08.01.2018 թվականին, ինչով խախտել է գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի 3-րդ մասի, մինչև ՀՕ-319-Ն օրենքով կատարված փոփոխությունը գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի, ՀՕ-319-Ն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի, 167-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 192-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի պահանջները:

Վարույթ հարուցող մարմինը նշել է, որ գործի նոր քննության շրջանակներում բանկի կողմից 08.07.2019 թվականին ներկայացվել է վճարման ենթակա տույժի չափը պակասեցնելու վերաբերյալ միջնորդություն` նշելով, որ պահանջվող տուժանքի գումարը (22.174.539,5 ԱՄՆ դոլար) բանկի կարծիքով անհամաչափ է պարտավորության խախտման հետևանքներին:

Դատարանն անդրադառնալով վճարման ենթակա տույժի չափը պակասեցնելու վերաբերյալ միջնորդությանը` գտել է, որ այն անհիմն է: Դատարանը միջնորդության ներկայացման պահին գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորման բովանդակությունից ելնելով` նշել է, որ դատարանը պարտապանի պահանջով պակասեցնում է տուժանքի չափը հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում`

- տուժանքն ակնհայտորեն անհամաչափ է պարտավորության խախտման հետևանքներին.

- պարտապանը, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի համաձայն, հանդիսանում է շահառու, կամ մահացած պարտապանի` ժառանգությունն ընդունած ժառանգները ներառված են սոցիալապես անապահով ընտանիքների ցանկում, կամ պարտավորության պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի հետևանքով, և օրենքով կամ պայմանագրով անհաղթահարելի ուժը չի ազատում պատասխանատվությունից:

Դատարանի գնահատմամբ նշված նորմի կիրառման համար անհրաժեշտ երկու պայմանները բացակայում են: Մասնավորապես գործում առկա ապացույցներով չի հիմնավորվել Գործով պատասխանողի կողմից Համաձայնագրով ստանձնած պարտավորությունների խախտման հետևանքի և տուժանքի չափի ակնհայտ անհամաչափությունը: Պարտավորության խախտման հետևանքն անշարժ գույքով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հնարավորության կորուստն է: Մինչդեռ Գործով պատասխանողը որպես հետևանքի չափորոշիչ ընդունել է գույքի բռնագանձման արժեքը, ինչը Դատարանը չի նույնացնում հետևանքի հետ: Ավելին` ներկայացված միջնորդությամբ չի բացահայտվել հետևանքը սույն գործի համատեքստում: Բացի այդ Դատարանն արձանագրել է, որ բացակայում է նաև քննարկվող նորմի կիրառման համար անհրաժեշտ երկրորդ պայմանը: Մասնավորապես Գործում առկա չէ որևէ հիմնավորում առ այն, որ պարտավորության պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի հետևանքով, և օրենքով կամ պայմանագրով անհաղթահարելի ուժը չի ազատում պատասխանատվությունից:

Այսինքն, Դատարանը Գործով պատասխանողի կողմից ներկայացված` տուժանքի չափը պակասեցնելու վերաբերյալ միջնորդությունը քննելիս ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածը կիրառել է միջնորդության ներկայացման պահի դրությամբ գործող խմբագրությամբ, մինչդեռ, հաշվի առնելով, որ ներկայացված հայցի հիմքում դրված է եղել դեռևս 04.03.2015 թվականին կողմերի միջև կնքված համաձայնագիրը և հայցի հիմքում ընկած իրավահարաբերությունները ծագել են դեռևս 2015 թվականից, իսկ տուժանքի պակասեցման համար նոր կարգ սահմանող համապատասխան նորմը կիրառելի է 08.01.2018 թվականից հետո կնքված պայմանագրերի նկատմամբ, քննարկվող դեպքում կիրառելի էր Համաձայնագրի կնքման պահի խմբագրությամբ գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի կարգավորումը` դատարանի կողմից պարտապանի պահանջով վճարման ենթակա տուժանքի չափը պակասեցնելու վերաբերյալ:

Գործում առկա ապացույցներով չի հիմնավորվել Գործով պատասխանողի կողմից Համաձայնագրով ստանձնած պարտավորությունների խախտման հետևանքի և տուժանքի չափի ակնհայտ անհամաչափությունը` Դատարանն այս մասով չի իրականացրել դատական ակտի պատշաճ պատճառաբանման իր պարտականությունը:

Դատարանը, անհիմն համարելով կողմի փաստարկն առ այն, որ որպես հետևանքի չափորոշիչ է հանդիսանում գույքի բռնագանձման արժեքը, որպես հետևանքի չափորոշիչ է ընդունել «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ և/կամ վերջինիս սեփականատերերի շշալցման բիզնեսով զբաղվելու հնարավորությունից զրկումը և պարտավորության խախտման հետևանքը նշված գույքով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հնարավորության կորուստն է: Մինչդեռ նման կորստի` բաց թողնված օգուտի վերաբերյալ որևէ հաշվարկ, որը թույլ կտար դատողություններ անել խախտման հետևանքների` տուժանքի համաձայնության մասին, վճռում բացակայում է: Միաժամանակ, Համաձայնագրով նախատեսված է եղել «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ կամ նրա նշած երրորդ անձին 2 տարի ժամկետով գնման բացառիկ նախապատվության իրավունք տրամադրելը: Հետևապես Համաձայնագրով նախատեսվել է նաև «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ նշած և «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ սեփականատեր չհանդիսացող անձին Համաձայնագրի շրջանակներում գրավի առարկան ձեռք բերելու իրավունք տրամադրելու հնարավորություն, ուստի երբ գրավի առարկան ձեռք բերվեր «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ սեփականատեր չհանդիսացող անձի կողմից, «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ և/կամ վերջինիս սեփականատերերը շշալցման բիզնեսով զբաղվելու հնարավորություն չէին ունենա: Այսինքն, Դատարանի նման եզրահանգումը չի բխում գործում առկա ապացույցներից և պատճառաբանված չէ:

i

Բացի վերոգրյալը Դատարանը տուժանքի չափը պակասեցնելու վերաբերյալ 08.07.2019 թվականին ներկայացված միջնորդության մասով նախնական դատական նիստի ընթացքում ակնհայտորեն սխալ է որոշել կիրառելի նյութական իրավունքը, ինչի արդյունքում վճռի պատճառաբանական մասում կատարել է կիրառելի իրավունքի վերաբերյալ սխալ վերլուծություն` ոչ կիրառելի իրավական նորմերի վկայակոչմամբ, որպիսի պայմաններում վճիռն առնվազն նշված միջնորդության քննության արդյունքում արված եզրահանգումների մասով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով օրինական չէ:

Ավելին, Դատավորն, ընդունելով Համաձայնագրում որպես երրորդ անձ նշված ընկերությունների պահանջի իրավունքի առկայության հանգամանքը, վճռել է տույժի ամբողջ գումարը բռնագանձել հօգուտ «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ` անտեսելով Համաձայնագրի` հօգուտ երրորդ անձի կնքված լինելու բնույթը` արդյունքում թույլ տալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջի խախտում:

Քննարկվող դեպքում «Անելիք Բանկ» ՓԲԸ և «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ միջև 04.03.2015 թվականին կնքված համաձայնագրի 1-ին կետով գրավի առարկայի նկատմամբ արտադատական կարգով բռնագանձման գործընթաց իրականացնելուն հաջորդիվ բանկը պարտավորվել է «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ կամ նրա նշած երրորդ անձին տրամադրել 2 տարի ժամկետով գնման բացառիկ նախապատվության իրավունք: Համաձայնագրի 4-րդ կետի համաձայն` նախապատվության իրավունքը չպահպանելը հանգեցնում է տույժի վճարման բռնագանձման արժեքի հնգապատիկի չափով, ընդ որում, նշված տույժի առաջացման պահին տույժի գումարը բանկը պարտավորվել է ուղղել «Սենթրալ Սթեյշն», «Էկոպրինտ» և «Սուփրա» ՍՊԸ-ների (այսուհետ` Ընկերություններ)` բանկի նկատմամբ տվյալ պահին առկա պարտավորությունների մարմանը:

i

Համաձայնագիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով համարվում է հօգուտ երրորդ անձի կնքված, որպիսի պայմաններում տույժի գումարի վճարման վերաբերյալ պահանջի իրավունք ունեին Ընկերությունները:

Ինչ վերաբերում է «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ին, ապա այն Համաձայնագրի ուժով չի հանդիսացել տույժի գումարը ստանալու իրավունք ունեցող սուբյեկտ: Նշվածն ուղղակիորեն բխում է նաև վճռի պատճառաբանական մասից: Այսինքն, Դատարանն ընդունել է Համաձայնագրով` Ընկերությունների պահանջի իրավունք ունենալու հանգամանքը, մինչդեռ վճիռ է կայացրել տույժի ամբողջ գումարը հօգուտ «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ի բռնագանձելու մասին: Միևնույն ժամանակ Ընկերությունները 08.07.2019 թվականին Դատարան մուտք եղած հայտարարություններով հրաժարվել են դատավարությանը որպես երրորդ անձ մասնակցելու դատավարական իրավունքից:

Հետևաբար տույժի գումարի` հօգուտ «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ բռնագանձումը Համաձայնագրի դրույթներից չբխելու և արդյունքում «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ` տույժի գումարների շահառու չհանդիսանալու, Ընկերությունների` դատավարությանը որպես երրորդ անձ մասնակցելու դատավարական իրավունքից հրաժարվելու պայմաններում բացակայել է գործով ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ օգտին տույժի գումարները բռնագանձելու հիմքը:

Վկայակոչելով մինչև 02.05.2020 թվականի խմբագրությամբ գործող «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, նույն հոդվածի 2-5-րդ մասերը, Բարձրագույն դատական խորհրդի 11.01.2019 թվականի թիվ ԲԴԽ-60-Ո-Կ-01 և 07.02.2019 թվականի թիվ ԲԴԽ-5-Ո-Կ-02 որոշումներով արտահայտած դիրքորոշումները` վարույթ հարուցող մարմինը նշել է, որ Դատավորի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներն ակնհայտ են և կոպիտ, քանի որ վերը շարադրված նրա կողմից թույլ տրված խախտման առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով, որպիսիք չի բովանդակում նաև Դատավորի բացատրությունը:

i

Նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման կոպտությունն առկա է, քանի որ Դատավորի կողմից թույլ տրված խախտումները նաև հանգեցրել են Գործով պատասխանող բանկի` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով և Սահմանադրության 63-րդ հոդվածով ամրագրված արդար դատաքննության իրավունքի խախտման և որպես հետևանք` դատական իշխանության հեղինակազրկման:

Արդարադատության նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է նաև Դատավորի ներկայացրած բացատրությանը:

Արդարադատության նախարարի պաշտոնակատարը 11.05.2021 թվականի թիվ Ե-0200 գրությամբ Բարձրագույն դատական խորհրդին հայտնել է, որ չի պնդում Դատավորի` կարգապահական պատասխանատվության ենթակա լինելու միջնորդությունը` հաշվի առնելով Արդարադատության նախարարի 04.03.2021 թվականի թիվ 14-Ա որոշմամբ նույն քաղաքացիական գործով Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին միջնորդության քննության արդյունքում կայացված որոշումը:

 

3. Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Սույն կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորը ներկայացրել է գրավոր բացատրություն Արդարադատության նախարարին և պատասխան` Բարձրագույն դատական խորհրդին` խնդրելով մերժել իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը:

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները

1) Արդարադատության նախարարի պաշտոնակատարը 11.05.2021 թվականի թիվ Ե-0200 գրությամբ Բարձրագույն դատական խորհրդին հայտնել է, որ չի պնդում Դատավորի` կարգապահական պատասխանատվության ենթակա լինելու միջնորդությունը` հաշվի առնելով Արդարադատության նախարարի 04.03.2021 թվականի թիվ 14-Ա որոշմամբ նույն քաղաքացիական գործով Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին միջնորդության քննության արդյունքում կայացված որոշումը:

 

5. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը, լսելով Արդարադատության նախարարի տեղակալի և ներկայացուցչի պարզաբանումները, Դատավորի բացատրությունները, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը ենթակա է կարճման` հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում պատասխանել հետևյալ հարցադրմանը.

- արդյո՞ք վարույթ հարուցող մարմնի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը չպնդելը հիմք է նշված միջնորդությունն ըստ էության չքննելու համար:

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն դեպքում, երբ կարգապահական վարույթի նյութերը Բարձրագույն դատական խորհուրդ ուղարկելուց հետո վարույթ հարուցած մարմնին հայտնի են դարձել հանգամանքներ, որոնք բարելավում են դատավորի վիճակը կամ բացառում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելը, վարույթ հարուցած մարմինը պարտավոր է այդ մասին հայտնել Բարձրագույն դատական խորհրդին:

Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ վարույթ հարուցող մարմինը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ պաշտոնապես ներկայացնում է նրա կողմից այս կամ այն իրավախախտումն առերևույթ կատարելու վերաբերյալ իր հիմնավորումները և, բնականաբար, դրանից բխող պահանջը: Վերը նշված հոդվածի հիմքով դատավորի վիճակը բարելավող կամ նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելը բացառող հանգամանքների ի հայտ գալու մասին վարույթ հարուցող մարմնի կողմից բարձրաձայնելու օրենսդրական պահանջն ինքնանպատակ չէ, այլ միտված է կարգապահական վարույթն իրականացնելիս առավելապես երաշխավորելու օրինականության, դատավորի և դատարանի անկախությունը հարգելու և հեղինակությունը բարձր պահելու օրենսդրական սկզբունքները:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը սպառիչ նախատեսված են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածում:

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 148-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության դեպքում վարույթ հարուցող մարմինը որոշում է կայացնում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդություն ներկայացնելու մասին:

i

Նույն օրենքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության ապացուցման պարտականությունը կրում է կարգապահական վարույթը հարուցած մարմինը:

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 152-րդ հոդվածի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում:

Վերոգրյալ իրավակարգավորումների հիման վրա Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ իրավասու մարմնին է վերապահված դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության ապացուցման պարտականությունը և դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն իրավասու մարմնի որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում:

Օրենսդիրն ի թիվս այլ մարմինների Արդարադատության նախարարին օժտել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորությամբ, և կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին նրա ներկայացրած միջնորդության քննությունը հնարավոր է այնքանով, որքանով վարույթ հարուցող մարմինը պնդում է այդ միջնորդությունը` դրանում ներկայացված հիմքի առկայությունն ապացուցող հիմնավորումներով: Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ չի կարող իրականացնել պատասխանատվության ենթարկելու հարցի ըստ էության քննություն այն պարագայում, երբ վարույթ հարուցող մարմինը չի պնդում իր միջնորդությունը:

Քննարկվող պարագայում Արդարադատության նախարարի պաշտոնակատարը 11.05.2021 թվականի թիվ Ե-0200 գրությամբ Բարձրագույն դատական խորհրդին հայտնել է, որ չի պնդում Դատավորի` կարգապահական պատասխանատվության ենթակա լինելու միջնորդությունը` հաշվի առնելով Արդարադատության նախարարի 04.03.2021 թվականի թիվ 14-Ա որոշմամբ նույն քաղաքացիական գործով Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին միջնորդության քննության արդյունքում կայացված որոշումը:

Բարձրագույն դատական խորհուրդը, իրացնելով դատավորների անկախության երաշխավորի իր սահմանադրաիրավական առաքելությունը, գտնում է, որ տվյալ դեպքում Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին վարույթ հարուցող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը չպնդելու պայմաններում վերանում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից այդ միջնորդությամբ ներկայացված հիմքերին և հիմնավորումներին անդրադառնալու անհրաժեշտությունը:

i

Բարձրագույն դատական խորհրդի 22.10.2020 թվականի «Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման Հավելված 1-ի 93-րդ կետի համաձայն` կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության փուլում Խորհուրդը, որպես դատարան գործելիս, ղեկավարվում է Օրենքով, իսկ այն դեպքում, երբ կոնկրետ դատավարական գործընթաց կարգավորված չէ Օրենքով` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նորմերով:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե հայցվորը հրաժարվել է հայցից, բացառությամբ սույն օրենսգրքի 26-րդ գլխով սահմանված այն գործերի, որոնց քննությունը բխում է հանրության կամ պետության շահերից: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հայցվորը ներկայացնում է դիմում հայցից հրաժարվելու վերաբերյալ, ապա դատարանը երկշաբաթյա ժամկետում հրավիրում է դատական նիստ` այն քննելու նպատակով: Եթե հայցվորը նիստի ժամանակ կրկնում է հայցից հրաժարվելու իր դիմումը կամ պատշաճ ծանուցված լինելու պայմաններում չի ներկայանում դատական նիստին, ապա դատարանը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում գործի վարույթը կարճելու մասին:

Այսպիսով, նկատի ունենալով, որ վարույթ հարուցող մարմինը և՛ 11.05.2021 թվականին ներկայացրած թիվ Ե-0200 գրությամբ, և՛ 03.06.2021 թվականին տեղի ունեցած նիստով չի պնդել իր կողմից ներկայացված կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը, հրաժարվել է դրանից, Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով պատասխանատվության ենթարկելու հարցի քննության վարույթը ենթակա է կարճման:

i

Վերոգրյալից ելնելով և ղեկավարվելով Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 155-րդ հոդվածով, Բարձրագույն դատական խորհրդի 22.10.2020 թվականի «Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման Հավելված 1-ի 93-րդ կետով և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Արդարադատության նախարարի միջնորդության հիմքով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Մազմանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը կարճել:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ ՆԱԽԱԳԱՀՈՂ                Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

 

    ԱՆԴԱՄՆԵՐ`                              Գ. ԲԵՔՄԵԶՅԱՆ

                                           Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

                                           Մ. ՄԱԿՅԱՆ

                                           Ա. ՄԽԻԹԱՐՅԱՆ

                                           Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 17 հունիսի 2021 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
07.06.2021
N ԲԴԽ-16-Ո-Կ-06
Որոշում