ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/1823/02/09
դատարանի որոշում 2009 թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/1823/02/08
Նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան
Դատավորներ` Գ. Մատինյան
Ե. Խունդկարյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ա. Մկրտումյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Սարգսյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Է. Հայրիյանի
Ա. Մաթևոսյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2009 թվականի փետրվարի 13-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Լարիսա Հովեյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.10.2008 թվականի որոշման դեմ` ըստ Արտավազդ Հովեյանի հայցի ընդդեմ Լարիսա Հովեյանի, երրորդ անձ Երևանի Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի` ժառանգության իրավունքի վկայագիրը և դրա հիման վրա տրված սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու, ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Արտավազդ Հովեյանը պահանջել է անվավեր ճանաչել Լարիսա Հովեյանի անվամբ տրված ժառանգության իրավունքի վկայագիրը, դրա հիման վրա տրված սեփականության իրավունքի վկայականը և ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ:
Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 29.04.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.10.2008 թվականի որոշմամբ Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 29.04.2008 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել. սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է, ժառանգության իրավունքի վկայագիրը ճանաչվել է անվավեր և Արտավազդ Հովեյանը ճանաչվել է ժառանգությունն ընդունած ժառանգ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լարիսա Հովեյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1217-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Պատճառաբանելով, որ Լարիսա Հովեյանը ժառանգատու Ժենյա Հովեյանի համահայր, այսինքն` ոչ հարազատ քույրն է, Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ Լարիսա Հովեյանն ընդհանրապես ժառանգ չէ: Մինչդեռ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1217-րդ հոդվածի իմաստով Լարիսա Հովեյանը ևս համարվում է երկրորդ հերթի ժառանգ: Համահայր կամ համամայր լինելը բավարար է հարազատությունը կամ արյունակցական կապը հաստատված համարելու համար: Հետևաբար, Լարիսա Հովեյանը Ժենյա Հովեյանի երկրորդ հերթի ժառանգն է:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01.10.2008 թվականի որոշման` հայցը բավարարելու մասը և այն փոփոխել. մասնակիորեն` 1/2 մասով անվավեր ճանաչել Լարիսա Հովեյանի ժառանգության իրավունքի վկայագիրը և այդ մասով Արտավազդ Հովեյանին ճանաչել Ժենյա Հովեյանի ժառանգությունն ընդունած ժառանգ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. Երևանի Մոլդովական փողոցի 21 շենքի թիվ 8 բնակարանը սեփականության իրավունքով պատկանել է Ժենյա Հովեյանին:
2. Արտավազդ Հովեյանը ժառանգատու Ժենյա Հովեյանի հանգուցյալ եղբոր որդին է և 1978 թվականից փաստացի բնակվում է ժառանգական գույք համարվող Երևանի Մոլդովական փողոցի 21 շենքի թիվ 8 բնակարանում:
3. Ժենյա Հովեյանի հայրն Արտավազդ Հովեյանն է, իսկ մայրը` Ռոզիկ Նահապետի Հովեյանը:
4. Լարիսա Հովեյանի հայրն Արտավազդ Հովեյանն է, իսկ մայրը` Արտաշամ Գևորգի Գսպոյանը:
5. Լարիսա Հովեյանին դիմումի հիման վրա տրվել է վեճի առարկա բնակարանի նկատմամբ ժառանգության իրավունքի վկայագիր:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է պատասխանել հետևյալ իրավական հարցին.
Արդյո՞ք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1217-րդ հոդվածի իմաստով համահայր կամ համամայր քույր կամ եղբայրները երկրորդ հերթի ժառանգներ չեն:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1217-րդ հոդվածի համաձայն` երկրորդ հերթի ժառանգներ են ժառանգատուի հարազատ եղբայրները և քույրերը: Ժառանգատուի եղբայրների և քույրերի երեխաները ժառանգում են ներկայացման իրավունքով:
Վերաքննիչ դատարանը, հայցի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ ժառանգատուի հետ համահայր կամ համամայր քույրը կամ եղբայրը երկրորդ հերթի ժառանգ չէ:
i
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 11-րդ հոդվածի «բ» կետի համաձայն` արգելվում է ամուսնություն կնքել մերձավոր ազգականների (ուղիղ վերընթաց ու վայրընթաց ազգականների` ծնողների ու զավակների, պապի, տատի ու թոռների, ինչպես նաև հարազատ և համահայր կամ համամայր եղբայրների ու քույրերի, մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր և մորեղբոր զավակների) միջև:
Ամուսնական իրավահարաբերություններում, կարևորելով գենետիկական ներդաշնակության առաջնայնությունը, օրենսդիրը տարանջատել է «հարազատ եղբայրներ ու քույրեր» և «համահայր կամ համամայր եղբայրներ ու քույրեր» հասկացությունները` ամուսնության արգելք սահմանելով նաև համահայր կամ համամայր եղբայրների և քույրերի միջև, ինչը կապված է այս հարաբերությունների խիստ անձնական-ֆիզիոլոգական բնույթի հետ:
Մինչդեռ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի «ժառանգական իրավունք» բաժնում զետեղված նորմերում որևէ տարանջատում սահմանված չէ «հարազատ քույրեր և եղբայրներ» և «համահայր կամ համամայր քույրեր և եղբայրներ» հասկացողությունների միջև, քանի որ այս հարաբերությունները գույքային բնույթի հարաբերություններ են:
Այսինքն, ժառանգական իրավահարաբերություններում անձի ժառանգական իրավունքները սահմանափակած չեն ժառանգատուի հետ համահայր կամ համամայր եղբայր կամ քույր լինելու հանգամանքով: Հետևաբար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1217-րդ հոդվածի իմաստով ժառանգատուի «հարազատ քույրեր և եղբայրներ» հասկացությունն իր մեջ ներառում է նաև համահայր կամ համամայր քույրերին և եղբայրներին:
Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ժառանգական իրավահարաբերություններում ժառանգատուի հարազատ եղբայրներին և քույրերին հավասարեցված են նաև ժառանգատուի հետ համահայր կամ համամայր քույրերը և եղբայրները:
Այսինքն, անձը երկրորդ հերթի ժառանգ է նաև այն դեպքում, երբ ժառանգատուի հետ համահայր կամ համամայր քույր կամ եղբայր է:
Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արտավազդ Հովեյանը 1978 թվականից փաստացի բնակվում է ժառանգական գույք համարվող Երևանի Մոլդովական փողոցի 21 շենքի թիվ 8 բնակարանում, այսինքն` փաստացի տիրապետման և կառավարման եղանակով ընդունել է ժառանգությունը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ժառանգական գույքի նկատմամբ 1/2-ական բաժիններով ժառանգներ են Լարիսա Հովեյանը և Արտավազդ Հովեյանը:
i
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքը հիմնավոր համարելով Վճռաբեկ դատարանն այն դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը մասնակիորեն բեկանելու համար:
i
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մասնակիորեն բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.10.2008 թվականի որոշումը և այն փոփոխել. Արտավազդ Հովեյանի հայցը բավարարել մասնակիորեն` 1/2 մասով անվավեր ճանաչել Լարիսա Հովեյանի ժառանգության իրավունքի վկայագիրը և այդ մասով Արտավազդ Հովեյանին ճանաչել Ժենյա Հովեյանի ժառանգությունն ընդունած ժառանգ: Մնացած մասով որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ա. Մկրտումյան
Դատավորներ` Ս. Սարգսյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Է. Հայրիյան
Ա. Մաթևոսյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան