(ուժը կորցրել է 20.12.17 թիվ 61-Ն հրաման)
i
100.0100.060502
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«06» 05 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10002078
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
26 փետրվարի 2002 թվականի N 100
i
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԴԵՂԱՏՈՄՍԵՐԻ ԴՈՒՐՍ ԳՐՄԱՆ ԵՎ ԴԵՂԵՐԻ ԲԱՑ ԹՈՂՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 14.08.2001թ. «Հայաստանի Հանրապետությունում կիրառվող դեղատոմսային ձևաթղթերը հաստատելու մասին» N 759 որոշման 4-րդ կետի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետությունում ամբուլատոր-պոլիկլինիկական և դիսպանսեր հիվանդների համար դեղատոմսերի դուրս գրման և դեղերի բաց թողնման աշխատանքները կանոնակարգելու նպատակով
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության տարածքում դեղատոմսերի դուրս գրման և դեղերի բաց թողնման կարգը (կցվում է):
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
2. ՀՀ առողջապահության նախարարության էկոնոմիկայի վարչության պետ Ա.Կարապետյանին`
ապահովել ՀՀ կառավարության 14.08.2001թ. N 759 որոշմամբ հաստատված թմրադեղերի դուրս գրման համար նոր ձևաթղթերի տպագրումը:
3. ՀՀ առողջապահության նախարարության գործերի կառավարիչ Գ. Ստեփանյանին` ապահովել հիշյալ կարգի տրամադրումը ՀՀ առողջապահության համակարգի բոլոր բժշկական կազմակերպություններին, Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների առողջապահության վարչություններին:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Հ. Դարբինյանին:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարարության
2002 թվականի փետրվարի «26»-ի
N 100 հրամանով
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԵՂԱՏՈՄՍԵՐԻ ԴՈՒՐՍ ԳՐՄԱՆ ԵՎ ԴԵՂԵՐԻ ԲԱՑ ԹՈՂՆՄԱՆ
1. ՀՀ տարածքում բոլոր դեղերի համար (բացառությամբ առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի) բժիշկների կողմից պետք է դուրս գրվեն դեղատոմսեր:
Դեղատոմս դուրս գրելու իրավունք ունեն այն բժիշկները, որոնք ունեն բժշկի անձնական կնիք: Դեղատոմսերը պետք է դուրս գրվեն ՀՀ կառավարության 14.08.2001թ. N 759 որոշմամբ հաստատված դեղատոմսային ձևաթղթերով:
1.1. Դեղատոմսը դուրս է գրվում ընթեռնելի ձեռագրով, առանց ուղղումների, լատիներեն և հայերեն լեզվով:
1.2. Թմրադեղերի և թունավոր դեղերի անվանումները դեղատոմսի վրա գրվում են սկզբում, այնուհետև` մնացած բաղադրամասերի անվանումները:
1.3. Դեղատոմսը դուրս գրելու ժամանակ հեղուկ դեղերի քանակը գրվում է միլիլիտրերով և կաթիլներով, մնացած նյութերինը` գրամներով:
1.4. Արգելվում է ամբուլատոր հիվանդների համար դուրս գրել դեղեր, որոնք չեն օգտագործվում ամբուլատոր հիվանդների բուժման համար:
1.5. Թմրադեղերի և հոգեմետ դեղերի դեղատոմսային ձևաթղթերի վրա դուրս է գրվում միայն մեկ դեղ ու քանակը նշվում է նաև տառերով: Մնացած դեպքերում թույլատրվում է դուրս գրել երկու դեղ:
2. Սովորական դեղերը դեղատոմսով բաց թողնվող դեղերն են, որոնք չեն պարունակում հոգեմետ և թմրադեղեր, դուրս են գրվում ՀՀ կառավարության 2001թ. օգոստոսի 14-ի N 759 որոշմամբ հաստատված N 3 և N 5 դեղատոմսային ձևաթղթերով: Այդ նույն ձևաթղթով են դուրս գրվում նաև զեղչով կամ անվճար տրվող դեղերը:
i
2.1. Պետության կողմից զեղչով կամ անվճար տրվող դեղերի համար դեղատոմսեր դուրս գրելիս առաջնորդվել ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի հունվարի 27-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի հատկացման կարգը հաստատելու մասին» N 74-Ն հրամանի դրույթներով:
(2.1-րդ կետը փոփ. 07.05.09 թիվ 10-Ն հրաման)
2.2. Անվճար կամ զեղչով դեղատոմսերը վավերացվում են բուժկանխարգելիչ հաստատության դրոշմակնիքով, դեղատոմսի համար կնիքով, բժշկի ստորագրությամբ և անձնական կնիքով, ինչպես նաև դեղատոմսի վրա գրվում է անվճար կամ զեղչի (տոկոսի) չափը, հաշվառման մատյանի հերթական համարը, որը հաստատվում է տնօրենի ստորագրությամբ ու կլոր կնիքով:
Պետության կողմից մարդասիրական օգնությամբ ստացված դեղերի համար դեղատոմսի վրա կատարվում է նշում` «հումանիտար»:
2.3. Անվճար կամ զեղչով դուրս գրած դեղերի դեղատոմսերի հաշվառման համար վարվում է մատյան, որտեղ նշվում են հերթական համարը, ամիսը, ամսաթիվը, հիվանդի Ա.Ա.Հ., ամբուլատոր քարտի համարը, զեղչի կամ տոկոսի չափը, դեղատոմսի բովանդակությունը և հիվանդի ստորագրությունը: Մատյանի էջերը պետք է լինեն համարակալված, կարած և վավերացրած կազմակերպության տնօրենի ստորագրությամբ ու կնիքով:
2.4. Պետության կողմից անվճար կամ զեղչով բաց թողնվող դեղերի դեղատոմսերի բովանդակությունը բժիշկը պարտավոր է գրանցել հիվանդի ամբուլատոր քարտի մեջ:
3. Սույն կարգի 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված դեղատոմսային ձևաթղթերը և դրանց դուրս գրումն ապահովում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք, պահպանելով ՀՀ կառավարության 14.08.2001թ. N 759 որոշմամբ սահմանված դեղատոմսերի ձևաթղթերի չափսերը:
4. Հոգեմետ դեղերը ամբուլատոր հիվանդների համար դուրս են գրվում ՀՀ կառավարության 14.08.2001թ. N 759 որոշմամբ հաստատված N 2 և N 4 դեղատոմսային ձևաթղթերով:
Դեղատոմսը պետք է գրված լինի բժշկի ձեռքով` վերջինիս ստորագրությամբ ու կնիքով: Դեղատոմսը պետք է գրանցվի հոգեմետ դեղատոմսերի հաշվառման մատյանում` մատյանի հերթական համարը գրելով դեղատոմսի վրա:
4.1. Հոգեմետ դեղատոմսային ձևաթղթերի հաշվառման համար վարվում է մատյան, որտեղ նշվում են հերթական համարը, ամսաթիվը, ընդհանուր քանակը, ում է տրվել (հիվանդի Ա.Ա.Հ.) ամսաթիվը, ամբուլատոր քարտի համարը, դեղատոմսի բովանդակությունը, ստացողի ստորագրությունը: Մատյանի էջերը պետք է լինեն համարակալված, կարած և վավերացրած կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությամբ ու կնիքով:
5. Թմրադեղերը ամբուլատոր հիվանդների համար դուրս են գրվում ՀՀ կառավարության 14.08.2001թ. N 759 որոշմամբ հաստատված N 1 դեղատոմսային ձևաթղթերով:
Դեղատոմսը պետք է գրված լինի բժշկի ձեռքով, պարզ ընթեռնելի` վերջինիս ստորագրությամբ և կնիքով հաստատված, որը վավերացվում է հաստատության դրոշմակնիքով, դեղատոմսի համար կնիքով, պետք է հաստատվի տնօրենի կամ բուժգծով տեղակալի ստորագրությամբ ու կլոր կնիքով:
5.1. Թմրադեղերի դեղատոմսային ձևաթղթերի հաշվառման համար վարվում է մատյան, որտեղ նշվում են հերթական համարը, ստացման ամսաթիվը, որտեղից է ստացված, սերիան, համարը, քանակը, բաց թողնման ամսաթիվը, ում է տրվել (հիվանդի Ա.Ա.Հ.) ամբուլատոր քարտի համարը, դեղատոմսի բովանդակությունը, դեղատոմսի սերիան, համարը, ստացողի ստորագրությունը և մնացորդը: Մատյանի էջերը պետք է լինեն համարակալված, կարած և վավերացրած կազմակերպության տնօրենի ստորագրությամբ ու կնիքով:
5.2. Թմրադեղեր բաց թողնող դեղատոմսերի բովանդակությունը, համարը և սերիան բժիշկը պարտավոր է գրանցել հիվանդի ամբուլատոր քարտի մեջ:
5.3. Թմրանյութեր պարունակող դեղատոմսերն ուժի մեջ են քսան օր:
5.4. Թմրադեղերի դեղատոմսային ձևաթղթերը պետք է պահվեն մետաղյա, չհրկիզվող պահարանում:
6. Զեղչով և անվճար տրվող դեղերի դեղատոմսերը դեղատանը պահվում են հինգ տարի, թմրադեղերինը` 5 տարի, իսկ հոգեմետ և մարդասիրական օգնությամբ ստացված դեղերինը` 1 տարի: Պահպանման ժամկետի ավարտից հետո դեղատոմսերը ոչնչացվում են` այրվում, կազմելով համապատասխան ակտ:
7. Դեղատանը պահվում է թմրադեղերի և հոգեմետ դեղերի հաշվառման մատյաններ, որտեղ նշվում են դեղի անվանումը, ստացման ամսաթիվը, չափման միավորը, որտեղից է ստացված, փաստաթղթի համարը, քանակը, ում է բաց թողնվել, հիվանդի Ա.Ա.Հ., դեղատոմսի համարը, քանակը և մնացորդը: Մատյանի էջերը պետք է լինեն համարակալված, կարված և վավերացված կազմակերպության տնօրենի ստորագրությամբ ու կնիքով:
8. Բացառությամբ թմրադեղերի, եթե դեղատոմսում դուրս գրված դեղի դեղաչափի (դոզայի) և դեղատանը առկա դեղի դեղաչափի տարբերության դեպքում, դեղատան աշխատողը կատարում է վերահաշվարկ` դեղի քանակը համապատասխանեցնում է, ըստ դեղաչափի, այդ մասին կատարելով նշում դեղատոմսի ձևաթղթի հետևի մասում, և բացատրում հիվանդին օգտագործման ձևը:
i
8.1 Սահմանել, որ դեղը հիվանդին, ոչ ամբողջական սպառողական փաթեթով բաց թողնելիս, բաց թողնվող քանակը դեղատնային գործունեություն իրականացնող լիցենզավորված անձի համապատասխան աշխատակիցը փաթեթավորում է նոր տարայում (պոլիէթիլենային տոպրակ, սրվակ և այլն), և պիտակավորվում այն հայերեն նշելով` դեղի առևտրային անվանումը, դեղաձևը, դեղաչափը, բաց թողնված քանակը, սերիան, պահպանման հատուկ պայմանը (առկայության դեպքում), գրանցման հավաստագրի իրավատիրոջ անվանումը, դեղատնային գործունեություն իրականացնող լիցենզավորված անձի անվանումը կամ անուն-ազգանունը, գտնվելու վայրը, պիտանիության ժամկետը (բոլոր դեղերի համար 6 ամիս, իսկ ավելի պակաս մնացորդային պիտանիության ժամկետի դեպքում` փաստացի ժամկետը), բացթողման ամսաթիվը: Հիվանդի պահանջի դեպքում նոր փաթեթը ապահովվում է դեղի Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված ներդիր թերթիկով:
(8.1-ին կետը լրաց. 18.04.14 թիվ 12-Ն հրաման)
9. Դեղատոմսը դուրս գրելու ժամանակ թույլատրելի կարևորագույն լատիներեն կրճատումները:
.____________________________________________________________________.
| Կրճատում |Լրիվ գրություն |Թարգմանություն |
|__________________|__________________________|______________________|
| aa |ana |-ական, հավասար |
| ac. acid |acidum |թթու |
| amp |ampula |ամպուլ |
| aq. |aqua |ջուր |
| aq. destill |aqua destillata |թորած ջուր |
| but. |butyrum |յուղ (կարծր) |
| comp., cps., cp. |compositus (a.um) |Բարդ |
| D. |Da |Տուր |
| D.S. |Da Signa |Տուր Նշիր |
| D. td. |Da talos doses |Տուր այդպիսի դեղաչափեր|
| dil. |dilutus |Նոսր |
| div in p aeq |divide in partes aequales |Բաժանիր հավասար մասերի|
| extr. |extraktum |հանուկ |
| f. |fial. |թող դառնա |
| gtt. |gutta, guttae |կաթիլներ |
| inf. |infusum |թուրմ |
| in ampul |in ampullis |ամպուլաներում |
| in tab. |in tab(u)lettis |դեղահատերով |
| lin. |linimentum |հեղուկ քսուք |
| liq. |liquor |հեղուկ |
| M. pil. |messa pilunarum |հաբային զանգված |
| M. |Misce |խառնիր |
| N. |numero |թվով |
| ol. |oleum |յուղ (հեղուկ) |
| pil. |pilula |հաբ |
| p. aeq. |partes aequales |հավասար մասեր |
| pulv. |pulvis |փոշի |
| q.s. |quantum satis |որքան անհրաժեշտ է |
| r.rad, |radix |արմատ |
| Rp. |Recipe |վերցրու |
| Rep. |Repete |Կրկնիր |
| rhiz. |rhizoma |կոնղարմատ |
| S. |Signa |Նշիր |
| sem. |semen |սերմ |
| simpl. |simlex |հասարակ |
| sir. |siropus |օշարակ |
| sol. |solutio |լուծույթ |
| sp. |spiritus |սպիրտ |
| supp. |suppositorium |մոմ |
| tab. |tab(u)letta |դեղահատ |
| t-ra, tinct., tct|tinctura |ոգեթուրմ |
| ung. |unguentum |քսուք |
| vitr. |vitrum |սրվակ |
| ppt., praec. |praecipitatus |նստեցված |
| past. |pasta |մածուկ |
.____________________________________________________________________.