Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1-ԻՆ, 17-ՐԴ, 4...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1-ԻՆ, 17-ՐԴ, 41-ՐԴ, 49-ՐԴ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                  Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                           թիվ ԵԴ/10628/02/19

    Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/10628/02/19       2022 թ.

Նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան

    Դատավորներ`        Լ. Գրիգորյան

                       Կ. Չիլինգարյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2022 թվականի մարտի 03-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Քրիստինե Գուրօղլյանի հայցի ընդդեմ Գագիկ Գևորգյանի, երրորդ անձ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հարցերով հանձնաժողովի` ամուսնությունը լուծելու, երեխաների բնակության վայրը որոշելու և ալիմենտ բռնագանձելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.12.2020 թվականի որոշման դեմ Գագիկ Գևորգյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Քրիստինե Գուրօղլյանը պահանջել է լուծել 25.02.2008 թվականին իր և Գագիկ Գևորգյանի միջև գրանցված ամուսնությունը, երեխաների` 18.03.2008 թվականին ծնված Մարինե և 19.11.2015 թվականին ծնված Վիկտորյա Գևորգյանների բնակության վայր որոշել իր բնակության վայրը` Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 3 շենքի 49-րդ բնակարանը, ինչպես նաև Գագիկ Գևորգյանից բռնագանձել կայուն դրամական գումարով ալիմենտ` յուրաքանչյուր ամիս 50.000 ՀՀ դրամի չափով:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Հովսեփյան) (այսուհետ` Դատարան) 30.07.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է` վճռվել է նաև անչափահասներ` Մարինե` ծնված 18.03.2008 թվականին, և Վիկտորյա` ծնված 19.11.2015 թվականին, Գևորգյանների բնակության վայրը սահմանել մոր` Քրիստինե Գուրօղլյանի բնակության վայրը, ինչպես նաև Գագիկ Գևորգյանից հօգուտ Քրիստինե Գուրօղլյանի խնամքին գտնվող երեխաների` Մարինե և Վիկտորյա Գևորգյանների բռնագանձել ալիմենտ` յուրաքանչյուր երեխայի համար ամսական 25.000-ական ՀՀ դրամի չափով, մինչև երեխաների չափահաս դառնալը. ալիմենտի բռնագանձումը սկսել 11.04.2019 թվականից:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.12.2020 թվականի որոշմամբ Գագիկ Գևորգյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 30.07.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գագիկ Գևորգյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Քրիստինե Գուրօղլյանը (ներկայացուցիչ Թագուհի Փիրուզյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 36-րդ և 37-րդ հոդվածները, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 1-ին, 17-րդ, 41-րդ, 49-րդ, 53-րդ, 67-րդ, 68-րդ, 71-րդ և 95-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ, 192-րդ, 203-րդ, 380-րդ և 381-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ալիմենտը բռնագանձվել է սկսած 11.04.2019 թվականից այն դեպքում, երբ երեխաները մինչ օրս գտնվում են իր խնամքին, նրանց խնամքն ու դաստիարակությունն իրականացնում է բացառապես ինքը, որի պարագայում անտրամաբանական է հոր խնամքին գտնվող երեխաների համար նշված ժամանակահատվածում կրկնակի ապրուստի միջոց բռնագանձելու պահանջը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը, երեխայի բնակության վայրը որոշելով մոր մշտական բնակության վայրը, չի պարզել, թե արդյոք երեխային տեղափոխելը իր համար օտար միջավայր և հոր բացակայությունն այդ նոր միջավայրում երեխայի մոտ առաջ չեն բերի սոցիալ-հոգեբանական բարդույթներ, ինչը կարող է պատճառ դառնալ այդ միջավայրին առավել սահուն կերպով սերտաճմանը խոչընդոտելու համար:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի ավագ տեսուչի և ընտանեկան բռնության կանխարգելման բաժնի ավագ օ/լ Ն. Խաչատրյանի, մասնակցությամբ մանկավարժ Անահիտ Իսպիրյանի և հոգեբան Հասմիկ Գրիգորյանի կողմից կազմված տեղեկանքը Դատարան չի ներկայացվել իր կամքից անկախ հանգամանքներում, քանի որ այն կազմվել է միայն 11.08.2020 թվականին, այսինքն` վճռի հրապարակումից հետո, որի պայմաններում Վերաքննիչ դատարանը պարտավոր էր այն գնահատել` ելնելով երեխաների լավագույն շահի բացահայտման դատարանի պոզիտիվ պարտականությունից:

i

Վերաքննիչ դատարանն անտեսել է վերաքննիչ բողոքում ներկայացված այն փաստարկը, որ Դատարանը, խախտելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջը, գործի քննությանը մասնակից չի դարձրել երեխաների բնակության վայրի` Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին:

Վերաքննիչ դատարանը որևէ ձևով չի պատճառաբանել իր դատական ակտը, այլ սոսկ հիմնվելով սխալ եզրահանգումների վրա` կայացրել է արդարադատության շահերից և երեխաների լավագույն շահից չբխող դատական ակտ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.12.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության կամ փոփոխել այն` հայցը` ալիմենտ բռնագանձելու և երեխաների բնակության վայրը մոր բնակության վայրով որոշելու պահանջների մասերով, մերժել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Ծնողների բնակության վայրը իրարից մինչև 10-15 կմ է, հետևաբար զուտ բնակության վայրի փոփոխությունը որևէ ազդեցություն չի ունենա, իսկ 18.03.2008 թվականին ծնված Մարինե Գևորգյանը շուտով տեղափոխվելու է ավագ դպրոց և շատ հավանական է, որ նրա դպրոցը լինի Երևանում, իսկ եթե պատասխանողը գտնում է, որ իր կողմից միայն վկայակոչված հանգամանքը հաստատապես ազդեցություն է ունենալու, ապա վերջինս պետք է ապացուցեր այդ փաստը, սակայն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, թե տվյալ հանգամանքը բացասաբար է ազդելու, իսկ միայն բողոք բերող անձի ենթադրությունը, որի մասին նա երբևիցե չի բարձրաձայնել, դատական ակտի բեկանման հիմք չէ:

Վճռաբեկ բողոքի նշված հիմքը վերաբերում է միայն Մարինե Գևորգյանի բնակության վայրը մոր բնակության վայրով սահմանելու մասով Դատարանի կողմից ենթադրյալ խախտում թույլ տված լինելուն, հետևաբար «Գևորգյանի Մարինե Գագիկի Գևորգյանի» /ենթադրաբար կողմը նկատի է ունեցել մյուս երեխային` Վիկտորյա Գևորգյանին/ բնակության վայրը մոր բնակության վայրով որոշելու մասով դատական ակտը բեկանելու պահանջն անհիմն է:

Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հարցերով հանձնաժողովի կողմից 25.10.2019 թվականին տրված եզրակացության մեջ որևէ նշում չկա այն մասին, որ երեխայի բնակության վայրը պետք է սահմանել հոր բնակության վայրով, և որ դա բխում է երեխայի լավագույն շահերից: Գործի քննության ընթացքում հաստատված է համարվել այն փաստը, որ երեխաների խնամքով զբաղվելու է տատիկը: Տվյալ փաստը չի վիճարկվել ոչ վերաքննիչ բողոքում, ոչ էլ վճռաբեկ բողոքում, հետևաբար այն պետք է ընդունվի հիմք: Այսինքն` ակնհայտ է, որ հայրը չի իրականացնում երեխաների խնամքը, հետևաբար հիմնավոր է Վերաքննիչ դատարանի այն դիտողությունը, որ երեխաների լավագույն շահից է բխում, որ նրանց խնամքով և դաստիարակությամբ զբաղվի մայրը, ոչ թե հայրական տատիկը:

Պատասխանողն ընտանեկան բռնություն է գործադրել իր նկատմամբ և դրսևորել է ագրեսիվ վերաբերմունք իր նկատմամբ, պատասխանողն ունակ է բռնության և նման վերաբերմունքի կրկնությունը բացառված չէ, այդ թվում` երեխաների նկատմամբ, ինչը դատական նիստում հաստատվեց, որ երեխաները վախենում են հորից:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Աշտարակի տարածքային բաժնի կողմից 20.03.2008 թվականին տրված թիվ ԱԱ210272 ծննդյան վկայականի համաձայն` 18.03.2008 թվականին ծնված Մարինե Գևորգյանի ծնողներն են Գագիկ Գևորգյանը և Քրիստինե Գուրօղլյանը (հատոր 1-ին, գ.թ. 12).

2) Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Աշտարակի տարածքային բաժնի կողմից 25.03.2019 թվականին տրված թիվ ԲԱ098611 ծննդյան վկայականի համաձայն` 19.11.2015 թվականին ծնված Վիկտորյա Գևորգյանի ծնողներն են Գագիկ Գևորգյանը և Քրիստինե Գուրօղլյանը (հատոր 1-ին, գ.թ. 13).

3) Քրիստինե Գուրօղլյանը 11.04.2019 թվականին հայց է ներկայացրել Դատարան` պահանջելով նաև երեխաների` 18.03.2008 թվականին ծնված Մարինե և 19.11.2015 թվականին ծնված Վիկտորյա Գևորգյանների բնակության վայր որոշել իր բնակության վայրը` Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 3 շենքի 49-րդ բնակարանը, ինչպես նաև Գագիկ Գևորգյանից բռնագանձել կայուն դրամական գումարով ալիմենտ` յուրաքանչյուր ամիս 50.000 ՀՀ դրամի չափով: Հայցադիմումում Քրիստինե Գուրօղլյանը նշել է, որ ինքը ներկայումս փոքր դստեր` Վիկտորյա Գևորգյանի հետ բնակվում է մոր կողմից վարձակալված բնակարանում` ք. Երևան, Մամիկոնյանց 3, բնակարան 49 հասցեում (հատոր 1-ին, գ.թ. 7-9).

4) հայցադիմումը Դատարան ներկայացնելուց հետո` 30.04.2019 թվականին, Քրիստինե Գուրօղլյանը դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժին, որում նշել է նաև, որ 19.04.2019 թվականին ինքն իր կրտսեր դստեր հետ զբոսնել է, որի ժամանակ Գագիկ Գևորգյանը, հրելով իր մորը և քաշքշելով երեխային, վերջինիս տարել է իր մոտ. խնդրում է աջակցել իրեն տեսակցելու իր ավագ դստերը և հետ վերցնելու փոքր դստերը (հատոր 1-ին, գ.թ. 51).

5) 27.05.2019 թվականին Քրիստինե Գուրօղլյանի ներկայացուցիչը հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդություններ է ներկայացրել Դատարան` խնդրելով արգելել Գագիկ Գևորգյանին խոչընդոտել Քրիստինե Գուրօղլյանին իր երեխաների հետ շփմանը և մինչև սույն գործով վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելը երեխաներին Հայաստանի տարածքից դուրս տանել` սահմանելով Քրիստինե Գուրօղլյանի և երեխաների տեսակցության միջանկյալ կարգ (հատոր 1-ին, գ.թ. 28, 29, 37).

6) Դատարանի 29.05.2019 թվականի որոշմամբ Քրիստինե Գուրօղլյանի ներկայացուցչի միջնորդությունը բավարարվել է` Գագիկ Գևորգյանին արգելվել է խոչընդոտել Քրիստինե Գուրօղլյանին երեխաներին տեսակցելը և մինչև հարցի վերջնական լուծումը Հայաստանի Հանրապետության տարածքից երեխաներին դուրս տանել, ինչպես նաև Քրիստինե Գուրօղլյանի համար սահմանվել է երեխաների տեսակցության միջանկյալ կարգ գիշերակացով` յուրաքանչյուր շաբաթվա երեքշաբթի օրվա ժամը 10.00-ից մինչև չորեքշաբթի օրվա ժամը 20.00-ն, առանց հոր ներկայության, մոր բնակության վայրում (հատոր 1-ին, գ.թ. 38-40).

7) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արագածոտնի բաժնի հարկադիր կատարողի կողմից 25.06.2019 թվականին կազմված տեսակցության վերաբերյալ արձանագրության համաձայն` այդ օրը հարկադիր կատարողը եղել է ք. Աշտարակ, Արարատյան փողոցի թիվ 28 հասցեի տանը, որտեղ ապրել են Մարինե և Վիկտորյա Գևորգյանները, տեսակցությունը պետք է իրականացվեր բնակության վայրում, գիշերակացով, սակայն երեխաներից Մարինե Գևորգյանը հրաժարվել է գնալ մոր հետ` պատճառաբանելով, որ չի ցանկանում (հատոր 1-ին, գ.թ. 52).

8) նույն հարկադիր կատարողի կողմից 02.07.2019 թվականին կազմված արձանագրության համաձայն` այդ օրը վերջինս եղել է ք. Աշտարակ, Արարատյան փողոցի թիվ 28 հասցեի տանը, որտեղ ապրել են Մարինե և Վիկտորյա Գևորգյանները, տեսակցությունը պետք է իրականացվեր մոր բնակության վայրում, երեխաներից Մարինե Գևորգյանը դուրս չեկավ տանից, իսկ Վիկտորյա Գևորգյանը գնաց մոր հետ (հատոր 1-ին, գ.թ. 53).

9) Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հարցերով հանձնաժողովի կողմից 25.10.2019 թվականին կազմված եզրակացության մեջ նշվել է, որ անչափահասների ծնողները 2019 թվականի մարտ ամսից բնակվում են անջատ, երեխաները բնակվում են հոր հետ` քաղաք Աշտարակում, իսկ Քրիստինե Գուրօղլյանը բնակվում է Երևան քաղաքում: Հանձնաժողովը նպատակահարմար չի գտել, որ անչափահաս Մարինե Գևորգյանը` ծնված 18.03.2008 թվականին, բնակվի մոր հետ, սակայն համարում է, որ անչափահաս Վիկտորյա Գևորգյանի` ծնված 19.11.2015 թվականին, շահերից է բխում բնակվել մոր` Քրիստինե Գուրօղլյանի հետ (հատոր 2-րդ, գ.թ. 16, 17).

10) «Ժեստ» հոգեբանական խորհրդատվության և մանկան զարգացման կենտրոնի տնօրեն Մ. Մեհրաբյանի, մանկավարժ-հոգեբաններ և իրավաբանական-հոգեբաններ Ա. Մեհրաբյանի ու Լ. Գրիգորյանի կողմից 25.06.2020 թվականին տրված մասնագիտական կարծիքի համաձայն` անչափահաս Մարինե և Վիկտորյա Գևորգյանների` իրենց մոր` Քրիստինե Գուրօղլյանի հետ հանդիպումների չկայանալը պայմանավորված չէ երեխաների ցանկության բացակայությամբ, այլ այն մեղադրական վերաբերմունքով, որը երեխաներին փոխանցում են մեծահասակները, մասնավորապես` հայրական տատիկը: Հաջորդիվ հանդիպումներից երեխաների հայրը հրաժարվել է, որը խոսում է այն մասին, որ երեխաների հետ բնակվող մեծահասակները չեն ցանկանում առկա խնդրին լուծում տալ (հատոր 2-րդ, գ.թ. 101, 102).

11) Դատարանի 30.07.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է` վճռվել է նաև անչափահասներ` Մարինե` ծնված 18.03.2008 թվականին, և Վիկտորյա` ծնված 19.11.2015 թվականին, Գևորգյանների բնակության վայրը սահմանել մոր` Քրիստինե Գուրօղլյանի, բնակության վայրը, Գագիկ Գևորգյանից հօգուտ Քրիստինե Գուրօղլյանի խնամքին գտնվող երեխաների` Մարինե և Վիկտորյա Գևորգյանների բռնագանձել ալիմենտ` յուրաքանչյուր երեխայի համար ամսական 25.000-ական ՀՀ դրամի չափով, մինչև երեխաների չափահաս դառնալը. ալիմենտի բռնագանձումը սկսել 11.04.2019 թվականից (հատոր 2-րդ, գ.թ. 130-149).

12) Բողոք բերած անձը վերաքննիչ բողոքին կից որպես նոր ապացույցներ ներկայացրել է ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ավագ օպերլիազորի կողմից 11.08.2020 թվականին կազմված տեղեկանքն ու 25.08.2020 թվականին կայացված «Քրեական գործի հարուցումը մերժելու մասին» որոշումը` նշելով, որ դրանք չի ներկայացրել գործի քննության ժամանակ իրենից անկախ պատճառներով (հատոր 3-րդ, գ.թ. 15ա,16):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 68-րդ և 95-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ`

1. գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գործում առկա յուրաքանչյուր ապացույցի անմիջական գնահատման արդյունքում երեխայի բնակության վայրը որոշելիս նրա լավագույն շահերի բովանդակության մեջ ընդգրկվող յուրաքանչյուր չափանիշի բացահայտմանը,

2. երեխայի համար վճարվող ալիմենտի բռնագանձման հաշվարկի սկիզբը որոշելու առանձնահատկություններին` վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները:

 

i

1. ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշվում է ծնողների համաձայնությամբ: Համաձայնության բացակայության դեպքում ծնողների միջև վեճը լուծում է դատարանը` ելնելով երեխաների շահերից և հաշվի առնելով երեխայի կարծիքը: Ընդ որում, դատարանը հաշվի է առնում երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ, երեխայի տարիքը, ծնողների բարոյական և անձնական այլ հատկանիշներ, ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները, երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողների գործունեության (աշխատանքի) բնույթը, նրանց գույքային ու ընտանեկան դրությունը և այլն):

i

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը երեխաների խնամքի և դաստիարակության հետ կապված վեճերը քննելիս գործին պետք է մասնակից դարձնի խնամակալության և հոգաբարձության մարմնին, անկախ նրանից, թե ով է ներկայացրել երեխայի պաշտպանության մասին հայց:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է անցկացնել երեխայի և այն անձի (անձանց) կյանքի պայմանների հետազոտություն, որը (որոնք) հավակնում է (են) երեխայի խնամքի և դաստիարակության կազմակերպմանը և դատարան ներկայացնել հետազոտության ակտն ու դրա հիման վրա վեճի էության մասին եզրակացությունը, (...):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատարանները երեխայի իրավունքները շոշափող ցանկացած գործ քննելիս առաջնայնությունը պետք է տան երեխայի շահերի առավել ապահովմանը (տե՛ս Անի Մարտիրոսյանն ընդդեմ Գուրգեն Խալաթյանի թիվ ԵԱՔԴ/0474/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.03.2012 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում գտել է, որ ծնողների` միմյանցից առանձին ապրելու և երեխաների բնակության վայրի շուրջ ծնողների համաձայնության բացակայության դեպքում երեխաների բնակության վայրը որոշելիս դատարանը պետք է համեմատական գնահատական տա և պատճառաբանի, թե որ ծնողի հետ բնակվելն է բխում երեխայի շահերից և նպաստում երեխայի դաստիարակությանն ու զարգացմանը (տե՛ս Արա Միրզախանյանն ընդդեմ Դիանա Խաչատրյանի թիվ 3-432(ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է նաև, որ ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշելիս դատարանը յուրաքանչյուր կոնկրետ գործով պետք է ելնի երեխայի լավագույն շահերից` այն գնահատելիս որպես հիմք ընդունելով օրենսդրորեն սահմանված հետևյալ պայմանները.

1) երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ,

2) երեխայի տարիքը,

3) ծնողների բարոյական և անձնական այլ հատկանիշները,

4) ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները,

5) երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողների գործունեության (աշխատանքի) բնույթը, նրանց գույքային ու ընտանեկան դրությունը և այլն):

i

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ երեխայի բնակության վայրը որոշելու հայցապահանջի հիման վրա հարուցված գործեր քննելիս դատարանը կարող է բացահայտել երեխայի լավագույն շահերը` հիմք ընդունելով ոչ միայն երեխայի լավագույն շահերը որոշելու օրենսդրորեն կանխորոշված վերոգրյալ չափանիշները, այլ նաև տվյալ գործով դատարան ներկայացված և դատարանին հայտնի այլ պայմաններ: Ընդ որում, երեխայի բնակության վայրը որոշելիս երեխայի լավագույն շահերի բովանդակության մեջ ընդգրկվող յուրաքանչյուր չափանիշի բացահայտման հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գործում առկա յուրաքանչյուր ապացույցի անմիջական գնահատման արդյունքում: Այլ կերպ ասած` երեխայի բնակության վայրը որոշելիս երեխայի լավագույն շահերի բովանդակության մեջ ընդգրկվող յուրաքանչյուր չափանիշի առկայության կամ բացակայության մասին դատարանի դիրքորոշումը պետք է ձևավորվի գործով ձեռք բերված բոլոր թույլատրելի և վերաբերելի ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման արդյունքում` հաշվի առնելով ապացույցների համակցությունը և փոխադարձ կապը, ինչպես նաև դատարանի ներքին համոզմունքը (տե՛ս Աննա Ասատրյանն ընդդեմ Դավիթ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0124/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով երեխայի` դատարանում լսված լինելու իրավունքի իրացման առանձնահատկություններին վերջինիս բնակության վայրը որոշելու իրավակարգավորման համատեքստում, արձանագրել է, որ երեխայի բնակության վայրը որոշելու իրավակարգավորման համատեքստում մինչև տասը տարեկան երեխայի կարծիքը պարտադիր չէ դատարանի համար, և վերոնշյալ խնդիրը լուծելիս դատարանը պետք է ելնի կոնկրետ գործի հանգամանքներից, երեխայի տարիքից և հասունության մակարդակից և առաջնորդվի երեխայի լավագույն շահերով` ապահովելով «երեխայի լավագույն շահերի» բովանդակությունը կազմող անհրաժեշտ պայմանների առկայությունը (տե՛ս Նարինե Մելքոնյանն ընդդեմ Ալբերտ Ալավերդյանի թիվ ԵԴ/1057/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.10.2019 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` 18.03.2008 թվականին ծնված Մարինե Գևորգյանը և 19.11.2015 թվականին ծնված Վիկտորյա Գևորգյանը բնակվում են հոր` Գագիկ Գևորգյանի հետ: Երեխաների մայրը` Քրիստինե Գյուրօղլյանը, դիմել է դատարան` պահանջելով լուծել 25.02.2008 թվականին իր և Գագիկ Գևորգյանի միջև գրանցված ամուսնությունը, երեխաների` 18.03.2008 թվականին ծնված Մարինե և 19.11.2015 թվականին ծնված Վիկտորյա Գևորգյանների բնակության վայր որոշել իր բնակության վայրը` Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 3 շենքի 49-րդ բնակարանը, ինչպես նաև Գագիկ Գևորգյանից բռնագանձել կայուն դրամական գումարով ալիմենտ` յուրաքանչյուր ամիս 50.000 ՀՀ դրամի չափով:

Երևանի քաղաքի Արաբկիր վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հարցերով հանձնաժողովի կողմից 25.10.2019 թվականին կազմված եզրակացության մեջ նշվել է, որ անչափահասների ծնողները 2019 թվականի մարտ ամսից բնակվում են անջատ, երեխաները բնակվում են հոր հետ` քաղաք Աշտարակում, իսկ Քրիստինե Գուրօղլյանը բնակվում է Երևան քաղաքում: Հանձնաժողովը նպատակահարմար չի գտել, որ անչափահաս Մարինե Գևորգյանը` ծնված 18.03.2008 թվականին, բնակվի մոր հետ, սակայն համարում է, որ անչափահաս Վիկտորյա Գևորգյանի` ծնված 19.11.2015 թվականին, շահերից է բխում բնակվել մոր` Քրիստինե Գուրօղլյանի հետ:

«Ժեստ» հոգեբանական խորհրդատվության և մանկան զարգացման կենտրոնի տնօրեն Մ. Մեհրաբյանի, մանկավարժ-հոգեբաններ և իրավաբանական-հոգեբաններ Ա. Մեհրաբյանի ու Լ. Գրիգորյանի կողմից 25.06.2020 թվականին տրված մասնագիտական կարծիքի համաձայն` անչափահաս Մարինե և Վիկտորյա Գևորգյանների` մայր Քրիստինե Գուրօղլյանի հետ հանդիպումների չկայանալը պայմանավորված չէ երեխաների ցանկության բացակայությամբ, այլ այն մեղադրական վերաբերմունքով, որը երեխաներին փոխանցում են մեծահասակները, մասնավորապես` հայրական տատիկը: Հաջորդիվ հանդիպումներից երեխաների հայրը հրաժարվել է, որը խոսում է այն մասին, որ երեխաների հետ բնակվող մեծահասակները չեն ցանկանում առկա խնդրին լուծում տալ:

Դատարանի 30.07.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է` նաև վճռվել է լուծել 25.02.2008 թվականին Գագիկ Գևորգյանի և Քրիստինե Գյուրօղլյանի միջև գրանցված ամուսնությունը, անչափահասներ` Մարինե ու Վիկտորյա Գևորգյանների բնակության վայրը սահմանել մոր` Քրիստինե Գուրօղլյանի բնակության վայրը:

Վերաքննիչ դատարանի 28.12.2020 թվականի որոշմամբ Գագիկ Գևորգյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 30.07.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ երեխայի բնակության վայրը որոշելու իրավակարգավորման համատեքստում ՀՀ ընտանեկան օրենսգրքի 44-րդ հոդվածի համաձայն` թեկուզև երեխան իրավունք ունի իր իրավունքներն ու շահերը շոշափող ցանկացած հարց լուծելիս ունկնդիր լինելու հարցի քննությանը և արտահայտելու սեփական կարծիքը դատական մարմիններում, ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում, և տասը տարին լրացած երեխայի կարծիքը հաշվի առնելը պարտադիր է նաև ծնողներից որևէ մեկի հետ ապրելու դեպքերում, սակայն վերոնշյալ խնդիրը լուծելիս դատարանը երեխայի` իր ծնողի հետ ապրելու ցանկություն չունենալու վերաբերյալ կարծիքը հաշվի առնելու պայմաններում ևս պետք է առաջնորդվի երեխայի լավագույն շահերով` ապահովելով «երեխայի լավագույն շահերի» բովանդակությունը կազմող անհրաժեշտ պայմանների առկայությունը, որպիսի հանգամանքով առաջնորդվել են Դատարանը և Վերաքննիչ դատարանը: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ` սույն գործով ստորադաս դատարանները, ելնելով երեխաների լավագույն շահերից և հաշվի առնելով նաև երեխաներից Վիկտորյա Գևորգյանի կապվածությունը մոր հետ, երեխաների սեռը, տարիքը, նրանց դաստիարակության ու զարգացման համար մոր կողմից համապատասխան պայմաններ ստեղծելու հնարավորությունը, հետազոտելով գործով ձեռք բերված բոլոր ապացույցները, իրավաչափ եզրահանգման են եկել և երեխաների բնակության վայրը սահմանել են մոր բնակության վայրը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքերը` կապված երեխաների բնակության վայրը որոշելիս Վերաքննիչ դատարանի կողմից նյութական և դատավարական իրավունքի համապատասխան նորմերի խախտումներ թույլ տալու հետ, անհիմն են:

Վերոնշյալ պատճառաբանություններով հիմնավորվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

i

2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) գործողության ժամանակ ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տե՛ս «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

i

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետում և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասում օրենսդիրը սահմանել է համանման ու հավասարազոր իրավական կարգավորումներ, որի պայմաններում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված վերը նշված իրավական դիրքորոշումները հավասարապես կիրառելի են նաև ներկայումս գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի նկատմամբ:

i

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սխալ է գնահատել ապացույցները, քանի որ վերջինիս եզրակացությունն այն մասին, որ ալիմենտի բռնագանձումը դատարան դիմելու պահից սահմանելը կարգավորված է օրենքով, և Դատարանը ալիմենտի բռնագանձումը սահմանել է դատարան դիմելու պահից` առաջնորդվելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով, չի հանդիսանում գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը: Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է գործում առկա ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակմամբ` դրանց համակցությամբ և փոխադարձ կապով:

Այսպես`

i

ՀՀ Սահմանադրության 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին:

i

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 27-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ծնողը(ները) կամ երեխայի համար պատասխանատու այլ անձինք, իրենց կարողությունների և ֆինանսական հնարավորությունների շրջանակներում կրում են երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններն ապահովելու հիմնական պատասխանատվությունը:

i

«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք: Երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման հարցում հիմնական պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները: (...):

i

Նույն օրենքի 14-րդ հոդվածի համաձայն` երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների հիմնական պարտականություններից է: (...)

i

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին մասի ուժով երեխան ունի իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության իրավունք. երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացնում են նրա ծնողները (օրինական ներկայացուցիչները):

i

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողները պարտավոր են պահել իրենց երեխաներին: Երեխաներին ապրուստի միջոց տրամադրելու կարգն ու պայմանները ծնողները որոշում են ինքնուրույն: Ծնողները կարող են համաձայնություն կնքել իրենց երեխաներին պահելու մասին (ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնություն)` նույն օրենսգրքի 15-րդ գլխին համապատասխան:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե ծնողները ապրուստի միջոց չեն տրամադրում իրենց երեխաներին, ապա վերջիններիս պահելու համար միջոցները (ալիմենտը) ծնողներից բռնագանձվում են դատական կարգով:

i

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերության համաձայն` ծնողների միջև երեխաների համար ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում դատարանն իրավունք ունի բռնագանձվող ալիմենտի ամենամսյա չափը սահմանելու կայուն դրամական գումարով կամ միաժամանակ և՛ դրամական կայուն գումարով, և՛ բաժիններով:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` կայուն դրամական գումարի չափը որոշում է դատարանը` ելնելով երեխայի նախկին կենսաապահովման մակարդակի առավելագույն պահպանման հնարավորությունից` հաշվի առնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունը և ուշադրության արժանի շահերը:

i

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ալիմենտ հատկացվում է դատարան դիմելու պահից: Անցած ժամանակահատվածի համար ալիմենտ կարող է բռնագանձվել դատարան դիմելու պահին նախորդող երեք տարվա համար, եթե դատարանով հաստատվել է, որ մինչև դատարան դիմելը միջոցներ են ձեռնարկվել ապրուստի միջոց ստանալու համար, բայց ալիմենտը չի ստացվել ալիմենտ վճարելու պարտավոր անձի կողմից դա վճարելուց խուսափելու հետևանքով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վկայակոչված իրավական նորմերի վերլուծությանը, արձանագրել է, որ ծնողների սահմանադրական պարտականությունն է հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին, ինչն անվերապահորեն ներառում է երեխայի համար ապրուստի միջոց տրամադրելու պարտականությունը: Ալիմենտն անչափահաս երեխայի համար յուրաքանչյուր ամիս վճարվող ապրուստի միջոց է: Այսինքն` պետությունը, երաշխավորելով երեխաների ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունքը, ի ապահովումն նշված իրավունքի երեխայի ծնողների համար սահմանել է իրենց երեխաներին պահելու պարտականություն: Նշվածը ենթադրում է, որ ծնողներն այն սուբյեկտներն են, որոնք անմիջականորեն կրում են իրենց երեխաներին պահելու պարտականություն, այդ թվում նաև` վերջիններիս պահելու համար միջոցներ (ալիմենտ) տրամադրելու միջոցով: Ընդ որում, եթե ծնողները ապրուստի միջոց չեն տրամադրում իրենց երեխաներին, ապա վերջիններիս պահելու համար միջոցները (ալիմենտը) ծնողներից կարող են բռնագանձվել դատական կարգով:

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ալիմենտը, որպես կանոն, բռնագանձվում է դատարան դիմելու պահից, իսկ եթե ալիմենտ հայցողն ապացուցում է, որ մինչև դատարան դիմելը միջոցներ է ձեռնարկել ապրուստի միջոց ստանալու համար, բայց ալիմենտը չի ստացել ալիմենտ վճարելու պարտավոր անձի կողմից դա վճարելուց խուսափելու հետևանքով, ապա միայն այդ պարագայում կարող է դատարանն ալիմենտը բռնագանձել նաև դատարան դիմելու պահին նախորդող երեք տարվա համար:

Ամփոփելով վերոգրյալը` ՀՀ վճռաբեկ դատարանը եզրակացրել է, որ օրենսդիրը, որպես սկզբունք, ալիմենտի բռնագանձման հաշվարկի սկիզբը պայմանավորել է ալիմենտ հայցողի` դատարան դիմելու պահով` ղեկավարվելով այն կանխավարկածով, որ ալիմենտի բռնագանձման պահանջ ներկայացված չլինելը վկայում է ալիմենտ վճարելու վերաբերյալ ծնողների միջև առկա համաձայնության մասին, եթե այլ բան ապացուցված չէ:

Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ հնարավոր են դեպքեր, երբ դատարան դիմելու պահից մինչև դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելը երեխան շարունակում է փաստացի բնակվել այն ծնողի հետ, որից ակնկալվում է երեխայի համար ապրուստի միջոց` ալիմենտ, բռնագանձել այն դեպքում, երբ դատական կարգով երեխայի բնակության վայր կորոշվի ալիմենտ հայցող ծնողի բնակության վայրը: Այսինքն` ենթադրվում է, որ մինչև համապատասխան դատական ակտ կայացնելը և այն օրինական ուժի մեջ մտնելը, երեխայի հետ փաստացի բնակվող ծնողն ապահովում է երեխայի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունքը, այն է` կամովին տրամադրում է երեխայի ապրուստի միջոցը:

i

Դրանից ելնելով` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ բոլոր այն դեպքերում, երբ երեխայի բնակության վայրը դատական կարգով որոշվում է դատարան դիմելու պահին երեխայի հետ փաստացի չբնակվող ծնողի բնակության վայրը, երեխայի համար վճարվող ալիմենտի` ապրուստավճարի գանձման սկիզբ պետք է սահմանել դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը` պայմանավորված երեխայի լավագույն շահով և ծնողի` երեխայի մասին հոգ տանելու շարունակվող պարտականության կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ (տե՛ս Նաիրա Նարգիզյանն ընդդեմ Լևոն Մեսրոպյանի թիվ ԵԴ/9354/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.04.2021 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Քրիստինե Գուրօղլյանը հայց է ներկայացրել Դատարան` պահանջելով նաև երեխաների` 18.03.2008 թվականին ծնված Մարինե և 19.11.2015 թվականին ծնված Վիկտորյա Գևորգյանների բնակության վայր որոշել իր բնակության վայրը` Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 3 շենքի 49-րդ բնակարանը, ինչպես նաև Գագիկ Գևորգյանից բռնագանձել կայուն դրամական գումարով ալիմենտ` յուրաքանչյուր ամիս 50.000 ՀՀ դրամի չափով:

Գագիկ Գևորգյանը դիրքորոշում է հայտնել նաև այն մասին, որ երեխաները բնակվում են իր հետ և գտնվում են իր ու իր մոր խնամքին:

Դատարանը 30.07.2020 թվականի վճռով հայցը բավարարել է` վճռելով նաև Գագիկ Գևորգյանից հօգուտ Քրիստինե Գուրօղլյանի խնամքին գտնվող երեխաների` Մարինե և Վիկտորյա Գևորգյանների բռնագանձել ալիմենտ` յուրաքանչյուր երեխայի համար ամսական 25.000-ական ՀՀ դրամի չափով, մինչև երեխաների չափահաս դառնալը` ալիմենտի բռնագանձումը սկսել 11.04.2019 թվականից:

Նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Գագիկ Գևորգյանը` վերաքննիչ բողոքում նշելով նաև, որ ինչպես մինչև հայցադիմումը Դատարան ներկայացնելը, այնպես էլ դրանից հետո երեխաները գտնվել են իր խնամքին, որպիսի պայմաններում անտրամաբանական է նշված ժամանակահատվածի համար իրենից կրկնակի ապրուստի միջոց բռնագանձելը:

i

Վերաքննիչ դատարանը 28.12.2020 թվականի որոշմամբ Գագիկ Գևորգյանի վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի 30.07.2020 թվականի վճիռը թողել է անփոփոխ նաև այն պատճառաբանությամբ, որ «սույն գործով հայցվորը դատարան է դիմել 11.04.2019 թվականին, Դատարանը, բավարարելով երեխաների բնակության վայրը մոր բնակության վայրով որոշելու պահանջը, բավարարել է նաև ալիմենտ բռնագանձելու պահանջը` արձանագրելով, որ ալիմենտի բռնագանձումը /պետք է/ սկսել 11.04.2019 թվականից: Ալիմենտի բռնագանձումը դատարան դիմելու պահից սահմանելը կարգավորված է օրենքով: Դատարանը, առաջնորդվելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով, ալիմենտի բռնագանձումը սահմանել է դատարան դիմելու պահից: Հետևաբար բողոք բերողի առաջին փաստարկն անհիմն է և ենթակա է մերժման»:

Վերը նշված դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը վերաքննիչ բողոքի նշված հիմքն անհիմն համարելու մասին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն անհիմն է և չի կարող հիմք հանդիսանալ վերաքննիչ բողոքն այդ հիմքով մերժելու համար, քանի որ տվյալ դեպքում սույն գործով առկա են այնպիսի փաստական տվյալներ, որոնց համաձայն` Դատարան դիմելու պահին երեխաներից Մարինե Գևորգյանը շարունակել է փաստացի բնակվել Գագիկ Գևորգյանի հետ, իսկ Վիկտորյա Գևորգյանը թեկուզև Դատարան դիմելու պահին, հայցվորի դիրքորոշման համաձայն, փաստացի բնակվել է Քրիստինե Գուրօղլյանի հետ, սակայն 19.04.2019 թվականից բնակվել է Գագիկ Գևորգյանի հետ. վերջինիս հետ է բնակվել նաև 25.06.2019 թվականին և 02.07.2019 թվականին, երբ ի կատարումն կիրառված հայցի ապահովման միջոցի` հարկադիր կատարողի կողմից տեսակցություն կազմակերպելու նպատակով վերջինս այցելել է Գագիկ Գևորգյանի բնակության վայրը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մարինե Գևորգյանին պահելու համար Գագիկ Գևորգյանից չէր կարող ալիմենտ բռնագանձվել Դատարան դիմելու պահից. նույն պահից ալիմենտ չէր կարող բռնագանձվել նաև Վիկտորյա Գևորգյանին պահելու համար: Վերը նշված դիրքորոշումների համաձայն, նկատի ունենալով այն, որ դատական կարգով երեխաների բնակության վայր է որոշվել դատարան դիմելու պահին երեխաների հետ փաստացի չբնակվող ծնողի` Քրիստինե Գուրօղլյանի բնակության վայրը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այս դեպքում երեխաների համար վճարվող ալիմենտի գանձման սկիզբ պետք է սահմանել սույն գործով Դատարանի դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրը:

3. Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վճռաբեկ բողոքի այն հիմքերին, որ`

1) Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի ավագ տեսուչի և ընտանեկան բռնության կանխարգելման բաժնի ավագ օ/լ Ն. Խաչատրյանի, մասնակցությամբ մանկավարժ Անահիտ Իսպիրյանի և հոգեբան Հասմիկ Գրիգորյանի կողմից կազմված տեղեկանքը Դատարան չի ներկայացվել իր կամքից անկախ հանգամանքներում, քանի որ այն կազմվել է միայն 11.08.2020 թվականին, այսինքն` վճռի հրապարակումից հետո, որի պայմաններում Վերաքննիչ դատարանը պարտավոր էր այն գնահատել` ելնելով երեխաների լավագույն շահի բացահայտման դատարանի պոզիտիվ պարտականությունից,

2) Վերաքննիչ դատարանն անտեսել է վերաքննիչ բողոքում ներկայացված այն փաստարկը, որ Դատարանը, խախտելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջը, գործի քննությանը մասնակից չի դարձրել երեխաների բնակության վայրի` Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին,

արձանագրում է հետևյալը.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 378-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ դատարանն իրավունք չունի նոր ապացույց ընդունելու և բողոքը քննելիս հիմնվում է միայն այն ապացույցների վրա, որոնք ներկայացվել են առաջին ատյանի դատարան, բացառությամբ այն դեպքերի, երբ գործին մասնակցող անձը վերաքննիչ բողոքում հիմնավորում է, որ վերաքննիչ դատարան ներկայացված նոր ապացույցն իր կամքից անկախ հանգամանքներում չի ներկայացվել առաջին ատյանի դատարան:

i

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն ապացույցը չի կարող համարվել առաջին ատյանի դատարանում գործին մասնակցող անձի կամքից անկախ հանգամանքներում չներկայացված, եթե առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ այն գոյություն չի ունեցել կամ գործին մասնակցող անձի տիրապետման տակ չի եղել, սակայն գործին մասնակցող անձը այն ձեռք բերելու և առաջին ատյանի դատարան ներկայացնելու կամ սույն օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված կարգով պահանջելու հնարավորություն է ունեցել:

i

Վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, անդրադարձել է վերաքննիչ դատարանի կողմից նոր ապացույց ընդունելու նախադրյալներին և գտել, որ վերաքննիչ դատարանն իրավասու չէ նոր ապացույց ընդունելու, բացառությամբ այն դեպքի, երբ կողմերի կողմից ներկայացված նոր ապացույցն առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ չի ներկայացվել նրանց կամքից անկախ հանգամանքներով: Ընդ որում, ապացույցը պետք է էական նշանակություն ունենա գործի լուծման համար: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում նոր ապացույցը պետք է օբյեկտիվորեն առկա լինի, սակայն կողմերի կամքից անկախ պատճառներով գործի քննության ընթացքում չներկայացվի (...) (տե՛ս Պայծառ Խաչատրյանը, Հակոբ Խաչատրյանի իրավահաջորդներ Անահիտ Պետրոսյանը, Սյուզի Գրիգորյանը, Նարեկ և Էժենի Խաչատրյաններն ընդդեմ Երվանդ Խաչատրյանի իրավահաջորդ Քրիստինե Խաչատրյանի, ՀՀ նոտարական պալատի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ԵԷԴ/2720/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.03.2021 թվականի որոշումը):

i

Սույն գործով բողոք բերած անձի կողմից Վերաքննիչ դատարան ներկայացված` 11.08.2020 թվականին կազմված տեղեկանքը և «Քրեական գործի հարուցումը մերժելու մասին» 25.08.2020 թվականին կայացված որոշումը օբյեկտիվորեն գոյություն չեն ունեցել Դատարանում գործի քննության ընթացքում և կազմվել են միայն վճռի հրապարակումից` 30.07.2020 թվականից հետո, հետևաբար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 378-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն չեն կարող ընդունվել և ուսումնասիրվել որպես նոր ապացույցներ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական ակտը բեկանում է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերով:

i

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանն անդրադառնում է վերաքննիչ բողոքի հիմքին և դրա հիմնավորումներին, եթե բողոք բերած անձը տվյալ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:

i

Նախկինում կայացված իր որոշումներից մեկով անդրադառնալով Նախկին օրենսգրքի` վերաքննության սահմանների վերաբերյալ կարգավորումներին` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը, գործին մասնակցող անձանց վերապահելով առաջին ատյանի դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու իրավունք, միաժամանակ սահմանել է, որ վերաքննիչ բողոքը ենթակա չէ քննության, եթե բողոք բերած անձը բողոքում արտահայտած իր դիրքորոշման մասին չի հայտնել առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Ընդ որում, բացառություն է դիտել այն դեպքը, երբ բողոք բերած անձի համար անհնարին է եղել հայտնել վերաքննիչ բողոքում բերած դիրքորոշումը: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ Նախկին օրենսգրքով նախատեսված կարգավորումը կոչված է ապահովելու գործի քննության այնպիսի պայմաններ, որ կողմը, առաջին ատյանի դատարանում նախապատրաստելով իր դատական պաշտպանությունը, դատարան ներկայացնի հայցի վերաբերյալ իր բոլոր փաստարկները: Հետևաբար, յուրաքանչյուր գործով վերաքննիչ բողոքում բերված փաստարկը քննության առնելիս դատարանը պետք է հաշվի առնի ներկայացված փաստարկի (դիրքորոշման) վերաբերելիությունը և այդ տեսանկյունից սահմանափակման ողջամտությունը: Վերաքննիչ դատարանի կողմից պետք է հաշվի առնվի այն հանգամանքը, թե որքանով էր հնարավոր տվյալ փաստարկի (դիրքորոշման) հայտնումն առաջին ատյանի դատարանում վերաքննիչ բողոք բերած անձի կողմից (տե՛ս Նիկոլա Աբրահամյանն ընդդեմ Վարդուհի Մինասյանի թիվ ԱՐԱԴ/0313/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

Վերահաստատելով և զարգացնելով վկայակոչված իրավական դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանն իր մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրական նման սահմանափակումը պայմանավորված է ոչ լրիվ վերաքննության ինստիտուտի առանձնահատկություններով, որի պայմաններում վերաքննիչ դատարանը գործը վերանայում է միայն վերաքննիչ բողոքում նշված հիմքերի և հիմնավորումների շրջանակում: Հետևաբար անհրաժեշտ է, որպեսզի վերաքննիչ բողոքում արտահայտած դիրքորոշումը վերաքննիչ բողոք բերած անձը հայտնած լինի նաև առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Այն դեպքում, երբ առաջին ատյանի դատական ակտը վերանայելիս վերաքննիչ դատարանը հայտնաբերում է, որ կողմը վերաքննիչ բողոքում նշված փաստարկի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում որևէ դիրքորոշում չի հայտնել և չի փաստարկել դրա հայտնելու անհնարինությունը, ապա վերաքննիչ դատարանն իրավասու չէ քննության առնելու նշված փաստարկի վերաբերյալ վերաքննիչ բողոքի հիմքը և հիմնավորումը (...) (տե՛ս Ռուզաննա Ֆարմանյանն ընդդեմ Վարուժան Կարապետյանի թիվ ԵՄԴ/3698/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.01.2018 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ներկայումս գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ և 379-րդ հոդվածներով սահմանված իրավակարգավորումներին, նշել է, որ վերաքննիչ դատարանի կողմից բողոքի բոլոր հիմքերին անդրադառնալու կանոնից բացառություն է (...) այն դեպքը, երբ բողոք բերած անձը բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը չի հայտնել առաջին ատյանի դատարանում` միաժամանակ զրկված չլինելով նման դիրքորոշում հայտնելու հնարավորությունից: ՈՒստի, Վճռաբեկ դատարանը գտել է, որ նման իրավիճակում վերաքննիչ դատարանը ոչ թե իրավասու է չանդրադառնալու, այլ պարտավոր է չանդրադառնալ վերաքննիչ բողոքի այնպիսի հիմքերի, ի հիմնավորումն որոնց բողոք բերած անձը հայտնում է այնպիսի դիրքորոշում, որը կարող էր հայտնել, սակայն չի հայտնել առաջին ատյանի դատարանում (տե՛ս Վարդանուշ Բեժանյանը, Շալիկո, Նառա և Նոնա Պարանյաններն ընդդեմ Վաչագան Հակոբյանի թիվ ԼԴ1/0188/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.05.2020 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ Նախկին օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետով և 208-րդ հոդվածի 3-րդ կետով օրենսդրի կողմից համանման ու հավասարազոր իրավական կարգավորումներ սահմանված լինելու պայմաններում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված վերը նշված իրավական դիրքորոշումները հավասարապես կիրառելի են նաև ներկայումս գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերը նշված կարգավորումների նկատմամբ:

Վերոգրյալ նորմատիվ կարգավորումների և իրավական վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը հանգել է ճիշտ հետևության այն մասին, որ Աշտարակ համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին գործի քննությանը մասնակից չդարձնելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի փաստարկները ենթակա չեն քննության վերաքննության կարգով, քանի որ բողոք բերողը դրա վերաբերյալ իր դիրքորոշումը չի հայտնել առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում և չի հիմնավորել, որ զրկված է եղել դիրքորոշում հայտնելու հնարավորությունից»:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը` ալիմենտի բռնագանձումը դատարան դիմելու պահից հաշվարկելու մասով բերված վերաքննիչ բողոքը մերժելու մասով, բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը մասնակիորեն փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի` այդ մասով նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` հայցագինը որոշվում է ալիմենտ բռնագանձելու հայցերով` մեկ տարվա ընթացքում կատարվելիք վճարումների հաշվարկի չափով, իսկ եթե ալիմենտի բռնագանձման պահանջը ներկայացվել է մեկ տարուց պակաս ժամանակահատվածի համար, ապա այդ ժամանակահատվածում կատարվելիք վճարումների հաշվարկի չափով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «բ» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են հայցվորները` ալիմենտի գանձման վերաբերյալ հայցերով:

Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը մասնակիորեն բավարարելու արդյունքում ստորադաս դատարանի դատական ակտը ենթակա է մասնակիորեն բեկանման և փոփոխման, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «բ» կետի իրավակարգավորումները և հաշվի առնելով, որ սույն գործով վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքը վճարվել է` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետական տուրքի բաշխման հարցը պետք է համարել լուծված:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Մասնակիորեն` ալիմենտի բռնագանձումը դատարան դիմելու օրվանից` 11.04.2019 թվականից սկսելու մասով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 30.07.2020 թվականի վճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասով, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.12.2020 թվականի որոշումը և նշված մասով այն փոփոխել` ալիմենտի բռնագանձումը սկսել վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից. մնացած մասով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.12.2020 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Պետական տուրքի բաշխման հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում 3 մարտի 2022 թվական:

 

Միասնական կայք 08.08.22-21.08.22

 

 

pin
Վճռաբեկ դատարան
03.03.2022
N ԵԴ/10628/02/19
Որոշում