ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ 3-454 (ՎԴ)
դատարանի որոշում 2008 թ.
Քաղաքացիական գործ թիվ 08-1031
Նախագահող դատավոր` Գ. Մատինյան
Դատավորներ` Լ. Գրիգորյան
Ե. Խունդկարյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ա. Մկրտումյանի
մասնակցությամբ դատավորներ Վ. Աբելյանի
Ս. Սարգսյանի
Դ. Ավետիսյանի
Հ. Ղուկասյանի
Ս. Օհանյանի
2008 թվականի հուլիսի 25-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Երանիկ Հայրիյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.03.2008 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արամ Սանասարյանի ընդդեմ Գուրգեն Մկրտչյանի, Երանիկ, Էռնեստ և Էռնա Հայրիյանների, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` փաստացի զբաղեցրած հողամասի նկատմամբ պետական գրանցում կատարելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Երանիկ և Էռնա Հայրիյանների ընդդեմ Արամ Սանասարյանի, երրորդ անձ Կադաստրի` ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքից բաժինն առանձնացնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Արամ Սանասարյանը պահանջել է պարտավորեցնել Կադաստրին կատարելու իր կողմից զբաղեցրած Երևանի Չկալովի թիվ 35 հասցեի հողամասի նկատմամբ պետական գրանցում:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Երանիկ և Էռնա Հայրիյանները պահանջել են առանձնացնել սեփականության իրավունքով իրենց պատկանող Երևանի Չկալովի թիվ 35 հասցեի 1167 քմ մակերեսով հողամասի 27/80-րդ մասը:
Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 27.06.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետև` Վերաքննիչ դատարան) 11.03.2008 թվականի որոշմամբ Երանիկ Հայրիյանի և Կադաստրի վերաքննիչ բողոքները մերժվել են:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երանիկ Հայրիյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արամ Սանասարյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
1) Վերաքննիչ դատարանը չի կիրառել 1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը հայցի բավարարման և հակընդդեմ հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Սլավիկ Հայրիյանը նոտարական կարգով վավերացված 29.04.1989 թվականի «Բնակելի տան մասի» առուվաճառքի պայմանագրով Երևանի Չկալովի փողոցի թիվ 35 տան նախկին սեփականատեր Մկրտիչ Չեբիշյանից գնել է տան 27/80 մասը, որը գտնվում է նշված տան երկրորդ հարկում և ձեղնահարկում (ունի առանձնացված մուտք), այլ ոչ թե հողամաս (այդ մասին պայմանագրում նշում չկա):
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը գնահատման առարկա չի դարձրել այն հանգամանքը, որ վեճի առարկա հողամասի նկատմամբ Հայրիյանների սեփականության իրավունքը ծագել է 1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի ուժով:
i
2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի առաջին մասը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից սկզբնական հայցով պատասխանող Գուրգեն Մկրտչյանի բացակայությամբ, ով պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին: Վերաքննիչ դատարանի կողմից պարզվել է, որ Գուրգեն Մկրտչյանը ներկայումս Երևան քաղաքի Չկալովի փողոցի թիվ 35 տան սեփականության իրավունքով իրեն պատկանող 17 քմ մակերեսով սենյակում չի բնակվում և հայցվորի հավաստմամբ գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս: Այսինքն` Վերաքննիչ դատարանը հաստատապես իմացել է, որ Գուրգեն Մկրտչյանը պատշաճ կերպով չի ծանուցվել դատական նիստի ժամանակի և վայրի մասին:
Առաջին ատյանի դատարանը սկզբնական հայցը քննելիս անդրադարձել է ներկայացված պահանջներից միայն մեկին` Արամ Սանասարյանի իրավունքի պետական գրանցմանը և բավարարելով հայցը` պարտավորեցրել է Կադաստրին 486,4 քմ մակերեսով հողամասի նկատմամբ գրանցել Արամ Սանասարյանի իրավունքը: Այսինքն` առաջին ատյանի դատարանը քննել է սկզբնական հայցով ներկայացված պահանջներից միայն մեկը, իսկ մնացած մասով ընդհանրապես դատական ակտ չի կայացրել: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի վճռի դեմ բերված երկու բողոքներից քննել է միայն մեկը` պատասխանողների բողոքը, իսկ երրորդ անձի վերաքննիչ բողոքին ընդհանրապես չի անդրադարձել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.03.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Դատատեխնիկական փորձաքննությունների եզրակացություններով, ինչպես նաև դատարանի կողմից կատարված տեղատեսությամբ հիմնավորվել է, որ Հայրիյանների կողմից գնված տան մասը վեճի առարկա հողամասի հետ առնչություն չունի, ինչպես նաև այն, որ տնամերձ հողամասն օգտագործվել է միայն Արամ Սանասարյանի կողմից: Բացի այդ, քաղաքացիական գործում առկա են թաղապետարանի կողմից հաստատված հարևանների հայտարարությունները` հողամասն ի սկզբանե Արամ Սանասարյանի կողմից օգտագործելու մասին:
Ինչ վերաբերում է Գուրգեն Մկրտչյանին պատշաճ ձևով չծանուցելուն, ապա Արամ Սանասարյանը դատարանում հրաժարվել է Գուրգեն Մկրտչյանի նկատմամբ ներկայացված հայցից:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Երևանի Չկալովի թիվ 35 հասցեում գտնվող բնակելի տան համասեփականատերեր են հանդիսացել Մկրտիչ Չեբիշյանը և Վահրամ Սանասարյանը:
2) 29.05.1989 թվականի բնակելի տան առուվաճառքի պայմանագրով Մկրտիչ Չեբիշյանը վաճառել է Սլավիկ Հայրիյանին Երևանի Չկալովի թիվ 35 տան իրեն պատկանող 27/80 մասը: Պայմանագիրը վավերացվել է նոտարական կարգով:
3) Վահրամ Սանասարյանի մահից հետո նրան պատկանող գույքը տիրապետել և օգտագործել է նրա որդի Արամ Սանասարյանը:
4) Սլավիկ Հայրիյանը իր ընտանիքի անդամների` Երանիկ, Էռնեստ և Էռնա Հայրիյանների հետ միասին Երևանի Չկալովի թիվ 35 տան իրեն պատկանող 27/80 մասը գնելու պահից հաշվառվել և բնակվել է նշված տանը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) վճռաբեկ բողոքը առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:
1971 թվականի Հայկական ԽՍՀ հողային օրենսգրքի 84-րդ հոդվածի համաձայն` քաղաքների հողերում շենքի սեփականության իրավունքն անցնելիս անցնում է նաև հողամասի կամ նրա մի մասի օգտագործման իրավունքը: Եթե շենքի սեփականության իրավունքն անցնում է մի քանի սեփականատերերի, ինչպես նաև, եթե շենքի մի մասի նկատմամբ անցնում է սեփականության իրավունքը, ապա հողամասն անցնում է սեփականատերերի ընդհանուր օգտագործմանը:
1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` տնամերձ հողամասերը, ինչպես նաև այգեգործական (ամառանոցի) և բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ունեցած հողամասերը անհատույց կարգով թողնվում են նրանց որպես սեփականություն:
Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն քաղաքացիական գործով Սլավիկ Հայրիյանի և Մկրտիչ Չեբիշյանի միջև կնքվել է Երևանի Չկալովի թիվ 35 հասցեում գտնվող տան 27/80 մասի առուվաճառքի պայմանագիր, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ հոդվածների ուժով հողամասի սեփականատերեր են դարձել Արամ Սանասարյանը և Սլավիկ Հայրիյանը` որպես դրա վրա գտնվող շենքի համասեփականատերեր: Հետևաբար, վեճի առարկա ամբողջ հողամասի նկատմամբ Արամ Սանասարյանի սեփականության իրավունքի ճանաչման հայցապահանջը ենթակա է մերժման:
Ինչ վերաբերում է հակընդդեմ հայցին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հակընդդեմ հայցի բավարարման կամ մերժման հարցը լուծելիս դատարանն առաջին հերթին պետք է պարզի կողմերի ընդհանուր սեփականության ներքո գտնվող հողամասի չափը:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ փորձագիտական եզրակացությամբ հաստատվել է 486,2 քմ մակերեսով հողամասից 27/80 մասի առանձնացման անհնարինության հայցը, մինչդեռ պահանջը վերաբերել է 1167 քմ մակերեսով հողամասի 27/80 մասն առանձնացնելուն:
2) բողոքի երկրորդ հիմքն այն մասին, որ Վերաքննիչ դատարանը գործի քննության ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով չի ծանուցել Գուրգեն Մկրտչյանին, Վճռաբեկ դատարանը քննության չի առնում, քանի որ բողոք բերած անձը` Երանիկ Հայրիյանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի պահանջին համապատասխան, լիազորված չէ վճռաբեկ բողոք ներկայացնել Գուրգեն Մկրտչյանի անունից:
Վճռաբեկ դատարանը չի քննարկում նաև բողոքի մյուս մասերը, քանի որ դրանք վերաբերում են Արամ Սանասարյանի և Կադաստրի իրավունքներին:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով, Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.03.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ա. Մկրտումյան
Դատավորներ` Վ. Աբելյան
Ս. Սարգսյան
Դ. Ավետիսյան
Հ. Ղուկասյան
Ս. Օհանյան