ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Սնանկության գործ
դատարանի որոշում թիվ ԿԴ/0040/04/15
Սնանկության գործ թիվ ԿԴ/0040/04/15 2022 թ.
Նախագահող դատավոր` Ն. Մարգարյան
Դատավորներ` Կ. Համբարձումյան
Հ. Ենոքյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Գ. Հակոբյան
Հ. Բեդևյան
Մ. Դրմեյան
Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
2022 թվականի ապրիլի 29-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ Երևան համայնքի դիմումի` «Ընդերքաբեր» ՍՊԸ-ին (այսուհետ` Ընկերություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.07.2021 թվականի որոշման դեմ Երևան համայնքի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Երևան համայնքը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 16.10.2015 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Տ. Փոլադյան) (այսուհետ` Դատարան) 04.03.2021 թվականի որոշմամբ Երևան համայնքի դիմումը` 9.768.616 ՀՀ դրամի չափով լրացված պահանջը գրանցելու մասին, բավարարվել է մասնակիորեն` Երևան համայնքի պահանջը` 2.471.476 ՀՀ դրամի չափով գրանցվել է Ընկերության սնանկության գործով պարտատերերի ցուցակում` որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» հերթի պահանջ. մնացած մասով պահանջը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.07.2021 թվականի որոշմամբ Երևան համայնքի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 04.03.2021 թվականի ««Ընդերքաբեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով Երևան համայնքի պահանջի լրացումը մասնակի գրանցելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևան համայնքը (ներկայացուցիչ Տարոն Մարգարյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ, 466-րդ, 469-րդ և 624-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հողամասի վարձակալության պայմանագրի ժամկետը լրանալուց հետո Երևան համայնքի կողմից առարկություններ չեն ներկայացվել Ընկերության կողմից գույքի օգտագործումը շարունակելու վերաբերյալ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով Երևան համայնքը երեք ամիս առաջ Ընկերությանը չի տեղեկացրել վարձակալության պայմանագրից հրաժարվելու մասին, որի պայմաններում պայմանագիրը ճանաչվել է վերսկսված` նույն պայմաններով անորոշ ժամկետով: Ընկերությունը, 01.01.2016 թվականից հանքավայրն օգտագործելով ընդերքօգտագործման նպատակով, շարունակել է հանդիսանալ վարձակալ, հետևաբար և հողամասի վարձավճար վճարող: Նշված պայմանագիրը կարող է համարվել օրենքի ուժով դադարած դրա լուծման մասին կողմերի միջև համաձայնություն կնքվելու դեպքում, ինչպես նաև այդ իրավունքի դադարումը ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում գրանցելուց հետո:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ընկերության պարտավորությունը Երևան համայնքի հանդեպ հիմնված է գրավոր գործարքի հիման վրա, որից ծագող իրավունքներն օրենքով սահմանված կարգով ենթարկվել են պետական գրանցման: Ընկերությունը խախտել է պայմանագրային պարտավորությունները` մասնակիորեն է վճարել հողամասի վարձավճարը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ «Սնանկության մասին» օրենքի 72-րդ հոդվածով սահմանված կարգով Ընկերության գործունեության կասեցումը վերը նշված իրավանորմերի ուժով, ըստ էության, իրենից չի ներկայացնում վարձակալության իրավունքի դադարում և չի կարող հիմք հանդիսանալ պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ մասնակի կատարման համար, որի պայմաններում Երևան համայնքի կողմից 06.11.2020 թվականին ներկայացված 9.768.616 ՀՀ դրամ գումարի չափով ներկայացված պահանջը հիմնավոր է և ենթակա է բավարարման ամբողջությամբ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 09.07.2021 թվականի որոշումը և գրանցել Երևան համայնքի պահանջը 9.768.616 ՀՀ դրամի չափով կամ գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Երևանի քաղաքապետի 05.06.2009 թվականի թիվ 5977-Ա որոշման 1-ին կետով Երևանի Սպանդարյանի բազալտի հանքավայրում գտնվող 24,81 հա մակերեսով հողամասն առանց մրցույթի վարձակալության իրավունքով մինչև 31.12.2015 թվականը տրամադրվել է Ընկերությանը` տարեկան վարձավճար սահմանելով տվյալ հողամասի կադաստրային արժեքի մեկ տոկոսի չափով (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 16, 17).
2) վերը նշված որոշման հիման վրա 25.11.2009 թվականին Հայաստանի Հանրապետության, ի դեմս Երևանի քաղաքապետի (այսուհետ` նաև Վարձատու), և Ընկերության (այսուհետ` նաև Վարձակալ) միջև կնքվել է հողամասի վարձակալության մասին պայմանագիր (այսուհետ` Պայմանագիր), որի 1-ին կետով Վարձատուն համապատասխան վարձավճարի դիմաց ընդերքօգտագործման համար Վարձակալի տիրապետմանը և օգտագործմանն է հանձնել Երևանի Սպանդարյանի բազալտի հանքավայրում գտնվող 24,81 հա մակերեսով հողամասը:
Պայմանագրի 8-րդ կետով հողամասի տարեկան վարձավճար է սահմանվել այդ հողամասի կադաստրային արժեքի մեկ տոկոսը` 7.294.140 ՀՀ դրամ:
Պայմանագրի 15-րդ կետով Պայմանագրի ժամկետը սահմանվել է մինչև 31.12.2015 թվականը:
Պայմանագրի 19-րդ կետում նշվել է, որ Պայմանագրով սահմանված ժամկետի ավարտից հետո վարձակալված հողամասի տիրապետումը և օգտագործումը վարձակալի կողմից չդադարեցվելը Պայմանագրի նորոգման կամ վարձակալության ժամկետի երկարաձգման համար հիմք չի հանդիսանում: Վարձակալի պարտականությունները պահպանվում են նրա կողմից վարձակալված հողամասի ժամկետանց տիրապետման և օգտագործման ամբողջ ընթացքում (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 12-15).
3) Ընկերությունը պատշաճ չի կատարել Պայմանագրով ստանձնած` վարձավճարը վճարելու իր պարտավորությունները, որի հիման վրա Երևան համայնքը դիմում է ներկայացրել դատարան` Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 4-7).
4) Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 16.10.2015 թվականի վճռով Երևան համայնքի դիմումը բավարարվել է, և Ընկերությունը ճանաչվել է սնանկ (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 112-118).
5) Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 29.01.2016 թվականի որոշմամբ հաստատվել է Ընկերության սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը, որում պարտատեր է ներառվել նաև Երևան համայնքը 7.336.110 ՀՀ դրամի չափով չապահովված պահանջով` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» հերթում (հավելվածի հատոր 2-րդ, գ.թ. 70-73).
6) Երևան համայնքը 09.11.2020 թվականին Դատարան է ներկայացրել պահանջի փոփոխություն` խնդրելով ևս 9.768.616 ՀՀ դրամի չափով լրացնել իր պահանջը` նշելով, որ պահանջի գրանցումից հետո վարձակալության գծով առաջացել են դրամական պարտավորություններ (հավելվածի հատոր 3-րդ, գ.թ. 2, 3).
7) նշված պահանջի փոփոխության դեմ գրավոր առարկություն է ներկայացրել Ընկերությունը` նշելով նաև, որ պահանջի փոփոխության դեմ առարկում է մասնակիորեն` 7.294.140 ՀՀ դրամի չափով, քանի որ թեև Պայմանագրի գործողությունը 01.01.2016 թվականին դադարելուց հետո սկսած 01.01.2016 թվականից Ընկերությունը շարունակել է հանքավայրն օգտագործելն ընդերքօգտագործման նպատակով և այդ փաստով Պայմանագրի կողմերի միջև եղած իրավահարաբերությունը փաստացի շարունակվել է` առանց նոր պայմանագիր կնքելու, սակայն Դատարանի 04.11.2019 թվականի որոշմամբ Ընկերության ֆինանսական առողջացման ծրագիրը վաղաժամկետ դադարեցվել է, և Ընկերության նկատմամբ սկսվել է լուծարման վարույթ, որի արդյունքում Ընկերության գործունեությունը կասեցվել է: Նման պայմաններում ինքն առարկում է 05.11.2019 թվականից մինչև 05.11.2020 թվականն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված վարձավճարի գումարի մասով ևս պահանջը հաստատելու դեմ (հավելվածի հատոր 3-րդ, գ.թ. 8).
i
8) Դատարանի 04.03.2021 թվականի որոշմամբ Երևան համայնքի դիմումը` ևս 9.768.616 ՀՀ դրամի չափով պահանջի փոփոխությունը գրանցելու մասին, բավարարվել է մասնակիորեն` 2.471.476 ՀՀ դրամի չափով, և այն կրկին գրանցվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» հերթում. մնացած մասով դիմումը մերժվել է (հավելվածի հատոր 3-րդ, գ.թ. 44-50):
4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ և 624-րդ հոդվածների կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր,
2) Վերաքննիչ դատարանի կողմից թույլ են տրվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ, 466-րդ, 469-րդ և 624-րդ հոդվածների այնպիսի խախտումներ, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը.
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ սնանկության դատարանի որոշմամբ վարձակալի գործունեությունը կասեցված լինելու պայմաններում անշարժ գույքի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո այդ պայմանագիրը վերսկսված համարելու առանձնահատկություններին և դրանցից բխող իրավական հետևանքներին:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 606-րդ հոդվածի համաձայն` վարձակալության պայմանագրով վարձատուն պարտավորվում է վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և (կամ) օգտագործմանը հանձնել գույք:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 612-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վարձակալության պայմանագիրը կնքվում է պայմանագրով որոշված ժամկետով:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 616-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վարձակալը պարտավոր է ժամանակին մուծել գույքն օգտագործելու համար վճարը (վարձավճարը): Վարձավճար մուծելու կարգը, պայմանները և ժամկետները որոշվում են վարձակալության պայմանագրով: Եթե պայմանագրով դրանք որոշված չեն, ապա կիրառվում են նույնանման գույքի վարձակալության ժամանակ համեմատելի հանգամանքներում սովորաբար գործող կարգը, պայմանները և ժամկետները:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 624-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե պայմանագրի ժամկետի ավարտից հետո վարձակալը, վարձատուի առարկությունների բացակայությամբ, շարունակում է օգտվել գույքից, պայմանագիրը ճանաչվում է վերսկսված` նույն պայմաններով անորոշ ժամկետով (հոդված 612):
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 625-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վարձակալության պայմանագիրը դադարելու դեպքում վարձակալը պարտավոր է վարձատուին վերադարձնել գույքն իր կողմից ստացված վիճակում` բնականոն մաշվածության հաշվառմամբ կամ պայմանագրով նախատեսված վիճակում:
i
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե վարձակալը չի վերադարձրել վարձակալած գույքը կամ այն վերադարձրել է ժամկետի խախտմամբ, վարձատուն իրավունք ունի վարձավճար պահանջել կետանցի ամբողջ ժամկետի համար: Եթե նման վճարը լիովին չի մարում վարձատուին պատճառված վնասները, նա կարող է պահանջել հատուցելու դրանց մնացած մասը:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման: Գրանցման ենթակա են` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, օգտագործման իրավունքը, հիփոթեքը, սերվիտուտները, ինչպես նաև նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում` այլ իրավունքները:
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ վարձակալության պայմանագրով վարձատուն պարտավորություն է ստանձնում համապատասխան վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և (կամ) օգտագործմանը հանձնել համապատասխան գույք, իսկ վարձակալը պարտավորվում է ժամանակին մուծել այդ գույքն օգտագործելու համար վճարը (վարձավճարը): Ընդ որում, վարձավճարը մուծելու կարգը, պայմանները և ժամկետները պետք է որոշվեն վարձակալության պայմանագրով, իսկ եթե դրանք պայմանագրով որոշված չեն, ապա կիրառվում են նույնանման գույքի վարձակալության ժամանակ համեմատելի հանգամանքներում սովորաբար գործող կարգը, պայմանները և ժամկետները:
Միևնույն ժամանակ օրենսդիրը սահմանել է, որ որպես կանոն վարձակալության պայմանագրում պետք է նշվի դրա ժամկետը, այսինքն` թե ինչ ժամկետով է կնքվում պայմանագիրը: Դրա հետ մեկտեղ օրենսդիրը համապատասխան իրավակարգավորում է նախատեսել այն դեպքերի համար, երբ այդ պայմանագրի ժամկետի ավարտից հետո վարձակալը, վարձատուի առարկությունների բացակայությամբ, շարունակում է օգտվել գույքից, որի դեպքում պայմանագիրը ճանաչվում է վերսկսված` նույն պայմաններով, սակայն անորոշ ժամկետով:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշմամբ անդրադառնալով ժամկետով վարձակալության պայմանագիր կնքելու հարցին, գտել է, որ վարձակալության պայմանագրի ժամկետն ավարտվելուց հետո այն նույն պայմաններով անորոշ ժամկետով վերսկսված ճանաչելու համար անհրաժեշտ է երկու պարտադիր պայմանների միաժամանակյա առկայությունը, այն է` վարձակալած գույքից վարձակալի կողմից օգտվել շարունակելը վարձակալության պայմանագրի ժամկետի ավարտից հետո և այդ ընթացքում այդ գույքից օգտվելու վերաբերյալ վարձատուի առարկությունների բացակայությունը (տե՛ս, Երևանի քաղաքապետն ընդդեմ Գոհար Արամյանի թիվ ԵԿԴ/3032/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.10.2011 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերոհիշյալ դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վկայակոչված իրավանորմերի մեկնաբանությունից բխում է, որ երբ պայմանագրի ժամկետի ավարտից հետո վարձակալը չի շարունակում օգտվել վարձակալված գույքից, ապա վարձակալության պայմանագիրն օրենքի ուժով` այդ պայմանագրում նշված ժամկետը լրանալու կապակցությամբ դադարում է, որի պարագայում վարձակալը պարտավոր է վարձատուին վերադարձնել վարձակալված գույքը: Ընդ որում, վարձակալի կողմից վարձակալված գույքը չվերադարձնելու կամ այն ժամկետի խախտմամբ վերադարձնելու դեպքերում վարձատուն իրավունք ունի նաև վարձավճար պահանջել կետանցի ամբողջ ժամկետի համար: Անշարժ գույքի նկատմամբ վարձակալության իրավունքի դադարումը ևս ենթակա է պետական գրանցման:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված մեկ այլ որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ և 449-րդ հոդվածներին, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 5-րդ հոդվածներին, արձանագրել է, որ անշարժ գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները պետական գրանցման ենթարկելու վերաբերյալ օրենսդրի պահանջն ինքնանպատակ չէ: Այն հետապնդում է մի քանի խնդիրներ, որոնցից են մասնավորապես` անշարժ գույքի բնականոն շրջանառության ապահովումը, գործարքների մասնակիցների և երրորդ անձանց իրավունքների ճանաչումը, պաշտպանությունը և երաշխավորումը, անշարժ գույքի շուկայի կայունությունը և զարգացումն ապահովելը և այլն: Վկայակոչված խնդիրներից ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել հատկապես ընդգծել գույքի նկատմամբ գրանցված իրավունքների պաշտպանության խնդրի կարևորությունը` նշելով, որ պետությունը, սահմանելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքները պետական գրանցման ենթարկելու պահանջ, միաժամանակ ստանձնել է պարտավորություն երաշխավորելու և պաշտպանելու այդ իրավունքները: Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն է հենց այն մեխանիզմը, որի միջոցով պետությունը ճանաչում է անձանց այս կամ այն իրավունքն անշարժ գույքի նկատմամբ, ստեղծում է միասնական տեղեկատվական բանկ այդ իրավունքների և դրանք կրող սուբյեկտների վերաբերյալ ու համապատասխանաբար հնարավորություն է ունենում երաշխավորելու և պաշտպանելու այդ իրավունքները: Անշարժ գույքի նկատմամբ իրավունքը գրանցելու պահից մինչ այդ իրավունքի գրանցումը դադարեցնելու պահը պետությունը ճանաչում, երաշխավորում և պաշտպանում է այդ իրավունքը: Օրենսդիրը, նախատեսելով անշարժ գույքի վարձակալության պայմանագրից ծագող իրավունքների պարտադիր պետական գրանցման ենթակա լինելու պայման, ըստ էության, կողմերի միջև անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը կնքված համարելու պահը դիտել է վարձակալության պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման պահը: Այսինքն` անշարժ գույքի վարձակալության պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցում ստանալու պահից կողմերը ձեռք են բերում փոխադարձ իրավունքներ և կրում պայմանագրից բխող պարտականությունները պատշաճ կատարելու պարտավորություն, իսկ պետությունը երաշխավորում և պաշտպանում է վարձակալության պայմանագրից բխող և պետական գրանցում ստացած` անշարժ գույքի նկատմամբ իրավունքները, քանի դեռ այդ իրավունքների պետական գրանցումը չի դադարել (տե՛ս, Աղասի Տեր-Եսայանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ԵԿԴ/3193/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2020 թվականի որոշումը):
i
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու պահից արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի կողմից իր պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը, ի մարումն պարտքի որևէ գործողություն կատարելը, բացառությամբ պարտապանի բնականոն ընթացիկ գործունեության հետ կապված պարտավորությունների:
i
Նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի կողմից իր ցանկացած պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը, բացառությամբ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված դեպքերի:
i
Մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից` 2 ամսվա ընթացքում, կառավարչի միջնորդությամբ, դատարանի որոշմամբ կարող են լուծվել պարտապանի կողմից կնքված և կատարման ժամկետը չլրացած պայմանագրերը, որոնք երկու կողմից էլ ամբողջությամբ դեռ չեն կատարվել: Նշված պայմանագրերը չլուծվելու դեպքում գործում են մինչև պարտապանի գործունեության կասեցումը:
i
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե դատարանը կայացրել է պարտապանին լուծարելու մասին որոշում, ապա գույքը կառավարելու կամ տնօրինելու` պարտապանի բոլոր իրավունքները կասեցվում են դատարանի որոշմամբ:
i
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավորի որոշմամբ պարտապանի` գույքը կառավարելու կամ տնօրինելու իրավունքները կարող են կասեցվել նաև մինչև պարտապանի լուծարումը, եթե պարտապանի գործունեությունն ակնհայտորեն անշահավետ է, կարող է բերել պարտապանին պատկանող գույքի արժեքի նվազեցմանը, կամ ակնհայտ է, որ պարտապանը չի կարող ներկայացնել պարտատերերի համար ընդունելի ֆինանսական առողջացման ծրագիր:
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը պարտապանին արգելել է սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու պահից առանց դատարանի որոշման պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալն իր պայմանագրային կամ այլ պարտավորություններով կամ ի մարումն պարտքի որևէ գործողություն կատարելը: Նշված կանոնից բացառություն են կազմում պարտապանի բնականոն ընթացիկ գործունեության հետ կապված պարտավորությունները: Նմանատիպ արգելքը նաև գործում է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից, սակայն այս դեպքում բացառություն են կազմում պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված դեպքերը:
Միևնույն ժամանակ օրենսդիրը նախատեսել է այն դեպքերը, երբ որպես կանոն կասեցվում են պարտապանի` իր գույքը կառավարելու կամ տնօրինելու իրավունքները` նշելով, որ դրանք կասեցվում են պարտապանին լուծարելու մասին որոշում կայացնելու պահից, բացառությամբ այն դեպքերի, երբ պարտապանի գործունեությունն ակնհայտորեն անշահավետ է, կարող է բերել պարտապանին պատկանող գույքի արժեքի նվազեցմանը, կամ ակնհայտ է, որ պարտապանը չի կարող ներկայացնել պարտատերերի համար ընդունելի ֆինանսական առողջացման ծրագիր, որի դեպքում պարտապանի նշված իրավունքները դատավորի որոշմամբ կարող են կասեցվել նաև մինչև պարտապանի լուծարումը:
Դրա հետ մեկտեղ օրենսդիրը կարգավորել է նաև պարտապանի կողմից կնքված և կատարման ժամկետը չլրացած պայմանագրերի լուծման ընթացակարգը` նախատեսելով, որ դրանք կարող են լուծվել պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից` 2 ամսվա ընթացքում կառավարչի կողմից միջնորդություն հարուցվելու միջոցով` դատարանի որոշմամբ: Ընդ որում, նշված ընթացակարգը գործում է բացառապես այն պայմանագրերի նկատմամբ, որոնք երկու կողմից էլ ամբողջությամբ դեռ չեն կատարվել, և նշված պայմանագրերը չլուծվելու դեպքում դրանք գործում են մինչև պարտապանի գործունեության կասեցումը:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` Երևանի քաղաքապետի 05.06.2009 թվականի թիվ 5977-Ա որոշման հիման վրա 25.11.2009 թվականին Հայաստանի Հանրապետության, ի դեմս Երևանի քաղաքապետի և Ընկերության միջև կնքվել է հողամասի վարձակալության մասին պայմանագիր (այսուհետ` Պայմանագիր), որի 1-ին կետով Վարձատուն համապատասխան վարձավճարի դիմաց ընդերքօգտագործման համար Վարձակալի տիրապետմանը և օգտագործմանն է հանձնել Երևանի Սպանդարյանի բազալտի հանքավայրում գտնվող 24,81 հա մակերեսով հողամասը: Պայմանագրի 8-րդ կետով հողամասի տարեկան վարձավճարը սահմանվել է 7.294.140 ՀՀ դրամ, իսկ Պայմանագրի 15-րդ կետով Պայմանագրի ժամկետը սահմանվել է մինչև 31.12.2015 թվականը: Պայմանագրի 19-րդ կետում նշվել է, որ Պայմանագրով սահմանված ժամկետի ավարտից հետո վարձակալված հողամասի տիրապետումը և օգտագործումը վարձակալի կողմից չդադարեցվելը Պայմանագրի նորոգման կամ վարձակալության ժամկետի երկարաձգման համար հիմք չի հանդիսանում: Միևնույն ժամանակ սահմանվել է, որ Վարձակալի պարտականությունները պահպանվում են նրա կողմից վարձակալված հողամասի ժամկետանց տիրապետման և օգտագործման ամբողջ ընթացքում:
Ընկերության կողմից Պայմանագրով նախատեսված վարձավճարը վճարելու իր պարտավորությունները պատշաճ չկատարելու հիմքով Երևան համայնքը դիմում է ներկայացրել դատարան` Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 16.10.2015 թվականի վճռով Երևան համայնքի դիմումը բավարարվել է, և Ընկերությունը ճանաչվել է սնանկ: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 29.01.2016 թվականի որոշմամբ հաստատվել է Ընկերության սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը, որում պարտատեր է ներառվել նաև Երևան համայնքը 7.336.110 ՀՀ դրամի չափով չապահովված պահանջով` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» հերթում:
Երևան համայնքը 09.11.2020 թվականին Դատարան է ներկայացրել պահանջի փոփոխություն` խնդրելով ևս 9.768.616 ՀՀ դրամի չափով լրացնել իր պահանջը` նշելով, որ պահանջի գրանցումից հետո վարձակալության գծով առաջացել են դրամական պարտավորություններ: Նշված պահանջի փոփոխության դեմ գրավոր առարկություն է ներկայացրել Ընկերությունը` նշելով նաև, որ պահանջի փոփոխության դեմ առարկում է մասնակիորեն` 7.294.140 ՀՀ դրամի չափով, քանի որ թեև Պայմանագրի գործողությունը 01.01.2016 թվականին դադարելուց հետո սկսած 01.01.2016 թվականից Ընկերությունը շարունակել է հանքավայրն օգտագործելն ընդերքօգտագործման նպատակով և այդ փաստով Պայմանագրի կողմերի միջև եղած իրավահարաբերությունը փաստացի շարունակվել է` առանց նոր պայմանագիր կնքելու, սակայն Դատարանի 04.11.2019 թվականի որոշմամբ Ընկերության ֆինանսական առողջացման ծրագիրը վաղաժամկետ դադարեցվել է, և Ընկերության նկատմամբ սկսվել է լուծարման վարույթ, որի արդյունքում Ընկերության գործունեությունը կասեցվել է: Նման պայմաններում ինքն առարկում է 05.11.2019 թվականից մինչև 05.11.2020 թվականն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված վարձավճարի գումարի մասով ևս պահանջը հաստատելու դեմ:
Դատարանը, պատճառաբանելով, որ Ընկերության գործունեությունը կասեցվելու արդյունքում սկսած 05.11.2019 թվականից դատական ակտով կասեցվել է վերը նշված հանքն Ընկերության կողմից Պայմանագրի նպատակային նշանակությանը համաձայն օգտագործելու, օգուտներ ստանալու իրական հնարավորությունը, և նշված օրվանից Ընկերությունը զրկված է հանքավայրն օգտագործելու իրավունքից և հնարավորությունից, գտել է, որ վարձակալության գծով դրամական պարտավորությունները պետք է հաշվարկել մինչև Ընկերության գործունեության կասեցումը` 05.11.2019 թվականը, 04.03.2021 թվականին որոշում է կայացրել Երևան համայնքի դիմումը` ևս 9.768.616 ՀՀ դրամի չափով պահանջի փոփոխությունը գրանցելու մասին, մասնակիորեն` 2.471.476 ՀՀ դրամի չափով, բավարարելու մասին և այն կրկին գրանցվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» հերթում. մնացած մասով դիմումը մերժվել է:
Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ «»Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածով պարտապանի գործունեության կասեցման իրավական հնարավորությունը, որը սույն գործով ի կատար է ածվել Դատարանի 04.11.2019 թվականի որոշմամբ, ուղղակիորեն անհնար է դարձրել նաև վարձակալության պայմանագրի առարկայի օգտագործման հնարավորությունը», «2015 թվականին պարտապանի սնանկ ճանաչված լինելու և 01.01.2016 թվականից վարձակալության պայմանագիրը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 624-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով, անորոշ ժամկետով կնքված համարվելու պարագայում, Երևան համայնքը դեռևս մինչև պարտապանի նկատմամբ լուծարման գործընթաց սկսելու և վերջինիս գործունեության կասեցումը` անկաշկանդ կարող էր միակողմանի ծանուցմամբ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով, պահանջել վաղաժամկետ լուծելու վարձակալության պայմանագիրը և գույքը տրամադրեր այլ անձի, խուսափելով սնանկ ճանաչված պարտապանի նկատմամբ վարձավճարների գծով պարտավորությունների ծավալն արհեստականորեն ավելացնելուց, քանի որ դրանց մասով բավարարում ստանալը, ինքնըստինքյան ռիսկային էր, հաշվի առնելով պարտապանի սնանկ ճանաչված լինելը», գտել է, որ «պարտապանի գործունեության կասեցումից հետո ընկած ժամանակահատվածի համար չի կարող հաշվարկվել որևէ վարձավճար»:
Վերը նշված դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների և եզրահանգումների իրավաչափությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք անհիմն են և չեն կարող հիմք հանդիսանալ Երևան համայնքի վերաքննիչ բողոքը մերժելու համար հետևյալ պատճառաբանությամբ.
i
Սույն գործի փաստերից բխում է, որ Պայմանագրի ժամկետի ավարտից հետո Ընկերությունը Երևան համայնքին Պայմանագրի օբյեկտ հանդիսացող գույքը չի վերադարձրել, այդ գույքի նկատմամբ վարձակալության իրավունքի դադարում պետական գրանցման չի ենթարկվել: Դրա փոխարեն Ընկերությունը շարունակել է օգտվել գույքից, որին Երևան համայնքը չի առարկել: Ընդ որում, նշված փաստն անվիճելի է, քանի որ Պայմանագրի կողմերն այն չեն վիճարկում: Ավելին` Ընկերությունն այդ փաստի մասին ուղղակիորեն է նշում: Այսինքն` Պայմանագիրը վերը նշված դիրքորոշումների և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 624-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ճանաչվում է վերսկսված նույն պայմաններով, սակայն անորոշ ժամկետով, որի դեպքում նաև պահպանվել է այն պայմանը, որի համաձայն` Ընկերությունը պարտավոր է գույքի դիմաց վճարել համապատասխան վարձավճար: Ինչ վերաբերում է Պայմանագրի 19-րդ կետում նշվածին, որով Պայմանագրի կողմերը պայմանավորվել են Պայմանագրով սահմանված ժամկետի ավարտից հետո վարձակալված հողամասի տիրապետումը և օգտագործումը վարձակալի կողմից չդադարեցվելը չհամարել Պայմանագրի նորոգման կամ վարձակալության ժամկետի երկարաձգման հիմք, ապա այդ առումով Պայմանագիրը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 624-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված իմպերատիվ իրավակարգավորմանը, այսինքն` պահպանված չէ նույն օրենսգրքի 438-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին այն մասին, որ Ընկերության գործունեությունը կասեցված լինելու հանգամանքն անհնար է դարձրել վարձակալության պայմանագրի առարկայի օգտագործման հնարավորությունը 05.11.2019 թվականից հետո, իսկ Երևան համայնքը դեռևս մինչև Ընկերության նկատմամբ լուծարման գործընթաց սկսելը և վերջինիս գործունեությունը կասեցնելը կարող էր միակողմանի ծանուցմամբ պահանջել վաղաժամկետ լուծելու վարձակալության պայմանագիրը, ապա դրանք չեն կարող բավարար հիմք հանդիսանալ հետևություն անելու համար այն մասին, որ պարտապանի գործունեության կասեցումից հետո ընկած ժամանակահատվածի համար չի կարող հաշվարկվել որևէ վարձավճար, քանի որ, ճիշտ է, օրենսդիրը պարտապանին արգելել է ինչպես սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու պահից, այնպես էլ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից առանց դատարանի որոշման պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալն իր պայմանագրային կամ այլ պարտավորություններով կամ ի մարումն պարտքի որևէ գործողություն կատարելը, և լուծարելու մասին որոշում կայացնելու պահից նախատեսել է իր գույքը կառավարելու կամ տնօրինելու պարտապանի իրավունքների կասեցում, այնուամենայնիվ կառավարիչը զրկված չէր ինչպես մինչև պարտապանի գործունեությունը կասեցնելու մասին որոշում կայացնելը, այնպես էլ դրանից հետո հնարավորությունից` ձեռնամուխ լինելու սկսել այդ Պայմանագրի լուծման գործընթաց և այն հասցնել ավարտին: Ավելին` վերը նշված դիրքորոշումների համատեքստում Պայմանագիրը մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով չի հանդիսանում այնպիսին, որը չլուծվելու դեպքում կարող էր գործել մինչև պարտապանի գործունեության կասեցումը: Այսինքն` պարտապանի գործունեության կասեցումից հետո ևս այն շարունակել է գործել. նշված Պայմանագրով նախատեսված վարձակալության իրավունքի դադարում ևս չի ենթարկվել պետական գրանցման:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի և 364-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և գործը` Երևան համայնքի կողմից 09.11.2020 թվականին Դատարան ներկայացված պահանջի փոփոխության մերժված մասի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը և ապահովվածությունն ստուգելու նպատակով ՀՀ սնանկության դատարան` նոր քննության ուղարկելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.07.2021 թվականի որոշումը և գործը` Երևան համայնքի կողմից 09.11.2020 թվականին դատարան ներկայացված պահանջի փոփոխության մերժված մասի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը և ապահովվածությունն ստուգելու նպատակով ուղարկել ՀՀ սնանկության դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան
Զեկուցող Գ. Հակոբյան
Հ. Բեդևյան
Մ. Դրմեյան
Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
Թիվ ԿԴ/0040/04/15 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.04.2022
թվականի որոշման վերաբերյալ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), գրավոր ընթացակարգով քննելով ԿԴ/0040/04/15 սնանկության գործով Երևան համայնքի (այսուհետ` Համայնք) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.07.2021 թվականի որոշման դեմ` ըստ Համայնքի դիմումի ընդդեմ «Ընդերքաբեր» ՍՊԸ-ի` (այսուհետ` Ընկերություն)` սնանկ ճանաչելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնությամբ 29.04.2022 թվականի որոշմամբ (այսուհետ` Որոշում) որոշվել է վճռաբեկ բողոքը բավարարել. վերանայել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.07.2021 թվականի որոշումը և գործը` Համայնքի կողմից 09.11.2020 թվականին դատարան ներկայացված պահանջի փոփոխության մերժված մասի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը և ապահովվածությունը պարզելու նպատակով ուղարկել ՀՀ սնանկության դատարան` նոր քննության:
Վճռաբեկ դատարանի դատավորներ Տ. Պետրոսյանս, էդ. Սեդրակյանս համաձայն չլինելով Վճռաբեկ դատարանի Որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերին, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ կետերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը Որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Երևան համայնքը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 16.10.2015 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Տ. Փոլադյան) (այսուհետ` Դատարան) 04.03.2021 թվականի որոշմամբ Երևան համայնքի դիմումը` 9.768.616 ՀՀ դրամի չափով լրացված պահանջը գրանցելու մասին, բավարարվել է մասնակիորեն` Երևան համայնքի պահանջը` 2.471.476 ՀՀ դրամի չափով գրանցվել է Ընկերության սնանկության գործով պարտատերերի ցուցակում` որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» հերթի պահանջ. մնացած մասով պահանջը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.07.2021 թվականի որոշմամբ Երևան համայնքի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 04.03.2021 թվականի ««Ընդերքաբեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով Երևան համայնքի պահանջի լրացումը մասնակի գրանցելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ, 466-րդ, 469-րդ և 624-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հողամասի վարձակալության պայմանագրի ժամկետը լրանալուց հետո Երևան համայնքի կողմից առարկություններ չեն ներկայացվել Ընկերության կողմից գույքի օգտագործումը շարունակելու վերաբերյալ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով Երևան համայնքը երեք ամիս առաջ Ընկերությանը չի տեղեկացրել վարձակալության պայմանագրից հրաժարվելու մասին, որի պայմաններում պայմանագիրը ճանաչվել է վերսկսված` նույն պայմաններով անորոշ ժամկետով: Ընկերությունը, 01.01.2016 թվականից հանքավայրն օգտագործելով ընդերքօգտագործման նպատակով, շարունակել է հանդիսանալ վարձակալ, հետևաբար և հողամասի վարձավճար վճարող: Նշված պայմանագիրը կարող է համարվել օրենքի ուժով դադարած դրա լուծման մասին կողմերի միջև համաձայնություն կնքվելու դեպքում, ինչպես նաև այդ իրավունքի դադարումը ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում գրանցելուց հետո:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ընկերության պարտավորությունը Երևան համայնքի հանդեպ հիմնված է գրավոր գործարքի հիման վրա, որից ծագող իրավունքներն օրենքով սահմանված կարգով ենթարկվել են պետական գրանցման: Ընկերությունը խախտել է պայմանագրային պարտավորությունները` մասնակիորեն է վճարել հողամասի վարձավճարը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածով սահմանված կարգով Ընկերության գործունեության կասեցումը վերը նշված իրավանորմերի ուժով, ըստ էության, իրենից չի ներկայացնում վարձակալության իրավունքի դադարում և չի կարող հիմք հանդիսանալ պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ մասնակի կատարման համար, որի պայմաններում Երևան համայնքի կողմից 06.11.2020 թվականին ներկայացված 9.768.616 ՀՀ դրամ գումարի չափով ներկայացված պահանջը հիմնավոր է և ենթակա է բավարարման ամբողջությամբ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 09.07.2021 թվականի որոշումը և գրանցել Երևան համայնքի պահանջը 9.768.616 ՀՀ դրամի չափով կամ գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Երևանի քաղաքապետի 05.06.2009 թվականի թիվ 5977-Ա որոշման 1-ին կետով Երևանի Սպանդարյանի բազալտի հանքավայրում գտնվող 24,81 հա մակերեսով հողամասն առանց մրցույթի վարձակալության իրավունքով մինչև 31.12.2015 թվականը տրամադրվել է Ընկերությանը` տարեկան վարձավճար սահմանելով տվյալ հողամասի կադաստրային արժեքի մեկ տոկոսի չափով (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 16, 17).
