Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 421-ՐԴ, 303...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 421-ՐԴ, 303-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վերաքննիչ քաղաքացիական            Քաղաքացիական գործ թիվ 3-56 (ՎԴ)

    դատարանի վճիռ                                             2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 07-2453/2007 թ.

Նախագահող դատավոր` Գ. Մատինյան

Դատավորներ` Ն. Հովսեփյան

Լ. Սոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Մանուկյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Սարգսյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի                      

                                              

2008 թվականի մարտի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Գուրգեն Ասատրյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.08.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Վերգինե Բեգլարյանի և Երջանիկ Բադալյանի ընդդեմ Գուրգեն Ասատրյանի` բնակելի տան առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու, դրա հիման վրա տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու, բնակարանից վտարելու պահանջների մասին և ըստ հայցի Գուրգեն Ասատրյանի ընդդեմ Վերգինե Բեգլարյանի և Երջանիկ Բադալյանի` պայմանն իրականացված և պարտավորությունը կատարված ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Վերգինե Բեգլարյանը և Երջանիկ Բադալյանը պահանջել են անվավեր ճանաչել նրանց և Գուրգեն Ասատրյանի միջև կնքված բնակելի տան առուվաճառքի թիվ 1849 պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր), դրա հիման վրա կատարված իրավունքների պետական գրանցումը, ինչպես նաև Գուրգեն Ասատրյանին վտարել վերոհիշյալ տնից:

Դիմելով դատարան` Գուրգեն Ասատրյանը պահանջել է բնակելի տան առուվաճառքի պայմանագրով վճարման ենթակա 7.820 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամն ընդունել դատարանի դեպոզիտ, վերոհիշյալ պայմանագրով սահմանված պայմանները ճանաչել իրականացված, իսկ գնորդի պարտավորությունը` կատարված:

Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 29.06.2006 թվականի վճռով Վերգինե Բեգլարյանի և Երջանիկ Բադալյանի հայցը Գուրգեն Ասատրյանին բնակարանից վտարելու մասով կարճվել է, մնացած մասով` մերժվել, իսկ Գուրգեն Ասատրյանի հայցը` բավարարվել:

Քաղաքացիական վերաքննիչ դատարանի 01.09.2006 թվականի վճռով Վերգինե Բեգլարյանի և Երջանիկ Բադալյանի հայցը մերժվել է, իսկ Գուրգեն Ասատրյանի հայցը` բավարարվել:

Վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի որոշմամբ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի վճռի` Գուրգեն Ասատրյանի հայցը բավարարելու մասը բեկանվել է և ուղարկվել նույն դատարան` այլ կազմով նոր քննության: Քաղաքացիական գործի վարույթն ըստ Վերգինե Բեգլարյանի և Երջանիկ Բադալյանի ընդդեմ Գուրգեն Ասատրյանի` սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջի մասին, կարճվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.08.2007 թվականի վճռով Վերգինե Բեգլարյանի և Երջանիկ Բադալյանի հայցը բավարարվել է, վճռվել է վերջիններիս և Գուրգեն Ասատրյանի միջև կնքված բնակելի տան առուվաճառքի թիվ 1849 պայմանագիրը ճանաչել անվավեր, ինչպես նաև Գուրգեն Ասատրյանին վտարել վերոհիշյալ տնից, իսկ Գուրգեն Ասատրյանի հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գուրգեն Ասատրյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորմամբ.

i

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 421-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 18-րդ գլխի դրույթները, 303-րդ հոդվածը, 293-րդ հոդվածի 3-րդ մասը, 366-րդ հոդվածի առաջին մասը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի կողմից Պայմանագրի անվավերության հիմքում դրված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 421-րդ հոդվածը կարգավորում է պարտապանի կետանցի հետ կապված իրավահարաբերությունները և այդ հիմքով չի նախատեսում պայմանագիրն անվավեր ճանաչելու հնարավորություն:

Բացի այդ, գումար վճարելու պարտավորության կետանցի դեպքում Պայմանագրով նախատեսվել է լրացուցիչ պարտավորություն` տոկոսների տեսքով:

Պայմանագիրն անվավեր է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 18-րդ գլխի որևէ հիմքով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու հիմքով: Մինչդեռ, բողոքարկվող վճռում նշված չէ, թե Պայմանագրի որ դրույթը չի համապատասխանում օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջներին:

Հայցվորները խուսափել են պատասխանողի կողմից պայմանագրի կատարումն ընդունելուց: Հետևաբար, պարտապանը կետանցող չի համարվում, քանի դեռ պարտավորությունը չի կարող կատարվել պարտատիրոջ կետանցի պատճառով:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է դատական ակտը վերանայելիս օրինական ուժ տալ Քաղաքացիական վերաքննիչ դատարանի 01.09.2006 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը`

Բողոք բերած անձը պահանջել է Վերաքննիչ դատարանի 09.08.2007 թվականի վճիռը վերանայելիս օրինական ուժ տալ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 01.09.2006 թվականի վճռին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

բողոքն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` վճռաբեկության կարգով գործի քննության ժամանակ վճռաբեկ դատարանը գործով կայացված դատական ակտը վերանայում է միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

Նույն օրենսգրքի 240-րդ հոդվածի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքով վճռաբեկ դատարանը`

1) մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, սակայն դատարանի կայացրած` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի պատճառաբանված, սխալ պատճառաբանված կամ չպատճառաբանված է, ապա վճռաբեկ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը,

2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վճռաբեկ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով դատական ակտը մնում է օրինական ուժի մեջ.

3) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և հաստատում կողմերի հաշտության համաձայնությունը.

4) մասնակիորեն բեկանում և փոփոխում է ստորադաս դատարանի ակտը, եթե ստորադաս դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից.

5) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում հայցն ամբողջովին կամ դրա մի մասը.

6) վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը փոփոխվելու դեպքերում վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է վերաքննիչ դատարանի ակտը` օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի դատական ակտին:

Վերոնշյալից հետևում է, որ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի քննության արդյունքում լիազորված չէ օրինական ուժ տալ իր իսկ կողմից բեկանված Վերաքննիչ դատարանի վճռին:

Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքում ներկայացված պահանջի քննությունն անհնարին է:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.08.2007 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Մանուկյան

Դատավորներ` Ա. Մկրտումյան

Վ. Աբելյան

Ս. Սարգսյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.03.2008
N 3-56 (ՎԴ)
Որոշում