040.0072.290109
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 հունվարի 2009 թվականի N 72-Ն
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «դ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2008 թվականի հունվարի 22-ի
N 72-Ն որոշման
ԿԱՐԳ
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է բոլոր կատեգորիաների` բնության հատուկ պահպանվող տարածքների (այսուհետ` ԲՀՊՏ-ներ) ստեղծման ընթացակարգը:
2. Տարբեր կատեգորիաների և նշանակության ԲՀՊՏ-ներն ստեղծվում են` հիմք ընդունելով ստեղծման համար նախատեսված տարածքի հետևյալ բնապահպանական արժեքները`
1) գլոբալ, տարածաշրջանային կամ ազգային մակարդակով վտանգված էկոհամակարգերի առկայությունը.
2) գլոբալ, տարածաշրջանային կամ ազգային մակարդակով հազվագյուտ, անհետացող կամ վտանգված բուսական և (կամ) կենդանական տեսակների առկայությունը.
3) Հայաստանի կարմիր գրքում և (կամ) Բնության պահպանության միջազգային միության կարմիր ցուցակում գրանցված բուսական և (կամ) կենդանական տեսակների առկայությունը.
4) կենդանիների բնակավայրերի, միգրացիոն ուղիների, տեսակների գոյության համար առանձնահատուկ դեր խաղացող էկոհամակարգերի առկայությունը.
5) կարևոր թռչնաբանական և բուսաբանական տարածքների առկայությունը.
6) հարուստ կենսաբազմազանության առկայությունը.
7) էնդեմիկ և ռելիկտ տեսակների առկայությունը.
8) մարդածին ազդեցության չենթարկված` անխաթար (կուսական) էկոհամակարգերի առկայությունը:
3. ԲՀՊՏ-ների ստեղծման ընթացքում հաշվի են առնվում տարածքի գեղագիտական նշանակությունը (յուրօրինակ լանդշաֆտները, տաք և հանքային ջրերի աղբյուրները, բնական և պատմամշակութային ժառանգության օբյեկտները), ռեկրեացիոն հնարավորությունները, գիտության և (կամ) կրթության համար դրանց կարևորությունը, ԲՀՊՏ-ների համակարգում չընդգրկված կամ մասամբ ընդգրկված էկոհամակարգերի և տեսակների ներկայացուցչության ապահովման անհրաժեշտությունը:
4. Բոլոր կատեգորիաների ԲՀՊՏ-ներն ստեղծվում են նախատեսվող տարածքի հետազոտման և սույն կարգի 2-րդ ու 3-րդ կետերում նշված չափորոշիչների գնահատման միջոցով` ըստ Բնության պահպանության միջազգային միության ուղեցույցների: Կախված հետազոտվող տարածքում չափորոշիչների միասնական կամ մասնակի առկայությունից և բնության ու մարդկանց բարեկեցության պահպանության համար գլոբալ, տարածաշրջանային կամ ազգային մակարդակով դրանց կարևորությունից` ստեղծվում են տարբեր կատեգորիաների և նշանակության ԲՀՊՏ-ներ:
II. ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
5. ԲՀՊՏ-ների ստեղծման համար նախատեսված տարածքների հետազոտումը կազմակերպվում և համակարգվում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կողմից (այսուհետ` լիազորված մարմին): Համայնքային սեփականության համարվող հողերում տեղական նշանակության ԲՀՊՏ-ների ստեղծման դեպքում տարածքների գիտական ուսումնասիրությունները կարող են կազմակերպել նաև տեղական ինքանակառավարման մարմինները:
(5-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)
6. ԲՀՊՏ-ների ստեղծման համար տարածքները հետազոտվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, միջազգային դոնորների կողմից տրամադրված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական միջոցներով: Համայնքային սեփականություն համարվող հողերում տեղական նշանակության ԲՀՊՏ-ների ստեղծման դեպքում տարածքների հետազոտումը կարող է կազմակերպվել համայնքային բյուջեի միջոցներով:
7. Միջազգային և հանրապետական նշանակության պետական արգելոցների և ազգային պարկերի ստեղծման դեպքում հողատարածքները, որոնք նախատեսվում է ընդգրկել ԲՀՊՏ-ներում, օտարվում են հօգուտ պետության` օրենքով սահմանված կարգով:
8. Միջազգային և հանրապետական նշանակության ազգային պարկերի ստեղծման դեպքում ազգային պարկի ստեղծման համար նախատեսված տարածքի տնտեսական և ռեկրեացիոն գոտում առկա սեփականատերերի իրավունքները կարգավորվում են օրենքով սահմանված կարգով:
9. Համայնքային սեփականություն համարվող հողերում տեղական նշանակության ԲՀՊՏ-ների ստեղծման համար հիմք է հանդիսանում լիազորված մարմին տեղական ինքնակառավարման մարմնի կողմից ներկայացված առաջարկությունը:
10. Բոլոր կատեգորիաների և նշանակության ԲՀՊՏ-ների ստեղծման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում լիազորված մարմինը: