Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 117-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 117-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վերաքննիչ քաղաքացիական               Քաղաքացիական գործ թիվ 3-357 (ՎԴ)

    դատարանի վճիռ                                                2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 07-3531

Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան

Դատավորներ` Լ. Գրիգորյան

Լ. Սոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Մանուկյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Սարգսյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

                                              

2008 թվականի մայիսի 23-ին,

դռնբաց դատական նիստում, քննելով Մանյա Գալուստյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.12.2007 թվականի վճռի դեմ` ըստ Մանյա Գալուստյանի հայցի ընդդեմ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` կարգապահական տույժն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի և անաշխատունակության ողջ ժամանակաշրջանի համար վճարելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Մանյա Գալուստյանը պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության գլխավոր տնօրենի 21.05.2007 թվականի թիվ 76/Կ կետ 4 և 30.05.2007 թվականի թիվ 82/Կ հրամանները, վերականգնել նախկին աշխատանքում որպես իրավապայմանագրային բաժնի գլխավոր իրավախորհրդատու` վճարելով հարկադիր պարապուրդի համար միջին աշխատավարձը, մինչև աշխատանքում փաստացի վերականգնելու օրը:

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 29.08.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.12.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մանյա Գալուստյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասը, չի կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 117-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա «Պրոմեթեյ բժշկական կենտրոն» ՍՊԸ-ի կողմից տրված տեղեկանքը, 22.05.2007 թվականին Ընկերությանը ներկայացված Մանյա Գալուստյանի դիմումը, ինչը հանգեցրել է գործի սխալ լուծման:

Այսպես, 22.05.2007 թվականին հերթական արձակուրդ տրամադրելու խնդրանքով Մանյա Գալուստյանը դիմել է Ընկերությանը և դիմումին կից ներկայացրել է «Պրոմեթեյ բժշկական կենտրոն» ՍՊԸ-ի կողմից տրված տեղեկանքը, որի համաձայն` Մանյա Գալուստյանի մոտ առկա է եղել 23 շաբաթական հղիություն: Մինչդեռ, գործատուն, հաշվի չառնելով նշված հանգամանքը, 30.05.2007 թվականին Մանյա Գալուստյանի հետ լուծել է աշխատանքային պայմանագիրը:

i

2) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 121-րդ հոդվածի 3-րդ մասը, 221-րդ, 224-րդ և 226-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Մանյա Գալուստյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս և նրա հետ աշխատանքային պայմանագիրը լուծելիս, գործատուն չի պահպանել կարգապահական պատասխանատվության կիրառման կարգը, այն է` մինչև 21.05.2007 թվականի թիվ 76/Կ հրամանով կարգապահական տույժի կիրառումը հայցվորից չի պահանջել խախտման մասին գրավոր բացատրություն:

3) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

i

Վերաքննիչ դատարանը փաստել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված մեկամսյա ժամկետի խախտում, մինչդեռ, նման խախտում առկա չէ:

Մասնավորապես, աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ Ընկերության հրամանը հայցվորն ստացել է 06.06.2007 թվականին և հայցադիմում է ներկայացրել 03.07.2007 թվականին:

i

4) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը:

Վերաքննիչ դատարանը, 26.11.2007 թվականին նշանակված քաղաքացիական գործի քննությունը հետաձգելով, պատշաճ ձևով չի ծանուցել հայցվորին դատական նիստի ժամանակի և վայրի մասին` դրանով իսկ խախտելով Մանյա Գալուստյանի դատական պաշտպանության իրավունքը, իրավահավասարության և մրցակցության սկզբունքները:

i

5) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ մասը և 213-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ բողոքը բերվել է նման լիազորություններ չունեցող անձի կողմից և ըստ էության անձը, որն ստորագրել է վերաքննիչ բողոքը գլխավոր տնօրենի փոխարեն, չունի դատական ակտը բողոքարկելու իրավունք, քանի որ գործի նյութերում բացակայում է բողոք բերողի լիազորությունները հավաստող որևէ ապացույց:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.12.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Արմավիրի մարզի առաջին ատյանի 29.08.2007 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները.

 

«Պրոմեթեյ բժշկական կենտրոն» ՍՊԸ-ի կողմից տրված տեղեկանքն անօրինական է, իրավական հետևանքներ չի կարող առաջացնել, քանի որ այն հակասում է ՀՀ առողջապահության նախարարի 03.08.2006 թվականի թիվ 879-Ն և ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի 08.08.2006 թվականի թիվ 116-Ն համատեղ հրամանի պահանջներին: Ինչ վերաբերում է հայցվորի ֆիզիոլոգիական վիճակին, ապա այդ վիճակը հիմնավորող որևէ փաստաթուղթ նրա կողմից չի ներկայացվել և Ընկերությունը չի խախտել օրենքը:

27.02.2006 թվականի «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը վերաբերում է այն հղի կնոջը, որը բարեխղճորեն կատարում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջները և իր վրա դրված պարտականությունները: Հայցվորն աշխատանքային կարգապահությունը կոպիտ կերպով խախտել է դեռևս 2006 թվականի նոյեմբեր ամսից, ողջ հղիության ընթացքում աշխատանքի չի ներկայացել, բուժման մեջ գտնվելու և հղիությունը պահպանելու վերաբերյալ անաշխատունակության թերթիկ չի ներկայացրել:

Բացի այդ, Մանյա Գալուստյանը դատական պաշտպանության իրավունքից օգտվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով նախատեսված մեկամսյա ժամկետի ավարտից հետո:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Մանյա Գալուստյանը 22.05.2007 թվականին դիմել է Ընկերությանը` իրեն հերթական արձակուրդ տրամադրելու մասին: Դիմումին կցվել է «Պրոմեթեյ բժշկական կենտրոն» ՍՊԸ-ի 17.05.2007 թվականի թիվ 23 տեղեկանքը, որի համաձայն` Մանյա Գալուստյանի մոտ առկա է 23 շաբաթական հղիություն:

2. Ընկերության գլխավոր տնօրեն Գ. Մարկոսյանի 30.05.2007 թվականի թիվ 82/Կ հրամանի համաձայն` Մանյա Գալուստյանի և Ընկերության միջև կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է:

3. Ընկերության գլխավոր տնօրեն Գ. Մարկոսյանի 21.05.2007 թվականի թիվ 76/Կ հրամանի համաձայն` Մանյա Գալուստյանին աշխատանքային կարգապահությունը խախտելու համար հայտարարվել է խիստ նկատողություն:

4. Վերաքննիչ դատարանը Մանյա Գալուստյանին պատշաճ ձևով տեղեկացրել է 26.11.2007 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին:

5. Մանյա Գալուստյանը 26.11.2007 թվականին ներկայացրել է միջնորդություն գործն իր բացակայությամբ քննելու մասին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 117-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային պայմանագիրը չի կարող լուծվել հղի կնոջ հետ հղիության ամբողջ ժամանակահատվածում (անհրաժեշտության դեպքում` բժշկական եզրակացության առկայության դեպքում), ծննդաբերության արձակուրդի և դրան հաջորդող ամսվա ընթացքում, ինչպես նաև մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողի հետ:

i

Սույն քաղաքացիական գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն` վճռի մեջ պետք է նշվեն դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են վերաքննիչ դատարանի հետևություններն այդ հանգամանքների մասին, և փաստարկները, որոնցով վերաքննիչ դատարանը մերժում է այս կամ այն ապացույցները, ինչպես նաև այն օրենքները, ՀՀ միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը վճիռ կայացնելիս:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՛ փաստական և թե՛ իրավական հիմնավորումները:

Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

i

Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը (տե՛ս ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ընդդեմ «Քնար-88» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, քաղ. գործ թիվ 3-2504(ՏԴ) (գումար բռնագանձելու պահանջով)):

i

Սույն քաղաքացիական գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածից բխում է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վճիռ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս Անժելա Ղազարյան, Արփիկ և Արմինե Գասպարյաններ ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների` ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշումը, թիվ 3-1843(ՎԴ)): Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից գործի քննության ընթացքում պետք է ուսումնասիրվեին գործում առկա բոլոր ապացույցները, վերլուծության ենթարկվեին կողմերի ներկայացրած և դատաքննությամբ հետազոտված ապացույցները, դրանցով համապատասխան հանգամանքները հիմնավորված կամ անհիմն համարելու համար:

Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը, հայցապահանջը մերժելիս գնահատման առարկա չի դարձրել «Պրոմեթեյ բժշկական կենտրոն» ՍՊԸ-ի 17.05.2007 թվականի թիվ 23 տեղեկանքը, որով հիմնավորվում է, որ աշխատանքային պայմանագիրը լուծվել է Մանյա Գալուստյանի հղիության ժամանակաշրջանում, և չի նշել այդ ապացույցի մերժման պատճառները:

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ`

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 121-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն նույն հոդվածին համապատասխան` աշխատանքային պայմանագիրը լուծելիս գործատուն պարտավոր է պահպանել կարգապահական պատասխանատվության կիրառման կանոնները:

i

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն` մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն: Եթե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում բացատրություն, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց բացատրության:

Նշված հոդվածից հետևում է, որ գործատուն աշխատանքային կարգապահության խախտման մասին գրավոր բացատրությունը պետք է աշխատողից պահանջի մինչև կարգապահական տույժի կիրառումը` սահմանելով այդ բացատրությունը տալու համար ողջամիտ ժամկետ:

Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Ընկերության գլխավոր տնօրեն Գ. Մարկոսյանի 21.05.2007 թվականի թիվ 76/Կ հրամանի 4-րդ կետի համաձայն` Մանյա Գալուստյանին աշխատանքային կարգապահությունը խախտելու համար հայտարարվել է խիստ նկատողություն և պահանջվել բացատրագիր աշխատողից:

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ գործատուն Մանյա Գալուստյանից աշխատանքային կարգապահության խախտման մասին գրավոր բացատրությունը պահանջել է 21.05.2007 թվականի թիվ 76/Կ հրամանով` կարգապահական տույժ կիրառելիս, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության կողմից չի պահպանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 121-րդ հոդվածի 3-րդ մասի և 226-րդ հոդվածի ուժով կարգապահական պատասխանատվության կիրառման կանոնները:

3) Վճռաբեկ բողոքը երրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ`

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան հրամանն ստանալու օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում իրավունք ունի դիմելու դատարան:

Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով այն հանգամանքը, որ հայցվորը բաց է թողել մեկամսյա ժամկետում դատարան դիմելու իրավունքը չի հիմնավորել իր այդ պնդումը:

Մասնավորապես, դատարանի կողմից պատշաճ գնահատման առարկա չի դարձվել և չի որոշվել այդ ժամկետի հաշվարկման սկիզբը` աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ Ընկերության հրամանը Մանյա Գալուստյանի կողմից ստանալու օրը:

4) Վճռաբեկ բողոքը չորրորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին, իսկ 2-րդ մասի համաձայն` ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով:

Սույն քաղաքացիական գործով 26.11.2007 թվականի դատական նիստի մասին Մանյա Գալուստյանին պատշաճ ձևով ծանուցելու փաստը հաստատվում է քննվող քաղաքացիական գործում առկա ծանուցագրով, ինչպես նաև գործն իր բացակայությամբ քննելու մասին Մանյա Գալուստյանի կողմից ներկայացված միջնորդությամբ:

Հիմք ընդունելով վերոնշյալը, Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի խախտման վերաբերյալ բողոք բերած անձի փաստարկը գտնում է անհիմն:

4) Վճռաբեկ բողոքը հինգերորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի լիազորությունները հավաստվում են սույն օրենսգրքով սահմանված կարգով:

Սույն քաղաքացիական գործով վերաքննիչ բողոքը բերվել է Ընկերության տնօրենի կողմից, իսկ վերջինիս մոտ նման լիազորության առկայությունը չի վիճարկվել:

Հետևաբար, անհիմն է վճռաբեկ բողոքի հիմքն այն մասին, որ վերաքննիչ բողոքը բերվել է նման լիազորություններ չունեցող անձի կողմից:

Վճռաբեկ բողոքի պատասխանում ներկայացված փաստարկները մասնակիորեն հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի 1-ին, 2-րդ և 3-րդ հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով` Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:

i

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.12.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 29.08.2007 թվականի վճռին:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Մանուկյան

Դատավորներ` Ա. Մկրտումյան

Վ. Աբելյան

Ս. Սարգսյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
23.05.2008
N 3-357 (ՎԴ)
Որոշում