05.11.2016 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2005 թվականի մայիսի 20-ին
i
ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը կարգավորում է անասնաբուծության ինտենսիվացման, տոհմանյութի ստացման, գյուղատնտեսական կենդանիների նոր ցեղերի ստեղծման, վերարտադրության, օգտագործման, անհետացման վտանգի տակ գտնվող ցեղերի պահպանման հետ կապված հարաբերությունները:
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
տոհմային անասնաբուծություն` սելեկցիայի նպատակով տոհմային կենդանիների բուծում, տոհմանյութի արտադրություն և օգտագործում.
տոհմանյութ` տոհմային կենդանի, սերմնահեղուկ (սպերմա), սաղմ, ձվաբջիջ, ձու, մեղվի մայրապտուկ, ձկնկիթ.
տոհմային կենդանի` փաստաթղթով ծագումը վավերացված, վերարտադրության համար օգտագործվող և սահմանված կարգով գրանցված որևէ ցեղի բարձրարժեք գյուղատնտեսական կենդանի.
տոհմային արժեք` տոհմային կենդանու գենետիկական ներուժի մակարդակը և դրա ազդեցությունը սերնդի տնտեսական օգտակար հատկությունների վրա.
բոնիտավորում` հետագա օգտագործման նպատակով գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկությունների, ինչպես նաև տոհմանյութի գնահատում և դասակարգում.
հավաստագիր (վկայական)` տոհմային կենդանու ծագումը, մթերատվությունը և այլ որակական ցուցանիշները, ինչպես նաև սաղմի կամ սերմնահեղուկի որակը հավաստիացնող փաստաթուղթ.
նշադրում` տոհմային կենդանու նշադրում, հաշվեպիտակի ամրացում, դաջում, խարանում, որոնք ապահովում են տոհմային կենդանու ճշգրիտ զանազանումը և հաշվառումը.
տոհմային գրանցում` տոհմային արժեք ներկայացնող կենդանիների, նախիրների, հոտերի, երամակների և գյուղատնտեսական կենդանիների ցեղերի ու նրանց խմբերի տոհմային կարգավիճակի ամրագրում.
տոհմային անասնաբուծությամբ զբաղվող անձ` սելեկցիոն նպատակով տոհմային կենդանիների բուծում և տոհմանյութ արտադրող ու օգտագործող, ինչպես նաև տոհմային անասնաբուծության բնագավառում տոհմային ծառայություն մատուցող իրավաբանական և ֆիզիկական անձ.
տոհմային կենդանիների մթերատվություն` տոհմային կենդանիների տնտեսական օգտակար հատկությունների և նրանցից ստացվող արտադրանքի քանակական ու որակական ցուցանիշների ամբողջություն.
մաքրացեղ բուծում` միևնույն ցեղին պատկանող կենդանիների բուծում` այդ ցեղին յուրահատուկ հատկությունների կայունացման նպատակով.
տրամախաչում` տարբեր ցեղերի պատկանող կենդանիների զուգավորում.
տոհմային կենդանիների պետական գրանցում` տոհմային կենդանիների ծագման, անհատական մթերատու հատկանիշների, սերնդի որակի տվյալների գրանցում` «պետական տոհմային գրքում».
գյուղատնտեսական կենդանիների պետական տոհմային գիրք` որևէ ցեղի բարձր մթերատու տոհմային կենդանիների կամ հոտերի, նախիրների և երամակների տվյալների հավաքածու.
գենոֆոնդային փոքրաթիվ ցեղ` գենետիկասելեկցիոն առանձնահատկություններով օժտված հազվադեպ հանդիպող և անհետացման վտանգի տակ գտնվող որևէ ցեղի կենդանիների խումբ:
Հոդված 2. |
Տոհմային անասնաբուծության ոլորտի գործունեության հիմնական սկզբունքները |
Տոհմային անասնաբուծության ոլորտում գործունեությունը հիմնվում է հետևյալ հիմնական սկզբունքների վրա`
ա) գյուղատնտեսական կենդանիների և թռչունների ցեղերի կատարելագործում, արհեստական սերմնավորման կիրառում, նախիրների, հոտերի, երամակների վերարտադրության ապահովում.
բ) գյուղատնտեսական կենդանիների ցեղերի և ցեղախմբերի գենոֆոնդի պահպանում ու հարստացում:
Հոդված 3. |
Տոհմային անասնաբուծությունը կարգավորող օրենսդրությունը |
Հայաստանի Հանրապետությունում տոհմային անասնաբուծության բնագավառի հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և իրավական այլ ակտերով:
ԳԼՈՒԽ 2
ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
i
Հոդված 4. |
Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները |
Հայաստանի Հանրապետության տոհմային անասնաբուծության օրենսդրական պահանջների իրականացման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` կառավարություն) իրավասություններն են`
ա) գյուղատնտեսական կենդանիների ցեղերի կատարելագործման, շրջանացման, օգտագործման, անհետացման վտանգի տակ գտնվող ցեղերի գենոֆոնդի պահպանության պետական ծրագրերի հաստատումը.
բ) տոհմանյութի հավաստագրման կարգի սահմանումը.
գ) տոհմանյութի արտադրության և օգտագործման կարգի սահմանումը.
դ) տոհմանյութի ներկրման և արտահանման կարգի հաստատումը.
ե) պետական տոհմային գրքերի, ինչպես նաև տոհմային կենդանիների. նախիրների, հոտերի ու երամակների կադաստրի վարման կանոնակարգումը.
զ) տոհմային անասնաբուծության դիտարկումների (մոնիտորինգի) կազմակերպման և իրականացման կարգի սահմանումը.
