ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԵԱԴԴ/4759/02/17
Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/4759/02/17 2021 թ.
Նախագահող դատավոր` Հ. Ենոքյան
Դատավորներ` Տ. Նազարյան
Գ. Խանդանյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Ա. Բարսեղյան
Ս. Անտոնյան
Հ. Բեդևյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
2021 թվականի հոկտեմբերի 8-ին
գրավոր ընթացակարգով քննելով «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.06.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ընկերության ընդդեմ Դավիթ Ղազարյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Դավիթ Ղազարյանից հօգուտ Ընկերության բռնագանձել 456.588 ՀՀ դրամ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Փիլոսյան) (այսուհետ` Դատարան) 27.11.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.06.2019 թվականի որոշմամբ Դատարանի 27.11.2018 թվականի վճռի դեմ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 27.11.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ` Ռոբերտ Դավթյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, 17.06.1998 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, 54-րդ հոդվածի 2-րդ կետը, 130-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 290-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել և կիրառել նույն օրենսգրքի 424-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Դատարանը կողմերի միջև կնքված համաձայնագիրը նույնացրել է միակողմ գործարքի` պարտավորագրի հետ, ինչի արդյունքում հանգել է այն սխալ հետևության, որ գործում նման ստացականի կամ պարտավորագրի բնօրինակի բացակայությունը հայցը մերժելու հիմք է:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ գործում բացակայում է ապացույց այն մասին, որ Դատարանը պատշաճ կարգով հայցվորից պահանջել է ներկայացնել համաձայնագրի բնօրինակը: Մասնավորապես, 02.05.2019 թվականի դատական նիստի կրիչի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ անկախ այն հանգամանքից, որ կողմերը ներկա չեն գտնվել դատական նիստին` Դատարանը որոշել է հայցվորից պահանջել ներկայացնել համաձայնագրի բնօրինակը: Ավելին, նշված դատական նիստը նշանակված է եղել 02.05.2018 թվականին` ժամը 12:10-ին, սակայն տեղի է ունեցել մոտ 1 ժամ առաջ: Դատարանը չի տեղեկացրել Ընկերությանն այն մասին, որ վերջինիս վրա դրված է համաձայնագրի բնօրինակը ներկայացնելու պարտականություն, որպիսի հանգամանքը վերջինիս հակառակ կողմի նկատմամբ դրել է էականորեն նվազ բարենպաստ վիճակում` խախտելով վերջինիս մրցակցության, հավասարության, գործի արդյունավետ և արդար դատաքննության սահմանադրական և կոնվենցիոն իրավունքները:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Դավիթ Ղազարյանն առարկում է հայցի դեմ: Ավելին, պատասխանողը 06.09.2019 թվականին կայացած դատական նիստի ընթացքում նշել է, որ Ընկերության հետ բանակցություններ է վարում հաշտության եզրեր գտնելու համար: Այսինքն` պատասխանողն ընդունել է, որ իր և Ընկերության միջև առկա են պարտավորական հարաբերություններ: Այդ մասին է վկայում նաև այն փաստը, որ դատարան է ներկայացվել համաձայնագրի շրջանակներում պատասխանողի կողմից 35.000 ՀՀ դրամի վճարման փաստը հավաստող 01.06.2015 թվականի թիվ Մ-0001976 դրամարկղային մուտքի օրդերը բնօրինակով` ստորագրված Դավիթ Ղազարյանի կողմից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.06.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության կամ փոփոխել այն` հայցը բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) 01.06.2015 թվականի թիվ SH67812 հետադարձ պահանջի /սուբրոգացիայի/ իրականացման վերաբերյալ համաձայնագրի պատճենի համաձայն` Ընկերության և Անտոն Գաբրիելյանի միջև կնքվել է թիվ SH693257 վկայագիրը, որով ապահովագրվել է «Opel Astra» մակնիշի 34VA644 հ/հ ավտոմեքենայից բխող պատասխանատվությունը, ավտոմեքենան շահագործվել է վկայագրով նախատեսված շահագործման նպատակից տարբերվող նպատակով, ավտոմեքենայի վարորդ Դավիթ Ղազարյանի գործողությունների հետևանքով տեղի ունեցած ապահովագրական պատահարի արդյունքում «Toyota RAV» մակնիշի 07AN707 հ/հ-ի ավտոմեքենային պատճառված վնասը, որի ուժով Ընկերությանն է անցել ապահովադրի նկատմամբ 293.000 ՀՀ դրամի չափով հետադարձ պահանջի իրավունքը, Դավիթ Ղազարյանը` որպես վնաս պատճառող, պատրաստ է ստանձնել համապարտությամբ հետադարձ պահանջի իրավունքով 293.000 ՀՀ դրամ գումար վճարելու պարտավորությունը (հատոր 1-ին, գ.թ. 11-13):
2) Հայցադիմումին կից ներկայացվել է Ընկերության և Դավիթ Ղազարյանի միջև 01.06.2015 թվականին կնքված` հետադարձ պահանջի իրականացման մասին համաձայնագրի պատճենը և Դավիթ Ղազարյանի կողմից Ընկերությանը 35.000 ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ 01.06.2015 թվականի թիվ Մ-0001976 դրամարկղային մուտքի օրդերի պատճենը (հատոր 1-ին, գ.թ. 11-14):
3) Դատարանի 02.05.2018 թվականի դատական նիստի արձանագրության կրիչի և համառոտագրության ուսումնասիրությունից հետևում է, որ տվյալ դատական նիստին կողմերը, պատշաճ ծանուցված լինելով դատական նիստի վայրի և ժամանակի մասին, չեն ներկայացել, Դատարանը դատական նիստը անցկացրել է կողմերի բացակայությամբ և արձանագրել է, որ Ընկերության և Դավիթ Ղազարյանի միջև կնքված համաձայնագիրը պատճենի տեսքով է, և անհրաժեշտ է ներկայացնել դրա բնօրինակը (հատոր 1-ին, գ.թ. 40, 55):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից 17.06.1998 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի և 54-րդ հոդվածի 2-րդ կետի խախտելու հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք փաստաթուղթը պատճենի տեսքով ներկայացված լինելու պայմաններում դատարանը կարող է այն չգնահատել և հանել ապացույցների շարքից այն դեպքում, երբ դատարանը գործը դատաքննության է նախապատրաստել և գործի քննությունն իրականացրել է կողմերի բացակայությամբ, և հայցվորը որևէ կերպ չի իրազեկվել փաստաթղթի բնօրինակը ներկայացնելու անհրաժեշտության մասին:
i
17.06.1998 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք)(1) 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:
______________________
i
1) Սույն գործով հայցադիմումը վարույթ է ընդունվել 29.12.2017 թվականին, հետևաբար գործի քննության նկատմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքի 439-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով կիրառելի են 17.06.1998 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի դրույթները:
i
Նույն օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):
i
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը պետք է ոչ միայն նշի այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում դատական ակտ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների թիվ 3-54(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):
i
Նախկին օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավոր ապացույցներ են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների մասին տեղեկություններ պարունակող ակտերը, պայմանագրերը, տեղեկանքները, գործարար թղթակցությունը, այլ փաստաթղթերը և նյութերը, այդ թվում` էլեկտրոնային կամ կապի այլ միջոցով կամ փաստաթղթերի իսկությունը հաստատելու հնարավորություն ընձեռող այլ եղանակով ստացված ապացույցները:
i
Նախկին օրենսգրքի 149.8-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերի համաձայն` դատարանը նախնական դատական նիստում կողմերի հետ քննարկում է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` կողմերի միջև բաշխում է ապացուցման պարտականությունը, ինչպես նաև սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետները, կողմերի միջնորդությամբ, իսկ նույն օրենսգրքով նախատեսված դեպքում` իր նախաձեռնությամբ, պահանջում է անհրաժեշտ ապացույցներ, լուծում է փորձաքննություն նշանակելու, դատական նիստին փորձագետներ, վկաներ կանչելու, թարգմանիչ ներգրավելու, տեղում իրեղեն և գրավոր ապացույցներն ուսումնասիրելու հարցերը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ գործը դատաքննության նախապատրաստելու ինստիտուտը նպատակաուղղված է ապահովելու գործի արդյունավետ քննությունը: Այդ նպատակով օրենսդիրը գործը դատաքննության նախապատրաստելու ժամանակ սահմանում է ոչ միայն կողմերի, այլև դատարանի գործողությունները: Գործի քննությունը դատաքննությանը նախապատրաստելու փուլով իրականացնելիս դատարանը պարտավոր է կողմերի հետ քննարկել ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականությունը կողմերի միջև բաշխել ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի շրջանակը որոշելն անմիջական կախվածության մեջ է գտնվում գործին մասնակցող անձանց վկայակոչած փաստերի վերաբերյալ մյուս կողմի ներկայացրած առարկություններից:
i
Քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության սկզբունքի հիման վրա: Սակայն, գործը դատաքննության նախապատրաստելու վերաբերյալ նորմերը սահմանում են մրցակցային դատավարությունում դատարանի պարտականությունները: Միաժամանակ դատարանը, ղեկավարելով գործը դատաքննության նախապատրաստելու գործընթացը, պահպանում է անկախություն, օբյեկտիվություն և անաչառություն, իսկ գործը դատաքննության նախապատրաստելու ժամանակ դատարանի գործողություններն ուղղված են Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածով նախատեսված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության համար համապատասխան պայմանների ապահովմանը, գործի համար նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի որոշմանը և գործը լուծելու համար ճիշտ իրավանորմերի կիրառմանը: Ապացույցներ ներկայացնում են գործին մասնակցող անձինք, սակայն դատարանը գործի նախապատրաստական փուլում ապացուցման առարկան և բեռը բաշխելուց հետո կողմերին հնարավորություն է ընձեռում ներկայացնելու այն ապացույցները, որոնցով վերջիններս կարող են հիմնավորել իրենց պահանջները և առարկությունները (տե՛ս Երևանի քաղաքապետարանի «Երևանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն ընդդեմ Դավիթ Մարտիրոսյանի ու ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունի անձնագրային բաժնի թիվ ԵԷԴ/1637/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):
i
Ըստ այդմ, Նախկին օրենսգրքի համապատասխան նորմերով սահմանված է գրավոր փաստաթղթերի` որպես ապացույցների տեսակի ներկայացման կարգը: Մասնավորապես` Նախկին օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գրավոր փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով: (...) Փաստաթղթերի բնօրինակները ներկայացվում են այն դեպքում, եթե գործի հանգամանքները, օրենքներին կամ այլ իրավական ակտերին համապատասխան, կարող են հաստատվել միայն նման փաստաթղթով, իսկ անհրաժեշտության դեպքում` դատարանի պահանջով:
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ գրավոր ապացույցները դատարան ներկայացվում են երկու ձևով` բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով: Ընդ որում, դատարանը, պարզելով գործով ապացուցման ենթակա փաստերը, կողմից կարող է պահանջել համապատասխան գրավոր ապացույցներ, իսկ անհրաժեշտության դեպքում` փաստաթղթերի բնօրինակները:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ անդրադարձել է վկայակոչված իրավանորմի մեկնաբանությանը և նշել է, որ ընդհանուր կանոնի համաձայն` գրավոր ապացույցները դատարան կարող են ներկայացվել կա՛մ բնօրինակով, կա՛մ պատշաճ վավերացված պատճենի ձևով: Միևնույն ժամանակ օրենսդիրը վերոնշյալ ընդհանուր կանոնից սահմանել է հետևյալ բացառությունները`
