040.1190.170805
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«17» օգոստոսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 հուլիսի 2005 թվականի N 1190-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՁԵՎԵՐ ՉՈՒՆԵՑՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ կետի, ինչպես նաև հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կազմակերպական-իրավական ձևեր չունեցող, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չունեցող պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց լուծարման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքն ուժի մեջ մտնելն ստեղծված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգքով սահմանված կազմակերպական-իրավական ձևեր չունեցող, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չունեցող պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց (այսուհետ` իրավաբանական անձինք) լուծարման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ներկայացնել այդ պետական կառավարման մարմինների տնօրինմանն անցած իրավաբանական անձանց մասին առկա տեղեկատվությունը:
3. Սահմանել, որ իրավաբանական անձանց լուծարումը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից ստեղծված հանձնաժողովը, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:
i
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) սույն որոշման 2-րդ կետով սահմանված տեղեկատվությունն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն իրավաբանական անձանց լուծարման վերաբերյալ,
բ) սույն որոշման 2-րդ կետով սահմանված տեղեկատվությունն ստանալուց հետո իրականացնել իրավաբանական անձանց հաշվառում` հաշվառման մասին ամփոփ տեղեկատվությունը ներկայացնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն,
գ) յուրաքանչյուր եռամսյակ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկատվություն հանձնաժողովի կողմից իրականացված աշխատանքների մասին,
դ) 10-օրյա ժամկետում հաստատել հանձնաժողովի և հանձնակատարի միջև կնքվելիք հանձնարարության պայմանագրի օրինակելի ձևը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանձնակատարի վարձատրության չափը սահմանում է հանձնաժողովը` ամսական կտրվածքով, ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի քսանապատիկը, սակայն ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը, ընդ որում` լուծարման հանձնաժողովի կողմից տրված հանձնարարականների կատարման հետ կապված ծախսերը ենթակա են փոխհատուցման` լուծարվող իրավաբանական անձանց միջոցներից:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման 4-րդ կետի «բ» ենթակետում նշված տեղեկություններն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում` գործող հաշվարկային հաշիվներ չունեցող իրավաբանական անձանց դեբիտորական պարտավորությունների մարման, դրանց գույքն աճուրդով կամ մրցույթով վաճառելու նպատակով բացել ժամանակավոր դրամային հաշիվներ և դրա մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:
i
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման ընդունումից հետո մեկամսյա ժամկետում իրավաբանական անձանց հաշվապահական հաշվեկշռում արտացոլված մարման ենթակա կրեդիտորական պարտավորությունների վճարման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել իրավաբանական անձանց ժամանակավոր դրամային հաշիվների վարման կարգը:
7. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն ընդունված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների համաձայն լուծարվող իրավաբանական անձանց լուծարումն իրականացվում է սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգով:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի հուլիսի 14-ի
N 1190-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՁԵՎԵՐ ՉՈՒՆԵՑՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԼՈՒԾԱՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքն ուժի մեջ մտնելն ստեղծված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կազմակերպական իրավական ձևեր չունեցող, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չունեցող պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց (այսուհետ` իրավաբանական անձինք) լուծարման կարգը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (այսուհետ` վարչություն) պետն իրավաբանական անձանց լուծարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծում է լուծարման հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով)` դրա կազմում ընդգրկելով իրավաբանական անձանց կառավարումն իրականացնող պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (երկու անդամ), վարչության (երկու անդամ` հանձնաժողովի նախագահ և քարտուղար) և իրավաբանական անձի գտնվելու վայրի պետական կառավարման տարածքային մարմնի (մեկ անդամ) ներկայացուցիչներին:
3. Վարչությունը հանձնաժողով ստեղծելուց հետո 7-օրյա ժամկետում դրա մասին տեղեկացնում է իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնին, որն իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում տեղեկություններ է գրառում (հաշվառում) տվյալ իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին:
i
4. Օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չունեցող իրավաբանական անձանց լուծարման գործընթացում գտնվելու մասին տեղեկությունների գրառման համար իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմին օրենքով նախատեսված փաստաթղթերի հետ միասին ներկայացվում է նաև տվյալ իրավաբանական անձի կանոնադրությունը, եթե այն առկա է, և ստեղծման մասին իրավասու մարմնի համապատասխան որոշումը:
Օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չունեցող իրավաբանական անձի ստեղծման մասին իրավասու մարմնի համապատասխան որոշումը չհայտնաբերվելու հետևանքով իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին տեղեկությունները պետական գրանցամատյանում չգրառելու դեպքում հանձնաժողովը միջոցներ է ձեռնարկում` տվյալ իրավաբանական անձի գույքի հայտնաբերման համար: Իրավաբանական անձի գույքի հայտնաբերման դեպքում այդ գույքն օրենքով սահմանված կարգով հանձնվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:
Իրավաբանական անձի գույքի չհայտնաբերման դեպքում հանձնաժողովը կազմում է համապատասխան արձանագրություն և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին: Հանձնաժողովի կողմից ներկայացված արձանագրության հիման վրա կարող է դադարեցվել հանձնաժողովի գործունեությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հրամանով:
(4-րդ կետը փոփ. 12.02.09 թիվ 252-Ն որոշում)
5. Հանձնաժողովը 5-օրյա ժամկետում`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մամուլում հրապարակում է հայտարարություն իրավաբանական անձի լուծարման և պարտատերերի պահանջները ներկայացնելու կարգի ու ժամկետի (որը սահմանվում է 2 ամիս) մասին և հայտարարության հրապարակման հաջորդ աշխատանքային օրը դրա մասին ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնին,
բ) իրավաբանական անձի լուծարման վերաբերյալ որոշման ընդունման մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը, որը 15-օրյա ժամկետում ճշտում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և սոցիալական ապահովագրության գծով իրավաբանական անձի պարտավորությունների չափը և ներկայացնում հանձնաժողովին:
6. Հանձնաժողովն իրավաբանական անձի լուծարման ընթացքում, անհրաժեշտության դեպքում, գործընթացի հետ կապված աշխատանքներն իրականացնելու նպատակով կնքում է հանձնարարության պայմանագիր:
7. Լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հիմնադրի կողմից հաստատվելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության անունից որպես հիմնադիր է հանդես գալիս հանձնաժողով ստեղծելու իրավասություն ունեցող մարմինը, իսկ մինչև այդ` լիազորված մարմինը:
8. Հանձնաժողովի ստեղծման պահից մեկամսյա ժամկետում լիազորված մարմինը կատարում է իրավաբանական անձի գույքագրում և գույքը հանձնում հանձնաժողովին: Եթե հանձնաժողովի կողմից կնքվել է հանձնարարության պայմանագիր, ապա գույքագրման աշխատանքներին մասնակցում է նաև հանձնակատարը:
9. Իրավաբանական անձի պարտատերերը հայտարարության հրապարակման օրվանից հայտարարության մեջ նշված ժամկետում իրենց պահանջները ներկայացնում են հանձնաժողովին: Հանձնաժողովն իրավաբանական անձի պարտատերերի ներկայացրած պահանջները գրանցում է այդ իրավաբանական անձի պարտատերերի գրանցամատյանում:
i
10. Հանձնաժողովն իրավաբանական անձի պարտատերերի կողմից պահանջներ ներկայացվելու ժամկետը լրանալուց հետո 10-օրյա ժամկետում կազմում և լիազորված մարմնի հաստատմանն է ներկայացնում լուծարման միջանկյալ հաշվեկշիռ: Ընդ որում, եթե սույն կարգով սահմանված ժամկետներում իրավաբանական անձի պարտավորությունների մասին պահանջագրեր չեն ներկայացվում, հանձնաժողովն իրավասու է լուծարման միջանկյալ հաշվեկշռում իրավաբանական անձի պարտավորություններն ընդունելու հավասար զրոյի, իսկ լիազորված մարմնի կողմից իրավաբանական անձի գույքի կազմի, դեբիտորական պարտավորությունների և դրամական միջոցների մասին տեղեկատվություն չտրամադրվելու դեպքում` լուծարման միջանկյալ հաշվեկշռի ակտիվներ բաժինն ընդունելու հավասար զրոյի:
(10-րդ կետը փոփ. 12.02.09 թիվ 252-Ն որոշում)
11. Եթե իրավաբանական անձի լուծարման ընթացքում պարզվի, որ իրավաբանական անձը համապատասխանում է «Անվճարունակության (սնանկության) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սնանկացման չափանիշներին, ապա իրավաբանական անձի լուծարման հանձնաժողովը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում սնանկացման հայցով դիմել դատարան:
12. Իրավաբանական անձի կնիքի բացակայության դեպքում բոլոր փաստաթղթերը կնքվում են լիազորված մարմնի կնիքով:
13. Իրավաբանական անձը լուծարման ընթացքում իրավունք ունի կնքելու նոր գործարքներ և ստանձնելու նոր պարտավորություններ` միայն իրավաբանական անձի պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտ ընթացիկ գործունեությունն ավարտելու անհրաժեշտության դեպքում:
14. Եթե իրավաբանական անձի դրամական միջոցները չեն բավականացնում իրավաբանական անձի պարտատերերի պահանջները բավարարելու համար, ապա հանձնաժողովն ընդունում է որոշում իրավաբանական անձի գույքն աճուրդով կամ մրցույթով վաճառելու մասին և վաճառքից ստացված միջոցներն ուղղում է գործող հաշվարկային հաշվին, իսկ դրա բացակայության դեպքում` այդ նպատակով բացված ժամանակավոր դրամային հաշվին:
15. Իրավաբանական անձի գույքի վաճառքն իրականացնում է հանձնաժողովը կամ համապատասխան պայմանագրով` այլ անձը` «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
i
16. Հանձնաժողովն իրավաբանական անձի գույքի գնահատում իրականացնելու նպատակով դիմում է գնահատող կազմակերպությանը (անկախ գնահատողին), ընդ որում, գույքի արժեքի հաշվարկման ծախսերը վճարվում են իրավաբանական անձի միջոցների հաշվին:
(16-րդ կետը փոփ. 03.12.09 թիվ 1389-Ն որոշում)
17. Իրավաբանական անձի գույքն աճուրդով կամ մրցույթով վաճառքի ներկայացվելու դեպքում մեկնարկային (վաճառքի նվազագույն) գին է ընդունվում սույն կարգի 16-րդ կետում նշված կարգով հաշվարկված արժեքը (գումարած ԱԱՀ-ն), եթե հանձնաժողովի որոշմամբ ավելի բարձր մեկնարկային գին չի սահմանվում: Աճուրդները կարող են անցկացվել նաև հոլանդական եղանակով, ընդ որում, գնի նվազագույն սահմանը կարող է լինել հաշվարկված արժեքի 15 տոկոսը:
Գույքն աճուրդով (մրցույթով) չվաճառվելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ աճուրդի (մրցույթի) ժամանակ, որպես գույքի մեկնարկային (վաճառքի նվազագույն) գին հանձնաժողովի կողմից սահմանվում է սույն կարգի 16-րդ կետում նշված կարգով հաշվարկված արժեքի համապատասխանաբար` 50, 25 և 15 տոկոսը (գումարած ԱԱՀ-ն):
Իրավաբանական անձի գույքը մրցույթով վաճառքի ներկայացնելու դեպքում հանձնաժողովը կարող է սահմանել մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջներ, անհրաժեշտ ներդրումների և սոցիալական երաշխիքների նվազագույն պայմաններ, ինչպես նաև մրցույթի հաղթողին որոշելու կշռային գործակիցներ:
18. Հանձնաժողովի որոշմամբ աճուրդով չվաճառված գույքի վաճառքի նպատակով հաջորդ աճուրդի կազմակերպման մասին որոշումը (եթե գույքի վաճառք նախատեսվում է) ընդունվում է նախորդ աճուրդի անցկացման օրվանից 10-օրյա ժամկետում, ընդ որում` սույն կարգի 16-րդ կետում նշված կարգով հաշվարկված գնի 15 տոկոսից ցածր արժեքով (գումարած ԱԱՀ-ն) վաճառելու մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
19. Մինչև լուծարման հաշվեկշռի հաստատումն իրավաբանական անձի հաշվեկշռում և արտահաշվեկշռում արտացոլված դեբիտորական պարտքերը և պահանջի այլ իրավունքներ (փոխառություն, վարկ, մուրհակ, չեկ, պարտատոմս և այլն) ենթակա են հանձնման Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, իսկ լուծարումից հետո մնացած գույքը` վարչության տնօրինությանը:
i
20. Հանձնաժողովը պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո 10-օրյա ժամկետում կազմում և լիազորված մարմնի հաստատմանն է ներկայացնում լուծարման հաշվեկշիռ և լուծարման հաշվեկշիռը հաստատելուց հետո 5-օրյա ժամկետում այն օրենքով սահմանված այլ փաստաթղթերի հետ միասին ներկայացնում է իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմին, ընդ որում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տեղեկատվություն չտրամադրվելու կամ պարտավորությունների բացակայության մասին տեղեկատվություն տրամադրվելու դեպքերում ներկայացնում է հավաստագիր իրավաբանական անձի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և սոցիալական ապահովագրության գծով պարտավորություններ չունենալու վերաբերյալ, իսկ լիազորված մարմնի կողմից տեղեկատվություն չտրամադրվելու դեպքում` տեղեկանք իրավաբանական անձի` Հայաստանի Հանրապետության ազգային արխիվ հանձնելու ենթակա փաստաթղթեր չառաջանալու մասին, որը կատարում է իրավաբանական անձի պետական գրանցում և տալիս է տեղեկանք իրավաբանական անձանց լուծարման մասին:
(20-րդ կետը փոփ. 12.02.09 թիվ 252-Ն որոշում)
i
20.1. Մինչև իրավաբանական անձի լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հիմնադրի կողմից հաստատվելը` Հայաստանի Հանրապետության կառավարության անունից հիմնադիր հանդիսացող լիազորված մարմնին` լուծարման ավարտն իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնի կողմից գրառվելուց հետո իրավաբանական անձին պատկանող գույքի հայտնաբերման դեպքում այն հանձնել վարչության տնօրինությանը, դեբիտորական պարտքերի և պահանջի այլ իրավունքների դեպքում` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, իսկ դրամական միջոցների դեպքում` փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
(20.1-րդ կետը լրաց. 12.02.09 թիվ 252-Ն որոշում)
21. Վարչությունը լուծարումից հետո մնացած գույքն իր տնօրինության տակ վերցնելուց հետո 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություն լուծարումից հետո մնացած գույքի հետագա տնօրինման վերաբերյալ: