Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 10-ՐԴ ՀՈԴՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության               Քաղաքացիական գործ թիվ 3-561 (ՎԴ)

    քաղաքացիական գործերով                                           2007 թ.

վերաքննիչ դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 06-3591, 06-2895

Նախագահող դատավոր` Ա. Խառատյան

    դատավորներ`        Կ. Հակոբյան

                       Դ. Խաչատրյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

    մասնակցությամբ դատավորներ                 Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

                                              Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

                                              Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

                                              Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

                                              Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

2007 թվականի մայիսի 18-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Հերմինե և Հասմիկ Փիլոսյանների ներկայացուցիչ Կարեն Թումանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ` նաև դատարան) 2006 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 06-3591 և 06-2895 գործերով կայացված վճռի դեմ` ըստ Հերմինե և Հասմիկ Փիլոսյանների (այսուհետ` հայցվորներ) հայցի ընդդեմ «Վանակար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` պատասխանող)` գումարի բռնագանձման և մեքենայի առուվաճառքի պայմանագիր կնքելուն հարկադրելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` հայցվորները պահանջել են պատասխանողից բռնագանձել 2 647 446 ՀՀ դրամ:

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 16.06.2006 թվականի թիվ 2/1226 վճռով հայցը բավարարվել է:

Նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել «Վանակար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:

Հայցվորները, կրկին դիմելով դատարան, պահանջել են հարկադրել պատասխանողին կնքելու ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիր:

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 22.08.2006 թվականի թիվ 2/1549 վճռով հայցը մերժվել է:

Նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Հերմինե և Հասմիկ Փիլոսյանների ներկայացուցիչը:

ՀՀ Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 26.09.2006 թվականի որոշմամբ նշված երկու գործերը միացվել են մեկ վարույթում:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 17.11.2006 թվականի թիվ 06-3591, 06-2895 վճռով Հերմինե և Հասմիկ Փիլոսյանների պահանջները մերժվել են:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հերմինե և Հասմիկ Փիլոսյանների ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 8-րդ ենթակետերը և 878-րդ հոդվածի 2-րդ կետը, 877-րդ հոդվածի 1-ին կետը, 880-րդ հոդվածի 1-ին կետը և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածի 1-ին կետը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Քաղաքացիական գործում առկա ապացույցներով հիմնավորված է, որ հայցվորների հայրը կանխիկ գումար է ներդրել ընկերության հաշվին, որի արդյունքում առաջացել է պահանջվող գումարի մի մասը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով դա համարվում է փոխառության իրավահարաբերություն:

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 880-րդ հոդվածի 1-ին կետի` փոխառուն պարտավոր է փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետներում և կարգով փոխատուին վերադարձնել ստացված փոխառության գումարը: Այն դեպքում, երբ վերադարձնելու ժամկետը պայմանագրով որոշված չէ կամ որոշված է ցպահանջ, փոխառության գումարը փոխառուն պետք է վերադարձնի այդ մասին փոխատուի պահանջը ներկայացնելու օրվանից երեսնօրյա ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Դատարանը վճիռը հիմնավորել է այն հանգամանքով, որ պատասխանողի կողմից տեղեկանքը կազմվել է «հապշտապ» կերպով:

Դատարանը հաստատված է համարել, որ պահանջվող գումարը առաջացել է նաև հայցվորների հոր կողմից գործուղման ընթացքում կատարված ծախսերից, իսկ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով այդ գումարները նույնպես ենթակա են հատուցման:

 

2) Դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը վճռում նշել է, որ հայցվորների հայրը աշխատանքային պարտականություններ կատարելիս թույլ է տվել «պաշտոնական դիրքի չարաշահում», որը դրսևորվել է առանց հրամանի գործողություններ կատարելով: Պաշտոնական դիրքի չարաշահելը, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի, քրեորեն հետապնդելի արարք է: Հայցվորների հոր նկատմամբ երբևէ քրեական գործ չի հարուցվել և չկա դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռ:

 

3) Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին կետը, 445-րդ հոդվածի 1-ին կետը, 448-րդ հոդվածի 1-ին կետը և 471-րդ հոդվածի 3-րդ կետը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Հայցվորը 04.02.2005 թվականին պատասխանողին վճարել է 252 0000 ՀՀ դրամ` «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան գնելու համար: Այսինքն` կողմերի միջև կնքվել է նախնական պայմանագիր ավտոմեքենայի առուվաճառքի վերաբերյալ:

 

4) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հայցվոր կողմի ներկայացրած գրավոր ապացույցը` պատասխանող ընկերության դրամարկղի մուտքի թիվ 2 անդորրագիրը, չի գնահատել և վճռով դրան չի անդրադարձել:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 17.11.2006 թվականի թիվ 06-3591, 06-2895 վճիռը` Հերմինե և Հասմիկ Փիլոսյանների ընդդեմ «Վանակար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մեքենայի առուվաճառքի պայմանագիր կնքելուն հարկադրելու պահանջի մասով, և բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 17.11.2006 թվականի թիվ 06-3591, 06-2895 վճիռը գումարի պահանջի մասով ու այդ մասով օրինական ուժ տալ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 16.06.2006 թվականի թիվ 2/1226 վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Հայցվորների հայրը` 28.07.2004 թվականին մահացած Վազգեն Փիլոսյանը հանդիսացել է «Վանակար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 48 տոկոսի բաժնետեր: Նրա մահից հետո հայցվորներն ընդունել են ըստ օրենքի ժառանգություն:

2) Համաձայն «Վանակար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դրամարկղի մուտքի 04.02.2005 թվականի թիվ 2 օրդերի` պատասխանողը Հասմիկ Փիլոսյանից ստացել է 2 520 000 ՀՀ դրամ գումար «Օպել-Վեկտրա» ավտոմեքենայի համար:

3) Համաձայն «Վանակար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի և գլխավոր հաշվապահի կողմից կազմված տեղեկանքի. ««Վանակար» ՍՊԸ - Փիլոսյան Վազգենին պարտք է առհաշիվ գումար 2647446 (երկու միլիոն վեց հարյուր քառասունյոթ հազար չորս հարյուր քառասունվեց) դրամ»:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքները նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշներով օժտված այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք:

Նույն օրենսգրքի 878-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ի հավաստումն փոխառության պայմանագրի և դրա պայմանների կարող է ներկայացվել փոխառուի տված ստացականը կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթուղթ:

Հայցապահանջի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ վիճելի գումարի մի մասը առաջացել է հայցվորների հոր կողմից իր հաշվին կատարված գործուղման ծախսերից, ինչը հավաստում է այն հանգամանքը, որ այդ գումարը սույն գործով ներկայացված հայցապահանջի շրջանակում չի կարող գնահատվել որպես փոխառությամբ տրված գումար, քանի որ աշխատանքային գործուղման ծախսերը կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով, և դրանք փոխառությամբ տրամադրված գումարներ չեն կարող հանդիսանալ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Վանակար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի և գլխավոր հաշվապահի կողմից կազմված տեղեկանքն իր մեջ չի պարունակում փոխառության պայմանագրի էական տարրեր և հետևաբար այն չի կարող դիտվել որպես այդպիսին:

Տվյալ պարագայում պարտքի առկայությունը դեռևս հիմք չէ հաստատված համարելու կողմերի միջև փոխառության իրավահարաբերությունների առկայությունը:

 

2) բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական իրավունքում բացակայում է «պաշտոնական դիրքի չարաշահում» հասկացությունը, այն սահմանված է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով և հետևաբար այդպիսի արարքը համարվում է հանցագործություն:

Սույն քաղաքացիական գործով հաստատված չէ փաստն այն մասին, որ հայցվորների հայրը կենդանության ժամանակ, այդպիսի հանցագործություն կատարելու համար չի դատապարտվել նրա նկատմամբ քրեական գործ չի հարուցվել: Յուրաքանչյուր ոք, ով մեղադրվում է հանցագործություն կատարելու մեջ, համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքին համապատասխան:

Հետևաբար, անհիմն է դատարանի այն եզրահանգումը, որ հայցվորների հայրը աշխատանքային պարտականություններ կատարելիս թույլ է տվել «պաշտոնական դիրքի չարաշահում»:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանի նման եզրահանգումը սույն վեճի լուծման տեսանկյունից էական նշանակություն չունի, հետևաբար «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետի խախտման մասին բողոք բերած անձի պատճառաբանությունն անհիմն է համարում:

 

3) բողոքը երրորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նախնական պայմանագրով կողմերը պարտավորվում են ապագայում կնքել գույք հանձնելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու մասին պայմանագիր (հիմնական պայմանագիր)` նախնական պայմանագրով նախատեսված պայմաններով:

Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ նախնական պայմանագիրը կնքվում է հիմնական պայմանագրի համար սահմանված ձևով, իսկ եթե հիմնական պայմանագրի ձևը սահմանված չէ` գրավոր: Նախնական պայմանագրի ձևի մասին կանոնները չպահպանելն այն դարձնում է առոչինչ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ առուվաճառքի պայմանագրով կողմերից մեկը պարտավորվում է մյուս կողմից որպես սեփականություն հանձնել ապրանք, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ ապրանքը և դրա համար վճարել որոշակի գումար: Սույն նորմը նախատեսում է, որ առուվաճառքի պայմանագրում պետք է նշված լինի կողմերի կամաարտահայտությունը համապատասխանաբար գույք հանձնելու և դրա դիմաց վճարելու և գույքը ստանալու պարտավորությունը ստանձնելու վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Վանակար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դրամարկղի մուտքի 04.02.2005 թվականի թիվ 2 օրդերը չի կարող դիտվել որպես գույքի առուվաճառքի նախնական պայմանագիր, քանի որ չի պարունակում առուվաճառքի պայմանագրի ձևին առաջադրվող էական պայման: Տվյալ դեպքում որպես էական պայման Վճռաբեկ դատարանը դիտում է կողմերի պարտավորություն ստանձնելու կամաարտահայտության բացակայությունը:

Հետևաբար նշված պայմանագիրն առոչինչ է և չի կարող իրավական հետևանքներ ունենալ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանը նման պայմաններում չպետք է կիրառեր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասը, 445-րդ հոդվածի 1-ին մասը, 448-րդ հոդվածի 1-ին մասը և 471-րդ հոդվածի 3-րդ մասը, քանի որ կողմերի միջև առկա չեն պայմանագրային հարաբերություններ:

 

4) բողոքը չորրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` վճռի պատճառաբանական մասում պետք է նշվեն դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկները, ինչպես նաև այն օրենքները և այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը ղեկավարվել է վճիռ կայացնելիս:

Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում բողոք բերած անձի փաստարկն այն մասին, որ դատարանը խախտել է նշված նորմը, քանի որ վճռի պատճառաբանական մասում դատարանը չի անդրադարձել և իրավական գնահատականի չի արժանացրել որպես ապացույց ներկայացված «Վանակար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դրամարկղի մուտքի 04.02.2005 թվականի թիվ 2 օրդերը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի չորրորդ հիմքի հիմնավոր լինելը Դատարանի ըստ էության ճիշտ կայացված վճիռը բեկանելու համար բավարար հիմք չի հանդիսանում, քանի որ այդ հանգամանքները էական նշանակություն չունեն վեճի լուծման համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Հերմինե և Հասմիկ Փիլոսյանների ներկայացուցիչ Կարեն Թումանյանի վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 17.11.2006 թվականի թիվ 06-3591, 06-2895 վճիռը թողնել օրինական ուժի մեջ:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

ՆԱԽԱԳԱՀՈՂ`  Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

pin
Վճռաբեկ դատարան
18.05.2007
N 3-561(ՎԴ)
Որոշում