Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                 Վարչական գործ թիվ ՎԴ/9301/05/18

    դատարանի որոշում                      2022 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/9301/05/18

Նախագահող դատավոր` Կ. Մաթևոսյան

    Դատավորներ`        Ք. Մկոյան

                       Ա. Առաքելյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2022 թվականի ապրիլի 8-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա» հիմնադրամի (այսուհետ` Հիմնադրամ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 19.03.2021 թվականի որոշման դեմ` ըստ Հիմնադրամի հայցի ընդդեմ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) և երրորդ անձինք «Բնակարանների երաշխավորման հոլանդական միջազգային կազմակերպություն» հիմնադրամի (այսուհետ` Կազմակերպություն) ու Դիլիջան համայնքի` իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հիմնադրամը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 7/3 շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ բնակարանների, ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 7/4 շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ բնակարանների, ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 7/5 շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ բնակարանների, ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 7/6 շենքի 1-ին և 4-րդ բնակարանների նկատմամբ Կազմակերպության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Միրզոյան) (այսուհետ` Դատարան) 31.10.2019 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.03.2021 թվականի որոշմամբ Հիմնադրամի և նրա ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, ու Դատարանի 31.10.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հիմնադրամը (ներկայացուցիչ Արմեն Օհանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կազմակերպությունը (ներկայացուցիչ Անդրանիկ Վահանյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 6-րդ, 10-րդ և 60-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 1-ին հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-110-Ն օրենքի 3-րդ հոդվածը, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 5-րդ, 17-րդ, 20-րդ և 30-րդ հոդվածները, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը, ՀՀ դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները:

Վերաքննիչ դատարանը, անտեսելով, որ Կազմակերպության գրավի իրավունքը գրանցվել է 2012 թվականին կնքված պայմանագրերի հիմքով, այսինքն` կողմերի միջև գրավի իրավահարաբերությունը ծագել է 2012 թվականին, որի պայմաններում գրավի իրավունքի իրացման եղանակները կարգավորող` 2016 թվականին ՀՀ քաղաքացիական օրենսգրքում կատարված փոփոխությունները չեն կարող ազդել 2012 թվականին կնքված պայմանագրի և գրանցված գրավի իրավունքի վրա, կիրառել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 17.06.2016 թվականի թիվ ՀՕ-110-Ն ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ օտարված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելիս Կոմիտեն դուրս է եկել իրեն օրենքներով վերապահված լիազորություններից` խախտելով ինչպես Հիմնադրամի սեփականության իրավունքը, այնպես էլ` դատարանի կայացրած հայցի ապահովման վերաբերյալ որոշման պահանջները, քանի որ թիվ ԵԿԴ/4584/02/17 քաղաքացիական գործով դատարանի կողմից 23.11.2017 թվականին Դիլիջանի համայնքի միջնորդությունը բավարարելու արդյունքում Հիմնադրամին, ինչպես նաև երրորդ անձանց արգելվել է ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի Մոլդովական փողոցի թիվ 7/2 հասցեում գտնվող` համաձայնագրով ձեռք բերված հողամասի և դրա վրա կառուցված անշարժ գույքի նկատմամբ արտադատական կարգով բռնագանձում կատարելը կամ այլ կերպ օտարման գործողություններ կատարելը, այլ անձի ի սեփականություն հանձնելը, ուղղակի վաճառքի ձևով կամ հրապարակային սակարկությունների միջոցով իրացնելը կամ օտարելը: Նշված որոշման հիման վրա դատարանի կողմից տրամադրվել է կատարողական թերթ, որը ներկայացվել է հարկադիր կատարման: 07.12.2017 թվականին հարկադիր կատարողը որոշում է կայացրել «Կատարողական վարույթ հարուցելու մասին», և Հիմնադրամին ու երրորդ անձանց արգելվել է վերը նշված հասցեում գտնվող հողամասի և դրա վրա կառուցված անշարժ գույքի նկատմամբ արտադատական կարգով բռնագանձում կատարել կամ այլ կերպ օտարման գործողություններ կատարելը, այլ անձի ի սեփականություն հանձնելը, ուղղակի վաճառքի ձևով կամ հրապարակային սակարկությունների միջոցով իրացնելը կամ օտարելը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Կոմիտեն, իմանալով, որ օտարված անշարժ գույքը հանդիսանում է վերը նշված հասցեում գտնվող հողամասի վրա կառուցված գույքի մի մաս, պարտավոր էր մերժել այդ գույքի նկատմամբ Կազմակերպության սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ կադաստրային գործերում է գտնվում նաև հասցեավորման որոշումը, որտեղ հստակ նշված է, որ վերը նշված հասցեում գտնվող 1,0116 քմ մակերեսով հողամասի վրա են գտնվում մի քանի բնակելի շենքեր, որոնց քաղաքապետարանը տրամադրում է առանձին հասցեներ: Դիլիջան համայնքի ղեկավարի 25.11.2014 թվականի թիվ 525-Ա որոշումը կիրառող Կոմիտեն, հանդիսանալով պետական գրանցում կատարող մարմին և տիրապետելով նշված հասցեում գտնվող անշարժ գույքերի կադաստրային գործերին, քաջատեղյակ է եղել, որ այդ հասցեում գտնվող հողամասի վրա կառուցվել, հասցեավորվել և պետական գրանցում են ստացել մի քանի անշարժ գույք: Մասնավորապես, տվյալ հասցեների կադաստրային գործերում են գտնվում այդ նույն հասցեների վերաբերյալ հատակագծերը, Հիմնադրամի անվամբ նախ ք. Դիլիջան, Մոլդովական փողոց 7/2 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը հաստատող փաստաթղթերը, այնուհետև ներկայացված շինարարական թույլտվությունների, հատակագծերի հիման վրա կառուցված, հասցեներ ստացած և կրկին Հիմնադրամի անվամբ գրանցված իրավունքները հավաստող փաստաթղթերը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Կոմիտեն երկակի է մեկնաբանել վերը նշված հասցեի անշարժ գույքի տարածական ընկալումը, քանի որ մի դեպքում Կոմիտեն այդ հասցեի վերաբերյալ ուղարկված բռնագանձման ծանուցման հիման վրա Կազմակերպության սեփականության իրավունքը գրանցել է թվով 14 այլ հասցեների անշարժ գույքի նկատմամբ` այն դիտարկելով որպես նույն հասցեից առանձնացված մեկ ամբողջականություն, իսկ հայցի ապահովման որոշմամբ նույն հասցեի նկատմամբ կիրառված արգելանքի պահանջը դիտարկել է բացառապես նույն` Մոլդովական թիվ 7/2 մնացորդային հասցեի նկատմամբ, իսկ դրանից առանձնացված հասցեների նկատմամբ հայցի ապահովմամբ արգելանքներ չի գրանցել: Մինչդեռ հայցի ապահովման որոշմամբ արգելվել է վերը նշված հասցեում գտնվող համաձայնագրով ձեռք բերված հողամասի և դրա վրա կառուցված անշարժ գույքի նկատմամբ արտադատական կարգով բռնագանձում կատարելը կամ այլ կերպ օտարման գործողություններ կատարելը, այլ անձի ի սեփականություն հանձնելը, ուղղակի վաճառքի ձևով կամ հրապարակային սակարկությունների միջոցով իրացնելը կամ օտարելը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ գրավի պայմանագրի հիման վրա և համաձայն գրավի վկայականի` Կազմակերպության գրավի իրավունքը տարածվում է ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Մոլդովական փողոց, թիվ 7/2 հասցեում գտնվող գույքի վրա: Կազմակերպությունը հետագայում նոր գույքային միավորներ ստեղծվելուց հետո յուրաքանչյուր օտարված անշարժ գույքի վերաբերյալ գրավի իրավունքի պետական գրանցում չի կատարել այնպես, ինչպես դա կատարվել էր Հիմնադրամի անունով սեփականության իրավունքը գրանցելիս: Անշարժ գույքի կադաստրային գործերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանցում գրավի իրավունքների պետական գրանցումներ հավաստող փաստաթղթեր առկա չեն:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ վճռաբեկ բողոքում նշված թվով ութ անշարժ գույքի նկատմամբ դադարել է գրավի իրավունքը նաև Կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Ե. Հ. Բեյերի կողմից Կոմիտեին հասցեագրված գրությամբ (Համաձայնությամբ), որով վերջինս տվել է գրավառուի համաձայնություն` նշված անշարժ գույքերի նկատմամբ գրավի իրավունքը դադարեցնելու համար հետագայում դրանք վաճառելու կամ վարձակալության հանձնելու նպատակով: Նշված համաձայնության հիման վրա կատարվել է թվով ութ բնակարանի վարձակալության և երկու միավոր անշարժ գույքի օտարում, ինչը վկայում է այն մասին, որ Կոմիտեն համաձայնությունը դիտարկել է որպես գրանցված գրավի իրավունքը դադարած համարելու համար հիմք, սակայն հետագայում անտեսել է նույն համաձայնագրի առկայությունը, և վիճարկվող ութ դեպքում հաշվի չի առել գրավի իրավունքի դադարեցված լինելու փաստը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.03.2021 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել կամ գործն ուղարկել համապատասխան դատարան` նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Կազմակերպության պատասխանի հիմնավորումները