ա) փաստաթղթերի բնօրինակները պետք է ներկայացվեն բոլոր այն դեպքերում, երբ գործի հանգամանքները, օրենքներին կամ այլ իրավական ակտերին համապատասխան, կարող են հաստատվել միայն նման փաստաթղթերով,
բ) անհրաժեշտության դեպքում դատարանը կարող է պահանջել ներկայացնելու փաստաթղթերի բնօրինակները: Նման անհրաժեշտություն կարող է, մասնավորապես առաջանալ, երբ գործով ներկայացված միևնույն փաստաթղթի պատճենները տարբերվում են իրենց բովանդակությամբ, և դատարանը չի կարող պարզել գրավոր ապացույցի իրական բովանդակությունն առանց դրա բնօրինակը հետազոտելու: Այդպիսի անհրաժեշտություն կարող է ծագել նաև պատճենի անորակության, դրա իսկության մեջ համոզվելու անհրաժեշտության և այլ դեպքերում (տե՛ս Ղասեմ Աբդոլահ Նեժադն ընդդեմ Աշոտ Հարությունյանի և մյուսների թիվ ԵԱՔԴ/0704/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):
i
Սույն որոշմամբ բարձրացված իրավական հարցի համատեքստում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ Նախկին օրենսգրքի 149.8-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերի նպատակների իրագործումն ապահովելու խնդրին ապացույց ներկայացնելու անհրաժեշտության մասին կողմի ծանուցված չլինելու պարագայում:
Գործը դատաքննությանը նախապատրաստելու փուլի շրջանակներում հրավիրված նախնական դատական նիստի վերաբերյալ կողմի պատշաճ ծանուցված լինելն ինքնին չի վկայում դատարանի կողմից այդ փուլի խնդիրների իրագործման համար բավարար պայմաններ ապահոված լինելու մասին այն դեպքում, երբ կողմը, օգտվելով օրենքով վերապահված իր իրավունքից, չի ներկայացել դատական նիստին: Նախկին օրենսգրքի 149.8-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերի նպատակները չեն կարող իրագործվել այնպիսի պայմաններում, երբ կողմը իրազեկված չէ որոշակի ապացույց ներկայացնելու իր պարտականության մասին: Հետևաբար դատարանը ապացուցման պարտականությունը բաշխելիս և ապացույց պահանջելիս պետք է հաշվի առնի այդ մասին կողմին պատշաճ իրազեկելու անհրաժեշտությունը:
Սույն գործի դատավարական փաստերի համաձայն` հայցադիմումին կից ներկայացված 01.06.2015 թվականի թիվ SH67812 հետադարձ պահանջի /սուբրոգացիայի/ իրականացման վերաբերյալ համաձայնագրի պատճենի համաձայն` Ընկերության և Անտոն Գաբրիելյանի միջև կնքվել է թիվ SH693257 վկայագիրը, որով ապահովագրվել է «Opel Astra» մակնիշի 34VA644 հ/հ ավտոմեքենայից բխող պատասխանատվությունը, ավտոմեքենան շահագործվել է վկայագրով նախատեսված շահագործման նպատակից տարբերվող նպատակով: Ավտոմեքենայի վարորդ Դավիթ Ղազարյանի գործողությունների հետևանքով տեղի ունեցած ապահովագրական պատահարի արդյունքում «Toyota RAV» մակնիշի 07AN707 համարանիշի ավտոմեքենային պատճառված վնասը, որի ուժով Ընկերությանն է անցել ապահովադրի նկատմամբ 293.000 ՀՀ դրամի չափով հետադարձ պահանջի իրավունքը, Դավիթ Ղազարյանը` որպես վնաս պատճառող, պատրաստ է ստանձնել համապարտությամբ հետադարձ պահանջի իրավունքով 293.000 ՀՀ դրամ գումար վճարելու պարտավորությունը:
Հայցադիմումին կից ներկայացվել է նաև Դավիթ Ղազարյանի կողմից Ընկերությանը վճարված 35.000 ՀՀ դրամի չափով 01.06.2015 թվականի թիվ Մ-0001976 դրամարկղային մուտքի օրդերի պատճենը:
Դատարանի 02.05.2018 թվականի դատական նիստը կայացել է նիստի վայրի և ժամանակի մասին պատշաճ կարգով ծանուցված կողմերի բացակայությամբ: Նիստի ընթացքում Դատարանն արձանագրել է, որ Ընկերության և Դավիթ Ղազարյանի միջև կնքված համաձայնագիրը պատճենի տեսքով է, և անհրաժեշտ է ներկայացնել դրա բնօրինակը:
i
Դատարանը կայացրել է հայցը մերժելու մասին վճիռ` պատճառաբանելով, որ հայցվորի կողմից ներկայացվել է 01.06.2015 թվականի SH 67812 համաձայնագրի պատճենը, 02.05.2018 թվականի նախնական դատական նիստի ընթացքում Դատարանն անհրաժեշտ է համարել պարտավորագրի բնօրինակի ներկայացումը և արձանագրել է բնօրինակը նաև դատաքննության փուլում ներկայացնելու հնարավորությունը, մինչդեռ նախնական դատական նիստից հետո հրավիրված ևս երեք դատական նիստերին հայցվոր ընկերության ներկայացուցիչը չի ներկայացել և դատարանին չի ներկայացրել համաձայնագրի բնօրինակը, որպիսի պայմաններում չապացուցված է մնացել պարտավորության առկայության փաստը: Դատարանն արձանագրել է նաև, որ Դավիթ Ղազարյանը հանդիսանում է ոչ թե ավտոմեքենայի սեփականատեր, այլ վնաս պատճառող անձ, ուստի «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «դ» ենթակետի հիմքով վերջինիս նկատմամբ հետադարձ պահանջի իրավունք ծագել չի կարող, հետևաբար հայցն անհիմն է և ենթակա է մերժման:
Վերաքննիչ դատարանը, վերահաստատելով Դատարանի պատճառաբանությունները, մերժել է վերաքննիչ բողոքը:
Վճռաբեկ դատարանը, վերոգրյալ իրավական դիրքորոշման լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումներին, գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը գործը դատաքննության նախապատրաստելիս պարզել է գործով ապացուցման ենթակա փաստերը, կողմերի միջև բաշխել է ապացուցման բեռը և գործի դատաքննությունն անցկացրել է դատական նիստերի մասին պատշաճ կարգով ծանուցված կողմերի բացակայությամբ: Այսինքն` դատական նիստերի ընթացքում, հետազոտելով ներկայացված ապացույցները, որոշել է հայցվորից պահանջել համաձայնագրի բնօրինակն այն դեպքում, երբ հայցվորը դատական նիստին ներկա չի եղել: Դրանից հետո` Դատարանը որևէ ձևով չի իրազեկել հայցվորին համաձայնագրի բնօրինակը ներկայացնելու պարտականության մասին, որպիսի հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Հետևաբար, Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ փաստաթղթի բնօրինակը` որպես գրավոր ապացույց, չներկայացնելու բացասական հետևանքները պետք է կրի հայցվորը, անհիմն է, քանի որ վերջինս չի տեղեկացվել առաջին ատյանի դատարանում նման պարտականության մասին:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ Դատարանը վճռում չի պատճառաբանել, թե ինչու է անհրաժեշտություն առաջացել ներկայացնելու համաձայնագրի բնօրինակը: Այսինքն` դատական ակտում որևէ կերպ չի հիմնավորվել փաստաթղթի բնօրինակը ներկայացնելու անհրաժեշտությունը, որը կարող էր մասնավորապես դրսևորվել այն դեպքերում, երբ ներկայացված պատճենի իսկության հարցում կասկած առաջանար, կամ պատճենն այլ համանման գրավոր ապացույցի բովանդակությունից տարբերվող բովանդակություն ունենար, կամ դրա որակական թերությունների պատճառով անհնարին լիներ ապացույցի իրական բովանդակությունը պարզելը` առանց դրա բնօրինակը հետազոտելու:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը չի անդրադարձել նաև հայցադիմումին կից ներկայացված` Դավիթ Ղազարյանի կողմից Ընկերությանը 35.000 ՀՀ դրամ վճարելու մասին 01.06.2015 թվականի թիվ Մ-0001976 դրամարկղային մուտքի օրդերի պատճենին և որևէ գնահատական չի տվել այդ գրավոր ապացույցին, ուստի Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում առկա է գործի նոր քննության անհրաժեշտություն` գործում առկա բոլոր ապացույցները հետազոտելու և դրանց համակցության մեջ գնահատելու համար` պարզելու նպատակով այն հարցը, թե արդյոք Ընկերության և Դավիթ Ղազարյանի միջև առկա են պարտավորական հարաբերություններ, թե` ոչ:
Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի հիմքում նշված մյուս փաստարկներին, ապա Ընկերության դատավարական իրավունքի վերը նշված տեսքով սահմանափակման արդյունքում Վճռաբեկ դատարանը դրանց հնարավոր չի համարում անդրադառնալ:
i
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
i
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.06.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան
Զեկուցող Ա. Բարսեղյան
Ս. Անտոնյան
Հ. Բեդևյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 8 հոկտեմբերի 2021 թվական: