ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ 3-117 (ՎԴ)
դատարանի վճիռ 2008 թ.
Քաղաքացիական գործ թիվ 07-3212
Նախագահող դատավոր` Ն. Հովսեփյան
Դատավորներ` Տ. Սահակյան
Մ. Ասատրյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Հ. Մանուկյանի
մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի
Վ. Աբելյանի
Դ. Ավետիսյանի
Հ. Ղուկասյանի
Ս. Սարգսյանի
Ս. Օհանյանի
2008 թվականի փետրվարի 29-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Վասիլ և Վարդան Նիկողոսյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.10.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Ալվարդ Ղուկեյանի ընդդեմ Վասիլ և Վարդան Նիկողոսյանների` դրամական պարտավորությունները կետանցով կատարելու համար վնասի հատուցման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ալվարդ Ղուկեյանը պահանջել է Վասիլ և Վարդան Նիկողոսյաններից բռնագանձել 11.000.000 ՀՀ դրամը կետանցով վերադարձնելու համար հաշվարկված 8.866.000 ՀՀ դրամ վնասի գումար:
ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 02.08.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.10.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Վասիլ և Վարդան Նիկողոսյանները:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:
i
1) Դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
i
23.12.2000 թվականի և 10.04.2001 թվականի փոխառության պայմանագրերը կնքվել են Ալվարդ Ղուկեյանի և Վարդան Նիկողոսյանի միջև: Այսինքն` Վասիլ Նիկողոսյանը այդ փոխառության պայմանագրերով կողմ չի հանդիսացել: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ կետանցով պարտավորության կատարման համար վնասը պետք է բռնագանձել նաև Վասիլ Նիկողոսյանից: Վասիլ Նիկողոսյանը միայն պարտավորագիր է գրել, որով պարտավորվել է իր սեփականության ներքո գտնվող Եղվարդի Սպանդարյան 19 հասցեի գույքը ձևակերպել Ալվարդ Ղուկեյանի անվամբ, եթե Վարդան Նիկողոսյանը մինչև 31.12.2003 թվականը Ալվարդ Ղուկեյանին չվերադարձնի փոխառությամբ վերցրած գումարը, ինչը չի նշանակում, որ Վասիլ Նիկողոսյանը որևէ դրամական պարտավորություն է ստանձնել Ալվարդ Ղուկեյանի նկատմամբ: Նշվածի հիման վրա պետք է եզրակացնել, որ Վերաքննիչ դատարանը չի կատարել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն` խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները:
i
2) Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ, 337-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Փոխառության գումարի վերադարձման` Վարդան Նիկողոսյանի պարտավորությունը պետք է կատարվեր 10.04.2002 թվականի դրությամբ: Ալվարդ Ղուկեյանը հայցադիմում է ներկայացրել դատարան 06.06.2007 թվականին, այսինքն` բաց է թողել հայցային վաղեմության ժամկետը, որի կիրառման և հայցն այդ հիմքով մերժելու վերաբերյալ պատասխանողների կողմից դատարանին ներկայացվել է դիմում: Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով Վարդան Նիկողոսյանից փոխառության գումարը բռնագանձվել է 09.01.2006 թվականին, ուստի հայցային վաղեմության ժամկետը պետք է հաշվարկել այդ ժամանակահատվածից: Մինչդեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի հիմքով տվյալ դեպքում պարտավորության կատարման ժամկետի սկիզբ է համարվում 10.04.2002 թվականը, այլ ոչ թե Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի վճռի կայացման օրը:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.10.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 02.08.2007 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) 10.04.2001 թվականին Ալվարդ Ղուկեյանի (փոխառու) և Վարդան Նիկողոսյանի (փոխառու) միջև կնքվել է փոխառության պայմանագիր, համաձայն որի` փոխատուի կողմից փոխառուին մեկ տարի ժամկետով տրամադրվել է 13.750.000 ՀՀ դրամ գումար:
2) 24.04.2003 թվականի պարտավորագրով Վասիլ Նիկողոսյանը պարտավորվել է Վարդան Նիկողոսյանի կողմից Ալվարդ Ղուկեյանից նախկինում վերցված փոխառության գումարը մինչև 31.12.2003 թվականը չվերադարձվելու դեպքում` իր սեփականության ներքո գտնվող Եղվարդի Սպանդարյան 19 հասցեի տունը ձևակերպել Ալվարդ Ղուկեյանի անվամբ:
3) ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած 09.01.2006 թվականի վճռով որոշվել է Վարդան Նիկողոսյանից բռնագանձել 11.000.000 դրամ, բռնագանձումը տարածելով Վարդան Նիկողոսյանի գույքի և Վասիլ Նիկողոսյանի սեփականության ներքո գտնվող Եղվարդի Սպանդարյան 19 հասցեի գույքի վրա:
4) Ալվարդ Ղուկեյանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների բռնագանձման պահանջը դատարան է ներկայացրել 06.06.2007 թվականին:
5) Պատասխանողը առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում միջնորդել էր կիրառել հայցային վաղեմություն:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:
Սույն քաղաքացիական գործով Վարդան Նիկողոսյանի և Ալվարդ Ղուկեյանի միջև կնքված 23.12.2000 թվականի, 04.10.2001 թվականի փոխառության պայմանագրերի, ինչպես նաև Վասիլ Նիկողոսյանի կողմից տրված 24.04.2003 թվականի պարտավորագրի վերլուծությունից հետևում է, որ Ալվարդ Ղուկեյանի հանդեպ գումար վճարելու պարտավորությունը կրում է Վարդան Նիկողոսյանը, իսկ Վասիլ Նիկողոսյանը կրում է միայն սահմանված ժամկետում այդ գումարը չվերադարձվելու դեպքում գույք հանձնելու պարտավորություն: Այսինքն` Վասիլ Նիկողոսյանը իր սեփականության ներքո գտնվող գույքով փոխառության գումարի վերադարձման կապակցությամբ որոշակի ապահովվածություն է երաշխավորել Ալվարդ Ղուկեյանին, որպիսի պայմաններում փոխառության գումարի վերադարձման կետանցի դեպքում Վասիլ Նիկողոսյանը չի կարող կրել այդ գումարին հաշվարկված տոկոսների վճարման պարտավորություն:
Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ կետանցով վճարված գումարներին հաշվեգրված տոկոսների վճարման պարտավորությունը կրում է նաև Վասիլ Նիկողոսյանը, քանի որ ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 09.01.2006 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով գումարի բռնագանձումը տարածվել է նաև Վասիլ Նիկողոսյանի սեփականության ներքո գտնվող գույքի վրա, հիմնավոր չէ, քանի որ նշված վճռով որոշվել է փոխառության գումարը բռնագանձել միայն Վարդան Նիկողոսյանից` Վասիլ Նիկողոսյանի կողմից տրված պարտավորագրի հիմքով բռնագանձումը տարածելով նաև վերջինիս սեփականության ներքո գտնվող Եղվարդի Սպանդարյան 19 հասցեի գույքի վրա, ինչը նույնպես չի նշանակում, որ Վասիլ Նիկողոսյանը կրում է Վարդան Նիկողոսյանին փոխառությամբ տրված գումարի վերադարձման պարտավորություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը օբյեկտիվորեն չի գնահատել գործով ձեռք բերված ապացույցները, մասնավորապես` ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 09.01.2006 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռը, ինչպես նաև Վասիլ Նիկողոսյանի կողմից տրված 24.04.2003 թվականի պարտավորագիրը:
2) Բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:
Նույն օրենսգրքի 337-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով:
Ալվարդ Ղուկեյանի և Վարդան Նիկողոսյանի միջև 10.04.2001 թվականին կնքված փոխառության պայմանագրով գումարը Վարդան Նիկողոսյանին է տրամադրվել մեկ տարի ժամկետով: Այսպիսով, Ալվարդ Ղուկեյանին վերադարձման ենթակա դրամական միջոցները Վարդան Նիկողոսյանի կողմից առանց իրավական հիմքի պահվել են 11.04.2002 թվականից սկսած, հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները պահանջելու իրավունքը Ալվարդ Ղուկեյանի մոտ ծագել է հենց այդ պահից:
Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ալվարդ Ղուկեյանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների բռնագանձման պահանջը դատարան է ներկայացրել 06.06.2007 թվականին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցային վաղեմությունը պետք էր հաշվարկել սկսած 11.04.2002 թվականից: Հետևաբար, հայցվորը Վարդան Ղուկեյանից կարող է պահանջել վճարելու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները սկսած 06.06.2004 թվականից մինչև պարտավորության կատարման պահը:
i
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով, Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:
Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումը հետաձգվել է, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության ժամանակ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.10.2007 թվականի վճիռը և ուղարկել Հյուսիսային քաղաքացիական դատարան` նոր քննության:
2. Վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ժամանակ:
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Հ. Մանուկյան
Դատավորներ` Ա. Մկրտումյան
Վ. Աբելյան
Դ. Ավետիսյան
Հ. Ղուկասյան
Ս. Սարգսյան
Ս. Օհանյան