Հիմնադրամի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ համապատասխան գրավի իրավունքը տարածվում է նաև վերը նշված հասցեում գտնվող 1,0116 հա մակերեսով հողամասի նկատմամբ, որի վրա հետագայում Հիմնադրամի կողմից կառուցվել են թվով չորս նոր բազմաբնակարան շենքեր և ստացել համապատասխան հասցեներ: Ընդ որում, նշված իրավունքը ծագել է օրենքի ուժով, և այն գրանցելու համար որևէ լրացուցիչ գործողություն գրավառուի կողմից չի պահանջվում:

i

Դատական ակտը չկատարելու մասին խոսք լինել չի կարող, քանի որ գրավի իրավունքը տարածվում է հողամասի վրա կառուցվելիք շենքերի և շինությունների վրա` օրենքի ուժով, իսկ ինչ վերաբերում է կատարողական թերթում նշված հասցեին, ապա այն ոչ մի կերպ չի կարող նույնացվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 267-րդ հոդվածի պահանջների հետ:

Դիլիջան համայնքը միջնորդությունը ներկայացնելիս տեղյակ է եղել համապատասխան հասցեներում գտնվող առանձին գույքային միավորների մասին, սակայն միջնորդությունը ներկայացրել է միայն Դիլիջանի Մոլդովական փողոցի թիվ 7/2 հասցեում գտնվող հողամասի և դրա վրա կառուցված անշարժ գույքի վերաբերյալ:

Հիմնադրամին ուղարկված բռնագանձման ծանուցումը, որը վերջինս ստացել է, վերաբերել է ինչպես ի սկզբանե գոյություն ունեցող 1,0116 հա մակերեսով հողամասին, 1.291,9 քմ մակերեսով կիսակառույց բազմաբնակարան շենքին, այնպես էլ` վերջինիս կողմից հետագայում կառուցվելիք թվով 30 բնակարաններին:

Հիմնադրամն անշարժ գույքը վարձակալության իրավունքով այլ անձանց է տրամադրել առանց Կազմակերպության գրավոր համաձայնության: Այդ մասին Կազմակերպությունը տեղեկացել է սույն գործով ներկայացված հայցադիմումից: Ավելին` վարձակալության իրավունքը պետական գրանցման ենթարկված լինելու վերաբերյալ որևէ փաստաթուղթ կամ գրառում կադաստրային գործերում առկա չէ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) վարկատու Կազմակերպության և վարկառու Հիմնադրամի միջև 23.04.2012 թվականին կնքվել է վարկային պայմանագիր, որի 1.1 կետի համաձայն` վարկատուն պարտավորվել է վարկառուին տրամադրել, իսկ վարկառուն` վարկատուից փոխառել մինչև 711.750 եվրոյի չափով ժամկետային վարկ: Նույն պայմանագրի 1.2 կետի համաձայն` վարկը պետք է օգտագործվի Դիլիջան նախագծի առաջին փուլի ֆինանսավորման համար (հատոր 1-ին, գ.թ. 78-84).

2) վաճառող Դիլիջան համայնքի և գնորդ Հիմնադրամի միջև 17.08.2012 թվականին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որի 1-ին կետի համաձայն` գնորդը Դիլիջան համայնքից սեփականության իրավունքով ձեռք է բերել վերջինիս պատկանող անշարժ գույքը` բաղկացած 1.291,9 քմ մակերեսով բազմաբնակարան բնակելի շենքից և 1,0116 հա մակերեսով սպասարկման հողամասից, որը գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի Մոլդովական փողոցի թիվ 7/2 հասցեում (հատոր 1-ին, գ.թ. 17, 60).

3) գրավառու Կազմակերպության և գրավատու Հիմնադրամի միջև 29.10.2012 թվականին կնքվել է անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագիր (այսուհետ նաև` Պայմանագիր), որի 1.1 կետի համաձայն` Պայմանագիրը համարվում է գրավատուի և գրավառուի միջև 23.04.2012 թվականին կնքված թիվ AMD 2012-02-V վարկային համաձայնագրի անբաժանելի մասը (...): Նույն պայմանագրի 1.2 կետում նշվել է, որ գրավատուն ի ապահովումն գրավառուի հանդեպ իր ունեցած պարտավորության կատարման գրավ է դնում սեփականության իրավունքով իրեն պատկանող ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի Մոլդովական փողոցի թիվ 7/2 հասցեում գտնվող հողամասը` 1,0116 քմ մակերեսով և մեկ անավարտ շենք-շինությունը, ինչպես նաև թիվ AMD 2012-02-V վարկային համաձայնագրով նախատեսվող նոր կառուցվող 30 բնակարանները (հատոր 1-ին, գ.թ. 85-87).

4) Պայմանագրի 3.2 կետով գրավատուն տվել է իր համաձայնությունն այն մասին, որ գրավով ապահովված պարտավորությունը գրավատուի կողմից չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու, Պայմանագրով սահմանված պարտավորությունները և պայմաններն իր կողմից խախտվելու դեպքում գրավառուն իրավունք ունի առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու գրավի առարկայի վրա և այն իրացնելու, այդ թվում` գրավի առարկան հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց ընդունելու ի սեփականություն կամ ուղղակի վաճառքի եղանակով ի սեփականություն հանձնելու ցանկացած երրորդ անձի (հատոր 1-ին, գ.թ. 85-87).

5) Պայմանագրի հիման վրա գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում 05.11.2012 թվականին կատարվել է Կազմակերպության գրավի իրավունքի գրանցում, և ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի Մոլդովական փողոցի թիվ 7/2 հասցեի` բաղկացած 1.291,9 քմ մակերեսով բազմաբնակարան բնակելի շենքից և 1,0116 հա մակերեսով հողամասից, նկատմամբ նրան տրվել է իրավունքի պետական գրանցման վկայական (հատոր 1-ին, գ.թ. 88).

6) Դիլիջանի համայնքի ղեկավարի 25.11.2014 թվականի ««Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա» հիմնադրամին պատկանող, Դիլիջանի Մոլդովական փողոցի թիվ 7/2 հասցեի բազմաբնակարան շենքերը և բնակարանները հասցեավորելու մասին» թիվ 525-Ա որոշմամբ Հիմնադրամին պատկանող Դիլիջանի Մոլդովական փողոցի թիվ 7/2 հասցեի 10.116 քմ մակերեսով հողամասի թիվ 1, 2, 3 և 4 բազմաբնակարան բնակելի շենքերը հասցեավորվել են համապատասխանաբար Մոլդովական փողոցի թիվ 7/3, թիվ 7/4, թիվ 7/5 և թիվ 7/6 բազմաբնակարան շենքերի, իսկ դրանցից յուրաքանչյուրում գտնվող թվով չորս բնակարանները համարակալվել են թիվ 1, 2, 3 և 4 բնակարանների (հատոր 1-ին, գ.թ. 19).

7) Դիլիջանի համայնքի ղեկավարի 25.11.2014 թվականի թիվ 525-Ա որոշման և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համապատասխան վկայականների հիման վրա ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի Մոլդովական փողոցի թիվ 7/3 շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ բնակարանների, թիվ 7/4 շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ բնակարանների, թիվ 7/5 շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ բնակարանների ու թիվ 7/6 շենքի 1-ին և 4-րդ բնակարանների նկատմամբ 29.03.2016 թվականին և 23.09.2016 թվականին Հիմնադրամի անվամբ կատարվել են սեփականության իրավունքի պետական գրանցումներ ու տրվել են իրավունքի պետական գրանցման համապատասխան վկայականներ (հատոր 1-ին, գ.թ. 64-77).

8) 08.08.2017 թվականին Կազմակերպությունը փոստային ծառայության միջոցով բռնագանձման ծանուցում է ուղարկել գրավատու Հիմնադրամին` նշելով նաև, որ վարկային համաձայնագրերում նշված ժամկետներում Հիմնադրամը չի կատարել իր վարկային պարտավորությունները, որպիսի հանգամանքից ելնելով Կազմակերպությունը պատրաստվում է իր հանդեպ Հիմնադրամի ունեցած պարտքը և հաշվեգրված տոկոսագումարն ստանալ գրավի առարկա հանդիսացող գույքի հաշվին` օրենքով և Պայմանագրով սահմանված կարգով դրա նկատմամբ առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու ու այն իրացնելու միջոցով (հատոր 1-ին, գ.թ. 90-92, հատոր 3-րդ, գ.թ. 25-30).

9) նշված բռնագանձման ծանուցումը Հիմնադրամն ստացել է 19.08.2017 թվականին (հատոր 3-րդ, գ.թ. 31).

10) թիվ ԵԿԴ/4584/02/17 քաղաքացիական գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 23.11.2017 թվականին կայացված «Հայցի ապահովման միջոց ձեռնարկելու միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ Դիլիջանի համայնքապետարանի միջնորդությունը բավարարվել է` Հիմնադրամին և երրորդ անձանց արգելվել է Դիլիջանի Մոլդովական փողոցի թիվ 7/2 հասցեում գտնվող` համաձայնագրով ձեռք բերված հողամասի և դրա վրա կառուցված անշարժ գույքի նկատմամբ արտադատական կարգով բռնագանձում կամ այլ կերպ օտարման գործողություններ կատարելը, այլ անձի ի սեփականություն հանձնելը, ուղղակի վաճառքի ձևով կամ հրապարակային սակարկությունների միջոցով իրացնելը կամ օտարելը: Նշված որոշման հիման վրա 23.11.2017 թվականին տրվել է կատարողական թերթ, իսկ 07.12.2017 թվականին հարուցվել է կատարողական վարույթ (հատոր 1-ին, գ.թ. 97-100).

11) Պայմանագրի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի հիման վրա իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում 05.04.2018 թվականին ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի Մոլդովական փողոցի թիվ 7/4 շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ բնակարանների նկատմամբ Կազմակերպության անվամբ կատարվել են սեփականության իրավունքի պետական գրանցումներ ու տրվել են իրավունքի պետական գրանցման վկայականներ (հատոր 1-ին, գ.թ. 118-121).

12) Կազմակերպությունը 29.05.2018 թվականին դիմումներ է ներկայացրել Կոմիտեին` խնդրելով ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի Մոլդովական փողոցի թիվ 7/3 շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ բնակարանների, թիվ 7/5 շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ բնակարանների ու թիվ 7/6 շենքի 1-ին և 4-րդ բնակարանների նկատմամբ կատարել Կազմակերպության սեփականության իրավունքի պետական գրանցում (հատոր 1-ին, գ. թ. 161, հատոր 2-րդ, գ. թ. 73-82).

13) Կոմիտեն, ի պատասխան Կազմակերպության 29.05.2018 թվականի դիմումների, հայտնել է, որ Ծառայության որոշումով ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի Մոլդովական փողոցի թիվ 7/2 հասցեում գտնվող հողամասը և դրա վրա կառուցված անշարժ գույքը գտնվում են արգելանքի տակ, և անհրաժեշտ է ներկայացնել պարզաբանում` արդյոք վերոնշյալ արգելանքը վերաբերում է նաև Մոլդովական փողոցի թիվ 7/3, թիվ 7/5, թիվ 7/6 շենքերին և առանձնացված միավորներին (հատոր 2-րդ, գ. թ. 73-82).

14) Կազմակերպությունը, ի պատասխան Կոմիտեի վերը նշված գրությունների, 02.07.2018 թվականին Կոմիտեին ներկայացրել է պարզաբանում` նաև այն մասին, որ Ծառայության որոշումը չի տարածվում ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի Մոլդովական փողոցի թիվ 7/3 շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ բնակարանների, թիվ 7/5 շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ բնակարանների ու թիվ 7/6 շենքի 1-ին և 4-րդ բնակարանների նկատմամբ ու Կազմակերպության սեփականության իրավունքը դրանց նկատմամբ ենթակա է գրանցման (հատոր 1-ին, գ. թ. 161-164).

15) Պայմանագրի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի հիման վրա իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում 06.07.2018 թվականին ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի Մոլդովական փողոցի թիվ 7/3 շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ բնակարանների, թիվ 7/5 շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ բնակարանների ու թիվ 7/6 շենքի 1-ին և 4-րդ բնակարանների նկատմամբ Կազմակերպության անվամբ կատարվել են սեփականության իրավունքի պետական գրանցումներ, ու տրվել են իրավունքի պետական գրանցման վկայականներ (հատոր 1-ին, գ. թ. 122-131).

16) թիվ ԵԿԴ/4584/02/17 քաղաքացիական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 26.10.2018 թվականին կայացված «Հայցի ապահովման վերացման միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ Կազմակերպության միջնորդությունը բավարարվել է` վերացվել է 23.11.2017 թվականին կիրառված հայցի ապահովման միջոցը (հատոր 3-րդ, գ.թ. 33-41).

i

17) ՀՀ Ազգային ժողովի կողմից 17.06.2016 թվականին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-110-Ն ՀՀ օրենքը (այսուհետ` Օրենք), որի 3-րդ հոդվածի համաձայն` Օրենսգիրքը լրացվել է 243.1-ին հոդվածով: Օրենքի 14-րդ հոդվածի համաձայն` նույն օրենքն ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը` 23.07.2016 թվականին:

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, որը դրսևորվել է Վերաքննիչ դատարանի կողմից գրավի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածը, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 5-րդ, 17-րդ, 20-րդ և 30-րդ հոդվածները, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-110-Ն օրենքի 3-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածը խախտելու արդյունքում արդարադատության բուն էությունը խաթարելու եղանակով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնի կողմից գույքի նկատմամբ իրավունքի գրանցում իրականացնելիս այն բացառող հանգամանքները, այդ թվում` գրանցված սահմանափակման առկայությունը պարզելու հարցին:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինները պարտավոր են հետևել օրենքների պահպանմանը:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքերում` իրավական այլ ակտերով:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:

i

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով:

Անդրադառնալով դատական կարգով վարչական ակտի իրավաչափության վիճարկման հարցին` ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ վարչական ակտը դատական կարգով կարող է ճանաչվել անվավեր, եթե հաստատվի հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայությունը.

