Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՆՉԵՎ 30.10.2021 ԹՎԱԿԱՆԸ ԳՈՐԾՈՂ ԽՄԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՆՉԵՎ 30.10.2021 ԹՎԱԿԱՆԸ ԳՈՐԾՈՂ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ «ՊԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ թիվ

    դատարանի որոշում                            ԵԴ/28353/02/19

    Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/28353/02/19        2022 թ.

Նախագահող դատավոր` Ն. Գաբրիելյան

    Դատավորներ`        Լ. Գրիգորյան

                       Կ. Չիլինգարյան

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի հունիսի 24-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Արմեն Գևորգյանի հայցի ընդդեմ Մուշեղ Շուշանյանի և Արուսյակ Ջուլհակյանի (այսուհետ` Համապատասխանողներ)` պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը հատուցելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.08.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Մուշեղ Շուշանյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Արմեն Գևորգյանը պահանջել է Համապատասխանողներին պարտավորեցնել հրապարակային ներողություն խնդրել «aravot.am» ինտերնետային կայքում 07.08.2019 թվականին հրապարակված համապատասխանաբար` «... Հստակ տեղեկություններ կան, որ հենց Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարն է ներգրաված եղել, մասնակցել կոռուպցիոն գործընթացներին...» և»... ներկայացված անօրինականությունները իրականացվել է նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի կոորդինացիայի ներքո...» արտահայտությունների հնչեցման համար, ներողության տեքստի հրապարակման տառատեսակը և ձևավորումը պետք է լինի նույնը, ինչ 07.08.2019 թվականին հրապարակված հոդվածինը, Համապատասխանողներից յուրաքանչյուրից բռնագանձել նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով գումար` որպես փոխհատուցում, զրպարտության մասով Համապատասխանողներին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել «aravot.am» ինտերնետային կայքում 07.08.2019 թվականին հրապարակված համապատասխանաբար «... Հստակ տեղեկություններ կան, որ հենց Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարն է ներգրաված եղել, մասնակցել կոռուպցիոն գործընթացներին...» և «... ներկայացված անօրինականությունները իրականացվել է նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի կոորդինացիայի ներքո...» արտահայտությունների հնչեցման համար, հերքման տեքստի հրապարակման տառատեսակը և ձևավորումը պետք է լինի նույնը, ինչ 07.08.2019 թվականին հրապարակված հոդվածինը, Համապատասխանողներից յուրաքանչյուրից բռնագանձել նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով գումար` որպես փոխհատուցում, անմեղության կանխավարկածի իրավունքի խախտման մասով արձանագրել անմեղության կանխավարկածի իրավունքի խախտումը, Համապատասխանողներին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել «aravot.am» ինտերնետային կայքում 07.08.2019 թվականին հրապարակված համապատասխանաբար»... Հստակ տեղեկություններ կան, որ հենց Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարն է ներգրաված եղել, մասնակցել կոռուպցիոն գործընթացներին...» և «... ներկայացված անօրինականությունները իրականացվել է նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի կոորդինացիայի ներքո... «արտահայտությունների միջոցով անմեղության կանխավարկածի իրավունքի խախտման համար, ներողության տեքստի հրապարակման տառատեսակը և ձևավորումը պետք է լինի նույնը, ինչ 07.08.2019 թվականին հրապարակված հոդվածինը, Համապատասխանողներից յուրաքանչյուրից բռնագանձել նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով գումար` որպես փոխհատուցում:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Ստեփանյան) (այսուհետ` Դատարան) 06.04.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Մուշեղ Շուշանյանին պարտավորեցնել Արմեն Գևորգյանի վերաբերյալ զրպարտչական փաստացի տվյալներ ներկայացնելու համար վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում «aravot.am» համացանցային կայքում, իսկ անհնարինության դեպքում համանման դիտողականություն ունեցող հայկական լրատվության այլ միջոցում, հրապարակել հայցվոր Արմեն Գևորգյանի վերաբերյալ ներկայացված զրպարտություն համարվող փաստացի տվյալների հերքում այն մասին, որ պատասխանող Մուշեղ Շուշանյանը հերքում է իր կողմից «Մեդիա կենտրոնում» 07.08.2019 թվականին կազմակերպված քննարկման ընթացքում ներկայացված և «aravot.am» համացանցային կայքում 07.08.2019 թվականին տեղադրված ««Հստակ տեղեկություններ կան, որ հենց Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարն է ներգրաված եղել, մասնակցել կոռուպցիոն գործընթացներին». Մուշեղ Շուշանյան» վերնագրով հրապարակման մեջ տեղ գտած հայցվոր Արմեն Գևորգյանի վերաբերյալ ներկայացված զրպարտություն համարվող հետևյալ փաստացի տվյալները, որ «Հստակ տեղեկություններ կան, որ հենց Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարն է ներգրաված եղել, մասնակցել կոռուպցիոն գործընթացներին», Արուսյակ Ջուլհակյանին պարտավորեցնել Արմեն Գևորգյանի վերաբերյալ զրպարտչական փաստացի տվյալներ ներկայացնելու համար սույն վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում «aravot.am» համացանցային կայքում, իսկ անհնարինության դեպքում համանման դիտողականություն ունեցող հայկական լրատվության այլ միջոցում, հրապարակել հայցվոր Արմեն Գևորգյանի վերաբերյալ ներկայացված զրպարտություն համարվող փաստացի տվյալների հերքում այն մասին, որ պատասխանող Արուսյակ Ջուլհակյանը հերքում է իր կողմից «Մեդիա կենտրոնում» 07.08.2019 թվականին կազմակերպված քննարկման ընթացքում ներկայացված և «aravot.am» համացանցային կայքում 07.08.2019 թվականին տեղադրված »»Հիմա տեսեք, թե քանի ֆիգուր է մասնակցում այս ամեն ինչին». Արուսյակ Ջուլհակյանը անուններ է հրապարակում» վերնագրով հրապարակման մեջ տեղ գտած Արմեն Գևորգյանի վերաբերյալ ներկայացված զրպարտություն համարվող հետևյալ փաստացի տվյալները, որ»... ներկայացվածն իրականացվել է նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի կոորդինացիայի ներքո», հերքման ձևը հաստատել հետևյալ կերպ` հերքումը պետք է իրականացնել «Հերքում» խորագրի ներքո, իսկ տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հրապարակման ժամի առումով չպետք է զիջի այն տեղեկատվությանը, որին վերաբերում է, այսինքն` Մուշեղ Շուշանյանի մասով` «aravot.am» համացանցային կայքում 07.08.2019 թվականին տեղադրված «»Հստակ տեղեկություններ կան, որ հենց Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարն է ներգրաված եղել, մասնակցել կոռուպցիոն գործընթացներին». Մուշեղ Շուշանյան» վերնագրով հրապարակմանը, իսկ Արուսյակ Ջուլհակյանի մասով` «aravot.am» համացանցային կայքում 07.08.2019 թվականին տեղադրված «»Հիմա տեսեք թե քանի ֆիգուր է մասնակցում այս ամեն ինչին». Արուսյակ Ջուլհակյանը անուններ է հրապարակում» վերնագրով հրապարակմանը, Մուշեղ Շուշանյանից հօգուտ Արմեն Գևորգյանի բռնագանձել 1.400.000 ՀՀ դրամ` որպես զրպարտության արդյունքում հայցվորի պատվին և արժանապատվությանը պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում, Արուսյակ Ջուլհակյանից հօգուտ Արմեն Գևորգյանի բռնագանձել 1.400.000 ՀՀ դրամ` որպես զրպարտության արդյունքում հայցվորի պատվին և արժանապատվությանը պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում. մնացած մասով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.07.2021 թվականի որոշմամբ Մուշեղ Շուշանյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.08.2021 թվականի որոշմամբ պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մուշեղ Շուշանյանը (ներկայացուցիչ` Արթուր Գրիգորյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արմեն Գևորգյանը (ներկայացուցիչ` Ալեքսանդր Կոչուբաև):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 3-րդ, 5-րդ, 42-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածները, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 14-րդ և 19-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ և 10-րդ հոդվածները, մինչև 30.10.2021 թվականը գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ և 372-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վերաքննիչ բողոքին կից ներկայացված հարկային էլեկտրոնային հաշվետվությունների համաձայն` Մուշեղ Շուշանյանը 2020 թվականի չորրորդ և 2021 թվականի առաջին ու երկրորդ եռամսյակներում եկամուտ չի ունեցել: Նշվածը պայմանավորված է եղել նրանով, որ վերջինս Արցախում պատերազմի ընթացքում ստացել է վիրավորում և ձախ ոտքի սրունքի զույգ ոսկորների բազմաբեկոր կոտրվածքների հետևանքով մինչև օրս զրկված է ինքնուրույն տեղաշարժվելու հնարավորությունից, այդ թվում` ժամանակավորապես չի իրականացնում փաստաբանական գործունեություն, իսկ այլ զբաղվածություն և եկամտի աղբյուր չունի:

Վերոգրյալի վերաբերյալ վերաքննիչ բողոքին կից ներկայացված բժշկական փաստաթղթերի և հարկային էլեկտրոնային հաշվետվությունների համադրումից ակնհայտ է, որ Մուշեղ Շուշանյանի գույքային դրությունը թույլ չի տվել վճարել վերաքննիչ բողոքի համար պետական տուրքը, որպիսի հանգամանքը նրան պետական տուրքի գծով արտոնություն տրամադրելու հիմք էր:

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել վերը նշված փաստերը հաստատող ապացույցները` բժշկական փաստաթղթերը և հարկային էլեկտրոնային հաշվետվությունները:

Վերաքննիչ դատարանը, կայացնելով վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշում, Մուշեղ Շուշանյանին զրկել է արտահայտվելու ազատության պաշտպանության արդյունավետ միջոցից և ոտնահարել վերջինիս արդար դատաքննության իրավունքը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 06.08.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վճռաբեկ բողոքն ամբողջությամբ անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ Վերաքննիչ դատարանի որոշումը պատճառաբանված և հիմնավորված է, ինչպես նաև կայացվել է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման հիման վրա:

Մուշեղ Շուշանյանի ներկայացրած փաստաթղթերը բացառապես առնչվում են նրա առողջական վիճակին և հարկային իրավահարաբերություններին, ու ոչ թե նրա գույքային դրությանը:

 

3. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել մինչև 30.10.2021 թվականը գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած` մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

i

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս, Էշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության ՄԻԵԴ-ի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

ՄԻԵԴ-ը մեկ այլ վճռում նշել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, սակայն այդ սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի դրանից, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե՛ս, Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի գործով ՄԻԵԴ-ի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

ՀՀ սահմանադրական դատարանը մի շարք որոշումներում արձանագրել է, որ`

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

i

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման (տե՛ս, թիվ ՍԴՈ-652, թիվ ՍԴՈ-690, թիվ ՍԴՈ-719, թիվ ՍԴՈ-765, թիվ ՍԴՈ-844, թիվ ՍԴՈ-873, թիվ ՍԴՈ-890, թիվ ՍԴՈ-932, թիվ ՍԴՈ-942, թիվ ՍԴՈ-1037, թիվ ՍԴՈ-1052, թիվ ՍԴՈ-1115, թիվ ՍԴՈ-1127, թիվ ՍԴՈ-1190, թիվ ՍԴՈ-1192, թիվ ՍԴՈ-1196, թիվ ՍԴՈ-1197, թիվ ՍԴՈ-1220, թիվ ՍԴՈ-1222, թիվ ՍԴՈ-1257, թիվ ՍԴՈ-1289 որոշումները):

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու (...) մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից (...):

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

i

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` պետական տուրքի վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու, պետական տուրքը և դրա դրույքաչափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Վերոգրյալ նորմերի մեկնաբանությունից բխում է, որ վերաքննիչ բողոք ներկայացնելիս դրան կցվում են նաև պետական տուրքը վճարելու մասին ապացույցները, իսկ այն դեպքում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից: Ընդ որում, քաղաքացիական դատավարությունում ևս պետական տուրքի վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու, պետական տուրքը և դրա դրույքաչափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

i

Վերաքննիչ բողոքը ներկայացնելու պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք) 4-րդ հոդվածի համաձայն` պետական տուրք վճարողներն իրավունք ունեն (...) դիմել համապատասխան պետական մարմիններ` պետական տուրքի վճարման արտոնություններ ստանալու համար (...):

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները` պետական տուրքի վճարումից ազատում, պետական տուրքի նվազեցում, պետական տուրքի դրույքաչափի նվազեցում, պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում, պետական տուրքը սահմանված ժամկետում բյուջե չգանձելու համար հաշվարկված տույժերի վճարումից ազատում, նվազեցում, դրանք վճարելու ժամկետի հետաձգում:

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` նույն օրենքի 9 հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից:

Վերոգրյալ նորմերի մեկնաբանությունից բխում է, որ պետական տուրք վճարողներն իրավունք ունեն դիմելու համապատասխան պետական մարմիններ` պետական տուրքի վճարման արտոնություններ ստանալու համար: Նման արտոնություն է նաև պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգումը, որպիսի արտոնությունը դատարանները կամ դատավորները կարող են սահմանել առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար` ելնելով նրանց գույքային դրությունից:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու` դատարանների և դատավորների լիազորության իրականացման պայմաններին` արձանագրելով, որ «(...) յուրաքանչյուր դեպքում պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդության առկայության պայմաններում դատարանները պետք է նշված միջնորդությունները քննության առնեն և լուծեն` հաշվի առնելով նաև գործի հանգամանքները: Այսպես, օրինակ, օրենսդիրը, ամրագրելով հայցադիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրք վճարելու պարտականություն, տարբերակված մոտեցում է դրսևորել պետական տուրքի չափի հարցում` հիմք ընդունելով վիճելի իրավահարաբերության բնույթը` գույքային կամ ոչ գույքային: Դատարանները միջնորդություն ներկայացրած անձի գույքային դրությունը գնահատելիս որպես ուղղորդող չափանիշ հիմք են ընդունում նաև վճարման ենթակա պետական տուրքի չափը, հետևաբար վիճելի իրավահարաբերության բնույթը պարզելը յուրաքանչյուր դեպքում օբյեկտիվորեն անհրաժեշտ է կամ միջնորդություն հարուցած անձի գույքային դրության վերաբերյալ փաստարկները կարող են հիմնավորվել քննվող գործի շրջանակներում ձեռնարկված դատավարական միջոցներով (օրինակ` որպես հայցի ապահովման միջոց` արգելանք է դրվել անձի դրամական միջոցների վրա): Վերոգրյալից հետևում է, որ միջնորդություն ներկայացրած անձի գույքային դրության գնահատումը չի կարող իրականացվել` անտեսելով գործի հանգամանքները, հետևաբար դատարանները նման միջնորդություններ քննության առնելիս պետք է ուսումնասիրեն նաև համապատասխանաբար հայցադիմումները, վերաքննիչ և վճռաբեկ բողոքները» (տե՛ս, «Ռեքվիեմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ընդդեմ «Մեգարոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ ԵՇԴ/1017/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.03.2015 թվականի որոշումը):

Նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տարիքային կենսաթոշակ նշանակված լինելու հանգամանքը վկայում է անձի` որոշակի սոցիալական աջակցության անհրաժեշտությունը, որպիսի փաստական հանգամանքի առկայությունը, գործում հակառակը հավաստող ապացույցների բացակայության պայմաններում, ևս կարող է վկայել պետական տուրքի գծով արտոնություն հայցող անձի` գույքային ծանր դրության վերաբերյալ» (տե՛ս, Միշա և Յաշա Գրիգորյանների ընդդեմ ՀՀ Տավուշի մարզի Գոշի գյուղապետարանի և մյուսների թիվ ՏԴ1/0171/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, վկայակոչելով Սահմանադրության 1-ին հոդվածը, դիրքորոշում է հայտնել այն մասին, որ սոցիալական պետության հիմնական բնութագրիչներից են կենսանվազագույնի երաշխավորումը, մարդու իրավունքների և ազատությունների արդարադատական ապահովումը: Դատարանները կենսանվազագույնի երաշխավորումը ու մարդու իրավունքների և ազատությունների արդարադատական ապահովումը կարող են իրականացնել, ի թիվս այլ հանգամանքների, հիմք ընդունելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված և հանրահայտ փաստ հանդիսացող Հայաստանի Հանրապետությունում առկա նվազագույն սպառողական զամբյուղի չափը: Դատարանները պետական տուրքի մասով արտոնություն կիրառելու մասին միջնորդություն ներկայացրած անձի գույքային դրությունը գնահատելիս որպես ուղղորդող չափանիշներ պետք է հիմք ընդունեն վիճելի իրավահարաբերության բնույթը, վճարման ենթակա պետական տուրքի չափը, գույքային դրության վերաբերյալ քաղաքացիական գործի հանգամանքները, կենսաապահովման համար անհրաժեշտ միջոցների չափը (տե՛ս, Սիմոն Խաչիկյանը և Մելսինա Խաչիկյանն ընդդեմ «Ագարակի Պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ թիվ ՍԴ/0393/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.03.2022 թվականի որոշումը):

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել նաև այն մասին, որ դատարանները պետական տուրքի գծով արտոնություն կարող են կիրառել, եթե միջնորդություն ներկայացրած անձն ապացուցում է իր անբարենպաստ գույքային դրությունը, որի համար, ի տարբերություն ապացուցման ընդհանուր կանոնի, գործնականում դատարանը պետք է կիրառի ավելի մեղմ չափանիշ` բավարար համարելով անուղղակի ապացույցների առկայությունը:

ՄԻԵԴ-ը բազմիցս նշել է, որ պետական տուրքը վճարելու պարտավորությունը չի կարող դիտարկվել որպես դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակում, որն ինքնին չի համապատասխանում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին: Այնուամենայնիվ, այդ տուրքերի գումարը գնահատելը որոշակի գործի հատուկ հանգամանքների տեսանկյունից, ներառյալ դրանք վճարելու դիմումատուի ունակությունը և դատավարության այն փուլը, որում նման սահմանափակումը կիրառվել է, հանգամանքներ են, որոնք էական են որոշելու համար անձն օժտված է եղել դատարանի մատչելիության իրավունքով թե ոչ (տե՛ս, Քրոյցն ընդդեմ Լեհաստանի ((Kreuz v. Poland), թիվ 28249/95, պարբերություն 60):

Վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումները և դրանք համադրելով ՄԻԵԴ-ի կողմից արտահայտած իրավական դիրքորոշումների հետ` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ պետական տուրքի մասով արտոնություն կիրառելու մասին միջնորդություն ներկայացրած անձի գույքային դրությունը գնահատելիս որպես ուղղորդող չափանիշ պետք է հիմք ընդունել նաև նրա առողջական այնպիսի վիճակը, որը որոշակի դեպքերում նրան զրկում է իր կենսաապահովման համար անհրաժեշտ միջոցներ կամ ընդհանրապես եկամուտ ունենալու իրական հնարավորությունից:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանը 06.04.2021 թվականին վճիռ է կայացրել Արմեն Գևորգյանի հայցը մասնակիորեն բավարարելու մասին:

Նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Մուշեղ Շուշանյանը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.07.2021 թվականի որոշմամբ Մուշեղ Շուշանյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է նաև այն պատճառաբանությամբ, որ բողոքին կցված չէ պետական տուրքը վճարելու մասին ապացույցը, և չի ներկայացվել պետական տուրքի վճարման գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդություն: Միաժամանակ սահմանվել է ժամկետ նաև այդ խախտումը վերացնելու և վերաքննիչ բողոք կրկին ներկայացնելու համար:

