Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1078-ՐԴ, 10...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1078-ՐԴ, 1079-ՐԴ ՀՈԴՎԱԾՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                            թիվ ԵԱՆԴ/4421/02/14

    Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/4421/02/14       2021 թ.պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

Նախագահող դատավոր` Ն. Բարսեղյան

    Դատավորներ`        Ա. Խառատյան

                       Ս. Թորոսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2021 թվականի դեկտեմբերի 10-ին

գրավոր ընթացակարգով քննելով Խաչիկ Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.09.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Խաչիկ Սարգսյանի ընդդեմ Խաչատուր Ստեփանյանի, «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ի` առողջությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Խաչիկ Սարգսյանը պահանջել է հատուցել առողջությանը պատճառված վնասը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Զ. Նախշքարյան) (այսուհետ` Դատարան) 27.03.2019 թվականի վճռով քաղաքացիական գործի վարույթը` 110.000 ՀՀ դրամի մասով կարճվել է` հայցվորի հայցից հրաժարվելու հիմքով, հայցը բավարարվել է մասնակի` Խաչատուր Ստեփանյանից հօգուտ Խաչիկ Սարգսյանի բռնագանձվել է ընդհանուր առմամբ` 14.331.799 ՀՀ դրամ, որից` 11.082.240 ՀՀ դրամ` որպես կորցրած աշխատավարձի գումար, 1.500.000 ՀՀ դրամ` որպես ուժեղացված սննդի գումար, տաքսի ծառայությունների համար վճարված գումար` 224.400 ՀՀ դրամ, 312.799 ՀՀ դրամ` որպես ինքնաթիռի տոմսի արժեք, 80.000 ՀՀ դրամ` որպես փաստաթղթերի թարգմանության գումար, 151.385 ռուբլուն համարժեք 1.132.360 ՀՀ դրամ` որպես հյուրանոցում կեցության և ՌԴ մեկնելու ճանապարհածախս, մնացած մասով` հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.09.2019 թվականի որոշմամբ Խաչատուր Ստեփանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 27.03.2019 թվականի վճիռը մասնակի` հայցը` 11.082.240 ՀՀ դրամ` որպես կորցրած աշխատավարձի գումար, 1.500.000 ՀՀ դրամ` որպես ուժեղացված սննդի գումար, 224.000 ՀՀ դրամ` որպես տաքսի ծառայությունների համար վճարված գումար, 151.385 ՌԴ ռուբլուն համարժեք 1.132.360 ՀՀ դրամ` որպես հյուրանոցում կեցության և ՌԴ մեկնելու ճանապարհածախս, բռնագանձելու պահանջները բավարարելու և նշված պահանջներով բռնագանձման ենթակա պետական տուրքի մասով, բեկանվել և գործն այդ մասերով ուղարկվել է նույն դատարան` նոր քննության, մնացած մասով վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Խաչիկ Սարգսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Խաչատուր Ստեփանյանը (ներկայացուցիչ Մարետա Բաբայան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1078-րդ, 1079-րդ հոդվածները, խախտել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 47-րդ, 48-րդ, 49-րդ, 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը նշել է, որ թեև գործի նյութերում առկա «Պրորաբ» ՍՊԸ-ի կողմից 15.04.2014 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Խաչիկ Սարգսյանը 01.02.2010 թվականին աշխատել է «Պրորաբ» ՍՊԸ-ում` որպես որմնադիր-սվաղող բանվոր, և նրա ամսական աշխատավարձը կազմել է 35.000-45.000 ռուբլի, սակայն հիշյալ տեղեկանքից չի հետևում, թե Խաչիկ Սարգսյանը մինչև երբ է աշխատել նշված ընկերությունում` որպես որմնադիր-սվաղող բանվոր: Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն փաստը, որ գործում առկա է մեկ այլ ապացույց` տեղեկանք, որը տրվել է «Պրորաբ» ՍՊԸ-ի կողմից 20.04.2017 թվականին, որի ռուսերեն թարգմանված տեքստում նշում կա այն մասին, որ Խաչիկ Սարգսյանը 12.05.2004 թվականին N 77 հրամանով աշխատանքի է ընդունվել «Պրորաբ» ՍՊԸ-ում` որպես քարագործ-սվաղող մինչև 04.02.2010 թվականը: Աշխատանքային պայմանագիրը լուծվել է N 184 հրամանով 01.02.2010 թվականին ՌԴ աշխատանքային օրենսգրքի 77-րդ հոդվածի համաձայն: Տեղեկանքում նշում կա նաև այն մասին, որ Խաչիկ Սարգսյանի ամսական աշխատավարձը տվյալ ժամանակահատվածի համար կազմել է 35.000 ռուբլուց մինչև 45.000 ռուբլի: Տեղեկանքին կից առկա է նույն ամսաթվով Խաչիկ Սարգսյանի աշխատավարձի վերաբերյալ տվյալ` հաշվարկված կենսաթոշակային պահումներով:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Խաչատուր Ստեփանյանը պետք է ապացուցեր, որ վթարի պահին, որպես Խաչիկ Սարգսյանի աշխատավայր, պետք է դիտարկվեր տաքսի ծառայությունը, և ըստ այդմ` աշխատավարձի հաշվարկը պետք է կատարվեր` հիմք ընդունելով ամսական 45.000 ՀՀ դրամը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն, որ պատասխանող Խաչատուր Ստեփանյանը պետք է ապացուցեր, որ ուժեղացված ռեժիմով սնունդը հայցվոր Խաչիկ Սարգսյանին անհրաժեշտ էր ընդամենը 3 ամիս, նաև այն, որ տրանսպորտային ծախսերը չափազանցված են, իրականում հայցվորը չի այցելել հիվանդանոց իր մատնանշած քանակությամբ և այդ ծախսերը երեք տարվա կտրվածքով կատարվել են ամիսը մեկ անգամ և ընդհանուր գումարը կազմել է 36.000 ՀՀ դրամ, ինչպես նաև պետք է ապացուցեր, որ հյուրանոցում կեցության վերաբերյալ փաստաթուղթը չի համապատասխանում օրենսդրությամբ նախատեսված պահանջներին:

Այսպիսով, Խաչատուր Ստեփանյանը չի կատարել Նախկին օրենսգրքի 48-րդ հոդվածի պահանջը, հետևաբար վերջինս պետք է կրի վերը ներկայացված փաստերը չապացուցելու բացասական հետևանքները, այլ ոչ թե Խաչիկ Սարգսյանը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ գործի նյութերում առկա է Ռուսաստանի Դաշնության կողմից տրված կենսաթոշակային թիվ 136103 վկայականը, ինչից ակնհայտ է, որ Խաչիկ Սարգսյանին 01.08.2015 թվականին նշանակվել է հաշմանդամության կենսաթոշակ, իսկ կենսաթոշակային վկայականը տրվել է 10.08.2015 թվականին, ինչը հավաստում է, որ Խաչիկ Սարգսյանի կողմից ՌԴ մեկնելը պայմանավորված է եղել վթարի ենթարկվելու, դրա հետևանքով առողջությանը պատճառված վնասի և դրա հետևանքները վերացնելու անհրաժեշտությամբ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.09.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 27.03.2019 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Տվյալ դեպքում հայցվորը չի ապացուցել ՌԴ-ում աշխատելու, բարձր աշխատավարձ ստանալու, «Միքս» հյուրանոցում կեցության և ՌԴ մեկնելու ճանապարհածախսի վերաբերյալ փաստերը: Ավելին, ներկայացված բոլոր փաստաթղթերը, որոնք առնչվում են ՌԴ-ին, հակասում են իրար և վավերացված չեն:

Բացի այդ, սննդի և տաքսի ծառայությունների մատուցման համար ներկայացված թվերն ուռճացված են:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

i

1) 27.01.2012 թվականի «Քրեական գործի հարուցումը մերժելու մասին» որոշման համաձայն` Խաչատուր Ստեփանյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է` դիմողի բողոքի բացակայության պատճառաբանությամբ: Նշված որոշմամբ արձանագրվել է, որ «2011թ. դեկտեմբերի 26-ին` ժամը 00.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Բ. Մուրադյան փողոցի թիվ 2 հասցեի դիմաց Խաչատուր Հովհաննեսի Ստեփանյանն իր անձնական օգտագործման «Օպել» մակնիշի 29 ՍՍ 292 պ/հ ավտոմեքենայով ընդհարվել է մայթեզրի մոտ կայանված, Խաչիկ Գառնիկի Սարգսյանի ՎԱԶ-2107 մակնիշի 85-42 պ/հ ավտոմեքենային, միաժամանակ վրաերթի ենթարկել այդ ավտոմեքենայից իջնող, ավտովարորդ Խ. Սարգսյանին, որից հետո ընդհարվել Գառնիկ Վլադիմիրի Հարությունյանի ՎԱԶ-21703 մակնիշի Լ 29-99 պ/հ ավտոմեքենային: Վրաերթի հետևանքով ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայի վարորդ Խ. Սարգսյանն ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այսպիսով` նյութերով հիմնավորվել է, որ ավտովարորդ Խաչատուր Ստեփանյանը խախտել է ՃԵԿ-ի 65, 66 և 128 կետերի ու «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի պահանջները, որով պայմանավորել է վրաերթի և վթարի առաջացումը և որի հետևանքով Խաչիկ Սարգսյանին պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ, այսինքն` նրա արարքում առկա է ՀՀ քր. օր-ի 242 հոդ. 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշները...» (հատոր 1-ին, գ.թ. 7-8):

2) ՀՀ ԱՍՀՆ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության 29.02.2016 թվականի փորձագիտական եզրակացության համաձայն` ՀՀ ԲՍՓ գործակալության վերափորձաքննության բաժնում Խաչիկ Գառնիկի Սարգսյանի նկատմամբ հսկողական կարգով փորձաքննության արդյունքում սահմանվել է հաշմանդամության երրորդ խումբ, «ընդհանուր հիվանդությունից» պատճառական կապով, մեկ տարի ժամկետով` «Ձախ սրունքի զույգ ոսկրերի միջին և ստորին/3-ի սերտաճած բազմաբեկոր կոտրվածք 2011թ. կատարված բազմակի վիրահատություններից (օստեոտոմիա, օստեոպլաստիկա, սրունքի ոսկրերի երկարացում 17 սմ 2012-2013թթ., ձախ սրունք-թաթային հոդի արթրոդեզ 2014թ.) հետո: Ներկայումս` ձախ սրունք-թաթային հոդի արթրոդեզ ֆունկցիոնալ ոչ հարմար դիրքում, ձախ ստորին վերջույթի կարճացում 4 սմ, հենաշարժական ֆունկցիայի չափավոր խանգարում» ախտորոշմամբ: Ընդունած փորձաքննական որոշումը ճիշտ է և համապատասխանում է ՀՀ կառավարության հաստատված բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչներին, քանի որ առկա պաթոլոգիայով պայմանավորված տեղաշարժական ֆունկցիայի չափավոր խանգարումը հանգեցրել է ինքնուրույն տեղաշարժվելու և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողությունների առաջին աստիճանների կենսագործունեության սահմանափակման, որը հիմք է տալիս սահմանելու հաշմանդամության երրորդ խումբ:

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված որոշման պահանջի համաձայն` Խաչիկ Գառնիկի Սարգսյանի նկատմամբ սահմանվել է նաև մասնագիտական աշխատունակության կորուստ` 50% /հիսուն/ տոկոսի չափով` հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 11.05.2006թ. թիվ 619-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 15-րդ կետի դրույթը, այն է` «Երբ տուժողն օրգանիզմի ֆունկցիաների չափավոր արտահայտված խանգարումների հետևանքով կարող է մասնագիտական աշխատանքը կատարել սովորական արտադրական պայմաններում` որակավորման իջեցմամբ կամ կատարվող աշխատանքի ծավալի փոքրացմամբ կամ, եթե օրգանիզմի ֆունկցիայի չափավոր խանգարման հետևանքով նա կորցրել է տվյալ որակավորմամբ մասնագիտական գործունեությունը շարունակելու ունակությունը, սակայն սովորական արտադրական պայմաններում կարողանում է շարունակել ավելի ցածր որակավորմամբ մասնագիտական աշխատանքային գործունեություն, մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը սահմանվում է 40-60 տոկոս» (հատոր 2-րդ, գ.թ. 70-73):

3) ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 27.02.2017 թվականի թիվ 16-0303դ հանձնաժողովային դատաբժշկական փորձագիտական եզրակացության համաձայն` ըստ ներկայացված Խաչիկ Սարգսյանի բժշկական փաստաթղթերի և սույն փորձաքննության իրականացման շրջանակներում կատարված հետազոտությունների արդյունքների` փորձագիտական եզրակացության կայացման պահի դրությամբ նրա մոտ առկա է ձախ սրունքի զույգ ոսկրերի ս/3-ի ոչ ճիշտ սերտաճած կոտրվածք, վիճակ հետվնասվածքային օստեոմիելիտի կապակցությամբ կատարված բիլոկալ օստեոսինթեզից հետո, ոսկրերի երկարացումով 10 սմ, վիճակ ձախ սրունք-թաթային հոդի արթրոդեզից հետո, երկու մետաղական պտուտակների առկայությամբ, ձախ սրունքի դեֆորմացիա, ձախ ստորին վերջույթի կարճացում 3 սմ, քայլելու ֆունկցիայի խանգարումով, որոնք Խաչիկ Սարգսյանի մոտ առաջ են բերել ընդհանուր աշխատունակության մեկ երրորդից ավել կայուն կորուստ (հատոր 2-րդ, գ.թ. 150-154):

4) «Թաեքվոնդո» ՍՊԸ-ի և Խաչիկ Սարգսյանի միջև 01.12.2011 թվականին կնքված թիվ 42 աշխատանքային պայմանագրի համաձայն` վերջինս աշխատանքի է ընդունվել որպես տաքսու վարորդ` ամսական 35.000 ՀՀ դրամ աշխատավարձով և 25.000 ՀՀ դրամ հավելավճարով: Պայմանագիրն ուժի մեջ է մտել 01.12.2011 թվականին և գործել է մինչև 01.01.2012 թվականը` փորձաշրջանով (հատոր 1-ին, գ.թ. 115):

5) «Պրորաբ» ՍՊԸ-ի տնօրենի կողմից 15.09.2014 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Խաչիկ Սարգսյանը 01.02.2010 թվականից աշխատել է «Պրորաբ» ՍՊԸ-ում որպես որմնադիր-սվաղող բանվոր: Նրա ամսական աշխատավարձը կազմել է 35.000- 45.000 ռուբլի (հատոր 1-ին, գ.թ. 45, 48):

6) «Պրորաբ» ՍՊԸ-ի կողմից 20.04.2017 թվականին տրված տեղեկանքով ներկայացվել է Խաչիկ Սարգսյանի` 2004-2010 թվականների ընթացքում կենսաթոշակի պահումներով հաշվարկված աշխատավարձը (հատոր 3-րդ, գ.թ. 29):

7) «Նորք» տաքսի ծառայության տնօրենի կողմից 11.11.2014 թվականին տրված տեղեկանքի համաձայն` տաքսի ծառայության կողմից Խաչիկ Սարգսյանին 01.02.2012-17.05.2014 թվականներին սպասարկում իրականացվել է Ջրվեժ Բանավան 3-րդ շենքի թիվ 16 բնակարանից մինչև Նորքի 3-րդ զանգվածում գտնվող Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց և վերադարձ` օրումեջ: Յուրաքանչյուր սպասարկման արժեքը մեկ օրվա համար կազմել է 1.200 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 15):

8) Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի 25.11.2014 թվականի թիվ 4308 գրության համաձայն` Խաչիկ Սարգսյանին 25.12.2011 թվականին վնասվածքաբանության բաժանմունքում կատարվել է սրունքի ոսկրերի օստեոսինթեզ Հոֆմանի ապարատով, որից հետո ոսկրերի դեֆեկտի կապակցությամբ ոսկրի պլաստիկա, օստեոսինթեզ Իլիզարովի ապարատով` մեծ ոլոքի երկարացումով: Հաշվի առնելով Խաչիկ Սարգսյանի սրունքի ոսկրերի կոտրվածքի բարդությունը, բազմակի վիրահատությունները, անհրաժեշտ է բարձր կալորիականությամբ կալցի պարունակող սնունդ և կալցի պարունակող դեղորայք` օստեոպարոզի և օստեոսկլերոզի բարդությունից խուսափելու համար (հատոր 1-ին, գ.թ. 16):

9) Խաչատուր Սարգսյանի կողմից ներկայացված հաշվարկի համաձայն` մեկ տարվա ուժեղացված սնունդ ընդունելու գումարը 25.12.2011 թվականից սկսած մինչև 2014 թվականի հուլիս ամիսը կազմել է 939.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 17):

10) 26.09.2014 թվականի երթուղային անդորրագրի համաձայն` Խաչիկ Սարգսյանը 26.09.2014 թվականին Երևանից մեկնել է Մոսկվա, ապա` Մոսկվայից Կեմերովո, տոմսի արժեքը կազմել է 312.799 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 18):

11) Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի 29.04.2015 թվականի թիվ 1974 գրության համաձայն` Խաչիկ Սարգսյանը 25.12.2011 թվականին ընդունվել է օրթոպեդիայի և զուգակցված վնասվածքների բաժանմունք «Ձախ սրունքի մ/3-ի-ս/3-ի զույգ ոսկրերի բաց բազմաբեկոր կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ: 26.12.2011 թվականին կատարվել է վիրահատություն` Հոֆմանի ապարատի տեղադրում ձախ սրունքին: Դուրս է գրվել 13.02.2012 թվականին: Երկրորդ անգամ Խ. Սարգսյանը 07.03.2012 թվականին ընդունվել և բուժվել է նույն բաժանմունքում` «Ձախ սրունքի զույգ ոսկրերի մ/3-ս/3-ի բազմաբեկորային դանդաղ սերտաճող կոտրվածք մաշկային դեֆեկտի առկայությամբ» ախտորոշմամբ: 11.03.2012 թվականին կատարվել է մաշկային պլաստիկա ձախ սրունքի մաշկի դեֆեկտի կապակցությամբ: Դուրս է գրվել 24.03.2014 թվականին: Երրորդ անգամ բաժանմունք է ընդունվել 02.05.2012 թվականին: Կատարվել է Հոֆմանի ապարատի հեռացում, վիրակապություններ: 26.06.2014 թվականին կատարվել է նեկրոզված մեծ ոլոքի մասնակի հեռացում, ոլոքի բ/3-ից ոսկրահատում, ոսկրային պլաստիկա և Իլիզարովի ապարատի տեղադրում: 30.06.2012 թվականին դուրս է գրվել հիվանդանոցից բավարար վիճակում: Չորրորդ անգամ Խ. Սարգսյանը 16.05.2014 թվականին ընդունվել է բաժանմունք, որտեղ հետազոտություններից և պարբերաբար կատարվող վիրակապություններից հետո, 21.05.2014 թվականին կատարվել է սրունք-թաթային հոդի արթրոդեզ մետաղական պտուտակներով: Չորս վիրահատությունների վճարները կատարվել են «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության կողմից, որը կազմել է 1 մլն. 600.000 ՀՀ դրամ: Խաչիկ Սարգսյանին սպասվում է ևս մեկ վիրահատություն` ոլոքի ուղիղ ոսկրահատում վերջույթի երկարացումով: Վիրահատության արժեքը կազմում է 480.000 ՀՀ դրամ: Հետվիրահատական շրջանում հիվանդ Սարգսյանին անհրաժեշտ է բարձր կալորիականությամբ սնունդ: Խաչիկ Սարգսյանը չորս վիրահատությունների ժամանակ հիվանդանոցում անցկացրել է ընդհանուր թվով 166 օր (հատոր 1-ին, գ.թ. 87-88):

12) Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի 04.06.2015 թվականի թիվ 2589 գրության համաձայն` Խաչիկ Սարգսյանին հետվիրահատական շրջանում անհրաժեշտ է բարձր կալորիականությամբ և կալցի պարունակող սնունդ (բանջարեղեն, մսեղեն, կաթնեղեն), ինչպես նաև կալցի պարունակող դեղորայք (CAd3, Բիվալոս, Կալցեմին, Բոնվիվա), որոնք պետք է օգտագործվեն ամիսներ շարունակ: Արժեքի մասին կարող են տեղեկանալ դեղատներից և մթերային խանութներից: Միաժամանակ հայտնվել է, որ բացի հիվանդանոցում անցկացրած 166 օրից, Խ. Սարգսյանին հետվիրահատական շրջաններում բազմիցս տրամադրվել են խորհրդատվություններ և կատարվել վիրակապություններ (հատոր 1-ին, գ.թ. 102):

13) «Միքս» կազմակերպության կողմից 12.08.2015 թվականին տրված թիվ 134 վաճառքի չեկի և դրամարկղային հաջորդող օրդերի համաձայն` Խաչիկ Սարգսյանը նշված հյուրանոցում անցկացրել է 67 օր, որի արժեքը կազմել է 134.000 ռուբլի: Հիշյալ չեկը ստորագրվել և կնքվել է Ա/Ձ Ա. Ա. Օգլիի, իսկ դրամարկղային հաջորդող օրդերը` Ա/Ձ Օ. Ա. Գերասիմովայի կողմից (հատոր 2-րդ, գ.թ. 13-14):

14) Խաչիկ Սարգսյանի ԻՏ-I թիվ 0038048 աշխատանքային գրքույկի քաղվածքի համաձայն` վերջինս 12.05.2004 թվականին ընդունվել է աշխատանքի «Բեսթ» ՍՊԸ-ում որպես սվաղողի օգնական, իսկ 01.02.2010 թվականին ազատվել է աշխատանքից` սեփական դիմումի համաձայն (հատոր 2-րդ, գ.թ. 45):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից Նախկին օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածների խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ապացուցում պահանջող փաստերի ապացուցման պարտականությունը կրելու և դրանց վերաբերյալ ապացույցներ չներկայացնելու անբարենպաստ հետևանքներին` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

i

Նախկին օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

i

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա, իսկ 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

i

Նախկին օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք:

i

Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

Նախկին օրենսգրքի 149.8-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` դատարանը նախնական դատական նիստում մասնավորապես` կողմերի հետ քննարկում է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` կողմերի միջև բաշխում է ապացուցման պարտականությունը, ինչպես նաև սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետները:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, իր նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով քննարկվող հարցին, գտել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը` ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տե՛ս, Էդգար Մարկոսյանն և Զարուհի Գևորգյանն ընդդեմ Սեդա Սարգսյանի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

i

Վերահաստատելով նշված իրավական դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ քաղաքացիական դատավարությունում ապացուցման պարտականությունը գործի քննության և լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների ապացուցման ուղղությամբ որոշակի դատավարական գործողությունների կատարման անհրաժեշտությունն է, որն ապահովված է որոշակի անբարենպաստ հետևանքների առաջացման սպառնալիքով: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված բացասական (անբարենպաստ) հետևանքները, ըստ էության, հանգում են հետևյալին. բոլոր ապացույցների հետազոտումից հետո որևէ փաստի առկայության կամ բացակայության վիճելի մնալու դեպքում դատարանը կարող է համապատասխան փաստի գոյությունն իրավաչափորեն համարել հերքված (չապացուցված): Ապացուցման գործընթացի ճիշտ կազմակերպման, ապացուցողական նյութի լրիվության, վարույթի բնականոն ընթացքի ապահովման և, ի վերջո, գործի ճիշտ լուծման համար չափազանց կարևոր նշանակություն ունի այն հարցը, թե դատավարության կոնկրետ որ մասնակցի վրա է ընկնում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների ապացուցման ծանրությունը կամ ապացուցման բեռը: Հետևաբար օրենքով սահմանված որոշակի կանոնների պահպանմամբ գործին մասնակցող անձանց միջև ապացուցման պարտականությունը բաշխելը, որը տեղի է ունենում գործը դատաքննության նախապատրաստելու փուլի շրջանակներում հրավիրված նախնական դատական նիստում, դատարանի կարևորագույն խնդիրներից մեկն է (տե՛ս, «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն ընդդեմ «ԱՐՄԻՆԿՈ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0930/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով վերոնշյալ դիրքորոշումները, արձանագրում է, որ ապացուցման բեռը կողմերի միջև բաշխելիս և այդպիսով ապացուցման առարկան որոշելիս` դատարանն ուրվագծում է այն փաստական հանգամանքների շրջանակը, որոնք գործն ըստ էության լուծելու համար ունեն էական նշանակություն, ինչպես նաև թույլատրելիության և վերաբերելիության կանոններից ելնելով կանխորոշում է դատաքննության սահմանները` այդ կերպ հնարավորինս զերծ մնալով գործի քննության ընթացքում ավելորդ հանգամանքներ և ապացույցներ հետազոտելուց: Այսինքն` գործը դատաքննության նախապատրաստելիս օրենքով սահմանված որոշակի կանոնների պահպանմամբ գործին մասնակցող անձանց միջև ապացուցման պարտականությունը բաշխելը, միևնույն ժամանակ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշման համաձայն գործն ըստ էության լուծելը, պետք է դիտարկել դատարանի կարևորագույն խնդիրներից մեկը: Հետևաբար, նախնական դատական նիստում ապացուցում պահանջող փաստերի շրջանակը կողմերի հետ քննարկելիս և ապացուցման բեռը բաշխելիս, դատարանի համար սկզբունքային կարևորություն պետք է ունենա քննության ենթակա վեճի լուծումն ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան կայացված ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ պայմանավորելը:

Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ անբարենպաստ հետևանքներ կողմի համար կարող են ի հայտ գալ միայն որոշակի փաստի ապացուցման բեռը կրելու և վերջինիս վերաբերյալ ապացույցներ չներկայացնելու պայմաններում:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործով Դատարանը, մասնակիորեն բավարարելով հայցը, նշել է, որ փորձաշրջանում գտնվելու ժամանակահատվածը, որի վերաբերյալ պայմանագիրը կնքվել է վթարից 26 օր առաջ, չի կարող ընկալվել որպես վթարից տուժողի վերջին աշխատանքի վայրը, քանզի գործի քննության ընթացքում հաստատվել է, որ ըստ էության պայմանագիրը կնքվել է փորձաշրջանով, այն է` ժամանակավոր, նախատեսել է հայցվորին վստահված մեքենայի վերանորոգում հայցվորի հաշվին, որից հետո միայն կարող էր շահագործվել վերջինիս կողմից, ապա վարձատրվել փորձաշրջանի շրջանակներում, որը չի իրականացվել: Հետևաբար Դատարանը գտել է, որ հայցվորի վերջին աշխատանքի վայրը պետք է ընկալվի ՌԴ Կեմերովո քաղաքի «Պրորաբ» ՍՊԸ-ն, որի մասին առկա է նաև համապատասխան նշում` աշխատանքային գրքույկում:

Դատարանն արձանագրել է, որ 20.04.2017 և 15.09.2014 թվականների տեղեկանքների համաձայն` «Պրորաբ» ՍՊԸ-ում աշխատելու ամբողջ ժամանակահատվածում` 2004 թվականի մայիս ամսից մինչև 2010 թվականի հունվար ամիսը, հայցվորը վարձատրվել է տարբեր սակագներով, որից միջինացված աշխատավարձի չափը պետք է ընդունել 37.000 ռուբլի` ամսվա կտրվածքով: Վերջին միջինացված աշխատավարձի 37.000 ռուբլի գումարը պետք է բազմապատկվի 36 ամիս անաշխատունակության ժամանակահատվածով, որը հավասար է 1.332.000 ռուբլու և որի փոխարժեքը ՀՀ դրամի` հայցի հարուցման պահին գործող փոխարժեքով` 8.32 ՀՀ դրամով բազմապատկելով կկազմի 1.332.000*8.32 = 11.082.240 ՀՀ դրամ:

Անդրադառնալով պատճառված վնասի հետևանքով հայցվորի առողջությունը վերականգնելու նպատակով ուժեղացված սնունդ ընդունելու համար կատարված ծախսերին` Դատարանը փաստել է, որ ամսական կտրվածքով ուժեղացված կալորիականությամբ սննդի համար մեկ անձի հաշվարկով պետք է բռնագանձվի 50.000 ՀՀ դրամ, իսկ հաշվարկը պետք է կատարվի 30 ամսվա կտրվածքով:

Ինչ վերաբերվում է տաքսի ծառայություններից օգտվելու համար 360.000 ՀՀ դրամ բռնագանձելու հայցվորի պահանջին, Դատարանն արձանագրել է, որ համաձայն ներկայացված էպիկրիզների` Խաչիկ Սարգսյանը 25.12.2011-13.02.2012 թվականներին, 07.03.2012 թ.-24.03.2012 թվականներին, 02.05.2012-30.06.2012 թվականներին և 16.05.2014-03.06.2014 թվականներին գտնվել է հիվանդանոցում, ինչը նշանակում է, որ 25.12.2011-03.06.2014. թվականների ժամանակահատվածում հիվանդը եղել է տանը 374 օր, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ նա պետք է օգտված լիներ տաքսի ծառայությունից 187 օր, որը բազմապատկելով 1.200 ՀՀ դրամով, կկազմի 224.400 ՀՀ դրամ, հետևաբար Դատարանն այս մասով պահանջը բավարարել է մասնակիորեն:

Դատարանն անդրադառնալով 151.385 ռուբլի գումար` որպես ճանապարհածախս և հյուրանոցում կեցության գումար բռնագանձելու պահանջին, արձանագրել է, որ հայցվորին հաջողվել է հիմնավորել, որ 2014 թվականի սեպտեմբեր ամսին մեկնելով ՌԴ, նա նախաձեռնել է իրեն թոշակավորելու գործընթաց, իսկ 2015 թվականի հունիս ամսին մեկնել է ՌԴ, ավարտել այդ գործընթացը, որի ժամանակահատվածում 67 օր մնացել է հյուրանոցում և 10.08.2015 թվականին ստանալով կենսաթոշակի վկայական 10.08.2015 թվականին լքել է Ռուսաստանի Դաշնության տարածքը:

Ինչ վերաբերվում է պատասխանողի ներկայացուցչի այն առարկությանը, որ «Միքս» ընկերության փաստաթղթերը վավերացված են փաստաթղթերի հաստատման համար նախատեսված կնիքով և ոչ թե ընկերության հիմնական կնիքով, ինչպես նաև ստորագրված են հաշվապահի և ոչ թե ընկերության տնօրենի կողմից, Դատարանը նշել է, որ նման գործավարությունը թույլատրելի և ընդունված է գործարար սովորույթներով, և այդ փաստաթղթերը պետք է ընդունվեն որպես պատշաճ:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով Խաչատուր Ստեփանյանի վերաքննիչ բողոքը, Դատարանի վճիռը բեկանելով և գործը` բեկանված մասով, ուղարկելով նոր քննության, պատճառաբանել է, որ թեև գործի նյութերում առկա` «Պրորաբ» ՍՊԸ-ի տնօրենի կողմից 15.09.2014 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Խաչիկ Սարգսյանը 01.02.2010 թվականից աշխատել է «Պրորաբ» ՍՊԸ-ում` որպես որմնադիր-սվաղող բանվոր, և նրա ամսական աշխատավարձը կազմել է 35.000-45.000 ռուբլի, սակայն հիշյալ տեղեկանքից չի հետևում, թե Խաչիկ Սարգսյանը մինչև երբ է աշխատել նշված ընկերությունում` որպես որմնադիր-սվաղող բանվոր: Ինչ վերաբերում է «Պրորաբ» ՍՊԸ-ի կողմից 20.04.2017 թվականին տրված տեղեկանքին, ապա դրանով ներկայացվել է Խաչիկ Սարգսյանի կենսաթոշակի պահումներով հաշվարկված աշխատավարձը 2004-2010 թվականների համար: Այսինքն` գործում առկա ապացույցներից հնարավոր չէ հստակ հետևություն անել, թե 26.12.2010 թվականից սկսած յուրաքանչյուր ամիս հայցվոր Խաչիկ Սարգսյանը որտեղ է աշխատել և կոնկրետ այդ ամիսների համար ինչքան աշխատավարձ է ստացել, որպիսի հանգամանքն անտեսվել է Դատարանի կողմից տուժողի կորցրած աշխատավարձի (եկամտի) հատուցման ենթակա չափը որոշելիս:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ պատճառված վնասի արդյունքում հայցվորի առողջությունը վերականգնելու նպատակով ուժեղացված սնունդ ընդունելու անհրաժեշտությունը, ինչպես նաև նշված սննդի համար 2.347.500 ՀՀ դրամի չափով ծախսեր կատարելու հանգամանքների հիմնավորման բեռը կրել է հայցվոր կողմը, մինչդեռ Խաչիկ Սարգսյանը, թեև գործի քննության ընթացքում ներկայացրել է ուժեղացված սննդակարգով սնվելու անհրաժեշտությունը հիմնավորող Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Ա. Մ. Մինասյանի 29.04.2015 թվականի թիվ 1974 և 04.06.2015 թվականին տրված թիվ 2589 գրությունները, որոնցով հիմնավորվում է, որ հետվիրահատական շրջանում վերջինիս վերականգնման համար անհրաժեշտ է եղել բարձր կալորիականությամբ և կալցիում պարունակող սնունդ (բանջարեղեն, մսեղեն, կաթնեղեն), ինչպես նաև կալցիում պարունակող դեղորայք (CAd3, Բիվալոս, Կալցեմին, Բոնվիվա), որոնք պետք է օգտագործվեն ամիսներ շարունակ, այդուհանդերձ հայցվորի կողմից ուժեղացված սնունդ ընդունելու համար անհրաժեշտ` տարեկան կտրվածքով կատարված սեփական հաշվարկները հիմնավորող բավարար ապացույցներ չի ներկայացրել:

Անդրադառնալով 151.385 ռուբլի գումար` որպես ճանապարհածախս և հյուրանոցում կեցության գումար բռնագանձելու պահանջի մասով Դատարանի հետևություններին` Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ գործում առկա «Միքս» կազմակերպության կողմից 12.08.2015 թվականին տրված թիվ 134 վաճառքի չեկը և դրամարկղային հաջորդող օրդերը, Նախկին օրենսգրքի 51-րդ հոդվածի իմաստով ապացուցողական նշանակություն ունենալ չեն կարող, քանի որ հիշյալ չեկի և դրամարկղային հաջորդող օրդերի ուսումնասիրությունից հետևում է, որ դրանք թեև տրվել են «Միքս» հյուրանոցի կողմից, այդուհանդերձ, չեկը ստորագրվել և կնքվել է Ա/Ձ Ա. Ա. Օգլիի, իսկ դրամարկղային հաջորդող օրդերը` Ա/Ձ Օ. Ա. Գերասիմովայի կողմից: Ընդ որում, գործի նյութերից պարզ չէ, թե ովքեր են նշյալ փաստաթղթերը վավերացրած` վերը նշված անձինք և թե ինչ առնչություն ունեն վերջիններս «Միքս» ընկերության հետ:

Տաքսի ծառայության համար 224.400 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջի մասով Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ հայցվորի կողմից գործի քննության ընթացքում բավարար ապացույցներ չեն ներկայացվել, իսկ Դատարանի կողմից չի հստակեցվել, թե Խաչիկ Սարգսյանը ինչ հաճախականությամբ է հիվանդանոց այցելել, հետևաբար նաև այդ նպատակով համապատասխան տաքսի ծառայություններից օգտվել: Արդյունքում Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Դատարանի հետևությունները` պատասխանող Խաչատուր Ստեփանյանից հօգուտ Խաչիկ Սարգսյանի տաքսի ծառայությունների համար ծախսերի բռնագանձման պահանջը բավարարելու մասով, անհիմն են:

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը գործը դատաքննության նախապատրաստելու փուլում հրավիրված` 29.01.2019 թվականի նախնական դատական նիստի ընթացքում, ի թիվս այլնի, Խաչիկ Սարգսյանի վրա պարտականություն է դրել ապացուցելու, որ անհրաժեշտություն է զգացել ուժեղացված սննդի 2 տարի 6 ամիս ժամանակով և 25.12.2011 թվականից մինչև 2014 թվականի հուլիսը ներառյալ, ինչպես նաև տարվա կտրվածքով նման ուժեղացված սնունդն ունեցել է 939.000 ՀՀ դրամ արժեքը, այդ ամբողջ ժամանակահատվածում ուժեղացված սննդի պայմանը պարտադիր էր իր համար, ինչպես նաև պետք է ապացուցեր տրանսպորտային ծախսերը` հայցադիմումի պահանջի 3-րդ կետով մատնանշված այցելությունների քանակը և արժեքը: Խաչատուր Ստեփանյանը պետք է ապացուցեր, որ ուժեղացված ռեժիմով սնունդն անհրաժեշտ էր հայցվորին ընդամենը 3 ամիս և, ընդհանուր առմամբ դրա արժեքը չէր գերազանցում 200.000 ՀՀ դրամը, պետք է ապացուցեր նաև, որ տրանսպորտային ծախսերը չափազանցված են, իրականում հայցվորը չի այցելել հիվանդանոց իր մատնանշած քանակությամբ և այդ ծախսը 3 տարվա կտրվածքով կատարվել է ամիսը մեկ անգամ, իսկ ընդհանուր գումարը կազմել է 36.000 ՀՀ դրամ:

Փաստորեն, սույն գործով ներկայացված` ուժեղացված սննդի և տաքսի ծառայությունների համար վճարված գումարների բռնագանձման պահանջների մասով ապացուցման բեռը, դրանց հիմքում դրված և դրանց լուծման համար նշանակություն ունեցող փաստերն ապացուցելու պարտականությունը, ըստ Դատարանի կողմից կատարված ապացուցման բեռի բաշխման, կրել են և՛ Խաչիկ Սարգսյանը, և՛ Խաչատուր Ստեփանյանը:

Տվյալ դեպքում Խաչիկ Սարգսյանը որպես ուժեղացված սննդակարգով սնվելու և տաքսի ծառայություններից օգտվելու անհրաժեշտությունը հիմնավորող ապացույցներ` Դատարան է ներկայացրել Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի 25.11.2014 թվականի թիվ 4308, 29.04.2015 թվականի թիվ 1974 և 04.06.2015 թվականի թիվ 2589 գրությունները, որոնց համաձայն` հետվիրահատական շրջանում Խաչիկ Սարգսյանի վերականգնման համար անհրաժեշտ է եղել բարձր կալորիականությամբ և կալցիում պարունակող սնունդ (բանջարեղեն, մսեղեն, կաթնեղեն), ինչպես նաև կալցիում պարունակող դեղորայք (CAd3, Բիվալոս, Կալցեմին, Բոնվիվա), որոնք պետք է օգտագործվեին ամիսներ շարունակ: Միաժամանակ, նշված գրություններով հայտնել է, որ բացի հիվանդանոցում անցկացրած 166 օրից, Խաչիկ Սարգսյանին հետվիրահատական շրջաններում բազմիցս տրամադրվել են խորհրդատվություններ և կատարվել վիրակապություններ: Խաչատուր Սարգսյանի կողմից Դատարան ներկայացված հաշվարկի համաձայն` մեկ տարվա ուժեղացված սնունդ ընդունելու գումարը 25.12.2011 թվականից սկսած մինչև 2014 թվականի հուլիս ամիսը` կազմել է 939.000 ՀՀ դրամ: Խաչիկ Սարգսյանի կողմից Դատարան է ներկայացվել նաև «Նորք» տաքսի ծառայության տնօրենի կողմից 11.11.2014 թվականին տրված տեղեկանքը, որի համաձայն` տաքսի ծառայության կողմից Խաչիկ Սարգսյանին 01.02.2012-17.05.2014 թվականներին սպասարկում իրականացվել է Ջրվեժ Բանավան 3-րդ շենքի թիվ 16 բնակարանից մինչև Նորքի 3-րդ զանգվածում գտնվող Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց և վերադարձ` օրումեջ: Յուրաքանչյուր սպասարկման արժեքը մեկ օրվա համար կազմել է 1.200 ՀՀ դրամ:

Ինչ վերաբերում է Խաչատուր Ստեփանյանին, ապա վերջինս, առարկելով նշված պահանջների դեմ և նշելով, որ ծախսերը չափազանցված են, նշվածը հիմնավորող որևէ ապացույց Դատարան չի ներկայացրել: Ասվածն իր հերթին նշանակում է, որ ուժեղացված սննդակարգով սնվելու և տաքսի ծառայություններից օգտվելու պահանջների հիմքում դրված և դրանց լուծման համար նշանակություն ունեցող վերոգրյալ փաստերը չապացուցվելու բացասական հետևանքները պետք է կրի ոչ թե հայցվոր Խաչիկ Սարգսյանը, այլ` պատասխանող Խաչատուր Ստեփանյանը, հաշվի առնելով նաև այն, որ Խաչիկ Սարգսյանը Դատարան է ներկայացրել նշված պահանջները հիմնավորող բավարար ապացույցներ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ապացուցում պահանջող փաստերի շրջանակը Դատարանի կողմից քննարկելու և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան դատավարության կողմերի միջև ապացուցման պարտականությունը բաշխելու դատավարական գործողությունները կատարելու պայմաններում, Վերաքննիչ դատարանը ուժեղացված սննդակարգով սնվելու և տաքսի ծառայություններից օգտվելու պահանջների մասով չէր կարող բավարար ապացույցներ չներկայացնելու բացասական հետևանքները թողնել հայցվոր Խաչիկ Սարգսյանի վրա: Ավելին, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանի կողմից Խաչիկ Սարգսյանի վրա վերոնշյալ ծախսերը փաստացի կատարված լինելու հանգամանքի ապացուցման պարտականություն չի դրվել, իսկ պատասխանողն էլ առարկել է ոչ թե դրանց` փաստացի կատարված լինելու, այլ զուտ չափի ուռճացվածության վերաբերյալ: Հետևաբար վերը նշված պահանջների մասով Դատարանը եկել է ճիշտ եզրահանգման, ուստի գործն` այդ պահանջների մասով, նոր քննության ուղարկելու վերաբերյալ հիմքերը բացակայում են, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Անդրադառնալով կորցրած աշխատավարձի գումարի, ինքնաթիռի տոմսի արժեքի, ՌԴ հյուրանոցում կեցության և ՌԴ մեկնելու համար ճանապարհածախսի պահանջների մասով գործը նոր քննության ուղարկելու իրավաչափությանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ մասերով Վերաքննիչ դատարանի եզրահանգումները հիմնավոր են` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ վերը նշված պահանջները հիմնավորող ապացույցներում առկա են որոշակի հակասություններ, որոնց պարզման կապակցությամբ էլ այդ պահանջների մասով ծագել է գործը նոր քննության ուղարկելու անհրաժեշտություն:

 

Վերոնշյալ պատճառաբանություններով մասնակիորեն հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

i

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-րդ մասի 7-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի ակտը մասնակիորեն բեկանելու և մասնակիորեն առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու, իսկ չբեկանված մասով դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

i

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են հայցվորները` խեղման կամ առողջությանը պատճառված այլ վնասի, ինչպես նաև կերակրողի մահվան հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով:

Տվյալ դեպքում սույն գործով վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման մասնակիորեն, ինչի արդյունքում երկու դրամական պահանջների մասով օրինական ուժ է տրվում Դատարանի վճռին, իսկ մյուս չորս դրամական պահանջների մասով Վերաքննիչ դատարանի դատական ակտը թողնվում է անփոփոխ, որի հետևանքով գործն այդ մասերով ուղարկվում է նոր քննության:

Այդ պարագայում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր քննության ուղարկվող չորս դրամական պահանջների մասով դատական ծախսերի, այդ թվում` վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.06.2019 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում: Ինչ վերաբերում է երկու դրամական պահանջներին, նկատի ունենալով, որ այդ պահանջների մասով վճռաբեկ բողոքը բավարարվում է և օրինական ուժ է տրվում դատարանի վճռին, հիմք ընդունելով իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Խաչատուր Ստեփանյանից հօգուտ ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 45.000 ՀՀ դրամ (1.500.000*3%) և 6.732 ՀՀ դրամ (224.400*3%)` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի գումար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.09.2019 թվականի որոշման` Խաչատուր Ստեփանյանի վերաքննիչ բողոքը բավարարելու մասով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 27.03.2019 թվականի վճիռը մասնակիորեն` 1.500.000 ՀՀ դրամ` որպես ուժեղացված սննդի գումարի, 224.000 ՀՀ դրամ` որպես տաքսի ծառայությունների համար վճարված գումարի բռնագանձման պահանջների մասով գործը նոր քննության ուղարկելու մասերը և այդ մասերով օրինական ուժ տալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 27.03.2019 թվականի վճռին:

Մնացած մասով որոշումը թողնել անփոփոխ:

2. Խաչատուր Ստեփանյանից հօգուտ ՀՀ պետական բյուջե բռնագանձել 45.000 ՀՀ դրամ և 6.732 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի գումար:

Բեկանված մասով դատական ծախսերի, այդ թվում` վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.06.2019 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Հրապարակվել է www.datalex.am` կայքէջում 10 դեկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
10.12.2021
N ԵԱՆԴ/4421/02/14
Որոշում