ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԵԴ/15446/02/20
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/15446/02/20 2022 թ.
Նախագահող դատավոր` Ն. Գաբրիելյան
Դատավորներ` Լ. Գրիգորյան
Ն. Մարգարյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Է. Սեդրակյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Հ. Բեդևյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան
Տ. Պետրոսյան
Ն. Տավարացյան
2022 թվականի մայիսի 10-ին
գրավոր ընթացակարգով քննելով Լևոն Յոլյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.09.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Լևոն Յոլյանի ընդդեմ Հակոբ Ջհանգիրյանի` պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Լևոն Յոլյանը պահանջել է զրպարտության միջոցով պատիվը և արժանապատվությունն արատավորելու համար Հակոբ Ջհանգիրյանից բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ գումար:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ. Սարգսյան) (այսուհետ` Դատարան) 30.06.2021 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.08.2021 թվականի որոշմամբ Լևոն Յոլյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է, և սահմանվել է ժամկետ` վերաքննիչ բողոքում թույլ տված խախտումները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.09.2021 թվականի որոշմամբ Լևոն Յոլյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լևոն Յոլյանը (ներկայացուցիչ Վարդան Ջիլավյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 8-րդ, 9-րդ, 200-րդ, 368-րդ և 382-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է այն հիմնավորմամբ, որ վերաքննիչ բողոքում չի նշվել, թե մասնավորապես նյութական կամ դատավարական իրավունքի որ նորմն (նորմերը) է խախտվել, և թե դա ինչ ազդեցություն է ունեցել կամ կարող էր ունենալ գործի ելքի վրա:
i
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն, որ վերաքննիչ բողոքում մատնանշված են նյութական (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդված) և դատավարական (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 5-րդ մաս) նորմերի խախտումները և դրանց ազդեցությունը գործի ելքի վրա:
Վերաքննիչ դատարանի կողմից որևէ կերպ չի պատճառաբանվել, թե ինչու վերը նշված հիմնավորումները չեն համարվել բավարար որպես նյութական և դատավարական նորմի խախտում դիտելու և բողոքը վարույթ ընդունելու համար:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 13.09.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
3. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
i
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
i
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
i
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:
ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի բաղադրատարր հանդիսացող` դատական ակտի բողոքարկման իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացումն ապահովելու խնդիրներին և այդ կապակցությամբ հայտնել է մի շարք սկզբունքային իրավական դիրքորոշումներ:
i
Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի 18.07.2013 թվականի թիվ ՍԴՈ-1037 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման` դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի նպատակը ոչ միայն ներկայացված պահանջի մերժման կամ բավարարման իրավաչափության ստուգումն է: Այս ինստիտուտն այն հիմնական և էական իրավական երաշխիքն է, որի միջոցով ապահովվում է ստորադաս դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքի հիմնական բաղադրատարրերի, մասնավորապես, 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դատավարական երաշխիքների պահպանումը: Բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը չի պահպանել հիշյալ դատավարական երաշխիքները, քաղաքացին չունենալով վերաքննության իրավունք, ըստ էության զրկվում է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերի համաձայն` վերաքննիչ բողոքում նշվում են` վերաքննիչ բողոքի հիմքերը` նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այն խախտումները, որոնք կարող են ազդել գործի ելքի վրա, վերաքննիչ բողոքի հիմնավորումները` վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումների, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե սույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները, կամ բողոքը ներկայացրել է սույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ (...):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրի կողմից սահմանվել է այն ընթացակարգը, որի պահպանմամբ անձը կարող է իրացնել բողոքարկման իր իրավունքը: Ըստ այդմ, վերաքննիչ բողոք բերող անձը պարտավոր է վերաքննիչ բողոքում նշել` վերաքննիչ բողոքի հիմքերը` նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այն խախտումները, որոնք կարող են ազդել գործի ելքի վրա, վերաքննիչ բողոքի հիմնավորումները` վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումների, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները: ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ բողոքում նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումները, դրանց հիմնավորումները նշելու` վերաքննիչ բողոք բերող անձի պարտականության սահմանումն օրենսդրի կողմից ինքնանպատակ չէ, այլ ուղղված է գործին մասնակցող անձանց` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված իրենց իրավունքների լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովմանը, որոնցից է, օրինակ, վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքը: Գործին մասնակցող անձը կարող է լիարժեք իրականացնել օրենքով սահմանված իր իրավունքները միայն այն դեպքում, երբ ծանոթ է վերաքննիչ բողոքին և դրա բովանդակությանը:
Ուստի ցանկացած պարագայում դատարանը պարտականություն է կրում ստուգելու` արդյոք բողոք բերած անձը բողոքում նշել է նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումները և դրա հիմնավորումները, քանի որ դրա հիման վրա է դատարանն ապահովում կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքի պատշաճ իրականացումը: Նշված պահանջը չպահպանելու դեպքում վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, (...):
i
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին, (...):
i
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով վերը նշված իրավակարգավորումներին համանման իրավակարգավորումներ պարունակող 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 219-րդ հոդվածին, արձանագրել է, որ վերաքննիչ դատարանը դատական ակտը պետք է վերանայի վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Ընդ որում, վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայելիս պետք է պարտադիր անդրադառնա վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերին և հիմնավորումներին: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ նշված նորմը ոչ միայն նշանակում է, որ վերաքննիչ դատարանը կաշկանդված է վերաքննիչ բողոքի հիմքերով, այլ նաև նշանակում է, որ վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտելով ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ: Բողոքում բարձրացված հիմքերը պարտադիր քննության առարկա պետք է դառնան վերադաս դատական ատյանում, և դատարանի կայացրած որոշումը պետք է պարունակի այդ հիմքերի վերաբերյալ եզրահանգումներ (տե՛ս, Տիգրան Կիրակոսյանն ընդդեմ Վիկտոր Խոլոդնիյի թիվ ԵԷԴ/0871/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2010 թվականի, Համայակ Ոսկանյանն ընդդեմ Վոլոդյա Հակոբյանի թիվ ԵԷԴ/1643/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի, «Հ.Վ.Մ. Միլի Ֆուդ» ՍՊԸ-ն ընդդեմ «Երևան Ջուր» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/0219/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2018 թվականի որոշումները):
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործով Լևոն Յոլյանը Դատարանի 30.06.2021 թվականի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոքը: (գ.թ. 130-132):
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.08.2021 թվականի որոշմամբ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքին կցված չէ բողոքը պատասխանող Հակոբ Ջհանգիրյանին ուղարկելու փաստը հավաստող ապացույցը, օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարման փաստը հավաստող ապացույցը, ինչպես նաև չի ներկայացվել պետական տուրքի վճարման գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդություն: Բացի այդ, բողոքաբերի կողմից վերաքննիչ բողոքում չի նշվել, թե մասնավորապես նյութական կամ դատավարական իրավունքի ո՞ր նորմն (նորմերը) է խախտվել, և թե դա ինչ ազդեցություն է ունեցել կամ կարող էր ունենալ գործի ելքի վրա, ինչպես նաև չեն նշվել վերաքննիչ բողոքի հիմնավորումները` նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումները, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները:
Վերաքննիչ դատարանի 08.10.2021 թվականի որոշմամբ սահմանվել է ժամկետ` արձանագրված խախտումը վերացնելու և որոշումը ստանալուց հետո 15-օրյա ժամկետում բողոքը կրկին ներկայացնելու համար (գ.թ. 136-137):
i
Լևոն Յոլյանը, Դատարանի 30.06.2021 թվականի վճռի դեմ կրկին ներկայացնելով վերաքննիչ բողոք, ի թիվս այլի, նշել է. «Վճռով դատարանը անտեսել է նաև իր կողմից ընդունված ապացուցման պարտականությունները բաշխելու արձանագրային որոշման պահանջները: Մասնավորապես ապացուցման բեռը բաշխելու նիստի ընթացքում պատասխանողը ընդունել է, որ հայցի 1-ին և 2-րդ տեղեկությունները փաստացի տվյալներ են, իսկ 3-րդ, 4-րդ տեղեկությունները գնահատողական դատողություններ: Նման պայմաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն 1-ին և 2-րդ տեղեկությունների մասով հայցվորը պարտավորություն չի ունեցել ապացուցել, որ ներկայացված տեղեկությունները փաստացի տվյալներ են այլ պատասխանողը պետք է ապացուցեր, որ դրանք համապատասխանում են իրականությանը, ինչը չի արել, սակայն դատարանը հակառակ իր որոշման առանց որևէ հիմքի այդ տվյալները դիտել է որպես մինչդատական կամ դատական վարույթի ընթացքում ներկայացված տվյալներ: Բայց հրապարակային լրատվամիջոցով ներկայացված տվյալը չի կարող դիտվել մինչդատական կամ դատական վարույթի ընթացքում ներկայացված տվյալ, քանի որ հրապարակվելու պահից այն դադարում է վարույթի նյութ լինել, որը հասանելի է միայն վարույթի կողմերին, այլ դառնում է հանրությանը հասանելի նյութ և յուրաքանչյուրը այն ընկալում է այնպես, ինչպես դա ներկայացվում է:
i
Ամփոփելով վերոգրյալը գտնում եմ, որ տվյալ դեպքում առկա են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով, ՀՀ վճռաբեկ դատարանի ԵԱԴԴ/2612/02/16 քաղաքացիական գործով 18.10.2019 թ-ի որոշումով զրպարտությանը վերագրվող բոլոր հատկանիշները» (գ.թ. 148):
Վերաքննիչ դատարանն իր 13.09.2021 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ. «(...) վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելիս Բողոքաբերի կողմից չի վերացվել վերը նշված կետերից երրորդ կետով սահմանված խախտումը, այն է` վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելիս դարձյալ չի նշվել, թե մասնավորապես նյութական կամ դատավարական իրավունքի ո՞ր նորմն (նորմերը) է խախտվել, և թե դա ինչ ազդեցություն է ունեցել կամ կարող էր ունենալ գործի ելքի վրա: Դրանից բացի, կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում Բողոքաբերի կողմից չեն նշվել վերաքննիչ բողոքի հիմնավորումները` նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումները, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները» (գ.թ. 154-155):
Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը 13.09.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ արձանագրել է, որ բողոքաբերի կողմից կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելիս չեն վերացվել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները:
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 09.08.2021 թվականին որոշում կայացնելով վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին, ըստ էության առաջադրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքից բխող իրավաչափ պահանջ, որն ինքնին չի արգելափակում անձի` դատարանի մատչելիության իրավունքի իրացման հնարավորությունը: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրահանգել, որ բողոք բերած անձը նշել է նյութական և դատավարական իրավունքի այն նորմերը, որոնք վերջինիս կարծիքով խախտվել են ընդհանուր իրավասության դատարանի կողմից: Մասնավորապես դրանք են` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածը, որը բողոքում բերված հիմնավորումների համաձայն Դատարանը սույն գործով սխալ է մեկնաբանել և կիրառել և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 5-րդ մասը, որը Դատարանը չի կիրառել և արդյունքում խախտել է ապացույցների պատշաճ գնահատման սկզբունքը: Վերաքննիչ բողոքի հիմնավորումների համաձայն այդ խախտումները ազդել են գործի ելքի վրա, ինչի արդյունքում Դատարանը կայացրել է սխալ վճիռ:
Վերը նշվածը բավարար հիմք է նաև արձանագրելու, որ անհիմն է Վերաքննիչ դատարանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքում դրված պատճառաբանությունը, քանի որ վերաքննիչ բողոք բերած անձի կողմից ներկայացվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի ենթադրյալ խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները:
i
Դրանից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը` կապված նոր վերաքննիչ բողոք ներկայացնելիս վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները չվերացնելու մասին, չեն բխում վերը նշված դիրքորոշումներից, որի պայմաններում Վերաքննիչ դատարանը, կայացնելով «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշում, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածը, դրանով իսկ սահմանափակելով Լևոն Յոլյանի` ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված` դատական պաշտպանության իրավունքը, ինչը խաթարել է արդարադատության բուն էությունը:
i
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 13.09.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:
i
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.09.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան
Զեկուցող Է. Սեդրակյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Հ. Բեդևյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան
Տ. Պետրոսյան
Ն. Տավարացյան
Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 10 մայիսի 2022 թվական:
http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=45880421204038260
Միասնական կայք` 13.06.22-26.06.22