է) տոհմային անասնաբուծության զարգացման տնտեսական խթանումը.
ը) տոհմային անասնաբուծության բնագավառում միջազգային համագործակցության իրականացումը.
թ) տոհմային կենդանիների բոնիտավորման և նրանց ըստ սերնդի որակի գնահատման պայմանների հաստատումը.
ժ) օրենքով սահմանված այլ լիազորությունների իրականացումը:
Հոդված 5. |
Կառավարության լիազորած պետական մարմնի իրավասությունները |
Հայաստանի Հանրապետության տոհմային անասնաբուծության օրենսդրական պահանջների իրականացման նպատակով կառավարության լիազորած պետական մարմնի իրավասություններն են`
ա) գյուղատնտեսական կենդանիների ցեղերի կատարելագործման, շրջանացման, օգտագործման և անհետացման վտանգի տակ գտնվող ցեղերի գենոֆոնդի պահպանության ծրագրերի և տոհմային անասնաբուծության զարգացման այլ միջոցառումների մշակումը և իրականացումը.
բ) տոհմային անասնաբուծության համակարգված դիտարկումների (մոնիտորինգի) և գիտատեխնիկական խնդիրների լուծման կազմակերպումը և իրականացումը.
գ) տոհմանյութի ճանաչման համար անհրաժեշտ տոհմային, մթերատու և այլ ցուցանիշների ու դրանց հաշվառման պայմանների և կարգի հաստատումը.
դ) («դ» կետն ուժը կորցրել է 05.04.2007 թվականից` 22.02.07 ՀՕ-118-Ն օրենք)
ե) («ե» կետն ուժը կորցրել է 05.04.2007 թվականից` 22.02.07 ՀՕ-118-Ն օրենք)
զ) տոհմային կենդանիների, նախիրների, հոտերի, երամակների կադաստրի և տոհմային գրքերի վարման կարգի կազմակերպումը.
զ1) տոհմանյութի տեսակից կախված` հավաստագրման ժամկետների սահմանումը.
է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավասություններ:
(5-րդ հոդ. փոփ. 22.02.07 ՀՕ-118-Ն, 28.09.16 ՀՕ-142-Ն օրենքներ)
Հոդված 6. |
Տոհմային անասնաբուծության գործունեության լիցենզավորմանը ներկայացվող պահանջները |
(6-րդ հոդվածն ուժը կորցրել է 05.04.2007 թվականից` 22.02.07 ՀՕ-118-Ն օրենք)
Հոդված 7. |
Տոհմային անասնաբուծության զարգացման խթանումը |
Տոհմային անասնաբուծության արդյունավետությունը բարձրացնելու և նրա շարունակական գործընթացն ապահովելու նպատակով պետությունը կիրառում է տնտեսական խթանման միջոցառումներ` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
ԳԼՈՒԽ 3
ՏՈՀՄԱՆՅՈՒԹԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ, ԲՈՆԻՏԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄԸ
(3-րդ գլխի վերնագիրը փոփ. 28.09.16 ՀՕ-142-Ն օրենք)
Հոդված 8. |
Ցեղի վերարտադրության նպատակով տոհմային կենդանու օգտագործման պայմանները |
Ցեղի վերարտադրության նպատակով տոհմային կենդանին օգտագործվում է, եթե օժտված է բարձր տոհմամթերատու հատկություններով, նշադրված է, գրանցված և ունի տոհմային վկայական:
i
Հոդված 9. |
Տոհմային կենդանիների բոնիտավորումը |
Տոհմային կենդանիների բոնիտավորում անցկացվում է ամեն տարի բոլոր այն կազմակերպություններում, որոնք արտադրում են տոհմանյութ:
Հոդված 10. |
Տոհմային կենդանիների գնահատումը |
Ցեղի վերարտադրության համար ընտրված տոհմային արու և էգ կենդանիները ենթակա են հետազոտման ու գնահատման` ըստ սերնդի որակի և մթերատվության:
Տոհմային կենդանիների հետազոտումն անցկացվում է այն տոհմային նախիրներում, հոտերում և երամակներում, որտեղ առկա է գյուղատնտեսական կենդանիների մթերատվության բարձր մակարդակ:
Տոհմային կենդանիները գնահատվում և հետազոտվում են կառավարության սահմանած կարգով:
Հոդված 10.1. |
Տոհմանյութի հավաստագրումը |
Հայաստանի Հանրապետությունում օգտագործվող տոհմանյութը հավաստագրվում է կամավոր հիմունքներով: Տոհմանյութը հավաստագրում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:
(10.1-ին հոդ. փոփ. 28.09.16 ՀՕ-142-Ն օրենք)
ԳԼՈՒԽ 4
ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԾԱԳԱԾ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
Հոդված 11. |
Սույն օրենքի պահանջները խախտելը |
Սույն օրենքի պահանջները խախտելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հոդված 12. |
Տոհմային անասնաբուծության մեջ հայրենական և արտասահմանյան գենոֆոնդերի օգտագործման ընթացքում ծագած վեճերի լուծումը |
Տոհմային անասնաբուծության մեջ հայրենական և արտասահմանյան գենոֆոնդերի օգտագործման ընթացքում տոհմային անասնաբուծական սուբյեկտների միջև ծագած վեճերը լուծվում են փոխադարձ համաձայնությամբ կամ դատական կարգով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան չի նախատեսված:
ԳԼՈՒԽ 5
ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 13. |
Տոհմային անասնաբուծության բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցությունը |
Տոհմային անասնաբուծության բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
ԳԼՈՒԽ 6
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
Հոդված 14. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
2005 թ. հունիսի 18 Երևան ՀՕ-122-Ն
|