Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ Օ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                       Վարչական գործ թիվ

    դատարանի որոշում                            ՎԴ/8200/05/18

    Վարչական գործ թիվ ՎԴ/8200/05/18             2022 թ.

Նախագահող դատավոր` Կ. Ավետիսյան

    Դատավորներ`        Կ. Բաղդասարյան

                       Ա. Թովմասյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2022 թվականի ապրիլի 5-ին

գրավոր ընթացակարգով քննելով Սերգեյ Սարկիսովի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 23.07.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սերգեյ Սարկիսովի ընդդեմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով)` 18.06.2018 թվականի «Վարչական տույժ կիրառելու մասին» թիվ ՎԻՎ/109/2018 որոշումը վերացնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սերգեյ Սարկիսովը պահանջել է վերացնել Հանձնաժողովի 18.06.2018 թվականի «Վարչական տույժ կիրառելու մասին» թիվ ՎԻՎ/109/2018 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ս. Հովակիմյան) (այսուհետ` Դատարան) 18.03.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.07.2020 թվականի որոշմամբ Հանձնաժողովի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 18.03.2019 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սերգեյ Սարկիսովը (ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, 33-րդ հոդվածի 1-ին մասը, 37-րդ հոդվածի 1-ին և 7-րդ մասերը, 169.28-րդ հոդվածը, իրավահարաբերության ծագման պահին գործած «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, 33-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 1-ին մասը, 43.1-ին հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, 44-րդ հոդվածի 1-ին մասը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը, 36-րդ հոդվածի 3-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

i

Այսպես` Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն անհիմն են, քանի որ հայցվորի կողմից հայտարարագիր ներկայացնելու պարտականությունը սահմանված է եղել մինչև 30.03.2018 թվականը: Ընդ որում, հատկանշական է այն հանգամանքը, որ հայտարարագրերը ներկայացվում են ոչ թե փոստային նամակի տեսքով, այլ էլեկտրոնային եղանակով: Հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 7-րդ մասը, որի համաձայն` սույն օրենսգրքի 169.28-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը հայտնաբերվելուց հետո` երկու ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան իրավախախտումը կատարվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, Հանձնաժողովը պետք է արդեն իսկ մարտի 30-ին տեղեկացված լիներ հայցվորի կողմից հայտարարագիրը չներկայացնելու փաստի մասին:

Այսինքն` Հանձնաժողովը արդեն իսկ մարտի 31-ին իր տիրապետման տակ ուներ այն պաշտոնատար անձանց շրջանակը, որոնք մինչև օրենսդիրի կողմից սահմանված ժամկետի ավարտը չեն ներկայացրել պահանջվող հայտարարագիրը: Ուստի Հանձնաժողովը կարող էր հայցվորին վարչական տույժի ենթարկել մինչև 30.05.2018 թվականը: Մինչդեռ Հանձնաժողովը, բաց թողնելով այդ ժամկետը, հայցվորին վարչական տույժի է ենթարկել 18.06.2018 թվականին, այսինքն` վարչական տույժ նշանակելու համար սահմանված վաղեմության ժամկետները լրանալուց հետո:

Այսպիսով` Վերաքննիչ դատարանը չի իրականացրել սույն գործի ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, սխալ է մեկնաբանել կիրառման ենթակա իրավական նորմերը, հաշվի չի առել գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.07.2020 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցն ամբողջությամբ բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմի հայտարարագրման վարչության պետ Սվետլանա Հովակիմյանի կողմից կազմված 18.05.2018 թվականի թիվ Հ/109/2018 արձանագրության համաձայն` էլեկտրոնային հայտարարագրերի ռեեստրի տվյալների ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ Սերգեյ Էդուարդի Սարկիսովը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով սահմանված ժամկետում Հանձնաժողով չի ներկայացրել պաշտոնավարման ընթացքում գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց 2017 թվականի տարեկան հայտարարագիրը (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) (հատոր 1-ին գ.թ. 50):

2. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 18.05.2018 թվականի «Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթ հարուցելու մասին» թիվ ՎԻՎ/109/2018 որոշմամբ, պարզելով, որ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Էդուարդի Սարկիսովի կողմից գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց 2017 թվականի տարեկան հայտարարագիրը ներկայացնելու պարտականության հետ կապված, Հանձնաժողովը հայտնաբերել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասով (հայտարարատու պաշտոնատար անձի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագիրը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելը) նախատեսված առերևույթ իրավախախտման հատկանիշներ, հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի թիվ ՎԻՎ/109/2018 վարույթը (հատոր 1-ին գ.թ. 49):

3. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 18.06.2018 թվականի «Վարչական տույժ կիրառելու մասին» թիվ ՎԻՎ/109/2018 որոշմամբ Հանձնաժողովը որոշել է` «1. Սերգեյ Էդուարդի Սարկիսովի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց 2017թ. տարեկան հայտարարագիրը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չներկայացնելու համար Սերգեյ Էդուարդի Սարկիսովի նկատմամբ կիրառել «նախազգուշացում» վարչական տույժը:

i

2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 40-րդ հոդվածին համապատասխան` վարչական տույժ նշանակելը վարչական իրավախախտում կատարած անձին չի ազատում այն պարտականության կատարումից, որի չկատարելու համար նշանակվել էր վարչական տույժ:

i

3. Սերգեյ Էդուարդի Սարկիսովին տեղեկացնել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` վերոնշյալ վարչական տույժի կիրառումից հետո` 30 օրվա ընթացքում, հայտարարագիրը չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:» (հատոր 1-ին գ.թ. 41-42):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ իրավահարաբերության ծագման պահին գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի միատեսակ կիրառության համար:

Սույն գործի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից օրենքով սահմանված ժամկետում հայտարարագիր չներկայացնելու դեպքում իրավախախտման բացահայտման պահը ո՞ր ժամկետից սկսած է հաշվվում:

i

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում առաջին հերթին անդրադառնալ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի իրավահաջորդության հարցին և արձանագրել, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հանդիսանում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի իրավահաջորդը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ` Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`

ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,

բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.

2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.

3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն: Վարչական ակտը կարող է ուղղված լինել նաև որոշակի անհատական չափանիշներով առանձնացված անձանց որևէ խմբի:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենքի իմաստով` միջամտող վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմինները մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում են անձանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն են դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայտարարատու պաշտոնատար անձը սույն օրենքով նախատեսված կարգով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացնում գույքի, եկամուտների հայտարարագիր, իսկ բարձրաստիճան պաշտոնատար անձը` նաև շահերի հայտարարագիր:

i

Նույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարատու պաշտոնատար անձինք պաշտոնեական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ հայտարարագրերը այդ օրերին հաջորդող 30 օրվա ընթացքում ներկայացնում են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Նշված անձինք պաշտոնավարման ընթացքում հայտարարագրեր են ներկայացնում նաև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ` ոչ ուշ, քան տվյալ տարվան հաջորդող տարվա մարտի 30-ը:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաև նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից (նույն հոդվածում այսուհետ` հայտարարատուներ) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարագրերը (նույն հոդվածում այսուհետ` հայտարարագրեր) Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետներում չներկայացնելը` առաջացնում է նախազգուշացում:

Փաստորեն, հայտարարատու պաշտոնատար անձի նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նախազգուշացում կարող է կիրառվել նրա կողմից նրա, ինչպես նաև նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագրերը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետներում չներկայացնելու դեպքում: Հակառակ դեպքում բացառվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով հայտարարատու պաշտոնատար անձին վարչական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքի 169.28-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը հայտնաբերվելուց հետո` երկու ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան իրավախախտումը կատարվելուց հետո` մեկ տարվա ընթացքում:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի համաձայն` վարչական վարույթը պետք է իրականացվի հնարավորինս սեղմ ժամկետում: Վարչական մարմինը պետք է վարչական վարույթն իրականացնի առանց դա բարդացնելու` լրացուցիչ լսումներ անցկացնելու, լրացուցիչ փորձաքննություն նշանակելու կամ զննում կատարելու, եթե առկա չեն գործի փաստական հանգամանքների պարզաբանման համար անհրաժեշտ պատճառներ: Եթե վարչական վարույթ հարուցելուց հետո վարչական մարմնի տրամադրության տակ առկա են համապատասխան վարչական ակտ ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բավարար չափով պարզաբանված և ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա վարչական մարմինը պարտավոր է վարչական ակտ ընդունել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո` ողջամիտ ժամկետում` չսպասելով ընդհանուր կամ հատուկ ժամկետի լրանալուն:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածում օրենսդիրը նախատեսել է անձին վարչական պատասխանատվության ենթարկելու հատուկ ժամկետներ, որոնց անցնելու դեպքում կատարված արարքը կորցնում է իր հանրային վնասակարությունը, և անձն ազատվում է վարչական պատասխանատվությունից, քանի որ այդ ժամկետի լրանալուց հետո վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելը դառնում է աննպատակահարմար: Փաստորեն, վաղեմության ժամկետն անցնելը վարչական պատասխանատվությունը բացառող հանգամանք է. վաղեմության ժամկետն անցած լինելու դեպքում անձին վարչական պատասխանատվությունից ազատելն իրավասու վարչական մարմնի պարտականությունն է, այլ ոչ թե հայեցողական լիազորությունը (տե՛ս, Հուսիկ Մարգարյանն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ՎԴ/10555/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

 

Սույն վարչական գործով Սերգեյ Սարկիսովը դիմելով դատարան` պահանջել է վերացնել Հանձնաժողովի «Վարչական տույժ կիրառելու մասին» 18.06.2018 թվականի թիվ ՎԻՎ/109/2018 որոշումը:

Դատարանը բավարարելով հայցն արձանագրել է, որ սույն դեպքում վիճարկվող վարչական ակտն ընդունվել է 18.06.2018 թվականին, դա այն պայմաններում, որ իրավախախտում կատարելու օրվա մասին վարչական մարմինը պարտավոր էր տեղյակ լինել 31.03.2018 թվականին: Նման պայմաններում Դատարանը գտել է, որ վարչական ակտն ընդունելու համար որպես վերջնաժամկետ հանդիսանում է 31.05.2018 թվականը: Միաժամանակ անդրադառնալով հայցվորի` 31.05.2018 թվականի լսումները տեղափոխելու և այլ օր հրավիրելու մասին դիմումով ներկայացված խնդրանքին, Դատարանն արձանագրել է, որ վարչական վարույթում առկա չէ որևէ գրավոր ապացույց, որ վարչական մարմնի որոշմամբ վարչական վարույթի ժամկետը երկարաձգվել է: Հաշվի առնելով վերոգրյալը` Դատարանը գտել է, որ վարչական մարմնի կողմից չի իրականացվել պատշաճ վարչարարություն:

i

Վերաքննիչ դատարանը բավարարելով Հանձնաժողովի վերաքննիչ բողոքը` արձանագրել է, որ հայտարարագրերի վերլուծության արդյունքում բացահայտելով, որ հայցվորն օրենքով սահմանված ժամկետում չի ներկայացրել 2017 թվականի համապատասխան հայտարարագիրը, և սեփական նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի քննության արդյունքում այդ իրավախախտման համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի կիրառմամբ 18.06.2018 թվականին ընդունելով վիճարկվող որոշումը` Հանձնաժողովը պահպանել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված` վարչական տույժ նշանակելու ժամկետները, քանի որ իրավախախտման համար տույժը կիրառվել է այդ իրավախախտումը բացահայտվելուց հետո` երկամսյա ժամկետում (գործի փաստերից ուղղակիորեն հետևում է, որ իրավախախտումը բացահայտվել է հայտարարագրերի վերլուծության արդյունքում` 2018 թվականի մայիս ամսին):

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործի փաստերի համաձայն Հանձնաժողովի աշխատակազմի հայտարարագրման վարչության պետ Սվետլանա Հովակիմյանի կողմից կազմված 18.05.2018 թվականի թիվ Հ/109/2018 արձանագրության համաձայն Սերգեյ Սարկիսովը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով սահմանված ժամկետում Հանձնաժողով չի ներկայացրել պաշտոնավարման ընթացքում գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց 2017 թվականի տարեկան հայտարարագիրը:

Իրավախախտման առկայությունը, այն կատարելու փաստական հանգամանքները, առերևույթ վարչական իրավախախտում կատարած անձին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության համար, Հանձնաժողովը հարուցել է թիվ ՎԻՎ/109/2018 վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի վարույթ, և նշանակել է գործի քննություն:

Հանձնաժողովի 18.06.2018 թվականի «Վարչական տույժ կիրառելու մասին» թիվ ՎԻՎ/109/2018 որոշմամբ Սերգեյ Սարկիսովի նկատմամբ կիրառվել է «նախազգուշացում» վարչական տույժը:

Նախ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ եթե քննարկվող իրավախախտումը բացահայտված համարվի հայտարարագիրը ներկայացվելու օրենքով սահմանված վերջնաժամկետը լրանալու հաջորդ օրը` ինքնաշխատ եղանակով, ապա անտրամաբանական կդառնա Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով ամրագրված «իրավախախտումը բացահայտվելուց հետո» եզրույթը, քանի որ նման իրադրությունում իրավաբանական հետևանքի իմաստով կնույնանան «իրավախախտման կատարման պահ» և «իրավախախտման բացահայտման պահ» իրավաբանական եզրույթները:

Վերոգրյալի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Վերաքննիչ դատարանի նման եզրահանգումը ճիշտ կլիներ այն պարագայում, եթե վարչական մարմինը հնարավորություն չունենար բացահայտելու իրավախախտման փաստը առանց համապատասխան ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնելու: Այլ կերպ ասած, «իրավախախտման կատարման պահ» և «իրավախախտման բացահայտման պահ» իրավաբանական եզրույթները կարող են չնույնանալ միայն այն դեպքում, երբ իրավախախտման կատարման պահին վարչական մարմինն օբյեկտիվորեն որևէ հնարավորություն չունի բացահայտելու այդ իրավախախտումը` առանց համապատասխան ստուգումներ կամ ուսումնասիրություններ իրականացնելու: Այդ օբյեկտիվ հնարավորությունը յուրաքանչյուր իրավախախտման դեպքում պետք է գնահատվի առանձին-առանձին:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ հայտարարագրերի վերլուծության արդյունքում բացահայտելով, որ հայցվորն օրենքով սահմանված ժամկետում չի ներկայացրել 2017 թվականի համապատասխան հայտարարագիրը, և 18.06.2018 թվականին ընդունելով վիճարկվող որոշումը` Հանձնաժողովը պահպանել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված` վարչական տույժ նշանակելու ժամկետները, քանի որ իրավախախտման համար տույժը կիրառվել է այդ իրավախախտումը բացահայտվելուց հետո` երկամսյա ժամկետում, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի նման դիրքորոշումը հիմնավոր կլիներ, եթե հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձն օրենքով սահմանված ժամկետում, կամ ժամկետի խախտմամբ հայտարարագիրը ներկայացներ Հանձնաժողովին, կամ անհրաժեշտություն է առաջացել ներկայացված հայտարարագրում առկա տվյալները ճշտել, իսկ սույն պարագայում հայցվորի կողմից հայտարարագիր ընդհանրապես չի ներկայացվել:

Վերոգրյալը համադրելով սույն գործում առկա փաստերի հետ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, հայտարարագիր առհասարակ չներկայացնելն իր բնույթով այնպիսի զանցանք է, որի կատարման պահը և բացահայտման պահն օբյեկտիվորեն համընկնում են: Այսինքն` սահմանված ժամկետում հայտարարագիր չներկայացնելու դեպքում Հանձնաժողովը որևէ լրացուցիչ ուսումնասիրություն կամ ստուգում իրականացնելու անհրաժեշտություն չուներ:

Սույն դեպքում Սերգեյ Սարկիսովի կողմից հայտարարագիրը Հանձնաժողովին էլեկտրոնային տարբերակով չներկայացնելու փաստը Հանձնաժողովին հայտնի է եղել դեռևս 31.03.2018 թվականին և ունենալով երկամսյա ժամկետ նշված փաստի առթիվ վարչական տույժ նշանակելու համար, Հանձնաժողովը, խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված պահանջը, Սերգեյ Սարկիսովի նկատմամբ «նախազգուշացում» վարչական տույժը կիրառել է ոչ թե մինչև 31.05.2018 թվականը, այլ` 18.06.2018 թվականին:

Ամփոփելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սխալ մեկնաբանելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 7-րդ մասը, սխալ եզրահանգման է եկել երկամսյա ժամկետում վարչական տույժ նշանակելու ժամկետի հաշվարկման վերաբերյալ, ինչն էլ ազդել է գործի ելքի վրա:

 

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

i

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր է, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը: Միաժամանակ նկատի ունենալով, որ ստորադաս դատարանի գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ դատական ակտին պետք է օրինական ուժ տալ` սույն որոշման պատճառաբանություններով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են (...) ֆիզիկական անձինք` (...) վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ գանգատներով (...):

Հաշվի առնելով, որ հայցվորը սույն գործով ազատված է պետական տուրքի վճարումից, իսկ վերջինիս բերած վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի վճարման պարտականությունը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է կատարման Հանձնաժողովի կողմից, հետևաբար վերջինից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմում ներկայացնելու համար օրենքով նախատեսված պետական տուրքի գումար և 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար օրենքով նախատեսված պետական տուրքի գումար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 23.07.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 18.03.2019 թվականի վճռին:

2. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար սահմանված պետական տուրքի գումար և 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                       Վարչական գործ

    դատարանի որոշում                            թիվ ՎԴ/8200/05/18

    Վարչական գործ թիվ ՎԴ/8200/05/18             2022 թ.

Նախագահող դատավոր` Կ. Ավետիսյան

    Դատավորներ`        Կ. Բաղդասարյան

                       Ա. Թովմասյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատի կողմից թիվ ՎԴ/8200/05/18 վարչական գործով 05.04.2022 թվականին

կայացված որոշման վերաբերյալ

 

    5 ապրիլի 2022թ.                                         ք. Երևան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 05.04.2022 թվականին գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Սերգեյ Սարկիսովի ընդդեմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով)` 18.06.2018 թվականի «Վարչական տույժ կիրառելու մասին» թիվ ՎԻՎ/109/2018 որոշումը վերացնելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 23.07.2020 թվականի որոշման դեմ Սերգեյ Սարկիսովի բերած վճռաբեկ բողոքը, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 23.07.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 18.03.2019 թվականի վճռին:

i

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Հովսեփ Բեդևյանս և Գոռ Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը` որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Սերգեյ Սարկիսովը պահանջել է վերացնել Հանձնաժողովի 18.06.2018 թվականի «Վարչական տույժ կիրառելու մասին» թիվ ՎԻՎ/109/2018 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ս. Հովակիմյան) (այսուհետ` Դատարան) 18.03.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.07.2020 թվականի որոշմամբ Հանձնաժողովի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 18.03.2019 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սերգեյ Սարկիսովը (ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ դատարանը բողոքը քննել է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, 33-րդ հոդվածի 1-ին մասը, 37-րդ հոդվածի 1-ին և 7-րդ մասերը, 169.28-րդ հոդվածը, իրավահարաբերության ծագման պահին գործած « մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, 33-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 1-ին մասը, 43.1-ին հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, 44-րդ հոդվածի 1-ին մասը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը, 36-րդ հոդվածի 3-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Այսպես` Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն անհիմն են, քանի որ հայցվորի կողմից հայտարարագիր ներկայացնելու պարտականությունը սահմանված է եղել մինչև 30.03.2018 թվականը: Ընդ որում, հատկանշական է այն հանգամանքը, որ հայտարարագրերը ներկայացվում են ոչ թե փոստային նամակի տեսքով, այլ էլեկտրոնային եղանակով: Հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 7-րդ մասը, որի համաձայն` սույն օրենսգրքի 169.28-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը հայտնաբերվելուց հետո` երկու ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան իրավախախտումը կատարվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, Հանձնաժողովը պետք է արդեն իսկ մարտի 30-ին տեղեկացված լիներ հայցվորի կողմից հայտարարագիրը չներկայացնելու փաստի մասին:

Այսինքն` Հանձնաժողովը արդեն իսկ մարտի 31-ին իր տիրապետման տակ ուներ այն պաշտոնատար անձանց շրջանակը, որոնք մինչև օրենսդիրի կողմից սահմանված ժամկետի ավարտը չեն ներկայացրել պահանջվող հայտարարագիրը: Ուստի Հանձնաժողովը կարող էր հայցվորին վարչական տույժի ենթարկել մինչև 30.05.2018 թվականը: Մինչդեռ Հանձնաժողովը, բաց թողնելով այդ ժամկետը, հայցվորին վարչական տույժի է ենթարկել 18.06.2018 թվականին, այսինքն` վարչական տույժ նշանակելու համար սահմանված վաղեմության ժամկետները լրանալուց հետո:

Այսպիսով` Վերաքննիչ դատարանը չի իրականացրել սույն գործի ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, սխալ է մեկնաբանել կիրառման ենթակա իրավական նորմերը, հաշվի չի առել գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.07.2020 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցն ամբողջությամբ բավարարել:

 

3. Որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմի հայտարարագրման վարչության պետ Սվետլանա Հովակիմյանի կողմից կազմված 18.05.2018 թվականի թիվ Հ/109/2018 արձանագրության համաձայն` էլեկտրոնային հայտարարագրերի ռեեստրի տվյալների ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ Սերգեյ Էդուարդի Սարկիսովը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով սահմանված ժամկետում Հանձնաժողով չի ներկայացրել պաշտոնավարման ընթացքում գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց 2017 թվականի տարեկան հայտարարագիրը (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) (հատոր 1, գ.թ. 50):

2. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 18.05.2018 թվականի «Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթ հարուցելու մասին» թիվ ՎԻՎ/109/2018 որոշմամբ, պարզելով, որ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Էդուարդի Սարկիսովի կողմից գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց 2017 թվականի տարեկան հայտարարագիրը ներկայացնելու պարտականության հետ կապված, Հանձնաժողովը հայտնաբերել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասով (հայտարարատու պաշտոնատար անձի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագիրը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելը) նախատեսված առերևույթ իրավախախտման հատկանիշներ, հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի թիվ ՎԻՎ/109/2018 վարույթը (հատոր 1, գ.թ. 49):

3. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 18.06.2018 թվականի «Վարչական տույժ կիրառելու մասին» թիվ ՎԻՎ/109/2018 որոշմամբ Հանձնաժողովը որոշել է` «1. Սերգեյ Էդուարդի Սարկիսովի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց 2017թ. տարեկան հայտարարագիրը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չներկայացնելու համար Սերգեյ Էդուարդի Սարկիսովի նկատմամբ կիրառել «նախազգուշացում» վարչական տույժը:

2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 40-րդ հոդվածին համապատասխան` վարչական տույժ նշանակելը վարչական իրավախախտում կատարած անձին չի ազատում այն պարտականության կատարումից, որի չկատարելու համար նշանակվել էր վարչական տույժ»:

3. Սերգեյ Էդուարդի Սարկիսովին տեղեկացնել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` վերոնշյալ վարչական տույժի կիրառումից հետո` 30 օրվա ընթացքում, հայտարարագիրը չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:» (հատոր 1, գ.թ. 41-42):

 

4. Հատուկ կարծիքի հիմնավորումները, պատճառաբանությունները և եզրահանգումները.

Սույն գործը հարուցվել է Սերգեյ Սարկիսովի վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է վերացնել Հանձնաժողովի 18.06.2018 թվականի «Վարչական տույժ կիրառելու մասին» թիվ ՎԻՎ/109/2018 որոշումը:

Դատարանը հայցը բավարարել է և վերացրել Հանձնաժողովի 18.06.2018 թվականի «Վարչական տույժ կիրառելու մասին» թիվ ՎԻՎ/109/2018 որոշումը:

Վերաքննիչ դատարանը բավարարել է Հանձնաժողովի վերաքննիչ բողոքն այն պատճառաբանությամբ, որ «(...) վարչական տույժ նշանակելու համար ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 37-րդ հոդվածի 7-րդ մասով ամրագրված ժամկետները պահպանված չլինելու վերաբերյալ Վարչական դատարանի եզրահանգումը Վերաքննիչ դատարանը հիմնավոր չի որակում` մասնավորապես ընդգծելով, որ եթե քննարկվող իրավախախտումը բացահայտված համարվի հայտարարագիրը ներկայացվելու օրենքով սահմանված վերջնաժամկետը լրանալու հաջորդ օրը` ինքնաշխատ եղանակով, ապա անտրամաբանական կդառնա ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով ամրագրված «իրավախախտումը բացահայտվելուց հետո» եզրույթը, քանի որ նման իրադրությունում իրավաբանական հետևանքի իմաստով կնույնանան «իրավախախտման կատարման պահ» և «իրավախախտման բացահայտման պահ» իրավաբանական եզրույթները, մինչդեռ, օրենսդիրը դրանք տարանջատել է` մի դեպքում կարևորելով իրավախախտման կատարման պահը` դրանից բխեցնելով հնարավոր բացասական հետևանքներ առաջանալու վերջնաժամկետը, մյուս դեպքում` կարևորելով իրավախախտման բացահայտման պահը` դրանից բխեցնելով հնարավոր բացասական հետևանքներ առաջանալու վերջնաժամկետը և միաժամանակ եզրագծելով նաև իրավախախտման կատարման պահով պայմանավորված այն վերջնաժամկետը, որը բացառում է վարչական պատասխանատվության վրա հասնելու հնարավորությունը: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վիճարկվող որոշումը ոչ իրավաչափ լինելու մասին Վարչական դատարանի հետևությունները հիմնավոր չեն, ինչը նշանակում է, որ Վարչական դատարանը թույլ է տվել դատական սխալ, որը հանգեցրել է գործի սխալ լուծմանը:»:

Վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 23.07.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 18.03.2019 թվականի վճռին, այն պատճառաբանությամբ, որ «(...) «իրավախախտման կատարման պահ» և «իրավախախտման բացահայտման պահ» իրավաբանական եզրույթները կարող են չնույնանալ միայն այն դեպքում, երբ իրավախախտման կատարման պահին վարչական մարմինն օբյեկտիվորեն որևէ հնարավորություն չունի բացահայտելու այդ իրավախախտումը` առանց համապատասխան ստուգումներ կամ ուսումնասիրություններ իրականացնելու: Այդ օբյեկտիվ հնարավորությունը յուրաքանչյուր իրավախախտման դեպքում պետք է գնահատվի առանձին-առանձին:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ հայտարարագրերի վերլուծության արդյունքում բացահայտելով, որ հայցվորն օրենքով սահմանված ժամկետում չի ներկայացրել 2017 թվականի համապատասխան հայտարարագիրը, և 18.06.2018 թվականին ընդունելով վիճարկվող որոշումը` Հանձնաժողովը պահպանել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված` վարչական տույժ նշանակելու ժամկետները, քանի որ իրավախախտման համար տույժը կիրառվել է այդ իրավախախտումը բացահայտվելուց հետո` երկամսյա ժամկետում, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի նման դիրքորոշումը հիմնավոր կլիներ, եթե հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձն օրենքով սահմանված ժամկետում, կամ ժամկետի խախտմամբ հայտարարագիրը ներկայացներ Հանձնաժողովին, կամ անհրաժեշտություն է առաջացել ներկայացված հայտարարագրում առկա տվյալները ճշտել, իսկ սույն պարագայում հայցվորի կողմից հայտարարագիր ընդհանրապես չի ներկայացվել:

Վերոգրյալը համադրելով սույն գործում առկա փաստերի հետ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, հայտարարագիր առհասարակ չներկայացնելն իր բնույթով այնպիսի զանցանք է, որի կատարման պահը և բացահայտման պահն օբյեկտիվորեն համընկնում են: Այսինքն` սահմանված ժամկետում հայտարարագիր չներկայացնելու դեպքում Հանձնաժողովը որևէ լրացուցիչ ուսումնասիրություն կամ ստուգում իրականացնելու անհրաժեշտություն չուներ»:

 

Վճռաբեկ դատարանի դատավորներ Հովսեփ Բեդևյանս և Գոռ Հակոբյանս, համաձայն չլինելով վճռաբեկ բողոքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից վերը նշված որոշմամբ արտահայտած կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը` որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:

 

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ իրավահարաբերության ծագման պահին գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին և 7-րդ մասերի միատեսակ կիրառության համար:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ` Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`

ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,

բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.

2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.

3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն: Վարչական ակտը կարող է ուղղված լինել նաև որոշակի անհատական չափանիշներով առանձնացված անձանց որևէ խմբի:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենքի իմաստով` միջամտող վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմինները մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում են անձանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն են դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայտարարատու պաշտոնատար անձը սույն օրենքով նախատեսված կարգով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացնում գույքի, եկամուտների հայտարարագիր, իսկ բարձրաստիճան պաշտոնատար անձը` նաև շահերի հայտարարագիր:

Նույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարատու պաշտոնատար անձինք պաշտոնեական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ հայտարարագրերը այդ օրերին հաջորդող 30 օրվա ընթացքում ներկայացնում են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Նշված անձինք պաշտոնավարման ընթացքում հայտարարագրեր են ներկայացնում նաև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ` ոչ ուշ, քան տվյալ տարվան հաջորդող տարվա մարտի 30-ը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաև նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից (նույն հոդվածում այսուհետ` հայտարարատուներ) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարագրերը (նույն հոդվածում այսուհետ` հայտարարագրեր) Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետներում չներկայացնելը` առաջացնում է նախազգուշացում:

Իրավահարաբերության ծագման պահին գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, բացառությամբ նույն հոդվածով նախատեսված դեպքերի, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:

Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքի 169.28-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը հայտնաբերվելուց հետո` երկու ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան իրավախախտումը կատարվելուց հետո` մեկ տարվա ընթացքում:

Այսպիսով, իրավահարաբերության ծագման պահին գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասի ուժով հայտարարագրման պարտավորություն ունեցող անձը օրենքով սահմանված ժամկետում հայտարարագիր չներկայացնելու պարագայում ենթարկվում է վարչական պատասխանատվության: Օրենսդիրը, սահմանելով վարչական պատասխանատվության ենթարկելու հնարավորություն, նաև սահմանափակել է վարչական վարույթն իրականացնող մարմիններին որոշակի ժամկետներով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրավախախտման համար վարչական պատասխանատվության ենթարկելը հետապնդում է նպատակ` վարչական իրավախախտում կատարած անձին դաստիարակելու օրենքները պահպանելու, ինչպես նաև համակեցության կանոնները պահպանելու ոգով, իսկ պատասխանատվության ենթարկելու համար ողջամիտ ժամկետների ավարտից հետո արարքը կորցնում է հանրային վտանգավորությունը, իսկ վարչական պատասխանատվության ենթարկելը դառնում է աննպատակահարմար:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում արտահայտած դիրքորոշմամբ արձանագրել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածում օրենսդիրը նախատեսել է անձին վարչական պատասխանատվության ենթարկելու հատուկ ժամկետներ, որոնց անցնելու դեպքում կատարված արարքը կորցնում է իր հանրային վնասակարությունը, և անձն ազատվում է վարչական պատասխանատվությունից, քանի որ այդ ժամկետի լրանալուց հետո վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելը դառնում է աննպատակահարմար: Փաստորեն, վաղեմության ժամկետն անցնելը վարչական պատասխանատվությունը բացառող հանգամանք է. վաղեմության ժամկետն անցած լինելու դեպքում անձին վարչական պատասխանատվությունից ազատելն իրավասու վարչական մարմնի պարտականությունն է, այլ ոչ թե հայեցողական լիազորությունը (տե՛ս` Հուսիկ Մարգարյանն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ՎԴ/10555/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

Այսպիսով, իրավահարաբերության ծագման պահին գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, բացառությամբ նույն հոդվածով նախատեսված դեպքերի, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի, իսկ նույն հոդվածի 7-րդ մասը նախատեսում է հատուկ կարգավորում` սահմանելով, որ նույն օրենսգրքի 169.28-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը հայտնաբերվելուց հետո` երկու ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան իրավախախտումը կատարվելուց հետո` մեկ տարվա ընթացքում:

Անհրաժեշտ է արձանագրել, որ կոնկրետ իրավախախտման համար առանձին օրենսդրական կարգավորման առկայության պայմաններում կիրառելի է հատուկ կարգավորումը: Սույն պարագայում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման առկայության դեպքում, որն է` հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաև նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարագրերը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետներում չներկայացնելը, կիրառվում են հատուկ ժամկետներ:

Հատուկ ժամկետների հաշվարկման համար անհրաժեշտ է պարզել, թե որ պահից սկսած է հաշվարկվում ժամկետը:

Օրենսդիրը տարբերակել է ժամկետների հաշվարկման համար երկու տարբեր գործողությունների փաստացի կատարում, այն է` «իրավախախտման կատարում» և «իրավախախտման հայտնաբերում կամ բացահայտում», ինչը փաստում է, որ նշված երկու եզրույթները չպետք է նույնանան և մեկնաբանվեն միևնույն կերպ:

Ժամկետի հաշվարկման սկիզբը իրավախախտման կատարման պահով պայմանավորելը օրենսդիրը կապել է առհասարակ իրավախախտման օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունենալու փաստով: Մյուս պարագայում օրենսդիրը ժամկետի հաշվարկման համար սկզբնակետ է համարել իրավախախտման բացահայտման պահը, որը դրսևորվում է արդեն կատարված իրավախախտման հայտնաբերմամբ և ի հայտ գալով: Այսպիսով, իրավախախտման կատարման և բացահայտման պահի նույնացումը ինքնանպատակ է դարձնում օրենսդրական կարգավորումը, որով ժամկետի հաշվարկման համար սկզբնակետ են դիտարկվել երկու տարբեր իրողություններ:

Անհրաժեշտ է նաև արձանագրել, որ օրենսդիրը, իրավական որոշակիության սկզբունքից ելնելով, սահմանել է նաև վարչական պատասխանատվության ենթարկելու համար առավելագույն ժամկետ: Այսպես` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը հայտնաբերվելուց հետո` երկու ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան իրավախախտումը կատարվելուց հետո` մեկ տարվա ընթացքում: Ակնհայտ է, որ օրենսդրական կարգավորման տրամաբանությունը հանգեցնում է նրան, որ իրավախախտման կատարման և հայտնաբերման միջև ընկած է որոշակի ժամանակահատված, իսկ վերջնարդյունքում նշված եզրույթների նույնացման պարագայում պարզապես իմաստազուրկ է դառնում վարչական տույժի նշանակման համար հայտնաբերման պահից երկամսյա ժամկետ, իսկ որպես առավելագույն ժամկետ մեկ տարի ժամանակահատված նախատեսելը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 43.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` Հանձնաժողովն իրականացնում է` 1) հայտարարագրի լրացման և ներկայացման պահանջների պահպանման ստուգում. 2) հայտարարագրված տվյալների արժանահավատության և ամբողջականության ստուգում: Ընդ որում, նշված հոդվածի 5-րդ մասով ամրագրված է, որ եթե հայտարարագրերի վերլուծության արդյունքում բավարար հիմքեր կան եզրակացնելու, որ հայտարարագիրն օրենքով սահմանված ժամկետում ներկայացված չէ կամ ներկայացված է համապատասխան պահանջների և կարգի խախտմամբ, կամ հայտարարագրված տվյալը սխալ է կամ ոչ ամբողջական, ապա Հանձնաժողովն իրականացնում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության վարույթ:

Նշված իրավակարգավորման առկայությունը փաստում է այն հանգամանքի մասին, որ Հանձնաժողովն ունի պարտավորություն` ստուգելու նաև` արդյոք հայտարարագրերը ներկայացվել են, թե ոչ, իսկ ներկայացվելու պարագայում պարզելու ժամկետում ներկայացված լինելու հանգամանքը: Հետևաբար վարչական վարույթի հարուցման և հայտարարագրման պարտավորություն ունեցող անձի համար պարտականության չկատարման արդյունքում բացասական հետևանքներ կարող են առաջանալ միայն իրավախախտման հայտնաբերումից հետո, որն էլ հնարավոր է համապատասխան ուսումնասիրությունների, վերլուծությունների և ստուգումների միջոցով, ինչը պահանջում է ժամանակ և աշխատանք:

Սույն գործի փաստերի համաձայն Հանձնաժողովի աշխատակազմի հայտարարագրման վարչության պետ Սվետլանա Հովակիմյանի կողմից կազմված 18.05.2018 թվականի թիվ Հ/108/2018 արձանագրության համաձայն Սերգեյ Սարկիսովը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով սահմանված ժամկետում Հանձնաժողով չի ներկայացրել պաշտոնավարման ընթացքում գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց 2017 թվականի տարեկան հայտարարագիրը:

Իրավախախտման առկայությունը, այն կատարելու փաստական հանգամանքները, առերևույթ վարչական իրավախախտում կատարած անձին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության համար, Հանձնաժողովը հարուցել է թիվ ՎԻՎ/108/2018 վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի վարույթ և նշանակել է գործի քննություն:

Հանձնաժողովի 18.06.2018 թվականի «Վարչական տույժ կիրառելու մասին» թիվ ՎԻՎ/108/2018 որոշմամբ Սերգեյ Սարկիսովի նկատմամբ կիրառել «նախազգուշացում» վարչական տույժը:

Անհրաժեշտ է ևս մեկ անգամ արձանագրել, որ սույն պարագայում գործում է իրավախախտման հայտնաբերման պահից երկամսյա ժամկետի հաշվարկման կանոնը, հետևաբար ժամկետի հաշվարկումը սկսվում է 18.05.2018 թվականից, այսինքն այն պահից, երբ բացահայտվել է այն հանգամանքը, որ Սերգեյ Սարկիսովը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով սահմանված ժամկետում Հանձնաժողով չի ներկայացրել պաշտոնավարման ընթացքում գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց 2017 թվականի տարեկան հայտարարագիրը:

Վճռաբեկ դատարանը ուշադրության չի արժանացրել այն հանգամանքը, որ օրենսդիրը հստակ տարբերակում է մտցրել «կատարում» և «բացահայտում» եզրույթների կիրառման և մեկնաբանման մեջ` նախատեսելով վարչական պատասխանատվության ենթարկելու համար ժամկետների հաշվարկման տարբեր մեխանիզմներ: Այսպիսով անհրաժեշտ էր երկամսյա ժամկետի հաշվարկը սկսել իրավախախտման բացահայտման, այն է` 18.05.2018 թվականից, իսկ վարչական պատասխանատվության ենթարկելու համար վաղեմության ժամկետի փաստը հնարավոր էր արձանագրել միայն վարչական իրավախախտման կատարման պահից մեկ տարի անցնելու պարագայում:

Հետևապես Հանձնաժողովը 18.06.2018 թվականին իրավունք ուներ կիրառելու վարչական պատասխանատվության միջոց:

 

Վերոգրյալի հիման վրա գտնում ենք, որ բողոք բերած անձի հիմնավորումներն ու փաստարկները բավարար չեն բողոքարկվող դատական ակտը բեկանելու և Դատարանի վճռին ուժ տալու համար:

 

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` գտնում ենք, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.07.2020 թվականի որոշումը բեկանելու համար, որպիսի պայմաններում այն պետք է թողնել օրինական ուժի մեջ` հատուկ կարծիքում շարադրված պատճառաբանությամբ:

 

    Դատավորներ`                            Հ. Բեդևյան

                                           Գ. Հակոբյան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                       Վարչական գործ թիվ

    դատարանի որոշում                            ՎԴ/8200/05/18

    Վարչական գործ թիվ ՎԴ/8200/05/18             2022 թ.

Նախագահող դատավոր` Կ. Ավետիսյան

    Դատավորներ`        Կ. Բաղդասարյան

                       Ա. Թովմասյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատի կողմից թիվ ՎԴ/8200/05/18 վարչական գործով 05.04.2022 թվականին

կայացված որոշման վերաբերյալ

 

    5 ապրիլի 2022թ.                                         ք. Երևան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 05.04.2022 թվականին գրավոր ընթացակարգով քննելով Սերգեյ Սարկիսովի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.07.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սերգեյ Սարկիսովի ընդդեմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով)` 18.06.2018 թվականի «Վարչական տույժ կիրառելու մասին» թիվ ՎԻՎ/109/2018 որոշումը վերացնելու պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել Վերաքննիչ դատարանի 23.07.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 18.03.2019 թվականի վճռին:

ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանս, համաձայն չլինելով 05.04.2022 թվականի որոշման (այսուհետ` Որոշում) պատճառաբանական և եզրափակիչ մասերի հետ և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում եմ հատուկ կարծիքս այդ մասերի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Հատուկ կարծիքը շարադրելիս հիմք են ընդունվել Որոշման մեջ ներկայացված` վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը:

 

2. Հատուկ կարծիքի հիմնավորումները.

Վճռաբեկ դատարանը, վկայակոչելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածը, 53-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերը, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 32-րդ հոդվածի 2-րդ մասը, 33-րդ հոդվածի 1-ին մասը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 37-րդ հոդվածի 7-րդ մասը, 169.28-րդ հոդվածի 1-ին մասը, թիվ ՎԴ/10555/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, եզրահանգել է, որ «(...) «իրավախախտման կատարման պահ» և «իրավախախտման բացահայտման պահ» իրավաբանական եզրույթները կարող են չնույնանալ միայն այն դեպքում, երբ իրավախախտման կատարման պահին վարչական մարմինն օբյեկտիվորեն որևէ հնարավորություն չունի բացահայտելու այդ իրավախախտումը` առանց համապատասխան ստուգումներ կամ ուսումնասիրություններ իրականացնելու: Այդ օբյեկտիվ հնարավորությունը յուրաքանչյուր իրավախախտման դեպքում պետք է գնահատվի առանձին-առանձին:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ հայտարարագրերի վերլուծության արդյունքում բացահայտելով, որ հայցվորն օրենքով սահմանված ժամկետում չի ներկայացրել 2017 թվականի համապատասխան հայտարարագիրը, և 18.06.2018 թվականին ընդունելով վիճարկվող որոշումը` Հանձնաժողովը պահպանել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված` վարչական տույժ նշանակելու ժամկետները, քանի որ իրավախախտման համար տույժը կիրառվել է այդ իրավախախտումը բացահայտվելուց հետո` երկամսյա ժամկետում, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի նման դիրքորոշումը հիմնավոր կլիներ, եթե հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձն օրենքով սահմանված ժամկետում, կամ ժամկետի խախտմամբ հայտարարագիրը ներկայացներ Հանձնաժողովին, կամ անհրաժեշտություն է առաջացել ներկայացված հայտարարագրում առկա տվյալները ճշտել, իսկ սույն պարագայում հայցվորի կողմից հայտարարագիր ընդհանրապես չի ներկայացվել:

Վերոգրյալը համադրելով սույն գործում առկա փաստերի հետ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, հայտարարագիր առհասարակ չներկայացնելն իր բնույթով այնպիսի զանցանք է, որի կատարման պահը և բացահայտման պահն օբյեկտիվորեն համընկնում են:

Այսինքն` սահմանված ժամկետում հայտարարագիր չներկայացնելու դեպքում Հանձնաժողովը որևէ լրացուցիչ ուսումնասիրություն կամ ստուգում իրականացնելու անհրաժեշտություն չուներ:

Սույն դեպքում Սերգեյ Սարկիսովի կողմից հայտարարագիրը Հանձնաժողովին էլեկտրոնային տարբերակով չներկայացնելու փաստը Հանձնաժողովին հայտնի է եղել դեռևս 31.03.2018 թվականին և ունենալով երկամսյա ժամկետ նշված փաստի առթիվ վարչական տույժ նշանակելու համար, Հանձնաժողովը, խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված պահանջը, Սերգեյ Սարկիսովի նկատմամբ «նախազգուշացում» վարչական տույժը կիրառել է ոչ թե մինչև 31.05.2018 թվականը, այլ` 18.06.2018 թվականին:

Ամփոփելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սխալ մեկնաբանելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 7-րդ մասը, սխալ եզրահանգման է եկել երկամսյա ժամկետում վարչական տույժ նշանակելու ժամկետի հաշվարկման վերաբերյալ, ինչն էլ ազդել է գործի ելքի վրա»:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի համաձայն` պատասխանողն այն վարչական մարմինն է, պաշտոնատար անձը, ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի դեմ հայց է ներկայացվել վարչական դատարան:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորման պահից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի 7-րդ գլխում «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով» բառերը կարդալ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով»` համապատասխան հոլովաձևերով:

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հանդիսանում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի իրավահաջորդը:

