040.0133.160212
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 փետրվարի 2012 թվականի N 133-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Գիտական կենտրոնների ձևավորման սկզբունքները, չափանիշները և կարգը հաստատելու մասին» N 1555-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման N 1 հավելվածում`
ա. 3-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«1) գիտական հետազոտությունների ուղղությունների ընդհանրությունը.»,
բ. 3-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) նյութատեխնիկական բազայի, ենթակառուցվածքների և տարածքների համատեղ օգտագործումը.»,
գ. 3-րդ կետի 4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին ենթակետով.
«4.1) միջազգային մակարդակին համապատասխանող հետազոտություններ կատարելու կարողությունը.»,
դ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«4. Գիտական կենտրոնների ձևավորման չափանիշներն են`
1) գիտական և գիտատեխնիկական գործունեության տվյալ բնագավառի գիտական հետազոտությունների առնվազն երկու ուղղություններով միջազգային ճանաչման արժանացած արդյունքների առկայությունը.
2) գիտական հետազոտությունների և մշակումների բարձր մակարդակը, այդ թվում` վերջին հինգ տարվա ընթացքում միջազգային առաջատար հղման համակարգերում ընդգրկված ամսագրերում և գիտաժողովների նյութերում հրապարակված գիտական աշխատությունների տարեկան ընդհանուր քանակը և մեկ գիտական աշխատողի հաշվով տարեկան քանակը.
3) բարձր որակավորում ունեցող գիտական ներուժի և մասնագետների առկայությունը, այդ թվում` գիտական աշխատողների մասնաբաժինը, գիտական աշխատողների մեջ գիտական աստիճան ունեցողների մասնաբաժինը` առնվազն 50 տոկոս, գիտական աշխատողների տարիքային կազմը, կադրային ներուժի բաշխումն ըստ աշխատանքների տեսակների և հետազոտությունների բնագավառների.
4) համապատասխան նյութատեխնիկական բազայի, ենթակառուցվածքների և տարածքների առկայությունը, այդ թվում` սարքերի և սարքավորումների համապատասխանությունը ժամանակակից տեխնիկական պահանջներին` մինչև տասը տարվա արտադրության սարքերի և սարքավորումների մասնաբաժինը` առնվազն 50 տոկոս, սարքերի և սարքավորումների արդիականացման հնարավորությունը.
5) մտավոր սեփականության օբյեկտների առկայությունը, այդ թվում` Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում գրանցված գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների արտոնագրերի քանակը.
6) տեղեկատվական և տեխնոլոգիական միջոցների բնութագիրը, այդ թվում` համակարգչային զինվածության աստիճանը` ժամանակակից համակարգիչների և գիտական աշխատողների թվի հարաբերակցությունը` առնվազն 1:1, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման հնարավորությունը.
7) բարձր որակավորում ունեցող գիտական կադրերի պատրաստման հնարավորությունը, այդ թվում` մասնագետների պատրաստման համար համապատասխան նյութատեխնիկական բազայի առկայությունը, ասպիրանտուրայի և (կամ) կադրերի պատրաստման այլ ձևերի առկայությունը, այդ թվում` նաև միջազգային համագործակցության շրջանակում, վերջին 5 տարվա ընթացքում կադրերի պատրաստման քանակական և որակական ցուցանիշները.
8) միջազգային համագործակցության արդյունավետությունը, այդ թվում` գործող պայմանագրերի, համաձայնագրերի և փոխըմբռնման հուշագրերի քանակը, միջազգային համագործակցության ծրագրերում ընդգրկված գիտական աշխատողների և մասնագետների մասնաբաժինը, վերջին հինգ տարվա ընթացքում օտարերկրյա պետությունների մասնագետների հետ համահեղինակությամբ հրապարակված գիտական աշխատությունների տարեկան քանակը.
9) գիտական արդյունքների ներդրման փորձի առկայությունը գիտական և գիտատեխնիկական գործունեության բնական գիտությունների, ճարտարագիտության և տեխնոլոգիայի, բժշկական, գյուղատնտեսական գիտությունների բնագավառներում, այդ թվում` վերջին տասը տարվա ընթացքում ներդրված տեխնոլոգիաների քանակը, վերջին հինգ տարվա ընթացքում կատարված կիրառական հետազոտությունների ծրագրերի և թեմաների քանակը.».
2) որոշման N 2 հավելվածում`
ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«2. Գիտական կենտրոններ ձևավորելու գործընթացը համակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի (այսուհետ` կոմիտե) նախագահը ձևավորում է իր նախագահությամբ և Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունների ու Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով), հաստատում դրա աշխատակարգը և անհատական կազմը:»,
i
բ. 3-րդ կետում «Կոմիտեն հրապարակում է» բառերը փոխարինել «Կոմիտեի նախագահը հաստատում է» բառերով,
գ. 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1.-ին կետով.
i
«3.1. Հայտը պետք է պարունակի տեղեկություններ`
1) գիտական կենտրոնների ձևավորման չափանիշների առկայության վերաբերյալ.
2) գիտական կենտրոնի ձևավորման հիմնավորման, այդ թվում` հետազոտությունների նպատակների և խնդիրների, ակնկալվող արդյունքների, արդիականության, գիտական և գիտատեխնիկական տվյալ բնագավառի և (կամ) հարակից բնագավառների վրա հնարավոր ազդեցության, ինչպես նաև հետազոտությունների իրականացման համար առկա և անհրաժեշտ կադրային ներուժի, ենթակառուցվածքների, նյութատեխնիկական բազայի և ֆինանսական ծավալների մասին.
3) գիտական կենտրոնում ընդգրկվելիք աշխատողների հաստիքացուցակի և գիտական ձեռքբերումների վերաբերյալ, այդ թվում` գիտական ծրագրի ղեկավարի որակավորման տվյալները.
4) գիտական կենտրոնի ֆինանսական նախահաշվի և դրա մեկնաբանության մասին.
5) գիտական կենտրոնի զարգացման հնգամյա ծրագրի, դրա իրականացման աշխատանքային պլանի և հաջողության գնահատման ընթացիկ (տարեկան) չափանիշների վերաբերյալ:»,
դ. 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1.-ին կետով.
i
«4.1. Կոմիտեն կազմակերպում է հայտերի գիտական փորձաքննություն` գիտական անկախ փորձաքննություն իրականացնող փորձագետների միջոցով: Յուրաքանչյուր հայտ գիտական փորձաքննության է ենթարկվում գիտական և գիտատեխնիկական ծրագրերի և թեմաների ղեկավարման փորձ ունեցող ու գրախոսվող ամսագրերում վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք գիտական աշխատություն հրատարակած երեք փորձագետների կողմից: Կոմիտեն` կոմիտեի նախագահի կողմից հաստատված կարգով ստեղծված և վարվող գիտական անկախ փորձաքննություն իրականացնող փորձագետների շտեմարանում ընդգրկված գիտնականներից կազմում է փորձագետների ցանկ, որը հաստատվում է հանձնաժողովի կողմից: Յուրաքանչյուր ներկայացված հայտ տրամադրվում է գիտական փորձաքննության` հայտը կոմիտե մուտքագրվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Փորձագետները երեսուն օրվա ընթացքում փորձաքննության են ենթարկում ներկայացված հայտը, գնահատում գիտական ծրագիրը և հայտով նախատեսված գիտական կենտրոնի ձևավորման նպատակահարմարության կամ ոչ նպատակահարմարության վերաբերյալ եզրակացությունը ներկայացնում կոմիտե: Հայտը և դրա վերաբերյալ ստացված փորձագիտական եզրակացությունները կոմիտեի կողմից տրամադրվում են հանձնաժողովի անդամներին` հանձնաժողովի նիստի օրվանից ոչ ուշ, քան հինգ օր առաջ:»,
ե. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«5. Հանձնաժողովը յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող տասն օրվա ընթացքում քննարկում է հանձնաժողովի նիստի օրվանից ոչ ուշ, քան քառասունհինգ օր առաջ կոմիտե մուտքագրված հայտը և, հիմք ընդունելով հայտի գիտական փորձաքննության արդյունքները և գիտական կենտրոնների ձևավորման սկզբունքներն ու չափանիշները, տալիս է գիտական կենտրոն ձևավորելու նպատակահարմարության կամ ոչ նպատակահարմարության վերաբերյալ եզրակացություն: Կոմիտեն հանձնաժողովի եզրակացությունը տրամադրում է հայտը ներկայացրած գիտական ծրագրի ղեկավարին` հանձնաժողովի նիստի օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում:»,
զ. 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1.-ին կետով.
i
«5.1. Հայտը մերժվում է հանձնաժողովի` գիտական կենտրոնի ձևավորման ոչ նպատակահարմարության վերաբերյալ եզրակացության հիման վրա: Հանձնաժողովի եզրակացությունը կարող է բողոքարկվել կոմիտեում` գիտական ծրագրի ղեկավարի կողմից` վերջինիս տեղեկացնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Կոմիտեն բողոքարկման դիմումը կոմիտե մուտքագրվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում է հայտի կրկնակի քննարկում հանձնաժողովում` գիտական ծրագրի ղեկավարի և հայտի փորձագետների մասնակցությամբ: Կրկնակի քննարկման հիման վրա հանձնաժողովը տալիս է եզրակացություն:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-ԻՆ