1. վարչական ակտն ընդունվել է օրենքի խախտմամբ կամ կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում,

2. վիճարկվող վարչական ակտով խախտվել են հայցվորի` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները:

i

Դատական պաշտպանությունից օգտվելը չի կարող լինել ինքնանպատակ, այլ այն պետք է ուղղված լինի անձի խախտված իրավունքների վերականգնման ապահովմանը: Ուստի դիմելով վարչական դատարան` անձը ոչ միայն պետք է հիմնավորի, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերն ընդունվել, գործողությունները կամ անգործությունը կատարվել են օրենքի խախտմամբ, այլ նաև պետք է մատնանշի իր այն իրավունքները և ազատությունները, որոնք խախտվել են: Ընդ որում, չի կարող անվավեր ճանաչվել այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որը չի կարող խախտել որևէ անձի Հայաստանի Հանրապետության կամ որևէ համայնքի իրավունք (տե՛ս, Սվետլանա Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0909/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներից մեկով անդրադառնալով վերը նշված նորմերի վերլուծությանը, արձանագրել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է` դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Դատարանը գործն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով պետք է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատի գործում եղած բոլոր ապացույցները` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը կարող է համարվել պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման օբյեկտիվ հիմքերը (տե՛ս, Ջաջուռի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և մյուսների թիվ ՎԴ5/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը հստակորեն կանխորոշել է վիճարկվող վարչական ակտի իրավաչափության դատական վերահսկողության սահմանները` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրելով, որ վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում: Դատարանի կողմից վարչական ակտի իրավաչափության գնահատումը պետք է կատարվի տվյալ վարչական ակտի ընդունման համար հիմք հանդիսացած փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելի իրավական նորմերով սահմանված պահանջների պահպանման հարցը պարզելու միջոցով (տե՛ս, Հասմիկ Մելքոնյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/8975/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Հիմնադրամը, դիմելով դատարան, պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 7/3 շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ բնակարանների, ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 7/4 շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ բնակարանների, ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 7/5 շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ բնակարանների, ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 7/6 շենքի 1-ին և 4-րդ բնակարանների նկատմամբ Կազմակերպության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները:

Դատարանը, պատճառաբանելով, որ «ԴիԱյՋիԷյջ-ի գրավի իրավունքը տարածվում է նաև նոր կառուցված ՀՀ, մարզ Տավուշ, քաղաք Դիլիջան, Մոլդովական փողոց, 7/3, 7/4, 7/5, 7/6 հասցեում գտնվող շենքերի և դրանց առանձնացված ստորաբաժանումների նկատմամբ: Այլ կերպ ասած` ՀՀ, մարզ Տավուշ, քաղաք Դիլիջան, Մոլդովական փողոց, 7/3, 7/4, 7/5, 7/6 հասցեում գտնվող շենքերի և դրանց առանձնացված ստորաբաժանումների նկատմամբ գրավի իրավունքը ծագել է և գոյություն ունի օրենքի ուժով», «23.11.2017 թվականին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԵԿԴ/4584/02/17 քաղաքացիական գործով տրված կատարողական թերթում, որի հիման վրա ՀՀ ԴԱՀԿ ծառայության կողմից ընդունվել է 07.12.2017թ.-ի «Կատարողական վարույթ հարուցելու մասին» որոշումը, մասնավորապես նշվել է, որ պետք է արգելել «Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա» հիմնադրամին և երրորդ անձանց ՀՀ, ք. Դիլիջան, Մոլդովական փողոց, 7/2 հասցեում գտնվող համաձայնագրով ձեռք բերված հողամասի և դրա վրա կառուցված անշարժ գույքի նկատմամբ արտադատական կարգով բռնագանձում կատարել կամ այլ կերպ օտարման գործողություններ կատարելը, այլ անձի ի սեփականություն հանձնելը, ուղղակի վաճառքի ձևով կամ հրապարակային սակարկությունների միջոցով իրացնելը կամ օտարելը», «կատարողական թերթում խոսքը գնում է միայն ՀՀ, ք. Դիլիջան, Մոլդովական փողոց, 7/2 հասցեի մասին, այսինքն` համապատասխան սահմանափակումները վերաբերվում են բացառապես տվյալ հասցեին: Կատարողական թերթում առկա չէ որևէ նշում ՀՀ, մարզ Տավուշ համայնք Դիլիջան քաղաք Դիլիջան, Մոլդովական փողոց 7/3, 7/4, 7/5 և 7/6 շենքերի վերաբերյալ», եզրահանգել է, որ «կատարողական թերթը, որի հիման վրա հարկադիր կատարման ծառայությունում հարուցվել է կատարողական վարույթ, տարածվում է միայն ՀՀ, մարզ Տավուշ, քաղաք Դիլիջան, Մոլդովական փողոց 7/2 հասցեում գտնվող 0,94492 հա մակերեսով հողամասի և դրա վրա կառուցված 1.291,9 քմ մակերեսով կիսակառույց բազմաբնակարան բնակելի շենքի նկատմամբ և այն որևէ կերպ չի վերաբերում վիճելի հասցեներին` ՀՀ, մարզ Տավուշ, քաղաք Դիլիջան, Մոլդովական փողոց 7/3, 7/4, 7/5 և 7/6 շենքերին ու դրանց առանձնացված ստորաբաժանումներին», «ՀՀ, մարզ Տավուշ համայնք Դիլիջան քաղաք Դիլիջան Մոլդովական փողոց 7/2 հասցեում գտնվող անշարժ գույքը չի կարող ներառել ՀՀ, մարզ Տավուշ համայնք Դիլիջան քաղաք Դիլիջան Մոլդովական փողոց 7/3, 7/4, 7/5, 7/6 հասցեներում գտնվող անշարժ գույքը և ՀՀ, մարզ Տավուշ համայնք Դիլիջան քաղաք Դիլիջան Մոլդովական փողոց 7/2 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումները չեն կարող տարածվել ՀՀ, մարզ Տավուշ համայնք Դիլիջան քաղաք Դիլիջան Մոլդովական փողոց 7/3, 7/4, 7/5, 7/6 հասցեներում գտնվող անշարժ գույքերի նկատմամբ»:

Դատարանը նշել է նաև, որ «ԴիԱյՋիԷյջ-ի կողմից բռնագանձման ծանուցումն ուղարկելիս, ինչպես նաև սեփականության իրավունքը գրանցելիս կոմիտեին ներկայացվել է 29.10.2012 թվականին ԴիԱյՋիԷյջ-ի և ԱՍԲԱ-ի միջև կնքված Գրավի /հիփոթեքի/ պայմանագիրը, 05.11.2012 թվականին ԴիԱյՋիԷյջ-ին տրված Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 05112012-11-0134 վկայականը, որոնցում հստակ նշվում է, որ ԴիԱյՋիԷյջ-ի գրավի իրավունքը տարածվում է ի սկզբանե գոյություն ունեցող 1,0116 հա մակերեսով հողամասի, 1.291,9 քմ մակերեսով կիսակառույց բազմաբնակարան շենքի, ինչպես նաև ԱՍԲԱ-ի կողմից հետագայում կառուցվելիք 30 բնակարանների նկատմամբ: Ներկայացված փաստաթղթերը հիմք են տալիս եզրակացնելու, որ ԴիԱյՋիԷյջ-ի գրավի իրավունքը տարածվում է ՀՀ, մարզ Տավուշ, համայնք Դիլիջան քաղաք Դիլիջան Մոլդովական փողոց 7/2 հողամասի և դրա վրա կառուցված կիսակառույց շենքի, 7/3 շենքի 1, 2, 3, 4 բնակարանների, 7/4 շենքի թիվ 1, 2, 3, 4 բնակարանների, 7/5 շենքի թիվ 1, 2, 3, 4 բնակարանների, 7/6 շենքի 1, 4 բնակարանների նկատմամբ»:

Վերոգրյալի արդյունքում Դատարանը եզրահանգել է նաև, որ «ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն` Բնակարանների երաշխավորման հոլանդական միջազգային կազմակերպություն հիմնադրամի սեփականության իրավունքը ՀՀ, մարզ Տավուշ, համայնք Դիլիջան քաղաք Դիլիջան Մոլդովական փողոց 7/3 շենքի 1, 2, 3, 4 բնակարանների, 7/4 շենքի թիվ 1, 2, 3, 4 բնակարանների, 7/5 շենքի 1, 2, 3, 4 բնակարանների, 7/6 շենքի 1, 4 բնակարանների նկատմամբ գրանցելով, գործել է գործող օրենսդրության պահանջների պահպանմամբ և իր լիազորությունների շրջանակներում», «առկա չէ վիճարկվող գրանցումներն անվավեր ճանաչելու համար որևէ իրավական հիմք, ուստի հայցն ամբողջությամբ անհիմն է և ենթակա մերժման»:

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ «սույն դեպքում գործ ունենք գրավադրված գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու գործընթացի հետ, որպիսի պարագայում, ինչպես նշվեց վերը, առկա է առաջնային բավարարման նախապատվության իրավունք: Ուստի չնայած այն հանգամանքին, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 23.11.2017 թվականի որոշմամբ ձեռնարկվել է հայցի ապահովման միջոց, խնդրո առարկա գույքի նկատմամբ կարող էր բռնագանձում տարածվել: Ընդ որում, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ գրավադրված գույքի առաջնային բավարար նախապատվության իրավունքի վերաբերյալ դրույթը սահմանվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 17.06.2016 թվականի թիվ ՀՕ-110-Ն ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով, իսկ սույն գործով բողոքաբերի վկայակոչած սահմանափակումը

(ԵԿԴ/4584/02/17 քաղաքացիական գործով հայցի ապահովման 23.11.2017 թվականին կայացված որոշումը), որպիսի պայմաններում ակներև է, որ ԵԿԴ/4584/02/17

քաղաքացիական գործով հայց ապահովման միջոց կիրառելու ժամանակ արդեն իսկ գործել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված գրավի առաջնային բավարարման նախապատվության վերաբերյալ դրույթը», եզրահանգել է, որ «վերը նշված փաստական հանգամանքները վկայում են, որ բռնագանձման ծանուցումն իրականացվել է օրենքով սահմանված կարգով, իսկ պատասխանող վարչական մարմնին ներկայացվել են օրենքով սահմանված այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են բռնագանձման գործընթացում սեփականության իրավունքի պետական գրանցում իրականացնելու համար»:

Վերաքննիչ դատարանը նշել է նաև, որ «խնդրո առարկա կատարողական թերթի բովանդակությունից հետևում է, որ այն վերաբերում է ՀՀ, ք. Դիլիջան, Մոլդովական փողոց, 7/2 հասցեում գտնվող համաձայնագրով ձեռք բերված հողամասի և դրա վրա կառուցված անշարժ գույքին, իսկ սույն գործով վիճարկվող ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Մոլդովական փողոց թիվ 7/3 բն.1, 7/3 բն. 2, 7/3 բն. 3, 7/3 բն. 4, 7/4 բն. 1, 7/4 բն.2, 7/4 բն. 4, 7/5 բն. 1, 7/5 բն. 2, 7/5 բն. 3, 7/5 բն. 4, 7/6 բն. 1, 7/6 բն. 4 հասցեներում գտնվող անշարժ գույքերը, այդ կատարողական թերթում ներառված չեն: Բողոքաբերը ներկայացրել է փաստարկներ կապված այն հանգամանքի հետ, որ 7/2 հասցեն կատարողական թերթ տալու պահին արդեն իսկ ներառել է իր մեջ սույն գործով վիճարկվող ՀՀ, Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Մոլդովական փողոց թիվ 7/3 բն.1, 7/3 բն. 2, 7/3 բն. 3, 7/3 բն. 4, 7/4 բն. 1, 7/4 բն.2, 7/4 բն. 4, 7/5 բն. 1, 7/5 բն. 2, 7/5 բն. 3, 7/5 բն. 4, 7/6 բն. 1, 7/6 բն. 4 հասցեներում գտնվող անշարժ գույքերը, մինչդեռ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ թիվ ԵԿԴ/4584/02/17 քաղաքացիական գործով տրված կատարողական թերթի բովանդակությունից նման եզրահանգում անել հնարավոր չէ», «ՀՀ, ք. Դիլիջան, Մոլդովական փողոց, 7/2 հասցեի հետագա հասցեավորումը կատարվել է հենց Դիլիջանի քաղաքապետի որոշման հիման վրա, ուստի վերջինս տեղյակ լինելով իրականացված հասցեավորման մասին թիվ ԵԿԴ/4584/02/17 քաղաքացիական գործով կներկայացներ այլ միջնորդություն` ներառելով նաև 7/3, 7/4, 7/5 և 7/6 հասցեները: Իսկ միայն 7/2-ի մասով պահանջ ներկայացնելու պարագայում պարզ չէ, որ ի նկատի է ունեցվել սկզբնական 7/2 հասցեն, որն իր մեջ ներառելու է նաև 7/3, 7/4, 7/5 և 7/6 հասցեները»:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ «գույքի նկատմամբ սահմանափակման փաստի առկայությունը հաստատելու համար այն պետք է ստանա համապատասխան գրանցում, իսկ թիվ ԵԿԴ/4584/02/17 քաղաքացիական գործով տրված կատարողական թերթի հիման վրա սահմանափակում կարող էր գրանցվել բացառապես ՀՀ, ք. Դիլիջան, Մոլդովական փողոց, 7/2 հասցեում գտնվող գույքի նկատմամբ:

Երրորդ, եթե քննարկվող կատարողական թերթը պարզաբանման կարիք ունենար, ապա հարկադիր կատարողը լիազորված էր նման պահանջով դիմում ներկայացնել կատարողական թերթ տված դատարանին: Սակայն սույն դեպքում նման դիմում չի ներկայացվել»:

Արդյունքում Վերաքննիչ դատարանը Հիմնադրամի վերաքննիչ բողոքը մերժել է:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով սույն գործի փաստերը և Վերաքննիչ դատարանի դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

i

ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:

i

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` Սահմանադրության 73-րդ հոդվածին համապատասխան` անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն, իսկ անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:

i

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մասի գործողությունը տարածվում է մինչև դրա ուժը կորցնելու օրը գործող հարաբերությունների վրա, եթե օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

Սույն գործի փաստերի համաձայն` Կազմակերպության և Հիմնադրամի միջև գրավի իրավահարաբերությունները ծագել են 29.10.2012 թվականին կնքված անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագրի ուժով, որից բխող գրավի իրավունքն օրենքով սահմանված կարգով գրանցվել է 05.11.2012 թվականին, այսինքն` մինչև ՀՀ Ազգային ժողովի կողմից 17.06.2016 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-110-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը` 23.07.2016 թվականը: Նկատի ունենալով այն, որ նշված օրենքով այլ բան նախատեսված չէ, ուստի դրա գործողությունը պետք է տարածվի այն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, կիրառելով Օրենքը, որը չպետք է կիրառեր, թույլ է տվել նյութական իրավունքի նորմերի խախտում, որը հանգեցրել է գործի սխալ լուծմանն այնքանով, որքանով նշված նորմը կիրառելու արդյունքում սխալ եզրահանգումներ է արել այն մասին, որ «չնայած այն հանգամանքին, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 23.11.2017 թվականի որոշմամբ ձեռնարկվել է հայցի ապահովման միջոց, խնդրո առարկա գույքի նկատմամբ կարող էր բռնագանձում տարածվել», «գրավադրված գույքի առաջնային բավարար նախապատվության իրավունքի վերաբերյալ դրույթը սահմանվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 17.06.2016 թվականի թիվ ՀՕ-110-Ն ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով, իսկ սույն գործով բողոքաբերի վկայակոչած սահմանափակումը

