Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 368-ՐԴ ՀՈԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                       թիվ ԵԴ/10041/02/20

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/10041/02/20   2021 թ.

Նախագահող դատավոր` Հ. Ենոքյան

    Դատավորներ`        Տ. Նազարյան

                       Ն. Բարսեղյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի հոկտեմբերի 8-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Ավանես Քարամյանի հայցի ընդդեմ Երևան համայնքի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.12.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Ավանես Քարամյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ավանես Քարամյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը Երևան քաղաքի Կ. Ուլնեցու 2-րդ փակուղի 5-րդ շենքի թիվ 36 բնակարանի նկատմամբ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ. Գրիգորյան) (այսուհետ` Դատարան) 03.11.2020 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.12.2020 թվականի որոշմամբ Ավանես Քարամյանի բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է բերել Ավանես Քարամյանը (ներկայացուցիչ` Դավիթ Իսրայելյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասը, 370-րդ հոդվածի 1-ին մասը, 371-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով ներկայացվել է պետական տուրքի վճարման գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդություն: Մասնավորապես, միջնորդության մեջ նշվել էր, որ Ավանես Քարամյանը 1988 թվականին Ադրբեջանից բռնագաղթել է Հայաստան, փախստական է, չի աշխատում և չի կարող վճարել վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրքի գումարը, ուստի խնդրել է «ազատել կամ տարաժամկետել պետական տուրքի վճարումը»: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել վերոնշյալ միջնորդությունը և վերադարձրել է վերաքննիչ բողոքն այն հիմնավորմամբ, որ բողոք բերած անձը չի կցել պետական տուրքի վճարումը հավաստող ապացույց, ինչպես նաև չի ներկայացրել պետական տուրքի վճարման նկատմամբ արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն:

Վերաքննիչ դատարանի բողոքարկվող ակտը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի 07.08.2013 թվականի թիվ ԱՐԱԴ/0043/02/12 քաղաքացիական գործով կայացրած որոշմանը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել 23.12.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

i

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե՛ս, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) իրավական դիրքորոշման` դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս Դումիտրու Գեորգեն ընդդեմ Ռումինիայի գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):

Եվրոպական դատարանի կողմից արտահայտված մեկ այլ դիրքորոշման համաձայն` պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «...պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի դրանից, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե՛ս Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի գործով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանում է վերաքննիչ բողոք բերելու իրավունքի իրացման կարգը և պայմանները: Այսպես`

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու (...) մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից (...):

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:

i

Նույն մասի 4-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե բողոք բերող անձի կողմից ներկայացվել է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ դրա չափը նվազեցնելու միջնորդություն, որը մերժվել է:

Վկայակոչված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմք է նաև վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրքը չվճարելը կամ բողոք բերող անձի կողմից պետական տուրքի վճարման գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն չներկայացնելը կամ բողոք բերող անձի կողմից պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ դրա չափը նվազեցնելու միջնորդություն ներկայացնելը, որը մերժվել է Վերաքննիչ դատարան կողմից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` պետական տուրքի վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու, պետական տուրքը և դրա դրույքաչափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` պետական տուրք վճարողներն իրավունք ունեն` (...) դիմել համապատասխան պետական մարմիններ` պետական տուրքի վճարման արտոնություններ ստանալու համար (...):

i

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` նույն օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից:

i

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում արձանագրել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված դատարանի մատչելիության տեսանկյունից Եվրոպական դատարանը երբեք չի բացառել, որ կարող են լինել դեպքեր, երբ արդարադատության շահերից ելնելով անհրաժեշտ լինի ֆինանսական սահմանափակումներ կիրառել անհատների` դատարան դիմելու իրավունքի նկատմամբ (տե՛ս Տոլստոյ-Միլոսլավսկին ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը): Միաժամանակ, Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարան դիմելու արդյունավետ իրավունքի երաշխավորումը չի նշանակում ընդամենը միջամտության բացակայություն, այլ կարող է պահանջել, որ պետությունը ձեռնարկի որոշակի դրական քայլեր այդ ուղղությամբ (տե՛ս Էյրին ընդդեմ Իռլանդիայի գործով Եվրոպական դատարանի 09.10.1979 թվականի վճիռը): Եվրոպական դատարանը հաշվի է առնում այն դեպքերը, երբ ներպետական օրենսդրությամբ դատական տուրքերից ազատելու որոշումը ցանկացած ժամանակ կարող է չեղյալ հայտարարվել դատարանների կողմից, եթե ազատելու համար հիմք հանդիսացած հանգամանքները դադարում են գոյություն ունենալուց, կամ երբ դիմողին դատավարության սկզբնական փուլում հայց ներկայացնելու հնարավորությունը դատարաններին չի զրկում հետագա ցանկացած փուլում դիմողի ֆինանսական դրությունը բարելավվելու դեպքում վերջինից դատական տուրք գանձելու հնարավորությունից

(տե՛ս Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանի 16.06.2001 թվականի վճիռը): Եվրոպական դատարանը նշում է նաև, որ պետական տուրքը վճարելու

պարտականությունը չի կարող դիտարկվել որպես դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակում, որն ինքնին չի համապատասխանում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին: Այնուամենայնիվ, այդ տուրքերի գումարը որոշակի գործի հատուկ հանգամանքների տեսանկյունից գնահատելը` ներառյալ դրանք վճարելու դիմումատուի ունակությունը և դատավարության այն փուլը, որում նման սահմանափակումը կիրառվել է, հանգամանքներ են, որոնք էական են որոշելու համար` անձն օժտված է եղել դատարանի մատչելիության իրավունքով, թե ոչ (տե՛ս Պոդբիելսկին և ՊՊՈՒ Պոլպուրն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանի 26.07.2005 թվականի վճիռը թիվ 39199/98 գանգատ, «Պայքար և հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի վճիռը, թիվ 21638/2003 գանգատ): Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ պետական տուրքի գծով արտոնությունները, այդ թվում` դրա տարաժամկետումը կամ վճարման հետաձգումը նպատակ են հետապնդում վերացնել արդարադատության մատչելիության այնպիսի խոչընդոտները, որոնք պայմանավորում են անձի մոտ համապատասխան միջոցների բացակայության պատճառով դատարան դիմելու, վերադաս ատյան բողոք ներկայացնելու անհնարինությունը: Այդ նպատակից ելնելով` օրենսդիրը, ի տարբերություն պետական տուրքի վճարումից ազատելու ձևով արտոնություն սահմանելուն, դատարանի համար առավել լայն հայեցողական լիազորություն է սահմանել պետական տուրքի վճարումը տարաժամկետելու կամ հետաձգելու հարցում: Վերջինս պայմանավորված է դատարանի դերով` որպես արդարադատություն իրականացնող մարմնի, որը միաժամանակ պետք է ապահովի անձի արդարադատության մատչելիության իրավունքը (տե՛ս Դավիթ Սաակյանն ընդդեմ Լյուսա Սահակյանի, Սեդա Սահակյանի, Երևանի կենտրոնական նոտարական գրասենյակի նոտար Էմմա Շաբոյանի, երրորդ անձինք` Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման` ժառանգության վկայագիրն անվավեր ճանաչելու, ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին Վճռաբեկ դատարանի 05.05.2009 թվականի որոշումը, քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0820/02/08):

Վերը նշված իրավական դիրքորոշումների և հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, պետական տուրքի վճարումը դասելով դատական ծախսերի թվին, միաժամանակ սահմանել է, որ դրա վճարման չափը և կարգը, այդ թվում պետական տուրքի վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու, պետական տուրքը և դրա դրույքաչափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պետական տուրքի գծով արտոնությունները կոչված են երաշխավորելու յուրաքանչյուրի սահմանադրորեն երաշխավորված արդար դատաքննության իրավունքի տարր հանդիսացող դատարանի մատչելիության իրավունքը և նպատակ են հետապնդում վերացնելու արդարադատության մատչելիության այնպիսի խոչընդոտները, որոնք պայմանավորված են անձի մոտ համապատասխան միջոցների բացակայության պատճառով դատարան դիմելու, վերադաս ատյան բողոք ներկայացնելու անհնարինությամբ:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ շահագրգիռ անձը, իր դատական պաշտպանության իրավունքն իրացնելիս դատավարական օրենքով նախատեսված որևէ միջնորդություն հարուցելով, ակնկալում է իր կողմից բարձրացված հարցի որոշակի լուծում` դատարանի կողմից համապատասխան որոշում կայացվելու ձևով: Այսինքն` դատավարության մասնակցի միջնորդություն հարուցելու իրավունքին համապատասխանում է դատարանի` տվյալ հարցով որոշում կայացնելու պարտականությունը: Հետևաբար, այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքին կցված է կամ բողոքում ներառված է վերաքննիչ բողոքի համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդություն, Վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ այդ միջնորդությանը և դրա քննարկման արդյունքում որոշում կայացնելուց հետո միայն որոշել վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ վարույթ ընդունելու հարցը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի դատավարական փաստերի համաձայն` Ավանես Քարամյանը Դատարանի 03.11.2020 թվականի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք, որի մեջ ներառել է միջնորդություն` հետևյալ բովանդակությամբ. «Հաշվի առնելով, որ Ավանես Քարամյանը 1988 թվականին Ադրբեջանից բռնագաղթել է Հայաստան, հանդիսանում է փախստական, չի աշխատում և չի կարող վճարել վերաքննիչ բողոքի համար պետական տուրքի գումարը, ուստի խնդրում եմ ազատել կամ տարաժամկետել Ավանես Քարամյանին պետական տուրքի վճարումից» (հատոր 2-րդ, գ.թ. 8):

Վերաքննիչ դատարանի 23.12.2020 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ «(...) բողոքաբերը վերաքննիչ բողոքին չի կցել պետական տուրքը վճարելու մասին ապացույց, ինչպես նաև չի ներկայացրել պետական տուրքի վճարման նկատմամբ արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն (...)» (հատոր 2-րդ, գ.թ. 16-17):

Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանության և եզրահանգման հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում Ավանես Քարամյանի կողմից ներկայացվել է պետական տուրքի վճարման գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն, որին Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել և դրա հիմնավորվածության վերաբերյալ չի տվել իր գնահատականը: Ավելին, Վերաքննիչ դատարանի 23.12.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման մեջ բացակայում է որևէ նշում` բողոք բերող անձի կողմից պետական տուրքի վճարման գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացված լինելու մասին, և չի պարունակում որևէ եզրահանգում` վերաքննիչ բողոքում ներկայացված միջնորդությունը մերժելու կամ բավարարելու վերաբերյալ:

i

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավական հետևանքների առաջացման նախադրյալների բացակայության պայմաններում վերաքննիչ բողոքը վերադարձնելով` սահմանափակել է բողոքաբերի` իր իրավունքների վերաբերյալ Դատարանի վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունը` թույլ տալով արդար դատաքննության իրավունքի տարր հանդիսացող` վերադաս դատարանի մատչելիության իրավունքի խախտում, ինչը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ավանես Քարամյանի` վերաքննիչ բողոքում ներառված պետական տուրքի վճարման գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը քննարկելու և դրա վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար սույն գործը ենթակա է նոր քննության, և միջնորդության քննարկումից ու լուծումից հետո միայն Վերաքննիչ դատարանը պետք է որոշի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 23.12.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը ենթակա է վերացման:

 

i

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.12.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 8 հոկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
08.10.2021
N ԵԴ/10041/02/20
Որոշում