(ուժը կորցրել է 06.11.03 թիվ 1694-Ն որոշում)
i
040.0761.181299
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«18» դեկտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 դեկտեմբերի 1999 թվականի թիվ 761
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌԱՆՁԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի վճարունակությունը և կառուցվածքային բարեփոխումների երրորդ վարկային ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ`
ա) «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի համալրման նպատակով «Հայգազարդ» ՊՓԲԸ-ի ներդրած հիմնական միջոցների դիմաց «Գազպրոմ» ՌԲԸ-ի և «Իտերա» կորպորացիայի կողմից փոխհատուցվող 2121,4 մլն խոր. մ բնական գազը «Հայգազարդ» ՊՓԲԸ-ում մուտքագրվում է 70 ԱՄՆ-ի դոլար պայմանագրային արժեքով` յուրաքանչյուր 1000 խոր. մ հաշվով.
բ) Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի կազմակերպությունների ֆինանսական ճեղքվածքի ծածկման նպատակով նշված բնական գազը «Հայգազարդ» ՊՓԲԸ-ի հաշվեկշռից 1998-2000 թվականներին 1700 մլն խոր. մ ընդհանուր ծավալով տրամադրվում է «Հրազդանի ՋԷԿ» ՊՓԲԸ-ին և «Երևանի ՋԷԿ» ՊՓԲԸ-ին գազի օգտագործման յուրաքանչյուր տարվա համար էլեկտրաէներգիայի սակագներում հաշվի առնված, ներմուծված բնական գազի արժեքով` 2002 թվականից «Հայգազարդ» ՊՓԲԸ-ին վերադարձնելու պայմանով:
1999 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի տարածքում նշված գազի տեղափոխման հետ կապված կատարված ծախսերը փոխհատուցվում են «Հայգազարդ» ՊՓԲԸ-ին, իսկ 1999 թվականի հուլիսի 1-ից` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին.
գ) «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի համալրման նպատակով ստացվելիք մնացած 421,4 մլն խոր. մ գազի, ինչպես նաև էներգահամակարգի կողմից վերադարձվելիք գումարների օգտագործման ուղղություններն ու պայմանները որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից մինչև 2000 թվականի հուլիսի 1-ը ներկայացված առաջարկությունների հիման վրա.
դ) «Հայգազարդ» ՊՓԲԸ-ում բնական գազի մուտքագրման արժեքի և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սպառողների համար սահմանված վերադարձման արժեքի կամ անհատույց տրամադրված գազի արժեքի տարբերությունը ձևակերպվում է «Հայգազարդ» ՊՓԲԸ-ի ֆինանսական գործունեության արդյունքով.
ե) «Հայգազարդ» ՊՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 50 տոկոս և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` 50 տոկոս` կազմավորելով ընկերության խորհուրդ` «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան.
զ) «Հայգազարդ» ՊՓԲԸ-ին իրավունք է վերապահվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կողմից սահմանված կարգով և հաստատված ծրագրով իրականացնել էներգահամակարգի կազմակերպությունների դեբիտորական պարտքերի գանձումների (մարումների) գործառույթներ:
i
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության հետ համատեղ`
ա) մինչև 1999 թվականի դեկտեմբերի 25-ը հաստատել էներգահամակարգի կազմակերպությունների ֆինանսական ճեղքվածքի ծածկման նպատակով տրամադրվող բնական գազի արժեքի բաշխումը, ինչպես նաև մուտքագրման, օգտագործման և վերադարձման ձևակերպումների կարգը.
բ) մինչև 2000 թվականի հունվարի 31-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ֆինանսական ճեղքվածքի ծածկման նպատակով էներգահամակարգի կազմակերպություններին տրամադրված բնական գազի արժեքի վերադարձման ժամանակացանկը` յուրաքանչյուր կազմակերպության կտրվածքով:
(2-րդ կետն ուժը կորցրել է 23.10.00 թիվ 658 որոշում)
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ բանակցել «Գազպրոմ» ՌԲԸ-ի և «Իտերա» կորպորացիայի հետ.
ա) գազի համակարգի աշխատողների աշխատավարձի, եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով 1999 թվականի հուլիսի 1-ի դրությամբ եղած կրեդիտորական պարտավորությունները նույն օրվա դրությամբ բնակչության սպառած բնական գազի համարժեք դեբիտորական պարտքերի հետ մասին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին փոխանցելու վերաբերյալ.
բ) «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի համալրման նպատակով «Գազպրոմ» ՌԲԸ-ից և «Իտերա» կորպորացիայից ստացվող բնական գազի գինը էլեկտրաէներգիայի սակագներում հաշվարկված գնվող բնական գազի գնին համապատասխանեցնելու և համարժեքորեն կանոնադրական կապիտալի արժեքը նվազեցնելու վերաբերյալ:
i
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` կազմակերպել գազի համակարգի կազմակերպությունների ակտիվների «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին փոխանցման և չփոխանցված գույքի աուդիտ ու գույքագրում` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության հետ համատեղ հաստատելով աուդիտի տեխնիկական առաջադրանքները:
Աուդիտ իրականացնող կազմակերպությանը վճարումն իրականացնել էներգահամակարգի կազմակերպություններից «Հայգազարդ» ՊՓԲԸ-ի գանձված դեբիտորական պարտքերի կամ այլ սեփական ակտիվների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`
ա) մինչև 2000 թվականի հունվարի 30-ը ստուգել և արձանագրել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ «Հայգազարդ» ՊՓԲԸ-ի, «ՀԱԷԿ» ՊՓԲԸ-ի և «Հայէներգո» ՊՓԲԸ-ի 1995-1999 թվականների պարտավորությունները (բացառությամբ հարկային և մաքսային պարտավորությունների):
«ՀԱԷԿ» ՊՓԲԸ-ում անհրաժեշտության դեպքում պարտավորությունները լուծել ընդհանուր ֆինանսական աուդիտի շրջանակներում.
բ) ստուգել արդյունքներով`
- բնական գազի ներմուծման համար «Հայգազարդ» ՊՓԲԸ-ին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով 1996 թվականին տրամադրված գումարները սահմանված կարգով ձևակերպել որպես բյուջետային վարկ, տարեկան 1 տոկոս դրույքաչափով, մարումը նախատեսելով 2002 թվականից` ելնելով էներգահամակարգի համապատասխան տարիների ֆինանսական հոսքերի կանխատեսումների դրական ֆինանսական հաշվեմնացորդի հնարավորություններից,
- Հայաստան - Իրան էլեկտրահաղորդման գծերի շինարարության նպատակով «Հայէներգո» ՊՓԲԸ-ին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից 1996 թվականին հատկացված գումարները սահմանված կարգով ձևակերպել որպես անվերադարձ նպատակային ֆինանսավորում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՊՓԲԸ-ին նույն չափով համալրելով նրա կանոնադրական կապիտալը,
- «ՀԱԷԿ» ՊՓԲԸ-ի վերագործարկման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով 1995-1997 թվականներին տրամադրված կամ միջպետական և միջկառավարական պայմանագրերի (համաձայնագրերի) հիման վրա ստացված վարկերն ու դրամաշնորհները, միջուկային վառելիքի գնման համար նույն աղբյուրներից ստացված միջոցների արժեքի այն մասը, որը գերազանցում է «ՀԱԷԿ» ՊՓԲԸ-ի արտադրված էլեկտրաէներգիայի 1995-1997 թվականների սակագներում ներառված միջուկային վառելիքի արժեքը, ինչպես նաև 1995 թվականից անվտանգության բարձրացման նպատակով նույն աղբյուրներից ստացվող բոլոր միջոցները սահմանված կարգով ձևակերպել որպես անվերադարձ բյուջետային ֆինանսավորում և սահմանել դրա հետ կապված էներգահամակարգի կազմակերպությունների միջև փոխհարաբերությունների կարգ,
- «ՀԱԷԿ» ՊՓԲԸ-ի միջուկային վառելիքի գնման նպատակով 1995 թվականից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով տրամադրված կամ միջպետական և միջկառավարական պայմանագրերի (համաձայնագրերի) հիման վրա ստացված վարկերն ու մյուս միջոցների արժեքի այն մասը, որը ներառված է եղել «ՀԱԷԿ» ՊՓԲԸ-ի արտադրված էլեկտրաէներգիայի սակագներում, սահմանված կարգով ձևակերպել որպես բյուջետային վարկ, տարեկան 1 տոկոս դրույքաչափով` 2002 թվականից մարման ժամկետով` ելնելով էներգահամակարգի համապատասխան տարիների ֆինանսական հոսքերի կանխատեսումների դրական ֆինանսական հաշվեմնացորդի հնարավորությունների,
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 1999 թվականի օգոստոսի 29-ին կնքված «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականին պետական վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության բյուջեից ստացված ՀԱԷԿ-ի վարկի հաշվին Ռուսաստանի Դաշնության բյուջեի հանդեպ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի պարտքի մարմանն ուղղված 852 հազ. ԱՄՆ-ի դոլար գումարը ձևակերպել նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ ՀԱԷԿ-ի վարկի մարում:
i
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 19-ի «Նախորդ տարիների ընթացքում էներգահամակարգի և արդյունաբերական որոշ ընկերությունների միջև առաջացած առանձին պարտքային պարտավորությունների կարգավորման մասին» N 321 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 3-րդ կետի «բ» ենթակետը «Հայթուրթրեյդ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտքի» բառերից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ. «(վարկի) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձման ժամկետը նախատեսել 2002 թվականից սկսած ` ելնելով էներգահամակարգի համապատասխան տարիների ֆինանսական հոսքերի կանխատեսումների դրական ֆինանսական հաշվեմնացորդի հնարավորություններից: Նշված վարկի տարեկան դրույքաչափը սահմանել 1 տոկոս:
i
7. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ֆինանսական կենսունակության վերականգնման միջոցառումների մասին» N 551 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ֆինանսական կենսունակության վերականգնման համալիր միջոցառումների ծրագրում ընդգրկված կազմակերպությունների (ցանկը կցվում է) նկատմամբ հաշվարկված և չվճարված տույժերի, տուգանքների ու ապառքների (բացառությամբ 1999 թվականի հունվարի 1-ից իրականացված արտադրատնտեսական գործունեության արդյունքներով առաջացած պարտավորությունների) մարման նպատակով մինչև 2003 թվականի հունվարի 1-ը դատարաններ հայցեր չներկայացնել և 10-օրյա ժամկետում հետ վերցնել նշված պարտավորությունների գծով նախկինում ներկայացված հայցերը:
Հայցերի հիման վրա մինչև 1999 թվականի դեկտեմբերի 1-ը գանձված գումարները չվերադարձնել:
էներգահամակարգի առողջացման ծրագրում ընդգրկված 13 ընկերության հարկային հաշվառման քարտերում առանձնացնել 1999 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա հարկային պարտավորությունների գումարը` դրան ավելացնելով 1998 թվականի տնտեսական գործունեությանը վերաբերող 1998 թվականի տարեկան հաշվետվություններում (հաշվարկներում) արտացոլված հարկային պարտավորությունների և հարկային հաշվառման քարտերում արտացոլվածի տարբերությունը:
Հարկային հաշվառման քարտերում 1999 թվականի հունվարի 1-ի դրությամբ տարանջատված ապառքների նկատմամբ տույժերի հաշվարկումը շարունակել օրենքով սահմանված կարգով և ժամկետում:
Էներգահամակարգի ընկերությունների կողմից 1999 թվականի հունվարի 1-ից հետո կատարված փաստացի վճարումները, բացառությամբ նպատակային իրականացված վճարումների, ինչպես նաև այդ վճարումների հետևանքով առաջացած գերավճարներն առաջնահերթ կարգով հաշվառել (հաշվանցել) որպես 1999 թվականի հունվարի 1-ից հետո իրականացված տնտեսական գործունեությունից առաջացած ընթացիկ հարկային պարտավորությունների մարում: Ընթացիկ պարտավորությունները մարելուց հետո (այդ թվում` նաև տույժն ու տուգանքները) առաջացած գումարի մնացորդը ենթակա է հաշվեգրման առաջիկա հարկային պարտավորությունների հաշվին:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը` հիմք ընդունելով նշված դրույթները` կատարել տույժերի առանձնացված վերահաշվարկ (բացառությամբ ստուգման ակտերում արձանագրված գումարների) և 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության հետ համատեղ ճշգրտել համակարգի հարկային պարտավորությունները:
Նշված հաշվառման մեթոդիկան մինչև 2003 թվականը էներգահամակարգի ընկերությունների սեփականաշնորհման դեպքում կիրառել մինչև սահմանված կարգով մասնավորեցման պայմանագրի կնքումը:
(կետ 7 լրաց. 31.12.00 թիվ 914 որոշում)
i
8. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` ապահովել սույն որոշման 7-րդ կետում նշված էներգահամակարգի ընկերությունների կողմից 1999 թվականի հունվարի 1-ից իրականացված տնտեսական գործունեության արդյունքում առաջացած հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորությունների կատարումը և ոչ ուշ, քան մինչև 2003 թվականն սկսել 1999 թվականի հունվարի 1-ի դրությամբ առաջացած հարկային պարտավորությունների մարումը ֆինանսական հոսքերում նախատեսված գումարների շրջանակներում:
(31.12.00 թիվ 914 որոշման խմբագրությամբ)
i
9. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ էներգահամակարգի կազմակերպությունների սույն որոշման 7-րդ կետում նշված պարտավորությունների մարումը 2000-2001 թվականին պետական բյուջեում նախատեսելու և այդ նպատակով բյուջետային վարկ տրամադրելու նպատակահարմարության ու հնարավորության վերաբերյալ:
(9 կետը ուժը կորցրել է 31.12.00 թիվ 914 որոշում)
10. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ բանակցել երկարաժամկետ և ցածր տոկոսներով վարկեր ստանալու վերաբերյալ` ժամկետանց և կրեդիտորական պարտքերը (վարկերը) մարելու համար:
11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի դեկտեմբերի 18-ից:
ՑԱՆԿ
Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի
կազմակերպությունների
«Հրազդանի ՋԷԿ» ՊՓԲԸ
«Երևանի ՋԷԿ» ՊՓԲԸ
«ՀԱԷԿ» ՓԲԸ
«Սևան - Հրազդանյան կասկադ» ՊՓԲԸ
«Որոտան ՀԷԿ-երի համակարգեր» ՊՓԲԸ
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՊՓԲԸ
«Հայէներգո» ՊՓԲԸ
«Երևանի էլեկտրացանց» ՊՓԲԸ
«Հյուսիսային Էլեկտրացանց» ՊՓԲԸ
«Հարավային էլեկտրացանց» ՊՓԲԸ
«Կենտրոնական էլեկտրացանց» ՊՓԲԸ
«Հայգազարդ» ՊՓԲԸ
«Հայգազ» ՊՓԲԸ
«Երևանգազ» ՊՓԲԸ
«Հայտրանսգազ» ՊՓԲԸ
«Հայթուրթրեյդ» ՊՓԲԸ