Այս գործի փաստերի համաձայն` Դատարանի 18.03.2019 թվականի վճռի դեմ Հանձնաժողովի ներկայացրած վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել 30.04.2019 թվականին:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր գործունեությունը սկսել է 26.11.2019 թվականից: Այսինքն` նշված ամսաթվից Հանձնաժողովը դադարել է գոյություն ունենալ և նրա իրավահաջորդը, ըստ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի, դարձել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:

Վերաքննիչ դատարանը, սակայն, չի լուծել որպես պատասխանող ներգրավված Հանձնաժողովին իրավահաջորդով` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովով փոխարինելու հարցը, փոխարենը բողոքի քննությունն իրականացրել է և սույն գործով բողոքարկվող որոշումը կայացրել է Հանձնաժողովի գոյությունը դադարեցվելուց ութ ամիս հետո` 23.07.2020 թվականին` բավարարելով մի մարմնի բողոք, որպիսին Հայաստանի Հանրապետությունում այլևս գոյություն չի ունեցել:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի համաձայն` դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքում նշվում է բողոք բերած անձի պահանջը` օրենքների, այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, և նշում այն մասին, թե նյութական կամ դատավարական իրավունքի որ նորմերն են խախտվել կամ սխալ կիրառվել, (...):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի համաձայն` Վճռաբեկ դատարանը բողոքարկվող դատական ակտը վերանայում է վճռաբեկ բողոքում ներկայացված պահանջների սահմաններում:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են հիմքերը, որոնցով դրվել է դատական ակտի իրավաչափությունը որոշելու հարցը:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից ուղղակիորեն բխում է, որ վճռաբեկ բողոքի քննությունը պետք է իրականացվի վճռաբեկ բողոքում ներկայացված պահանջների սահմաններում և բողոքի քննության արդյունքում կայացված որոշման մեջ պետք է նշվեն այն հիմքերը, որոնցով դրվել է դատական ակտի իրավաչափությունը որոշելու հարցը:

Վճռաբեկ բողոք է ներկայացրել Սերգեյ Սարկիսովը (ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյան)` վճռաբեկ բողոքում Վերաքննիչ դատարանի որոշման իրավաչափությունը որոշելու հարցը դնելով նաև դատավարական իրավունքի նորմի խախտման հիմքով: Ըստ այդմ, բողոք բերած անձը, վկայակոչելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ մասը, 60-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի թիվ ՎԴ/4545/05/08 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, ներկայացրել է հետևյալ փաստարկները.

«Վերաքննիչ դատարանը բավարարել է մի մարմնի բողոք, որը որոշումը կայացնելու պահին փաստացի գոյություն չի ունեցել (...):

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր գործունեությունը սկսել է 2019թ. նոյեմբերի 26-ից: Այսինքն, Վերաքննիչ դատարանը Որոշումը կայացնելու պահին արդեն իսկ տեղեկացված է եղել, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, որպես ինքնուրույն մարմին, այլևս գոյություն չունի, այլ դրա փոխարեն 2019թ. նոյեմբերի 26-ից գործում է այլ մարմին` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:

Նման պայմաններում Վերաքննիչ դատարանն անգամ պատասխանողին իրավահաջորդով չի փոխարինել, ինչը, օրինակ, արվել էր նույնանման փաստական հանգամանքներով մեկ այլ` թիվ ՎԴ/8207/05/18 վարչական գործով: Մասնավորապես` թիվ ՎԴ/8207/05/18 վարչական գործով Վերաքննիչ դատարանը 11.05.2020թ. որոշում է կայացրել «Դատավարության մասնակցին իրավահաջորդով փոխարինելու մասին»` որոշելով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին փոխարինել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովով:

Հարկ է նշել, որ նմանատիպ դեպքը դատավարական նորմերի խախտում է համարվել ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016թ. թիվ ՎԴ/4545/05/08 որոշմամբ, որտեղ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել էր, որ ստորադաս դատարանը պարտավոր էր պատասխանողին փոխարինել իրավահաջորդով, ինչը, սակայն չէր արվել, ուստի ՀՀ վճռաբեկ դատարանը դատական ակտը բեկանել էր և գործն ուղարկել էր ստորադաս դատարան` նոր քննության:

(...) սույն գործով ևս նշված հիմքով արդեն իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման, քանի որ գործին մասնակից չի դարձվել պատշաճ պատասխանող: Ստացվում է` գործը քննվել և լուծվել է մի մարմնի հետ, որը փաստացի գոյություն չունի»:

Վճռաբեկ դատարանի որոշման «Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը» վերտառությամբ 2-րդ բաժինը չի պարունակում վերոգրյալ դատավարական խախտման հիմքի վերաբերյալ նշում, ըստ այդմ` դիրքորոշում նշված հիմքի հիմնավոր կամ անհիմն լինելու վերաբերյալ: Փոխարենը Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ անդրադարձել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի իրավահաջորդության հարցին և արձանագրել, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հանդիսանում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի իրավահաջորդը` անտեսելով այն հանգամանքը, որ առկա չէ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին վերջինիս իրավահաջորդով փոխարինելու մասին առանձին դատական ակտ:

Վերաքննիչ դատարանը, փաստորեն, քննություն է իրականացրել առանց պատասխանողի, քանի որ գործով որպես պատասխանող հանդես եկող Հանձնաժողովը բողոքի քննությունն իրականացնելու ընթացքում դադարել է գոյություն ունենալ, իսկ դատավարությունից դուրս եկած պատասխանողին Վերաքննիչ դատարանը չի փոխարինել իրավահաջորդով, ինչն անտեսվել է Վճռաբեկ դատարանի կողմից:

Գտնում եմ, որ նման պայմաններում հնարավոր չէ միանշանակ հետևություն անել այն մասին, թե նշված դատավարական խախտումն ինչպիսի հետևանքների կարող էր հանգեցնել, քանի որ հնարավոր չէ կանխորոշել, թե ինչպիսի վարքագիծ կդրսևորեր պատասխանողի իրավահաջորդը, ուստի դատավարությունից դուրս եկած Հանձնաժողովին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովով չփոխարինելու դատավարական խախտումը կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման, որպիսի պարագայում այդ դատավարական խախտման հիմքով Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է բեկանվեր և ուղարկվեր ՀՀ վերաքննիչ վարչական դատարան` նոր քննության` պատասխանողին իրավահաջորդով փոխարինելու հարցը լուծելու և ճիշտ պատասխանողի մասնակցությամբ վերաքննիչ բողոքի քննությունն իրականացնելու համար:

Գտնում եմ, որ վերոգրյալ դատավարական իրավունքի նորմի խախտման մասին վճռաբեկ բողոքի հիմքի առկայության պարագայում Վճռաբեկ դատարանը չպետք է անդրադառնար վճռաբեկ բողոքի մյուս հիմքին, այլ պետք է բեկաներ Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկեր ՀՀ վերաքննիչ վարչական դատարան` նոր քննության հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարությունից կողմերից մեկի դուրս գալու դեպքում (իրավաբանական անձի կամ վարչական մարմնի վերակազմակերպում, ֆիզիկական անձի մահ կամ պարտավորություններում անձանց փոփոխման այլ դեպքեր) դատարանը կատարում է այդ կողմի փոխարինում նրա իրավահաջորդով, որի վերաբերյալ կայացնում է որոշում` առանձին դատական ակտի տեսքով:

Վերոգրյալ իրավանորմով օրենսդիրը սահմանել է դատավարությունից կողմերից մեկի դուրս գալու դեպքում այդ կողմին նրա իրավահաջորդով փոխարինելու պարտադիր կանոն:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում արձանագրել է, որ օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածով կարգավորել է վարչական դատավարությունում դատավարական իրավահաջորդության ծագման հիմքերի, կատարման կարգի և իրավական հետևանքների հետ կապված հարաբերությունները: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածով սահմանված իրավադրույթների բովանդակությունից բխում է, որ դատավարական իրավահաջորդությունը վիճելի իրավահարաբերություններից կողմերից մեկի դուրս գալու դեպքում դատավարության կողմի փոխարինումն է նրա իրավահաջորդով: Ընդ որում, դատավարական իրավահաջորդությունը հնարավոր է դատավարության ցանկացած փուլում, իսկ իրավահաջորդին դատավարությանը թույլատրելը ձևակերպվում է դատարանի համապատասխան որոշմամբ` առանձին դատական ակտի տեսքով: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է դատավարական իրավահաջորդության ծագման հիմքերը. այսպես` վարչական դատավարությունում իրավահաջորդությունը տեղի է ունենում դատավարությունից կողմերից մեկի դուրս գալու հետևյալ դեպքերում.

1. իրավաբանական անձի վերակազմակերպում,

2. վարչական մարմնի վերակազմակերպում,

3. ֆիզիկական անձի մահ,

4. պարտավորություններում անձանց փոփոխման այլ դեպքեր:

Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի բովանդակությունից բխում է, որ դատավարական իրավահաջորդությունը ենթադրում է, որ իրավահաջորդը շարունակում է մասնակցել վարչական դատավարությանը դատավարական իրավահարաբերությունների ամբողջ ծավալով` իրավանախորդի ունեցած բոլոր իրավունքներով ու պարտականություններով: Քանի որ դատավարական իրավահաջորդության դեպքում իրավահաջորդը շարունակում է մասնակցել վարչական դատավարությանը, ուստի այն բոլոր գործողությունները, որոնք կատարվել են մինչև իրավահաջորդի գործի մեջ մտնելը, վերջինիս համար պարտադիր են այնքանով, որքանով դրանք պարտադիր կլինեին այն անձի համար, որին փոխարինել է իրավահաջորդը (տե՛ս, Լինա Գյուլ-Բուդաղյանի իրավահաջորդներ Նաիրա Ավետյանն, Արմինե Սանոյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Վարդան Լեմենցյանի, Արգինե Մանուկյանի, երրորդ անձինք Բաբկեն Տեր-Մանվելյանի, Արմեն Ալլահվերդյանի թիվ ՎԴ/4545/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

Վկայակոչված թիվ ՎԴ/4545/05/08 վարչական գործով կայացված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով նույն գործի փաստերը` ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ ՀՀ վարչական դատարանը պարտավոր էր քննարկման առարկա դարձնել որպես պատասխանող ներգրավված Երևանի քաղաքապետարանին իրավահաջորդով փոխարինելու հարցը և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածով նախատեսված կանոններով վերջինիս փոխարիներ իրավահաջորդով` Հայաստանի Հանրապետությունով, ինչը հաշվի չի առնվել Վերաքննիչ դատարանի կողմից:

Ըստ այդմ, նշված դատավարական խախտումը ՀՀ վճռաբեկ դատարանը բավարար է համարել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու, ի թիվս այլնի, նաև Երևանի քաղաքապետին իրավահաջորդով փոխարինելու նպատակի համար (տե՛ս, Լինա Գյուլ-Բուդաղյանի իրավահաջորդներ Նաիրա Ավետյանն, Արմինե Սանոյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Վարդան Լեմենցյանի, Արգինե Մանուկյանի, երրորդ անձինք Բաբկեն Տեր-Մանվելյանի, Արմեն Ալլահվերդյանի թիվ ՎԴ/4545/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

Արձանագրելով, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հանդիսանում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի իրավահաջորդը` Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և Հանձնաժողովին իրավահաջորդով փոխարինելու հարցը լուծելու նպատակով գործը ՀՀ վերաքննիչ վարչական դատարան նոր քննության ուղարկելու փոխարեն անդրադարձել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 37-րդ հոդվածի 7-րդ մասին` կատարելով համապատասխան վերլուծություններ:

Մինչդեռ դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտման առկայության դեպքում, որը կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման, բացակայում է նյութական իրավունքի նորմերի խախտմանն ու դրանց կապակցությամբ վճռաբեկ բողոքում ներկայացված հիմնավորումների գնահատմանն անդրադառնալու անհրաժեշտությունը: Տվյալ դեպքում չէր կարող կիրառվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը, քանի որ գործով որպես պատասխանող հանդես եկող Հանձնաժողովը բողոքի քննությունն իրականացնելու ընթացքում դադարել է գոյություն ունենալ, իսկ դատավարությունից դուրս եկած պատասխանողին Վերաքննիչ դատարանը չի փոխարինել իրավահաջորդով, որպիսի հանգամանքն ինքնին, նաև ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն, բավարար հիմք է Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը` ՀՀ վերաքննիչ դատարան նոր քննության ուղարկելու համար:

 

    Դատավոր`                               Ա. Մկրտչյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

05.04.2022թ.

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատի կողմից թիվ ՎԴ/8200/05/18 վարչական գործով 05.04.2022 թվականին

կայացված որոշման վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 05.04.2022 թվականին գրավոր ընթացակարգով քննելով Սերգեյ Սարկիսովի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.07.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սերգեյ Սարկիսովի ընդդեմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով)` 18.06.2018 թվականի «Վարչական տույժ կիրառելու մասին» թիվ ՎԻՎ/109/2018 որոշումը վերացնելու պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել Վերաքննիչ դատարանի 23.07.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 18.03.2019 թվականի վճռին:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:

Սույն գործը հարուցվել է Սերգեյ Սարկիսովի կողմից ընդդեմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) ներկայացված հայցի հիման վրա, որով հայցվորը պահանջել է վերացնել 18.06.2018 թվականի «Վարչական տույժ կիրառելու մասին» թիվ ՎԻՎ/109/2018 որոշումը:

Դատարանը 18.03.2019 թվականին վճռել է Հանձնաժողովի դեմ ներկայացված Սերգեյ Սարկիսովի հայցը բավարարել` վերացնել 18.06.2018 թվականի «Վարչական տույժ կիրառելու մասին» թիվ ՎԻՎ/109/2018 որոշումն այն պատճառաբանությամբ, որ վիճարկվող վարչական ակտն ընդունվել է 18.06.2018 թվականին, դա այն պայմաններում, որ իրավախախտում կատարելու օրվա մասին վարչական մարմինը պարտավոր էր տեղյակ լինել 31.03.2018 թվականին: Դատարանը գտել է, որ վարչական ակտն ընդունելու համար որպես վերջնաժամկետ հանդիսանում է 31.05.2018 թվականը: Միաժամանակ անդրադառնալով հայցվորի` 31.05.2018 թվականի լսումները տեղափոխելու և այլ օր հրավիրելու մասին դիմումով ներկայացված խնդրանքին, Դատարանն արձանագրել է, որ վարչական վարույթում առկա չէ որևէ գրավոր ապացույց, որ վարչական մարմնի որոշմամբ վարչական վարույթի ժամկետը երկարաձգվել է: Հաշվի առնելով վերոգրյալը` Դատարանը գտել է, որ վարչական մարմնի կողմից չի իրականացվել պատշաճ վարչարարություն:

Վերաքննիչ դատարանը, 23.07.2020 թվականին բավարարելով Հանձնաժողովի վերաքննիչ բողոքը, արձանագրել է, որ հայտարարագրերի վերլուծության արդյունքում բացահայտելով, որ հայցվորն օրենքով սահմանված ժամկետում չի ներկայացրել 2017 թվականի համապատասխան հայտարարագիրը, և սեփական նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի քննության արդյունքում այդ իրավախախտման համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի կիրառմամբ 18.06.2018 թվականին ընդունելով վիճարկվող որոշումը` Հանձնաժողովը պահպանել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված` վարչական տույժ նշանակելու ժամկետները, քանի որ իրավախախտման համար տույժը կիրառվել է այդ իրավախախտումը բացահայտվելուց հետո` երկամսյա ժամկետում (գործի փաստերից ուղղակիորեն հետևում է, որ իրավախախտումը բացահայտվել է հայտարարագրերի վերլուծության արդյունքում` 2018 թվականի մայիս ամսին):

Վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել Վերաքննիչ դատարանի 23.07.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 18.03.2019 թվականի վճռին:

Ի հիմնավորումն վերոգրյալ եզրահանգման` Վճռաբեկ դատարանը վկայակոչել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածը, 53-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերը, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 32-րդ հոդվածի 2-րդ մասը, 33-րդ հոդվածի 1-ին մասը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 37-րդ հոդվածի 7-րդ մասը, 169.28-րդ հոդվածի 1-ին մասը, Հուսիկ Մարգարյանն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ՎԴ/10555/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները` արձանագրելով, որ հայտարարատու պաշտոնատար անձի նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նախազգուշացումը, փաստորեն, կարող է կիրառվել նրա կողմից նրա, ինչպես նաև նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագրերը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետներում չներկայացնելու դեպքում: Հակառակ դեպքում բացառվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով հայտարարատու պաշտոնատար անձին վարչական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը:

Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ «(...) «իրավախախտման կատարման պահ» և «իրավախախտման բացահայտման պահ» իրավաբանական եզրույթները կարող են չնույնանալ միայն այն դեպքում, երբ իրավախախտման կատարման պահին վարչական մարմինն օբյեկտիվորեն որևէ հնարավորություն չունի բացահայտելու այդ իրավախախտումը` առանց համապատասխան ստուգումներ կամ ուսումնասիրություններ իրականացնելու: Այդ օբյեկտիվ հնարավորությունը յուրաքանչյուր իրավախախտման դեպքում պետք է գնահատվի առանձին-առանձին:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ հայտարարագրերի վերլուծության արդյունքում բացահայտելով, որ հայցվորն օրենքով սահմանված ժամկետում չի ներկայացրել 2017 թվականի համապատասխան հայտարարագիրը, և 18.06.2018 թվականին ընդունելով վիճարկվող որոշումը` Հանձնաժողովը պահպանել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված` վարչական տույժ նշանակելու ժամկետները, քանի որ իրավախախտման համար տույժը կիրառվել է այդ իրավախախտումը բացահայտվելուց հետո` երկամսյա ժամկետում, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի նման դիրքորոշումը հիմնավոր կլիներ, եթե հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձն օրենքով սահմանված ժամկետում, կամ ժամկետի խախտմամբ հայտարարագիրը ներկայացներ Հանձնաժողովին, կամ անհրաժեշտություն է առաջացել ներկայացված հայտարարագրում առկա տվյալները ճշտել, իսկ սույն պարագայում հայցվորի կողմից հայտարարագիր ընդհանրապես չի ներկայացվել:

Վերոգրյալը համադրելով սույն գործում առկա փաստերի հետ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, հայտարարագիր առհասարակ չներկայացնելն իր բնույթով այնպիսի զանցանք է, որի կատարման պահը և բացահայտման պահն օբյեկտիվորեն համընկնում են: Այսինքն` սահմանված ժամկետում հայտարարագիր չներկայացնելու դեպքում Հանձնաժողովը որևէ լրացուցիչ ուսումնասիրություն կամ ստուգում իրականացնելու անհրաժեշտություն չուներ:

Սույն դեպքում Սերգեյ Սարկիսովի կողմից հայտարարագիրը Հանձնաժողովին էլեկտրոնային տարբերակով չներկայացնելու փաստը Հանձնաժողովին հայտնի է եղել դեռևս 31.03.2018 թվականին և ունենալով երկամսյա ժամկետ նշված փաստի առթիվ վարչական տույժ նշանակելու համար, Հանձնաժողովը, խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված պահանջը, Սերգեյ Սարկիսովի նկատմամբ «նախազգուշացում» վարչական տույժը կիրառել է ոչ թե մինչև 31.05.2018 թվականը, այլ` 18.06.2018 թվականին:

Ամփոփելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սխալ մեկնաբանելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 7-րդ մասը, սխալ եզրահանգման է եկել երկամսյա ժամկետում վարչական տույժ նշանակելու ժամկետի հաշվարկման վերաբերյալ, ինչն էլ ազդել է գործի ելքի վրա»:

 

Նախևառաջ հարկ եմ համարում հատուկ արձանագրել, որ ի կատարումն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` Վճռաբեկ դատարանն իր որոշման մեջ, որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` նույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքի առկայության հիմնավորում, նշել է, որ «սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ իրավահարաբերության ծագման պահին գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի միատեսակ կիրառության համար», այն դեպքում, երբ վճռաբեկ բողոքը չի պարունակում վարույթ ընդունելու նման հիմք:

Վճռաբեկ բողոքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դրանում, որպես վարույթ ընդունելու հիմք, վկայակոչվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, քանի որ նշված հիմքի հիմնավորումները վերաբերելի են դատական սխալին (նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներին):

 

Երկրորդ` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի համաձայն` պատասխանողն այն վարչական մարմինն է, պաշտոնատար անձը, ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի դեմ հայց է ներկայացվել վարչական դատարան:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմավորման պահից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի 7-րդ գլխում «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով» բառերը կարդալ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով»` համապատասխան հոլովաձևերով:

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հանդիսանում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի իրավահաջորդը:

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի վճռի դեմ Հանձնաժողովի ներկայացրած վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել 30.04.2019 թվականին:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր գործունեությունն սկսել է 26.11.2019 թվականից: Այսինքն` նշված ամսաթվից Հանձնաժողովը դադարել է գոյություն ունենալ և նրա իրավահաջորդը, ըստ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի, դարձել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:

Վերաքննիչ դատարանը, սակայն, չի լուծել որպես պատասխանող ներգրավված Հանձնաժողովին իրավահաջորդով` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովով փոխարինելու հարցը, փոխարենը բողոքի քննությունն իրականացրել է և սույն գործով բողոքարկվող որոշումը կայացրել է Հանձնաժողովի գոյությունը դադարեցվելուց ութ ամիս հետո` 23.07.2020 թվականին` բավարարելով մի մարմնի բողոք, որպիսին Հայաստանի Հանրապետությունում այլևս գոյություն չի ունեցել:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի համաձայն` դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքում նշվում է բողոք բերած անձի պահանջը` օրենքների, այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, և նշում այն մասին, թե նյութական կամ դատավարական իրավունքի որ նորմերն են խախտվել կամ սխալ կիրառվել, (...):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի համաձայն` Վճռաբեկ դատարանը բողոքարկվող դատական ակտը վերանայում է վճռաբեկ բողոքում ներկայացված պահանջների սահմաններում:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են հիմքերը, որոնցով դրվել է դատական ակտի իրավաչափությունը որոշելու հարցը:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից ուղղակիորեն բխում է, որ վճռաբեկ բողոքի քննությունը պետք է իրականացվի վճռաբեկ բողոքում ներկայացված պահանջների սահմաններում և բողոքի քննության արդյունքում կայացված որոշման մեջ պետք է նշվեն այն հիմքերը, որոնցով դրվել է դատական ակտի իրավաչափությունը որոշելու հարցը:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սերգեյ Սարկիսովը (ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյան)` վճռաբեկ բողոքում Վերաքննիչ դատարանի որոշման իրավաչափությունը որոշելու հարցը դնելով նաև դատավարական իրավունքի նորմի խախտման հիմքով: Ըստ այդմ, բողոք բերած անձը, վկայակոչելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ մասը, 60-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի թիվ ՎԴ/4545/05/08 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, ներկայացրել է հետևյալ փաստարկները.

«Վերաքննիչ դատարանը բավարարել է մի մարմնի բողոք, որը որոշումը կայացնելու պահին փաստացի գոյություն չի ունեցել:

(...)

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր գործունեությունն սկսել է 2019թ. նոյեմբերի 26-ից: Այսինքն, Վերաքննիչ դատարանը Որոշումը կայացնելու պահին արդեն իսկ տեղեկացված է եղել, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, որպես ինքնուրույն մարմին, այլևս գոյություն չունի, այլ դրա փոխարեն 2019թ. նոյեմբերի 26-ից գործում է այլ մարմին` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:

Նման պայմաններում Վերաքննիչ դատարանն անգամ պատասխանողին իրավահաջորդով չի փոխարինել, ինչը, օրինակ, արվել էր նույնանման փաստական հանգամանքներով մեկ այլ` թիվ ՎԴ/8207/05/18 վարչական գործով: Մասնավորապես` թիվ ՎԴ/8207/05/18 վարչական գործով Վերաքննիչ դատարանը 11.05.2020թ. որոշում է կայացրել «Դատավարության մասնակցին իրավահաջորդով փոխարինելու մասին»` որոշելով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին փոխարինել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովով:

Հարկ է նշել, որ նմանատիպ դեպքը դատավարական նորմերի խախտում է համարվել ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016թ. թիվ ՎԴ/4545/05/08 որոշմամբ, որտեղ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել էր, որ ստորադաս դատարանը պարտավոր էր պատասխանողին փոխարինել իրավահաջորդով, ինչը, սակայն չէր արվել, ուստի ՀՀ վճռաբեկ դատարանը դատական ակտը բեկանել էր և գործն ուղարկել էր ստորադաս դատարան` նոր քննության:

(...) սույն գործով ևս նշված հիմքով արդեն իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման, քանի որ գործին մասնակից չի դարձվել պատշաճ պատասխանող: Ստացվում է` գործը քննվել և լուծվել է մի մարմնի հետ, որը փաստացի գոյություն չունի»:

 

Հարկ եմ համարում հատուկ ընդգծել, որ Վճռաբեկ դատարանի որոշման մեջ «Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը» վերտառությամբ 2-րդ բաժինը նշում չի պարունակում վերոգրյալ դատավարական խախտման հիմքի վերաբերյալ, ըստ այդմ նաև չի պարունակում որևէ դիրքորոշում նշված հիմքի հիմնավոր կամ անհիմն լինելու վերաբերյալ: Փոխարենը Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ անդրադարձել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի իրավահաջորդության հարցին և արձանագրել, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հանդիսանում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի իրավահաջորդը` անտեսելով այն հանգամանքը, որ առկա չէ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին վերջինիս իրավահաջորդով փոխարինելու մասին առանձին դատական ակտ:

Վերաքննիչ դատարանը, փաստորեն, քննություն է իրականացրել առանց պատասխանողի, քանի որ գործով որպես պատասխանող հանդես եկող Հանձնաժողովը բողոքի քննությունն իրականացնելու ընթացքում դադարել է գոյություն ունենալ, իսկ դատավարությունից դուրս եկած պատասխանողին Վերաքննիչ դատարանը չի փոխարինել իրավահաջորդով, ինչն անտեսվել է Վճռաբեկ դատարանի կողմից:

Գտնում եմ, որ նման պայմաններում հնարավոր չէ միանշանակ հետևություն անել այն մասին, թե նշված դատավարական խախտումն ինչպիսի հետևանքների կարող էր հանգեցնել, քանի որ հնարավոր չէ կանխորոշել, թե ինչպիսի վարքագիծ կդրսևորեր պատասխանողի իրավահաջորդը, ուստի դատավարությունից դուրս եկած Հանձնաժողովին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովով չփոխարինելու դատավարական խախտումը կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման, որպիսի պարագայում այդ դատավարական խախտման հիմքով Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է բեկանվեր և ուղարկվեր ՀՀ վերաքննիչ վարչական դատարան` նոր քննության` պատասխանողին իրավահաջորդով փոխարինելու հարցը լուծելու և ճիշտ պատասխանողի մասնակցությամբ վերաքննիչ բողոքի քննությունն իրականացնելու համար:

Գտնում եմ, որ վերոգրյալ դատավարական իրավունքի նորմի խախտման մասին վճռաբեկ բողոքի հիմքի առկայության պարագայում Վճռաբեկ դատարանը չպետք է անդրադառնար վճռաբեկ բողոքի մյուս հիմքին, այլ պետք է բեկաներ Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկեր ՀՀ վերաքննիչ վարչական դատարան` նոր քննության հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարությունից կողմերից մեկի դուրս գալու դեպքում (իրավաբանական անձի կամ վարչական մարմնի վերակազմակերպում, ֆիզիկական անձի մահ կամ պարտավորություններում անձանց փոփոխման այլ դեպքեր) դատարանը կատարում է այդ կողմի փոխարինում նրա իրավահաջորդով, որի վերաբերյալ կայացնում է որոշում` առանձին դատական ակտի տեսքով:

Վերոգրյալ իրավանորմով օրենսդիրը սահմանել է դատավարությունից կողմերից մեկի դուրս գալու դեպքում այդ կողմին նրա իրավահաջորդով փոխարինելու պարտադիր կանոն:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում արձանագրել է, որ օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածով կարգավորել է վարչական դատավարությունում դատավարական իրավահաջորդության ծագման հիմքերի, կատարման կարգի և իրավական հետևանքների հետ կապված հարաբերությունները: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածով սահմանված իրավադրույթների բովանդակությունից բխում է, որ դատավարական իրավահաջորդությունը վիճելի իրավահարաբերություններից կողմերից մեկի դուրս գալու դեպքում դատավարության կողմի փոխարինումն է նրա իրավահաջորդով: Ընդ որում, դատավարական իրավահաջորդությունը հնարավոր է դատավարության ցանկացած փուլում, իսկ իրավահաջորդին դատավարությանը թույլատրելը ձևակերպվում է դատարանի համապատասխան որոշմամբ` առանձին դատական ակտի տեսքով: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է դատավարական իրավահաջորդության ծագման հիմքերը. այսպես` վարչական դատավարությունում իրավահաջորդությունը տեղի է ունենում դատավարությունից կողմերից մեկի դուրս գալու հետևյալ դեպքերում.

1. իրավաբանական անձի վերակազմակերպում,

2. վարչական մարմնի վերակազմակերպում,

3. ֆիզիկական անձի մահ,

4. պարտավորություններում անձանց փոփոխման այլ դեպքեր:

Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի բովանդակությունից բխում է, որ դատավարական իրավահաջորդությունը ենթադրում է, որ իրավահաջորդը շարունակում է մասնակցել վարչական դատավարությանը դատավարական իրավահարաբերությունների ամբողջ ծավալով` իրավանախորդի ունեցած բոլոր իրավունքներով ու պարտականություններով: Քանի որ դատավարական իրավահաջորդության դեպքում իրավահաջորդը շարունակում է մասնակցել վարչական դատավարությանը, ուստի այն բոլոր գործողությունները, որոնք կատարվել են մինչև իրավահաջորդի գործի մեջ մտնելը, վերջինիս համար պարտադիր են այնքանով, որքանով դրանք պարտադիր կլինեին այն անձի համար, որին փոխարինել է իրավահաջորդը (տե՛ս, Լինա Գյուլ-Բուդաղյանի իրավահաջորդներ Նաիրա Ավետյանն, Արմինե Սանոյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Վարդան Լեմենցյանի, Արգինե Մանուկյանի, երրորդ անձինք Բաբկեն Տեր-Մանվելյանի, Արմեն Ալլահվերդյանի թիվ ՎԴ/4545/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

Վկայակոչված թիվ ՎԴ/4545/05/08 վարչական գործով կայացված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով նույն գործի փաստերը` ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ ՀՀ վարչական դատարանը պարտավոր էր քննարկման առարկա դարձնել որպես պատասխանող ներգրավված Երևանի քաղաքապետարանին իրավահաջորդով փոխարինելու հարցը և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածով նախատեսված կանոններով վերջինիս փոխարիներ իրավահաջորդով` Հայաստանի Հանրապետությունով, ինչը հաշվի չի առնվել Վերաքննիչ դատարանի կողմից:

Ըստ այդմ, նշված դատավարական խախտումը ՀՀ վճռաբեկ դատարանը բավարար է համարել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու, ի թիվս այլնի, նաև Երևանի քաղաքապետին իրավահաջորդով փոխարինելու նպատակի համար (տե՛ս, Լինա Գյուլ-Բուդաղյանի իրավահաջորդներ Նաիրա Ավետյանն, Արմինե Սանոյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Վարդան Լեմենցյանի, Արգինե Մանուկյանի, երրորդ անձինք Բաբկեն Տեր-Մանվելյանի, Արմեն Ալլահվերդյանի թիվ ՎԴ/4545/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

 

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը, արձանագրելով հանդերձ, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հանդիսանում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի իրավահաջորդը, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և Հանձնաժողովին իրավահաջորդով փոխարինելու հարցը լուծելու նպատակով գործը ՀՀ վերաքննիչ վարչական դատարան` նոր քննության ուղարկելու փոխարեն անդրադարձել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 37-րդ հոդվածի 7-րդ մասին` կատարելով համապատասխան վերլուծություններ:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերոգրյալ իրավակարգավորմամբ պայմանավորված Վճռաբեկ դատարանն այդուհանդերձ անդրադարձել է այն իրավական հարցադրմանը, թե ո՞ր ժամկետից սկսած է հաշվվում բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից օրենքով սահմանված ժամկետում հայտարարագիր չներկայացնելու դեպքում իրավախախտման բացահայտման պահը և հանգել համապատասխան եզրակացության, հարկ եմ համարում իմ դիրքորոշումն արտահայտել նաև Վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանը, փաստորեն, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 37-րդ հոդվածի 7-րդ մասը Վերաքննիչ դատարանի կողմից սխալ մեկնաբանելու վերաբերյալ իր եզրահանգումը պատճառաբանել է նրանով, որ սահմանված ժամկետում հայտարարագիր չներկայացնելու դեպքում Հանձնաժողովը որևէ լրացուցիչ ուսումնասիրություն կամ ստուգում իրականացնելու անհրաժեշտություն չուներ և Սերգեյ Սարկիսովի կողմից հայտարարագիրը Հանձնաժողովին էլեկտրոնային տարբերակով չներկայացնելու փաստը Հանձնաժողովին հայտնի է եղել դեռևս 31.03.2018 թվականին, որպիսի պարագայում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի ուժով Սերգեյ Սարկիսովի նկատմամբ «նախազգուշացում» վարչական տույժը պետք է կիրառվեր մինչև 31.05.2018 թվականը:

Վճռաբեկ դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշման վերաբերյալ հատուկ կարծիքս հիմնավորելու նպատակով հարկ եմ համարում անդրադառնալ ինչպես «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի սույն գործով կիրառման ենթակա իրավանորմերի, այնպես էլ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 37-րդ հոդվածի 7-րդ մասի կարգավորումներին:

Այսպես. «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայտարարատու պաշտոնատար անձը նույն օրենքով նախատեսված կարգով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացնում գույքի, եկամուտների հայտարարագիր, իսկ բարձրաստիճան պաշտոնատար անձը` նաև շահերի հայտարարագիր:

Նույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարատու պաշտոնատար անձինք պաշտոնեական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ հայտարարագրերը այդ օրերին հաջորդող 30 օրվա ընթացքում ներկայացնում են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Նշված անձինք պաշտոնավարման ընթացքում հայտարարագրեր են ներկայացնում նաև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ` ոչ ուշ, քան տվյալ տարվան հաջորդող տարվա մարտի 30-ը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 169.28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաև նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից (նույն հոդվածում այսուհետ` հայտարարատուներ) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարագրերը (նույն հոդվածում այսուհետ` հայտարարագրեր) Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետներում չներկայացնելը` առաջացնում է նախազգուշացում:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 37-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքի 169.28-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը հայտնաբերվելուց հետո` երկու ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան իրավախախտումը կատարվելուց հետո` մեկ տարվա ընթացքում:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ հայտարարատու պաշտոնատար անձն իր պաշտոնավարման ընթացքում պարտավոր էր յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, սակայն ոչ ուշ, քան տվյալ տարվան հաջորդող տարվա մարտի 30-ը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնել գույքի, եկամուտների հայտարարագիր (օրենքով նախատեսված դեպքերում նաև շահերի հայտարարագիր), որպիսի պարտականությունը խախտելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 169.28-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված է եղել վարչական պատասխանատվություն: Ընդ որում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 37-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանվել է այն ժամկետը, որի ընթացքում Հանձնաժողովն իրավասու է եղել նշանակել վարչական տույժ: Մասնավորապես, վկայակոչված իրավանորմով նախատեսվել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը հայտնաբերվելուց հետո` երկու ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան իրավախախտումը կատարվելուց հետո` մեկ տարվա ընթացքում:

Գտնում եմ, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժ նշանակելու ժամկետի հոսքն օրենսդիրը պայմանավորել է իրավախախտումը հայտնաբերվելու պահով, միաժամանակ նաև սահմանելով այն առավելագույն ժամկետը, որի ընթացքում Հանձնաժողովը կարող է իրացնել վարչական տույժ նշանակելու իր լիազորությունը:

Ըստ այդմ, գտնում եմ, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերով նշանակված վարչական տույժի վերաբերյալ որոշումների իրավաչափությունը դատական վերահսկողության ենթարկելու յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է պարզել այն հարցը, թե կոնկրետ երբ (որ պահին) է հայտնաբերվել իրավախախտումը և արդյոք իրավախախտումը կատարվելուց հետո չի լրացել վարչական տույժ նշանակելու առավելագույն ժամկետը:

Միևնույն ժամանակ գտնում եմ, որ նշված իրավախախտումը հայտնաբերելու պահը չի կարող որոշվել Հանձնաժողովի վրա օրենքով դրված պարտականությունների անտեսմամբ, քանի որ օրենսդիրը, ի թիվս այլնի, Հանձնաժողովի վրա է դրել նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց և օրենքով նախատեսված այլ անձանց հայտարարագրերի ռեեստրի վարումը, հայտարարագրերի վերլուծությունը և հրապարակումն իրականացնելու գործառույթները: Ընդ որում, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով ամրագրվել են նաև այն իրավակարգավորումները, որոնք Հանձնաժողովին պարտավորեցնում են պատշաճ իրականացնելու նշված գործառույթները:

Մասնավորապես. «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` հանրային ծառայողի հիմնական պարտականություններն են օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելը և հաշվետվություններ ներկայացնելը:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 37-րդ հոդվածի համաձայն` հայտարարագիրը ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը այն զետեղում է հայտարարագրերի ռեեստրում:

Վերոգրյալ իրավակարգավորումներով օրենսդիրը սահմանել է օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելու և հաշվետվություններ ներկայացնելու, ըստ այդմ, նաև հայտարարագրերը ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանք հայտարարագրերի ռեեստրում զետեղելու Հանձնաժողովի պարտականությունը:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց և օրենքով նախատեսված այլ անձանց հայտարարագրերի ռեեստրի վարումը, հայտարարագրերի վերլուծությունը և հրապարակումն իրականացնելու Հանձնաժողովի գործառույթները, ինչպես նաև օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելու և հաշվետվություններ ներկայացնելու, ըստ այդմ, նաև հայտարարագրերը ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանք հայտարարագրերի ռեեստրում զետեղելու Հանձնաժողովի պարտականություն սահմանող իրավակարգավորումները համադրելով վարչական իրավախախտումները հայտնաբերելու վերաբերյալ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 37-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված իրավակարգավորման հետ, հանգում եմ այն եզրակացության, որ նույն օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտման հայտնաբերման պահը չի կարող տարբերվել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 37-րդ հոդվածով Հանձնաժողովի վրա դրված պարտականությունը կատարելու ժամկետից: Ընդ որում, նշված իրավանորմով սահմանված ժամկետում Հանձնաժողովի կողմից նույն իրավանորմով նախատեսված իր պարտականությունը պատշաճ կատարելու պարագայում անվիճելիորեն կհայտնաբերվի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված իրավախախտման փաստը, քանի որ ոչ ուշ քան հայտարարագրեր ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում ստացված հայտարարագրերը ռեեստրում զետեղելու գործառույթն իրականացնելու հետևանքով Հանձնաժողովը չի կարող չհայտնաբերել առհասարակ հայտարարագրեր չներկայացնելու փաստերը: Հակառակ մեկնաբանման դեպքում կստեղծվի մի իրավիճակ, երբ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 37-րդ հոդվածով սահմանված ժամկետում նույն իրավանորմով նախատեսված իր պարտականությունը Հանձնաժողովի կողմից չկատարելու հետևանքով ոչ միայն չեն հայտնաբերվի վարչական իրավախախտման փաստերը, այլ նաև որոշ դեպքերում նույնիսկ բաց կթողնվեն իրավախախտումը կատարվելուց հետո վարչական տույժ նշանակելու առավելագույն ժամկետները: Այլ կերպ ասած, արդարացված չի կարող լինել Հանձնաժողովի կողմից իր պարտականությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումն ուշ հայտնաբերելը:

Վերոգրյալի հիմքով գտնում եմ, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 37-րդ հոդվածի 7-րդ մասը պետք է մեկնաբանվի «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 37-րդ հոդվածի համակցությամբ, որպիսի պարագայում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումների հայտնաբերման օր պետք է ընդունվի առավելագույնը հայտարարագրերը ներկայացնելու վերջնաժամկետի օրվան հաջորդող չորրորդ աշխատանքային օրը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայտարարագրերը ներկայացնելու վերջնաժամկետի օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանք հայտարարագրերի ռեեստրում զետեղելու իր պարտականությունը պատշաճ կատարելու պարագայում Հանձնաժողովը չէր կարող չհայտնաբերել առհասարակ հայտարարագիր չներկայացնելու փաստը:

 

Սույն գործի փաստերի համաձայն` Սերգեյ Սարկիսովը, հանդիսանալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձ, պարտականություն է ունեցել 2017 թվականի տարեկան հայտարարագիրը Հանձնաժողով ներկայացնել ոչ ուշ, քան 30.03.2018 թվականը ներառյալ:

Գործով անվիճելի փաստ է, որ Սերգեյ Սարկիսովը չի կատարել օրենքով նախատեսված իր պարտականությունը և նշված ժամկետում հայտարարագիր չի ներկայացրել: Այսինքն` 30.03.2018 թվականի դրությամբ առկա է եղել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտման փաստը:

Սույն հատուկ կարծիքում շարադրված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ գտնում եմ, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտման հայտնաբերման օր առավելագույնը պետք է ընդունվի հայտարարագիրը ներկայացնելու վերջնաժամկետի օրվան, այն է` 30.03.2018 թվականին հաջորդող չորրորդ աշխատանքային օրը, այն է` 05.04.2018 թվականը (31.03.2018թ. և 01.04.2018թ. օրենքով սահմանված ոչ աշխատանքային օրեր են), հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստացված հայտարարագրերը 30.03.2018 թվականից սկսած երեք աշխատանքային օրվա ընթացքում հայտարարագրերի ռեեստրում զետեղելու իր պարտականությունը պատշաճ կատարելու պարագայում Հանձնաժողովը միանշանակորեն կհայտնաբերեր այն փաստը, որ Սերգեյ Սարկիսովը չի ներկայացրել հայտարարագիր, որպիսի պարագայում վարչական տույժ նշանակելու իր լիազորությունը կարող էր իրացնել 05.06.2018 թվականը ներառյալ: Մինչդեռ սույն գործով վիճարկվող վարչական ակտը` Սերգեյ Սարկիսովի նկատմամբ «Վարչական տույժ կիրառելու մասին» թիվ ՎԻՎ/109/2018 որոշումը Հանձնաժողովը կայացրել է 18.06.2018 թվականին, այսինքն` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ:

Ամփոփելով վերոգրյալը` հարկ եմ համարում արձանագրել, որ առկա է բավարար հիմք Հանձնաժողովի 18.06.2018 թվականի թիվ ՎԻՎ/109/2018 որոշումը, որպես օրենքի խախտմամբ ընդունված, անվավեր ճանաչելու համար, որպիսի եզրահանգման եկել է նաև Վճռաբեկ դատարանը, ուստի այդ մասով համակարծիք եմ Վճռաբեկ դատարանի եզրահանգման հետ: Այդուհանդերձ իմ անհամաձայնությունն եմ հայտնում սույն գործով վիճարկվող որոշումը ոչ իրավաչափ գնահատելու Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններին, քանի որ արձանագրելով, որ Սերգեյ Սարկիսովի կողմից հայտարարագիրը էլեկտրոնային տարբերակով չներկայացնելու փաստը Հանձնաժողովին հայտնի է եղել դեռևս 31.03.2018 թվականին, Վճռաբեկ դատարանն իր որոշման պատճառաբանական մասում չի ներառել այդ եզրահանգման իրավական վերլուծություններն ու հիմնավորումները:

 

Միևնույն ժամանակ գտնում եմ, որ սույն վարչական գործով չէր կարող կիրառվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը, քանի որ, ինչպես վերն արդեն նշել եմ, տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, փաստորեն, քննություն է իրականացրել առանց պատասխանողի: Մասնավորապես, գործով որպես պատասխանող հանդես եկող Հանձնաժողովը բողոքի քննությունն իրականացնելու ընթացքում դադարել է գոյություն ունենալ, իսկ դատավարությունից դուրս եկած պատասխանողին Վերաքննիչ դատարանը չի փոխարինել իրավահաջորդով, որպիսի հանգամանքն ինքնին, նաև ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն, բավարար հիմք է Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը` ՀՀ վերաքննիչ դատարան նոր քննության ուղարկելու համար:

 

    Դատավոր`                               Ռ. Հակոբյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 5 ապրիլի 2022 թվականի:

 

 

Միասնական կայք` 27.06.22-10.07.22

 

 

pin
Վճռաբեկ դատարան
05.04.2022
N ՎԴ/8200/05/18
Որոշում