2) վերը նշված որոշման հիման վրա 25.11.2009 թվականին Հայաստանի Հանրապետության, ի դեմս Երևանի քաղաքապետի (այսուհետ` նաև Վարձատու), և Ընկերության (այսուհետ` նաև Վարձակալ) միջև կնքվել է հողամասի վարձակալության մասին պայմանագիր (այսուհետ` Պայմանագիր), որի 1-ին կետով Վարձատուն համապատասխան վարձավճարի դիմաց ընդերքօգտագործման համար Վարձակալի տիրապետմանը և օգտագործմանն է հանձնել Երևանի Սպանդարյանի բազալտի հանքավայրում գտնվող 24,81 հա մակերեսով հողամասը:
Պայմանագրի 8-րդ կետով հողամասի տարեկան վարձավճար է սահմանվել այդ հողամասի կադաստրային արժեքի մեկ տոկոսը` 7.294.140 ՀՀ դրամ:
Պայմանագրի 15-րդ կետով Պայմանագրի ժամկետը սահմանվել է մինչև 31.12.2015 թվականը:
Պայմանագրի 19-րդ կետում նշվել է, որ Պայմանագրով սահմանված ժամկետի ավարտից հետո վարձակալված հողամասի տիրապետումը և օգտագործումը վարձակալի կողմից չդադարեցվելը Պայմանագրի նորոգման կամ վարձակալության ժամկետի երկարաձգման համար հիմք չի հանդիսանում: Վարձակալի պարտականությունները պահպանվում են նրա կողմից վարձակալված հողամասի ժամկետանց տիրապետման և օգտագործման ամբողջ ընթացքում (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 12-15).
3) Ընկերությունը պատշաճ չի կատարել Պայմանագրով ստանձնած` վարձավճարը վճարելու իր պարտավորությունները, որի հիման վրա Երևան համայնքը դիմում է ներկայացրել դատարան` Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 4-7).
4) Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 16.10.2015 թվականի վճռով Երևան համայնքի դիմումը բավարարվել է, և Ընկերությունը ճանաչվել է սնանկ (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 112-118).
5) Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 29.01.2016 թվականի որոշմամբ հաստատվել է Ընկերության սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը, որում պարտատեր է ներառվել նաև Երևան համայնքը 7.336.110 ՀՀ դրամի չափով չապահովված պահանջով` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» հերթում (հավելվածի հատոր 2-րդ, գ.թ. 70-73).
6) Երևան համայնքը 09.11.2020 թվականին Դատարան է ներկայացրել պահանջի փոփոխություն` խնդրելով ևս 9.768.616 ՀՀ դրամի չափով լրացնել իր պահանջը` նշելով, որ պահանջի գրանցումից հետո վարձակալության գծով առաջացել են դրամական պարտավորություններ (հավելվածի հատոր 3-րդ, գ.թ. 2, 3).
7) նշված պահանջի փոփոխության դեմ գրավոր առարկություն է ներկայացրել Ընկերությունը` նշելով նաև, որ պահանջի փոփոխության դեմ առարկում է մասնակիորեն` 7.294.140 ՀՀ դրամի չափով, քանի որ թեև Պայմանագրի գործողությունը 01.01.2016 թվականին դադարելուց հետո սկսած 01.01.2016 թվականից Ընկերությունը շարունակել է հանքավայրն օգտագործելն ընդերքօգտագործման նպատակով և այդ փաստով Պայմանագրի կողմերի միջև եղած իրավահարաբերությունը փաստացի շարունակվել է` առանց նոր պայմանագիր կնքելու, սակայն Դատարանի 04.11.2019 թվականի որոշմամբ Ընկերության ֆինանսական առողջացման ծրագիրը վաղաժամկետ դադարեցվել է, և Ընկերության նկատմամբ սկսվել է լուծարման վարույթ, որի արդյունքում Ընկերության գործունեությունը կասեցվել է: Նման պայմաններում ինքն առարկում է 05.11.2019 թվականից մինչև 05.11.2020 թվականն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված վարձավճարի գումարի մասով ևս պահանջը հաստատելու դեմ (հավելվածի հատոր 3-րդ, գ.թ. 8).
8) Դատարանի 04.03.2021 թվականի որոշմամբ Երևան համայնքի դիմումը` ևս 9.768.616 ՀՀ դրամի չափով պահանջի փոփոխությունը գրանցելու մասին, բավարարվել է մասնակիորեն` 2.471.476 ՀՀ դրամի չափով, և այն կրկին գրանցվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» հերթում. մնացած մասով դիմումը մերժվել է (հավելվածի հատոր 3-րդ, գ.թ. 44-50):
4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ և 624-րդ հոդվածների կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր,
2) Վերաքննիչ դատարանի կողմից թույլ են տրվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ, 466-րդ, 469-րդ և 624-րդ հոդվածների այնպիսի խախտումներ, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը.
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարել անդրադառնալ սնանկության դատարանի որոշմամբ վարձակալի գործունեությունը կասեցված լինելու պայմաններում անշարժ գույքի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո այդ պայմանագիրը վերսկսված համարելու առանձնահատկություններին և դրանցից բխող իրավական հետևանքներին:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 606-րդ հոդվածի համաձայն` վարձակալության պայմանագրով վարձատուն պարտավորվում է վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և (կամ) օգտագործմանը հանձնել գույք:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 612-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վարձակալության պայմանագիրը կնքվում է պայմանագրով որոշված ժամկետով:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 616-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վարձակալը պարտավոր է ժամանակին մուծել գույքն օգտագործելու համար վճարը (վարձավճարը): Վարձավճար մուծելու կարգը, պայմանները և ժամկետները որոշվում են վարձակալության պայմանագրով: Եթե պայմանագրով դրանք որոշված չեն, ապա կիրառվում են նույնանման գույքի վարձակալության ժամանակ համեմատելի հանգամանքներում սովորաբար գործող կարգը, պայմանները և ժամկետները:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 624-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե պայմանագրի ժամկետի ավարտից հետո վարձակալը, վարձատուի առարկությունների բացակայությամբ, շարունակում է օգտվել գույքից, պայմանագիրը ճանաչվում է վերսկսված` նույն պայմաններով անորոշ ժամկետով (հոդված 612):
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 625-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վարձակալության պայմանագիրը դադարելու դեպքում վարձակալը պարտավոր է վարձատուին վերադարձնել գույքն իր կողմից ստացված վիճակում` բնականոն մաշվածության հաշվառմամբ կամ պայմանագրով նախատեսված վիճակում:
i
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե վարձակալը չի վերադարձրել վարձակալած գույքը կամ այն վերադարձրել է ժամկետի խախտմամբ, վարձատուն իրավունք ունի վարձավճար պահանջել կետանցի ամբողջ ժամկետի համար: Եթե նման վճարը լիովին չի մարում վարձատուին պատճառված վնասները, նա կարող է պահանջել հատուցելու դրանց մնացած մասը:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման: Գրանցման ենթակա են` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, օգտագործման իրավունքը, հիփոթեքը, սերվիտուտները, ինչպես նաև նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում` այլ իրավունքները:
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ վարձակալության պայմանագրով վարձատուն պարտավորություն է ստանձնում համապատասխան վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և (կամ) օգտագործմանը հանձնել համապատասխան գույք, իսկ վարձակալը պարտավորվում է ժամանակին մուծել այդ գույքն օգտագործելու համար վճարը (վարձավճարը): Ընդ որում, վարձավճարը մուծելու կարգը, պայմանները և ժամկետները պետք է որոշվեն վարձակալության պայմանագրով, իսկ եթե դրանք պայմանագրով որոշված չեն, ապա կիրառվում են նույնանման գույքի վարձակալության ժամանակ համեմատելի հանգամանքներում սովորաբար գործող կարգը, պայմանները և ժամկետները:
Միևնույն ժամանակ օրենսդիրը սահմանել է, որ որպես կանոն վարձակալության պայմանագրում պետք է նշվի դրա ժամկետը, այսինքն` թե ինչ ժամկետով է կնքվում պայմանագիրը: Դրա հետ մեկտեղ օրենսդիրը համապատասխան իրավակարգավորում է նախատեսել այն դեպքերի համար, երբ այդ պայմանագրի ժամկետի ավարտից հետո վարձակալը, վարձատուի առարկությունների բացակայությամբ, շարունակում է օգտվել գույքից, որի դեպքում պայմանագիրը ճանաչվում է վերսկսված` նույն պայմաններով, սակայն անորոշ ժամկետով:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշմամբ անդրադառնալով ժամկետով վարձակալության պայմանագիր կնքելու հարցին, գտել է, որ վարձակալության պայմանագրի ժամկետն ավարտվելուց հետո այն նույն պայմաններով անորոշ ժամկետով վերսկսված ճանաչելու համար անհրաժեշտ է երկու պարտադիր պայմանների միաժամանակյա առկայությունը, այն է` վարձակալած գույքից վարձակալի կողմից օգտվել շարունակելը վարձակալության պայմանագրի ժամկետի ավարտից հետո և այդ ընթացքում այդ գույքից օգտվելու վերաբերյալ վարձատուի առարկությունների բացակայությունը (տե՛ս, Երևանի քաղաքապետն ընդդեմ Գոհար Արամյանի թիվ ԵԿԴ/3032/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.10.2011 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերոհիշյալ դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը գտել է, որ վկայակոչված իրավանորմերի մեկնաբանությունից բխում է, որ երբ պայմանագրի ժամկետի ավարտից հետո վարձակալը չի շարունակում օգտվել վարձակալված գույքից, ապա վարձակալության պայմանագիրն օրենքի ուժով` այդ պայմանագրում նշված ժամկետը լրանալու կապակցությամբ դադարում է, որի պարագայում վարձակալը պարտավոր է վարձատուին վերադարձնել վարձակալված գույքը: Ընդ որում, վարձակալի կողմից վարձակալված գույքը չվերադարձնելու կամ այն ժամկետի խախտմամբ վերադարձնելու դեպքերում վարձատուն իրավունք ունի նաև վարձավճար պահանջել կետանցի ամբողջ ժամկետի համար: Անշարժ գույքի նկատմամբ վարձակալության իրավունքի դադարումը ևս ենթակա է պետական գրանցման:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված մեկ այլ որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ և 449-րդ հոդվածներին, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 5-րդ հոդվածներին, արձանագրել է, որ անշարժ գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները պետական գրանցման ենթարկելու վերաբերյալ օրենսդրի պահանջն ինքնանպատակ չէ: Այն հետապնդում է մի քանի խնդիրներ, որոնցից են մասնավորապես` անշարժ գույքի բնականոն շրջանառության ապահովումը, գործարքների մասնակիցների և երրորդ անձանց իրավունքների ճանաչումը, պաշտպանությունը և երաշխավորումը, անշարժ գույքի շուկայի կայունությունը և զարգացումն ապահովելը և այլն: Վկայակոչված խնդիրներից ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել հատկապես ընդգծել գույքի նկատմամբ գրանցված իրավունքների պաշտպանության խնդրի կարևորությունը` նշելով, որ պետությունը, սահմանելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքները պետական գրանցման ենթարկելու պահանջ, միաժամանակ ստանձնել է պարտավորություն երաշխավորելու և պաշտպանելու այդ իրավունքները: Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն է հենց այն մեխանիզմը, որի միջոցով պետությունը ճանաչում է անձանց այս կամ այն իրավունքն անշարժ գույքի նկատմամբ, ստեղծում է միասնական տեղեկատվական բանկ այդ իրավունքների և դրանք կրող սուբյեկտների վերաբերյալ ու համապատասխանաբար հնարավորություն է ունենում երաշխավորել և պաշտպանելու այդ իրավունքները: Անշարժ գույքի նկատմամբ իրավունքը գրանցելու պահից մինչ այդ իրավունքի գրանցումը դադարեցնելու պահը պետությունը ճանաչում, երաշխավորում և պաշտպանում է այդ իրավունքը: Օրենսդիրը, նախատեսելով անշարժ գույքի վարձակալության պայմանագրից ծագող իրավունքների պարտադիր պետական գրանցման ենթակա լինելու պայման, ըստ էության, կողմերի միջև անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը կնքված համարելու պահը դիտել է վարձակալության պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման պահը: Այսինքն` անշարժ գույքի վարձակալության պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցում ստանալու պահից կողմերը ձեռք են բերում փոխադարձ իրավունքներ և կրում պայմանագրից բխող պարտականությունները պատշաճ կատարելու պարտավորություն, իսկ պետությունը երաշխավորում և պաշտպանում է վարձակալության պայմանագրից բխող և պետական գրանցում ստացած` անշարժ գույքի նկատմամբ իրավունքները, քանի դեռ այդ իրավունքների պետական գրանցումը չի դադարել (տե՛ս, Աղասի Տեր-Եսայանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ԵԿԴ/3193/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2020 թվականի որոշումը):
i
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու պահից արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի կողմից իր պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը, ի մարումն պարտքի որևէ գործողություն կատարելը, բացառությամբ պարտապանի բնականոն ընթացիկ գործունեության հետ կապված պարտավորությունների:
i
Նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի կողմից իր ցանկացած պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալը, բացառությամբ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված դեպքերի:
i
Մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից` 2 ամսվա ընթացքում, կառավարչի միջնորդությամբ, դատարանի որոշմամբ կարող են լուծվել պարտապանի կողմից կնքված և կատարման ժամկետը չլրացած պայմանագրերը, որոնք երկու կողմից էլ ամբողջությամբ դեռ չեն կատարվել: Նշված պայմանագրերը չլուծվելու դեպքում գործում են մինչև պարտապանի գործունեության կասեցումը:
i
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե դատարանը կայացրել է պարտապանին լուծարելու մասին որոշում, ապա գույքը կառավարելու կամ տնօրինելու` պարտապանի բոլոր իրավունքները կասեցվում են դատարանի որոշմամբ:
i
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավորի որոշմամբ պարտապանի` գույքը կառավարելու կամ տնօրինելու իրավունքները կարող են կասեցվել նաև մինչև պարտապանի լուծարումը, եթե պարտապանի գործունեությունն ակնհայտորեն անշահավետ է, կարող է բերել պարտապանին պատկանող գույքի արժեքի նվազեցմանը, կամ ակնհայտ է, որ պարտապանը չի կարող ներկայացնել պարտատերերի համար ընդունելի ֆինանսական առողջացման ծրագիր:
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը պարտապանին արգելել է սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու պահից առանց դատարանի որոշման պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալն իր պայմանագրային կամ այլ պարտավորություններով կամ ի մարումն պարտքի որևէ գործողություն կատարելը: Նշված կանոնից բացառություն են կազմում պարտապանի բնականոն ընթացիկ գործունեության հետ կապված պարտավորությունները: Նմանատիպ արգելքը նաև գործում է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից, սակայն այս դեպքում բացառություն են կազմում պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված դեպքերը:
Միևնույն ժամանակ օրենսդիրը նախատեսել է այն դեպքերը, երբ որպես կանոն կասեցվում են պարտապանի` իր գույքը կառավարելու կամ տնօրինելու իրավունքները` նշելով, որ դրանք կասեցվում են պարտապանին լուծարելու մասին որոշում կայացնելու պահից, բացառությամբ այն դեպքերի, երբ պարտապանի գործունեությունն ակնհայտորեն անշահավետ է, կարող է բերել պարտապանին պատկանող գույքի արժեքի նվազեցմանը, կամ ակնհայտ է, որ պարտապանը չի կարող ներկայացնել պարտատերերի համար ընդունելի ֆինանսական առողջացման ծրագիր, որի դեպքում պարտապանի նշված իրավունքները դատավորի որոշմամբ կարող են կասեցվել նաև մինչև պարտապանի լուծարումը:
Դրա հետ մեկտեղ օրենսդիրը կարգավորել է նաև պարտապանի կողմից կնքված և կատարման ժամկետը չլրացած պայմանագրերի լուծման ընթացակարգը` նախատեսելով, որ դրանք կարող են լուծվել պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից` 2 ամսվա ընթացքում կառավարչի կողմից միջնորդություն հարուցվելու միջոցով` դատարանի որոշմամբ: Ընդ որում, նշված ընթացակարգը գործում է բացառապես այն պայմանագրերի նկատմամբ, որոնք երկու կողմից էլ ամբողջությամբ դեռ չեն կատարվել, և նշված պայմանագրերը չլուծվելու դեպքում դրանք գործում են մինչև պարտապանի գործունեության կասեցումը:
Վճռաբեկ դատարանն իր իրավական դիրքորոշումները կիրառելով սույն գործի փաստերի նկատմամբ, եզրահանգել է հետևյալը.
i
Սույն գործի փաստերից բխում է, որ Պայմանագրի ժամկետի ավարտից հետո Ընկերությունը Երևան համայնքին Պայմանագրի օբյեկտ հանդիսացող գույքը չի վերադարձրել, այդ գույքի նկատմամբ վարձակալության իրավունքի դադարում պետական գրանցման չի ենթարկվել: Դրա փոխարեն Ընկերությունը շարունակել է օգտվել գույքից, որին Երևան համայնքը չի առարկել: Ընդ որում, նշված փաստն անվիճելի է, քանի որ Պայմանագրի կողմերն այն չեն վիճարկում: Ավելին` Ընկերությունն այդ փաստի մասին ուղղակիորեն է նշում: Այսինքն` Պայմանագիրը վերը նշված դիրքորոշումների և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 624-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ճանաչվում է վերսկսված նույն պայմաններով, սակայն անորոշ ժամկետով, որի դեպքում նաև պահպանվել է այն պայմանը, որի համաձայն` Ընկերությունը պարտավոր է գույքի դիմաց վճարել համապատասխան վարձավճար: Ինչ վերաբերում է Պայմանագրի 19-րդ կետում նշվածին, որով Պայմանագրի կողմերը պայմանավորվել են Պայմանագրով սահմանված ժամկետի ավարտից հետո վարձակալված հողամասի տիրապետումը և օգտագործումը վարձակալի կողմից չդադարեցվելը չհամարել Պայմանագրի նորոգման կամ վարձակալության ժամկետի երկարաձգման հիմք, ապա այդ առումով Պայմանագիրը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 624-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված իմպերատիվ իրավակարգավորմանը, այսինքն` պահպանված չէ նույն օրենսգրքի 438-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին այն մասին, որ Ընկերության գործունեությունը կասեցված լինելու հանգամանքն անհնար է դարձրել վարձակալության պայմանագրի առարկայի օգտագործման հնարավորությունը 05.11.2019 թվականից հետո, իսկ Երևան համայնքը դեռևս մինչև Ընկերության նկատմամբ լուծարման գործընթաց սկսելը և վերջինիս գործունեությունը կասեցնելը կարող էր միակողմանի ծանուցմամբ պահանջել վաղաժամկետ լուծելու վարձակալության պայմանագիրը, ապա դրանք չեն կարող բավարար հիմք հանդիսանալ հետևություն անելու համար այն մասին, որ պարտապանի գործունեության կասեցումից հետո ընկած ժամանակահատվածի համար չի կարող հաշվարկվել որևէ վարձավճար, քանի որ, ճիշտ է, օրենսդիրը պարտապանին արգելել է ինչպես սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու պահից, այնպես էլ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից առանց դատարանի որոշման պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալն իր պայմանագրային կամ այլ պարտավորություններով կամ ի մարումն պարտքի որևէ գործողություն կատարելը, և լուծարելու մասին որոշում կայացնելու պահից նախատեսել է իր գույքը կառավարելու կամ տնօրինելու պարտապանի իրավունքների կասեցում, այնուամենայնիվ կառավարիչը զրկված չէր ինչպես մինչև պարտապանի գործունեությունը կասեցնելու մասին որոշում կայացնելը, այնպես էլ դրանից հետո հնարավորությունից` ձեռնամուխ լինելու սկսել այդ Պայմանագրի լուծման գործընթաց և այն հասցնել ավարտին: Ավելին` վերը նշված դիրքորոշումների համատեքստում Պայմանագիրը մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով չի հանդիսանում այնպիսին, որը չլուծվելու դեպքում կարող էր գործել մինչև պարտապանի գործունեության կասեցումը: Այսինքն` պարտապանի գործունեության կասեցումից հետո ևս այն շարունակել է գործել. նշված Պայմանագրով նախատեսված վարձակալության իրավունքի դադարում ևս չի ենթարկվել պետական գրանցման:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտել է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի և 364-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և գործը` Երևան համայնքի կողմից 09.11.2020 թվականին Դատարան ներկայացված պահանջի փոփոխության մերժված մասի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը և ապահովվածությունն ստուգելու նպատակով ՀՀ սնանկության դատարան` նոր քննության ուղարկելու համար:
Հատուկ կարծիքի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանի դատավորներ Տ. Պետրոսյանս և Էդ. Սեդրակյանս գտնում ենք, որ վճռաբեկ բողոքի հիմքերը մի մասով հիմնավոր չեն, իսկ մյուս մասով էլ առնչություն չունեն սույն գործի լուծման հետ, քանի որ սույն գործով առկա չէ ինչպես արդարադատության բուն էությունը խաթարած դատական սխալ, այնպես էլ իրավունքի զարգացման` բողոք բերած անձի կողմից բարձրացված խնդիրը:
Ասվածը հիմնավորվում է հետևյալով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ և 624-րդ հոդվածների վերաբերյալ Որոշման մեջ կատարվել են միայն ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին որոշումներից մեջբերումներ, ուստի այդ հոդվածներով սահմանված նորմերի որևէ զարգացում, Որոշմամբ չի տրվել, մինչդեռ բողոքը վարույթ ընդունելը Որոշմամբ պայմանավորվել է այդ հիմքով: Հարկ է նշել, որ սույն գործով վարձակալության պայմանագիրը վերակնքված լինելու վերաբերյալ հարցը ոչ մի ատյանի դատարանում չի վիճարկվել, իսկ պարտապանի գույքը կառավարելու կամ տնօրինելու իրավունքների կասեցումն էլ, որը կարգավորվում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածով, սույն գործի լուծման հետ կապ ունի միայն այնքանով, որքանով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի կարգավորումներին համապատասխան սույն գործով անհրաժեշտ է որոշել. վարձակալության պայմանագրով սահմանված կողմերի պարտավորությունները կարո՞ղ են արդյոք դադարել` պայմանագիրը լուծված չլինելու պայմաններում: Մեր կարծիքով Վճռաբեկ դատարանը պետք է պատասխաներ այս հարցին, որից էլ ակնհայտ կդառնար` սույն գործով դատական սխալ առկա է, թե ոչ:
Այսպիսով սույն գործի լուծման հետ ուղղակի կապ չունի նաև բողոքաբերի նշած «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի խախտումը, քանի որ նշված հոդվածի 1-ին և 2-րդ մասերը կարգավորում են այն հարցը, թե երբ և ինչ պայմաններում կարող են կասեցվել պարտապանի` գույքը կառավարելու կամ տնօրինելու իրավունքները, մինչդեռ սույն գործով անվիճելի փաստ է, որ պարտապանի այդ իրավունքները դատարանի 04.11.2019 թվականի որոշմամբ կասեցվել են (այդ հանգամանքն ընդունվել է նաև Որոշմամբ): Նման պայմաններում Վերաքննիչ դատարանն իրավացիորեն քննարկման առարկա է դարձրել վերաքննիչ բողոք ներկայացրած անձի այն հարցադրումը, թե «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի ուժով պարտապանի գործունեության կասեցումը արդյո՞ք կարող է հանգեցնել վարձակալության իրավունքի դադարման և հիմք հանդիսանալ պայմանագրային պարտավորությունների չկատարման համար: Այդ հարցի քննարկման արդյունքում Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ Ընկերության նկատմամբ հողամասի վարձակալության գծով դրամական պարտավորությունները պետք է հաշվարկել մինչև Ընկերության գործունեության կասեցումը:
Կարծում եմ, որ Վերաքննիչ դատարանի սույն եզրահանգումը հիմնավոր է հետևյալ պատճառներով.
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 423-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտավորությունը լրիվ կամ մասնակի դադարում է օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով նախատեսված հիմքերով, ինչից բխում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 27-րդ` «Պարտավորությունների դադարումը» գլխով սահմանված պարտավորությունների դադարման հիմքերը սպառիչ չեն. պարտավորությունը կարող է դադարել նաև օրենքով նախատեսված այլ հիմքերով:
Մեր կարծիքով, օրենքով նախատեսված այդպիսի հիմք է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ 45-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքը: Համաձայն նշված նորմի` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից` 2 ամսվա ընթացքում, կառավարչի միջնորդությամբ, դատարանի որոշմամբ կարող են լուծվել պարտապանի կողմից կնքված և ժամկետը չլրացած պայմանագրերը, որոնք երկու կողմից էլ ամբողջությամբ դեռ չեն կատարվել: Նշված պայմանագրերը չլուծվելու դեպքում գործում են մինչև պարտապանի գործունեության կասեցումը: Նշված նորմի վերլուծությունից բխում է, որ չլուծված պայմանագիրը կարող է գործել մինչև պարտապանի գործունեության կասեցումը: Դա նշանակում է, որ պարտապանի գործունեության կասեցումից հետո նման պայմանագիրը չի գործում, իսկ չգործող պայմանագրի հիման վրա էլ պայմանագրի կողմը չի կարող մյուս` գործունեությունը կասեցված կողմից պահանջել պարտավորության կատարում: Ակնհայտ է, որ գործունեությունը կասեցված պարտապանը ոչ միայն չի կարող օգտվել վարձակալած հողն ըստ նպատակային նշանակության օգտագործելու իր իրավունքից, այլև ցանկության դեպքում անգամ չի կարող կատարել վարձակալության պայմանագրով հողի օգտագործման համար վճարելու իր պարտականությունը, հետևաբար «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով սահմանված այդ դեպքը պետք է համարել պարտավորության դադարման` օրենքով նախատեսված հատուկ դեպք: Սույն պարագայում այդ դեպքը չի առնչվում այն բանի հետ, թե ինչ է սահմանված վարձակալության պայմանագրով, այլ կապված է սնանկության վարույթի առանձնահատկությունների, մասնավորապես` այն հանգամանքի հետ, որ գործունեության կասեցման հետևանքով պարտապանը չի կարող կատարել իր պայմանագրային պարտավորությունը և այդ պատճառով էլ օրենսդրի կարգավորման համաձայն` պայմանագիրն այլևս չի գործում, իսկ չգործող պայմանագրով էլ կողմը չի մյուս կողմից պահանջել, որ գործունեությունը կասեցված անձը ծավալի ինչ-որ գործունեություն, այսինքն` կատարի իր պայմանագրային պարտավորությունները: Այդ պատճառով էլ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասը սահմանել է առանձնահատուկ կարգավորում, այն է` սնանկ ճանաչված անձի գործունեությունը կասեցնելուց հետո ամբողջությամբ չկատարված պայմանագրերը չեն գործում` անկախ դրանք լուծված կամ չլուծված լինելու հանգամանքից: Հակառակ տրամաբանության պարագայում նման պայմանագրերը, եթե առհասարակ չլուծվեն, պետք է գործեն ընդմիշտ, ինչը տրամաբանական չէ:
Նման պայմաններում ստորադաս դատարանները կայացրել են հարցն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ և այն պետք է թողնվեր անփոփոխ` վերոհիշյալ լրացուցիչ պատճառաբանություններով, ինչը վկայում է այն մասին, որ սույն գործով քննարկման առարկա դատական ակտով դատական սխալ թույլ չի տրվել, առավել ևս` արդարադատության բուն էությունը խաթարած սխալ առկա չէ:
Այսպիսով Որոշմամբ իրավունքի որևէ զարգացում չի տրվել, իսկ դատական սխալ էլ առկա չէ, ուստի Վերաքննիչ դատարանի 09.07.2021 թվականի որոշումը ենթակա չէ բեկանման` Որոշման մեջ նշված պատճառաբանություններով:
Դատավոր` Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատի կողմից թիվ ԿԴ/0040/04/15 սնանկության գործով 29.04.2022
թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ
մասերի վերաբերյալ
29.04.2022 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) 29.04.2022 թվականին գրավոր ընթացակարգով քննելով ըստ Երևան համայնքի դիմումի` «Ընդերքաբեր» ՍՊԸ-ին (այսուհետ` Ընկերություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.07.2021 թվականի որոշման դեմ Երևան համայնքի վճռաբեկ բողոքը` ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.07.2021 թվականի որոշումը և գործը` Երևան համայնքի կողմից 09.11.2020 թվականին դատարան ներկայացված պահանջի փոփոխության մերժված մասի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը և ապահովվածությունն ստուգելու նպատակով ուղարկել ՀՀ սնանկության դատարան` նոր քննության:
Վճռաբեկ դատարանի դատավոր Ս. Միքայելյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Երևան համայնքը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 16.10.2015 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Տ. Փոլադյան) (այսուհետ` Դատարան) 04.03.2021 թվականի որոշմամբ Երևան համայնքի դիմումը` 9.768.616 ՀՀ դրամի չափով լրացված պահանջը գրանցելու մասին, բավարարվել է մասնակիորեն` Երևան համայնքի պահանջը` 2.471.476 ՀՀ դրամի չափով գրանցվել է Ընկերության սնանկության գործով պարտատերերի ցուցակում` որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» հերթի պահանջ. մնացած մասով պահանջը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.07.2021 թվականի որոշմամբ Երևան համայնքի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 04.03.2021 թվականի ««Ընդերքաբեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով Երևան համայնքի պահանջի լրացումը մասնակի գրանցելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևան համայնքը (ներկայացուցիչ Տարոն Մարգարյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ դատարանը բողոքը քննել է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ, 466-րդ, 469-րդ և 624-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հողամասի վարձակալության պայմանագրի ժամկետը լրանալուց հետո Երևան համայնքի կողմից առարկություններ չեն ներկայացվել Ընկերության կողմից գույքի օգտագործումը շարունակելու վերաբերյալ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով Երևան համայնքը երեք ամիս առաջ Ընկերությանը չի տեղեկացրել վարձակալության պայմանագրից հրաժարվելու մասին, որի պայմաններում պայմանագիրը ճանաչվել է վերսկսված` նույն պայմաններով անորոշ ժամկետով: Ընկերությունը, 01.01.2016 թվականից հանքավայրն օգտագործելով ընդերքօգտագործման նպատակով, շարունակել է հանդիսանալ վարձակալ, հետևաբար և հողամասի վարձավճար վճարող: Նշված պայմանագիրը կարող է համարվել օրենքի ուժով դադարած դրա լուծման մասին կողմերի միջև համաձայնություն կնքվելու դեպքում, ինչպես նաև այդ իրավունքի դադարումը ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում գրանցելուց հետո:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ընկերության պարտավորությունը Երևան համայնքի հանդեպ հիմնված է գրավոր գործարքի հիման վրա, որից ծագող իրավունքներն օրենքով սահմանված կարգով ենթարկվել են պետական գրանցման: Ընկերությունը խախտել է պայմանագրային պարտավորությունները` մասնակիորեն է վճարել հողամասի վարձավճարը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ «Սնանկության մասին» օրենքի 72-րդ հոդվածով սահմանված կարգով Ընկերության գործունեության կասեցումը վերը նշված իրավանորմերի ուժով, ըստ էության, իրենից չի ներկայացնում վարձակալության իրավունքի դադարում և չի կարող հիմք հանդիսանալ պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ մասնակի կատարման համար, որի պայմաններում Երևան համայնքի կողմից 06.11.2020 թվականին ներկայացված 9.768.616 ՀՀ դրամ գումարի չափով ներկայացված պահանջը հիմնավոր է և ենթակա է բավարարման ամբողջությամբ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 09.07.2021 թվականի որոշումը և գրանցել Երևան համայնքի պահանջը 9.768.616 ՀՀ դրամի չափով կամ գործն ուղարկել նոր քննության:
3. Որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Երևանի քաղաքապետի 05.06.2009 թվականի թիվ 5977-Ա որոշման 1-ին կետով Երևանի Սպանդարյանի բազալտի հանքավայրում գտնվող 24,81 հա մակերեսով հողամասն առանց մրցույթի վարձակալության իրավունքով մինչև 31.12.2015 թվականը տրամադրվել է Ընկերությանը` տարեկան վարձավճար սահմանելով տվյալ հողամասի կադաստրային արժեքի մեկ տոկոսի չափով (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 16, 17).
2) վերը նշված որոշման հիման վրա 25.11.2009 թվականին Հայաստանի Հանրապետության, ի դեմս Երևանի քաղաքապետի (այսուհետ` նաև Վարձատու), և Ընկերության (այսուհետ` նաև Վարձակալ) միջև կնքվել է հողամասի վարձակալության մասին պայմանագիր (այսուհետ` Պայմանագիր), որի 1-ին կետով Վարձատուն համապատասխան վարձավճարի դիմաց ընդերքօգտագործման համար Վարձակալի տիրապետմանը և օգտագործմանն է հանձնել Երևանի Սպանդարյանի բազալտի հանքավայրում գտնվող 24,81 հա մակերեսով հողամասը:
Պայմանագրի 8-րդ կետով հողամասի տարեկան վարձավճար է սահմանվել այդ հողամասի կադաստրային արժեքի մեկ տոկոսը` 7.294.140 ՀՀ դրամ:
Պայմանագրի 15-րդ կետով Պայմանագրի ժամկետը սահմանվել է մինչև 31.12.2015 թվականը:
Պայմանագրի 19-րդ կետում նշվել է, որ Պայմանագրով սահմանված ժամկետի ավարտից հետո վարձակալված հողամասի տիրապետումը և օգտագործումը վարձակալի կողմից չդադարեցվելը Պայմանագրի նորոգման կամ վարձակալության ժամկետի երկարաձգման համար հիմք չի հանդիսանում: Վարձակալի պարտականությունները պահպանվում են նրա կողմից վարձակալված հողամասի ժամկետանց տիրապետման և օգտագործման ամբողջ ընթացքում (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 12-15).
3) Ընկերությունը պատշաճ չի կատարել Պայմանագրով ստանձնած` վարձավճարը վճարելու իր պարտավորությունները, որի հիման վրա Երևան համայնքը դիմում է ներկայացրել դատարան` Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 4-7).
4) Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 16.10.2015 թվականի վճռով Երևան համայնքի դիմումը բավարարվել է, և Ընկերությունը ճանաչվել է սնանկ (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 112-118).
5) Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 29.01.2016 թվականի որոշմամբ հաստատվել է Ընկերության սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը, որում պարտատեր է ներառվել նաև Երևան համայնքը 7.336.110 ՀՀ դրամի չափով չապահովված պահանջով` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» հերթում (հավելվածի հատոր 2-րդ, գ.թ. 70-73).
6) Երևան համայնքը 09.11.2020 թվականին Դատարան է ներկայացրել պահանջի փոփոխություն` խնդրելով ևս 9.768.616 ՀՀ դրամի չափով լրացնել իր պահանջը` նշելով, որ պահանջի գրանցումից հետո վարձակալության գծով առաջացել են դրամական պարտավորություններ (հավելվածի հատոր 3-րդ, գ.թ. 2, 3).
7) նշված պահանջի փոփոխության դեմ գրավոր առարկություն է ներկայացրել Ընկերությունը` նշելով նաև, որ պահանջի փոփոխության դեմ առարկում է մասնակիորեն` 7.294.140 ՀՀ դրամի չափով, քանի որ թեև Պայմանագրի գործողությունը 01.01.2016 թվականին դադարելուց հետո սկսած 01.01.2016 թվականից Ընկերությունը շարունակել է հանքավայրն օգտագործելն ընդերքօգտագործման նպատակով և այդ փաստով Պայմանագրի կողմերի միջև եղած իրավահարաբերությունը փաստացի շարունակվել է` առանց նոր պայմանագիր կնքելու, սակայն Դատարանի 04.11.2019 թվականի որոշմամբ Ընկերության ֆինանսական առողջացման ծրագիրը վաղաժամկետ դադարեցվել է, և Ընկերության նկատմամբ սկսվել է լուծարման վարույթ, որի արդյունքում Ընկերության գործունեությունը կասեցվել է: Նման պայմաններում ինքն առարկում է 05.11.2019 թվականից մինչև 05.11.2020 թվականն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված վարձավճարի գումարի մասով ևս պահանջը հաստատելու դեմ (հավելվածի հատոր 3-րդ, գ.թ. 8).
8) Դատարանի 04.03.2021 թվականի որոշմամբ Երևան համայնքի դիմումը` ևս 9.768.616 ՀՀ դրամի չափով պահանջի փոփոխությունը գրանցելու մասին, բավարարվել է մասնակիորեն` 2.471.476 ՀՀ դրամի չափով, և այն կրկին գրանցվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» հերթում. մնացած մասով դիմումը մերժվել է (հավելվածի հատոր 3-րդ, գ.թ. 44-50):
4. Հատուկ կարծիքի հիմնավորումները.
Վճռաբեկ դատարանի դատավոր Ս. Միքայելյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:
Այսպես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտել է, որ տվյալ դեպքում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ և 624-րդ հոդվածների կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր,
2) Վերաքննիչ դատարանի կողմից թույլ են տրվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ, 466-րդ, 469-րդ և 624-րդ հոդվածների այնպիսի խախտումներ, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը.
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարել անդրադառնալ սնանկության դատարանի որոշմամբ վարձակալի գործունեությունը կասեցված լինելու պայմաններում անշարժ գույքի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո այդ պայմանագիրը վերսկսված համարելու առանձնահատկություններին և դրանցից բխող իրավական հետևանքներին:
Վճռաբեկ դատարանը, վկայակոչելով և վերլուծելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 606-րդ հոդվածի, 612-րդ հոդվածի 1-ին կետի, 616-րդ հոդվածի 1-ին կետի, 624-րդ հոդվածի 2-րդ կետի, 625-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, 135-րդ հոդվածի 1-ին կետի դրույթները, արձանագրել է, որ նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ վարձակալության պայմանագրով վարձատուն պարտավորություն է ստանձնում համապատասխան վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և (կամ) օգտագործմանը հանձնել համապատասխան գույք, իսկ վարձակալը պարտավորվում է ժամանակին մուծել այդ գույքն օգտագործելու համար վճարը (վարձավճարը): Ընդ որում, վարձավճարը մուծելու կարգը, պայմանները և ժամկետները պետք է որոշվեն վարձակալության պայմանագրով, իսկ եթե դրանք պայմանագրով որոշված չեն, ապա կիրառվում են նույնանման գույքի վարձակալության ժամանակ համեմատելի հանգամանքներում սովորաբար գործող կարգը, պայմանները և ժամկետները:
Միևնույն ժամանակ օրենսդիրը սահմանել է, որ որպես կանոն վարձակալության պայմանագրում պետք է նշվի դրա ժամկետը, այսինքն` թե ինչ ժամկետով է կնքվում պայմանագիրը: Դրա հետ մեկտեղ օրենսդիրը համապատասխան իրավակարգավորում է նախատեսել այն դեպքերի համար, երբ այդ պայմանագրի ժամկետի ավարտից հետո վարձակալը, վարձատուի առարկությունների բացակայությամբ, շարունակում է օգտվել գույքից, որի դեպքում պայմանագիրը ճանաչվում է վերսկսված` նույն պայմաններով, սակայն անորոշ ժամկետով:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշմամբ անդրադառնալով ժամկետով վարձակալության պայմանագիր կնքելու հարցին, գտել է, որ վարձակալության պայմանագրի ժամկետն ավարտվելուց հետո այն նույն պայմաններով անորոշ ժամկետով վերսկսված ճանաչելու համար անհրաժեշտ է երկու պարտադիր պայմանների միաժամանակյա առկայությունը, այն է` վարձակալած գույքից վարձակալի կողմից օգտվել շարունակելը վարձակալության պայմանագրի ժամկետի ավարտից հետո և այդ ընթացքում այդ գույքից օգտվելու վերաբերյալ վարձատուի առարկությունների բացակայությունը (տե՛ս, Երևանի քաղաքապետն ընդդեմ Գոհար Արամյանի թիվ ԵԿԴ/3032/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.10.2011 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերոհիշյալ դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը գտել է, որ վկայակոչված իրավանորմերի մեկնաբանությունից բխում է, որ երբ պայմանագրի ժամկետի ավարտից հետո վարձակալը չի շարունակում օգտվել վարձակալված գույքից, ապա վարձակալության պայմանագիրն օրենքի ուժով` այդ պայմանագրում նշված ժամկետը լրանալու կապակցությամբ դադարում է, որի պարագայում վարձակալը պարտավոր է վարձատուին վերադարձնել վարձակալված գույքը: Ընդ որում, վարձակալի կողմից վարձակալված գույքը չվերադարձնելու կամ այն ժամկետի խախտմամբ վերադարձնելու դեպքերում վարձատուն իրավունք ունի նաև վարձավճար պահանջել կետանցի ամբողջ ժամկետի համար: Անշարժ գույքի նկատմամբ վարձակալության իրավունքի դադարումը ևս ենթակա է պետական գրանցման:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված մեկ այլ որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ և 449-րդ հոդվածներին, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 5-րդ հոդվածներին, արձանագրել է, որ անշարժ գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները պետական գրանցման ենթարկելու վերաբերյալ օրենսդրի պահանջն ինքնանպատակ չէ: Այն հետապնդում է մի քանի խնդիրներ, որոնցից են մասնավորապես` անշարժ գույքի բնականոն շրջանառության ապահովումը, գործարքների մասնակիցների և երրորդ անձանց իրավունքների ճանաչումը, պաշտպանությունը և երաշխավորումը, անշարժ գույքի շուկայի կայունությունը և զարգացումն ապահովելը և այլն: Վկայակոչված խնդիրներից ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել հատկապես ընդգծել գույքի նկատմամբ գրանցված իրավունքների պաշտպանության խնդրի կարևորությունը` նշելով, որ պետությունը, սահմանելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքները պետական գրանցման ենթարկելու պահանջ, միաժամանակ ստանձնել է պարտավորություն երաշխավորելու և պաշտպանելու այդ իրավունքները: Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն է հենց այն մեխանիզմը, որի միջոցով պետությունը ճանաչում է անձանց այս կամ այն իրավունքն անշարժ գույքի նկատմամբ, ստեղծում է միասնական տեղեկատվական բանկ այդ իրավունքների և դրանք կրող սուբյեկտների վերաբերյալ ու համապատասխանաբար հնարավորություն է ունենում երաշխավորելու և պաշտպանելու այդ իրավունքները: Անշարժ գույքի նկատմամբ իրավունքը գրանցելու պահից մինչ այդ իրավունքի գրանցումը դադարեցնելու պահը պետությունը ճանաչում, երաշխավորում և պաշտպանում է այդ իրավունքը: Օրենսդիրը, նախատեսելով անշարժ գույքի վարձակալության պայմանագրից ծագող իրավունքների պարտադիր պետական գրանցման ենթակա լինելու պայման, ըստ էության, կողմերի միջև անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը կնքված համարելու պահը դիտել է վարձակալության պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման պահը: Այսինքն` անշարժ գույքի վարձակալության պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցում ստանալու պահից կողմերը ձեռք են բերում փոխադարձ իրավունքներ և կրում պայմանագրից բխող պարտականությունները պատշաճ կատարելու պարտավորություն, իսկ պետությունը երաշխավորում և պաշտպանում է վարձակալության պայմանագրից բխող և պետական գրանցում ստացած` անշարժ գույքի նկատմամբ իրավունքները, քանի դեռ այդ իրավունքների պետական գրանցումը չի դադարել (տե՛ս, Աղասի Տեր-Եսայանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ԵԿԴ/3193/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2020 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը, վկայակոչելով և վերլուծելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի, նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի, նույն հոդվածի 2-րդ մասի դրույթները, արձանագրել է նաև, որ նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը պարտապանին արգելել է սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու պահից առանց դատարանի որոշման պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալն իր պայմանագրային կամ այլ պարտավորություններով կամ ի մարումն պարտքի որևէ գործողություն կատարելը: Նշված կանոնից բացառություն են կազմում պարտապանի բնականոն ընթացիկ գործունեության հետ կապված պարտավորությունները: Նմանատիպ արգելքը նաև գործում է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից, սակայն այս դեպքում բացառություն են կազմում պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված դեպքերը:
Միևնույն ժամանակ օրենսդիրը նախատեսել է այն դեպքերը, երբ որպես կանոն կասեցվում են պարտապանի` իր գույքը կառավարելու կամ տնօրինելու իրավունքները` նշելով, որ դրանք կասեցվում են պարտապանին լուծարելու մասին որոշում կայացնելու պահից, բացառությամբ այն դեպքերի, երբ պարտապանի գործունեությունն ակնհայտորեն անշահավետ է, կարող է բերել պարտապանին պատկանող գույքի արժեքի նվազեցմանը, կամ ակնհայտ է, որ պարտապանը չի կարող ներկայացնել պարտատերերի համար ընդունելի ֆինանսական առողջացման ծրագիր, որի դեպքում պարտապանի նշված իրավունքները դատավորի որոշմամբ կարող են կասեցվել նաև մինչև պարտապանի լուծարումը:
Դրա հետ մեկտեղ օրենսդիրը կարգավորել է նաև պարտապանի կողմից կնքված և կատարման ժամկետը չլրացած պայմանագրերի լուծման ընթացակարգը` նախատեսելով, որ դրանք կարող են լուծվել պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից` 2 ամսվա ընթացքում կառավարչի կողմից միջնորդություն հարուցվելու միջոցով` դատարանի որոշմամբ: Ընդ որում, նշված ընթացակարգը գործում է բացառապես այն պայմանագրերի նկատմամբ, որոնք երկու կողմից էլ ամբողջությամբ դեռ չեն կատարվել, և նշված պայմանագրերը չլուծվելու դեպքում դրանք գործում են մինչև պարտապանի գործունեության կասեցումը:
Վճռաբեկ դատարանը, իր իրավական դիրքորոշումները կիրառելով սույն գործի փաստերի նկատմամբ, արձանագրել է հետևյալը.
i
Սույն գործի փաստերից բխում է, որ Պայմանագրի ժամկետի ավարտից հետո Ընկերությունը Երևան համայնքին Պայմանագրի օբյեկտ հանդիսացող գույքը չի վերադարձրել, այդ գույքի նկատմամբ վարձակալության իրավունքի դադարում պետական գրանցման չի ենթարկվել: Դրա փոխարեն Ընկերությունը շարունակել է օգտվել գույքից, որին Երևան համայնքը չի առարկել: Ընդ որում, նշված փաստն անվիճելի է, քանի որ Պայմանագրի կողմերն այն չեն վիճարկում: Ավելին` Ընկերությունն այդ փաստի մասին ուղղակիորեն է նշում: Այսինքն` Պայմանագիրը վերը նշված դիրքորոշումների և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 624-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ճանաչվում է վերսկսված նույն պայմաններով, սակայն անորոշ ժամկետով, որի դեպքում նաև պահպանվել է այն պայմանը, որի համաձայն` Ընկերությունը պարտավոր է գույքի դիմաց վճարել համապատասխան վարձավճար: Ինչ վերաբերում է Պայմանագրի 19-րդ կետում նշվածին, որով Պայմանագրի կողմերը պայմանավորվել են Պայմանագրով սահմանված ժամկետի ավարտից հետո վարձակալված հողամասի տիրապետումը և օգտագործումը վարձակալի կողմից չդադարեցվելը չհամարել Պայմանագրի նորոգման կամ վարձակալության ժամկետի երկարաձգման հիմք, ապա այդ առումով Պայմանագիրը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 624-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված իմպերատիվ իրավակարգավորմանը, այսինքն` պահպանված չէ նույն օրենսգրքի 438-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին այն մասին, որ Ընկերության գործունեությունը կասեցված լինելու հանգամանքն անհնար է դարձրել վարձակալության պայմանագրի առարկայի օգտագործման հնարավորությունը 05.11.2019 թվականից հետո, իսկ Երևան համայնքը դեռևս մինչև Ընկերության նկատմամբ լուծարման գործընթաց սկսելը և վերջինիս գործունեությունը կասեցնելը կարող էր միակողմանի ծանուցմամբ պահանջել վաղաժամկետ լուծելու վարձակալության պայմանագիրը, ապա դրանք չեն կարող բավարար հիմք հանդիսանալ հետևություն անելու համար այն մասին, որ պարտապանի գործունեության կասեցումից հետո ընկած ժամանակահատվածի համար չի կարող հաշվարկվել որևէ վարձավճար, քանի որ, ճիշտ է, օրենսդիրը պարտապանին արգելել է ինչպես սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու պահից, այնպես էլ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից առանց դատարանի որոշման պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալն իր պայմանագրային կամ այլ պարտավորություններով կամ ի մարումն պարտքի որևէ գործողություն կատարելը, և լուծարելու մասին որոշում կայացնելու պահից նախատեսել է իր գույքը կառավարելու կամ տնօրինելու պարտապանի իրավունքների կասեցում, այնուամենայնիվ կառավարիչը զրկված չէր ինչպես մինչև պարտապանի գործունեությունը կասեցնելու մասին որոշում կայացնելը, այնպես էլ դրանից հետո հնարավորությունից` ձեռնամուխ լինելու սկսել այդ Պայմանագրի լուծման գործընթաց և այն հասցնել ավարտին: Ավելին` վերը նշված դիրքորոշումների համատեքստում Պայմանագիրը մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով չի հանդիսանում այնպիսին, որը չլուծվելու դեպքում կարող էր գործել մինչև պարտապանի գործունեության կասեցումը: Այսինքն` պարտապանի գործունեության կասեցումից հետո ևս այն շարունակել է գործել. նշված Պայմանագրով նախատեսված վարձակալության իրավունքի դադարում ևս չի ենթարկվել պետական գրանցման:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտել է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի և 364-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և գործը` Երևան համայնքի կողմից 09.11.2020 թվականին Դատարան ներկայացված պահանջի փոփոխության մերժված մասի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը և ապահովվածությունն ստուգելու նպատակով ՀՀ սնանկության դատարան` նոր քննության ուղարկելու համար:
Հատուկ կարծիքի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Հայտնելով իմ անհամաձայնությունը Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքին` գտնում եմ, որ վճռաբեկ բողոքի հիմքերը բավարար չեն սույն գործով բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ իրավունքի զարգացման, ինչպես նաև արդարադատության բուն էությունը խաթարող` Վերաքննիչ դատարանի կողմից առերևույթ թույլ տված նյութական իրավունքի նորմերի խախտման փաստն արձանագրելու և այդ հիմքով բողոքը բավարարելու համար: Այսպես.
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ կետի համաձայն` ընտանեկան, աշխատանքային, բնական պաշարների օգտագործման ու շրջակա միջավայրի պահպանության հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, եթե այլ բան նախատեսված չէ ընտանեկան, աշխատանքային, հողային, բնապահպան և այլ հատուկ օրենսդրությամբ:
i
ՀՀ հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ հողամասի վարձակալության իրավունքը վարձակալության պայմանագրի պայմաններով վճարի դիմաց հողամասի ժամկետային օգտագործման իրավունքն է: Նույն հոդվածի 3-րդ մասն ամրագրում է, որ պետության և համայնքների սեփականության հողամասերի վարձակալությունը չի կարող լինել 99 տարուց ավելի ժամկետով, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերինը, որոնց վարձակալության ժամկետը սահմանվում է մինչև 25 տարի, (...):
Նշված իրավանորմերի վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ ի տարբերություն քաղաքացիական շրջանառության այլ գույքի, հողի վարձակալության պայմանագիրը կարող է կնքվել բացառապես որոշակի ժամկետով: Ընդ որում, պետության և համայնքներին պատկանող հողի վարձակալության համար օրենսդիրը սահմանել է առավելագույն ժամկետներ, որոնցից ավելի երկար ժամկետով կնքված հողի վարձակալության ժամկետները ենթակա են որակման որպես առավելագույն ժամկետներով կնքված վարձակալության պայմանագրեր:
Հիշատակվածը թույլ է տալիս եզրակացնել նաև, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթն այն մասին, որ եթե պայմանագրի ժամկետի ավարտից հետո վարձակալը, վարձատուի առարկությունների բացակայությամբ, շարունակում է օգտվել գույքից, պայմանագիրը ճանաչվում է վերսկսված` նույն պայմաններով անորոշ ժամկետով (հոդված 612), նույն օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ կետի պահանջի հաշվառմամբ, հողային վարձակալական իրավահարաբերություններին չի կարող վերաբերել: Այդ կապակցությամբ որոշման պատճառաբանական մասում ներկայացված փաստարկն այն մասին, որ կողմերի միջև կնքված հողի վարձակալության պայմանագիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 624-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով ենթակա է որակման որպես անորոշ ժամկետով կնքված հողի վարձակալության պայմանագիր, չի բխում ՀՀ հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի իրավակարգավորումից:
Նման պայմաններում կողմերի միջև կնքված հողի վարձակալության պայմանագրի 19-րդ կետում ամրագրված պայմանն այն մասին, որ «Պայմանագրով սահմանված ժամկետի ավարտից հետո վարձակալված հողամասի տիրապետումն ու օգտագործումը վարձակալի կողմից չդադարեցվելը Պայմանագրի նորոգման կամ վարձակալության ժամկետի երկարաձգման համար հիմք չի հանդիսանում», իրավաչափ և վավեր է: Ուստի, այդ պայմանը որոշման պատճառաբանական մասում անվավեր որակելը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 624-րդ հոդվածի 2-րդ կետի վկայակոչմամբ, հակասում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ և ՀՀ հողային օրենսգրքի 48-րդ հոդվածների պահանջներին:
Տվյալ դեպքում, կողմերի միջև կնքված հողի վարձակալության պայմանագրի ժամկետը գործել է մինչև պայմանագրով սահմանված 31.12.2015 թվականը, որից հետո կողմերի միջև վարձակալական իրավահարաբերությունները դադարել են: Արդյունքում` կողմերի միջև պայմանագրային պարտավորությունների ավարտից հետո, վարձակալի մոտ ծագել է վարձակալած գույքը վերադարձնելու պարտականություն: Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 625-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վարձակալության պայմանագիրը դադարելու դեպքում վարձակալը պարտավոր է վարձատուին վերադարձնել գույքն իր կողմից ստացված վիճակում` բնականոն մաշվածության հաշվառմամբ կամ պայմանագրով նախատեսված վիճակում: Ընդ որում, նշված հոդվածի 2-րդ կետով սահմանվել է, որ եթե վարձակալը չի վերադարձրել վարձակալած գույքը կամ այն վերադարձրել է ժամկետի խախտմամբ, վարձատուն իրավունք ունի վարձավճար պահանջել կետանցի ամբողջ ժամկետի համար:
Քննարկվող պարագայում, վեճին իրավաչափ լուծում տալու համար հարկ է պարզել` սնանկ ճանաչված պարտապանին դատարանի կողմից լուծարելու մասին որոշում կայացնելու դեպքում, արդյոք վերջինս իրավասու է իր տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված գույքը, տվյալ դեպքում` հողը, վերադարձնել վարձատուին:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի համաձայն` եթե դատարանը կայացրել է պարտապանին լուծարելու մասին որոշում, ապա գույքը կառավարելու կամ տնօրինելու` պարտապանի բոլոր իրավունքները կասեցվում են դատարանի որոշմամբ: Նույն օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտապանին պատկանող գույքի տնօրինումը նրա լուծարման մասին որոշում կայացնելուց հետո իրականացնում է կառավարիչը` նույն օրենքով սահմանված կարգով: Պարտապանի ղեկավարը լուծարումից հետո զրկվում է գույքը տնօրինելու և կառավարելու իրավունքներից:
Վերոգրյալ իրավանորմերի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ պարտապանին լուծարելու մասին դատարանի որոշումը կայացվելուց հետո, պարտապան իրավաբանական անձը զրկվում է ինչպես իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքը տնօրինելու իրավունքից, այնպես էլ` իր տիրապետման տակ գտնող գույքը կառավարելու իրավական հնարավորությունից: Ընդ որում, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` օրենքով այլ բան սահմանված չլինելու դեպքում իր լիազորություններն իրականացնելիս կառավարիչը գործում է պարտապանի անունից և իր պատասխանատվությամբ: Ավելին` նույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված է, որ կառավարիչը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում պարտապանին և պարտատիրոջն իր մեղքով պատճառված վնասի համար:
Տվյալ դեպքում, նշված իրավակարգավորումներից կարելի է բխեցնել, որ պարտապանի կողմից իրեն տրված գույքի կառավարման, ներառյալ` այն վարձատուին վերադարձնելու գործողության արգելքի պայմաններում, վարձակալված գույքի կառավարման իրավունքն օրենքի ուժով վերապահվել է կառավարչին, որն էլ իր լիազորությունների շրջանակում պարտավորություն է ձեռք բերել պարտապանին վարձակալության հանձնված գույքը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 625-րդ հոդվածի համաձայն, վերադարձնել վարձատուին: Միաժամանակ, օրենսդիրը սահմանել է, որ կառավարիչը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում պարտապանին և պարտատիրոջն իր մեղքով պատճառված վնասի համար: Այսինքն` այն բոլոր դեպքերում, երբ կառավարիչն օրենքով վերապահված իր լիազորությունները չի կատարում կամ ոչ պատշաճ կարգով է կատարում, որի արդյունքում պարտապանին կամ պարտատիրոջը պատճառվում է գույքային կամ ոչ գույքային վնաս, ապա վերջինս լիարժեք պատասխանատվություն է կրում իր գույքով: Ընդ որում, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածը կարգավորում է նաև այն իրավական մեխանիզմը, որի կիրառմամբ կառավարչի վրա կարող է դրվել գույքային պատասխանատվություն:
Քննարկվող պարագայում, ակնհայտ է, որ սույն վեճի շրջանակներում առկա է արտապայմանագրային պարտավորություն, որի կատարման իրավունքը վերապահված է եղել կառավարչին: Գործում առկա նյութերից պարզվել է նաև, որ սույն վեճի շրջանակներում պարտատիրոջ պահանջը վերաբերել է պարտապանին լուծարելու որոշում կայացնելուց հետո ընկած ժամանակահատվածում վարձակալված գույքը չվերադարձնելու հետևանքով առաջ եկած վնասի, այն է` պարտավորության կետանցման հետևանքով առաջ եկած վարձավճարին համարժեք դրամի բռնագանձմանը:
Սույն պարագայում, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` կառավարչի մեղքով շահառուներին, տվյալ դեպքում` պարտատիրոջը, պատճառված վնասի փոխհատուցումն իրականացվում է կառավարչի ապահովագրական հատուցման հաշվին, իսկ դրա անբավարարության դեպքում` կառավարչի գույքից:
Հարկ է նշել, որ սույն վեճի լուծման համար որոշիչ նշանակություն է ձեռք բերում այն իրավական հարցադրումը, թե ում լիազորությունների մեջ էր մտնում վարձակալված գույքը վերադարձնելու պարտականությունը, դրանով իսկ մեղքի առկայությունը: Ինչպես վերը նշվեց, պարտապանին լուծարելու վերաբերյալ դատական ակտ կայացնելու արդյունքում պարտապանն օրենքի ուժով զրկվել է իր տիրապետմանը հանձնված գույքը կառավարելու իրավական հնարավորությունից, ուստի` վերջինիս մոտ բացակայել է իր մեղքով վարձակալված գույքը չվերադարձնելու հետևանքով վնասի առաջացումը:
Միաժամանակ, կառավարիչը, ում վերապահված է վարձակալված գույքի կառավարման իրավասությունը, կարող էր և պարտավոր էր ղեկավարվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 625-րդ հոդվածի դրույթներով ու պարտատիրոջը վերադարձնել վարձակալության պայմանագրի դադարման արդյունքում իր կառավարմանը հանձնված գույքը: Տվյալ դեպքում, նրա մեղավորությունը դրսևորվել է անիրավաչափ անգործությամբ, ինչը և հիմք է տալիս եզրակացնելու, որ իր մեղքով պատճառված վնասի համար նա կրում է լիարժեք գույքային պատասխանատվություն:
Վերը շարադրված իրավական և փաստական վերլուծության արդյունքում գտնում եմ, որ վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` գտնում եմ, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.07.2021 թվականի որոշումը վերացնելու համար, որպիսի պայմաններում այն պետք է թողնել օրինական ուժի մեջ:
Դատավոր` Ս. Միքայելյան
Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 29 ապրիլի 2022 թվական:
Միասնական կայք` 22.08.22-04.09.22