Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 594-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 594-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վերաքննիչ քաղաքացիական                Քաղաքացիական գործ թիվ 3-425 (ՎԴ)

    դատարանի որոշում                                               2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 08-607

Նախագահող դատավոր` Դ. Խաչատրյան

Դատավորներ` Ս. Միքայելյան

Ն. Տավարացյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ա. Մկրտումյանի             

                   մասնակցությամբ դատավորներ  Վ. Աբելյանի

                                              Ս. Սարգսյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

                                              

2008 թվականի հուլիսի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արփենիկ Մուխայելյանի, Գոհար Անտոնյանի և Վերոնիկա Շահինյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.03.2008 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արփենիկ Մուխայելյանի, Գոհար Անտոնյանի, Վերոնիկա Շահինյանի ընդդեմ Նաիրա Անտոնյանի, երրորդ անձ Շիրակ Գևորգյանի, Նոր Նորք նոտարական տարածքի նոտար Օսան Հակոբյանի` գործարքն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան` հայցվորները պահանջել են անվավեր ճանաչել Շիրակ Գևորգյանի, Արմեն Շահինյանի և Նաիրա Անտոնյանի միջև 28.01.2003 թվականին կնքված Երևանի Նոր Նորքի 4-րդ զանգվածի 2-րդ հատվածի 33ա շենքի թիվ 25 բնակարանի նվիրատվության պայմանագիրը, ինչպես նաև դրա հիման վրա Նաիրա Անտոնյանի, Գարեգին և Տաթևիկ Ավետիսյանների անվամբ 02.05.2003 թվականին տրված թիվ 1025938 սեփականության իրավունքի գրանցման վկայականը:

Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 30.11.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.03.2008 թվականի որոշմամբ Արփենիկ Մուխայելյանի, Գոհար Անտոնյանի և Վերոնիկա Շահինյանի վերաքննիչ բողոքը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Արփենիկ Մուխայելյանը, Գոհար Անտոնյանը և Վերոնիկա Շահինյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

1) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասը, 306-րդ հոդվածի 2-րդ մասը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

28.04.2003 թվականին Շիրակ Գևորգյանն իրեն լիազորող հայցվորների անունից Արմեն Շահինյանի հետ միասին Նաիրա Անտոնյանի հետ կնքել են նվիրատվության պայմանագիր, սակայն պայմանագրի կողմերը պայմանավորվել են ոչ թե իրենց գույքը նվիրել Նաիրա Անտոնյանին, այլ ցանկացել են վերջինիս իրավունք վերապահել զբաղվելու բնակարանի վաճառքով և վաճառքից առաջացած գումարը բաժանել երեք մասի:

Նաիրա Անտոնյանի կողմից դատարան ներկայացված բնակարանի համասեփականատեր Արմեն Շահինյանի ձեռքով գրված ստացականի համաձայն` վերջինս իր բաժնի դիմաց պատասխանող Նաիրա Անտոնյանից ստացել է 830 ԱՄՆ դոլար: Նշվածից հետևում է, որ Արմեն Շահինյանի բաժինը փոխհատուցվել է դրամական ձևով, իսկ հայցվորներին չի փոխհատուցվել: Հետևաբար, կողմերի միջև առկա է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հանդիպական պարտավորություն, որի պատճառով էլ 28.04.2003 թվականի պայմանագիրը նվիրատվության պայմանագիր չի կարող համարվել: Այդպիսի պայմանագրի նկատմամբ կիրառվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կանոնները:

i

2) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Հայցվորները բաց չեն թողել հայցային վաղեմության ժամկետը, քանի որ նրանք իրենց իրավունքների խախտման մասին տեղեկացել են 27.07.2007 թվականին և դիմել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, իսկ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորքի տարածքային ստորաբաժանման 02.08.2007 թվականի թիվ Կ/Մ-5240ա գրությունից տեղեկացել են գործարքի մասին և 07.09.2007 թվականին դիմել են դատարան: Այս դեպքում նույնպես հայցվորները բաց չեն թողել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հայցային վաղեմության մեկ տարվա ժամկետը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 13.03.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Երևանի Նոր Նորքի 4-րդ զանգվածի 2-րդ հատվածի 33ա շենքի թիվ 25 բնակարանն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանել է Արփենիկ Մուխայելյանին, Նաիրա և Գոհար Անտոնյաններին, Գարեգին և Տաթևիկ Ավետիսյաններին, Վերոնիկա և Արմեն Շահինյաններին:

2) 25.04.2003 թվականին Արփենիկ Մուխայելյանը, Գոհար Անտոնյանը և Վերոնիկա Շահինյանը նոտարական կարգով վավերացված լիազորագրով լիազորել են Շիրակ Գևորգյանին Երևանի Նոր Նորքի 4-րդ զանգվածի 2-րդ հատվածի 33ա շենքի թիվ 25 բնակարանի իրենց պատկանող բաժինները նվիրել Նաիրա Անտոնյանին:

3) 28.04.2003 թվականին Շիրակ Գևորգյանի` որպես Արփենիկ Մուխայելյանի, Գոհար Անտոնյանի և Վերոնիկա Շահինյանի լիազորված ներկայացուցչի, Արմեն Շահինյանի և Նաիրա Անտոնյանի միջև կնքվել է բնակարանի բաժինների նվիրատվության պայմանագիր: Պայմանագիրը վավերացվել է նոտարական կարգով և դրա հիման վրա կատարվել է Նաիրա Անտոնյանի սեփականության իրավունքի պետական գրանցում:

4) 29.09.2003 թվականի ստացականի համաձայն` Արմեն Շահինյանը Երևանի Նոր Նորքի 4-րդ զանգվածի 2-րդ հատվածի 33ա շենքի թիվ 25 բնակարանի իր մասնաբաժինը նվիրել է Նաիրա Անտոնյանին, որի դիմաց ստացել է 830 (ութ հարյուր երեսուն) ԱՄՆ դոլար:

6) Նաիրա Անտոնյանի 07.08.2007 թվականին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննիչին տրված բացատրության համաձայն` ինքը Արփենիկ Մուխայելյանի ու Գոհար Մուխայելյանի հետ պայմանավորվել է, որ իրենց բաժինները նվիրատվության պայմանագրով նվիրեն իրեն, որպեսզի կարողանա այն վաճառել և ստացված գումարը բաժանել:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նվիրատվության պայմանագրով մի կողմը (նվիրատուն) մյուս կողմի (նվիրառուի) սեփականությանն անհատույց հանձնում է կամ պարտավորվում է հանձնել գույք կամ իրեն կամ երրորդ անձին ուղղված գույքային իրավունք (պահանջ), կամ ազատում է կամ պարտավորվում է նրան ազատել իր կամ երրորդ անձի հանդեպ ունեցած գույքային պարտավորությունից: Գույքի կամ իրավունքի հանդիպական հանձնման կամ հանդիպական պարտավորության առկայության դեպքում պայմանագիրը նվիրատվություն չի համարվում: Այդպիսի պայմանագրի նկատմամբ կիրառվում են նույն օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կանոնները:

Նույն օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` շինծու գործարքը, այսինքն` մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքը, առոչինչ է:

Վերոհիշյալ հոդվածից հետևում է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման համար անհրաժեշտ է ապացուցել, որ`

1. գործարքն իրականում կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջև, կամ

i

2. այն ստորագրած անձանց կամքը չի համապատասխանում պայմանագրում շարադրվածին: Այսինքն, շինծու գործարքն առկա է այն դեպքում, երբ կողմերի միջև իրականում ծագում են իրավահարաբերություններ, սակայն դրանք իրենց բնույթով այլ են, քան այն իրավահարաբերությունները, որոնք կողմերը ցանկանում են ներկայացնել երրորդ անձանց (տե՛ս օրինակ` «ԱՎԱ» ՍՊԸ ընդդեմ Սերգեյ Գաբրիելյան և Վիոլետա Գաբրիելյան` պայմանագիրը վաղաժամկետ լուծելու, Սերգեյ և Վիոլետա Գաբրիելյաններին տարածքից վտարելու պահանջների մասին թիվ 3-89(ՏԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի առանձնահատկությունների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով պարզաբանման է ենթակա այն իրավական հարցադրումը, թե արդյո՞ք վեճի առարկա բնակարանի բաժինների նվիրատվության պայմանագիրը նպատակ է հետապնդել քողարկել առուվաճառքի պայմանագրի առկայությունը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը:

Սույն քաղաքացիական գործում առկա Նաիրա Անտոնյանի 07.08.2007 թվականի բացատրության, ինչպես նաև Երևանի Նոր Նորքի 4-րդ զանգվածի 2-րդ հատվածի 33ա շենքի թիվ 25 բնակարանի համասեփականատեր Արմեն Շահինյանի կողմից իր բաժնի նվիրատվության դիմաց դրամական փոխհատուցում ստացած լինելու փաստի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրականում կողմերի միջև կնքվել է բաժնի առուվաճառքի պայմանագիր, իսկ նվիրատվության պայմանագրով քողարկվել է կողմերի միջև իրականում ծագած առուվաճառքի իրավահարաբերությունը:

Այդ ապացույցները վկայում են նվիրատվության պայմանագրի հատուցելի լինելու, գույքի հանդիպական հանձնման մասին, որի պայմաններում Վերաքննիչ դատարանը պետք է կիրառեր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը.

2) վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

i

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տես օրինակ` «Քնար-88» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության 21.12.2006 թ. Քաղ. գործ թիվ 3-2504/ՏԴ (գումար բռնագանձելու պահանջով)):

Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՛ փաստական և թե՛ իրավական հիմնավորումը: Ըստ Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշման` վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, նվիրատվության գործարքն անվավեր ճանաչելու պահանջի նկատմամբ կիրառելով վիճահարույց գործարքների համար կիրառելի հայցային վաղեմության ժամկետի կանոնները, չի հիմնավորել նման գործարքի վիճահարույց լինելու հանգամանքը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի համաձայն` առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման մասին հայցը կարող է ներկայացվել դրա կատարման օրվանից տասը տարվա ընթացքում: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործարքների անվավերության պահանջներով կիրառելի հայցային վաղեմության կանոնը ընտրելիս դատարանը նախ և առաջ պետք է գնահատման առարկա դարձնի հայցապահանջի հիմքը:

Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով դատարանը, գնահատման առարկա չդարձնելով այն հանգամանքը, որ վեճի առարկա գործարքի անվավեր ճանաչման հայցապահանջի հիմքում դրվել է դրա շինծու լինելու հանգամանքը, դրա նկատմամբ կիրառել է վիճահարույց գործարքների համար կիրառելի հայցային վաղեմության ժամկետի կանոնները:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.03.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ա. Մկրտումյան

Դատավորներ` Վ. Աբելյան

Ս. Սարգսյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.07.2008
N 3-425(ՎԴ)
Որոշում