Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 24-ՐԴ, 117.12- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                 Վարչական գործ թիվ ՎԴ/1544/05/10   

    դատարանի որոշում                                              2011 թ.   

Վարչական գործ թիվ ՎԴ/1544/05/10

Նախագահող դատավոր` Գ. Ղարիբյան

    Դատավորներ`        Ա. Առաքելյան   

                       Ա. Աբովյան     

                               

                                 ՈՐՈՇՈՒՄ

                     ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                                                                               

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ե. Խունդկարյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ա. Բարսեղյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

                                                                

2011 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Լայն Փրոջեքթ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 13.07.2011 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ընկերության ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) Արաբկիրի 1 հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն)` 15.04.2010 թվականի թիվ 2320225 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել 15.04.2010 թվականի թիվ 2320225 ակտը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Հակոբյան) (այսուհետ` Դատարան) 28.03.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.07.2011 թվականի որոշմամբ Դատարանի 28.03.2010 թվականի վճռի դեմ Տեսչության բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է, և Դատարանի 28.03.2011 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Ընկերության վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ, 117.12-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել և գնահատել գործի հանգամանքները, որի արդյունքում անտեսել է այն հանգամանքը, որ գործով չեն ապացուցվել ծառայություն մատուցելու, դրա դիմաց գումար ստանալու և հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն չտրամադրելու հանգամանքները: Այսինքն` գործով չի հաստատվել իրավախախտման հանգամանքը: Իսկ ստուգման ընթացակարգային մասն ապահովելը չի հանգեցնում ակտի վավերության:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վիճարկվող ակտն ընդունվել է վճարման դիմաց հսկիչ-դրամարկղային կտրոն չտրամադրելու հիմքով, սակայն այդ հանգամանքը ոչ ակտով, ոչ էլ գործի քննությամբ չի հաստատվել, քանի որ ակտում չկա որևէ նշում ծառայություն մատուցած և այն ստացած անձանց մասին: Ավելին, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը նշված հանգամանքը պարզելու համար բավարարել է Տեսչության ներկայացուցչի միջնորդությունը և տվել է հնարավորություն ստուգում իրականացրած պաշտոնատար անձին մասնակցելու գործի քննությանը` հետաձգելով գործի քննությունը, սակայն ստուգող տեսուչը դատական նիստերին չի ներկայացել:

 

Վերոգրյալի հիման վրա Ընկերությունը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 13.07.2011 թվականի որոշումը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Կոմիտեի նախագահի 15.04.2010 թվականի թիվ 2320225 հանձնարարագրով Տեսչության կանխատեսումների և հավաքագրումների բաժնի հարկային տեսուչ Արտյոմ Վարդանյանին հանձնարարվել է Ընկերությունում կատարել հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգում (հատոր 1-ին, գ.թ. 5):

2) Ստուգման արդյունքներով 15.04.2010 թվականին կազմված թիվ 2320225 ակտով Ընկերությանը տուգանքի տեսքով առաջադրվել է լրացուցիչ հարկային պարտավորություն` 150.000 ՀՀ դրամի չափով: Նշված ակտով արձանագրվել է, որ «սույն թվականի ապրիլի 15-ին` ժամը 14.50-ին, ք. Երևան, Մաշտոցի 11 հասցեում գործող, Ընկերությանը պատկանող բջջային հեռախոսների նորոգման կետում մատուցվեց ծառայություն 1.000 ՀՀ դրամ արժեքով, որի գումարը չմուտքագրվեց հսկիչ-դրամարկղային մեքենա և կտրոն չտրամադրվեց: Ժամը 14.53-ին հանված Z հաշվետվության տվյալը կազմում էր 2.500 ՀՀ դրամ, դրամարկղում առկա էր 3.500 ՀՀ դրամ: Խախտվել է ՀՀ կառավարության 26.08.2004 թվականի թիվ 1325-Ն որոշման պահանջները: Համաձայն «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին պարբերության առաջադրվում է վճարման 150.000 ՀՀ դրամ տուգանք» (հատոր 1-ին, գ.թ. 8-10):

3) 15.04.2010 թվականի արձանագրության համաձայն` Ընկերության տնօրենը հրաժարվել է ակտին ծանոթանալ, ստորագրել և ստանալ մեկ օրինակը (հատոր 1-ին, գ.թ. 7):

4) Տեսչության 15.04.2010 թվականի թիվ 2320225 ակտում առկա չէ որևէ նշում ծառայություն ստացած և ծառայություն մատուցած անձանց մասին:

5) Դատարանը 07.10.2010 թվականի արձանագրային որոշմամբ բավարարել է դատական նիստը հետաձգելու և ակտը կազմող տեսուչի մասնակցությունը գործի քննությանն ապահովելու Տեսչության ներկայացուցչի միջնորդությունը (հատոր 1-ին, գ.թ. 39):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում`Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն` դատարանը ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաբերելի է այն ապացույցը, որը ավելի կամ պակաս հավանական է դարձնում վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող որևէ փաստի գոյությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի: Ոչ վերաբերելի ապացույցն անթույլատրելի է: Վերաբերելի ապացույցը թույլատրելի է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ընդ որում, փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ, ինչպես նաև պարզում է այս կամ այն ապացույցի վերաբերելիության հարցը, և միայն

նշված պահանջների պահպանման արդյունքում որոշում հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու հարցը:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին, ուստի սույն որոշմամբ այդ հարցին կրկին չի անդրադառնում (տե՛ս Աիդա Շահվերդյանի հայցն ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի գույքի մասնավորեցման աճուրդային հանձնաժողովի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման, երրորդ անձինք Կարեն Շխոյանի և Հրազդանի նոտարական տարածքի նոտարի` մասնակի` 11,76 քմ մակերեսով միջանցիկ տարածքի մասով Հրազդան համայնքի գույքի մասնավորեցման աճուրդային հանձնաժողովի 04.02.2008 թվականի «Գույքի (օբյեկտի) աճուրդով մասնավորեցման մասին» թիվ 1 արձանագրությունը, Հրազդանի քաղաքապետարանի և Կարեն Շխոյանի միջև 03.03.2008 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 34 շենքի 1-ին հարկի ոչ բնակելի տարածքի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին գործով Վճռաբեկ դատարանի 04.03.2011 թվականի թիվ ՎԴ/4056/05/09 որոշումը):

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի համաձայն` ստուգումն օրենքի հիման վրա իրականացվող ընթացակարգ է, որով պարզվում է տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած հաշվետվությունների, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հայտարարագրերի, հարկերի և պարտադիր այլ վճարների գծով նախատեսված հաշվարկների, ելակետային տվյալների, այլ փաստաթղթերի (այսուհետ` հաշվետվություն) արժանահավատությունը և վերջինիս ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունն օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին:

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ստուգման նպատակը տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտում օրենքի և այլ իրավական ակտերի հիման վրա պետական մարմիններին ներկայացված կամ հրապարակված հաշվետվությունների արժանահավատությունը պարզելը, Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողություն իրականացնելը և տնտեսավարող սուբյեկտի գույքային իրավունքները պաշտպանելն է:

Իրավահարաբերության ծագման ժամանակ գործող խմբագրությամբ նույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության համաձայն` ստուգման ակտում պետք է նկարագրվեն արձանագրված խախտումները, այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել, խախտման կոնկրետ ժամանակը, հղում համապատասխան փաստաթղթերին, պատասխանատվության կիրառման համապատասխան իրավական հիմքերը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի համաձայն` վարչական ակտը պետք է ձևակերպվի հստակ և հասկանալի: Վարչական ակտի բովանդակությունը պետք է շարադրվի այնպես, որպեսզի դրա հասցեատիրոջ համար ակնառու լինի, թե իրեն ինչ իրավունք է տրամադրվում, իր որ իրավունքն է սահմանափակվում, իրեն ինչ իրավունքից են զրկում, կամ իր վրա ինչ պարտականություն է դրվում:

Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ վարչական մարմինը սահմանափակված է տնտեսավարող սուբյեկտի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ երաշխավորված գույքային իրավունքներով, իսկ վարչական մարմնի վարչական ակտը պետք է կազմվի հստակ և հասկանալի` պարունակելով նշում այն բոլոր էական փաստական և իրավական հիմքերի մասին, որոնք վարչական մարմնին թույլ են տվել ընդունելու որոշում:

i

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին պարբերության համաձայն` հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգի և /կամ շահագործման կանոնների խախտմամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում են հարյուր հիսուն հազար դրամի չափով:

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները հաստատելու մասին» ՀՀ կառավարության 26.08.2004 թվականի թիվ 1325-Ն որոշման 19-րդ կետի «ա» և «բ» կետերի համաձայն` պատասխանատու անձը պարտավոր է` ա/ հաշվիչ սարքի միջոցով մուտքագրել դրամական գումարը, որոշել ընդհանուր գումարը և տեղեկացնել գնորդին, պատվիրատուին և այլն, բ/ ՀԴՄ-ի միջոցով տպել և գումարն ստանալու պահին ապրանքի հետ միասին գնորդին, պատվիրատուին տրամադրել դրամարկղային չեկ (կտրոն), իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության (այսուհետ` վիճակահանություն) անցկացման ժամանակահատվածում` ժապավենի դարձերեսին հատուկ համար (համարներ) պարունակող չեկ (կտրոն):

Սույն գործով Դատարանը հայցը բավարարելիս հաստատված է համարել, որ կայացված վարչական ակտում նշված չէ, թե ովքեր են ծառայություն մատուցող և ստացած անձինք, ի՞նչ ծառայություն է մատուցվել, արդյո՞ք վճարվել է 1000 ՀՀ դրամ, արդյո՞ք իրականում կտրոն չի տրամադրվել, ինչպես նաև վարչական վարույթի գործի նյութերում առկա չէ ենթադրյալ ծառայություն մատուցողի և ստացողի կողմից տրված որևէ բացատրություն:

Միաժամանակ, Դատարանն արձանագրելով, որ ստուգումն իրականացնող անձն ակտով արձանագրված խախտումը հայցվորին վերագրելով, այսինքն` կարևորելով ծառայություններ մատուցելու փաստը և դրա դիմաց վճարված գումարը ՀԴՄ չմուտքագրելն ու կտրոն չտրամադրելը, ոչ ակտով և ոչ էլ դատաքննությամբ չի հիմնավորել ծառայությունը փաստացի մատուցելու հանգամանքը, հանգել է այն հետևության, որ տվյալ գործով խախտման փաստը հաստատված չէ, ինչը միայն կարող էր հիմք հանդիսանալ հարկային պարտավորությունների հաշվարկման և գանձման համար:

Սույն գործով դատական ակտը բեկանելիս և այն փոփոխելիս Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ տնտեսավարող սուբյեկտի ղեկավարն անձամբ ստորագրել և ստացել է թիվ 2320225 հանձնարարագիրը: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ եթե հայցվորը, իր կողմից ներկայացված հայցադիմումով նշում է, որ փոստային ծառայության կողմից ստացել է թիվ 2320225 ակտը, ապա չհաստատված հանգամանք տվյալ հարցի շուրջ առկա չէ:

Մինչդեռ, սույն գործի փաստերի համաձայն` Կոմիտեի նախագահի 15.04.2010 թվականի թիվ 2320225 հանձնարարագրի հիման վրա իրականացված հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգման արդյունքներով 15.04.2010 թվականին կազմված թիվ 2320225 ակտով Ընկերությանը տուգանքի տեսքով առաջադրվել է լրացուցիչ հարկային պարտավորություն` 150.000 ՀՀ դրամի չափով: Նշված ակտով արձանագրվել է, որ «սույն թվականի ապրիլի 15-ին` ժամը 14.50-ին, ք. Երևան, Մաշտոցի 11 հասցեում գործող Ընկերությանը պատկանող բջջային հեռախոսների նորոգման կետում մատուցվեց ծառայություն 1.000 ՀՀ դրամ արժեքով, որի գումարը չմուտքագրվեց հսկիչ-դրամարկղային մեքենա և կտրոն չտրամադրվեց: Ժամը 14.53-ին հանված Z հաշվետվության տվյալը կազմում էր 2.500 ՀՀ դրամ, դրամարկղում առկա էր 3.500 ՀՀ դրամ»: 15.04.2010 թվականի արձանագրության համաձայն` Ընկերության տնօրենը հրաժարվել է ակտին ծանոթանալ, ստորագրել և ստանալ մեկ օրինակը:

Հիմք ընդունելով վերը նշվածը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել գործում առկա ապացույցների, ինչպես նաև գործով պարզված փաստական հանգամանքների հետազոտմանն ու գնահատմանը: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել Տեսչության 15.04.2010 թվականի թիվ 2320225 ակտում ծառայություն ստացած և ծառայություն մատուցած անձանց մասին որևէ նշում չլինելու հանգամանքը, ինչպես նաև այն, որ վիճարկվող ակտում առկա չէ որևէ նշում, թե 1000 ՀՀ դրամ արժեքով ի՞նչ ծառայություն և ո՞ւմ է մատուցվել, որպիսի պայմաններում միայն հնարավոր կլիներ պարզել վարչական ակտով առաջադրված իրավախախտման փաստի առկայությունը:

Ավելին, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը 07.10.2010 թվականի արձանագրային որոշմամբ բավարարել է դատական նիստը հետաձգելու և ակտը կազմող տեսուչի մասնակցությունը գործի քննությանն ապահովելու Տեսչության ներկայացուցչի միջնորդությունը` հնարավորություն տալով Տեսչությանը պարզաբանելու, թե ում է ծառայություն մատուցվել:

 

Այսպիսով, Ընկերության վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. «Լայն Փրոջեքթ» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 13.07.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.12.2011
N ՎԴ/1544/05/10
Որոշում