ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ 2-2040
Քաղաքացիական գործ թիվ 2-2040 2022 թ.
Նախագահող դատավոր` Ն. Բարսեղյան
Դատավորներ` Ա. Մկրտչյան
Հ. Ենոքյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Ս. Միքայելյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Հ. Բեդևյան
Մ. Դրմեյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
2022 թվականի ապրիլի 13-ին
գրավոր ընթացակարգով քննելով Տիգրան Սահակյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.10.2020 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի Տիգրան Սահակյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` պետական մարմնի անգործությունը վիճարկելու և խախտված իրավունքը վերականգնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Տիգրան Սահակյանը պահանջել է պարտավորեցնել Երևանի քաղաքապետին Երևանի Աբելյան փողոցի հարակից տարածքում 11350,0 քմ ընդհանուր մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել իրեն` հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանելով մինչև ՀՀ կառավարության 24.12.2003 թվականի թիվ 1746-Ն որոշման ընդունումը գործող կադաստրային գինը:
i
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի (դատավոր` Գ. Կարախանյան) (այսուհետ` Դատարան) 09.04.2004 թվականի վճռով դիմումը բավարարվել է` Դատարանը վճռել է վերականգնել Տիգրան Սահակյանի խախտված իրավունքը և պարտավորեցնել Երևանի քաղաքապետին Երևանի Աբելյան փողոցի հարակից տարածքում 11350,0 քմ ընդհանուր մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել գնման նախապատվության իրավունք ունեցող Տիգրան Սահակյանին` վաճառքի գին սահմանելով մինչև ՀՀ կառավարության 24.12.2003 թվականի թիվ 1746-Ն որոշման ընդունումը գործող կադաստրային գինը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.10.2020 թվականի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` բեկանվել է Դատարանի 09.04.2004 թվականի վճիռը և գործն ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությունը և Տիգրան Սահակյանը (ներկայացուցիչ` Լուսնթագ Բեժանյան):
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.03.2021 թվականի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազության բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
Տիգրան Սահակյանի վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությունը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 209-րդ, 302-րդ, 611-րդ հոդվածները, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ, 66-րդ և 80-րդ հոդվածները, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 7-րդ, 18-րդ, 119-րդ, 360-րդ, 361-րդ, 371-րդ և 372-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վերաքննիչ բողոքը ներկայացվել է վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո և առկա չեն եղել նոր կամ նոր երևան եկած հանգամանքներ, որպիսի պայմաններում միայն վերաքննիչ բողոքը ենթակա կլիներ վարույթ ընդունման կամ քննության: Բացի այդ, ՀՀ գլխավոր դատախազությունը տվյալ դեպքում չէր կարող հանդիսանալ գործին մասնակից չդարձված անձ, որպիսի հիմքով կարողանար բողոք բերել վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո:
Վերաքննիչ դատարանը, խախտելով դատավարական իրավունքի նորմերը, վերաքննիչ բողոքն ընդունել է վարույթ, թեև վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է եղել մերժման նաև այն հիմքով, որ բողոքը ներկայացրել է այն անձը, որը դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի, քանի որ դատախազի մոտ բողոք բերելու իրավունքը, տվյալ դեպքում, ծագում է այն ժամանակ, երբ գործին մասնակցած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը հայտնում է իր մտադրությունը` նշված վճռի դեմ բողոք չներկայացնելու մասին:
Վերաքննիչ դատարանը չի պարզել, թե արդյոք կայացված դատական ակտը վերաբերել է նաև բողոք բերող անձի իրավունքներին և պարտականություններին, և արդյոք խախտվել են բողոք բերող անձի իրավունքները և օրինական շահերը: Տվյալ դեպքում, պատասխանող է հանդիսացել և հանդիսանում Երևանի քաղաքապետարանը, հայցը վերաբերում է քաղաքապետարանի գործողությունների վիճարկմանը, որպիսի պայմաններում այլ անձի, այդ թվում` պետական մարմնի ներգրավվածության անհրաժեշտություն չկար, քանի որ պետական մարմինն արդեն իսկ ներգրավված էր գործով:
Ավելին, խախտվել է նաև գործի ենթակայության պահանջը, քանի որ թիվ 2-2040/2004 քաղաքացիական գործով վեճն իր բնույթով հանրային իրավահարաբերություններից ծագած վեճ է, և առնվազն 2008 թվականից հետո նշված վեճերը քննության են առնվում մասնագիտացված դատարանների կողմից: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածը նույնպես սահմանում է, որ վարչական դատարանին ընդդատյա վեճերը չեն համարվում քաղաքացիաիրավական վեճեր, իսկ ընդհանուր իրավասության առաջին ատյանում ենթակա են քննության քաղաքացիաիրավական վեճերը: Այսինքն` սույն գործով Վերաքննիչ դատարանն իրավասու չէր իրականացնելու քննություն նաև այն հիմքով, որ վեճը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով:
i
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ 13.07.2003 թվականի գույքի մասնավորեցման պայմանագրով Տիգրան Սահակյանին են անցել վեճի առարկա հողամասի նկատմամբ այն բոլոր իրավունքները, որոնք ունեցել է «Երևանի քաղաքապետարանի «Երառսպասարկում»» ՓԲԸ-ն, իսկ վերջինս դեռևս 2002 թվականի դրությամբ այդ հողամասի նկատմամբ ունեցել է գրանցված վարձակալության իրավունք, ինչով հերքվում են բողոքաբերի այն փաստարկները, որ Տիգրան Սահակյանը գրանցված վարձակալության իրավունք 2003 թվականի դրությամբ չի ունեցել: Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 302-րդ հոդվածի և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի դրույթները, որոնք ենթակա չէին կիրառման, քանի որ դեռևս 2002 թվականին հողամասի նկատմամբ կար գրանցված վարձակալության իրավունք: Հետևաբար, շենքի, որով ծանրաբեռնված էր հողամասը, օտարման դեպքում օրենքի ուժով նոր սեփականատիրոջն են անցել նաև հողամասի նկատմամբ առկա իրավունքները, այդ թվում` վարձակալության իրավունքը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Տիգրան Սահակյանը, պետական գույքի մասնավորեցման պայմանագրով 2003 թվականի հուլիս ամսին ձեռք բերելով ք. Երևան, Աբելյան փող. 8 հասցեում գտնվող արտադրամասը, ձեռք է բերել այդ արտադրամասի սպասարկման համար նախատեսված հողամասն ուղղակի վաճառքով ձեռք բերելու իրավունք: Ուստի, այդ հողամասի չափի քսան տոկոսից ավելի չափով հողամաս օգտագործելու դեպքում` իրավունք է ստացել ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու ավել օգտագործվող հողամասը` այդ հողամասի կադաստրային արժեքի 30 տոկոսի չափով:
Միաժամանակ, Տիգրան Սահակյանը նաև ավել օգտագործվող` 3880 քմ հողամասից 1494 քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով` այդ հողամասի կադաստրային արժեքի 30 տոկոսի չափով սահմանված գնով գնելու իրավունք է ունեցել, ունեցել է նաև 3880 քմ հողամասի ձեռքբերման նախապատվության իրավունք: Ավելին, նա 2003 թվականի նոյեմբերին դիմել է Երևանի քաղաքապետարան` վեճի առարկա հողամասն իրեն ուղղակի վաճառքով օտարելու խնդրանքով, սակայն Երևանի քաղաքապետարանի անգործության արդյունքում, իրավահարաբերության ծագման պահին գործող «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի պահանջների խախտմամբ նրա դիմումին օրենքով սահմանված ժամկետներում ընթացք չի տրվել, ինչի արդյունքում նա զրկվել է նշված հողամասը 2003 թվականի գործող կադաստրային արժեքով գնելու հնարավորությունից:
Վերաքննիչ դատարանը բողոքի շրջանակներում չէր կարող արձանագրել պետական շահերի խախտում, քանի որ նման հարց չէր քննարկվել առաջին ատյանի դատարանում, պետական շահերի խախտում կարող էր հաստատվել բացառապես այլ գործի քննության շրջանակներում, որից հետո միայն նշված հիմքով սույն գործով վճիռը ենթակա կլիներ վերանայման բացառապես նոր երևան եկած հանգամանքների փաստով: Այսինքն, Վերաքննիչ դատարանը դուրս է եկել իր իրավասությունների շրջանակներից: Արդյունքում` Վերաքննիչ դատարանը խախտել է մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքները, արդար դատաքննության իրավունքը, դատական ակտերի որոշակիության սկզբունքը, դրանով իսկ ակնհայտորեն և ուղղակիորեն խախտելով պատասխանողի արդար դատաքննության իրավունքը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 16.10.2020 թվականի որոշումը և վերաքննիչ բողոքը մերժել»:
2.1 ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանությունները դատական ակտը բեկանելու մասով հիմնավոր են, իսկ վճռաբեկ բողոքում նշված պատճառաբանություններն անհիմն են և հիմք չեն դատական ակտը բեկանելու համար:
Տվյալ դեպքում վեճի առարկա հողամասը մինչև օտարումը հանդիսացել է պետական սեփականություն, ուստի դրա օտարումը նախատեսվածից ցածր գնով վնաս է հասցրել Հայաստանի Հանրապետությանը, հետևաբար` դատական ակտը վերաբերել է պետական շահերին: Միաժամանակ, Երևանի քաղաքապետարանը դատական ակտի դեմ բողոք չի բերել, որի հետևանքով այն մտել է օրինական ուժի մեջ, ուստի բողոքարկման պահին առկա է եղել վերջինիս մտադրությունը դատական ակտը չբողոքարկելու մասին:
Դատական ակտը բողոքարկելիս դատախազությունը հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո վերաքննիչ բողոք բերելու` օրենքով նախատեսված 20 տարվա ժամկետը սույն գործով չի լրացել. մասնավորապես` դատական ակտի կայացման պահից անցել է 16 տարի:
Քննարկվող գործով արդարադատության ոչ պատշաճ իրականացման արդյունքում խախտվել է պետության սեփականության իրավունքը և հողամասը ձեռք է բերվել ՀՀ կառավարության 24.12.2003 թվականի թիվ 1746-Ն որոշմամբ սահմանված կադաստրային գներից ավելի ցածր գնով: Ինչ վերաբերում է բողոքի պատճառաբանություններին այն մասին, որ դիմողը գնման նախապատվություն ունեցել է մինչև 2003 թվականը, ուստի նրա նկատմամբ կիրառելի են 2002 թվականին գործող գները, ապա նման իրավունքի առկայության մասին քաղաքացիական գործում բացակայում են տվյալները:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Տիգրան Սահակյանը 26.06.2003 թվականին դիմելով Երևանի քաղաքապետին` հայտնել է, որ համաձայն ՀՀ կառավարության 23.04.2003 թվականի թիվ 573-Ա որոշման` գնել է Աբելյան 8 հասցեում գտնվող «Աջափնյակ» ունիվերսամը, որը զբաղեցնում է 7470 քմ հողամաս: Խնդրել է վերակառուցման, սպասարկման օբյեկտների կառուցման, սպասարկման տարածքի ընդլայնման, ավտոկայանատեղի կազմակերպման, բարեկարգման և կանաչապատման նպատակով իրեն տրամադրել մոտ 3600 քմ հողամաս և ճանաչել հողի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 7):
2) Երևանի քաղաքապետի 11.09.2003 թվականի թիվ 1730-Ա որոշման 1-ին կետի համաձայն` Աբելյան փողոցի հ. 8 հասցեում Տիգրան Սահակյանի զբաղեցրած 7470,0 քմ մակերեսով հողամասը տրամադրվել է վերջինիս` վարձակալության իրավունքով, 25 տարի ժամկետով, վարձավճարի չափը սահմանելով տվյալ հողի հարկի տարեկան դրույքաչափով` տալով գնման նախապատվության իրավունք: Որոշման 2-րդ կետի համաձայն` Տիգրան Սահակյանին (հետագայում կառուցապատող) Աբելյան փողոցի հ. 8 հասցեում նույն որոշմամբ տրամադրվող հողամասին կից ունիվերսամի վերակառուցման, սպասարկման, օբյեկտի կառուցման, սպասարկման տարածքի ընդլայնման, ավտոկայանատեղի կազմակերպման և բարեկարգման ու կանաչապատման նպատակով լրացուցիչ տրամադրվել է 3880,0 քմ մակերեսով հողամաս` վարձակալության իրավունքով, 25 տարի ժամկետով, տալով գնման նախապատվության իրավունք (հատոր 1-ին, գ.թ. 18):
3) Ըստ Հայաստանի Հանրապետության, ի դեմս Երևանի քաղաքապետի (Վարձատու), մի կողմից, և Տիգրան Սահակյանի (Վարձակալ), մյուս կողմից, միջև Երևանի քաղաքապետի 11.09.2003 թվականի թիվ 1730-Ա որոշման հիման վրա «10.02.2003 թվականին» կնքված Հողամասի վարձակալության մասին պայմանագրի 1-ին կետի` Վարձատուն Վարձակալին, համապատասխան վարձավճարի դիմաց, նրա տիրապետմանը և օգտագործմանն է տրամադրել Աբելյան փող. հ. 8 վայրում գտնվող 3880 քմ մակերեսով հողամասը (...): Պայմանագրի 2-րդ կետի համաձայն` հողամասը տրամադրվել է ավտոկայանատեղի կազմակերպման, բարեկարգման և կանաչապատման համար: Պայմանագրի 8-րդ կետի համաձայն` հողամասի տարեկան վարձավճարը կազմում է տվյալ հողամասի կադաստրային արժեքի 1 տոկոսը, որը 175.531 ՀՀ դրամ է: Պայմանագրի կնքման պահին 1 հա մակերեսով հողամասի կադաստրային արժեքը 1 քմ` 4824, 1 հա` 45.240.000 ՀՀ դրամ է: Պայմանագրի 15-րդ կետի համաձայն` պայմանագիրը կնքվել է 25 տարի ժամկետով և գործում է մինչև 11.09.2028 թվականը ներառյալ:
Պայմանագրի 29-րդ կետով ձեռագիր մակագրությամբ ավելացվել է` «Գնման նախապատվության իրավունք» (հատոր 1-ին, գ.թ. 9-10):
4) Ըստ Հայաստանի Հանրապետության, ի դեմս Երևանի քաղաքապետի (Վարձատու), մի կողմից, և Տիգրան Սահակյանի (Վարձակալ), մյուս կողմից, միջև Երևանի քաղաքապետի 11.09.2003 թվականի թիվ 1730-Ա որոշման հիման վրա «10.02.2003 թվականին» կնքված Հողամասի վարձակալության մասին պայմանագրի 1-ին կետի` Վարձատուն Վարձակալին, համապատասխան վարձավճարի դիմաց, նրա տիրապետմանը և օգտագործմանն է տրամադրել Աբելյան փող. հ. 8 վայրում գտնվող 7470 քմ մակերեսով հողամասը (...): Պայմանագրի 2-րդ կետի համաձայն` հողամասը տրամադրվել է որպես շինության զբաղեցրած տարածք: Պայմանագրի 8-րդ կետի համաձայն` հողամասի տարեկան վարձավճարը կազմում է տվյալ հողամասի կադաստրային արժեքի 1 տոկոսը, որը 337.943 ՀՀ դրամ է: Պայմանագրի կնքման պահին 1 հա մակերեսով հողամասի կադաստրային արժեքը 1 քմ` 4524 դրամ է: Պայմանագրի 15-րդ կետի համաձայն` պայմանագիրը կնքվել է 25 տարի ժամկետով և գործում է մինչև 11.09.2028 թվականը ներառյալ:
Պայմանագրի 29-րդ կետով ձեռագիր մակագրությամբ ավելացվել է` «Գնման նախապատվության իրավունք» (հատոր 1-ին, գ.թ. 11-12):
5) Համաձայն 13.02.2004 թվականի թիվ 1638551 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականի` ք. Երևան, Աջափնյակ համայնքի Աբելյան փողոցի 8 հասցեի «Աջափնյակ» ունիվերսամի նկատմամբ գրանցվել է Տիգրան Սահակյանի սեփականության, իսկ ունիվերսամի սպասարկման համար նախատեսված 1135 հա հողամասի նկատմամբ` վարձակալության իրավունքը (հիմք` 10.07.2003 թվականի թիվ 12011 պետգույքի մասնավորեցման պայմանագիր, 10.02.2004 թվականի թիվ 333 և 10.02.2004 թվականի թիվ 334 հողամասի վարձակալության պայմանագրեր) (հատոր 1-ին, գ.թ. 13-17):
6) Երևանի քաղաքապետարանի 09.03.2004 թվականի թիվ 2/1-044 գրությամբ Տիգրան Սահակյանին տեղեկացվել է, որ Երևանի քաղաքապետարան հասցեագրված դիմումը, Աբելյան փողոցի հարակից տարածքում գտնվող 11350,0 քմ մակերեսով հողամասն օտարելու մասին, քննարկվել է: Նշվել է, որ օտարվող հողամասի վաճառքի գինը պետք է հաշվարկվի ՀՀ կառավարության 24.12.2003 թվականի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին» հ. 1746-Ն որոշմամբ սահմանված հողերի կադաստրային գնահատման կարգի համաձայն (հատոր 1-ին, գ.թ. 8):
7) Տիգրան Սահակյանը դիմում է ներկայացրել Դատարան` խնդրելով պարտավորեցնել Երևանի քաղաքապետին Երևանի Աբելյան փողոցի հարակից տարածքում 11350,0 քմ ընդհանուր մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել իրեն` հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանելով մինչև ՀՀ կառավարության 24.12.2003 թվականի թիվ 1746-Ն որոշման ընդունումը գործող կադաստրային գինը (հատոր 1-ին, գ.թ. 3-4):
8) Դատարանի 09.04.2004 թվականի վճռով դիմումը բավարարվել է (հատոր 1-ին, գ.թ. 28-30):
9) Սույն գործով Դատարանի 09.04.2004 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությունը (հատոր 2-րդ, գ.թ. 2-13):
10) Վերաքննիչ դատարանը 29.09.2019 թվականի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազության կողմից բերված վերաքննիչ բողոքն ընդունել է վարույթ և քննել է ըստ էության (հատոր 2-րդ, գ.թ. 77):
4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում հայտնած դիրքորոշումը, անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. ո՞ր դատարանին է վերապահված այն վերաքննիչ բողոքի քննությունը, որը բերվել է վարչական և վերաքննիչ վարչական դատարանների ստեղծումից հետո, սակայն մինչև դրանց ստեղծումը քաղաքացիական գործեր քննող դատարանի կողմից` հանրային իրավահարաբերություններից բխող իրավական վեճով կայացված վճռի դեմ:
i
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
i
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
i
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
i
«ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է դատական կարգով քննության ենթակա բոլոր գործերը, բացառությամբ մասնագիտացված դատարանների ենթակայությանը վերապահված գործերի:
i
«ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանին են ենթակա Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված գործերը:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, (...):
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական գործերը ենթակա են քննության առաջին ատյանի դատարանում, բացառությամբ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:
Վերը նշված իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քննությանն է հանձնել դատական կարգով քննության ենթակա այն բոլոր գործերը, որոնց քննությունը վերապահված չէ մասնագիտացված դատարաններին, այդ թվում` վարչական դատարանին: Միևնույն ժամանակ, օրենսդիրը սահմանել է վարչական դատարանի ընդդատության շրջանակը, որում ներառված են հանրային իրավահարաբերություններից բխող վեճերը(1): Փաստորեն, դատական գործը վարչական դատարանում կամ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննության ենթակա լինելու հարցը որոշվում է հիմք ընդունելով այն իրավահարաբերության բնույթը (մասնավոր կամ հանրային), որից բխող վեճը հանձնվում է դատարանի քննությանը:
--------------------------
1) ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը վարչական դատարանի և առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի միջև գործերի բաշխումը կատարում է ընդդատության նորմերի միջոցով, մինչդեռ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը միևնույն հարցը կարգավորում է ենթակայության նորմերով: ՈՒստի սույն որոշման մեջ «ընդդատություն» և «ենթակայություն» եզրույթները կիրառվում են միևնույն իմաստով և տվյալ դեպքում ցույց են տալիս դատական գործերի բաշխումը վարչական դատարանի և ընդհանուր իրավասության դատարանի միջև:
Ինչ վերաբերում է վերաքննիչ վարչական և վերաքննիչ քաղաքացիական դատարանների իրավասությանը վերապահված գործերին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերի, ինչպես նաև նույն օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված միջանկյալ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն`
1) դատավարության մասնակիցները.
2) դատավարության մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածով սահմանվում են վարչական դատարանի` վերաքննության կարգով բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերը:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն` գործին մասնակցող անձինք, դատախազը` օրենքով նախատեսված դեպքերում, գործին մասնակից չդարձած անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ, այն անձինք, որոնց նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից կիրառվել է դատական տուգանք` դատական տուգանք կիրառելու մասին որոշման մասով:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածով սահմանվում են առաջին ատյանի դատարանի` վերաքննության կարգով բողոքարկման ենթակա որոշումները:
ՀՀ վճռաբեկ դատարանը Կարո Պատատյանն ընդդեմ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության գործով արձանագրել է, որ վերաքննիչ վարչական դատարանը վերաքննության կարգով վերանայում է վարչական դատարանի կողմից կայացված դատական ակտերը, իսկ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված դատական ակտերի դեմ բերված բողոքները ենթակա են քննության վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից: Փաստորեն, եթե առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և վարչական դատարանի միջև գործերի բաշխումը որոշվում է ենթակայության (ընդդատության) նորմերով և պայմանավորված է իրավահարաբերության բնույթով (մասնավոր կամ հանրային), ապա վերաքննիչ դատարանների իրավասությունն անմիջականորեն կապված է այն հանգամանքի հետ, թե որ դատարանի կողմից կայացված դատական ակտն է բողոքարկվում:
Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և վարչական դատարանի միջև գործերի բաշխման անհրաժեշտությունը ծագել է վարչական դատարանի ստեղծումից հետո (վարչական դատարանը սկսել է գործել 01.01.2008 թվականից` համաձայն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի): Մինչև վարչական դատարանի ստեղծումն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը քննում էր նաև հանրային իրավահարաբերություններից ծագող վեճեր: Քաղաքացիական գործեր քննող դատարանը քննում էր նաև պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների ու ոչ առևտրային կազմակերպությունների միջև վեճերով, ինչպես նաև դրանց միջև վեճերով գործեր
(մինչև 01.01.2008 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (ընդունվել է 17.06.1998 թվականին, ուժի մեջ է մտել 01.01.1999 թվականին, ուժը կորցրել է 09.04.2018 թվականին) 15-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ):
Փաստորեն, հանրային իրավահարաբերություններից ծագող և քաղաքացիական գործեր քննող դատարանի քննությանը հանձնված վեճերը 01.01.2008 թվականից հետո հանձնվեցին հատկապես այդ բնույթի վեճերի լուծման մեջ մասնագիտացված դատարանին` վարչական դատարանին: 2010 թվականից Հայաստանի Հանրապետությունում սկսեց գործել վերաքննիչ վարչական դատարանը (նախկինում` վարչական վերաքննիչ դատարան), որին վերապահվեց օրենքով նախատեսված դեպքերում վարչական դատարանի դատական ակտերի դեմ բերված բողոքների քննության իրավասություն: «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 28.10.2010 թվականին ընդունված ՀՕ-135-Ն օրենքով սահմանվեցին որոշ անցումային դրույթներ` պայմանավորված նոր` վերաքննիչ վարչական դատարանի ստեղծմամբ: Միևնույն ժամանակ, նշված անցումային դրույթներով չկարգավորվեց այն հարցը, թե վերաքննիչ որ դատարանի քննությանն է ենթակա այն դատական ակտի դեմ բերված բողոքի քննությունը, որը կայացվել է քաղաքացիական գործեր քննող դատարանի կողմից հանրային իրավահարաբերությունից բխող վեճով` մինչև վարչական դատարանի ստեղծումը:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ մինչև վարչական դատարանի ստեղծումը քաղաքացիական գործեր քննող դատարանի կողմից կայացված վճիռների դեմ բերված բողոքները քննելու իրավասություն ունեցող դատարանը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել, թե տվյալ վճիռն ինչ բնույթի իրավահարաբերություններից ծագող վեճին է վերաբերում: Մասնավորապես` եթե քաղաքացիական գործեր քննող դատարանը մինչև վարչական դատարանի ստեղծումը քննել և լուծել է հանրային իրավահարաբերություններից ծագող վեճ, ապա այդ գործով կայացված վճիռը ներկայումս ենթակա է բողոքարկման վերաքննիչ վարչական դատարան, իսկ մասնավոր իրավահարաբերություններից ծագող վեճերի կապակցությամբ կայացված վճիռների դեմ բերված բողոքները քննելու իրավասությամբ օժտված է վերաքննիչ քաղաքացիական դատարանը: ՀՀ վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է այն հանգամանքով, որ մինչև վարչական դատարանի ստեղծումը քաղաքացիական գործեր քննող դատարանի կողմից հատուկ հայցային վարույթի կարգով քննվել են նաև հանրային իրավահարաբերությունից ծագող վեճեր (տե՛ս, Կարո Պատատյանն ընդդեմ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության թիվ 2-1445 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.12.2020 թվականի որոշումը):
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ, ի տարբերություն վերաքննիչ բողոքը վերադարձնելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշումների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշման` անմիջական կարգով վճռաբեկ բողոքարկման իրավական հնարավորություն չի նախատեսում: Անմիջական բողոքարկման ընթացակարգի բացակայությունը, սակայն, չի բացառում նման որոշման բողոքարկման հնարավորությունը գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում: Մասնավորապես, բողոք բերող անձը գործն ըստ էության լուծող դատական ակտի իրավաչափությունը կարող է վիճարկել նաև վերաքննության վարույթի ոչ իրավաչափ հարուցված լինելու հիմքով` մասնավորապես փաստարկելով այն հանգամանքը, որ առկա է եղել վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմք, ինչը, սակայն, անտեսվել է վերաքննիչ դատարանի կողմից, և որն օբյեկտիվ կասկած է հարուցել վերաքննության վարույթի հետագա փուլերի և դրանք եզրափակող գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինականության վերաբերյալ: Նման դեպքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում, այդուհանդերձ, հիմնավորվում է, որ վերաքննիչ դատարանում առկա է եղել վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմք, ինչն անտեսվել է դատական այս ատյանի կողմից, ապա դատավարական այդպիսի խախտումը պետք է հանգեցնի գործն ըստ էության լուծող դատական ակտի բեկանման, քանի որ թույլ է տրվել այնպիսի դատական սխալ, որը կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման:
Անդրադառնալով վերաքննիչ վարույթի հարուցման իրավաչափության պայմանների չպահպանման հիմքով գործն ըստ էության լուծող դատական ակտի բեկանման իրավական հետևանքներին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն դեպքում վերաքննիչ վարույթը վերադառնում է մեկնարկային կետին, այսինքն` վերաքննության վարույթի հարուցման փուլ, որի շրջանակներում պետք է կիրառվի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու լիազորությունն այն պատճառաբանությամբ, որ բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վերաքննության կարգով:
Սույն գործի փաստերի համաձայն` Տիգրան Սահակյանի կողմից 25.03.2004 թվականին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան է ներկայացվել հետևյալ դիմումը. պարտավորեցնել Երևանի քաղաքապետին Երևանի Աբելյան փողոցի հարակից տարածքում 11350,0 քմ ընդհանուր մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել իրեն` հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանելով մինչև ՀՀ կառավարության 24.12.2003 թվականի թիվ 1746-Ն որոշման ընդունումը գործող կադաստրային գինը:
Դատարանի 09.04.2004 թվականի վճռով դիմումը բավարարվել է` վերականգնվել է Տիգրան Սահակյանի խախտված իրավունքը և պարտավորեցվել է Երևանի քաղաքապետին Երևանի Աբելյան փողոցի հարակից տարածքում 11350,0 քմ ընդհանուր մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել Տիգրան Սահակյանին` հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանելով մինչև ՀՀ կառավարության 24.12.2003 թվականի թիվ 1746-Ն որոշման ընդունումը գործող կադաստրային գինը:
Վերաքննիչ դատարանի 16.10.2020 թվականի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` բեկանվել է Դատարանի 09.04.2004 թվականի վճիռը և գործն ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոք բերած անձի կողմից բարձրացվել է Վերաքննիչ դատարանի` սույն գործը քննելու իրավասության հարցը: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոք բերած անձը վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշման` անմիջական բողոքարկման ենթակա չլինելու պայմաններում վճռաբեկ բողոքով ըստ էության վիճարկում է նաև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու որոշման իրավաչափությունը:
Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ սույն գործի կողմերի միջև առկա վեճի հիմքում ընկած իրավահարաբերության բնույթին:
ՀՀ վճռաբեկ դատարանը մի շարք որոշումներում անդրադարձել է հանրային և մասնավոր իրավահարաբերությունների տարբերակման հարցին: Այսպես, ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի բնորոշման` հանրային է այն իրավահարաբերությունը, որում կողմերից մեկի դերում անպայմանորեն հանդես է գալիս հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտը, որն այդ հարաբերության ընթացքում հանրային շահի իրացման կապակցությամբ իրացնում է օրենքով սահմանված իր հանրային իշխանական լիազորությունները: Իրավահարաբերության հանրային լինելու և դրանից բխող վեճը վարչական դատարանին ընդդատյա լինելու հանգամանքը պարզելու նպատակով պետք է գնահատման առարկա դարձվեն հետևյալ հանգամանքները.
1. արդյո՞ք իրավահարաբերության կողմերից մեկը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ է, թե` ոչ,
2. արդյո՞ք այդ իրավահարաբերության բովանդակությունը կազմում է հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի կողմից իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությունը, թե` ոչ,
3. արդյո՞ք այդ իրավահարաբերությունը ծագել է հանրային շահի իրացման կապակցությամբ (իրավահարաբերությունն ուղղված է եղել հանրային շահի` սոցիալ-իրավական պրակտիկայում իրացմանը և առարկայացմանը), թե` ոչ:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ միայն վերոգրյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում է հնարավոր փաստել իրավահարաբերության հանրային լինելու հանգամանքը, ինչպես նաև այդ հարաբերությունից բխող վեճերի ընդդատության հարցը (տե՛ս, «Վեստ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության թիվ ՎԴ/0823/05/14, թիվ ՎԴ/0830/05/14 և թիվ ՎԴ/1621/05/14 վարչական գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումները):
Տվյալ դեպքում, սույն գործով ներկայացված վերաքննիչ բողոքը քննելու իրավասություն ունեցող վերաքննիչ ատյանին բացահայտելու համար անհրաժեշտ է պարզել սույն գործով ներկայացված հայցապահանջի ենթակայությունը: Ըստ այդմ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի հարուցման համար հիմք հանդիսացած` պետական մարմնի անգործությունը վիճարկելու և խախտված իրավունքը վերականգնելու պահանջի մասին դիմումը բխում է հանրային իրավահարաբերություններից հետևյալ պատճառաբանությամբ.
Այսպես` սույն գործը հարուցվել է Տիգրան Սահակյանի կողմից 25.03.2004 թվականին ներկայացված դիմումի հիման վրա ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, որով վերջինս պահանջել է պարտավորեցնել Երևանի քաղաքապետին Երևանի Աբելյան փողոցի հարակից տարածքում 11350,0 քմ ընդհանուր մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել իրեն` հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանելով մինչև ՀՀ կառավարության 24.12.2003 թվականի թիվ 1746-Ն որոշման ընդունումը գործող կադաստրային գինը:
i
1995 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 108-րդ հոդվածի համաձայն` Երևան քաղաքն ունի մարզի կարգավիճակ: Երևանի քաղաքապետին վարչապետի ներկայացմամբ նշանակում և ազատում է Հանրապետության Նախագահը: Տեղական ինքնակառավարումը Երևանում իրականացվում է թաղային համայնքներում:
i
2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 108-րդ հոդվածի համաձայն` Երևանը համայնք է: Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով (...):
i
2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 117-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն` Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինները կազմավորվում են համապատասխան օրենքի ընդունումից հետո ոչ ուշ, քան երկու տարվա ընթացքում: Մինչ այդ Երևան քաղաքում տեղական ինքնակառավարումը և տարածքային կառավարումը իրականացվում են գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:
«Երևան քաղաքում պետական կառավարման մասին» ՀՀ Նախագահի 06.05.1997 թվականի թիվ ՆՀ-727 հրամանագրի (ուժը կորցրել է 18.06.2009 թվականին) 1.2-րդ կետի համաձայն` պետական կառավարումը Երևանում ապահովվում է Երևանի տարածքում կառավարության տարածքային քաղաքականության իրականացման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման միջոցով: Երևանի քաղաքապետն օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում Երևանի տարածքում կառավարության տարածքային քաղաքականությունն իրականացնում է հետևյալ բնագավառներում` ֆինանսներ, քաղաքաշինություն, բնակարանային և կոմունալ տնտեսություն, տրանսպորտ և ճանապարհաշինություն, առևտուր, հանրային սնունդ և սպասարկում, գյուղատնտեսություն և հողօգտագործում, կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն, մշակույթ և սպորտ, բնության և շրջակա միջավայրի պահպանություն (...):
i
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի (ընդունվել է 26.12.2008 թվականին, ուժի մեջ է մտել 26.01.2009 թվականին) 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը սահմանում է Երևան քաղաքում (...) տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման առանձնահատկությունները:
i
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածից հետևում է, որ Երևանի տեղական ինքնակառավարման մարմիններն են Երևանի ավագանին և Երևանի քաղաքապետը:
i
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 108-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ավագանու ընտրություններից հետո Երևանի թաղային համայնքները համարվում են վերակազմակերպված` որպես Երևան համայնք:
i
Վերոգրյալ իրավական նորմերի համալիր վերլուծությունից հետևում է, որ ըստ 1995 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության` Երևան քաղաքն ունեցել է մարզի կարգավիճակ, և Երևան քաղաքում պետական կառավարման իրականացման կարգը սահմանվել է ՀՀ Նախագահի 06.05.1997 թվականի թիվ ՆՀ-727 հրամանագրով (ուժը կորցրել է 18.06.2009 թվականին), որի համաձայն` Երևանի տարածքում ՀՀ կառավարության տարածքային քաղաքականությունն իրականացրել է Երևանի քաղաքապետը` օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրությամբ Երևան քաղաքի կարգավիճակը փոխվել է. Երևանը համայնք է, որի տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով: Ընդ որում, 2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության անցումային դրույթներում նախատեսվել է նաև, որ մինչ Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորումը Երևան քաղաքում տեղական ինքնակառավարումը և տարածքային կառավարումն իրականացվում են գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:
i
Այսպիսով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով Երևանի քաղաքապետի` որպես տեղական ինքնակառավարման մարմնի (համայնքի ղեկավարի) ձևավորումից հետո Երևանի քաղաքապետը` որպես տարածքային կառավարման մարմին, դադարել է գոյություն ունենալ: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Երևան քաղաքում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտում տեղի ունեցած վերը նշված հայեցակարգային փոփոխությունների արդյունքում Երևանի քաղաքապետի` որպես տարածքային կառավարման մարմնի իրավահաջորդ է Հայաստանի Հանրապետությունը, քանի որ մինչև «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով Երևանի քաղաքապետի` որպես տեղական ինքնակառավարման մարմնի (համայնքի ղեկավարի) ձևավորումը Երևանի քաղաքապետն ունեցել է պետական մարմնի (մարզպետի) կարգավիճակ և իրականացրել է պետական (տարածքային) կառավարման գործառույթներ` «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» ՀՀ Նախագահի 06.05.1997 թվականի թիվ ՆՀ-727 հրամանագրով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործի փաստերից հետևում է, որ պետական մարմնի (տվյալ դեպքում` Երևանի քաղաքապետի) անգործությունը վիճարկելու և դիմումատուի խախտված իրավունքը վերականգնելու մասին դիմումը ներկայացվել է 25.03.2004 թվականին, այսինքն` այն ժամանակ, երբ Երևանի քաղաքապետարանը դեռևս տարածքային կառավարման մարմին էր:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տարածքային կառավարումը պետության գործադիր իշխանության ոլորտում տարածքային կառավարման մարմինների կողմից իրականացվող գործունեության հատուկ տեսակ է: Գործելով պետության անունից և իրականացնելով պետական կառավարման գործառույթներ` տարածքային կառավարման մարմիններն օժտված են պետաիշխանական լիազորություններով և կառավարչական գործունեությունն իրականացնում են բացառապես օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասության շրջանակներում: Հետևաբար տարածքային կառավարումը, ինչպես նաև դրա գործառույթներն իրականացնող տարածքային կառավարման մարմինները հանդիսանում են պետական իշխանության միասնական կառուցակարգի բաղկացուցիչ մասը:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն վեճը բխում է հանրային իրավահարաբերություններից, քանի որ պահանջն ուղղված է Երևանի քաղաքապետարանի դեմ, իսկ վերջինս վեճի ծագման պահին հանդիսացել է տարածքային կառավարման մարմին և իրականացրել է իր կարգավիճակից բխող` հանրային իշխանական լիազորություններ:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Տիգրան Սահակյանի հետ կնքված վարձակալության պայմանագրերի կողմ է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, ինչը ևս վկայում է, որ սույն գործով իրավահարաբերությունը ծագել է հանրային շահի իրացման կապակցությամբ:
Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ
1. սույն վեճի կողմերից մեկը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ է` Երևանի քաղաքապետարանը,
2. սույն վեճը ծագում է այնպիսի իրավահարաբերությունից, որի բովանդակությունը հանգում է հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի` Երևանի քաղաքապետարանի կողմից հողօգտագործման ոլորտում իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությանը,
3. վիճելի իրավահարաբերությունը ծագել է Երևանի քաղաքապետարանի կողմից հանրային շահի իրացման` պետական սեփականություն հանդիսացող հողամասի տրամադրման կապակցությամբ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով բողոքարկվող վճիռը կայացվել է մինչև վարչական դատարանի ստեղծումը, գործը քաղաքացիական գործեր քննող դատարանի կողմից քննվել է հատուկ հայցային վարույթի կարգով` որպես հանրային իրավահարաբերությունից ծագող վեճ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Դատարանի 09.04.2004 թվականի վճիռը ենթակա էր բողոքարկման վարչական դատավարության կարգով:
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի 09.04.2004 թվականի վճիռը գործող իրավակարգավորումների պայմաններում վերաքննության կարգով ենթակա էր բողոքարկման ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը 27.07.2020 թվականի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազության կողմից բերված վերաքննիչ բողոքն ընդունել է վարույթ և գործն ըստ էության քննել է, մինչդեռ պետք է կիրառեր վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու լիազորությունը: Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանի 27.07.2020 թվականի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը վերադասության կարգով բողոքարկվել է գործն ըստ էության լուծող դատական ակտի շրջանակներում, այլ կերպ ասած հետաձգված բողոքարկման կառուցակարգի շրջանակներում: Հետևաբար, հաշվի առնելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարույթը հարուցվել է և բողոքն ըստ էության քննվել է ոչ իրավաչափորեն, ուստի Վերաքննիչ դատարանի 16.10.2020 թվականի որոշումը ենթակա է բեկանման: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված դեպքում գործն անհրաժեշտ է ուղարկել Վերաքննիչ դատարան` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու լիազորությունը կիրառելու համար:
Վերոգրյալի հաշվառմամբ, մասնավորապես` նկատի ունենալով վերաքննության վարույթի հարուցման ոչ իրավաչափ լինելը, Վճռաբեկ դատարանը հնարավոր չի համարում անդրադառնալ վերաքննիչ բողոքի ըստ էության քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի եզրահանգումների կապակցությամբ ներկայացված վճռաբեկ բողոքի մյուս հիմքերին և հիմնավորումներին:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանությամբ:
i
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը Վերաքննիչ դատարան ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են («Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ) գլխի կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
i
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.10.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան
Զեկուցող Ս. Միքայելյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Հ. Բեդևյան
Մ. Դրմեյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
__________________________________
ԻՐՏԵԿ - սույն որոշումը բացակայում է www.datalex.am կայքէջում, ուստի չենք կարող նշել հրապարակման օրը, իսկ Միասնական կայքում այն հրապարակվել է 2022 թվականի օգոստոսի 23-ին:
Միասնական կայք 22.08.22-04.09.22