ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/0175/02/08
դատարանի որոշում 2008 թ.
Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/0175/02/08
Նախագահող դատավոր` Գ. Մատինյան
Դատավորներ` Լ. Գրիգորյան
Ե. Խունդկարյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. Սարգսյանի
մասնակցությամբ դատավորներ Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2009 թվականի ապրիլի 17-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Գյուլնարա Ղազարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.09.2008 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գյուլնարա Ղազարյանի ընդդեմ Գեղամ Ղազարյանի, երրորդ անձանց` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արտաշատի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր), Արտաշատի նոտարական տարածքի նոտարի` 26.06.2000 թվականի կտակը մասնակի անվավեր ճանաչելու և հոր` Գեղամ Ղազարյանի ժառանգական գույքը փաստացի ընդունած ժառանգ ճանաչելու, ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու, Կադաստրի գրանցամատյանում կատարված գրառումը և դրա հիման վրա տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականները մասնակի փոփոխելու, սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին և ըստ Գեղամ Ղազարյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Գյուլնարա Ղազարյանի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Գյուլնարա Ղազարյանը պահանջել է մասնակիորեն անվավեր ճանաչել Գեղամ Ղազարյանի անվամբ տրված 02.10.2007 թվականի ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը, սեփականության իրավունքի պետական գրանցամատյանում կատարված գրառումը, համապատասխան փոփոխություններ կատարել սեփականության իրավունքի գրանցման վկայականներում և ճանաչել սեփականության իրավունքը Արարատի մարզի Նորաշեն գյուղում գտնվող տան, տնամերձ և սեփականաշնորհված հողամասերի նկատմամբ:
Գործի քննության ընթացքում ներկայացնելով լրացուցիչ հայց` Գյուլնարա Ղազարյանը պահանջել է անվավեր ճանաչել 26.06.2000 թվականին կազմված կտակը և գույքը փաստացի տիրապետելու ուժով ճանաչել հոր` Գեղամ Ղազարյանի ժառանգությունն ընդունած ժառանգ:
Հակընդդեմ հայցով Գեղամ Ղազարյանը պահանջել է տիրազուրկ ճանաչել Արարատի մարզի Նորաշեն գյուղում գտնվող Գյուլնարա Ղազարյանի անվամբ սեփականաշնորհված 0.18 հեկտար խաղողի այգու և 0.06 հեկտար վարելահողի 1/3-րդ մասը և ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքն այդ մասի նկատմամբ:
Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 10.04.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն, իսկ հակընդդեմ հայցը մերժվել է: Վճռվել է «Ճանաչել Գյուլնարա Գեղամի Ղազարյանի սեփականության իրավունքը վիճելի տան, տնամերձ և սեփականաշնորհված հողամասերի նկատմամբ: Մասնակի անվավեր ճանաչել Արտաշատի նոտարական գրասենյակի կողմից 2007 թ. հոկտեմբերի 2-ին տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը, դրա հիման վրա ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ Արտաշատի տարածքային ստորաբաժանման գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 03-069-5-1 մատյանի թիվ 005, 002, 003 և 004 համարների տակ կատարված գրանցումները և համապատասխան փոփոխություններ մտցնել Գեղամ Լևիկի Ղազարյանի անվամբ 04.10.2007 թ. տրված սեփականության իրավունքի գրանցման թիվ 2454846, թիվ 2454847, թիվ 2454848 և թիվ 2454849 վկայականներում: Պահանջը` 26.06.2000 թ. Ռոզիկ Ղազարյանի կողմից կազմած կտակը մասնակի անվավեր ճանաչելու և հանգուցյալ Գեղամ Ղազարյանի գույքի նկատմամբ ժառանգությունը փաստացի ընդունած ճանաչելու մասով մերժել»:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.09.2008 թվականի որոշմամբ Դատարանի 10.04.2008 թվականի վճռի` տան 1/3-րդ մասի նկատմամբ Գյուլնարա Ղազարյանի սեփականության իրավունքը ճանաչելու և նշված տան նկատմամբ Գեղամ Ղազարյանի սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու մասը բեկանվել և փոփոխվել է` հայցն այդ մասով մերժվել է: Վճռի` հողամասերի նկատմամբ Գյուլնարա Ղազարյանի սեփականության իրավունքը ճանաչելու, այդ մասով Գեղամ Ղազարյանի սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու, ինչպես նաև Գեղամ Ղազարյանի հակընդդեմ հայցը մերժելու մասերը թողնվել են օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գյուլնարա Ղազարյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Կողմերը Վճռաբեկ դատարան են ներկայացրել 30.03.2009 թվականի հաշտության համաձայնությունը և խնդրել են այն հաստատել:
Վճռաբեկ դատարանի կողմից կողմերին պարզաբանվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածով սահմանված հաշտության համաձայնությամբ գործի վարույթը կարճելու դատավարական հետևանքները:
2. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն` կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ:
Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը:
ՈՒսումնասիրելով 30.03.2009 թվականի հաշտության համաձայնությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն չի հակասում օրենքին և չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կողմերի ներկայացված հաշտության համաձայնությունը պետք է հաստատել:
i
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ, 240-241.2 հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Հաստատել 30.03.2009 թվականի հաշտության համաձայնությունը հետևյալ բովանդակությամբ.
«ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
ք. Երևան «30» 03 2009 թ.
Մենք կողմերս, մի կողմից Գյուլնարա Ղազարյանի ներկայացուցիչ Անի Թորոսյանս, որը հանդես է գալիս նոտարական կարգով հաստատված 03.10.2008 թ. թիվ 2748 լիազորագրի հիման վրա (լիազորագիրը կցված է), իսկ մյուս կողմից Գեղամ Ղազարյանս, ըստ հայցի Գյուլնարա Ղազարյանի ընդդեմ Գեղամ Ղազարյանի, երրորդ անձանց` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արտաշատի տարածքային ստորաբաժանման, Արտաշատի նոտարական տարածքի նոտարի` 26.06.2000 թվականի կտակը մասնակի անվավեր ճանաչելու և հոր` Գեղամ Ղազարյանի ժառանգական գույքը փաստացի ընդունած ժառանգ ճանաչելու, ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու, անշարժ գույքի կադաստրի գրանցամատյանում կատարված գրառումը և դրա հիման վրա տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականները մասնակի փոփոխելու, սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին և ըստ Գեղամ Ղազարյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Գյուլնարա Ղազարյանի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.09.2008 թվականի որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանում եղած ժամանակ եկանք հաշտության համաձայնության հետևյալ տարբերակով.
1. Ես` Գեղամ Ղազարյանս, համաձայն եմ, որ Արարատի մարզի Նորաշեն գյուղում գտնվող տան, տնամերձ և սեփականաշնորհված հողամասերի 1/3 (մեկ երրորդ) մասը սեփականության իրավունքով հատկացվի Գյուլնարա Ղազարյանին:
2. Ես` Գյուլնարա Ղազարյանս, համաձայն եմ, որ Արարատի մարզի Նորաշեն գյուղում գտնվող տան, տնամերձ և սեփականաշնորհված հողամասերի 1/3 (մեկ երրորդ) մասը սեփականության իրավունքով հատկացվի ինձ:
3. Կողմերս պարտավորվում ենք սույն հաշտության համաձայնության 1-ին և 2-րդ կետերում նշված գործողությունները պատշաճ ձևով կատարել սույն հաշտության համաձայնությունը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից որոշմամբ հաստատվելուց հետո 1 (մեկ) ամսվա ընթացքում:
4. Կողմերս պարտավորվում ենք սույն հաշտության համաձայնությամբ ստանձնած պարտավորությունները կատարել հավասարապես երկուսիս հաշվին:
5. Կողմերս համաձայն ենք, որ սույն հաշտության համաձայնությունը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից հաստատվելուց և կատարվելուց հետո միմյանց նկատմամբ որևէ պարտք ու պահանջ չունենք:
6. Սույն հաշտության համաձայնությամբ ստանձնած պարտավորությունները կողմերիս կողմից պետք է կատարվեն պատշաճ: Սույն հաշտության համաձայնությամբ ստանձնած պարտավորությունները ոչ պատշաճ կատարվելու կամ չկատարվելու դեպքում, կողմերս համաձայն ենք, որ այն կատարվի ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից:
7. Սույն հաշտության համաձայնության պայմանները կողմերիս հայտնի են, որի համար ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատին խնդրում ենք այն հաստատել:
Կողմերի ստորագրությունները
Գյուլնարա Ղազարյանի
ներկայացուցիչ Անի Թորոսյան ստորագրություն
Գեղամ Ղազարյանի ներկ. ստորագրություն Ս. Վ. Մարտիրոսյան
լիազ. տրված 24.01.2008 թ.
թիվ 23AB 048185»:
2. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.09.2008 թվականի որոշումը բեկանել և քաղաքացիական գործի վարույթը կարճել:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Սարգսյան
Դատավորներ` Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան