Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1221-ՐԴ, 12...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1221-ՐԴ, 1222-ՐԴ ԵՎ 1226 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                       թիվ ԱՐԴ/1577/02/14 2016թ.

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/1577/02/14

Նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան

    Դատավորներ`        Մ. Հարթենյան

                       Հ. Ենոքյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Տ. Պետրոսյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              գ. Հակոբյանի

                                              Ռ. Հակոբյանի

                                              Ե. Սողոմոնյանի

                                              Ն. Տավարացյանի

 

2016 թվականի ապրիլի 22-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Սաթենիկ Պողոսյանի, Աշոտ և Մարիամ Վելիջանյանների ներկայացուցիչ Արամ Հովսեփյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.06.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Անուշ Վելիջանյանի ընդդեմ Սաթենիկ Պողոսյանի, Աշոտ և Մարիամ Վելիջանյանների` բնակելի տարածության օգտագործման իրավունքն առանց փոխհատուցման դադարեցնելու և վտարելու պահանջների մասին, և ըստ Սաթենիկ Պողոսյանի, Աշոտ և Մարիամ Վելիջանյանների հակընդդեմ հայցի ընդդեմ Անուշ Վելիջանյանի` ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, նվիրատվության պայմանագիրը և սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Անուշ Վելիջանյանը պահանջել է առանց փոխհատուցման դադարեցնել Սաթենիկ Պողոսյանի և Աշոտ Վելիջանյանի բնակելի տարածության օգտագործման իրավունքը ՀՀ Արմավիրի մարզի Հայկավան գյուղի 19-րդ փողոցի թիվ 13 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի տան նկատմամբ, ինչպես նաև Սաթենիկ Պողոսյանին, Աշոտ և Մարիամ Վելիջանյաններին վտարել ՀՀ Արմավիրի մարզի Հայկավան գյուղի 19-րդ փողոցի թիվ 13 հասցեում գտնվող բնակելի տնից:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Սաթենիկ Պողոսյանը, Աշոտ և Մարիամ Վելիջանյանները պահանջել են իրենց ճանաչել ՀՀ Արմավիրի մարզի Հայկավան գյուղի 19-րդ փողոցի թիվ 13 տան և տնամերձ հողամասի 1/4 մասի նկատմամբ Հմայակ Վելիջանյանի ժառանգությունն ընդունած ժառանգներ, մասնակիորեն` 1/2 մասով, անվավեր ճանաչել 22.02.2007 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, մասնակիորեն` 1/4 մասով, անվավեր ճանաչել ՀՀ Արմավիրի մարզի Հայկավան գյուղի 19-րդ փողոցի թիվ 13 բնակելի տան վերաբերյալ 15.02.2012 թվականին կնքված նվիրատվության պայմանագիրը (սեղանամատյան թիվ 686) և այդ հիմքով կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Էդ. Հովհաննիսյան) (այսուհետ` Դատարան) 11.02.2015 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.06.2015 թվականի որոշմամբ Անուշ Վելիջանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Սաթենիկ Պողոսյանին, Աշոտ և Մարիամ Վելիջանյաններին բնակելի տնից վտարելու պահանջի մասով սկզբնական հայցը մերժելու և հակընդդեմ հայցը բավարարելու մասով Դատարանի 11.02.2015 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել. հայցը բավարարվել է մասնակիորեն` Սաթենիկ Պողոսյանը, Աշոտ և Մարիամ Վելիջանյանները վտարվել են ՀՀ Արմավիրի մարզի Հայկավան գյուղի 19-րդ փողոցի թիվ 13 տնից, հակընդդեմ հայցը մերժվել է, իսկ տան բնակելի տարածության օգտագործման պատասխանողների իրավունքն առանց փոխհատուցման դադարեցնելու սկզբնական հայցապահանջին վերաբերող մասով վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 11.02.2015 թվականի վճիռն այդ մասով թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սաթենիկ Պողոսյանի, Աշոտ և Մարիամ Վելիջանյանների ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1221-րդ, 1222-րդ և 1226-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 51-րդ, 53-րդ, 54-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Հմայակ Վելիջանյանը Լեկտոր Վելիջանյանի ժառանգության բացման օրվանից վեցամսյա ժամկետում տիրապետել է ժառանգական գույքը, այսինքն` ժառանգությունն ընդունելու հարցում առկա է եղել Հմայակ Վելիջանյանի կամքն ու ցանկությունը, հետևաբար գույքը տիրապետելով` Հմայակ Վելիջանյանն իր մայր Սիրանուշ Մանուկյանի հետ միասին գիտակցաբար կատարել է ժառանգությունն ընդունելուն ուղղված ակտիվ գործողություններ և փաստացի տիրապետման եղանակով ընդունել է Լեկտոր Վելիջանյանի մահվանից հետո մնացած ժառանգությունը` 1/2 մասով, այսինքն` յուրաքանչյուրը հանդիսանում է վիճելի անշարժ գույքի 1/4 մասով ժառանգությունն ընդունած ժառանգ: Հմայակ Վելիջանյանն օրենքի ուժով ժառանգության բացման ժամանակից համարվել է վիճելի գույքի 1/4 մասի սեփականատեր և առանձին ակտիվ գործողություններ կատարելու անհրաժեշտություն չի ունեցել, այլ իր ընտանիքով մշտապես բնակվելով վիճելի տանը` փաստացի տիրապետման եղանակով ընդունել է ժառանգությունը:

Վերաքննիչ դատարանը, նշելով, որ Հայկավանի գյուղապետի կողմից 2007 թվականին տրված տեղեկանքում առկա չէ Լեկտոր Վելիջանյանի մահից հետո Հմայակ Վելիջանյանի կողմից վիճելի տանը բնակվելու վերաբերյալ հստակ տեղեկություն, հաշվի չի առել, որ նշված փաստը չի կարող հիմք հանդիսանալ Հայկավանի գյուղապետի կողմից 2014 թվականին տրված տեղեկանքն անարժանահավատ և ոչ պատշաճ ապացույց ճանաչելու համար, քանի որ 2014 թվականի տեղեկանքը հստակ տվյալ է պարունակում Հմայակ Վելիջանյանի և նրա ընտանիքի անդամների կողմից վիճելի հասցեում մշտապես բնակվելու վերաբերյալ:

Վերաքննիչ դատարանն անհիմն եզրահանգման է եկել առ այն, որ Հմայակ Վելիջանյանը հոր մահից մինչև իր մահն ընկած ժամանակահատվածում որևէ կերպ չի ընդունել Լեկտոր Վելիջանյանի ժառանգությունը: Հմայակ Վելիջանյանը փաստացի տիրապետման հիմքով ընդունել է Լեկտոր Վելիջանյանի ժառանգությունը, և Հմայակ Վելիջանյանին ժառանգման հիմքով անցել են Լեկտոր Վելիջանյանի գույքային իրավունքները, այդ թվում` սեփականության իրավունքը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ Հմայակ Վելիջանյանի ժառանգության բացումից հետո վեցամսյա ժամկետում` 04.04.2013 թվականին, Սաթենիկ Պողոսյանը, Աշոտ և Մարիամ Վելիջանյանները ժառանգությունն ընդունելու վերաբերյալ դիմում են ներկայացրել ժառանգության բացման վայրի նոտարին:

Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից թիվ ԱՐԱԴ2/0420/02/14 քաղաքացիական գործով 04.10.2013 թվականին կայացրած որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 04.06.2015 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 11.02.2015 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 21.08.1959 թվականի թիվ I-ԶԺ 068627 ամուսնության վկայականի համաձայն` Լեկտոր Վելիջանյանի և Սիրանուշ Մանուկյանի ամուսնությունը գրանցվել է 03.12.1955 թվականին: Ամուսնությունից հետո ամուսինները կրել են Վելիջանյան ազգանունը (հատոր 1-ին, գ.թ. 95):

2) 19.08.1959 թվականի թիվ I-ԶԺ 239983 ծննդյան վկայականի համաձայն` Հմայակ Վելիջանյանը ծնվել է 18.07.1959 թվականին, հայրն է Լեկտոր Վելիջանյանը, մայրը` Սիրանուշ Վելիջանյանը (հատոր 1-ին, գ.թ. 110):

3) Անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 049239 վկայականի համաձայն` ՀՀ Արմավիրի մարզի Հայկավան գյուղում գտնվող բնակելի տան և տնամերձ հողամասի նկատմամբ գրանցվել է Լեկտոր Վելիջանյանի և Սիրանուշ Մանուկյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 97-98):

4) 22.11.1996 թվականի թիվ ԱԱ 021982 ամուսնության վկայականի համաձայն` Հմայակ Վելիջանյանը և Սաթենիկ Պողոսյանն ամուսնացել են 22.11.1996 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 72):

5) ՀՀ քաղաքացիական կացության ակտերի գրանցման Արմավիրի տարածքային բաժնի 01.09.2014 թվականի թիվ 1774 գրության համաձայն` Լեկտոր Վելիջանյանը մահացել է 04.12.1999 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 74):

6) ՀՀ Արմավիրի մարզի Հայկավան գյուղում գտնվող բնակելի տան և տնամերձ հողամասի, ինչպես նաև նույն գյուղում գտնվող 0,11 հա մակերեսով սեփականաշնորհված հողի 1/2 մասի նկատմամբ 22.02.2007 թվականին Սիրանուշ Մանուկյանին տրվել է ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր (հատոր 1-ին, գ.թ. 80):

7) Սիրանուշ Մանուկյանի և Անուշ Վելիջանյանի միջև 15.02.2012 թվականին նոտարական վավերացմամբ կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի համաձայն` Սիրանուշ Մանուկյանը ՀՀ Արմավիրի մարզի Հայկավան գյուղի 19-րդ փողոցի թիվ 13 հասցեում գտնվող բնակելի տունը և տնամերձ հողամասն անհատույց հանձնել է Անուշ Վելիջանյանին (հատոր 1-ին, գ.թ. 20):

8) 15.01.2013 թվականի թիվ ԱԲ115253 մահվան վկայականի համաձայն` Հմայակ Վելիջանյանը մահացել է 07.01.2013 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 69):

9) Սաթենիկ Պողոսյանը, Աշոտ և Մարիամ Վելիջանյանները 04.04.2013 թվականին հայտարարություն են ներկայացրել ՀՀ Արմավիրի մարզի նոտարական գրասենյակ` Հմայակ Վելիջանյանի ժառանգությունն ընդունելու վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ. 81-82):

10) 02.07.2014 թվականի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 02072014-04-0023 վկայականի համաձայն` ՀՀ Արմավիրի մարզի Հայկավան գյուղի 19-րդ փողոցի թիվ 13 բնակելի տան և տնամերձ հողամասի նկատմամբ գրանցված է Անուշ Վելիջանյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 21):

11) ՀՀ Արմավիրի մարզի Հայկավան համայնքի ղեկավարի 01.09.2014 թվականի թիվ 256 տեղեկանքի համաձայն` «Հայկավան համայնքի բնակիչներ` այժմ հանգուցյալներ Լեկտոր Վելիջանյանին և Սիրանուշ Մանուկյանին նախկինում պատկանող սեփական տանը 1996 թվականից մինչև օրս բնակվել են նրանց որդին` Հմայակ Վելիջանյանը (մահացած 2013 թվականին), հարսը` Սաթենիկ Պողոսյանը, թոռը` Աշոտ Վերիջանյանը և թոռը` Մարիամ Վելիջանյանը (ծնված 1998 թվականին)» (հատոր 1-ին, գ.թ. 73):

12) Հակընդդեմ հայցադիմումի պատասխանում հակընդդեմ հայցով պատասխանողը նշել է, որ «ներկայիս վիճելի տանը Հմայակ Վելիջանյանը բնակվել է առանձին, ունեցել է առանձին մուտք և առանձին էլեկտրաէներգիայի հաշվիչ, ուստի կարելի է փաստել, որ Հմայակ Վելիջանյանն իր ընտանիքով բնակվել է իմ հորից և մորից առանձին` վարել է առանձին տնտեսություն (...)» (հատոր 1-ին, գ.թ. 87-88):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

i

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող դատական ակտում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԱՐԱԴ2/0420/02/14 քաղաքացիական գործով 04.10.2013 թվականին կայացրած որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը,

2) Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ժառանգման իրավունք ունեցող անձի կողմից ժառանգության բացումից հետո ժառանգությունն ընդունելու կամքի դրսևորման առանձնահատկություններին` վերահաստատելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումները:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1188-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության բացման ժամանակը քաղաքացու մահվան օրն է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ հոդվածի համաձայն` առաջին հերթի ժառանգներն են ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները: Ժառանգատուի թոռները ժառանգում են ներկայացման իրավունքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1221-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` մինչև ժառանգության բացումը մահացած ըստ օրենքի ժառանգի բաժինն անցնում է նրա երեխաներին (ներկայացման իրավունքով ժառանգություն) և նրանց միջև բաշխվում է հավասարապես:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգություն ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` ժառանգի կողմից ժառանգության մի մասի ընդունումը նշանակում է իրեն հասանելիք ամբողջ ժառանգության ընդունում, անկախ այն բանից, թե ինչ է այն իրենից ներկայացնում և որտեղ է գտնվում: Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն` ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է գրանցման:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար, իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս անդրադարձել է վկայակոչված հոդվածների վերլուծությանը: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը նախատեսել է ժառանգության ընդունման երկու եղանակ` ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելը և ժառանգի կողմից ժառանգված գույքը փաստացի տիրապետելը կամ կառավարելը: Ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել այդ գույքը, ինչը հանդիսանում է ժառանգական գույքի նկատմամբ ժառանգի սեփականության իրավունքի ծագման նախապայման (տե՛ս, Արմինե Հակոբյանը և Սամվել Հակոբյանն ընդդեմ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի և մյուսների թիվ 3-1621(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 09.11.2007 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ եթե գործի քննության ընթացքում կողմերից մեկը բարձրացնում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված ձևերից մեկով ժառանգությունն իր կողմից ընդունելու հարցը, ապա նմանատիպ գործեր քննելիս միշտ կարևոր է այն իրավական հարցի պարզաբանումը, թե արդյոք անձը փաստացի տիրապետման հիմքով ընդունել է ժառանգությունը (տե՛ս, օրինակ, Վլադիմիր Բալասանյանն ընդդեմ Կարինե Սերոպյանի և մյուսների թիվ 3-183(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը): ՈՒստի դատարանում գործի քննության ժամանակ պետք է հիմնավորվի փաստացի տիրապետման հիմքով ժառանգական գույքն ընդունելու փաստը: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ժառանգական գույքի փաստացի տիրապետելու հանգամանքը կարող է ապացուցվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածով նախատեսված ապացույցների տեսակներով, ընդ որում, գույքի տիրապետման կամ կառավարման ապացույց կարող է հանդիսանալ նաև բնակարանային շահագործման մարմինների, համատիրությունների, բնակարանային-շինարարական կոոպերատիվների, տեղական ինքնակառավարման մարմինների և օրենսդրությամբ համապատասխան փաստաթուղթ տալու իրավունք ունեցող այլ մարմինների կողմից տրված տեղեկանքը կամ այլ ապացույցներ, որոնք ուղղակիորեն հաստատում են այն, որ ժառանգը փաստացի տիրապետմամբ ընդունել է ժառանգությունը (տե՛ս, Միշա Վարդանյանն ընդդեմ Վարդան Վարդանյանի և մյուսների թիվ 3-938(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2007 թվականի որոշումը):

i

Եթե օրենսդիրը դիմում տալու եղանակով ժառանգության ընդունման հատուկ ընթացակարգ է նախատեսել (ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին վեցամսյա ժամկետում հանձնելը), ապա փաստացի տիրապետման և կառավարման եղանակով ժառանգության ընդունումը կարող է տեղի ունենալ ժառանգի կողմից ամենատարբեր բնույթի ակտիվ գործողություններ սկսելու հիմքով, որպիսիք ուղղված են ժառանգատուի գույքի փաստացի տիրապետման և կառավարման հնարավորությունների ապահովմանը (տե՛ս, Կիմա Սարգսյանն ընդդեմ Հարություն Սարգսյանի և մյուսների թիվ 3-1224(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.09.2007 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկին որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ ըստ օրենքի ժառանգման դեպքում ժառանգատուի մահվանից հետո վեցամսյա ժամկետում ժառանգի կողմից ժառանգված գույքի փաստացի տիրապետումն ու կառավարումն արդեն իսկ գիտակցված, ակտիվ գործողություններ են, որոնք նպատակաուղղված են ժառանգության ընդունմանը: Եթե ժառանգը, գիտակցելով, որ գույքը պատկանել է ժառանգատուին, վերջինիս մահվանից հետո տիրապետում և կառավարում է այդ գույքը, ըստ էության գիտակցաբար կատարում է ակտիվ գործողություններ, իսկ նման գործողությունների կատարումն օրենսդիրը համարում է ժառանգության ընդունման եղանակներից մեկը: Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ գործով հիմնավորված է ժառանգատուի մահվանից հետո ժառանգված գույքի փաստացի տիրապետման և կառավարման հանգամանքը, ըստ օրենքի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու համար այլևս անհրաժեշտություն չկա ապացուցելու այլ ակտիվ, գիտակցված գործողությունների կատարման վերաբերյալ փաստեր: Ընդ որում, ժառանգության ընդունման փաստը հաստատված համարելու համար որևէ նշանակություն չունի այն հանգամանքը, որ ժառանգը գույքը տիրապետել և կառավարել է նաև մինչև ժառանգատուի մահը: Ժառանգման իրավահարաբերությունների առանձնահատկություններով պայմանավորված ժառանգության զանգվածի մեջ մտնող որևէ գույք ժառանգման իրավունք ունեցող անձի փաստացի տիրապետման և կառավարման ներքո կարող է գտնվել նաև մինչև ժառանգության բացումը: Նման պարագայում ժառանգության ընդունման համար էական է այն փաստը, որ ժառանգը ժառանգատուին պատկանող գույքի փաստացի տիրապետման և կառավարման գործողությունները շարունակի կատարել նաև ժառանգատուի մահվանից հետո` վեցամսյա ժամկետում (տե՛ս, Սամվել Հովհաննիսյանն ընդդեմ Լիդա Հովհաննիսյանի և մյուսների թիվ ԱՐԱԴ2/0420/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Լեկտոր Վելիջանյանը և Սիրանուշ Մանուկյանը եղել են ամուսիններ, իսկ Հմայակ Վելիջանյանը` նրանց որդին: Վիճելի հասցեի բնակելի տունը և տնամերձ հողամասն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանել է Լեկտոր Վելիջանյանին և Սիրանուշ Մանուկյանին: Հմայակ Վելիջանյանը և Սաթենիկ Պողոսյանն ամուսնացել են 22.11.1996 թվականին: Լեկտոր Վելիջանյանը մահացել է 04.12.1999 թվականին: 22.02.2007 թվականին Սիրանուշ Մանուկյանին տրվել է ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր, համաձայն որի` վերջինս հանդիսանում է Լեկտոր Վելիջանյանի ժառանգը, իսկ ժառանգական գույքը, որի համար տրվել է վկայագիրը, բաղկացած է ՀՀ Արմավիրի մարզի Հայկավան գյուղում գտնվող բնակելի տան և տնամերձ հողամասի, ինչպես նաև նույն գյուղում գտնվող 0,11 հա մակերեսով սեփականաշնորհված հողի 1/2 մասից: Սիրանուշ Մանուկյանի և Անուշ Վելիջանյանի միջև 15.02.2012 թվականին նոտարական կարգով կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրով Սիրանուշ Մանուկյանը ՀՀ Արմավիրի մարզի Հայկավան գյուղի 19-րդ փողոցի թիվ 13 հասցեում գտնվող բնակելի տունը և տնամերձ հողամասը նվիրել է Անուշ Վելիջանյանին, և նշված անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է Անուշ Վելիջանյանի սեփականության իրավունքը: Հմայակ Վելիջանյանը մահացել է 07.01.2013 թվականին: Սաթենիկ Պողոսյանը, Աշոտ և Մարիամ Վելիջանյանները 04.04.2013 թվականին հայտարարություն են ներկայացրել ՀՀ Արմավիրի մարզի նոտարական գրասենյակ` Հմայակ Վելիջանյանի ժառանգությունն ընդունելու մասին: ՀՀ Արմավիրի մարզի Հայկավան համայնքի ղեկավարի 01.09.2014 թվականի թիվ 256 տեղեկանքի համաձայն` Լեկտոր Վելիջանյանին և Սիրանուշ Մանուկյանին նախկինում պատկանող սեփական տանը 1996 թվականից բնակվել են նրանց որդին` Հմայակ Վելիջանյանը, հարսը` Սաթենիկ Պողոսյանը, թոռները` Աշոտ և Մարիամ Վելիջանյանները:

Սույն գործով Դատարանը հայցը մերժելու և հակընդդեմ հայցը բավարարելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ Հմայակ Վելիջանյանը Լեկտոր Վելիջանյանի ժառանգության բացման օրվանից վեցամսյա ժամկետում տիրապետել է ժառանգական գույքը, ժառանգությունն ընդունելու հարցում առկա է եղել Հմայակ Վելիջանյանի կամքն ու ցանկությունը, հետևաբար Հմայակ Վելիջանյանն օրենքի ուժով Լեկտոր Վելիջանյանի ժառանգության բացման ժամանակից համարվել է վիճելի գույքի 1/4 մասի սեփականատեր` անկախ պետական գրանցման հանգամանքից: Դատարանի նշված պատճառաբանության համար հիմք է հանդիսացել այն, որ Հայկավանի գյուղապետի կողմից 2014 թվականին տրված տեղեկանքը հստակ տվյալ է պարունակում Հմայակ Վելիջանյանի և նրա ընտանիքի անդամների կողմից վիճելի հասցեում մշտապես բնակվելու մասին, միաժամանակ այն, որ հակընդդեմ հայցով պատասխանողն իր հակընդդեմ հայցադիմումի պատասխանում ընդունել է, որ Հմայակ Վելիջանյանն իր ընտանիքի հետ միասին բնակվել է վիճելի հասցեում: Միաժամանակ Դատարանն արձանագրել է, որ վիճելի բնակելի տանն առանձին մուտք և հաշվիչ ունենալու հանգամանքը չի կարող որևէ կերպ բացառել Հմայակ Վելիջանյանի կողմից ժառանգական գույքի փաստացի տիրապետումը, քանի որ վիճելի գույքը` որպես մեկ ամբողջություն, համասեփականության իրավունքով պատկանել է Լեկտոր Վելիջանյանին:

Վերաքննիչ դատարանը, մասնակիորեն բավարարելով Անուշ Վելիջանյանի վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ սույն գործում առկա չէ որևէ ապացույց, որով կհիմնավորվեր, որ Լեկտոր Վելիջանյանի մահվանը հաջորդած վեցամսյա ժամկետում Հմայակ Վելիջանյանի կողմից դրսևորվել է Լեկտոր Վելիջանյանի ժառանգությունն ընդունելու կամք և ցանկություն, ու հատկապես այդ կամքի և ցանկության իրականացմանն ուղղված կատարվել է որևէ ակտիվ գործողություն, մասնավորապես` գործում առկա չէ որևէ ապացույց, որ Հմայակ Վելիջանյանը ժառանգության բացման վայրի նոտարին համապատասխան դիմում կամ հայտարարություն է ներկայացրել, միջոցներ է ձեռնարկել Լեկտոր Վելիջանյանին պատկանած որևէ գույք պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը գտել է, որ ժառանգությունը փաստացի տիրապետման եղանակով ընդունելու վերաբերյալ հակընդդեմ հայցով հայցվորների ներկայացրած միակ ապացույցը` Հայկավան համայնքի ղեկավարի 01.09.2014 թվականի թիվ 256 տեղեկանքը, արժանահավատ ապացույց չէ, քանի որ դրանում արտացոլված չէ Լեկտոր Վելիջանյանի մահվանից հետո նրա կնոջ` Սիրանուշ Մանուկյանի` վիճելի տանը բնակված լինելու փաստը, ինչպես նաև այն պատճառով, որ 07.01.2013 թվականին մահացած Հմայակ Վելիջանյանը չէր կարող տեղեկանքի տրման` 01.09.2014 թվականի դրությամբ «մինչ օրս» բնակվել վիճելի տանը: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ վիճելի տանը բնակված լինելու հանգամանքն ինքնին չի վկայում Հմայակ Վելիջանյանի կողմից հոր ժառանգությունն ընդունելու և հոր երբեմնի գույքի սեփականատեր դառնալու ցանկության մասին, քանի որ Հմայակ Վելիջանյանի` հոր տնից չհեռանալը կարող էր պայմանավորված լինել այլ կացարան չունենալու հանգամանքով, կամ տան սեփականատեր դառնալու ցանկության դրսևորումից Հմայակ Վելիջանյանը կարող էր ձեռնպահ մնալ` ժառանգատուի հնարավոր պարտքերը մարելու պատասխանատվությունից խուսափելու նպատակով և այլն:

Մինչդեռ սույն գործի փաստերը համադրելով և նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Արմավիրի մարզի Հայկավան համայնքի ղեկավարի 01.09.2014 թվականի թիվ 256 տեղեկանքի համաձայն` 1996 թվականից Հմայակ Վելիջանյանն իր ընտանիքի հետ բնակվել է Լեկտոր Վելիջանյանին և Սիրանուշ Մանուկյանին նախկինում պատկանող սեփական տանը: Հակընդդեմ հայցադիմումի պատասխանում հակընդդեմ հայցով պատասխանողը նշել է, որ Հմայակ Վելիջանյանը վիճելի հասցեում ունեցել է առանձին մուտք, առանձին էլեկտրաէներգիայի հաշվիչ: Այսինքն` հակընդդեմ հայցով պատասխանողը, ըստ էության, ընդունել է, որ Հմայակ Վելիջանյանը, թեկուզև առանձնացված, սակայն փաստացի տիրապետել է ժառանգական գույքի մի մասը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հմայակ Վելիջանյանն իր ընտանիքով 1996 թվականից Լեկտոր Վելիջանյանի հետ բնակվել է վերջինիս համատեղ սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մարզի Հայկավան համայնքի 19-րդ փողոցի թիվ 13 հասցեում գտնվող բնակելի տանը, թեև Հմայակ Վելիջանյանի մուտքը նշված հասցեում եղել է առանձին: Լեկտոր Վելիջանյանի մահից հետո Հմայակ Վելիջանյանը շարունակել է բնակվել նշված տանը` առանձնացված մուտքով, էլեկտրաէներգիայի առանձին հաշվիչով, այսինքն` Լեկտոր Վելիջանյանի մահվանից հետո վեցամսյա ժամկետում Հմայակ Վելիջանյանը շարունակել է տիրապետել և օգտագործել ժառանգական գույքի մի մասը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հմայակ Վելիջանյանը Լեկտոր Վելիջանյանի ժառանգության բացման օրվանից վեցամսյա ժամկետում փաստացի տիրապետել է ժառանգական գույքը, ինչը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած դիրքորոշման համաձայն, արդեն իսկ գիտակցված, ակտիվ գործողություն է, որը նպատակաուղղված է ժառանգության ընդունմանը, հետևաբար Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի եզրահանգումն առ այն, որ գործում առկա չէ որևէ ապացույց, որով կհաստատվեր, որ Հմայակ Վելիջանյանը ժառանգության բացման վայրի նոտարին համապատասխան դիմում կամ հայտարարություն է ներկայացրել, միջոցներ է ձեռնարկել Լեկտոր Վելիջանյանին պատկանած որևէ գույք պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար, քանի որ գույքի փաստացի տիրապետման վերաբերյալ ապացույցի առկայության պայմաններում այլ փաստերի վերաբերյալ ապացույցի անհրաժեշտությունը սույն գործով այլևս բացակայում է:

Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում նաև Հայկավան համայնքի ղեկավարի կողմից 01.09.2014 թվականին տրված թիվ 256 տեղեկանքն անարժանահավատ համարելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումը հետևյալ պատճառաբանությամբ:

Սույն գործով հակընդդեմ հայցով հայցվորների վրա դրված է եղել հակընդդեմ հայցի հիմքում ընկած հանգամանքներն ապացուցելու պարտականությունը, և վերջիններս ապացույցներ են ներկայացրել վիճելի ժառանգական գույքն իրենց և իրենց իրավանախորդի` Հմայակ Վելիջանյանի կողմից փաստացի տիրապետելու վերաբերյալ: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հակընդդեմ հայցով հայցվորները չեն վիճարկել այն հանգամանքը, որ սկզբնական հայցվորի մայրը` Սիրանուշ Մանուկյանը, ևս ընդունել է Լեկտոր Վելիջանյանի ժառանգությունը, հետևաբար համայնքի ղեկավարի վերը նշված տեղեկանքում Սիրանուշ Մանուկյանի` ժառանգական գույք հանդիսացող տանը բնակված լինելու կամ չլինելու փաստն արտացոլված չլինելը հակընդդեմ հայցի լուծման տեսանկյունից էական հանգամանք չէ և ինքնին անարժանահավատ չի դարձնում տեղեկանքում նշված մյուս տեղեկությունները, հատկապես այն դեպքում, երբ հակընդդեմ հայցադիմումի պատասխանում սկզբնական հայցվորը նշել է, որ ժառանգատուի մահվանից հետո Հմայակ Վելիջանյանը ևս իր ընտանիքի հետ միասին բնակվել է վիճելի հասցեում:

Ինչ վերաբերում է ժառանգական գույք հանդիսացող վիճելի տանը «մինչ օրս» բնակվելու հանգամանքին, ապա Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ակնհայտ է, որ ներկայումս որևէ տեղ կարող է բնակվել ողջ անձը, հետևաբար տեղեկանքում նշված «մինչ օրս» բառակապակցությունը վերաբերում է տեղեկանքի տրման օրվա դրությամբ ողջ անձանց, իսկ 2013 թվականին մահացած անձը վիճելի տանը կարող էր բնակվել մինչև իր մահը: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ 01.09.2014 թվականի թիվ 256 տեղեկանքում «մինչ օրս» արտահայտությունից հետո Հմայակ Վելիջանյանի անվան կողքին` փակագծերի մեջ, առկա է «մահացած 2013թ.» նշումը, ինչը ողջամտորեն հստակություն է մտցնում տեղեկանքում: Նման պայմաններում տեղեկանքում առկա իմաստային անհարթությունը չի կարող այդ տեղեկանքի անարժանահավատ լինելու հիմք հանդիսանալ:

Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում նաև Վերաքննիչ դատարանի դատողությունն առ այն, որ Հմայակ Վելիջանյանի` հոր մահից հետո վիճելի տանը բնակվելը կարող է պայմանավորված լինել ժառանգությունն ընդունելուց տարբերվող այլ հանգամանքների առկայությամբ: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործում առկա չէ որևէ ապացույց, որով կարող էր հաստատվել, որ Հմայակ Վելիջյանի կողմից ժառանգական գույքի փաստացի տիրապետումը պայմանավորված է եղել այնպիսի հանգամանքներով, որոնք ուղղված չեն ժառանգությունն ընդունելուն, և որ վերջինս ժառանգությունն ընդունելու նպատակ չի ունեցել, որպիսի պայմաններում գործում է Հմայակ Վելիջանյանի կողմից ժառանգությունը փաստացի տիրապետման հիմքով ընդունելու կանխավարկածը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանն իրավաչափորեն է հաստատված համարել, որ Հմայակ Վելիջանյանը փաստացի տիրապետման հիմքով ընդունել է Լեկտոր Վելիջանյանի ժառանգությունը, հետևաբար Հմայակ Վելիջանյանի մահից հետո նրան պատկանող` ՀՀ Արմավիրի մարզի Հայկավան գյուղի 19-րդ փողոցի թիվ 13 հասցեում գտնվող բնակելի տան և տնամերձ հողամասի 1/4 մասը կազմել է Հմայակ Վելիջանյանի ժառանգության զանգվածի մաս: Միաժամանակ Դատարանն իրավաչափորեն արձանագրել է, որ Սաթենիկ Պողոսյանը, Աշոտ և Մարիամ Վելիջանյանները` որպես առաջին հերթի ժառանգներ, 04.04.2013 թվականին` Հմայակ Վելիջանյանի ժառանգության բացումից հետո վեցամսյա ժամկետում, ժառանգությունն ընդունելու վերաբերյալ դիմում են ներկայացրել ժառանգության բացման վայրի նոտարին, հետևաբար վերջիններս ընդունել են Հմայակ Վելիջանյանի մահից հետո մնացած` ՀՀ Արմավիրի մարզի Հայկավան գյուղի 19-րդ փողոցի թիվ 13 հասցեում գտնվող բնակելի տան և տնամերձ հողամասի 1/4 մասի նկատմամբ ժառանգությունը: Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում նաև Դատարանի եզրակացություններն առ այն, որ ՀՀ Արմավիրի մարզի Հայկավան գյուղի 19-րդ փողոցի թիվ 13 հասցեում գտնվող բնակելի տան և տնամերձ հողամասի 1/4 մասի նկատմամբ Հմայակ Վելիջանյանի կողմից ժառանգությունն ընդունելու և սեփականատեր դառնալու պայմաններում Սիրանուշ Մանուկյանին 22.02.2007 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը 1/2 մասով անվավեր է, հետևաբար Սիրանուշ Մանուկյանը վիճելի գույքն օտարելիս, թեև դրա նկատմամբ ունեցել է գրանցված սեփականության իրավունք, սակայն այդ գույքի 1/4 մասն օրենքի ուժով Հմայակ Վելիջանյանին սեփականության իրավունքով պատկանելու պայմաններում այն օտարելու իրավունք չի ունեցել, ուստի Սիրանուշ Մանուկյանի և Անուշ Վելիջանյանի միջև 15.02.2012 թվականին կնքված վիճելի գույքի 1/4 մասով անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը կնքվել է օրենքի պահանջների խախտմամբ, հետևաբար այդ մասով անվավեր է նաև տվյալ պայմանագրից ծագած` Անուշ Վելիջանյանի անվամբ 02.07.2014 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ներկայացված պահանջների շրջանակում Դատարանը ճիշտ է գնահատել ապացույցները և կայացրել է օրինական, հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ, մինչդեռ Վերաքննիչ դատարանը սխալ է գնահատել ապացույցները, ինչպես նաև ժառանգությունն ընդունելու վերաբերյալ իրավական նորմերին տվել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումներին հակասող մեկնաբանություններ:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 04.06.2015 թվականի որոշումը բեկանելու համար: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանում է միայն Դատարանի վճիռը` հայցը մերժելու և հակընդդեմ հայցը բավարարելու մասերով բեկանելու և փոփոխելու մասերով` նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանի որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկվել է միայն այդ մասերով:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված`առաջին ատյանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է`հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները` պետական տուրքի վճարումից ազատում, պետական տուրքի նվազեցում, պետական տուրքի դրույքաչափի նվազեցում, պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում, պետական տուրքը սահմանված ժամկետում բյուջե չգանձելու համար հաշվարկված տույժերի վճարումից ազատում, նվազեցում, դրանք վճարելու ժամկետի հետաձգում:

Նկատի ունենալով, որ սույն գործով վճռաբեկ բողոք բերած անձինք ներկայացված վճռաբեկ բողոքի համար վճարել են 20.000 ՀՀ դրամ պետական տուրք, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.11.2015 թվականի որոշմամբ բավարարվել է բողոք բերած անձանց միջնորդությունը` չվճարված մասով վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի հիմքով Անուշ Վելիջանյանից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 80.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.11.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի չվճարված մասի գումար: Միաժամանակ Անուշ Վելիջանյանից հօգուտ Սաթենիկ Պողոսյանի, Աշոտ և Մարիամ Վելիջանյանների ենթակա է բռնագանձման 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրք:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.06.2015 թվականի որոշման` ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 11.02.2015 թվականի վճիռը մասնակիորեն` Սաթենիկ Պողոսյանին, Աշոտ և Մարիամ Վելիջանյաններին ՀՀ Արմավիրի մարզի Հայկավան գյուղի 19-րդ փողոցի թիվ 13 տնից վտարելու պահանջի մասով հայցը մերժելու և հակընդդեմ հայցը բավարարելու ու դրանց հետ կապված կողմերի միջև դատական ծախսերի բաշխման մասով բեկանելու և փոփոխելու մասերը և այդ մասերով օրինական ուժ տալ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 11.02.2015 թվականի վճռին:

2. Անուշ Վելիջանյանից հօգուտ Սաթենիկ Պողոսյանի, Աշոտ և Մարիամ Վելիջանյանների բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրք:

Անուշ Վելիջանյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 80.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.11.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի չվճարված մասի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Ե. Սողոմոնյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
22.04.2016
N ԱՐԴ/1577/02/14
Որոշում