Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ԳՈՒՄԱՐԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ԳՈՒՄԱՐԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎՃԻՌԸ ԿԱՐՈՂ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Սնանկության գործ

    դատարանի որոշում                            թիվ ՍնԴ/0463/04/20

    Սնանկության գործ թիվ ՍնԴ/0463/04/20         2021 թ.

Նախագահող դատավոր` Մ. Հարթենյան

    Դատավորներ`        Կ. Համբարձումյան

                       Ն. Մարգարյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի դեկտեմբերի 3-ին

գրավոր ընթացակարգով քննելով Անժելա Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.12.2020 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի Էլիզա Հայրապետյանի` Անժելա Հարությունյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Էլիզա Հայրապետյանը պահանջել է սնանկ ճանաչել Անժելա Հարությունյանին:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Ս. Թադևոսյան) (այսուհետ` Դատարան) 29.06.2020 թվականի վճռով դիմումը բավարարվել է` Անժելա Հարությունյանը ճանաչվել է սնանկ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.12.2020 թվականի որոշմամբ Անժելա Հարությունյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 29.06.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անժելա Հարությունյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Էլիզա Հայրապետյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը, «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածը, 247-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ թիվ ԵԿԴ/3482/02/17 քաղաքացիական գործով կայացված վճիռը, որով հաստատվել է հաշտությունը, չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ: Վճարային պարտավորության վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա կատարողական թերթը ստանալու մասին դիմում ներկայացնելու և կատարողական թերթը կատարման ներկայացնելու օրենքով սահմանված մեկամյա ժամկետը լրացել է 03.11.2018 թվականին: Սույն գործով դիմումատուն, ով թիվ ԵԿԴ/3482/02/17 քաղաքացիական գործով հայցվորն էր, նշված քաղաքացիական գործով վճիռը կատարման չի ներկայացրել:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վճիռը, որը պարտավորության իրավական հիմքն է, կորցրել է կատարելիության հատկանիշը, և դրանով չի կարող հիմնավորվել անվիճելի վճարային պարտավորության առկայությունը, ինչը բավարար հիմք է սնանկության դիմումը մերժելու համար: Այսինքն` սնանկության դիմումը ենթակա է մերժման «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով անվիճելի վճարային պարտավորության բացակայության հիմքով:

Բացի դրանից, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ կողմերի միջև գրավի պայմանագիրը կնքվել է որպես հիմնական պարտավորության կատարումն ապահովելու միջոց: Նշվածից հետևում է, որ գրավի առկայությունը չի վկայում հիմնական պարտավորության առկայության և դրա անվիճելիության մասին, և հիմնական պարտավորության դադարած լինելու դեպքում դադարում է նաև գրավը: Ինչ վերաբերում է 17.11.2018 թվականին և 06.11.2019 թվականին պարտապանի կողմից պարտքի գումարի չափի վերաբերյալ նոր ստացականներ ստորագրված լինելուն, ապա նշված ստացականները ստորագրվել են 03.11.2017 թվականի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու մեկամյա ժամկետի ավարտից հետո, երբ վճռի կատարելիության հատկանիշի կորստի ուժով պարտավորությունն արդեն իսկ դադարել է: Հետևաբար, 03.11.2018 թվականից հետո կատարված վճարումները վերոնշյալ պատճառաբանությամբ չեն հանդիսանում վճարային պարտավորության մարումներ, և այդ ստացականներով չի կարող հավաստվել սնանկության համար հիմք հանդիսացող անվիճելի վճարային պարտավորություն գոյություն ունենալու փաստը:

Միաժամանակ, 445.000 ԱՄՆ դոլար և 175.000 եվրո գումարը սնանկության գործով դիմումատուին վերադարձնելու վերաբերյալ 19.04.2017 թվականին տրված պարտավորագիրը չի կարող որևէ ապացուցողական նշանակություն ունենալ անվիճելի վճարային պարտավորության առկայությունը հիմնավորելու տեսանկյունից, քանի որ պարտավորագրի հիման վրա սույն վեճի կողմերը կնքել են հաշտության համաձայնություն` սահմանելով պարտավորության նոր պայմաններ, հետևաբար պարտավորության նախորդ իրավական հիմքը չէր կարող գործել նոր հիմքի հետ միաժամանակ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԼԴ/0039/04/14 սնանկության գործով 22.07.2016 թվականի, թիվ ԵԱՔԴ/0018/04/10 սնանկության գործով 01.04.2011 թվականի և թիվ ՀՔԴ4/0024/04/08 սնանկության գործով 18.09.2009 թվականի որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները կիրառելի են սույն գործի նույնանման փաստական հանգամանքների նկատմամբ, մինչդեռ Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ կիրառել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը վերոնշյալ որոշումներում տրված իրավական դիրքորոշմանը հակասող մեկնաբանությամբ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.12.2020 թվականի որոշումը և փոփոխել այն` դիմումը մերժել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Բողոքաբերը, մեջբերելով ՀՀ վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներ, փորձել է հիմնավորել, որ թիվ ԵԿԴ/3482/02/17 գործով 03.11.2017 թվականի վճիռն օրենքով սահմանված մեկամյա ժամկետում կատարման չի ներկայացվել, հետևաբար Էլիզա Հայրապետյանը զրկվել է այդ վճռով սահմանված գումարը պահանջելու իր իրավունքն իրացնելու իրավական հնարավորությունից, և հետևաբար պարտապանն ազատվել է նույն վճռով սահմանված իր պարտավորությունից: Մինչդեռ, բողոքաբերն անտեսել է այն հանգամանքը, որ դիմողը ներկայացրել էր բողոքաբերին սնանկ ճանաչելու երկու ինքնուրույն հիմքեր` 1. վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով, 2. պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա:

19.04.2017 թվականին բողոքաբերը 445.000 ԱՄՆ դոլար և 175.000 եվրո գումարը վերադարձնելու պարտավորագիր է տվել դիմումատուին: Հետևաբար, սնանկ ճանաչելու հիմք է անվիճելի վճարային պարտավորության առկայությունը, որի հիմքում գործարքն է:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը թիվ ԵԿԴ/3482/02/17 քաղաքացիական գործով 03.11.2017 թվականի վճռով հաստատել է Էլիզա Հայրապետյանի և Անժելա Հարությունյանի միջև կնքված հաշտության համաձայնությունը` հետևյալ բովանդակությամբ.

«(...) 1. Պատասխանողն ընդունում է, որ Հայցվորի նկատմամբ իր դրամային պարտավորությունը կազմում է 445.000 ԱՄՆ դոլար և 175.000 եվրո, պարտավորվում է սույն հաշտության համաձայնության 5-րդ կետով սահմանված կարգով Հայցվորին վճարել 445.000 ԱՄՆ դոլար և 175.000 եվրո գումարը և հատուցել դատական ծախսերը ամբողջությամբ:

2. Որպես Անժելա Հարությունյանի անվան «Ալմանախ» կրթահամալիր ՍՊԸ 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր` Պատասխանողը պարտավորվում է ապահովել համապատասխան որոշման ընդունումը որպես սույն հաշտության համաձայնության 1-ին կետում նշված պարտավորությունների կատարման ապահովում ընկերությանը պատկանող ք. Երևան, Էրեբունի համայնք, Միչուրինի 36 հասցեի (կադաստրային համար 01-005) անշարժ գույքը (այսուհետ` գրավ) գրավադնելու համար, միաժամանակ որպես «Ալմանախ» կրթահամալիր ՍՊԸ 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր Պատասխանողը պարտավորվում է Դատարանի կողմից սույն հաշտության համաձայնության հաստատման պահից 5-օրյա ժամկետում ապահովել Հայցվորի և «Ալմանախ» կրթահամալիր ՍՊԸ-ի միջև հօգուտ համաձայնության 1-ին կետով ստանձնած պարտավորության կատարման գրավի պայմանագրի կնքումը:

3. Կողմերն ընդունում են, որ գրավի շուկայական արժեքը, «ՎԻ ԷՄ-ԱՐ ՓԻ» ՍՊԸ կողմից տրված ՎՄ-30/1023 հաշվետվության համաձայն, 02.10.2017 թվականի դրությամբ կազմում է 722.200.000 ՀՀ դրամ:

4. Պատասխանողը պարտավորվում է Հայցվորի նկատմամբ ստանձնած պարտավորությունը կատարել սույն հաշտության համաձայնությունը դատարանի կողմից հաստատվելու օրվանից մեկ տարվա ընթացքում` պայմանով, որ մեկ տարվա ընթացքում պարտավորության առնվազն կեսը (50 տոկոս) մարելու դեպքում պարտավորության կատարման ժամկետը կերկարաձգվի ևս վեց ամսով:

5. Կողմերը պայմանավորվում են, որ Պատասխանողը հաշտության համաձայնությունը դատարանի կողմից հաստատվելու օրվանից մեկ տարվա ընթացքում պարտավորության առնվազն կեսը (50 տոկոս) մարելու դեպքում ժամկետը կերկարաձգվի ևս վեց ամիս, ընդ որում մեկ տարվա յուրաքանչյուր վեց ամիսների ընթացքում պետք է վճարվի պարտավորության 50 տոկոսի կեսը:

6. Պատասխանողի կողմից պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Հայցվորին իրավունք է վերապահվում Քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի կարգով գրավի վրա բռնագանձում տարածել` առանց դատարան դիմելու: Արտադատական կարգով բռնագանձում տարածելու դեպքում բացի պարտավորության չկատարված մասից Հայցվորն իրավունք ունի գրավի իրացված արժեքից որպես հատուցում ստանալ նաև սույն հաշտության համաձայնության ստորագրման պահից մինչև գրավի իրացման պահը կատարված ծախսերը (պետական տուրքեր, փաստաբանի վարձատրություն, գրավի առարկայի պահպանման և իրացման հետ կապված ծախսեր և այլն):

7. Հայցվորը պարտավորվում է սույն հաշտության համաձայնությամբ սահմանված պարտավորության կատարման ժամանակահատվածում Պատասխանողի կողմից գույքը վաճառելու դեպքում տալ գրավադրված գույքը վաճառելու համաձայնություն` պայմանով, որ վաճառքի գումարից առաջնահերթ կմարվի Հայցվորի հանդեպ ունեցած պարտավորությունը, այդ թվում նաև սույն հաշտության համաձայնության ստորագրման պահից մինչև գրավի իրացման պահը կատարված ծախսերը (...):

8. Սույն հաշտության համաձայնությամբ ստանձնած պարտավորությունները չկատարելու, ոչ պատշաճ կատարելու և/կամ կատարումից հրաժարվելու դեպքում կողմերն իրավունք ունեն պահանջելու այդպիսիք կատարելու ԴԱՀԿ մարմինների միջոցով (հարկադիր կատարում):

9. Դատարանի կողմից սույն հաշտության համաձայնությունը հաստատվելու և օրինական ուժի մեջ մտնելու պահից Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող թիվ ԵԿԴ/3482/02/17 քաղաքացիական գործի վարույթը կարճվում է, և որպես հետևանք կողմերը զրկվում են նույն առարկայի միևնույն հիմքով վեճի վերաբերյալ կրկին դատարան դիմելու իրավունքից: (...)» (հավելված 1-ին, գ.թ. 13-16):

2) Էլիզա Հայրապետյանի` որպես գրավառուի և Անժելա Հարությունյանի` որպես պարտապանի միջև, ի կատարումն ուժի մեջ մտած թիվ ԵԿԴ/3482/02/17 վճռով հաստատված հաշտության համաձայնության դրույթների, 09.11.2017 թվականին կնքվել է անշարժ գույքի գրավի պայմանագիր, որի 1.2 կետի համաձայն` գրավով ապահովված պարտավորությունը պարտապանը պարտավոր է կատարել հաշտության համաձայնությամբ սահմանված կարգով մեկ ու կես տարվա ընթացքում,

1.6 կետի համաձայն` գրավի իրավունքը գրավառուի մոտ ծագում է գրավի պայմանագիրը կնքելու և դրանից բխող գրավի իրավունքը գրանցելու պահից,

1.10 կետի համաձայն` պայմանագրով գրավի առարկան թողնվում է գրավատուի տրամադրության և օգտագործման ներքո մինչև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածով սահմանված գործողությունների կատարումը, 2.1.2 կետի համաձայն` գրավառուն իրավունք ունի գրավով ապահովված պարտավորությունը պարտապանի կողմից չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում օրենքով սահմանված կարգով իր պահանջները բավարարել գրավի առարկայի հաշվին, 3.1 կետի համաձայն` պարտապանի կողմից հաշտության համաձայնությամբ ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածել և իրացնել այն, 3.3 կետի համաձայն` 3.1 կետում նշված բռնագանձման հիմքերի ի հայտ գալու դեպքում գրավառուն գրավոր պատշաճ ձևով ծանուցում է գրավատուին և պարտապանին գրավի առարկայի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու մասին (բռնագանձման ծանուցում), բռնագանձման ծանուցումը հանձնելուց երկու ամիս հետո գրավառուն իր պահանջների բավարարման նպատակով իրավունք ունի հաշտության համաձայնությամբ ստանձնած պարտավորությունների չափով ի սեփականություն ընդունել գրավը կամ գրավատուի անունից իրացնել գրավի առարկան ուղղակի վաճառքի միջոցով,

(...) (հավելված 1-ին, գ.թ. 19-22):

3) Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.11.2017 թվականի թիվ ԵԿԴ/3482/02/17 վճռի, անշարժ գույքի գրավի 09.11.2017 թվականի պայմանագրի հիման վրա 12.12.2017 թվականին Երևան քաղաքի Էրեբունի համայնքի Միչուրինի թիվ 36 մանկապարտեզի նկատմամբ գրանցվել է Էլիզա Հայրապետյանի գրավի իրավունքը (հավելված 1-ին, գ.թ. 23):

4) Էլիզա Հայրապետյանն Անժելա Հարությունյանին, «Ալմանախ» կրթահամալիր ՍՊԸ-ին, ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեին հասցեագրված բռնագանձման ծանուցումներով հայտնել է, որ Անժելա Հարությունյանը պատշաճ չի կատարել ստանձնած պարտավորությունները, տեղեկացրել է ծանուցումը ստանալու պահից սկսած երկու ամսվա ընթացքում պարտավորությունն ամբողջությամբ չկատարելու դեպքում գրավառուի կողմից գրավի առարկայի վրա առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու գործընթաց իրականացնելու մասին (հավելված 1-ին, գ.թ. 26):

5) Անժելա Հարությունյանը 19.04.2017 թվականին պարտավորագիր է ստորագրել այն մասին, որ Էլիզա Հայրապետյանին պարտք է 445.000 ԱՄՆ դոլար և 175.000 եվրո, որը պարտավորվում է վերադարձնել (հավելված 1-ին, գ.թ. 8):

6) Էլիզա Հայրապետյանի կողմից տրված և Անժելա Հարությունյանի կողմից 17.11.2018 թվականին ստորագրված ստացականի համաձայն` դատարանի կողմից հաստատված հաշտության համաձայնության շրջանակներում Էլիզա Հայրապետյանը Անժելա Հարությունյանից 17.11.2018 թվականին ստացել է 75.000 ԱՄՆ դոլար գումար, պարտքի մնացորդը կազմում է 75.000 ԱՄՆ դոլար գումարով նվազ (հավելված 1-ին, գ.թ. 25):

7) Ռոման Գործակալյանը և Անժելա Հարությունյանը 06.11.2019 թվականին ստորագրել են գրավոր փաստաթուղթ, որի համաձայն` Ռոման Գործակալյանը Անժելա Հարությունյանից ստացել է 2.400 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես Էլիզա Հայրապետյանի նկատմամբ ունեցած պարտավորության մասնակի մարում /հիմք` 06.11.2019 թվական թվագրված փաստաթուղթը` ստորագրված Անժելա Հարությունյանի և Ռոման Գործակալյանի կողմից/ (հավելված 1-ին, գ.թ. 25 դարձերես):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է` բողոքարկվող դատական ակտում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին տրված մեկնաբանությունը հակասում է Վճռաբեկ դատարանի` թիվ ԼԴ/0039/04/14 քաղաքացիական գործով 22.07.2016 թվականի, թիվ ՀՔԴ4/0024/04/08 քաղաքացիական գործով 18.09.2009 թվականի և թիվ ԵԱՔԴ/0018/04/10 քաղաքացիական գործով 01.04.2011 թվականի որոշումներով տվյալ նորմին տրված մեկնաբանությանը.

Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

1. արդյո՞ք գումարի բռնագանձման վերաբերյալ վճիռը կարող է հիմք հանդիսանալ անձի մոտ անվիճելի վճարային պարտավորության առկայությունը հաստատելու համար, եթե վճռի հիման վրա կատարողական թերթը կատարման ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը լրացել է, և առկա չէ բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին համապատասխան դատարանի որոշում:

2. արդյո՞ք կողմերի միջև կնքված պարտավորագիրը կարող է շարունակել համարվել պարտավորության կատարման ինքնուրույն հիմք այն պարագայում, երբ միևնույն պարտավորության չափի և կատարման պայմանների վերաբերյալ կողմերի միջև դատական վեճի շրջանակներում կնքվել է հաշտության համաձայնություն, որը հաստատվել է դատարանի կողմից:

 

i

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` (...) պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` պարտապանը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել`

1) հարկադրված սնանկության դիմումի հիման վրա` եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն): Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն`

ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը,

բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը), (...):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներում անդրադարձել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի վերլուծությանը և արձանագրել է, որ հարկադրված սնանկության դեպքում վճարային պարտավորության անվիճելիությունը, այդպիսի պարտավորության առնվազն 60-օրյա ժամկետով կետանցը և վճռի կայացման պահին այդպիսի կետանցի շարունակվելն այն երեք պայմաններն են, որոնցից յուրաքանչյուրի առկայությունն անհրաժեշտ է, իսկ բոլորինը միասին` բավարար, անձին սնանկ ճանաչելու համար (տե՛ս «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Գևորգ Հարոյանի թիվ ԵՇԴ/0009/04/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

i

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ վճարային պարտավորության անվիճելիությունն առկա է այն դեպքում, երբ պարտապանը չի առարկում սնանկ ճանաչելու պահանջի դեմ: Այդուհանդերձ, օրենքի վերոնշյալ դրույթը կարգավորում է նաև այն դեպքերը, երբ պարտապանը վիճարկում է պարտավորության անվիճելի լինելու փաստը, այլ կերպ ասած` առարկում է իրեն սնանկ ճանաչելու պահանջի դեմ, և այդ առարկությունները վերաբերում են վճարային պարտավորությանը (այլ ոչ թե կետանցին կամ կետանցը շարունակվելուն): Նման պայմաններում վերը հիշատակված հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «անվիճելի վճարային պարտավորություն» եզրույթի բովանդակությունը բացահայտելու համար անհրաժեշտ է այն դիտարկել նույն կետի «ա» և «բ» ենթակետերի համատեքստում: Մասնավորապես` վկայակոչված ենթակետերով որպես վճարային պարտավորության անվիճելիության երկու ինքնուրույն հիմքեր դիտարկվում են օրինական ուժի մեջ մտած վճիռը (դատավճիռը) և գրավոր գործարքը` հաշվանցի հնարավորության բացակայության պայմանով (տե՛ս «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Հրաշք Ապագա» ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0039/04/14 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.07.2016 թվականի որոշումը):

Սույն քաղաքացիական գործը հարուցվել է Էլիզա Հայրապետյանի դիմումի հիման վրա, որով վերջինս պահանջել է Անժելա Հարությունյանին ճանաչել սնանկ` Անժելա Հարությունյանի մոտ առկա վճարային պարտավորության անվիճելիությունը հիմնավորելով ստորև նշված ապացույցներով.

1) Անժելա Հարությունյանի և Էլիզա Հայրապետյանի միջև 19.04.2017 թվականին ստորագրված պարտավորագիրը,

2) թիվ ԵԿԴ/3482/02/17 քաղաքացիական գործով 03.11.2017 թվականին կայացված վճիռը, որով Անժելա Հարությունյանի և Էլիզա Հայրապետյանի միջև հաստատվել է հաշտության համաձայնությունը:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Անժելա Հարությունյանի և Էլիզա Հայրապետյանի միջև 19.04.2017 թվականին ստորագրված պարտավորագրով Անժելա Հարությունյանն ընդունել է, որ Էլիզա Հայրապետյանի նկատմամբ իր դրամային պարտավորությունը կազմում է 445.000 ԱՄՆ դոլար և 175.000 եվրո, որը պարտավորվում է վերադարձնել: Միևնույն ժամանակ, թիվ ԵԿԴ/3482/02/17 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.11.2017 թվականին կայացրած և նույն թվականին օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվել է կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը, որի համաձայն` Անժելա Հարությունյանը պարտավորվել է Էլիզա Հայրապետյանի նկատմամբ ստանձնած պարտավորությունը կատարել նույն հաշտության համաձայնությունը դատարանի կողմից հաստատվելու օրվանից մեկ տարվա ընթացքում` պայմանով, որ մեկ տարվա ընթացքում պարտավորության առնվազն կեսը (50%) մարելու դեպքում պարտավորության կատարման ժամկետը կերկարաձգվի ևս վեց ամսով: Անժելա Հարությունյանը պարտավորվել է հաշտության համաձայնությունը դատարանի կողմից հաստատվելու օրվանից մեկ տարվա ընթացքում մարել պարտավորության առնվազն կեսը (50%) և մարելու դեպքում ժամկետը կերկարաձգվի ևս 6 ամիս, ընդ որում, մեկ տարվա յուրաքանչյուր վեց ամիսների ընթացքում պետք է վճարվի պարտավորության 50%-ի կեսը: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վերը նշված վճռով հաստատված հաշտության համաձայնությունը կազմելիս կողմերը հիմք են ընդունել 19.04.2017 թվականին ստորագրված պարտավորագիրը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հաշտության համաձայնությունը կողմերի միջև փոխզիջման արդյունքում ձեռքբերված պայմանավորվածություն է, որը հաստատվում է դատարանի կողմից: Հաշտության համաձայնություն կնքելը տնօրինչական դատավարական գործողություն է, որի միջոցով կողմերը տնօրինում են իրենց ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքները: Մասնավորապես, կնքելով նման համաձայնություն` կողմերը փոխադարձ պայմանավորվածությամբ որոշակի փոփոխության են ենթարկում վիճելի իրավահարաբերությունը` այդ իրավահարաբերության շրջանակներում ստանձնելով նոր պարտավորություններ կամ վիճելի իրավահարաբերությունը փոխարինելով մեկ այլ իրավահարաբերությամբ կամ ուղղակիորեն դադարեցնելով այն: Վերը նշվածում դրսևորվում է հաշտության համաձայնության նյութաիրավական (քաղաքացիաիրավական) կողմը: Հաշտության համաձայնությամբ կողմերը միաժամանակ տնօրինում են իրենց դատավարական իրավունքները, ինչի արդյունքում դատավարության հետագա ընթացքը գործի վարույթի կարճմամբ դադարում է: Նշվածում էլ դրսևորվում է հաշտության համաձայնության դատավարական կողմը: Ընդ որում, հաշտության համաձայնությունը հաստատող դատարանի վճիռն իր դատավարական նշանակությամբ և հետևանքներով հավասարեցված է գործն ըստ էության լուծող վճռին, որի կամավոր չկատարումը հանգեցնում է դատական ակտի հարկադիր կատարման:

Այսպիսով, թիվ ԵԿԴ/3482/02/17 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.11.2017 թվականին կայացրած և օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով հաստատվել է կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը, հանդիսանում է Անժելա Հարությունյանի մոտ վճարային պարտավորության անվիճելիության միակ հիմքը, քանի որ այդ հաշտության համաձայնությամբ Կողմերը փոխարինել են 19.04.2017 թվականին կնքած պարտավորագրով (Անժելա Հարությունյանի և Էլիզա Հայրապետյանի միջև 19.04.2017 թվականին ստորագրված պարտավորագրով Անժելա Հարությունյանն ընդունել է, որ Էլիզա Հայրապետյանի նկատմամբ իր դրամային պարտավորությունը կազմում է 445.000 ԱՄՆ դոլար և 175.000 եվրո) նախատեսված պարտավորական հարաբերությունները նոր իրավահարաբերությամբ: Նշված հաշտության համաձայնությամբ սահմանվել է Անժելա Հարությունյանի կողմից Էլիզա Հայրապետյանին վճարման ենթակա դրամային պարտավորության չափը, պարտքի գումարի մարման կարգը և վերջնաժամկետը: Հետևաբար, վճռաբեկ բողոքի փաստարկներն այն մասին, որ պարտավորագիրը չի կարող ապացուցողական նշանակություն ունենալ անվիճելի վճարային պարտավորության առկայությունը հիմնավորելու տեսանկյունից, հիմնավոր են:

i

ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ իրավակիրառ պրակտիկան ընթացել է այն ուղղությամբ, որ միանվագ վճարային պարտավորություն նախատեսող օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա տրված կատարողական թերթն օրենքով սահմանված մեկ տարվա ժամկետում կատարման չներկայացնելով` պարտատերը զրկվում է այդ վճռով սահմանված գումարը պահանջելու և հետագայում նաև այդ վճռով նախատեսված անվիճելի վճարային պարտավորության առկայության հիմքով պարտապանին սնանկ ճանաչելու իր իրավունքի իրականացման իրավական հնարավորությունից, իսկ պարտապանն ազատվում է նույն վճռով սահմանված պարտավորությունից (տե՛ս «Արդշինբանկ» ԲԲԸ-ն ընդդեմ «Արոր-Բագրատ» արտադրական կոոպերատիվի թիվ ՀՔԴ4/0024/04/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.09.2009 թվականի որոշումը, «Արդշինբանկ» ԲԲԸ լուծարվող բանկն ընդդեմ Սպարտակ Երիցյանի թիվ ԵԱՔԴ/0018/04/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ վճարային պարտավորության անվիճելիության հաստատման համար կարող է հիմք հանդիսանալ միայն վճարային պարտավորության վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած և կատարելիության հատկանիշը պահպանած վճիռը: Այլ կերպ ասած` վճարային պարտավորության վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը (վճիռը) «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետի իմաստով կարող է հիմք հանդիսանալ վճարային պարտավորության անվիճելիությունը հաստատված համարելու և դրա հիման վրա անձին սնանկ ճանաչելու համար միայն այն դեպքում, եթե չի լրացել այդ դատական ակտի (վճռի) հիման վրա տրված կատարողական թերթը կատարման ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը, կամ կատարողական թերթը կատարման ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը լրացել է, սակայն առկա է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին համապատասխան դատարանի որոշումը: Հակառակ պարագայում, այսինքն` այն դեպքում, երբ լրացել է վճարային պարտավորության վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա տրված կատարողական թերթը կատարման ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը, և առկա չէ բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին համապատասխան դատարանի որոշումը, այդ վճիռը չի կարող հիմք հանդիսանալ վճարային պարտավորության անվիճելիությունը հաստատված համարելու և դրա հիման վրա անձին սնանկ ճանաչելու համար (տե՛ս «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Հրաշք Ապագա» ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0039/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

i

Անդրադառնալով դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի էությանը` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում նշել է, որ դատական ակտի հարկադիր կատարման կառուցակարգն ամբողջական է դարձնում դատավարությունը և ապահովում է շահագրգիռ անձի պահանջների բավարարումը, իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլորի համար և ենթակա է կատարման դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով նախատեսված կանոններին համապատասխան (տե՛ս ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժինն ընդդեմ Անուշ Իսպիրյանի թիվ ՎԴ6/0076/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը դատական ակտերի հարկադիր կատարման վարույթի հետ կապված հարաբերությունները կարգավորել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով: Նշված օրենքը սահմանում է, որ դատական ակտերի հարկադիր կատարման, այսինքն` կատարողական գործողություններ իրականացնելու միակ հիմքն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է, որում նշվում է դատական ակտի եզրափակիչ մասը:

ՀՀ վճռաբեկ դատարանի մեկ այլ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն` կատարողական թերթը կատարման ներկայացնելու համար սահմանված ժամկետը մեկ տարի է, որի հաշվարկը սկսվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից: Նշված մեկամյա ժամկետը լրանալուց հետո ներկայացված կատարողական թերթը հարկադիր կատարողը պարտավոր է վերադարձնել պահանջատիրոջը, իսկ այդ պահանջի անտեսմամբ ընդունված կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը համարվում է օրենքի խախտմամբ ընդունված (տե՛ս ՀՀ Արմավիրի մարզի Արաքս գյուղի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժնի Էջմիածնի բաժանմունքի թիվ ՎԴ4/0104/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը):

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում սահմանել է կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետները` ամրագրելով, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթը կարող է կատարման ներկայացվել տվյալ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում: Կատարողական թերթը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի պահանջներին չհամապատասխանելու կամ կատարողական թերթը նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված մեկամյա ժամկետը լրանալուց հետո ներկայացված լինելու կամ կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին կատարողական թերթ տված դատարանի որոշումն առկա չլինելու պայմաններում հարկադիր կատարողը պարտավոր է կատարողական թերթը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի հիմքով վերադարձնել այն տված դատարան: Վկայակոչված իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտից բխող պահանջի իրավունքը սահմանափակված է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված` կատարողական թերթը մեկ տարվա ընթացքում կատարման ներկայացնելու ժամկետով:

Վերը նշված իրավական վերլուծությունները համադրելով սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործով Դատարանը սնանկության դիմումի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ առկա են չկատարված պարտավորություններ, վճռի կայացման պահին դրանք գերազանցում են օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, առկա է 60-օրյա և ավելի ժամկետով կետանց և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է, վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը: Անդրադառնալով Անժելա Հայրապետյանի պարտավորությունը դադարած լինելու վերաբերյալ վերջինիս կողմից վկայակոչված ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների փաստական հանգամանքների նույնությանը` Դատարանը գտել է, որ դրանք անհիմն են, քանի որ տվյալ դեպքում Անժելա Հայրապետյանին սնանկ ճանաչելու դիմումի հիմքում դրվել է ոչ միայն թիվ ԵԿԴ/3482/02/17 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, այլև Անժելա Հարությունյանի կողմից 19.04.2017 թվականին ստորագրված պարտավորագիրը, իսկ սնանկության դիմումի դեմ պարտապանը, ըստ էության, առարկություն է ներկայացրել միայն այն հիմքով, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/3482/02/17 վճիռը կատարման չի ներկայացվել: Մինչդեռ, նշված վճռով հաստատվել է կողմերի հաշտության համաձայնությունը, որով պարտապանն ընդունել է պարտատիրոջ նկատմամբ չկատարված պարտավորությունը, և վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պարտապանի կողմից 17.11.2018 թվականին և 06.11.2019 թվականին կատարվել են պարտավորության մասնակի մարումներ` 75.000 ԱՄՆ դոլար գումարի և 2.400 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափերով:

Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ թիվ ԵԿԴ/3482/02/17 վճռով հաստատված հաշտության համաձայնությամբ, ի ապահովումն Էլիզա Հայրապետյանի հանդեպ Անժելա Հարությունյանի ստանձնած պարտավորության կատարման, կողմերը նախատեսել են գրավի պայմանագրի կնքում: Էլիզա Հայրապետյանի` որպես գրավառուի և Անժելա Հարությունյանի` որպես գրավատուի միջև վճիռն օրինական ուժ մեջ մտնելուց հետո` 09.11.2017 թվականին, կնքվել է անշարժ գույքի գրավի պայմանագիր: Թիվ ԵԿԴ/3482/02/17 վճռի, անշարժ գույքի գրավի պայմանագրի հիման վրա 12.12.2017 թվականին գրանցվել է Էլիզա Հայրապետյանի գրավի իրավունքը: Ինչպես հաշտության համաձայնությամբ, այնպես էլ գրավի պայմանագրով սահմանվել է, որ նախատեսված ժամկետներում պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում ծագում է պարտատիրոջ իրավունքը` արտադատական կարգով բռնագանձում տարածելու գրավի առարկայի վրա:, Հաշվի առնելով, որ Անժելա Հարությունյանը պատշաճ չի կատարել օրինական ուժի մեջ մտած վճռով ստանձնած պարտավորությունները` պարտատերը որպես անշարժ գույքի գրավի պայմանագրից ծագող իր իրավունքի իրացում գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ ծանուցումներ է ուղարկել պարտապան Անժելա Հարությունյանին, «Ալմանախ» կրթահամալիր ՍՊԸ-ին, ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեին` տեղեկացնելով ծանուցումը ստանալու պահից սկսած երկու ամսվա ընթացքում պարտավորությունն ամբողջությամբ չկատարելու դեպքում գրավառուի կողմից գրավի առարկայի վրա առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու գործընթաց իրականացնելու մասին, ինչը կողմերը ստացել են: Այլ կերպ ասած` թիվ ԵԿԴ/3482/02/17 վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից մեկամյա ժամկետում և դրանից հետո ինչպես պարտապանի, այնպես էլ պարտատիրոջ կողմից իրականացվել են օրինական ուժի մեջ մտած վճռի կատարմանն ուղղված գործողություններ: Բացի վերոնշյալից, վճիռն օրինական ուժի մեջ մտնելու մեկամյա ժամկետի ավարտից հետո պարտապանի կողմից 17.11.2018 թվականին և 06.11.2019 թվականին ստորագրվել են նոր ստացականներ, որոնք նույնպես պարտատիրոջ կողմից մատնանշվել են որպես սնանկության դիմումի հիմքեր: Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ կողմերի փոխադարձ համաձայնությամբ սահմանվել են դատական ակտն ուժի մեջ մտնելու մեկամյա ժամկետին հաջորդող ժամանակահատվածում պարտավորության կատարման որոշակի պայմաններ, որոնց իրացմանն ուղղված գործողություններ կողմերը կատարել են, ուստի այդպիսի պայմաններ բովանդակող վճիռը կատարման ներկայացնելու մեկամյա ժամկետը լրանալը չի կարող հիմք հանդիսանալ սնանկ ճանաչելու դիմումը մերժելու համար:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Անժելա Հարությունյանի մոտ վճարային պարտավորության առկայությունը հավաստող միակ հիմքը` թիվ ԵԿԴ/3482/02/17 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.11.2017 թվականին օրինական ուժի մեջ մտած վճիռը, վերաբերում է Անժելա Հարությունյանի կողմից Էլիզա Հայրապետյանի օգտին կատարվելիք վճարումների բռնագանձմանը: Մինչդեռ, սույն գործով Անժելա Հարությունյանին սնանկ ճանաչելու պահանջով Էլիզա Հայրապետյանը դատարան է դիմել 24.02.2020 թվականին, այսինքն` թիվ ԵԿԴ/3482/02/17 քաղաքացիական գործով կայացված վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից մեկամյա ժամկետը լրանալուց հետո: Անժելա Հարությունյանը դատարան չի ներկայացրել վերոնշյալ վճռի հիման վրա կատարողական թերթ տրված լինելու և այն կատարման ներկայացված լինելու վերաբերյալ որևէ ապացույց:

i

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով վճարային պարտավորության անվիճելի լինելու փաստի առկայությունը չի հիմնավորվել, քանի որ բողոք բերած անձի սնանկության հիմքում դրվել է թիվ ԵԿԴ/3482/02/17 քաղաքացիական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված վճարային պարտավորությունը, մինչդեռ սնանկության դիմումը նշված վճիռն օրինական ուժի մեջ մտնելու մեկամյա ժամկետի ավարտից հետո դատարան ներկայացնելով` դիմումատուն զրկվել է վճռով նախատեսված անվիճելի վճարային պարտավորության առկայության հիմքով պարտապանին սնանկ ճանաչելու իր իրավունքի իրականացման իրավական հնարավորությունից:

Անդրադառնալով 17.11.2018 թվականին և 06.11.2019 թվականին պարտապանի կողմից պարտքի գումարի չափի վերաբերյալ նոր ստացականներ ստորագրված լինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված ստացականներով հավաստվում է 17.11.2018 թվականին և 06.11.2019 թվականին Էլիզա Հայրապետյանի` Անժելա Հարությունյանից որոշակի գումարներ ստացած լինելու և պարտքի գումարն այդ մարումներին համապատասխան չափով նվազած լինելու հանգամանքները: Պարտավոր անձի այն գործողությունները, որոնք հավաստվում են նշված ստացականներով, կատարվել են պարտավորության հիմք հանդիսացող հաշտության համաձայնությունը հաստատող դատական ակտի կատարման ժամկետի ավարտից հետո, ուստի չեն կարող բնորոշվել որպես պարտքի ճանաչմանն ուղղված գործողություններ և հիմք հանդիսանալ արդեն իսկ դադարած պարտավորության վերականգնման համար: Ավելին, դրանք չեն բովանդակում գումարային պարտավորության էական պայմանների վերաբերյալ տվյալներ, ուստի չեն կարող պարտավորության ինքնուրույն հիմք հանդիսանալ:

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով սնանկության դիմումի քննությամբ Դատարանը, իսկ վերաքննիչ բողոքի քննությամբ նաև Վերաքննիչ դատարանը չեն հիմնավորել սնանկության դիմումի հիմքում ընկած` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված հիմքերի առկայությունը` համապատասխան հիմքի (հիմքերի) հիմնավորվածությունը պարզելիս հաշվի չեն առել այն միակ և էական հանգամանքը, որ թիվ ԵԿԴ/3482/02/17 քաղաքացիական գործով կայացված վճիռն այլևս կորցրել է իր կատարելիության հատկանիշը, քանի որ բացակայում է նաև դատարանի որոշմամբ կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դատարանի որոշումը: Այսինքն` պարտատերը զրկվել է այդ վճռով սահմանված գումարը պահանջելու և հետագայում նաև այդ վճռով նախատեսված անվիճելի վճարային պարտավորության առկայության հիմքով պարտապանին սնանկ ճանաչելու իր իրավունքի իրականացման իրավական հնարավորությունից, իսկ պարտապանն ազատվել է նույն վճռով սահմանված պարտավորությունից, ինչն անտեսվել է ստորադաս ատյանների կողմից:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

 

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

i

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ) գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ) գլխի կանոնների համաձայն:

i

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում ստորադաս դատարանի դատական ակտը ենթակա է բեկանման և փոփոխման, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի իրավակարգավորումը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Էլիզա Հայրապետյանից հօգուտ Անժելա Հարությունյանի պետք է բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար և 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

 

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.12.2020 թվականի որոշումը և այն փոփոխել` Էլիզա Հայրապետյանի դիմումը` Անժելա Հարությունյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, մերժել:

2. Էլիզա Հայրապետյանից հօգուտ Անժելա Հարությունյանի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

2.1. Էլիզա Հայրապետյանից հօգուտ Անժելա Հարությունյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ՍնԴ/0463/04/20 սնանկության գործով 03.12.2021 թվականին

կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

03.12.2021 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2021 թվականի դեկտեմբերի 03-ին գրավոր ընթացակարգով քննելով Անժելա Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.12.2020 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի Էլիզա Հայրապետյանի` Անժելա Հարությունյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.12.2020 թվականի որոշումը և այն փոփոխել` Էլիզա Հայրապետյանի դիմումը` Անժելա Հարությունյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, մերժել:

i

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

«Դիմելով դատարան` Էլիզա Հայրապետյանը պահանջել է սնանկ ճանաչել Անժելա Հարությունյանին:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Ս. Թադևոսյան) (այսուհետ` Դատարան) 29.06.2020 թվականի վճռով դիմումը բավարարվել է` Անժելա Հարությունյանը ճանաչվել է սնանկ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.12.2020 թվականի որոշմամբ Անժելա Հարությունյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 29.06.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անժելա Հարությունյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Էլիզա Հայրապետյանը»:

 

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը, «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածը, 247-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ թիվ ԵԿԴ/3482/02/17 քաղաքացիական գործով կայացված վճիռը, որով հաստատվել է հաշտությունը, չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ: Վճարային պարտավորության վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա կատարողական թերթը ստանալու մասին դիմում ներկայացնելու և կատարողական թերթը կատարման ներկայացնելու օրենքով սահմանված մեկամյա ժամկետը լրացել է 03.11.2018 թվականին: Սույն գործով դիմումատուն, ով թիվ ԵԿԴ/3482/02/17 քաղաքացիական գործով հայցվորն էր, նշված քաղաքացիական գործով վճիռը կատարման չի ներկայացրել:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վճիռը, որը պարտավորության իրավական հիմքն է, կորցրել է կատարելիության հատկանիշը, և դրանով չի կարող հիմնավորվել անվիճելի վճարային պարտավորության առկայությունը, ինչը բավարար հիմք է սնանկության դիմումը մերժելու համար: Այսինքն` սնանկության դիմումը ենթակա է մերժման «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով անվիճելի վճարային պարտավորության բացակայության հիմքով:

Բացի դրանից, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ կողմերի միջև գրավի պայմանագիրը կնքվել է որպես հիմնական պարտավորության կատարումն ապահովելու միջոց: Նշվածից հետևում է, որ գրավի առկայությունը չի վկայում հիմնական պարտավորության առկայության և դրա անվիճելիության մասին, և հիմնական պարտավորության դադարած լինելու դեպքում դադարում է նաև գրավը: Ինչ վերաբերում է 17.11.2018 թվականին և 06.11.2019 թվականին պարտապանի կողմից պարտքի գումարի չափի վերաբերյալ նոր ստացականներ ստորագրված լինելուն, ապա նշված ստացականները ստորագրվել են 03.11.2017 թվականի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու մեկամյա ժամկետի ավարտից հետո, երբ վճռի կատարելիության հատկանիշի կորստի ուժով պարտավորությունն արդեն իսկ դադարել է: Հետևաբար, 03.11.2018 թվականից հետո կատարված վճարումները վերոնշյալ պատճառաբանությամբ չեն հանդիսանում վճարային պարտավորության մարումներ, և այդ ստացականներով չի կարող հավաստվել սնանկության համար հիմք հանդիսացող անվիճելի վճարային պարտավորություն գոյություն ունենալու փաստը:

Միաժամանակ, 445.000 ԱՄՆ դոլար և 175.000 եվրո գումարը սնանկության գործով դիմումատուին վերադարձնելու վերաբերյալ 19.04.2017 թվականին տրված պարտավորագիրը չի կարող որևէ ապացուցողական նշանակություն ունենալ անվիճելի վճարային պարտավորության առկայությունը հիմնավորելու տեսանկյունից, քանի որ պարտավորագրի հիման վրա սույն վեճի կողմերը կնքել են հաշտության համաձայնություն` սահմանելով պարտավորության նոր պայմաններ, հետևաբար պարտավորության նախորդ իրավական հիմքը չէր կարող գործել նոր հիմքի հետ միաժամանակ:

ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԼԴ/0039/04/14 սնանկության գործով 22.07.2016 թվականի, թիվ ԵԱՔԴ/0018/04/10 սնանկության գործով 01.04.2011 թվականի և թիվ ՀՔԴ4/0024/04/08 սնանկության գործով 18.09.2009 թվականի որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները կիրառելի են սույն գործի նույնանման փաստական հանգամանքների նկատմամբ, մինչդեռ Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ կիրառել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը վերոնշյալ որոշումներում տրված իրավական դիրքորոշմանը հակասող մեկնաբանությամբ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.12.2020 թվականի որոշումը և փոփոխել այն` դիմումը մերժել»:

 

2.1 Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումներ նշել է հետևյալը.

«Բողոքաբերը, մեջբերելով ՀՀ վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներ, փորձել է հիմնավորել, որ թիվ ԵԿԴ/3482/02/17 գործով 03.11.2017 թվականի վճիռն օրենքով սահմանված մեկամյա ժամկետում կատարման չի ներկայացվել, հետևաբար Էլիզա Հայրապետյանը զրկվել է այդ վճռով սահմանված գումարը պահանջելու իր իրավունքն իրացնելու իրավական հնարավորությունից, և հետևաբար պարտապանն ազատվել է նույն վճռով սահմանված իր պարտավորությունից: Մինչդեռ, բողոքաբերն անտեսել է այն հանգամանքը, որ դիմողը ներկայացրել էր բողոքաբերին սնանկ ճանաչելու երկու ինքնուրույն հիմքեր` 1. վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով, 2. պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա:

19.04.2017 թվականին բողոքաբերը 445.000 ԱՄՆ դոլար և 175.000 եվրո գումարը վերադարձնելու պարտավորագիր է տվել դիմումատուին: Հետևաբար, սնանկ ճանաչելու հիմք է անվիճելի վճարային պարտավորության առկայությունը, որի հիմքում գործարքն է»:

 

3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.

«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը թիվ ԵԿԴ/3482/02/17 քաղաքացիական գործով 03.11.2017 թվականի վճռով հաստատել է Էլիզա Հայրապետյանի և Անժելա Հարությունյանի միջև կնքված հաշտության համաձայնությունը` հետևյալ բովանդակությամբ.

«(...) 1. Պատասխանողն ընդունում է, որ Հայցվորի նկատմամբ իր դրամային պարտավորությունը կազմում է 445.000 ԱՄՆ դոլար և 175.000 եվրո, պարտավորվում է սույն հաշտության համաձայնության 5-րդ կետով սահմանված կարգով Հայցվորին վճարել 445.000 ԱՄՆ դոլար և 175.000 եվրո գումարը և հատուցել դատական ծախսերը ամբողջությամբ:

2. Որպես Անժելա Հարությունյանի անվան «Ալմանախ» կրթահամալիր ՍՊԸ 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր` Պատասխանողը պարտավորվում է ապահովել համապատասխան որոշման ընդունումը որպես սույն հաշտության համաձայնության 1-ին կետում նշված պարտավորությունների կատարման ապահովում ընկերությանը պատկանող ք. Երևան, Էրեբունի համայնք, Միչուրինի 36 հասցեի (կադաստրային համար 01-005) անշարժ գույքը (այսուհետ` գրավ) գրավադնելու համար, միաժամանակ որպես «Ալմանախ» կրթահամալիր ՍՊԸ 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր Պատասխանողը պարտավորվում է Դատարանի կողմից սույն հաշտության համաձայնության հաստատման պահից 5-օրյա ժամկետում ապահովել Հայցվորի և «Ալմանախ» կրթահամալիր ՍՊԸ-ի միջև հօգուտ համաձայնության 1-ին կետով ստանձնած պարտավորության կատարման գրավի պայմանագրի կնքումը:

3. Կողմերն ընդունում են, որ գրավի շուկայական արժեքը, «ՎԻ ԷՄ-ԱՐ ՓԻ» ՍՊԸ կողմից տրված ՎՄ-30/1023 հաշվետվության համաձայն, 02.10.2017 թվականի դրությամբ կազմում է 722.200.000 ՀՀ դրամ:

4. Պատասխանողը պարտավորվում է Հայցվորի նկատմամբ ստանձնած պարտավորությունը կատարել սույն հաշտության համաձայնությունը դատարանի կողմից հաստատվելու օրվանից մեկ տարվա ընթացքում` պայմանով, որ մեկ տարվա ընթացքում պարտավորության առնվազն կեսը (50 տոկոս) մարելու դեպքում պարտավորության կատարման ժամկետը կերկարաձգվի ևս վեց ամսով:

5. Կողմերը պայմանավորվում են, որ Պատասխանողը հաշտության համաձայնությունը դատարանի կողմից հաստատվելու օրվանից մեկ տարվա ընթացքում պարտավորության առնվազն կեսը (50 տոկոս) մարելու դեպքում ժամկետը կերկարաձգվի ևս վեց ամիս, ընդ որում մեկ տարվա յուրաքանչյուր վեց ամիսների ընթացքում պետք է վճարվի պարտավորության 50 տոկոսի կեսը:

6. Պատասխանողի կողմից պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Հայցվորին իրավունք է վերապահվում Քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի կարգով գրավի վրա բռնագանձում տարածել` առանց դատարան դիմելու: Արտադատական կարգով բռնագանձում տարածելու դեպքում բացի պարտավորության չկատարված մասից Հայցվորն իրավունք ունի գրավի իրացված արժեքից որպես հատուցում ստանալ նաև սույն հաշտության համաձայնության ստորագրման պահից մինչև գրավի իրացման պահը կատարված ծախսերը (պետական տուրքեր, փաստաբանի վարձատրություն, գրավի առարկայի պահպանման և իրացման հետ կապված ծախսեր և այլն):