(ԵԿԴ/4584/02/17 քաղաքացիական գործով հայցի ապահովման 23.11.2017 թվականին կայացված որոշումը), որպիսի պայմաններում ակներև է, որ ԵԿԴ/4584/02/17

քաղաքացիական գործով հայց ապահովման միջոց կիրառելու ժամանակ արդեն իսկ գործել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված գրավի առաջնային բավարարման նախապատվության վերաբերյալ դրույթը»:

i

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ թեկուզև Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 438-րդ հոդվածը չի կիրառել, այնուամենայնիվ տվյալ իրավական նորմը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ կողմերի իրավահարաբերությունների նկատմամբ տվյալ դեպքում չէր կարող հանդիսանալ կիրառելի իրավական նորմ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 438-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագիրը պետք է համապատասխանի այն կնքելու պահին գործող օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված` կողմերի համար պարտադիր կանոններին (իմպերատիվ նորմերին):

i

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե պայմանագիրը կնքելուց հետո ընդունվել է օրենք, որը սահմանում է կողմերի համար պարտադիր այլ կանոններ, քան պայմանագիրը կնքելիս գործող կանոնները, ապա կնքված պայմանագրի պայմանները պահպանում են իրենց ուժը, բացի այն դեպքերից, երբ օրենքում սահմանված է, որ դրա գործողությունը տարածվում է նախկինում կնքված պայմանագրերից ծագող հարաբերությունների վրա:

Վերը նշված նորմի բովանդակությունից բխում է, որ բոլոր դեպքերում պայմանագիրը պետք է համապատասխանի այն կնքելու պահին գործող օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված` կողմերի համար պարտադիր կանոններին: Այն դեպքերում, երբ համապատասխան պայմանագիրը կնքելուց հետո ընդունվել է օրենք, որը սահմանում է կողմերի համար` նրանց միջև պայմանագիր կնքելիս գործող կանոնների համեմատ պարտադիր այլ կանոններ, ապա կնքված պայմանագրի պայմանները պահպանում են իրենց ուժը: Բացառություն է այն դեպքը, երբ տվյալ օրենքում սահմանված է, որ դրա գործողությունը տարածվում է նախկինում կնքված պայմանագրերից ծագող հարաբերությունների վրա:

i

Տվյալ դեպքում բացակայում են վերը նշված նորմը կիրառելու համար անհրաժեշտ պարտադիր պայմանները, այն է` Կազմակերպության և Հիմնադրամի միջև կնքված Պայմանագիրը որևէ պայման չի պարունակում որոշակի սահմանափակումների առկայության պայմաններում գրավ դրված գույքի նկատմամբ` դրա վրա բռնագանձում տարածելիս, գրավառուի իրավունքների գրանցման վերաբերյալ, իսկ Պայմանագիրը կնքելուց հետո` 17.06.2016 թվականին, ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված Օրենքը, որն ուժի մեջ մտել 23.07.2016 թվականին, 3-րդ հոդվածով լրացում է կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում հենց այդ հարցի վերաբերյալ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 243.1-րդ հոդվածով նախատեսելով, որ գրավ դրված գույքի վրա գրավատուի` երրորդ անձանց նկատմամբ ունեցած այլ պարտավորությունների կատարման համար արգելադրում, սառեցում, կալանք, բռնագանձում, առգրավում կամ գույքի նկատմամբ ցանկացած այլ սահմանափակում չի կարող խոչընդոտ (արգելք) հանդիսանալ գրավի առարկայից առաջնային բավարարում ստանալու նախապատվության իրավունք ունեցող գրավառուի համար իրականացնելու նույն օրենսգրքով գրավառուին վերապահված բոլոր իրավունքները, այդ թվում` բռնագանձում տարածելու և իրացնելու գրավի առարկան, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերի, որոնց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ օրենսգրքով:

i

Բացի վերը նշված նյութական իրավունքի նորմերի խախտումից, Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նաև գրավի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 5-րդ, 17-րդ, 20-րդ ու 30-րդ հոդվածների խախտումներ, որոնք հանգեցրել են գործի սխալ լուծմանը հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 248-րդ հոդվածի համաձայն` գրավառուի (պարտատիրոջ) պահանջները բավարարելու համար գրավ դրված գույքի վրա կարող է բռնագանձում տարածվել պարտապանի կողմից գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու այնպիսի հանգամանքներում, որոնց համար վերջինս պատասխանատվություն է կրում:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու այն, այդ թվում` գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի սեփականություն հանձնելու, եթե`

1) դա նախատեսված է գրավի պայմանագրով, կամ`

2) առկա է գրավառուի և գրավատուի միջև կնքված գրավոր համաձայնություն, իսկ եթե գրավի պայմանագիր կնքելու համար պահանջվել է երրորդ անձի համաձայնություն կամ թույլտվություն, ապա նաև վերջինիս գրավոր համաձայնությունը` առանց դատարանի վճռի գրավ դրված գույքի իրացման մասին:

i

Նույն հոդվածի` գրավի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 2-րդ մասի համաձայն` գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր` պատշաճ ձևով ծանուցում է գրավատուին առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին (բռնագանձման ծանուցում): Գրավատուն իրավունք ունի դատական կարգով վիճարկելու սույն հոդվածի համաձայն գրավի առարկայի բռնագանձման օրինականությունը, որի պարագայում դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը: Դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը, եթե գրավատուն կտրամադրի գրավի առարկայի արժեքին համարժեք ապահովում` գրավառուի հնարավոր վնասները հատուցելու համար: Բռնագանձման ծանուցումը պարտապանին պատշաճ ձևով հանձնելուց հետո գրավառուն իրավունք ունի գրավի առարկան վերցնելու իր տիրապետման տակ (եթե շարժական գույք է), ինչպես նաև խելամիտ քայլեր ձեռնարկելու գրավի առարկան պահպանելու, սպասարկելու և դրա անվտանգությունն ապահովելու համար: Բռնագանձման ծանուցումը պարտապանին հանձնելուց երկու ամիս հետո գրավառուն նույն օրենսգրքի ուժով իրավունք ունի նույն օրենսգրքի 195 հոդվածի պահպանմամբ գրավատուի անունից իրացնելու գրավի առարկան ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով, եթե գրավատուն և գրավառուն գրավի առարկայի իրացման այլ կարգ չեն նախատեսել: Գրավառուն պարտավոր է գրավի առարկան իրացնել տվյալ պահին շուկայում գործող ողջամիտ գնով:

Սույն գործի փաստերի համաձայն` գրավառու Կազմակերպության և գրավատու Հիմնադրամի միջև կնքված Պայմանագրի համաձայն` գրավի առարկա են հանդիսացել Հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի Մոլդովական փողոցի թիվ 7/2 հասցեում գտնվող 10.116 քմ մակերեսով հողամասը և մեկ անավարտ շենք-շինությունը, ինչպես նաև վարկային համաձայնագրով նախատեսվող նոր կառուցվելիք 30 բնակարանները: Պայմանագրի հիման վրա գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում 05.11.2012 թվականին Կազմակերպության գրավի իրավունքի գրանցումը կատարվել է բացառապես ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի Մոլդովական փողոցի թիվ 7/2 հասցեի` բաղկացած 1.291,9 քմ մակերեսով բազմաբնակարան բնակելի շենքից և 1,0116 հա մակերեսով հողամասից, նկատմամբ:

Պայմանագրի 3.2 կետով գրավատուն տվել է իր համաձայնությունը գրավով ապահովված պարտավորությունն իր կողմից չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու, Պայմանագրով սահմանված պարտավորությունները և պայմաններն իր կողմից խախտվելու դեպքում առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու գրավի առարկաների վրա ու դրանք իրացնելու, այդ թվում` գրավի առարկաները հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց ընդունելու ի սեփականություն:

Դիլիջանի համայնքի ղեկավարի 25.11.2014 թվականի ««Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա» հիմնադրամին պատկանող, Դիլիջանի Մոլդովական փողոցի թիվ 7/2 հասցեի բազմաբնակարան շենքերը և բնակարանները հասցեավորելու մասին» թիվ 525-Ա որոշմամբ Հիմնադրամին պատկանող Դիլիջանի Մոլդովական փողոցի թիվ 7/2 հասցեի 10.116 քմ մակերեսով հողամասի թիվ 1, 2, 3 և 4 բազմաբնակարան բնակելի շենքերը հասցեավորվել են համապատասխանաբար Մոլդովական փողոցի թիվ 7/3, թիվ 7/4, թիվ 7/5 և թիվ 7/6 բազմաբնակարան շենքերի, իսկ դրանցից յուրաքանչյուրում գտնվող թվով չորս բնակարանները համարակալվել են թիվ 1, 2, 3 և 4 բնակարանների: Դիլիջանի համայնքի ղեկավարի 25.11.2014 թվականի թիվ 525-Ա որոշման և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համապատասխան վկայականների հիման վրա ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի Մոլդովական փողոցի թիվ 7/3 շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ բնակարանների, թիվ 7/4 շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ բնակարանների, թիվ 7/5 շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ բնակարանների ու թիվ 7/6 շենքի 1-ին և 4-րդ բնակարանների նկատմամբ 29.03.2016 թվականին և 23.09.2016 թվականին Հիմնադրամի անվամբ կատարվել են սեփականության իրավունքի պետական գրանցումներ ու տրվել են իրավունքի պետական գրանցման համապատասխան վկայականներ:

Վերահասցեավորված հասցեներում գտնվող առանձին միավոր գույքի նկատմամբ Կազմակերպության անվամբ գրավի իրավունք չի գրանցվել:

08.08.2017 թվականին Կազմակերպությունը փոստային ծառայության միջոցով բռնագանձման ծանուցում է ուղարկել գրավատու Հիմնադրամին` նշելով նաև, որ վարկային համաձայնագրերում նշված ժամկետներում Հիմնադրամը չի կատարել իր վարկային պարտավորությունները, որպիսի հանգամանքից ելնելով` Կազմակերպությունը պատրաստվում է իր հանդեպ Հիմնադրամի ունեցած պարտքը և հաշվեգրված տոկոսագումարն ստանալ գրավի առարկա հանդիսացող գույքի հաշվին` օրենքով և Պայմանագրով սահմանված կարգով դրա նկատմամբ առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու ու այն իրացնելու միջոցով: Նշված բռնագանձման ծանուցման մեջ ևս վերահասցեավորված գույքային միավորների մասին չի նշվել:

Թիվ ԵԿԴ/4584/02/17 քաղաքացիական գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 23.11.2017 թվականին կայացված «Հայցի ապահովման միջոց ձեռնարկելու միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ, այսինքն` վերահասցեավորվելուց և դրա հիման վրա համապատասխան սեփականության իրավունքի պետական գրանցումներ կատարվելուց հետո, Դիլիջանի համայնքապետարանի միջնորդությունը բավարարվել է` Հիմնադրամին և երրորդ անձանց արգելվել է Դիլիջանի Մոլդովական փողոցի թիվ 7/2 հասցեում գտնվող` համաձայնագրով ձեռք բերված հողամասի և դրա վրա կառուցված անշարժ գույքի նկատմամբ արտադատական կարգով բռնագանձում կամ այլ կերպ օտարման գործողություններ կատարելը, այլ անձի ի սեփականություն հանձնելը, ուղղակի վաճառքի ձևով կամ հրապարակային սակարկությունների միջոցով իրացնելը կամ օտարելը: Այդ որոշման հիման վրա 23.11.2017 թվականին տրվել է կատարողական թերթ, իսկ 07.12.2017 թվականին հարուցվել է կատարողական վարույթ: Նշված հայցի ապահովումը վերացվել է միայն 23.11.2017 թվականին` թիվ ԵԿԴ/4584/02/17 քաղաքացիական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 26.10.2018 թվականին կայացված «Հայցի ապահովման վերացման միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ:

Վերը նշված հայցի ապահովման միջոցը կիրառելուց հետո, բայց մինչև դրա վերացումը` 05.04.2018 թվականին, պետական գրանցման միասնական մատյանում ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի Մոլդովական փողոցի թիվ 7/4 շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ բնակարանների նկատմամբ Կազմակերպության անվամբ կատարվել են սեփականության իրավունքի պետական գրանցումներ ու տրվել են իրավունքի պետական գրանցման վկայականներ, որի համար հիմք են հանդիսացել Պայմանագիրը և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածը:

Դրանից հետո Կազմակերպությունը 29.05.2018 թվականին դիմումներ է ներկայացրել Կոմիտեին` խնդրելով Կազմակերպության սեփականության իրավունքի պետական գրանցումը կատարել նաև ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի Մոլդովական փողոցի թիվ 7/3 շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ բնակարանների, թիվ 7/5 շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ բնակարանների ու թիվ 7/6 շենքի 1-ին և 4-րդ բնակարանների նկատմամբ, որին ի պատասխան Կոմիտեն հայտնել է, որ Ծառայության որոշումով ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի Մոլդովական փողոցի թիվ 7/2 հասցեում գտնվող հողամասը և դրա վրա կառուցված անշարժ գույքը գտնվում են արգելանքի տակ, և անհրաժեշտ է ներկայացնել պարզաբանում` արդյոք վերոնշյալ արգելանքը վերաբերում է նաև Մոլդովական փողոցի թիվ 7/3, թիվ 7/5, թիվ 7/6 շենքերին և առանձնացված միավորներին: Դրան ի պատասխան` Կազմակերպությունը 02.07.2018 թվականին պարզաբանում է ներկայացրել Կոմիտեին նաև այն մասին, որ Ծառայության որոշումը չի տարածվում ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի Մոլդովական փողոցի թիվ 7/3 շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ բնակարանների, թիվ 7/5 շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ բնակարանների ու թիվ 7/6 շենքի 1-ին և 4-րդ բնակարանների նկատմամբ, ու Կազմակերպության սեփականության իրավունքը դրանց նկատմամբ ենթակա է գրանցման:

Կրկին վերը նշված հայցի ապահովման միջոցը կիրառելուց հետո, բայց մինչև դրա վերացումն ընկած ժամանակահատվածում` 06.07.2018 թվականին, պետական գրանցման միասնական մատյանում ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի Մոլդովական փողոցի թիվ 7/3 շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ բնակարանների, թիվ 7/5 շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ բնակարանների ու թիվ 7/6 շենքի 1-ին և 4-րդ բնակարանների նկատմամբ Կազմակերպության անվամբ կատարվել են սեփականության իրավունքի պետական գրանցումներ, որի համար հիմք են հանդիսացել Պայմանագիրը և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածը:

i

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` նույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները (...) անշարժ գույքի հասցե` վավերապայմանների որոշակիորեն համակարգված համախումբ, որով միանշանակորեն որոշվում է հասցեավորման օբյեկտի տեղը բնակավայրում և որը պարունակում է առնվազն հետևյալ վավերապայմանները` մարզ, համայնք, ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտ (թաղամաս, հրապարակ, փողոց, պողոտա, նրբանցք, անցում, փակուղի, զբոսայգի և այլն), անշարժ գույքի հերթական համար (...):

