(ուժը կորցնելու է 01.01.06 թվականից` 12.05.05 թիվ 577-Ն որոշում)
i
040.0605.241297
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«24» դեկտեմբերի 1997թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 դեկտեմբերի 1997 թվականի թիվ 605
i
ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության հանրային սննդի կազմակերպումը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել հանրային սննդի կազմակերպման կանոնները (կցվում է):
Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
դեկտեմբերի 24-ի թիվ 605 որոշմամբ
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
1. Սույն կանոններով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կազմակերպական-իրավական բոլոր տեսակի ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների (այսուհետև` ձեռնարկություն) կողմից հանրային սննդի կազմակերպման կանոնները:
2. Կանոններում օգտագործվող հասկացությունները`
հանրային սնունդ` խոհարարական արտադրանքի պատրաստման, իրացման և սպառման կազմակերպում.
խոհարարական արտադրանք` կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների և կիսապատրաստվածների համախումբ.
ճաշացուցակ` կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների, խմորեղենի և հացաբուլկեղենի, գնովի ապրանքների ցուցակ, որը ձեռնարկության կողմից առաջարկվում է սպառողին` մասնաբաժնի և գնի նշումով.
հանրային սննդի սպասարկման սրահ` հատուկ կահավորված տարածք` նախատեսված պատրաստի խոհարարական արտադրանքի իրացման և սպառման կազմակերպման համար:
3. Հանրային սննդի զբաղվող ձեռնարկությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, իր հիմնադիր փաստաթղթերով և սույն կանոններով:
4. Ձեռնարկության գործունեությունը (բացառությամբ արդեն գործող պետական և սեփականաշնորհված օբյեկտների) իրականացվում է տեխնոլոգիական նախագծի համաձայն, որը պետք է համապատասխանի հանրային սննդի ձեռնարկությունների համար նախատեսված շինարարական նորմերի և կանոնների պահանջներին:
5. Ձեռնարկությունը հանրային սննդի ոլորտում իր տնտեսական գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:
6. Ձեռնարկություններն ըստ «Հանրային սննդի տերմիններ և սահմանումներ» Հայաստանի Հանրապետության ստանդարտի դասակարգվում են տիպերի:
7. Վաճառողը ձեռնարկության սպասարկման սրահից դուրս իրացվող խոհարարական արտադրանքի համար պետք է ունենա փաստաթուղթ, որտեղ նշվում են`
արտադրվող ձեռնարկության անվանումը.
խոհարարական արտադրանքի անվանումը:
8. Ձեռնարկության մուտքի մոտ փակցվում է ցուցանակ, որտեղ նշվում են ձեռնարկության անվանումը, տիպը, կազմակերպական-իրավական տեսակը, իրավաբանական հասցեն և աշխատանքային ռեժիմը:
9. Ձեռնարկությունն աշխատանքային ռեժիմը սահմանում է ինքնուրույնաբար` պահպանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգը:
10. Ձեռնարկությունը պետք է ունենա ճաշացուցակ:
Սպառողին առաջարկվող խոհարարական արտադրանքն ու գնովի ապրանքները պետք է ցուցադրվեն հստակ լրացված գնապիտակներով:
Ձեռնարկությունն սպառողի պահանջով պարտավոր է նրան ներկայացնել ճաշացուցակը և լիցենզիան:
11. Ձեռնարկության սպասարկող անձնակազմի անդամները (խոհարար, հրուշակագործ, մատուցող, բուֆետապան, բարմեն) պետք է ունենան անձնական սանիտարական գրքույկ:
12. Խոհարարական ու հրուշակագործը պետք է ունենան մասնագիտական կրթություն կամ մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթուղթ, կամ առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ:
i
13. Սպասարկող անձնակազմի անդամները կրում են սանիտարական հագուստ, ինչպես նաև կազմակերպության ղեկավարի կողմից տրված անվանաքարտ` լուսանկարով, անվան, ազգանվան և զբաղեցրած պաշտոնի նշմամբ, վավերացված ձեռնարկության կնիքով:
Անվանաքարտ կրելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը:
(13-րդ կետը լրաց. 13.12.02 թիվ 2035-Ն, 04.12.03 թիվ 1638-Ն որոշումներ)
14. Սպառողները սպասարկման ձևերն ու մեթոդները որոշում է ձեռնարկությունը:
15. Ձեռնարկությունն արտադրության ընթացքում ղեկավարվում է արտադրության տեխնոլոգիական ռեժիմները սահմանող նորմատիվային փաստաթղթերի և սանիտարահիգիենիկ նորմերի պահանջներով:
16. Այն ձեռնարկություններում, որտեղ սպասարկումն իրականացնում է մատուցողը, վճարումը կատարում է ըստ մատուցողի կողմից ներկայացվող հաշվի, իսկ առանց մատուցողի սպասարկում իրականացնող ձեռնարկություններում գումարը մուծվում է դրամարկղ: Մատուցողի ներկայացրած հաշվում /որի երկրորդ օրինակը սահմանված կարգով մնում է ձեռնարկությունում /նշվում են նրա ազգանունը, սպասարկման օրը, կերակրատեսակների, խմիչքների ու մյուս ապրանքների անվանումը, քանակը և գինը:
Թույլատրվում է վճարումը կատարել ինչպես կանխիկ, այնպես էլ հանրապետությունում գործող այլ կարգով /փոխանցում, կրեդիտ քարտ և այլն/:
17. Հանրային սննդի ոլորտին վերաբերվող այն նորմերը, որոնք սահմանված չեն սույն կանոններով, կարգավորվում են այլ իրավական ակտերով:
18. Սույն կանոնների խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրության սահմանված կարգով:
i
19. Սույն կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է պետական կառավարման համապատասխան լիազորված մարմինը: