ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ Քաղաքացիական գործ թիվ 3-1247 (ՎԴ)
դատարանի վճիռ 2007 թ.
Քաղաքացիական գործ թիվ 07-1277
Նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան
դատավորներ` Կ. Հակոբյան
Ա. Խառատյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Հ. Մանուկյանի
մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Ս. Գյուրջյանի
Է. Հայրիյանի
Ս. Սարգսյանի
2007 թվականի օգոստոսի 1-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ Շիրակի մարզպետի (այսուհետ` Մարզպետ) վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.04.2007 թվականին թիվ 07-1277 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ` ըստ Հակոբ Հակոբյանի հայցի ընդդեմ Մարզպետի` կարգապահական տույժն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի վճարման պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է պարտավորեցնել Մարզպետին` իր նկատմամբ կիրառված կարգապահական տույժն անվավեր ճանաչելու, վերականգնելու իրեն նախկին աշխատանքում, ինչպես նաև բռնագանձելու հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի իր միջին աշխատավարձը:
Դատարանի 24.01.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Վերաքննիչ դատարանի 27.04.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն վճռաբեկ բողոքը ներկայացրել է Մարզպետը և գործին մասնակից չդարձած անձ Գ. Սիմոնյանը:
2.1 Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դատավարական իրավունքի խախտում:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
Դպրոցի կառավարման խորհրդի 06.02.2007 թվականի թիվ 4 որոշմամբ տնօրեն է ընտրվել Գայանե Սիմոնյանը: Նրա հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր: Համաձայն Օրենսգրքի 87-րդ հոդվածի` այն համարվում է ընտրովի պաշտոն: ՀՀ ԿԳՆ նախարարի 22.12.2000 թվականին հաստատած կարգի համաձայն` տնօրենի ընտրության մրցույթի արդյունքները կարող են վերանայվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Վերաքննիչ դատարանը վճիռ է կայացրել Գայանե Սիմոնյանի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Վերջինս հանդիսանում է դպրոցի նոր տնօրեն, որ ընտրվել է դպրոցի կառավարման խորհրդի կողմից, իսկ մրցույթն անվավեր չի ճանաչվել և լիազորությունները դադարեցված չեն: Հետևաբար, դատարանի վճիռը կայացվել է նաև նրա իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, իսկ վերջինս գործի քննությանը ներգրավված չի եղել:
2) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի, այսուհետ` Օրենսգիրք) 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերը, 121-րդ հոդվածի 2-րդ մասը:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը ճիշտ չի մեկնաբանել Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջը, որի հիմքով հայցվորի հետ դադարեցվել է աշխատանքային պայմանագիրը: Վերաքննիչ դատարանը պարզաբանել է, որ Օրենսգրքի 121-րդ հոդվածի համաձայն` հայցվորը մեկ տարվա ընթացքում երկու անգամ պետք է ենթարկված լինի կարգապահական տույժի, այնինչ, վերականգնվելուց հետո հայցվորը տույժ չի ունեցել: Վերաքննիչ դատարանը չի կիրառել Օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասը, որը պետք է կիրառեր, ըստ որի` գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը, եթե աշխատողը թեկուզ մեկ անգամ թույլ է տվել Օրենսգրքի 221-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված աշխատանքային կարգապահության կոպիտ խախտում:
Վերաքննիչ դատարանը չի կիրառել նաև Օրենսգրքի 221-րդ հոդվածի 2-րդ մասը, որը պետք է կիրառեր, քանի որ սույն դեպքում վերը նշված ապացույցները հաստատում են, որ հայցվորը թույլ է տվել ՀՀ օրենսդրության, ներքին կանոնադրության կոպիտ խախտումներ:
Վերաքննիչ դատարանը ճիշտ չի մեկնաբանել Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջը` վճռում նշելով, որ իրավունք ունի գործատուն վստահությունը կորցրած անձի հետ պայմանագիրը լուծել, եթե համաձայն Օրենսգրքի 122-րդ հոդվածի աշխատողը վնասել է գործատուի գույքը, կատարել է հափշտակություն, գործատուի գույքի պահպանությունը դրվել է վտանգի տակ, անվստահություն է առաջացրել սպառողների, հաճախորդների մոտ, որի պատճառով գործատուն կրել է և կարող էր կրել վնասներ:
Բողոք բերած անձինք պահանջել են բեկանել քաղաքացիական վերաքննիչ դատարանի 27.04.2007 թվականի թիվ 07-1277 քաղաքացիական գործով կայացված վճիռը:
2.2 Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները.
Ըստ Հակոբ Հակոբյանի կողմից վճռաբեկ բողոքին ներկայացված պատասխանի`
Մարզպետի կողմից սույն գործով կայացված վճռի չկատարումը վկայում է վերջինիս և հայցվորի միջև անբարյացակամ հարաբերությունների մասին:
Վճռաբեկ բողոքում բերված ապացույցները կապ չունեն հայցվորի աշխատանքից ազատման վերաբերյալ Մարզպետի 13.11.2006 թվականի թիվ 432 որոշման հետ: Այդ որոշումով պատասխանողը խախտել է Օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջները, անտեսել է նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Դպրոցի կառավարման խորհրդի 06.02.2007 թվականի թիվ 4 որոշմամբ տնօրեն է ընտրվել Գայանե Սիմոնյանը: Նրա հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր:
2) Գայանե Սիմոնյանը սույն գործի քննությանը մասնակից չի դարձվել:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:
Սույն գործի փաստերի համաձայն` հայցվորը հայց է ներկայացրել ընդդեմ Մարզպետի` կարգապահական տույժն անվավեր ճանաչելու, դպրոցի տնօրենի նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի վճարման պահանջների մասին: Դպրոցի կառավարման խորհրդի 06.02.2007 թվականի թիվ 4 որոշմամբ տնօրեն է ընտրվել Գայանե Սիմոնյանը: Նրա հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր: Գայանե Սիմոնյանը սույն գործի քննությանը մասնակից չի դարձվել:
Փաստորեն դատարանը, բավարարելով հայցը, վճիռ է կայացրել սույն գործի քննությանը մասնակից չդարձած Գայանե Սիմոնյանի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով անձին երաշխավորվում է հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետի համաձայն` վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը սույն բողոքի առաջին հիմքը հիմնավոր է համարում և դրա առկայությունը դիտում է որպես բավարար հիմք` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետի ուժով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:
2) Բողոքի երկրորդ հիմքը Վճռաբեկ դատարանն անհնար է համարում քննության առարկա դարձնել հետևյալ պատճառաբանությամբ:
Նյութական իրավունքի նորմերի խախտման մասին պատասխանողի պատճառաբանությունները չեն կարող դատական ակտի վերանայման հիմք հանդիսանալ այն պայմաններում, երբ կողմի փաստարկները դատավարության ընթացքում քննության առարկա չեն դարձել կողմի դատավարական իրավունքների սահմանափակման արդյունքում: Հետևաբար, նման իրավիճակում այդ պատճառաբանությունները չեն կարող լինել նաև Վճռաբեկ դատարանի քննարկման առարկա:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքը Վճռաբեկ դատարանը հիմնավոր համարելով` այն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով դատական ակտը բեկանելու բավարար հիմք է դիտում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 27.04.2007 թվականի վճիռն ամբողջությամբ և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Հ. Մանուկյան
Դատավորներ` Ա. Մկրտումյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ս. Գյուրջյան
Է. Հայրիյան
Ս. Սարգսյան