i

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` պետական գրանցումն ընդգրկում է գույքի նկատմամբ սեփականության, օգտագործման, հիփոթեքի, հողամասի կառուցապատման, սերվիտուտի, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ գույքային իրավունքների, այդ թվում` անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների գրավի ծագման, դադարման, փոխանցման, փոփոխման պետական գրանցումը:

i

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական գրանցման կամ այլ նպատակներով ներկայացված փաստաթղթերի հիման վրա անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի վերաբերյալ (անկախ պետական գրանցումից) կազմվում է առանձին կադաստրային գործ, որում պահպանվում են ներկայացված, ինչպես նաև պետական գրանցման, տեղեկատվության տրամադրման և անշարժ գույքի կադաստրի վարման այլ գործառույթների իրականացման արդյունքում պետական գրանցում իրականացնող լիազոր մարմնի կողմից կազմված փաստաթղթերը (այսուհետ` կադաստրային գործի փաստաթղթեր):

i

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի համաձայն` անշարժ գույքի պետական ռեգիստրն ապահովում է անշարժ գույքի և դրա նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների մասին տեղեկատվության հավաստիության, ամբողջականության, մատչելիության, արդիականության և հրապարակայնության ապահովում:

i

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դիմումը մուտքագրվելուց հետո գրանցող մարմինն ուսումնասիրում է իրավունքի պետական գրանցման համար ներկայացված իրավահաստատող փաստաթղթերը և նույն օրենքով նախատեսված պետական գրանցման վարույթի կասեցման, դադարեցման կամ պետական գրանցումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում կատարում է իրավունքի պետական գրանցում նույն օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված տվյալները մատյանում գրառելու միջոցով:

i

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմինը պարտավոր է մերժել իրավունքի պետական գրանցումը, եթե անշարժ գույքի միավորի կամ դրա որևէ մասի նկատմամբ առկա է գրանցված իրավունք կամ սահմանափակում կամ նախնական նշում, որը բացառում է ներկայացված իրավունքի կամ սահմանափակման գրանցումը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը Գայանե Նազարյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի վարչական գործով կայացված որոշմամբ արձանագրել է, որ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հիմքում պետք է ընկած լինեն այդ գույքի նկատմամբ համապատասխան իրավունքները, սահմանափակումները, ծագումը, փոխանցումը, փոփոխումը կամ դադարումը հաստատող անհրաժեշտ և բավարար փաստաթղթեր, որոնց առկայության դեպքում միայն գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը կարող է լինել իրավաչափ (տե՛ս, թիվ ՎԴ/12439/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2020 թվականի որոշումը):

Տվյալ դեպքում, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, Պայմանագրի առարկա են հանդիսացել բացառապես ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի Մոլդովական փողոցի թիվ 7/2 հասցեում գտնվող 10.116 քմ մակերեսով հողամասը, մեկ անավարտ շենք-շինությունը, ինչպես նաև վարկային համաձայնագրով նախատեսվող նոր կառուցվելիք 30 բնակարանները, որոնց վրա` որպես գրավի առարկաների, առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու և դրանք իրացնելու, այդ թվում` գրավի առարկաները հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց ի սեփականություն ընդունելու, համաձայնություն է տվել գրավատուն գրավով ապահովված պարտավորությունն իր կողմից չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու, Պայմանագրով սահմանված պարտավորությունները և պայմաններն իր կողմից խախտվելու դեպքում: Դրանից ելնելով` Կազմակերպության անվամբ գրավի իրավունքի գրանցումը կատարվել է հենց ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի Մոլդովական փողոցի թիվ 7/2 հասցեի 1.291,9 քմ մակերեսով բազմաբնակարան բնակելի շենքի և 1,0116 հա մակերեսով հողամասի նկատմամբ. Կազմակերպության անվամբ առկա չէ գրանցված գրավի իրավունք ինչպես ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի Մոլդովական փողոցի թիվ 7/3, թիվ 7/4 և թիվ 7/5 բազմաբնակարան շենքերի ու դրանցից յուրաքանչյուրում գտնվող թիվ 1, թիվ 2, թիվ 3 և թիվ 4 բնակարանների, այնպես էլ` թիվ 7/6 շենքի ու դրանում գտնվող թիվ 1 և թիվ 4 բնակարանների նկատմամբ:

Ավելին` Կազմակերպության կողմից Հիմնադրամին ուղարկված բռնագանձման ծանուցման մեջ հիշատակվել է հենց գրավի առարկա հանդիսացող գույքը և հենց դրա նկատմամբ առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելն ու այն իրացնելը, որի պայմաններում Կոմիտեն, 05.04.2018 թվականին բացառապես Պայմանագրի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի հիման վրա Կազմակերպության անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելով թիվ 7/4 հասցեում գտնվող շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ բնակարանների, իսկ դրանից հետո` 06.07.2018 թվականին նաև թիվ 7/3 հասցեում գտնվող շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ բնակարանների, թիվ 7/5 հասցեում գտնվող շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ բնակարանների ու թիվ 7/6 հասցեում գտնվող շենքի 1-ին և 4-րդ բնակարանների նկատմամբ, խախտել է ինչպես գրավի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածը, այնպես էլ` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 5-րդ և 17-րդ հոդվածները, քանի որ նշված գրանցումն իրականացրել է Պայմանագրի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի հիման վրա` առանց պարզելու, թե արդյոք ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի Մոլդովական փողոցի թիվ 7/3, թիվ 7/4, թիվ 7/5 և թիվ 7/6 բազմաբնակարան շենքերն ու դրանցից յուրաքանչյուրում գտնվող թվով չորս բնակարանները նույն` վերահասցեավորված ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի Մոլդովական փողոցի թիվ 7/2 հասցեում գտնվող 10.116 քմ մակերեսով հողամասի թիվ 1, 2, 3 և 4 բազմաբնակարան բնակելի շենքերն են:

Ընդ որում, նշված հանգամանքը պարզելը գործի լուծման համար էական նշանակություն ունի նաև այն առումով, որ եթե պարզվի, որ այդ հասցեներում գտնվող անշարժ գույքն ամբողջությամբ կամ մասնակիորեն նույնական է ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի Մոլդովական փողոցի թիվ 7/2 հասցեում գտնվողին, և Կոմիտեն 05.04.2018 թվականին ու 06.07.2018 թվականին Կազմակերպության անվամբ վերը նշված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը կատարել է թիվ ԵԿԴ/4584/02/17 քաղաքացիական գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 23.11.2017 թվականին «Հայցի ապահովման միջոց ձեռնարկելու միջնորդությունը քննության առնելու մասին» որոշման կայացման արդյունքում առաջացած սահմանափակման առկայության պայմաններում` այն մերժելու փոխարեն, ապա Կոմիտեն թույլ տված կլինի նաև «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 20-րդ և 30-րդ հոդվածների խախտում:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող` վարչական ակտը դատական կարգով անվավեր ճանաչելիս հաստատման ենթակա երկու պայմանների միաժամանակյա առկայությունը պարզել է առանց գնահատելու և հետազոտելու գործով ձեռք բերված ապացույցները, որի արդյունքում սխալ եզրահանգում է արել վերաքննիչ բողոքում առաջադրված պահանջի հիմնավորվածության վերաբերյալ:

 

Դրանից ելնելով` վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանությամբ:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` բեկանված մասով գործը համապատասխան ստորադաս դատարան նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը` որպես գործի նոր քննության ծավալ սահմանելով վերը նշված իրավական դիրքորոշումների և վերլուծությունների համատեքստում վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները պարզելը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, և գործն ուղարկվում է նոր քննության, գտնում է, որ տվյալ պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 19.03.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 8 ապրիլի 2022 թվական:

 

 

Միասնական կայք` 22.08.22-04.09.22

 

 

pin
Վճռաբեկ դատարան
08.04.2022
N ՎԴ/9301/05/18
Որոշում