ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԵԴ/22327/02/20
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/22327/02/20 2022 թ.
Նախագահող դատավոր` Դ. Սերոբյան
Դատավորներ` Ա. Խառատյան
Մ. Հարթենյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Գ. Հակոբյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Հ. Բեդևյան
Մ. Դրմեյան
Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
2022 թվականի մարտի 11-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.04.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ Ընկերության դիմումի` ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է չեղյալ ճանաչել ֆինանսական համակարգի հաշտարարի 16.06.2020 թվականի թիվ 15-4865/20 որոշումը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Սահակյան) (այսուհետ` Դատարան) 11.02.2021 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.04.2021 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Նորայր Յուզբաշյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 3-րդ և 5-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 14.10.2016 թվականի ««Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնները» հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի մայիսի 20-ի թիվ 131-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 4-ի թիվ 300-Ն, 2015 թվականի հունվարի 13-ի թիվ 2-Ն, 2000 թվականի փետրվարի 1-ի թիվ 18 և 2000 թվականի ապրիլի 25-ի թիվ 97 որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 168-Ն որոշումը (այսուհետ` Որոշում), ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ և 371-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված չէ, թե որ ապացույցներն են համարվում պատշաճ ապացույց պետական տուրքի վճարման փաստը հաստատելու համար:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ էլեկտրոնային փաստաթուղթը գոյություն ունի միայն էլեկտրոնային կրիչի վրա, սակայն երբ պահանջվում է ներկայացնել էլեկտրոնային փաստաթղթի բնօրինակը, ապա այդ պահանջը համարվում է բավարարված, եթե անգամ այն նույնությամբ (առանց բովանդակային փոփոխությունների) վերարտադրված (տպված) է թղթի վրա:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Որոշման մեջ էլեկտրոնային եղանակով ձևավորված վճարման հանձնարարագրի վրա ֆինանսական կազմակերպության (բանկի) ստորագրության կամ կնիքի առկայության պարտադիր պահանջ սահմանված չէ: Փոխարենը նշված է, որ այդ վճարահաշվարկային փաստաթուղթը պարտադիր պետք է պարունակի վճարողի ստորագրությունը կամ կնիքը, որն առկա է եղել Վերաքննիչ դատարան ներկայացված փաստաթղթի վրա: Ֆինանսական կազմակերպությունների կողմից վճարահաշվարկային փաստաթղթերը հաճախորդներին տրամադրվում են թե թղթային եղանակով, և թե էլեկտրոնային` էլեկտրոնային փոստի հասցեին կամ հեռախոսահամարին ուղարկելու, ինչպես նաև այն տեխնիկածրագրային միջավայրում պահպանելու միջոցով, որից հաճախորդը հնարավորություն ունի դուրս բերելու այն` տպելու, ուղարկելու էլեկտրոնային փոստի հասցեին:
Պատասխանողի կողմից Վերաքննիչ դատարանին ներկայացված վճարման հանձնարարագիրը հանդիսանում է պետական տուրքի վճարման փաստը հավաստող պատշաճ ապացույց:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 09.04.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
3. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն բողոքի քննության շրջանակներում վերահաստատելով նախկինում արտահայտված դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում կրկին անդրադառնալ էլեկտրոնային եղանակով կատարված պետական տուրքի վճարման վերաբերյալ փաստաթուղթը թղթային տարբերակով ներկայացնելիս դրա վավերապայմաններին և լրացման կանոններին:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու (...) մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից (...):
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե բողոք բերող անձի կողմից ներկայացվել է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ դրա չափը նվազեցնելու միջնորդություն, որը մերժվել է:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում (...) սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը (...):
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները, կամ բողոքը ներկայացրել է նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ, կամ նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում ներկայացրել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին միջնորդություն, որը մերժվել է:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ վերը նշված հոդվածների բովանդակությունից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերով սահմանվել են վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Ընդ որում, օրենսդիրն ամրագրել է այն բացասական հետևանքները, որոնք կարող են վրա հասնել այն պարագայում, երբ բողոք բերած անձը չի պահպանել վերաքննիչ բողոքի ներկայացման կարգին կամ ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը բողոք բերող անձին հնարավորություն է տվել օրենքով սահմանված ժամկետում վերացնել վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված խախտումները և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնել վերաքննիչ դատարան (տե՛ս «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ն ընդդեմ Լիանա Սարգսյանի և Մարտին Գալստյանի թիվ ԱՐԴ1/1869/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.10.2021 թվականի որոշումը):
i
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, վերլուծելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի, «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև Որոշմամբ հաստատված` «Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնները» (այսուհետ` Կանոններ) վերնագիրը կրող հավելվածի համապատասխան դրույթները, իրավական դիրքորոշում է հայտնել վճարահաշվարկային համակարգի հասկացության վերաբերյալ` արձանագրելով, որ այն իրենից ներկայացնում է որոշակի տեխնիկածրագրային միջոցների ամբողջություն (վճարային գործիքներ, քլիրինգ և այլն), որի միջոցով ապահովվում է վճարման կատարումը շահառուին: Նշված որոշմամբ անդրադառնալով նաև վճարահաշվարկային փաստաթղթի հասկացությանը` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ այն բանավոր, գրավոր կամ էլեկտրոնային եղանակով բանկին տրված հանձնարարությունն է` վճարելու կամ հանձնարարելու այլ բանկի վճարել շահառուին հաստատագրված կամ հաշվարկվող գումար (տե՛ս Ստեփան Ոսկանյանն ընդդեմ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/2967/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.09.2018 թվականի որոշումը):
i
Կանոնների 1-ին կետի համաձայն` նշված կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպություններին ներկայացված` դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու, փոխանցելու կամ վճարելու վերաբերյալ կարգադրություն պարունակող և (կամ) վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից ծառայությունների մատուցումը և (կամ) գործարքների կատարումը հաստատող, մատուցված ծառայությունների և (կամ) կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվություն պարունակող փաստաթղթերի (այսուհետ` վճարահաշվարկային փաստաթղթեր) վավերապայմանները և դրանց լրացման կանոնները:
i
Կանոնների 5-րդ կետի համաձայն` նույն կարգը սահմանում է հետևյալ վճարահաշվարկային փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնները`
1) վճարահաշվարկային փաստաթղթեր, որոնք պարունակում են կարգադրություն դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու, վճարելու, փոխանցելու, վճարումը (փոխանցումը) չեղյալ համարելու վերաբերյալ և (կամ) հաստատում (հավաստում) են ծառայությունների մատուցումը և (կամ) գործարքների կատարումը (...):
i
Կանոնների 8-րդ կետի համաձայն` նույն կարգով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթերը կարող են կիրառվել (ներկայացվել) թղթային և (կամ) էլեկտրոնային եղանակով (...):
i
Կանոնների 14-րդ կետի համաձայն` նույն կարգով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթերում վավերապայմանների լրացման համար գործում են հետևյալ կանոնները.
Վճարահաշվարկային փաստաթղթերի վավերապայմաններում կիրառվող`
i
1) «համարը» վավերապայմանում լրացվում է տվյալ փաստաթղթի չկրկնվող (ունիկալ) համարը, ընդ որում` համարի ունիկալության պահանջը կարող է չպահպանվել, եթե հաճախորդը նույն կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթերը ներկայացնում է թղթային եղանակով,
2) «ամսաթիվ» վավերապայմանը լրացվում է որպես «օր, ամիս, տարի»,
3) «արժույթը (բառերով կամ կոդով)» դաշտում լրացվում է գործարքի գումարի արժույթը բառերով, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը հայերեն է, կամ նշվում է տվյալ արժույթի համար սահմանված կոդը` ըստ ԻՍՈ (ISO) 4217 ստանդարտի, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը հայերեն չէ,
4) «գործարքի նպատակ» դաշտում նշվում է տնտեսական գործառնության բովանդակությունը(...),
5) «ստորագրություն» վավերապայմանը նույն կարգով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթում լրացվում է.
ա. թղթային եղանակով փաստաթղթերի ներկայացման դեպքում պարտադիր դրվում է հաճախորդի ստորագրությունը, ընդ որում` իրավաբանական անձանց դեպքում դրվում է իրավաբանական անձի իրավասու անձի (անձանց) ստորագրությունը (ները), իսկ ֆիզիկական անձանց դեպքում կարող է դրվել նաև լիազոր անձի ստորագրությունը,
բ. էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ներկայացման դեպքում որպես ստորագրություն կիրառվում է ֆինանսական կազմակերպության կողմից սահմանված` գործարքն իրականացնող անձին նույնականացնող ծածկագիր և (կամ) այլ միջոց: Ընդ որում` գործարքի սպասարկումն ապահովող սարքի (միջոցի) կիրառմամբ, առանց վճարային քարտի և էլեկտրոնային փողի օգտագործման, կանխիկ դրամական միջոցների տրամադրմամբ կանխիկի մուտքագրում, վճարում և փոխանցում իրականացնելու դեպքում «ստորագրություն» վավերապայմանի պահանջը համարվում է կատարված, եթե հաճախորդը տալիս է իր համաձայնությունը գործարքն իրականացնելու համար` գործարքի սպասարկումն ապահովող սարքի (միջոցի) կիրառմամբ համապատասխան հրահանգ տալու միջոցով, (...)
8) «Անունը, ազգանունը կամ անվանումը» վավերապայմանում լրացվում է գործարքն իրականացնող անձի անունը և ազգանունը` ֆիզիկական անձ լինելու դեպքում կամ անվանումը` իրավաբանական անձ լինելու դեպքում,
9) «Միջնորդավճարը» դաշտում ֆինանսական կազմակերպության կողմից նշվում է գործարքի կատարման համար գանձվող միջնորդավճարը` գումարային արտահայտությամբ կամ վճարվող, փոխանցվող, մուտքագրվող կամ ելքագրվող գումարի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ,
10) «Գումարը (թվերով և (կամ) բառերով)» դաշտում լրացվում է վճարվող, փոխանցվող, մուտքագրվող կամ ելքագրվող գումարը` թվերով և բառերով, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը ներկայացվել կամ տրամադրվել է թղթային եղանակով, հակառակ դեպքում, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը ներկայացվել կամ տրամադրվել է էլեկտրոնային եղանակով, նշվում է գումարը` թվերով և (կամ) բառերով:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ անդրադարձել է Կանոններով սահմանված վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմաններին` նշելով, որ էլեկտրոնային եղանակով վճարահաշվարկային փաստաթղթի ներկայացման դեպքում որպես ստորագրություն կիրառվում է ֆինանսական կազմակերպության կողմից սահմանված` գործարքն իրականացնող անձին նույնականացնող ծածկագրի և (կամ) այլ միջոցի տրամադրումը: Ընդ որում, ստորագրության վավերապայմանի պահանջը համարվում է կատարված, եթե հաճախորդը տալիս է իր համաձայնությունը գործարքն իրականացնելու համար` գործարքի սպասարկումն ապահովող սարքի (միջոցի) կիրառմամբ համապատասխան հրահանգ տալու միջոցով: Վճռաբեկ դատարանը, նշված որոշմամբ անդրադառնալով մասնավորապես վճարման հանձնարարականի վավերապայմաններին, նշել է, որ դրանում վճարումը ստացող ֆինանսական կազմակերպության իրավասու անձի ստորագրության առկայության վավերապայմանը պարտադիր չէ այն դեպքում, երբ վճարման հանձնարարականը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով (տե՛ս «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ն ընդդեմ Տարոնիկ Գրիգորյանին թիվ ԱՐԱԴ/0405/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.10.2018 թվականի որոշումը):
i
ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով վկայակոչված դիրքորոշումը, հավելել է, որ Կանոնների 14-րդ կետի 5-րդ ենթակետի ուժով էլեկտրոնային եղանակով կատարված վճարումների վերաբերյալ վճարահաշվարկային փաստաթղթերը թղթային տարբերակով ներկայացնելու դեպքում պահանջվում է բացառապես վճարող իրավաբանական անձի իրավասու անձի ստորագրությունը (տե՛ս «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ն ընդդեմ Լիանա Սարգսյանի և Մարտին Գալստյանի թիվ ԱՐԴ1/1869/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.10.2021 թվականի որոշումը):
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությունը Դատարանի 11.02.2021 թվականի որոշման դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք (հատոր 3-րդ, գ.թ. 3-10):
Վերաքննիչ դատարանը 17.03.2021 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձրել է` ի թիվս այլ խախտումների նաև դրա ներկայացման համար օրենքով սահմանված կարգով պետական տուրքի գումարի վճարումը հավաստող ապացույցը վերաքննիչ բողոքին կցված չլինելու և պետական տուրքի գծով արտոնություններ կիրառելու միջնորդություն ներկայացված չլինելու հիմքով (հատոր 3-րդ, գ.թ. 14, 15):
Ընկերությունը կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք` որպես 10.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի գումարը վճարելու փաստը հավաստող ապացույց կցելով «Բյուջետային փոխանցում N S2325» վերտառությամբ փաստաթուղթը (հատոր 3-րդ, գ.թ. 33):
i
Վերաքննիչ դատարանը 09.04.2021 թվականի որոշմամբ մերժել է Ընկերության կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումն այն պատճառաբանությամբ, որ «վերաքննիչ բողոքին կցված «Բյուջետային փոխանցում N S2325» վերտառությամբ փաստաթուղթը չի կարող համարվել պետական տուրքը վճարված լինելու փաստը հավաստող թույլատրելի ապացույց, քանի որ բնօրինակ չէ, իսկ այն էլեկտրոնային եղանակով վճարում դիտարկելու պարագայում հարկ է արձանագրել, որ էլեկտրոնային եղանակով ներկայացվող փաստաթուղթը պետք է համապատասխանի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածով նախատեսված կարգին, մասնավորապես` պետական տուրքը պետական վճարումների էլեկտրոնային (www.e-payments.am) համակարգի միջոցով վճարելու օրենսդրի պահանջին, ինչը տվյալ դեպքում պահպանված չէ»:
i
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործում առկա վերաքննիչ բողոքի համար էլեկտրոնային համակարգով վճարված պետական տուրքի անդորրագրի ուսումնասիրությունից հետևում է, որ ներկայացված վճարահաշվարկային փաստաթղթով պետական տուրքի վճարումը կատարվել է էլեկտրոնային եղանակով, իսկ վճարումը հավաստող ապացույցը Վերաքննիչ դատարան է ներկայացվել թղթային տարբերակով: Նշված վճարման անդորրագրում առկա է փաստաթղթի համարը` «6b513ff2-a911-47e4-8ba1-c6accdada24b», վճարման ամսաթիվը` «22.02.2021 թվական», գործարքի գումարի չափը` «10.000», արժույթը` «AMD» (ՀՀ դրամ), գործարքի նպատակը` «թիվ ԵԴ/22327/02/20 քաղ. գործով վերաքննիչ բողոք ներկայացնելու համար», վճարող ընկերության անվանումը` «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԲԸ» (բողոքաբեր), վճարող ընկերության բանկի անվանումը` «Ամերիաբանկ», վճարող ընկերության հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)` «02589581», շահառուի (ստացող) անվանումը` «Պետական գանձապետարան», շահառուի հաշվեհամարը` «900005016010», գործարքն իրականացնող անձի տվյալները, վճարող ընկերության կնիքն ու Կանոնների 14-րդ կետի 5-րդ ենթակետի իմաստով` ստորագրությունը:
i
Վերոգրյալից հետևում է, որ բողոքին կից ներկայացված վճարահաշվարկային փաստաթուղթը պարունակում է Կանոնների 14-րդ կետով սահմանված բոլոր վավերապայմանները, հետևաբար այն հանդիսանում է վճարման փաստը հավաստող պատշաճ ապացույց:
Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի կիրառության հարցին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հոդվածով սահմանված են փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով դատարան ներկայացնելու կարգին վերաբերող դրույթներ, իսկ սույն որոշմամբ քննարկվող դեպքում վերաքննիչ բողոքը և կից փաստաթղթերը, այդ թվում` էլեկտրոնային եղանակով պետական տուրքի վճարումը հավաստող ապացույցը, ներկայացվել են թղթային տարբերակով` փոստային ծառայության միջոցով: Վերոգրյալից հետևում է, որ Ընկերությունը վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելիս շտկել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.03.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ արձանագրված թերությունը` կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կցել է 10.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարումը հավաստող պատշաճ ապացույց:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 14.10.2016 թվականի թիվ 168-Ն որոշմամբ սահմանված կանոնները, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, արդյունքում սխալ է գնահատել պետական տուրքի վճարումը հավաստող ապացույցը` թույլ տալով դատավարական նորմի խախտում: Վերաքննիչ դատարանը, օրենքով սահմանված համապատասխան հիմքի բացակայության պայմաններում մերժելով վերաքննիչ բողոքի ընդունումը, Ընկերությանը զրկել է Դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու իրավունքից, խախտելով բողոքաբերի արդար դատաքննության իրավունքը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.04.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան
Զեկուցող Գ. Հակոբյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Հ. Բեդևյան
Մ. Դրմեյան
Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 11 մարտի 2022 թվական:
Միասնական կայք 08.08.22-21.08.22