7. Հայցվորը պարտավորվում է սույն հաշտության համաձայնությամբ սահմանված պարտավորության կատարման ժամանակահատվածում Պատասխանողի կողմից գույքը վաճառելու դեպքում տալ գրավադրված գույքը վաճառելու համաձայնություն` պայմանով, որ վաճառքի գումարից առաջնահերթ կմարվի Հայցվորի հանդեպ ունեցած պարտավորությունը, այդ թվում նաև սույն հաշտության համաձայնության ստորագրման պահից մինչև գրավի իրացման պահը կատարված ծախսերը (...):

8. Սույն հաշտության համաձայնությամբ ստանձնած պարտավորությունները չկատարելու, ոչ պատշաճ կատարելու և/կամ կատարումից հրաժարվելու դեպքում կողմերն իրավունք ունեն պահանջելու այդպիսիք կատարելու ԴԱՀԿ մարմինների միջոցով (հարկադիր կատարում):

9. Դատարանի կողմից սույն հաշտության համաձայնությունը հաստատվելու և օրինական ուժի մեջ մտնելու պահից Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող թիվ ԵԿԴ/3482/02/17 քաղաքացիական գործի վարույթը կարճվում է, և որպես հետևանք կողմերը զրկվում են նույն առարկայի միևնույն հիմքով վեճի վերաբերյալ կրկին դատարան դիմելու իրավունքից: (...)» (հավելված 1-ին, գ.թ. 13-16):

2) Էլիզա Հայրապետյանի` որպես գրավառուի և Անժելա Հարությունյանի` որպես պարտապանի միջև, ի կատարումն ուժի մեջ մտած թիվ ԵԿԴ/3482/02/17 վճռով հաստատված հաշտության համաձայնության դրույթների, 09.11.2017 թվականին կնքվել է անշարժ գույքի գրավի պայմանագիր, որի 1.2 կետի համաձայն` գրավով ապահովված պարտավորությունը պարտապանը պարտավոր է կատարել հաշտության համաձայնությամբ սահմանված կարգով մեկ ու կես տարվա ընթացքում, 1.6 կետի համաձայն` գրավի իրավունքը գրավառուի մոտ ծագում է գրավի պայմանագիրը կնքելու և դրանից բխող գրավի իրավունքը գրանցելու պահից,

1.10 կետի համաձայն` պայմանագրով գրավի առարկան թողնվում է գրավատուի տրամադրության և օգտագործման ներքո մինչև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածով սահմանված գործողությունների կատարումը, 2.1.2 կետի համաձայն` գրավառուն իրավունք ունի գրավով ապահովված պարտավորությունը պարտապանի կողմից չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում օրենքով սահմանված կարգով իր պահանջները բավարարել գրավի առարկայի հաշվին, 3.1 կետի համաձայն` պարտապանի կողմից հաշտության համաձայնությամբ ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածել և իրացնել այն, 3.3 կետի համաձայն` 3.1 կետում նշված բռնագանձման հիմքերի ի հայտ գալու դեպքում գրավառուն գրավոր պատշաճ ձևով ծանուցում է գրավատուին և պարտապանին գրավի առարկայի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու մասին (բռնագանձման ծանուցում), բռնագանձման ծանուցումը հանձնելուց երկու ամիս հետո գրավառուն իր պահանջների բավարարման նպատակով իրավունք ունի հաշտության համաձայնությամբ ստանձնած պարտավորությունների չափով ի սեփականություն ընդունել գրավը կամ գրավատուի անունից իրացնել գրավի առարկան ուղղակի վաճառքի միջոցով,

(...) (հավելված 1-ին, գ.թ. 19-22):

3) Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.11.2017 թվականի թիվ ԵԿԴ/3482/02/17 վճռի, անշարժ գույքի գրավի 09.11.2017 թվականի պայմանագրի հիման վրա 12.12.2017 թվականին Երևան քաղաքի Էրեբունի համայնքի Միչուրինի թիվ 36 մանկապարտեզի նկատմամբ գրանցվել է Էլիզա Հայրապետյանի գրավի իրավունքը (հավելված 1-ին, գ.թ. 23):

4) Էլիզա Հայրապետյանն Անժելա Հարությունյանին, «Ալմանախ» կրթահամալիր ՍՊԸ-ին, ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեին հասցեագրված բռնագանձման ծանուցումներով հայտնել է, որ Անժելա Հարությունյանը պատշաճ չի կատարել ստանձնած պարտավորությունները, տեղեկացրել է ծանուցումը ստանալու պահից սկսած երկու ամսվա ընթացքում պարտավորությունն ամբողջությամբ չկատարելու դեպքում գրավառուի կողմից գրավի առարկայի վրա առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու գործընթաց իրականացնելու մասին (հավելված 1-ին, գ.թ. 26):

5) Անժելա Հարությունյանը 19.04.2017 թվականին պարտավորագիր է ստորագրել այն մասին, որ Էլիզա Հայրապետյանին պարտք է 445.000 ԱՄՆ դոլար և 175.000 եվրո, որը պարտավորվում է վերադարձնել (հավելված 1-ին, գ.թ. 8):

6) Էլիզա Հայրապետյանի կողմից տրված և Անժելա Հարությունյանի կողմից 17.11.2018 թվականին ստորագրված ստացականի համաձայն` դատարանի կողմից հաստատված հաշտության համաձայնության շրջանակներում Էլիզա Հայրապետյանը Անժելա Հարությունյանից 17.11.2018 թվականին ստացել է 75.000 ԱՄՆ դոլար գումար, պարտքի մնացորդը կազմում է 75.000 ԱՄՆ դոլար գումարով նվազ (հավելված 1-ին, գ.թ. 25):

7) Ռոման Գործակալյանը և Անժելա Հարությունյանը 06.11.2019 թվականին ստորագրել են գրավոր փաստաթուղթ, որի համաձայն` Ռոման Գործակալյանը Անժելա Հարությունյանից ստացել է 2.400 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես Էլիզա Հայրապետյանի նկատմամբ ունեցած պարտավորության մասնակի մարում /հիմք` 06.11.2019 թվական թվագրված փաստաթուղթը` ստորագրված Անժելա Հարությունյանի և Ռոման Գործակալյանի կողմից/ (հավելված 1-ին, գ.թ. 25 դարձերես)»:

 

4. Վճռաբեկ դատարանը որպես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է` բողոքարկվող դատական ակտում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին տրված մեկնաբանությունը հակասում է Վճռաբեկ դատարանի` թիվ ԼԴ/0039/04/14 քաղաքացիական գործով 22.07.2016 թվականի, թիվ ՀՔԴ4/0024/04/08 քաղաքացիական գործով 18.09.2009 թվականի և թիվ ԵԱՔԴ/0018/04/10 քաղաքացիական գործով 01.04.2011 թվականի որոշումներով տվյալ նորմին տրված մեկնաբանությանը.

 

Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

1. արդյո՞ք գումարի բռնագանձման վերաբերյալ վճիռը կարող է հիմք հանդիսանալ անձի մոտ անվիճելի վճարային պարտավորության առկայությունը հաստատելու համար, եթե վճռի հիման վրա կատարողական թերթը կատարման ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը լրացել է, և առկա չէ բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին համապատասխան դատարանի որոշում:

2. արդյո՞ք կողմերի միջև կնքված պարտավորագիրը կարող է շարունակել համարվել պարտավորության կատարման ինքնուրույն հիմք այն պարագայում, երբ միևնույն պարտավորության չափի և կատարման պայմանների վերաբերյալ կողմերի միջև դատական վեճի շրջանակներում կնքվել է հաշտության համաձայնություն, որը հաստատվել է դատարանի կողմից:

 

i

Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` (...) պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` պարտապանը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել`

1) հարկադրված սնանկության դիմումի հիման վրա` եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն): Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն`

ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը,

բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը), (...):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներում անդրադարձել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի վերլուծությանը և արձանագրել է, որ հարկադրված սնանկության դեպքում վճարային պարտավորության անվիճելիությունը, այդպիսի պարտավորության առնվազն 60-օրյա ժամկետով կետանցը և վճռի կայացման պահին այդպիսի կետանցի շարունակվելն այն երեք պայմաններն են, որոնցից յուրաքանչյուրի առկայությունն անհրաժեշտ է, իսկ բոլորինը միասին` բավարար, անձին սնանկ ճանաչելու համար (տե՛ս «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Գևորգ Հարոյանի թիվ ԵՇԴ/0009/04/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ վճարային պարտավորության անվիճելիությունն առկա է այն դեպքում, երբ պարտապանը չի առարկում սնանկ ճանաչելու պահանջի դեմ: Այդուհանդերձ, օրենքի վերոնշյալ դրույթը կարգավորում է նաև այն դեպքերը, երբ պարտապանը վիճարկում է պարտավորության անվիճելի լինելու փաստը, այլ կերպ ասած` առարկում է իրեն սնանկ ճանաչելու պահանջի դեմ, և այդ առարկությունները վերաբերում են վճարային պարտավորությանը (այլ ոչ թե կետանցին կամ կետանցը շարունակվելուն): Նման պայմաններում վերը հիշատակված հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «անվիճելի վճարային պարտավորություն» եզրույթի բովանդակությունը բացահայտելու համար անհրաժեշտ է այն դիտարկել նույն կետի «ա» և «բ» ենթակետերի համատեքստում: Մասնավորապես` վկայակոչված ենթակետերով որպես վճարային պարտավորության անվիճելիության երկու ինքնուրույն հիմքեր դիտարկվում են օրինական ուժի մեջ մտած վճիռը (դատավճիռը) և գրավոր գործարքը` հաշվանցի հնարավորության բացակայության պայմանով:

Սույն քաղաքացիական գործը հարուցվել է Էլիզա Հայրապետյանի դիմումի հիման վրա, որով վերջինս պահանջել է Անժելա Հարությունյանին ճանաչել սնանկ` Անժելա Հարությունյանի մոտ առկա վճարային պարտավորության անվիճելիությունը հիմնավորելով ստորև նշված ապացույցներով.

1) Անժելա Հարությունյանի և Էլիզա Հայրապետյանի միջև 19.04.2017 թվականին ստորագրված պարտավորագիրը,

2) թիվ ԵԿԴ/3482/02/17 քաղաքացիական գործով 03.11.2017 թվականին կայացված վճիռը, որով Անժելա Հարությունյանի և Էլիզա Հայրապետյանի միջև հաստատվել է հաշտության համաձայնությունը:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Անժելա Հարությունյանի և Էլիզա Հայրապետյանի միջև 19.04.2017 թվականին ստորագրված պարտավորագրով Անժելա Հարությունյանն ընդունել է, որ Էլիզա Հայրապետյանի նկատմամբ իր դրամային պարտավորությունը կազմում է 445.000 ԱՄՆ դոլար և 175.000 եվրո, որը պարտավորվում է վերադարձնել: Միևնույն ժամանակ, թիվ ԵԿԴ/3482/02/17 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.11.2017 թվականին կայացրած և նույն թվականին օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվել է կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը, որի համաձայն` Անժելա Հարությունյանը պարտավորվել է Էլիզա Հայրապետյանի նկատմամբ ստանձնած պարտավորությունը կատարել նույն հաշտության համաձայնությունը դատարանի կողմից հաստատվելու օրվանից մեկ տարվա ընթացքում` պայմանով, որ մեկ տարվա ընթացքում պարտավորության առնվազն կեսը (50%) մարելու դեպքում պարտավորության կատարման ժամկետը կերկարաձգվի ևս վեց ամսով: Անժելա Հարությունյանը պարտավորվել է հաշտության համաձայնությունը դատարանի կողմից հաստատվելու օրվանից մեկ տարվա ընթացքում մարել պարտավորության առնվազն կեսը (50%) և մարելու դեպքում ժամկետը կերկարաձգվի ևս 6 ամիս, ընդ որում, մեկ տարվա յուրաքանչյուր վեց ամիսների ընթացքում պետք է վճարվի պարտավորության 50%-ի կեսը: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վերը նշված վճռով հաստատված հաշտության համաձայնությունը կազմելիս կողմերը հիմք են ընդունել 19.04.2017 թվականին ստորագրված պարտավորագիրը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հաշտության համաձայնությունը կողմերի միջև փոխզիջման արդյունքում ձեռքբերված պայմանավորվածություն է, որը հաստատվում է դատարանի կողմից: Հաշտության համաձայնություն կնքելը տնօրինչական դատավարական գործողություն է, որի միջոցով կողմերը տնօրինում են իրենց ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքները: Մասնավորապես, կնքելով նման համաձայնություն` կողմերը փոխադարձ պայմանավորվածությամբ որոշակի փոփոխության են ենթարկում վիճելի իրավահարաբերությունը` այդ իրավահարաբերության շրջանակներում ստանձնելով նոր պարտավորություններ կամ վիճելի իրավահարաբերությունը փոխարինելով մեկ այլ իրավահարաբերությամբ կամ ուղղակիորեն դադարեցնելով այն: Վերը նշվածում դրսևորվում է հաշտության համաձայնության նյութաիրավական (քաղաքացիաիրավական) կողմը: Հաշտության համաձայնությամբ կողմերը միաժամանակ տնօրինում են իրենց դատավարական իրավունքները, ինչի արդյունքում դատավարության հետագա ընթացքը գործի վարույթի կարճմամբ դադարում է: Նշվածում էլ դրսևորվում է հաշտության համաձայնության դատավարական կողմը: Ընդ որում, հաշտության համաձայնությունը հաստատող դատարանի վճիռն իր դատավարական նշանակությամբ և հետևանքներով հավասարեցված է գործն ըստ էության լուծող վճռին, որի կամավոր չկատարումը հանգեցնում է դատական ակտի հարկադիր կատարման:

Այսպիսով, թիվ ԵԿԴ/3482/02/17 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.11.2017 թվականին կայացրած և օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով հաստատվել է կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը, հանդիսանում է Անժելա Հարությունյանի մոտ վճարային պարտավորության անվիճելիության միակ հիմքը, քանի որ այդ հաշտության համաձայնությամբ Կողմերը փոխարինել են 19.04.2017 թվականին կնքած պարտավորագրով (Անժելա Հարությունյանի և Էլիզա Հայրապետյանի միջև 19.04.2017 թվականին ստորագրված պարտավորագրով Անժելա Հարությունյանն ընդունել է, որ Էլիզա Հայրապետյանի նկատմամբ իր դրամային պարտավորությունը կազմում է 445.000 ԱՄՆ դոլար և 175.000 եվրո) նախատեսված պարտավորական հարաբերությունները նոր իրավահարաբերությամբ: Նշված հաշտության համաձայնությամբ սահմանվել է Անժելա Հարությունյանի կողմից Էլիզա Հայրապետյանին վճարման ենթակա դրամային պարտավորության չափը, պարտքի գումարի մարման կարգը և վերջնաժամկետը: Հետևաբար, վճռաբեկ բողոքի փաստարկներն այն մասին, որ պարտավորագիրը չի կարող ապացուցողական նշանակություն ունենալ անվիճելի վճարային պարտավորության առկայությունը հիմնավորելու տեսանկյունից, հիմնավոր են:

ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ իրավակիրառ պրակտիկան ընթացել է այն ուղղությամբ, որ միանվագ վճարային պարտավորություն նախատեսող օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա տրված կատարողական թերթն օրենքով սահմանված մեկ տարվա ժամկետում կատարման չներկայացնելով` պարտատերը զրկվում է այդ վճռով սահմանված գումարը պահանջելու և հետագայում նաև այդ վճռով նախատեսված անվիճելի վճարային պարտավորության առկայության հիմքով պարտապանին սնանկ ճանաչելու իր իրավունքի իրականացման իրավական հնարավորությունից, իսկ պարտապանն ազատվում է նույն վճռով սահմանված պարտավորությունից (տե՛ս «Արդշինբանկ» ԲԲԸ-ն ընդդեմ «Արոր-Բագրատ» արտադրական կոոպերատիվի թիվ ՀՔԴ4/0024/04/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.09.2009 թվականի որոշումը, «Արդշինբանկ» ԲԲԸ լուծարվող բանկն ընդդեմ Սպարտակ Երիցյանի թիվ ԵԱՔԴ/0018/04/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ վճարային պարտավորության անվիճելիության հաստատման համար կարող է հիմք հանդիսանալ միայն վճարային պարտավորության վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած և կատարելիության հատկանիշը պահպանած վճիռը: Այլ կերպ ասած` վճարային պարտավորության վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը (վճիռը) «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետի իմաստով կարող է հիմք հանդիսանալ վճարային պարտավորության անվիճելիությունը հաստատված համարելու և դրա հիման վրա անձին սնանկ ճանաչելու համար միայն այն դեպքում, եթե չի լրացել այդ դատական ակտի (վճռի) հիման վրա տրված կատարողական թերթը կատարման ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը, կամ կատարողական թերթը կատարման ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը լրացել է, սակայն առկա է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին համապատասխան դատարանի որոշումը: Հակառակ պարագայում, այսինքն` այն դեպքում, երբ լրացել է վճարային պարտավորության վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա տրված կատարողական թերթը կատարման ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը, և առկա չէ բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին համապատասխան դատարանի որոշումը, այդ վճիռը չի կարող հիմք հանդիսանալ վճարային պարտավորության անվիճելիությունը հաստատված համարելու և դրա հիման վրա անձին սնանկ ճանաչելու համար (տե՛ս «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Հրաշք Ապագա» ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0039/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Անդրադառնալով դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի էությանը` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում նշել է, որ դատական ակտի հարկադիր կատարման կառուցակարգն ամբողջական է դարձնում դատավարությունը և ապահովում է շահագրգիռ անձի պահանջների բավարարումը, իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլորի համար և ենթակա է կատարման դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով նախատեսված կանոններին համապատասխան (տե՛ս ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժինն ընդդեմ Անուշ Իսպիրյանի թիվ ՎԴ6/0076/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը դատական ակտերի հարկադիր կատարման վարույթի հետ կապված հարաբերությունները կարգավորել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով: Նշված օրենքը սահմանում է, որ դատական ակտերի հարկադիր կատարման, այսինքն` կատարողական գործողություններ իրականացնելու միակ հիմքն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է, որում նշվում է դատական ակտի եզրափակիչ մասը:

ՀՀ վճռաբեկ դատարանի մեկ այլ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն` կատարողական թերթը կատարման ներկայացնելու համար սահմանված ժամկետը մեկ տարի է, որի հաշվարկը սկսվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից: Նշված մեկամյա ժամկետը լրանալուց հետո ներկայացված կատարողական թերթը հարկադիր կատարողը պարտավոր է վերադարձնել պահանջատիրոջը, իսկ այդ պահանջի անտեսմամբ ընդունված կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը համարվում է օրենքի խախտմամբ ընդունված (տե՛ս ՀՀ Արմավիրի մարզի Արաքս գյուղի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժնի Էջմիածնի բաժանմունքի թիվ ՎԴ4/0104/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում սահմանել է կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետները` ամրագրելով, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթը կարող է կատարման ներկայացվել տվյալ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում: Կատարողական թերթը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի պահանջներին չհամապատասխանելու կամ կատարողական թերթը նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված մեկամյա ժամկետը լրանալուց հետո ներկայացված լինելու կամ կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին կատարողական թերթ տված դատարանի որոշումն առկա չլինելու պայմաններում հարկադիր կատարողը պարտավոր է կատարողական թերթը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի հիմքով վերադարձնել այն տված դատարան: Վկայակոչված իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտից բխող պահանջի իրավունքը սահմանափակված է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված` կատարողական թերթը մեկ տարվա ընթացքում կատարման ներկայացնելու ժամկետով:

Վերը նշված իրավական վերլուծությունները համադրելով սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործով Դատարանը սնանկության դիմումի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ առկա են չկատարված պարտավորություններ, վճռի կայացման պահին դրանք գերազանցում են օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, առկա է 60-օրյա և ավելի ժամկետով կետանց և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է, վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը: Անդրադառնալով Անժելա Հայրապետյանի պարտավորությունը դադարած լինելու վերաբերյալ վերջինիս կողմից վկայակոչված ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների փաստական հանգամանքների նույնությանը` Դատարանը գտել է, որ դրանք անհիմն են, քանի որ տվյալ դեպքում Անժելա Հայրապետյանին սնանկ ճանաչելու դիմումի հիմքում դրվել է ոչ միայն թիվ ԵԿԴ/3482/02/17 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, այլև Անժելա Հարությունյանի կողմից 19.04.2017 թվականին ստորագրված պարտավորագիրը, իսկ սնանկության դիմումի դեմ պարտապանը, ըստ էության, առարկություն է ներկայացրել միայն այն հիմքով, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/3482/02/17 վճիռը կատարման չի ներկայացվել: Մինչդեռ, նշված վճռով հաստատվել է կողմերի հաշտության համաձայնությունը, որով պարտապանն ընդունել է պարտատիրոջ նկատմամբ չկատարված պարտավորությունը, և վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պարտապանի կողմից 17.11.2018 թվականին և 06.11.2019 թվականին կատարվել են պարտավորության մասնակի մարումներ` 75.000 ԱՄՆ դոլար գումարի և 2.400 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափերով:

Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ թիվ ԵԿԴ/3482/02/17 վճռով հաստատված հաշտության համաձայնությամբ, ի ապահովումն Էլիզա Հայրապետյանի հանդեպ Անժելա Հարությունյանի ստանձնած պարտավորության կատարման, կողմերը նախատեսել են գրավի պայմանագրի կնքում: Էլիզա Հայրապետյանի` որպես գրավառուի և Անժելա Հարությունյանի` որպես գրավատուի միջև վճիռն օրինական ուժ մեջ մտնելուց հետո` 09.11.2017 թվականին, կնքվել է անշարժ գույքի գրավի պայմանագիր: Թիվ ԵԿԴ/3482/02/17 վճռի, անշարժ գույքի գրավի պայմանագրի հիման վրա 12.12.2017 թվականին գրանցվել է Էլիզա Հայրապետյանի գրավի իրավունքը: Ինչպես հաշտության համաձայնությամբ, այնպես էլ գրավի պայմանագրով սահմանվել է, որ նախատեսված ժամկետներում պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում ծագում է պարտատիրոջ իրավունքը` արտադատական կարգով բռնագանձում տարածելու գրավի առարկայի վրա:, Հաշվի առնելով, որ Անժելա Հարությունյանը պատշաճ չի կատարել օրինական ուժի մեջ մտած վճռով ստանձնած պարտավորությունները` պարտատերը որպես անշարժ գույքի գրավի պայմանագրից ծագող իր իրավունքի իրացում գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ ծանուցումներ է ուղարկել պարտապան Անժելա Հարությունյանին, «Ալմանախ» կրթահամալիր ՍՊԸ-ին, ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեին` տեղեկացնելով ծանուցումը ստանալու պահից սկսած երկու ամսվա ընթացքում պարտավորությունն ամբողջությամբ չկատարելու դեպքում գրավառուի կողմից գրավի առարկայի վրա առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու գործընթաց իրականացնելու մասին, ինչը կողմերը ստացել են: Այլ կերպ ասած` թիվ ԵԿԴ/3482/02/17 վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից մեկամյա ժամկետում և դրանից հետո ինչպես պարտապանի, այնպես էլ պարտատիրոջ կողմից իրականացվել են օրինական ուժի մեջ մտած վճռի կատարմանն ուղղված գործողություններ: Բացի վերոնշյալից, վճիռն օրինական ուժի մեջ մտնելու մեկամյա ժամկետի ավարտից հետո պարտապանի կողմից 17.11.2018 թվականին և 06.11.2019 թվականին ստորագրվել են նոր ստացականներ, որոնք նույնպես պարտատիրոջ կողմից մատնանշվել են որպես սնանկության դիմումի հիմքեր: Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ կողմերի փոխադարձ համաձայնությամբ սահմանվել են դատական ակտն ուժի մեջ մտնելու մեկամյա ժամկետին հաջորդող ժամանակահատվածում պարտավորության կատարման որոշակի պայմաններ, որոնց իրացմանն ուղղված գործողություններ կողմերը կատարել են, ուստի այդպիսի պայմաններ բովանդակող վճիռը կատարման ներկայացնելու մեկամյա ժամկետը լրանալը չի կարող հիմք հանդիսանալ սնանկ ճանաչելու դիմումը մերժելու համար:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Անժելա Հարությունյանի մոտ վճարային պարտավորության առկայությունը հավաստող միակ հիմքը` թիվ ԵԿԴ/3482/02/17 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.11.2017 թվականին օրինական ուժի մեջ մտած վճիռը, վերաբերում է Անժելա Հարությունյանի կողմից Էլիզա Հայրապետյանի օգտին կատարվելիք վճարումների բռնագանձմանը: Մինչդեռ, սույն գործով Անժելա Հարությունյանին սնանկ ճանաչելու պահանջով Էլիզա Հայրապետյանը դատարան է դիմել 24.02.2020 թվականին, այսինքն` թիվ ԵԿԴ/3482/02/17 քաղաքացիական գործով կայացված վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից մեկամյա ժամկետը լրանալուց հետո: Անժելա Հարությունյանը դատարան չի ներկայացրել վերոնշյալ վճռի հիման վրա կատարողական թերթ տրված լինելու և այն կատարման ներկայացված լինելու վերաբերյալ որևէ ապացույց:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով վճարային պարտավորության անվիճելի լինելու փաստի առկայությունը չի հիմնավորվել, քանի որ բողոք բերած անձի սնանկության հիմքում դրվել է թիվ ԵԿԴ/3482/02/17 քաղաքացիական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված վճարային պարտավորությունը, մինչդեռ սնանկության դիմումը նշված վճիռն օրինական ուժի մեջ մտնելու մեկամյա ժամկետի ավարտից հետո դատարան ներկայացնելով` դիմումատուն զրկվել է վճռով նախատեսված անվիճելի վճարային պարտավորության առկայության հիմքով պարտապանին սնանկ ճանաչելու իր իրավունքի իրականացման իրավական հնարավորությունից:

Անդրադառնալով 17.11.2018 թվականին և 06.11.2019 թվականին պարտապանի կողմից պարտքի գումարի չափի վերաբերյալ նոր ստացականներ ստորագրված լինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված ստացականներով հավաստվում է 17.11.2018 թվականին և 06.11.2019 թվականին Էլիզա Հայրապետյանի` Անժելա Հարությունյանից որոշակի գումարներ ստացած լինելու և պարտքի գումարն այդ մարումներին համապատասխան չափով նվազած լինելու հանգամանքները: Պարտավոր անձի այն գործողությունները, որոնք հավաստվում են նշված ստացականներով, կատարվել են պարտավորության հիմք հանդիսացող հաշտության համաձայնությունը հաստատող դատական ակտի կատարման ժամկետի ավարտից հետո, ուստի չեն կարող բնորոշվել որպես պարտքի ճանաչմանն ուղղված գործողություններ և հիմք հանդիսանալ արդեն իսկ դադարած պարտավորության վերականգնման համար: Ավելին, դրանք չեն բովանդակում գումարային պարտավորության էական պայմանների վերաբերյալ տվյալներ, ուստի չեն կարող պարտավորության ինքնուրույն հիմք հանդիսանալ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով սնանկության դիմումի քննությամբ Դատարանը, իսկ վերաքննիչ բողոքի քննությամբ նաև Վերաքննիչ դատարանը չեն հիմնավորել սնանկության դիմումի հիմքում ընկած` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված հիմքերի առկայությունը` համապատասխան հիմքի (հիմքերի) հիմնավորվածությունը պարզելիս հաշվի չեն առել այն միակ և էական հանգամանքը, որ թիվ ԵԿԴ/3482/02/17 քաղաքացիական գործով կայացված վճիռն այլևս կորցրել է իր կատարելիության հատկանիշը, քանի որ բացակայում է նաև դատարանի որոշմամբ կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դատարանի որոշումը: Այսինքն` պարտատերը զրկվել է այդ վճռով սահմանված գումարը պահանջելու և հետագայում նաև այդ վճռով նախատեսված անվիճելի վճարային պարտավորության առկայության հիմքով պարտապանին սնանկ ճանաչելու իր իրավունքի իրականացման իրավական հնարավորությունից, իսկ պարտապանն ազատվել է նույն վճռով սահմանված պարտավորությունից, ինչն անտեսվել է ստորադաս ատյանների կողմից:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը»:

 

Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:

Այսպես`

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար:

Նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` նույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եթե բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը:

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ Վճռաբեկ դատարանի որոշման` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար էական նշանակություն ունենալու հիմքով վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության նաև այն դեպքում, երբ բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է բացառապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` նշելով, որ Վերաքննիչ դատարանի 18.12.2020 թվականի որոշման մեջ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին տրված մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից թիվ ԼԴ/0039/04/14 քաղաքացիական գործով 22.07.2016 թվականին, թիվ ՀՔԴ4/0024/04/08 քաղաքացիական գործով 18.09.2009 թվականին և թիվ ԵԱՔԴ/0018/04/10 քաղաքացիական գործով 01.04.2011 թվականին կայացված որոշումներում նույն նորմին տրված մեկնաբանությանը, ու Վերաքննիչ դատարանի 18.12.2020 թվականի որոշումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով բեկանել է և այն փոփոխել` Էլիզա Հայրապետյանի դիմումը` Անժելա Հարությունյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, մերժել է նույն որոշման պատճառաբանություններով:

Դրանից ելնելով անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ բացառապես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններին` պարզելու համար, թե արդյո՞ք դրանցում նշվածները կարող էին բավարար հիմք հանդիսանալ վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքով վարույթ ընդունելու և վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար համարելու համար:

Այսպես`

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 6-րդ կետի համաձայն` բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` նույն օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից առնվազն մեկի առկայության հիմնավորումը:

Նույն հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի համաձայն` բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով Վճռաբեկ դատարանը չի համաձայնվել այդ ակտը կայացրած դատարանի հետևությունների հետ:

Հաշվի առնելով, թե տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը որ հիմքով է պայմանավորել` կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանը պարտավոր էր իր որոշման մեջ նշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված հիմքի առկայության վերաբերյալ հիմնավորումը, ինչպես նաև` այն շարժառիթները, որոնցով չի համաձայնվել Վերաքննիչ դատարանի հետևությունների հետ:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի վերը նշված հիմքի առկայությունը բավարար է համարել, ըստ էության, այն շարժառիթներով, որ`

1) «Անժելա Հարությունյանի մոտ վճարային պարտավորության առկայությունը հավաստող միակ հիմքը` թիվ ԵԿԴ/3482/02/17 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.11.2017 թվականին օրինական ուժի մեջ մտած վճիռը, վերաբերում է Անժելա Հարությունյանի կողմից Էլիզա Հայրապետյանի օգտին կատարվելիք վճարումների բռնագանձմանը: Մինչդեռ, սույն գործով Անժելա Հարությունյանին սնանկ ճանաչելու պահանջով Էլիզա Հայրապետյանը դատարան է դիմել 24.02.2020 թվականին, այսինքն` թիվ ԵԿԴ/3482/02/17 քաղաքացիական գործով կայացված վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից մեկամյա ժամկետը լրանալուց հետո: Անժելա Հարությունյանը դատարան չի ներկայացրել վերոնշյալ վճռի հիման վրա կատարողական թերթ տրված լինելու և այն կատարման ներկայացված լինելու վերաբերյալ որևէ ապացույց»,

2) ««Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով վճարային պարտավորության անվիճելի լինելու փաստի առկայությունը չի հիմնավորվել, քանի որ բողոք բերած անձի սնանկության հիմքում դրվել է թիվ ԵԿԴ/3482/02/17 քաղաքացիական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված վճարային պարտավորությունը, մինչդեռ սնանկության դիմումը նշված վճիռն օրինական ուժի մեջ մտնելու մեկամյա ժամկետի ավարտից հետո դատարան ներկայացնելով` դիմումատուն զրկվել է վճռով նախատեսված անվիճելի վճարային պարտավորության առկայության հիմքով պարտապանին սնանկ ճանաչելու իր իրավունքի իրականացման իրավական հնարավորությունից»,

3) «անդրադառնալով 17.11.2018 թվականին և 06.11.2019 թվականին պարտապանի կողմից պարտքի գումարի չափի վերաբերյալ նոր ստացականներ ստորագրված լինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված ստացականներով հավաստվում է 17.11.2018 թվականին և 06.11.2019 թվականին Էլիզա Հայրապետյանի` Անժելա Հարությունյանից որոշակի գումարներ ստացած լինելու և պարտքի գումարն այդ մարումներին համապատասխան չափով նվազած լինելու հանգամանքները: Պարտավոր անձի այն գործողությունները, որոնք հավաստվում են նշված ստացականներով, կատարվել են պարտավորության հիմք հանդիսացող հաշտության համաձայնությունը հաստատող դատական ակտի կատարման ժամկետի ավարտից հետո, ուստի չեն կարող բնորոշվել որպես պարտքի ճանաչմանն ուղղված գործողություններ և հիմք հանդիսանալ արդեն իսկ դադարած պարտավորության վերականգնման համար: Ավելին, դրանք չեն բովանդակում գումարային պարտավորության էական պայմանների վերաբերյալ տվյալներ, ուստի չեն կարող պարտավորության ինքնուրույն հիմք հանդիսանալ»,

4) «սույն գործով սնանկության դիմումի քննությամբ Դատարանը, իսկ վերաքննիչ բողոքի քննությամբ նաև Վերաքննիչ դատարանը չեն հիմնավորել սնանկության դիմումի հիմքում ընկած` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված հիմքերի առկայությունը` համապատասխան հիմքի (հիմքերի) հիմնավորվածությունը պարզելիս հաշվի չեն առել այն միակ և էական հանգամանքը, որ թիվ ԵԿԴ/3482/02/17 քաղաքացիական գործով կայացված վճիռն այլևս կորցրել է իր կատարելիության հատկանիշը, քանի որ բացակայում է նաև դատարանի որոշմամբ կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դատարանի որոշումը: Այսինքն` պարտատերը զրկվել է այդ վճռով սահմանված գումարը պահանջելու և հետագայում նաև այդ վճռով նախատեսված անվիճելի վճարային պարտավորության առկայության հիմքով պարտապանին սնանկ ճանաչելու իր իրավունքի իրականացման իրավական հնարավորությունից, իսկ պարտապանն ազատվել է նույն վճռով սահմանված պարտավորությունից, ինչն անտեսվել է ստորադաս ատյանների կողմից»:

Կարծում եմ, որ ինչպես վերը նշված շարժառիթներից յուրաքանչյուրն առանձին, այնպես էլ` դրանք համակցության մեջ, չեն կարող բավարար հիմք հանդիսանալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, քանի որ Վճռաբեկ դատարանի որոշումը որևէ հիմնավորում չի պարունակում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքի` տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` պայմանավորված նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, առկայության վերաբերյալ: Նշված հետևությունս պայմանավորված է նրանով, որ տվյալ դեպքում, հաշվի առնելով, թե Վճռաբեկ դատարանն ինչով է պայմանավորել վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը, անհրաժեշտ էր, որպեսզի Վճռաբեկ դատարանը համեմատական վերլուծություն անցկացներ Վերաքննիչ դատարանի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին տրված մեկնաբանության և ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացված վերը նշված որոշումների մեջ նույն նորմին տրված մեկնաբանության միջև, և դրա արդյունքում հաստատված համարեր, որ, իրոք, Վերաքննիչ դատարանի կողմից տրված համապատասխան մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշումներում տրված մեկնաբանությանը: Մինչդեռ, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, Վճռաբեկ դատարանի որոշումը դրա վերաբերյալ որևէ վերլուծություն և հիմնավորում չի պարունակում:

Դրանից ելնելով` գտնում եմ, որ Վճռաբեկ դատարանը չէր կարող վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` Վերաքննիչ դատարանի 18.12.2020 թվականի որոշումը բեկանել բացառապես վերը նշված շարժառիթներով:

 

    Դատավոր                      Գ. Հակոբյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ՍնԴ/0463/04/20 սնանկության գործով 03.12.2021 թվականին

կայացված որոշման վերաբերյալ

 

    3 դեկտեմբերի 2021 թ.                       ք. Երևան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 03.12.2021 թվականին գրավոր ընթացակարգով քննելով Անժելա Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.12.2020 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի Էլիզա Հայրապետյանի` Անժելա Հարությունյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել` բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 18.12.2020 թվականի որոշումը` դիմումը մերժել:

Վճռաբեկ դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանս, համաձայն չլինելով 03.12.2021 թվականի որոշման (այսուհետ` Որոշում) պատճառաբանական և եզրափակիչ մասերի, այն է` օրինական ուժի մեջ մտած դատական ակտն օրենքով սահմանված ժամկետում հարկադիր կատարման չներկայացնելու դեպքում իր կատարելիության հատկանիշը կորցնելու և այդ պատճառով դրանով հաստատված վճարային պարտավորությունը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի(1) (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված` անվիճելիության հատկանիշն այլևս չբավարարելու, կապակցությամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը այդ մասերի վերաբերյալ:

_________________________

1) Նկատի է ունեցվում գործի քննության պահին, մասնավորապես` մինչ 12.12.2019 թվականի ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-294-Ն ՀՀ օրենքն ընդունելը գործած խմբագրությամբ օրենքը:

 

1. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Հատուկ կարծիքը շարադրելիս հիմք են ընդունվել Որոշման մեջ ներկայացված` վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները, վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումներն ու վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը:

 

2. Հատուկ կարծիքի հիմնավորումները.

Որոշմամբ նշվել է, որ վճարային պարտավորությունն Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետի իմաստով կարող է համարվել անվիճելի դրա վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած և կատարելիության հատկանիշը պահպանած վճռի հիման վրա, որպիսին հանդիսանում է դատական այն ակտը, որի հիման վրա տրված կատարողական թերթը կատարման ներկայացնելու` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված ժամկետը չի լրացել կամ լրացած լինելու դեպքում առկա է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դատարանի որոշում: Արձանագրվել է նաև, որ «դատական ակտից բխող պահանջի իրավունքը սահմանափակված է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված` կատարողական թերթը մեկ տարվա ընթացքում կատարման ներկայացնելու ժամկետով»:

Արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ սույն գործով «(...) վճարային պարտավորության անվիճելի լինելու փաստի առկայությունը չի հիմնավորվել, քանի որ բողոք բերած անձի սնանկության հիմքում դրվել է թիվ ԵԿԴ/3482/02/17 քաղաքացիական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված վճարային պարտավորությունը, մինչդեռ սնանկության դիմումը նշված վճիռն օրինական ուժի մեջ մտնելու մեկամյա ժամկետի ավարտից հետո դատարան ներկայացնելով` դիմումատուն զրկվել է վճռով նախատեսված անվիճելի վճարային պարտավորության առկայության հիմքով պարտապանին սնանկ ճանաչելու իր իրավունքի իրականացման իրավական հնարավորությունից»:

Անդրադառնալով 17.11.2018 թվականին և 06.11.2019 թվականին պարտապանի կողմից պարտքի գումարի չափի վերաբերյալ նոր ստացականներ ստորագրված լինելու փաստերին (տե՛ս Որոշման «Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը» բաժնի 6-րդ և 7-րդ կետերում նշված փաստերը) Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դրանցով հավաստվում են միայն «17.11.2018 թվականին և 06.11.2019 թվականին Էլիզա Հայրապետյանի` Անժելա Հարությունյանից որոշակի գումարներ ստացած լինելու և պարտքի գումարն այդ մարումներին համապատասխան չափով նվազած լինելու հանգամանքները», որպիսի գործողությունները կատարվել են պարտավորության հիմք հանդիսացած հաշտության համաձայնությունը հաստատող դատական ակտը կատարման ներկայացնելու ժամկետի ավարտից հետո, «ուստի չեն կարող բնորոշվել որպես պարտքի ճանաչմանն ուղղված գործողություններ և հիմք հանդիսանալ արդեն իսկ դադարած պարտավորության վերականգնման համար»:

Փաստորեն Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը հանգում է նրան, որ եթե օրինական ուժի մեջ դատական ակտը կամավոր կատարելու պարտապանի կամքի բացակայության դեպքերում պահանջատերն առանց դատարանների կողմից հարգելի ճանաչված պատճառի օրենքով սահմանված ժամկետում չի ձեռնարկում այդ ակտը հարկադրանքի միջոցների գործադրմամբ կատարելուն ուղղված ակտիվ գործողություններ, ապա նշված դատական ակտը կորցնում է իր կատարելիության հատկանիշը` ի չիք դարձնելով դրանով հաստատված պարտավորության անվիճելիությունը նույնպես:

Նշված դիրքորոշումը չի բխում «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով (այսուհետ` Կոնվենցիա) երաշխավորված` իրավունքի գերակայության, իրավական որոշակիության, «res jսdicata», այն է` դատական ակտերի վերջնական լինելու սկզբունքից:

(Ա) Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Սահմանադրության 80-րդ հոդվածը սահմանում է, որ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ սույն գլխում ամրագրված դրույթների էությունն անխախտելի է:

Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում ՀՀ վավերացրած` մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` ՄԻԵԴ) իր մի շարք որոշումներում արտահայտել է իրավական այն դիրքորոշումը, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը կդառնա երևակայական իրավունք, եթե պետության իրավական համակարգը թույլ տա, որ վերջնական և պարտադիր ուժ ունեցող դատական որոշումները մնան անկատար: Ըստ ՄԻԵԴ-ի` դժվար կլինի պատկերացնել, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, մանրամասն նկարագրելով կողմերին տրամադրվող դատավարական երաշխիքները (արդար, հրապարակային և արագ դատաքննություն), չպաշտպաներ դատական որոշումների կատարումը: Դատական ակտերի կատարման նկատմամբ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի գործողության բացառումը կհանգեցներ իրավունքի գերակայության սկզբունքի հետ անհամատեղելի իրավիճակների: ՈՒստի ցանկացած դատարանի կողմից կայացված որոշման կատարում պետք է դիտվի որպես «դատաքննության» բաղկացուցիչ մաս` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով (տե՛ս, Հորնսբին ընդդեմ Հունաստանի գործով ՄԻԵԴ-ի 19.03.1997 թվականի վճիռը, 40-րդ կետ, Մոստաչիոլին ընդդեմ Իտալիայի (No. 2) գործով ՄԻԵԴ-ի 29.03.2006 թվականի վճիռը, 85-րդ կետ, Ռայլյան ընդդեմ Ռուսաստանի գործով ՄԻԵԴ-ի 15.02.2007 թվականի վճիռը, 27-րդ կետ, Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ-ի 01.12.2009 թվականի վճիռը, 66-րդ կետ):

ՄԻԵԴ-ի իրավական դիրքորոշման համաձայն` պահանջի իրավունքը Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով կարող է ընկալվել որպես գույքային իրավունք, եթե բավարար չափով հիմնավորված է, որ այն կարող է իրավաբանորեն իրացվել (տե՛ս, Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի գործով ՄԻԵԴ-ի 07.05.2002 թվականի վճիռը, 40-րդ կետ, Ռայլյան ընդդեմ Ռուսաստանի գործով ՄԻԵԴ-ի 15.02.2007 թվականի վճիռը, 36-րդ կետ): Պահանջի իրավունքը, եթե այն բավականաչափ հիմնավորված է կատարելի լինելու համար, առավել ևս, եթե բխում է դատական ակտից, համարվում է սեփականություն` Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով (տե՛ս նաև, Ստրան Գրիկ Ռեֆիներիսը և Ստրատիս Անդրեադիսն ընդդեմ Հունաստանի գործով ՄԻԵԴ-ի 09.12.1994 թվականի վճիռը, 59-62-րդ կետեր, Վասիլոպոլիոն ընդդեմ Հունաստանի գործով ՄԻԵԴ-ի 21.03.2002 թվականի վճիռը, 22-25-րդ կետեր, Տիմոֆեյն ընդդեմ Ռուսաստանի գործով ՄԻԵԴ-ի 23.10.2003 թվականի վճիռը, 45-րդ կետ, Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի (No. 2) գործով ՄԻԵԴ-ի 15.01.2009 թվականի վճիռը, 87-րդ կետ):

Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռում ՄԻԵԴ-ը նշել է, որ դիմումատուի օգտին կայացրած վճռի կատարմանը հասնելու անհնարինությունը բերում է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին նախադասությամբ սահմանված` իր գույքից անարգել օգտվելու իրավունքի միջամտության (տե՛ս, Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ-ի 01.12.2009 թվականի վճիռը, 68-րդ կետ):

Վերոշարադրյալի հիման վրա կարելի է արձանագրել, որ ՄԻԵԴ-ի դիրքորոշումը միանշանակ է այն հարցում, որ դատական ակտով սահմանված պահանջի իրավունքը պետության կողմից ենթակա է պատշաճ պաշտպանության ոչ միայն դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների, այլ նաև սեփականության իրավունքի ապահովման շրջանակներում:

Սահմանադրության 10-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:

Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

Սահմանադրության 74-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքները և ազատությունները տարածվում են նաև իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով այդ իրավունքները և ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ:

Դատական ակտով սահմանված պահանջի իրավունքը ենթակա է պաշտպանության նաև սեփականության իրավունքի երաշխավորման համատեքստում, քանի որ կոնվենցիոն նորմի իմաստով գույք է համարվում ոչ միայն գոյություն ունեցող նյութական միջոցը, այլ նաև նյութական միջոցը ձեռք բերելու օրինական սպասելիքը (տե՛ս, Տրգոն ընդդեմ Խորվաթիայի գործով 2009թ. հունիսի 11-ի վճիռը, կետ 44): ՄԻԵԴ-ն իր վճիռներում հատուկ ընդգծել է, որ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածում կիրառվող «գույք» հասկացությունը սահմանափակված չէ միայն ֆիզիկական իրերի ու բարիքների նկատմամբ սեփականության իրավունքով, այլ այն իր մեջ ընդգրկում է նաև գույքային այլ իրավունքներ և շահեր, որոնցից է, օրինակ, պարտավորության գույքային ապահովման իրավունքը (տե՛ս Գասուս Դոսիերն ու Ֆուրդերտեքնիք Ջիէմբիէյջն ընդդեմ Նիդերլանդների գործով ՄԻԵԴ 1995թ. փետրվարի 23-ի վճիռը, 53-րդ կետ): Պահանջի իրավունքը ևս կարող է համարվել «գույք» Կոնվենցիայի իմաստով, եթե հիմնավորապես հաստատվել է, որ այդ պահանջը ենթակա է կատարման (տե՛ս Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի 2002թ. մայիսի 7-ի և Բեյլերն ընդդեմ Իտալիայի 2000թ. հունվարի 5-ի գործերով ՄԻԵԴ-ի վճիռները): Ավելին` պահանջի իրավունքը ստանում է «գույք» որակումն այն պահից, երբ անձն ունենում է «օրինական սպասելիք» իր իրավունքներն իրականացնելու համար (տե՛ս Պրեսոն Կոմպանիա Նավիեռա ՍԱ-ն ընդդեմ Բելգիայի գործով 1995թ. նոյեմբերի 20-ի ՄԻԵԴ-ի վճիռը): Օրինական սպասելիքն առկա է այն բոլոր դեպքերում, երբ անձինք ունեն բավականաչափ իրավական հիմքեր վստահելու այն իրավական ակտերի իրավաչափ լինելուն, որոնք ուղղված են իրենց համար որոշակի իրավունքներ առաջացնելուն, անձի մոտ ստեղծում են իրավաչափ իրավական ակտի տպավորություն և վերաբերվում են սեփականության իրավունքին (տե՛ս Կոպեկին ընդդեմ Սլովակիայի գործով 2004թ. սեպտեմբերի 28-ի վճիռը):

ՀՀ Սահմանադրական դատարանը նույնպես հայտնել է իրավական դիրքորոշում «օրինական սպասելիք» հասկացության վերաբերյալ, որով արձանագրել է, որ իրավական պետությունում, իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում, օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ սպասելիքները: Իրավակարգավորումների և իրավակիրառ պրակտիկայի հիմքում պետք է դրվի այն հիմնարար մոտեցումը, որ օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքը հանդիսանում է իրավական պետության ու իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի տարրերից մեկը (տե՛ս 2014թ. ապրիլի 18-ին ՍԴՈ-1148 որոշումը, 6-րդ կետ): ՀՀ Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-723, ՍԴՈ-741, ՍԴՈ-881 որոշումներում միաժամանակ փաստել է սեփականության իրավունք ձեռք բերելու նկատմամբ օրինական սպասելիքի հիմքով սեփականության իրավունքի պաշտպանության հնարավորությունը:

Նշված իրավական դիրքորոշումները վկայում են այն մասին, որ թիվ ԵԿԴ/3482/02/17 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 03.11.2017 թվականին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով ապահովվում է 445.000 ԱՄՆ դոլար և 175.000 եվրո պահանջի նկատմամբ պահանջատեր Էլիզա Հայրապետյանի սեփականության իրավունքը, որպիսի իր իրավունքի իրացումը կանխատեսելի է վերջինիս համար, ձևավորում է դրա իրացվելիության վերաբերյալ օրինական սպասելիք և երաշխավորվում է սեփականության իրավունքի պաշտպանության միջոցներով: ՈՒստի պահանջատիրոջ օգտին առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, ինչը վերջինիս համար կանխորոշում է դրա անհերքելիության և կատարվելիության կապակցությամբ հիմնավոր համոզմունք` հիմք ընդունելով իրավական որոշակիության սկզբունքը, և պահանջատերն իրավամբ կարող է ակնկալել իր սեփականությունից (օրինական ակնկալիքից) անարգել օգտվելու և դրա նկատմամբ միջամտություն չունենալու իրավունք:

Արդյունքում` օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված պահանջատիրոջ պահանջի իրավունքն օժտված է սեփականության իրավունքի` Սահմանադրության 10-րդ հոդվածով նախատեսված պաշտպանությամբ, իսկ Որոշմամբ նշված չէ այդ իրավունքը սահմանափակելու օրենքով նախատեսված հիմքը և հիմնավորված չէ հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով այդպիսի սահմանափակում իրականացնելու անհրաժեշտությունը: Այս տեսանկյունից հարկ է հիշատակել համաչափության սկզբունք սահմանող` Սահմանադրության 78-րդ հոդվածը, ըստ որի` հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:

Կատարողական թերթը հարկադիր կատարման ներկայացնելու ժամկետը բաց թողնելու հիմքով պահանջատիրոջ պահանջի իրավունք դադարած համարելու կապակցությամբ Վճռաբեկ դատարանի եզրահանգումը խախտում է Կոնվենցիայի 6-րդ և դրան կից` թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածներով ամրագրված` համապատասխանաբար արդար դատաքննության սկզբունքից բխող իրավական որոշակիության սկզբունքի ու սեփականության իրավունքից բխող «օրինական սպասելիքի» վերաբերյալ պահանջները, և հանգեցնում է պահանջատիրոջ սեփականության իրավունքի (օրինական սպասելիքի) ոչ իրավաչափ միջամտության:

(Բ) Դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու իրավական հետևանքները սերտորեն կապված են Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքի գերակայության, այդ թվում` իրավական որոշակիության սկզբունքների հետ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում ՄԻԵԴ-ի իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին և այդ սկզբունքի շրջանակներում` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրության հատկանիշին: Արձանագրվել է, որ արդար դատաքննության իրավունքը պահպանված է այն դեպքում, երբ անձը հնարավորություն ունի ստանալու որոշակի, հաստատուն որոշում` կապված իր իրավունքների և պարտականությունների հետ, ու կարող է համոզված լինել, որ որոշ ժամանակ անց այդ որոշումը չի վերացվի: Իրավական որոշակիության սկզբունքի բովանդակության մեջ, ի թիվս այլնի, ներառվում է նաև դրույթն այն մասին, որ կողմերից ոչ մեկը չի կարող պահանջել վերջնական, այսինքն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայում` միայն կրկնակի քննության իրականացման և նոր ակտի կայացման նպատակով (տե՛ս, օրինակ` Գայանե Վարդանյանն ընդդեմ Վարդան ու Միշա Վարդանյանների և մյուսների թիվ ԱՐԴ/0062/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

ՄԻԵԴ-ը հստակ նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանվի Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որի համաձայն` պայմանավորվող կողմերի ընդհանուր ժառանգության մասն է իրավունքի գերակայությունը, որի հիմնարար հայեցակետերից է իրավական որոշակիության սկզբունքը, որն inter alia պահանջում է, որ դատարանի կողմից որևէ հարցի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտը կասկած չհարուցի (տե՛ս, Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի գործով Եվրոպական դատարանի 28.10.1999 թվականի վճիռը, գանգատ թիվ 28342/95, կետ 61), միաժամանակ նշել է, որ իրավական որոշակիության սկզբունքը ենթադրում է res judicata սկզբունքի, այն է` դատական ակտերի վերջնական լինելու սկզբունքի պահպանում: Այդ սկզբունքը պահանջում է, որ կողմերից ոչ մեկը չունենա իրավունք պահանջելու վերջնական և պարտադիր դատական ակտի վերանայում` ուղղակի գործի կրկնակի քննության և գործով նոր ակտի կայացման նպատակով: Այսինքն` հարցի առնչությամբ երկու կարծիքի առկայության հնարավորությունը չպետք է հիմք հանդիսանա կրկնակի քննության համար: Նահանջն այդ սկզբունքից արդարացված է միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է էական և անհերքելի բնույթ ունեցող հանգամանքներում:

Թե՛ ՄԻԵԴ-ը, թե՛ ՀՀ վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում են արտահայտել, որ իրավական որոշակիության սկզբունքը ենթադրում է «res jսdicata» սկզբունքի, այն է` դատական ակտերի վերջնական լինելու սկզբունքի պահպանում, որի բովանդակությունն են կազմում հետևյալ հիմնադրույթները.

1. դատարանների կողմից կայացված վերջնական դատական որոշումները ենթակա չեն վերանայման,

2. անթույլատրելի է դատարանի կողմից արդեն մեկ անգամ լուծված գործի կրկնակի քննություն,

3. կողմերից ոչ մեկը չի կարող պահանջել վերջնական դատական ակտերի վերանայում` միայն կրկնակի քննության իրականացման և նոր ակտի կայացման նպատակով,

4. վերջնական դատական ակտի վերանայումը նահանջ չէ իրավական որոշակիության սկզբունքից, եթե այն իրականացվում է դատական սխալի ուղղման նպատակով,

5. վերանայումը չի կարող լինել բողոքարկման քողարկված ձև, իսկ գործի նկատմամբ կողմերի հակադիր հայացքների առկայությունն ինքնին չի կարող հիմք ծառայել վերջնական դատական ակտի վերանայման համար:

Դատական ակտի օրինական ուժն իրավական որոշակիության արտահայտումն է, որ պահից սկսվում է դատական այդ ակտի իրավական գործողությունը: Մտնելով օրինական ուժի մեջ` դատական ակտն իր հասցեատերերի համար դառնում է որոշակի վարքագծի կանոններ սահմանող իրավական ակտ, որը, ընդհանուր կանոնի համաձայն, վերանայման ենթակա չէ: Օրինական ուժի մեջ մտնելով` դատական ակտը ստանում է վերջնական բնույթ և դառնում պարտադիր, իսկ այդպիսի դատական ակտի վերանայում հնարավոր է դառնում միայն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով:

ՄԻԵԴ-ի և ՀՀ վճռաբեկ դատարանի վերոշարադրյալ իրավական դիրքորոշումները թույլ են տալիս առանձնացնելու վերջնական դատական ակտերի մի շարք հատկանիշներ, որոնք համարվում են դատական ակտերի իրավական գործողության հետևանքներ: Դրանք են`

1. անհերքելիությունը,

2. բացառիկությունը,

3. նախադատելիությունը,

4. պարտադիրությունը,

5. կատարելիությունը:

Իրավական որոշակիության սկզբունքի կենսագործումը երաշխավորում են դատական ակտերի անհերքելիության, բացառիկության և նախադատելիության հատկանիշները, որոնց միջոցով պաշտպանվում են քաղաքացիների և կազմակերպությունների խախտված կամ վիճարկվող իրավունքները և օրինական շահերը, և ապահովվում է դատական ակտի կայունությունը: Մինչդեռ պարտադիրության և կատարելիության հատկանիշներն ուղղված են դատական ակտով սահմանված պարտավորությունների կատարման ապահովմանը` կամավոր, թե պետաիրավական հարկադրանքի միջոցների գործադրմամբ, և իրավունքի սուբյեկտների խախտված կամ վիճարկվող իրավունքների ու օրինական շահերի իրական պաշտպանության երաշխավորմանը: Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պարտադիրություն սահմանելով պետությունը պարտավորեցնում է դրա հասցեատերերին` մասնավորապես, և մյուս բոլորին, այդ թվում` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին և պաշտոնատար անձանց` ընդհանրապես, հաշվի առնել դատական այդ ակտը: Դատական ակտերի օրինական ուժ ունենալու առանձնահատուկ հատկանիշ է հենց այն, որ դատական ակտը պարտադիր է ինչպես գործին մասնակցող անձանց, այնպես էլ այն կայացրած դատարանի, պետական հաստատությունների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների համար` չնայած նրանք չեն մասնակցել գործին: Այս մոտեցումն իր արտացոլումն է գտել նաև ներպետական օրենսդրության մեջ: Մասնավորապես.

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը պարտադիր են դրանց հասցեատերերի համար, իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, ինչպես նաև դատարանի պահանջները կատարման համար պարտադիր են դրանց հասցեատերերի համար և ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում արտահայտել է իրավական այն դիրքորոշումը, որ պարտադիրության հատկանիշը ենթադրում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական անձինք և քաղաքացիներն իրենց գործունեության ընթացքում պարտավոր են հաշվի առնել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը և իրավունք չունեն տվյալ դատական ակտով կայացված հարցի վերաբերյալ կայացնելու նոր որոշում (տե՛ս Անժելա և Նունե Հարությունյաններն ընդդեմ Բեգլար Մկրտումյանի թիվ ԵԱԴԴ/0913/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը):

Այս գործի փաստերի համաձայն` թիվ ԵԿԴ/3482/02/17 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 03.11.2017 թվականին կայացված և հետագայում օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվել է Էլիզա Հայրապետյանի և Անժելա Հարությունյանի միջև կնքված հաշտության համաձայնությունը, որի 1-ին կետով պարտապան Անժելա Հարությունյանն ընդունել է Էլիզա Հայրապետյանի նկատմամբ 445.000 ԱՄՆ դոլար և 175.000 եվրո դրամային պարտավորություն ունենալու փաստը, և պարտավորվել է հաշտության համաձայնության 5-րդ կետով սահմանված կարգով պարտատիրոջը վճարել նշված գումարն ու ամբողջությամբ հատուցել դատական ծախսերը: Ավելին` ի ապահովումն պարտավորության կատարման հաշտության համաձայնության 2-րդ կետով կողմերը պայմանավորվել են գրավադրել «Ալմանախ» կրթահամալիր սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, որի 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը հանդիսացել է պարտապանը, պատկանող Երևան քաղաքի Էրեբունի համայնքի Միչուրինի 36 հասցեի (կադաստրային համար 01-005) անշարժ գույքը և սահմանված ժամկետում կնքել գրավի պայմանագիր:

 

i

Շարադրված փաստերը հիմք են տալիս արձանագրելու, որ Էլիզա Հայրապետյանի հանդեպ 445.000 ԱՄՆ դոլար և 175.000 եվրո կազմող պարտապանի պարտավորությունը հաստատված է նույն անձանց միջև կնքված հաշտության համաձայնությունը հաստատող և օրինական ուժի մեջ մտած` թիվ ԵԿԴ/3482/02/17 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.11.2017 թվականի վճռով, որը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով պարտադիր ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում` թե՛ դրա հասցեատերերի և թե՛ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու իրավաբանական անձանց կողմից, վերջնական է և օժտված է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերևում շարադրված բոլոր հատկանիշներով` առանց բացառության: Վճռաբեկ դատարանի այն եզրակացությունը, թե դատական ակտը հարկադիր կատարման ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը բաց թողնվելու դեպքում այն կորցնում է իր կատարելիության հատկանիշը, չի բխում իրավունքի գերակայության, ներառյալ` իրավական որոշակիության սկզբունքի բովանդակությունից և հակասում է դատական ակտերի պարտադիրության վերաբերյալ ՄԻԵԴ-ի և հենց Վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշումներից: Վճռաբեկ դատարանի արձանագրած` դատական ակտի կատարելիության չափանիշի ենթադրյալ կորուստն անգամ ի չիք չի դարձնում դատական ակտի պարտադիրության` վերը նշված նորմերով սահմանված բնույթը, ուստի դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից ի վեր պարտադիր ու վերջնական է և ենթակա է կատարման` առանց ժամկետային վերապահումի:

i

(Գ) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետի համաձայն` վճռի եզրափակիչ մասը պետք է պարունակի հայցն ամբողջությամբ կամ մասնակի բավարարելու և կատարում ենթադրող վճիռ կայացնելու դեպքում նշում` վճիռը կամովին չկատարվելու դեպքում այն պարտապանի հաշվին դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով կատարելու մասին(2):

_________________________________

i

2) Նույնաբովանդակ կարգավորում էր նախատեսված նաև 17.06.1998 թվականին ընդունված և 01.01.1999 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 5-րդ մասի 6-րդ կետով:

 

Վերոշարադրյալից բխում է, որ օրենսդիրը նախատեսել է վճիռը կամավորության սկզբունքով կատարելու առաջնահերթություն` դատական ակտի հարկադիր կատարման հնարավորություն նախատեսելով միայն պարտապանի կողմից այն կամովին կատարելու կամքի բացակայության դեպքերում: Ուստի` դատական ակտի հարկադիր կատարումը դրա կամավոր չկատարման այլընտրանքային եղանակն է, որն ամբողջական է դարձնում դատավարությունը և ապահովում է շահագրգիռ անձի պահանջների բավարարումը:

Սահմանադրությունը և Կոնվենցիան ուղղակիորեն չեն ամրագրում դատական ակտերի կատարման իրավունքը, որպես արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ, սակայն դատական ակտերի կատարումը դիտարկվում է որպես արդար դատաքննության բաղկացուցիչ տարր. այն ունի բացառիկ նշանակություն արդարադատության արդյունավետ կենսագործման համար, քանի որ մարդու խախտված իրավունքների դատական պաշտպանության իրավունքը չի կարող երաշխավորված իրացվել, եթե վերջինիս խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ վերջնական դատական ակտը մնում է անկատար (Տե՛ս ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԱՔԴ/0515/02/10 քաղաքացիական գործով 02.12.2016 թվականի որոշումը):

Յուրաքանչյուր դեպքում դատական ակտը պետք է կատարվի կամովին, և միայն կամովին չկատարվելու դեպքում դրա կատարումն ապահովվում է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով նախատեսված կանոններին համապատասխան:

i

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը սույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է և կատարողական մակագրության թերթը (...):

i

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` կատարողական թերթը տրվում է դատարանի վճիռների, դատավճիռների, որոշումների և դատարանի արձակած վճարման կարգադրությունների հիման վրա (...):

Շարադրված իրավանորմերի բովանդակությունից բխում է, որ հարկադիր միջոցների կիրառման հիմքերից մեկը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է, մինչդեռ դրա տրման հիմքն էլ դատարանի վճիռները, դատավճիռները, որոշումները և դատարանի արձակած վճարման կարգադրություններն են: Ասվածից պարզ է, որ կատարողական թերթի տրամադրումն այն միջանկյալ օղակն է, որը միմյանց է կապում օրինական ուժի մեջ մտած դատական ակտն ու պետաիրավական հարկադրանքի միջոցների գործադրումը: Այս մեկնաբանության հաստատմանն է ծառայում կատարողական թերթում ներառվող տեղեկությունների շրջանակը սահմանող` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը, որի ուսումնասիրությունն ու համեմատական վերլուծությունը ցույց են տալիս, որ կատարողական թերթում վերարտադրվում է դրա տրման հիմք հանդիսացող դատական ակտի բովանդակությունը, իսկ միակ հավելյալ տեղեկությունը դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու ամսաթվի վերաբերյալ տվյալն է: Հետևաբար` կատարողական թերթի գործառութային նշանակությունը սահմանափակվում է դատական ակտի օրինական ուժի մեջ մտած լինելու փաստի հաստատմամբ: Այս կարգավորման հիմքում դրված է դատական ակտերի պարտադիրության հատկանիշը, քանի որ դատական ակտի կատարելիությունը պայմանավորված է ոչ թե կատարողական թերթ տրամադրվելու, այլ հենց դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու և պարտադիր դառնալու հանգամանքով, իսկ կատարողական թերթի տրամադրումն ապահովում է հարկադրանքի միջոցների կիրառմամբ դատական ակտի կատարում:

Շարադրված իրավական մեկնաբանությունները վկայում են այն մասին, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարելիության չափանիշը չի կորսվում այն պետական հարկադրանքի կիրառմամբ իրացնելու ժամկետը բաց թողնելու կամ այդ միջոցին չդիմելու հետևանքով, քանի որ դատական ակտի հարկադիր կատարումը թերևս կատարելիության չափանիշի իրագործմանը հասնելու այլընտրանքային եղանակն է, և քանի դեռ դատական ակտը պարտադիր է, այն ենթակա է կատարման` անկախ դրան հասնելու եղանակներից: Ուստի պարտապանը մշտապես ծանրաբեռնված է օրինական ուժի մեջ մտած դատական ակտը կատարելու պարտավորությամբ, իսկ այլ անձինք, այդ թվում` պետական մարմինները` իրենց գործունեության ընթացքում դատական այդ ակտը հաշվի առնելու և դրանով հաստատված փաստերն անվիճելի համարելու պահանջով:

Այս դեպքում անկախ այն հանգամանքից Էլիզա Հայրապետյանն ընդհանրապես կդիմեր թիվ ԵԿԴ/3482/02/17 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.11.2017 թվականի վճիռը պետաիրավական հարկադրանքի միջոցների գործադրմամբ կատարելուն, թե բաց կթողներ այդ ժամկետը, նշված վճիռն օրինական ուժի մեջ մտած լինելու փաստի ուժով շարունակում է պահպանել իր պարտադիրության սկզբունքը` ենթադրելով նաև դրա կատարելիություն:

Տվյալ դեպքում առանձնակի կարևորում եմ այն փաստը, որ Անժելա Հարությունյանը թիվ ԵԿԴ/3482/02/17 քաղաքացիական գործով 03.11.2017 թվականին կայացված վճռով հաստատված հաշտության համաձայնությամբ ընդունած իր պարտավորությունները 17.11.2018 թվականին և 06.11.2019 թվականին, այսինքն` դատական այդ ակտը հարկադիր կատարման ներկայացնելու` Վճռաբեկ դատարանի նշած մեկամյա ժամկետի ավարտից հետո, մասամբ կամովին կատարել է: Նշված գործողություններով պարտապանը վճռի հրապարակումից ընդհուպ երկու տարի անց դրսևորել է վճիռն առանց պետաիրավական հարկադրանքի միջոցների գործադրմամբ կատարելու պատրաստակամություն: Եթե անգամ պարտապան Անժելա Հարությունյանն առհասարակ խուսափեր թիվ ԵԿԴ/3482/02/17 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.11.2017 թվականի վճռով հաստատված հաշտության համաձայնությունը կամովին կատարելուց և սպառված լիներ հարկադիր կատարման դիմելու հնարավորությունը, ապա պարտապանի կողմից ընդունված պարտավորության հիմքով պարտապանին սնանկ ճանաչելը կամ սնանկության վարույթում պարտապանի հանդեպ պահանջ ներկայացնելն իրավական այն առանձնահատուկ մեխանիզմն է, որն ընձեռում է դատական ակտի կատարմանը հասնելու հնարավորություն` նվազեցնելով չկատարված դատական ակտերի գոյության վտանգը և երաշխավորելով արդար դատաքննության իրավունքի վերջնական իրացում, արդարադատության արդյունավետ կենսագործում:

Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում դատական ակտերի պարտադիր կատարման ենթակա լինելու կանոնը գործում է նաև դատարանների համար, որոնք իրենց գործունեության ընթացքում պարտավոր են հաշվի առնել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը և իրավունք չունեն այդ դատական ակտով կայացված հարցի վերաբերյալ կայացնելու նոր որոշում:

i

Ավելին` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության դատարանների (...) դատական ակտերի, (...) հարկադիր կատարումն ապահովելու պայմանները և կարգը:

i

Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և սույն օրենքով սահմանված կարգով:

Նշվածից բխում է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի գործողության ոլորտը Հայաստանի Հանրապետության դատարանների դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովելու պայմանները և կարգը սահմանելն է, մինչդեռ Օրենքով կարգավորվում է սնանկության գործերի վարումը, ինչն իրականացվում է բացառապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: ՈՒստի սնանկ ճանաչելու հարցի քննության և հիմքերի գնահատման նկատմամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքը կիրառելի օրենք համարվել չի կարող:

i

(Դ) Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` պարտապանը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել հարկադրված սնանկության դիմումի հիման վրա, եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն): Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն`

ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը, (...):

Անժելա Հարությունյանի հանդեպ Էլիզա Հայրապետյանի պահանջի իրավունքն արդեն հաստատված է թիվ ԵԿԴ/3482/02/17 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 03.11.2017 թվականին կայացված և հետագայում օրինական ուժի մեջ մտած վճռով, իսկ Օրենքի 3-րդ մասի 1-ին կետով անձին սնանկ ճանաչելու անհրաժեշտ պայման է դիտում անվիճելի վճարային պարտավորությունների առկայությունը, որպիսին նույն կետի «ա» ենթակետի համաձայն` համարվում է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով ճանաչված և հաշվանցի հնարավորություն չնախատեսող պարտավորությունը: Այսինքն` Օրենքն անձին սնանկ ճանաչելու պարտադիր պայման է համարում օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված` անվիճելի պարտավորության, և ոչ այդպիսի պարտավորություն ճանաչող օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հարկադիր կատարման հասնելու հնարավորության առկայությունը: Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` պարտապանը կարող է ճանաչվել սնանկ, եթե ունի վճարային պարտավորություններ, որպիսիք նույն օրենքի իմաստով անվիճելի են, եթե հաստատված են օրինական ուժի մեջ մտած դատական ակտով` անկախ դրա կայացման վաղեմությունից, հարկադիր կատարման ներկայացնելու ժամկետները լրացած լինելու կամ չլինելու հանգամանքներից: Այս ամենից պարզ է, որ սնանկության վարույթում անվիճելի վճարային պարտավորության փաստ հաստատելու համար անհրաժեշտ է միայն այդ վճարային պարտավորությունը հաստատող` օրինական ուժի մեջ մտած դատական ակտ և Օրենսդիրը չի նախատեսել ինչ-ինչ պատճառներով դատական ակտի հարկադիր կատարմանը հասնելու հնարավորության բացակայության դեպքում բացառություն նախատեսելու որևէ պայման:

Անժելա Հարությունյանին սնանկ ճանաչելու հարց քննարկելիս ՀՀ սնանկության դատարանը կարևորել է սնանկ ճանաչելու հիմքում դրված պարտավորությունն օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հաշտության համաձայնությամբ պարտապանի կողմից ընդունված լինելու և դրանից հետո` 17.11.2018 թվականին և 06.11.2019 թվականին, մասամբ կամովին կատարված լինելու փաստերը:

Անժելա Հարությունյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը կարևորել է նաև ի կատարումն թիվ ԵԿԴ/3482/02/17 քաղաքացիական գործով 03.11.2017 թվականին կայացված վճռի Էլիզա Հայրապետյանի` որպես գրավառուի, և Անժելա Հարությունյանի` որպես գրավատուի, միջև 09.11.2017 թվականին անշարժ գույքի գրավի պայմանագիր կնքված լինելու, դրա հիման վրա 12.12.2017 թվականին Էլիզա Հայրապետյանի գրավի իրավունքը գրանցված լինելու և Էլիզա Հայրապետյանի կողմից պարտապանին, «Ալմանախ» կրթահամալիր սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն ու ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեին գրավի առարկայի վերաբերյալ բռնագանձման ծանուցումներ ուղարկած լինելու փաստերը և հանգել այն իրավաչափ եզրակացության, որ «(...) թիվ ԵԿԴ/3482/02/17 վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից մեկամյա ժամկետում և դրանից հետո ինչպես պարտապանի, այնպես էլ պարտատիրոջ կողմից իրականացվել են օրինական ուժի մեջ մտած վճռի կատարմանն ուղղված գործողություններ»:

Շարադրվածը վկայում է այն մասին, որ Անժելա Հարությունյանի հանդեպ Էլիզա Հայրապետյանի պահանջի իրավունքը թե՛ սնանկ ճանաչելու մասին վճիռ կայացնելու օրվա դրությամբ և թե՛ առ այսօր անվիճելի է և միանգամայն բավարարում է Օրենքով սահմանված` «անվիճելի պարտավորություն» եզրույթի բովանդակությանը:

Եթե անգամ պահանջատեր Էլիզա Հայրապետյանը բաց է թողել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.11.2017 թվականի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելու` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված մեկամյա ժամկետը, ապա վճռով հաստատված ու պարտապանի կողմից ընդունված պարտավորությունը չի կորցրել իր նախադատելի, այսինքն` արդեն հաստատված, բնույթը, իսկ պարտավորությունը հաստատող վճիռն էլ չի կորցրել իր պարտադիրության հատկանիշը:

(Ե) Սահմանադրության 162-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

Հայաստանի Հանրապետությունում լինելով արդարադատություն իրականացնելու բացառիկ լիազորություն ունեցող պետական մարմին` դատարանները կաշկանդված են Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան գործելու պահանջով: Հետևաբար` արդարադատություն իրականացնելիս դատարանները պարտավոր են վկայակոչել Սահմանադրության և օրենքների այն նորմերը, որոնցով առաջնորդվել են: Այդ պատճառով դատական ակտերի պատճառաբանական մասին ներկայացվող պահանջ է համարվում կիրառելի իրավունքի վերաբերյալ դատարանի վերլուծությունն ու հիմնավորման հիմքում դրված օրենքները և այլ իրավական ակտերը վկայակոչելը:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանն իր Որոշման մեջ չի նշել Սահմանադրության, օրենքների և իրավական այլ ակտերի այն նորմերը, որոնցով ինքն առաջնորդվել է, և որոնք իր համար հիմք են ծառայել այն եզրակացության հանգելու համար, որ «թիվ ԵԿԴ/3482/02/17 քաղաքացիական գործով կայացված վճիռն այլևս կորցրել է իր կատարելիության հատկանիշը», որն ինքնին հանգեցնում է մյուս` անհերքելիության, պարտադիրության և նախադատելիության հատկանիշները կորսված համարելու հետևանքի: Առանց Վճռաբեկ դատարանի իրավական մեկնաբանությունների հիմքում դրված օրենքների և իրավական այլ ակտերի վկայակոչման հնարավոր չէ իրացնել Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված` օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովվելու Վճռաբեկ դատարանին վերապահված լիազորությունը, քանզի քանի դեռ բացահայտված չէ, թե որ օրենքն է դրված կոնկրետ մեկնաբանության հիմքում, այսինքն` անհայտ է, թե որ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի մասին է խոսքը, հնարավոր չէ ապահովվել դրա միատեսակ կիրառությունը:

Դատական ակտերի պարտադիրության և կատարելիության վերաբերյալ Որոշմամբ տրված մեկնաբանության հիմքում դրված իրավական նորմերը չբացահայտելը ոչ միայն հանգեցնում է իրավունքի գերակայության սկզբունքի հետ անհամատեղելի իրավիճակների, քանի որ հակասում է իրավական որոշակիության սկզբունքին, այլև ստեղծում է օրենքով նախատեսված իրավական հիմքերի բացակայության պայմաններում պարտավորությունները կամովին և կամայականորեն դադարած համարելու վտանգ` հանգեցնելով կամայականության:

Բանն այն է, որ պարտավորության առկայությունը դատական ակտի կատարման և դրա ժամկետների հետ պայմանավորելով` Վճռաբեկ դատարանն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված պարտավորությունները դադարելու օրենքով չնախատեսված հիմք է ստեղծել, քանի որ ստացվում է մի իրավիճակ, երբ պահանջատերն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ունի հաստատված պահանջի իրավունք, բայց դատական ակտի հարկադիր կատարման ժամկետը բաց թողնելու պատճառով չի կարողանում ապավինել այդ պարտավորության առկայության` արդեն իսկ հաստատված փաստի վրա, և ըստ այդմ ակնկալել պարտավորության կատարում: Ո՛չ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը և ո՛չ էլ այլ օրենք կամ իրավական ակտ չեն նախատեսում վճռի կամովին կատարման հարցում պարտապանի կամքի բացակայության, իսկ վճիռը հարկադիր կատարման չներկայացնելու կամ ժամանակավրեպ ներկայացնելու դեպքում դրանով հաստատված պարտավորությունը դադարած համարելու հնարավորություն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի «Պարտավորությունները դադարելը» վերտառությամբ 27-րդ գլուխը կազմող` 424-435-րդ հոդվածներով սպառիչ սահմանելով պարտավորության դադարման հիմքերը (պարտավորության դադարելը կատարմամբ, հրաժարագին, հաշվանց, պարտապանի և պարտատիրոջ համընկնում, նորացում, պարտքի ներում, պարտավորության կատարման անհնարինություն, պարտավորության դադարում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտի հիման վրա, քաղաքացու մահ, իրավաբանական անձի լուծարում)` օրենսդիրն արձանագրել է նաև իրավական այլ ակտերով կամ պայմանագրով նման հիմքեր նախատեսելու հնարավորությունը (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 423-րդ հոդվածի 1-ին մաս):

Օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված պարտավորությունը կատարողական թերթը հարկադիր կատարման ներկայացնելու ժամկետը բաց թողնելու` ՀՀ քաղաքացիական օրենսգրքով և որևէ այլ իրավական ակտով չնախատեսված հիմքով դադարած համարելու վերաբերյալ Վճռաբեկ դատարանի եզրահանգումն ի չիք է դարձնում օրենքի կանխատեսելիության, իրավական որոշակիության և հստակության սկզբունքների երաշխավորումը, ինչը, ի թիվ այլնի, կոչված է կանխելու և բացառելու «կամայականության վտանգը»:

Վերոշարադրյալ պատճառաբանությունների հիման վրա կարծում եմ, որ Որոշման մեջ տրված պատճառաբանություններով Վերաքննիչ դատարանի 18.12.2020 թվականի որոշումը բեկանելով և փոփոխելով` Անժելա Հարությունյանին սնանկ ճանաչելու պահանջը մերժելով, խախտվում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված` արդար դատաքննության և իրավական որոշակիության սկզբունքները, խաթարվում է դատական ակտերի վերջնական և պարտադիր լինելու հատկանիշների բովանդակությունը, իրականացվում է պահանջատիրոջ պահանջի, որպես սեփականության, իրավունքի անկաշկանդ իրացմանն անհամաչափ միջամտություն, չի ապահովվում Սահմանադրության 78-րդ հոդվածով ամրագրված` համաչափության սկզբունքը:

Վերոգրյալի հիման վրա գտնում եմ, որ Վճռաբեկ դատարանը պետք է կայացներ Անժելա Հարությունյանի վճռաբեկ բողոքը մերժելու և Վերաքննիչ դատարանի 18.12.2020 թվականի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին որոշում:

 

    Դատավոր`                     Ա. Մկրտչյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 3 դեկտեմբերի 2021 թվական:

 

 

 

pin
Վճռաբեկ դատարան
03.12.2021
N ՍնԴ/0463/04/20
Որոշում