Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 15-ՐԴ, 23-ՐԴ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ           Վարչական գործ թիվ ՎԴ/4729/05/08

    Վարչական գործ թիվ ՎԴ/4729/05/08                             2009 թ.

Նախագահող դատավոր` Ք. Մկոյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ե. Սողոմոնյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

 

2009 թվականի ապրիլի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Գուրգեն և Յուրի Հակոբյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 17.12.2008 թվականի վճռի դեմ` ըստ Ռոզա Գրիգորյանի և Մարինե Ղարիբջանյանի հայցի ընդդեմ Գուրգեն, Յուրի, Ռոբերտ և Հերմինե Հակոբյանների, Կարինե Հովհաննիսյանի և Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման` Երևանի քաղաքապետի 12.09.1997 թվականի թիվ 1071 որոշումը և անշարժ գույքի գրանցման մատյանում համապատասխանողներ Կարինե Հովհաննիսյանի, Գուրգեն, Յուրի, Ռոբերտ և Հերմինե Հակոբյանների մասով սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ռոզա Գրիգորյանը և Մարինե Ղարիբջանյանը պահանջել են անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 12.09.1997 թվականի թիվ 1071 որոշումը և անշարժ գույքի գրանցման մատյանում Կարինե Հովհաննիսյանի, Գուրգեն, Յուրի, Ռոբերտ և Հերմինե Հակոբյանների մասով սեփականության իրավունքի գրանցումը, ինչպես նաև ճանաչել վիճելի բնակարանի նկատմամբ Ռոզա Գրիգորյանի և Մարինե Ղարիբջանյանի սեփականության իրավունքը հավասար` 1/2 բաժինների նկատմամբ:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 24.07.2008 թվականի որոշմամբ հայցադիմումը` Երևանի քաղաքապետի 12.09.1997 թվականի թիվ 1071 որոշումը և անշարժ գույքի գրանցման մատյանում Կարինե Հովհաննիսյանի, Գուրգեն, Յուրի, Ռոբերտ և Հերմինե Հակոբյանների մասով սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասով, ընդունվել է վարույթ, իսկ վիճելի բնակարանի նկատմամբ Ռոզա Գրիգորյանի և Մարինե Ղարիբջանյանի սեփականության իրավունքը հավասար` 1/2 բաժինների նկատմամբ ճանաչելու պահանջի մասով հայցադիմումի ընդունումը մերժվել է:

Դատարանի 17.12.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Գուրգեն և Յուրի Հակոբյանները:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Ռոզա Գրիգորյանը և Մարինե Ղարիբջանյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

1) Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 15-րդ, 23-րդ, 43-րդ, 66-րդ և 71-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, «Հայաստանի Հանրապետության պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Դատարանն անտեսել է, որ բնակարանի սեփականաշնորհման ժամանակ Գուրգեն և Յուրի Հակոբյանները գրանցման-հաշվառման և «Հայաստանի Հանրապետության պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի հիմքով սեփականաշնորհման սուբյեկտ են:

Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, վերաբերելի և թույլատրելի ապացույցներ է համարել այնպիսի տեղեկանքներ, որոնք էական նշանակություն չունեն և չէին կարող ունենալ սեփականաշնորհման սուբյեկտ լինելու փաստը պարզելու համար, քանի որ նշված օրենքը հստակ և միանշանակ սահմանել է բնակարանում անձի գրանցումը և բնակտարածության նկատմամբ անձի իրավունքի պահպանման դրույթները:

Դատարանն անտեսել է այն կարևոր հանգամանքը, որ բնակարանի սեփականաշնորհման համար հիմք է հանդիսացել ոստիկանության անձնագրային բաժանմունքի կողմից տրամադրվող գրանցման-հաշվառման քարտերը, որոնց համաձայն էլ բողոք բերած անձինք գրանցված են վիճելի բնակարանում, իսկ նրանց իրավունքն ու հաշվառումը չի վերացվել:

Դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ Մարինե Ղարիբջանյանը վիճելի բնակարանում գրանցված չի եղել, սեփականաշնորհմանը չի մասնակցել և սեփականաշնորհման սուբյեկտ չի եղել, հետևաբար, վերջինս պատշաճ հայցվոր չէ: Մինչդեռ, Դատարանը քննել է նաև նրա պահանջը և բավարարել այն:

i

2) Դատարանը չի կիրառել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Ռոզա Գրիգորյանը և Մարինե Ղարիբջանյանը հայցը ներկայացրել են վարչական ակտերի բողոքարկման համար սահմանված ժամկետի ավարտից հետո` առանց բաց թողնված ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Դատարանի 17.12.2008 թվականի վճիռը և այն փոփոխել:

 

2.1 Ռոզա Գրիգորյանի և Մարինե Ղարիբջփանյանի վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները.

Բնակարանի հասցեով հաշվառումը որևէ գույքային իրավունք չի առաջացնում: «Հայաստանի Հանրապետության պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` անձը պետք է բնակվի, այլ ոչ թե հաշվառված լինի սեփականաշնորհվող բնակարանում, որի հիման վրա նոր կարող է ձեռք բերել սեփականության իրավունք: Մինչդեռ, գործի քննության ընթացքում ապացուցվել է, որ բողոք բերած անձինք վիճելի բնակարանում չեն բնակվել:

Դատարանի կողմից վերաբերելի և թույլատրելի համարված տեղեկանքներով ապացուցվում է վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող այն փաստը, որ բողոք բերած անձինք բնակարանի սեփականաշնորհման ժամանակ վիճելի բնակարանում չեն բնակվել, հետևաբար, չէին կարող հանդիսանալ սեփականաշնորհման սուբյեկտ:

Մարինե Ղարիբջանյանը բնակարանի վարձակալ Ռոբերտ Հովհաննիսյանի դուստրն է, վիճելի բնակարանի սեփականաշնորհման ժամանակ բնակվել է այնտեղ և ՀՍՍՀ աշխատավորների դեպուտատների Երևանի 26 կոմիսարների շրջսովետի միասնական թիվ 1124 օրդերի հիման վրա վիճելի բնակարանի նկատմամբ ձեռք է բերել բնակտարածության իրավունք:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` վիճարկման հայցի դեպքում հայցը դատարան կարող է ներկայացվել անկախ ժամկետից:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) ՀՍՍՀ աշխատավորների դեպուտատների Երևանի 26 կոմիսարների շրջսովետի գործադիր կոմիտեի 1971 թվականի հունիսի 1-ի միասնական թիվ 1124 օրդերի համաձայն` Երևանի Կիևյան փողոցի 1-ին նրբանցքի 3-րդ շենքի 25-րդ բնակարանը տրվել է Ռոբերտ Հովհաննիսյանին իր 5 անձից (կինը` Ռոզա Գրիգորյանը, երեք դուստրերը` Մարինե Հովհաննիսյանը (ամուսնությունից հետո` Ղարիբջանյան), Կարինե և Նարինե Հովհաննիսյանները) բաղկացած ընտանիքին զբաղեցնելու համար (գ.թ. 14):

2) Երևանի քաղաքապետի 12.09.1997 թվականի թիվ 1071 որոշմամբ թույլատրվել է Երևանի Կիևյան փողոցի 1-ին նրբանցքի 3-րդ շենքի 25-րդ բնակարանը ձևակերպել Ռոզա Գրիգորյանի անվամբ որպես ընտանիքի բոլոր անդամների` Կարինե Հովհաննիսյանի, Հերմինե Հակոբյանի, Ռոբերտ Հակոբյանի, Գուրգեն Հակոբյանի և Յուրի Հակոբյանի ընդհանուր համատեղ սեփականություն (գ.թ. 15):

3) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմնի 14.05.1999 թվականի թիվ 0121132 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Ռոզա Գրիգորյանի, Կարինե Հովհաննիսյանի, Հերմինե Հակոբյանի, Ռոբերտ Հակոբյանի, Գուրգեն Հակոբյանի և Յուրի Հակոբյանի սեփականության իրավունքը գրանցված է ՀՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրում անշարժ գույքի պետական գրանցման միասնական Ա4-12 մատյանի 00003 համարի տակ (գ.թ. 17-19):

4) Ռոզա Գրիգորյանը Յուրի և Գուրգեն Հակոբյանների մոր` Նարինե Հովհաննիսյանի մայրն է: Նարինե Հովհաննիսյանը մահացել է 16.09.1991 թվականին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ.

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:

ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով նախատեսված դեպքերի:

29.06.1993 թվականին ընդունված և 01.09.1993 թվականին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` սեփականաշնորհման սուբյեկտ են հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, տվյալ բնակտարածությունում գրանցում ունեցող, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում բնակտարածության նկատմամբ իրավունքը պահպանած քաղաքացիները:

«Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն` բնակարանային ֆոնդի բնակարանների սեփականաշնորհումը ընտանիքի չափահաս անդամների համաձայնության դեպքում ձևակերպվում է կամ տվյալ բնակարանի վարձակալի անունով, կամ նրա ընտանիքի որևէ չափահաս անդամի անունով` որպես ընտանիքի բոլոր անդամների ընդհանուր համատեղ, կամ ընդհանուր բաժնային սեփականություն: Վարձակալի ընտանիքի այն անդամները, որոնք բնակվում են նրա հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության բնակարանային օրենսգրքի համաձայն, վարձակալի հետ համահավասար օգտվում են բնակտարածության վարձակալության պայմանագրից բխող բոլոր իրավունքներից և կրում բոլոր պարտականությունները, ինչպես նաև օգտվում են բնակարանների սեփականաշնորհումից բխող իրավունքներից:

Վիճելի իրավահարաբերությունների ժամանակ գործող ՀՀ բնակարանային օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարձակալի ընտանիքի անդամների թվին են պատկանում վարձակալի ամուսինը, նրանց երեխաները և ծնողները: Այլ անձինք կարող են վարձակալի ընտանիքի անդամներ ճանաչվել, եթե նրանք բնակվում են վարձակալի հետ համատեղ և նրա հետ վարում են ընդհանուր տնտեսություն: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե այս հոդվածի առաջին մասում նշված քաղաքացիները դադարել են վարձակալի ընտանիքի անդամներ լինելուց, բայց շարունակում են բնակվել զբաղեցրած տարածությունում, ապա նրանք նույնպիսի իրավունքներ ու պարտականություններ ունեն, ինչպիսին վարձակալն ու նրա ընտանիքի անդամները:

Վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ բնակարանի վարձակալ չհանդիսացող անձը սեփականաշնորհման արդյունքում կարող է ձեռք բերել սեփականության իրավունք 3 պարտադիր վավերապայմանների միաժամանակյա առկայության դեպքում: Այն է` Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելը, տվյալ բնակտարածությունում գրանցում ունենալը, ինչպես նաև բնակարանի վարձակալի ընտանիքի անդամ լինելը (տե՛ս, ըստ Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանի հայցի ընդդեմ Արմեն, Անահիտ Խաչատրյանների, Քանաքեռավանի գյուղապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Եղվարդի տարածքային ստորաբաժանման` Քանաքեռավանի շրջխորհրդի գործկոմի 31.01.1995 թվականի թիվ 1 որոշումը, սեփականության իրավունքի պետական գրանցումը, գրանցման վկայականը մասնակիորեն անվավեր ճանաչելու և համասեփականատեր ճանաչելու պահանջների մասին, և Արմեն Խաչատրյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Թեհմինե Խաչատրյանի` բնակության իրավունքը դադարեցնելու և բնակելի տարածությունից վտարելու պահանջների մասին, թիվ ԿԴ03/0026/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշում):

Սույն գործով Դատարանը, հաստատված համարելով այն հանգամանքը, որ Գուրգեն և Յուրի Հակոբյանները Ռոզա Գրիգորյանի դստեր զավակներն են, վերջինիս հետ համատեղ չեն բնակվել վիճելի բնակարանում, գտել է, որ նրանք վիճելի բնակարանում վարձակալի հետ չբնակվելով, օրենքի ուժով զրկվել են նշված բնակարանի սեփականաշնորհումից բխող իրավունքներից օգտվելուց:

Մինչդեռ, սույն գործով Դատարանի քննության առարկա պետք է դառնար բողոք բերած անձանց` Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու, տվյալ բնակտարածությունում գրանցում ունենալու, ինչպես նաև բնակարանի վարձակալի ընտանիքի անդամ լինելու հանգամանքները: Դատարանը անտեսել է այն հանգամանքը, որ Յուրի և Գուրգեն Հակոբյանները, լինելով Ռոզա Գրիգորյանի դստեր զավակները, նրա ընտանիքի անդամներն են: Բացի այդ, Դատարանը չի անդրադարձել և գնահատման առարկա չի դարձրել վեճի առարկա բնակարանում Յուրի և Գուրգեն Հակոբյանների գրանցման փաստը:

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության համաձայն` հետադարձ ուժ չի կարող տրվել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող, դրանց իրականացման կարգը խստացնող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող կամ պարտականությունների կատարման կարգ սահմանող կամ խստացնող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կարգ սահմանող կամ խստացնող, ինչպես նաև նրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող իրավական ակտերին:

Տվյալ դեպքում, ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը ուժի մեջ է մտել 01.01.2008 թվականին, իսկ նշված օրենսգրքի 71-րդ հոդվածը, որով սահմանված են հայց ներկայացնելու ժամկետները, անձի իրավական վիճակը վատթարացնող նորմ է, քանի որ այդ նորմով սահմանված են հայց ներկայացնելու կրճատ ժամկետներ, հետևաբար այն չի կարող տարածվել վիճելի իրավահարաբերության վրա:

Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում Դատարանի հայցային վաղեմություն չկիրառելու վերաբերյալ պատճառաբանությունները:

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու համար:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ, 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 17.12.2008 թվականի վճռի` Գուրգեն և Յուրի Հակոբյանների մասը, և գործն այդ մասով ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
30.04.2009
N ՎԴ/4729/05/08
Որոշում