Սեղմել Esc փակելու համար:
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Քաղ. Երևան 20 դեկտեմբերի 2022 թ.

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ե. Խունդկարյանի, Հ. Հովակիմյանի, Է. Շաթիրյանի, Ս. Սաֆարյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վ. Քերոբյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց ««Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների, մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության, մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր` 2022 թվականի հունվարի 5-ի N 7-Ա որոշմամբ հավանություն է տվել 2019 թվականի հոկտեմբերի 1-ին Երևանում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների, մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության, մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է այդ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան: Հիշյալ որոշումը վարչապետը Սահմանադրական դատարան է ներկայացրել 2022 թվականի հունվարի 14-ին:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության` 2022 թվականի հունվարի 14-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Սահմանադրական դատարանի 2022 թվականի փետրվարի 15-ի ՍԴԱՈ-31 աշխատակարգային որոշմամբ գործն ընդունվել է քննության, գործի դատաքննությունը նշանակվել է 2022 թվականի մարտի 15-ին:

Գործը դատաքննության նախապատրաստելիս ««Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների, մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության, մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) բնագիր անգլերեն և հայերեն թարգմանված տեքստերի միջև վեր են հանվել էական անհամապատասխանություններ: Համաձայնագրի հայերեն պաշտոնական թարգմանությամբ տեքստում առկա թերությունները վերացնելու վերաբերյալ գրությանն ի պատասխան` սույն գործով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչը, ելնելով Համաձայնագրի տեքստի ծավալից, խնդրել է Համաձայնագրի հայերեն պատշաճ պաշտոնական թարգմանությամբ տեքստը Սահմանադրական դատարան ներկայացնելու ժամկետը երկարաձգել: Այդ առնչությամբ Սահմանադրական դատարանի 2022 թվականի մարտի 15-ի ՍԴԱՈ-53 աշխատակարգային որոշմամբ հիշյալ գործի վարույթը կասեցվել է` մինչև կասեցման հիմքերը վերանալը:

2022 թվականի նոյեմբերի 11-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել սույն գործով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վ. Քերոբյանի գրությունը, որին կից ներկայացվել է Համաձայնագրի` «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի պաշտոնական թարգմանությամբ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից պաշտոնապես հաստատված հայերեն տեքստը:

Սահմանադրական դատարանի 2022 թվականի նոյեմբերի 22-ի ՍԴԱՈ-181 աշխատակարգային որոշմամբ արձանագրվել է, որ գործի վարույթը կասեցնելու հիմքերը վերացել են, և գործի վարույթը վերսկսվել է:

Ուսումնասիրելով Համաձայնագիրը, սույն գործով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 1-ին Երևանում` փոխադարձ առևտրային հարաբերությունների զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում Կողմերի միջև տնտեսական համագործակցության խթանման համար շահավետ միջավայրի և պայմանների ստեղծման, ինչպես նաև Կողմերի միջև առևտրային և ներդրումային խոչընդոտների վերացման, բիզնեսի ծախսերի նվազեցման և տնտեսական արդյունավետության բարձրացման նպատակով:

2. Համաձայնագիրն ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ), Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության (ԵԱՏՄ անդամ պետություններ), Սինգապուրի Հանրապետության միջև (Կողմեր):

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վերջինիս ուժի մեջ մտնելու համար Կողմերի համապատասխան ներքին բոլոր իրավական ընթացակարգերի կատարման մասին գրավոր ծանուցումների փոխանակման օրվան հաջորդող երկրորդ ամսվա առաջին օրը:

3. Համաձայն Համաձայնագրի` Կողմերը ստեղծում են ազատ առևտրի գոտի` ՍԱԳՀ 1994-ի (1994 թվականի Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագիրը և ԱՀԿ համաձայնագրի (1994 թվականի ապրիլի 15-ի` «Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման մասին» Մարաքեշի համաձայնագիր) 1Ա հավելվածում ընդգրկված` դրա մեկնաբանման համար ծանոթագրությունները) XXIV հոդվածին համապատասխան:

4. Համաձայնագիրն ունի հավելվածներ և առդիրներ, որոնք կազմում են դրա անբաժանելի մասը, մասնավորապես` Հավելված 2-1. «Սակագնային պարտավորությունների ցանկեր», Առդիր 2-1-1. «ԵԱՏՄ սակագնային պարտավորությունների ցանկ», Առդիր 2-1-2. «Սինգապուրի սակագնային պարտավորությունների ցանկ», Հավելված 4-1. «Ծագման հավաստագիր (ՁԵՎ EAS)», Հավելված 4-2. «Ծագման հավաստագրի (ձև EAS) լրացման հրահանգներ», Հավելված 4-3. «Ծագման մասին հայտարարագիր», Հավելված 4-4. «Արտադրանքի դասակարգման հատուկ կանոններ», Հավելված 10-1. «Պետական գնումների վերաբերյալ օրենքների ու կանոնակարգերի հրապարակումը», Հավելված 11-1. «Մրցակցության հարցերով պատասխանատու մարմինների պաշտոնական կայքերը», Հավելված 11-2. «Մրցակցության հարցերով պատասխանատու ոլորտային մարմինների պաշտոնական կայքերը», Հավելված 14-1. «Արբիտրաժային կանոնները», Հավելված 14-2. «Արբիտրների վարքագծի կանոնները»:

Համաձայնագրի 2-1-1 (ԵԱՏՄ սակագնային պարտավորությունների ցանկ) և 2-1-2 (Սինգապուրի սակագնային պարտավորությունների ցանկ) առդիրները կազմում են Համաձայնագրի 2-1 հավելվածի անբաժանելի մասը և ներկայացված են առանձին փաստաթղթերով:

5. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության սկզբունքով ստանձնում է, մասնավորապես, ներքոնշյալ պարտավորությունները.

5.1. սինգապուրյան Կողմի ապրանքներին տրամադրել ազգային ռեժիմ` ՍԱԳՀ 1994-ի III հոդվածին համապատասխան, և այդ կապակցությամբ ՍԱԳՀ 1994-ի III հոդվածը, ինչպես նաև ՍԱԳՀ 1994-ի III հոդվածին համապատասխան ռեժիմի տրամադրման պարտավորությունից ցանկացած բացառում, ազատում և հրաժարում ներառված են Համաձայնագրում և կազմում են դրա մասը (հոդված 2.4),

5.2. եթե Համաձայնագրով այլ բան նախատեսված չէ, ապա նվազեցնել կամ վերացնել սինգապուրյան Կողմի տարածքի ծագման ապրանքների համար մաքսատուրքերը Համաձայնագրի 2-1 հավելվածում (Սակագնային պարտավորությունների ցանկեր) նշված Հայաստանի Հանրապետության սակագնային պարտավորությունների ցանկերին համապատասխան (հոդված 2.6, կետ 1),

5.3. եթե Համաձայնագրով այլ բան նախատեսված չէ, ապա չավելացնել գոյություն ունեցող մաքսատուրքերից ոչ մեկը կամ չսահմանել նոր մաքսատուրքեր, որոնց արդյունքում սինգապուրյան Կողմի տարածքի ծագման ապրանքների համար մաքսատուրքերի չափը կգերազանցի Համաձայնագրի 2-1 հավելվածում (Սակագնային պարտավորությունների ցանկեր) նշված սակագնային պարտավորությունների մակարդակը (հոդված 2.6, կետ 2),

5.4. Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո վաթսուն (60) օրվա ընթացքում սինգապուրյան Կողմին տեղեկացնել Համաձայնագրի 2.8 հոդվածի 1-ին կետում նշված` Հայաստանի Հանրապետության կիրառելի օրենքների ու կանոնակարգերի մասին, ինչպես նաև անհապաղ տեղեկացնել նման կիրառելի օրենքներում ու կանոնակարգերում կատարված ցանկացած փոփոխության մասին (հոդված 2.8, կետ 2),

5.5. ապահովել, որ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններն իրենց պաշտոնական կայքերում հասանելի դարձնեն Հայաստանի Հանրապետության կողմից սահմանված` ներմուծմանն ու արտահանմանն առնչվող վճարների և հավաքագրումների մասին տեղեկությունները (հոդված 2.9, կետ 2),

5.6. ապահովել, որ Հայաստանի Հանրապետության ներմուծման լիցենզավորման ընթացակարգերը, որոնք սահմանվել են Ներմուծման լիցենզավորման մասին համաձայնագրի (ԱՀԿ համաձայնագրի 1Ա հավելվածում ընդգրկված` «Ներմուծման լիցենզավորման ընթացակարգերի մասին» համաձայնագիր) 1-3-րդ հոդվածներում, իրականացվեն թափանցիկ և կանխատեսելի ձևով ու կիրառվեն Ներմուծման լիցենզավորման մասին համաձայնագրին համապատասխան (հոդված 2.11, կետ 1),

5.7. բացառությամբ Համաձայնագրի 4-րդ գլխով նախատեսված դեպքերի` ապահովել, որ ապրանքները ճանաչվեն Հայաստանի Հանրապետության ծագման ապրանքներ, եթե դրանք համապատասխանում են Համաձայնագրի 4.3 հոդվածում սահմանված չափորոշիչներին (հոդված 4.3),

5.8. ապահովել անբարեխիղճ մրցակցությունից պաշտպանությունը` Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքներին ու կանոնակարգերին և Փարիզի կոնվենցիայի 10bis հոդվածին համապատասխան (հոդված 8.11),

5.9. նախատեսել մտավոր սեփականության իրավունքների պատշաճ ու արդյունավետ ապահովումը` Հայաստանի Հանրապետության օրենքներին ու կանոնակարգերին և ԹՐԻՓՍ համաձայնագրի (ԱՀԿ համաձայնագրի 1Գ հավելվածում ընդգրկված` «Մտավոր սեփականության իրավունքների` առևտրին առնչվող հայեցակետերի մասին» համաձայնագիր) 41-ից 61-րդ հոդվածներին համապատասխան, ինչպես նաև ապահովել իրավունքների պահպանության ընթացակարգերը` ԹՐԻՓՍ համաձայնագրի III մասի համաձայն` այնպես, որ հնարավոր լինի ձեռնարկել արդյունավետ միջոցներ մտավոր սեփականության իրավունքների խախտման ցանկացած գործողության դեմ (հոդված 8.12),

5.10. հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ազգային առաջնահերթությունները և հասանելի ռեսուրսները` համաձայնել ընդլայնել շրջակա միջավայրի ոլորտում համագործակցությունը և իրականացնել փոխշահավետ համատեղ նախագծեր այն ոլորտներում, որոնք կարող են նպաստել շրջակա միջավայրի պահպանությանը, ինչպես նաև վերոհիշյալ համագործակցության գործողություններն իրականացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների հիման վրա` փոխհամաձայնեցված պայմաններով` Համաձայնագրի 12.3 հոդվածի 3-րդ կետում սահմանված ձևով, իսկ գործողությունների ֆինանսավորումը որոշել յուրաքանչյուր կոնկրետ դեպքում (հոդված 12.3, կետեր 2 և 3),

5.11. նշանակել կոնտակտային անձ, որն ընդհանուր առմամբ պատասխանատու է Համաձայնագրով կարգավորվող ցանկացած հարցով սինգապուրյան Կողմի և Համատեղ կոմիտեի հետ հաղորդակցության ապահովման համար, եթե այլ բան հատուկ նշված չէ Համաձայնագրի մյուս դրույթներում, ինչպես նաև նշանակել Հայաստանի Հանրապետության կոնտակտային անձին` Հայաստանի Հանրապետության ներքին ընթացակարգերին համապատասխան, և սինգապուրյան Կողմին ծանուցել այդ նշանակման մասին` Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից իննսուն (90) օրվա ընթացքում` կոնտակտային անձի ցանկացած փոփոխության մասին պատշաճ կերպով ծանուցելով սինգապուրյան Կողմին (հոդված 15.3):

6. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված` միջազգային իրավունքի հիման վրա պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված` արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. «Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների, մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության, մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

i

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ                              Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

 

20 դեկտեմբերի 2022 թվականի

ՍԴՈ-1674

 

Հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում (concourt.am)` 21 դեկտեմբերի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
20.12.2022
N ՍԴՈ-1674
Որոշում