Մուշեղ Շուշանյանը կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք` դրան կցելով նաև պետական տուրքի գծով արտոնություն տրամադրելու` պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն` պատճառաբանելով, որ Արցախում պատերազմի ընթացքում ստացել է վիրավորում և ձախ ոտքի սրունքի զույգ ոսկորների բազմաբեկոր կոտրվածքի հետևանքով զրկված է ինքնուրույն տեղաշարժվելու հնարավորությունից, ոտքի շրջանում ախտորոշվել է ֆլեբոթրոմբոզ ու, քանի որ ոտքի վիրավոր հատվածը չափազանց այտուցված է, ապա բժիշկների ցուցումով օրվա մեծ մասը պետք է լինի հորիզոնական դիրքում` ոտքը պահելով բարձրադիր, ուստի նման առողջական վիճակի պատճառով չի աշխատում, ժամանակավորապես չի զբաղվում նաև փաստաբանական գործունեությամբ, այլ զբաղվածություն և եկամտի աղբյուր չունի: Ի հաստատումն միջնորդության մեջ վկայակոչված փաստերի` դրան կից ներկայացրել է նաև ՀՀ պաշտպանության նախարարության Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի 17.02.2021 թվականի թիվ 1570 և թիվ 3158 եզրակացությունները, Էրեբունի բժշկական կենտրոնի կողմից տրված տեղեկանքը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե համապատասխան ժամանակահատվածների համար ներկայացված շրջանառության հարկի հաշվարկները:

Վերաքննիչ դատարանի 06.08.2021 թվականի որոշմամբ պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են այն պատճառաբանությամբ, որ «միջնորդության մեջ նշված հանգամանքների և կից փաստաթղթերի բովանդակությունից հետևում է, որ Մուշեղ Շուշանյանն ունի առողջական խնդիրներ և որպես շրջանառության հարկ վճարող 2020 թվականի չորրորդ, 2021 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների ընթացքում հարկային վճարումներ չի կատարել: (...)դատարանների կողմից պետական տուրքի գծով որևէ արտոնություն սահմանելու հիմքում պետք է ընկած լինի նման միջնորդությամբ հանդես եկած գործին մասնակցող անձի գույքային դրությունը: (...)

Բողոքաբերի կողմից ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ կրկին բերված վերաքննիչ բողոքում ներկայացված` պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդության մեջ նշված հանգամանքները և դրանց վերաբերյալ կրկին բերված վերաքննիչ բողոքին կից ներկայացված փաստաթղթերն իրենց բովանդակությամբ հնարավորություն չեն տալիս Վերաքննիչ դատարանին Մուշեղ Շուշանյանի գույքային դրությունը գնահատել որպես ծանր և այդ հիմքով սահմանել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված արտոնություններից` պետական տուրքի վճարումը հետաձգելը»:

Վերը նշված դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Վերաքննիչ դատարանը 06.08.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ ոչ իրավաչափորեն գնահատման առարկա է դարձրել Մուշեղ Շուշանյանի ծանր գույքային դրությունը` սահմանելով օրենքի պահանջից ավելի բարձր շեմ, այն դեպքում, երբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ «գ» կետի հիմքով պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու միջնորդության քննության շրջանակներում պետք է քննարկման առարկա դարձներ վերջինիս գույքային դրությունը: Այսինքն` Վերաքննիչ դատարանը բողոք բերած անձին անհարկի ծանրաբեռնել է օրենքով չնախատեսված լրացուցիչ պարտականությամբ: Դրա փոխարեն, տվյալ դեպքում, Վերաքննիչ դատարանը պետք է պատշաճ քննարկման առարկա դարձներ Մուշեղ Շուշանյանի բացառապես գույքային դրությունը, և այդ նպատակով վերջինիս կողմից վերաքննիչ բողոքին կից ներկայացված փաստաթղթերին գնահատական տար բացառապես հենց այդ չափանիշը հաշվի առնելով:

Վերաքննիչ դատարանի թույլ տված դատական սխալի հետևանքով Մուշեղ Շուշանյանը զրկվել է արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից, որը հանգեցրել է նրա` դատարանի մատչելիության իրավունքի անհամաչափ սահմանափակման և այդ իրավունքի բուն էության խաթարման:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում ներկայացված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 364-րդ հոդվածի և 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 06.08.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու և գործը` Մուշեղ Շուշանյանի ներկայացրած միջնորդությունը կրկին քննության առնելու նպատակով, համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության ուղարկելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.08.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 24 հունիսի 2022 թվական:

 

 

Միասնական կայք` 14.11.22-27.11.22

 

 

pin
Վճռաբեկ դատարան
24.06.2022
N ԵԴ/28353/02/19
Որոշում