Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆ ԻՐԱՎԱՍՈՒ Է...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆ ԻՐԱՎԱՍՈՒ Է ԿԻՐԱՌԵԼ ՎՃԻՌ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                            թիվ ԵԿԴ/4497/02/16

    Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/4497/02/16        2021 թ.

Նախագահող դատավոր` Հ. Ենոքյան

    Դատավորներ`        Տ. Նազարյան

                       Գ. Խանդանյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի հունիսի 25-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.08.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Հիմնարար հետազոտությունների կենտրոն» ՓԲԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն) ընդդեմ Ընկերության` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 7.800.000 ՀՀ դրամ տույժի գումար:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ափինյան) 23.09.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Ա. Մկրտչյան, Ա. Հունանյան, Ա. Պետրոսյան) 22.02.2018 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 23.09.2017 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության` վերահաշվարկված էլեկտրաէներգիայի քանակը և համապատասխանաբար հատուցման ենթակա գումարի չափը և ծավալը որոշելու:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Փիլոսյան) (այսուհետ` Դատարան) 08.04.2019 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.08.2019 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 08.04.2019 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Գագիկ Թովմասյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կազմակերպությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածը, 60-րդ հոդվածի 1-ին մասը, 62-րդ հոդվածի 1-ին մասը, 64-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը, 67-րդ, 167-րդ հոդվածները, 380-րդ հոդվածի 3-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

i

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ներկայացված հայցադիմումում որպես իրավական հիմք Կազմակերպությունը նշել է 27.12.2006 թվականի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» թիվ 358-Ն որոշման (այսուհետ` Կանոններ) 37-րդ և 59.3-րդ կետերը և խնդրել է բռնագանձել արդեն իսկ իր կողմից վերահաշվարկված գումարի հնգապատիկը: Այսինքն` Կազմակերպությունը ոչ միայն չի պնդել ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից նշված Կանոնների 56-րդ կետով սահմանված վերահաշվարկի վերաբերյալ ապացույցները, այլև հենց Կազմակերպությունն է կատարել վերահաշվարկ և այն ներկայացրել Դատարան: Հայցվորը չի մատնանշել որևէ ապացույց, որը գտնվել է Ընկերության տիրապետման տակ, պարզապես նշել է, որ 01.04.2015 թվականից մինչև 20.05.2015 թվականն իրականացված չափումները հայտնաբերել են, որ առևտրային հաշվառքի սարքում առկա է հավելագրում օրական 650 ԿՎՏ/Ժ, սակայն նշված հաշվարկներով չի հաստատվում օրական 650 ԿՎՏ/Ժ հավելագրման փաստը:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ Ընկերությունը Կանոնների 56-րդ հոդվածի ուժով պարտավոր էր վերահաշվարկ կատարել և այն ներկայացնել Դատարան, իսկ այդպիսի գործողություններ չկատարելու պարագայում Ընկերությունը պետք է կրի նշված փաստի չապացուցման բացասական հետևանքները, ապա այդ եզրահանգումն անհիմն է, քանի որ Կազմակերպությունը գործի քննության ընթացքում վերահաշվարկ կատարելու, ապացույց պահանջելու վերաբերյալ որևէ միջնորդություն չի ներկայացրել Դատարան, իսկ Դատարանն էլ իր հերթին Ընկերության վրա այդպիսի պարտականություն չի դրել, որևէ ապացույց չի պահանջել:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ պետք է հստակ նշվի, թե կոնկրետ ինչ տեսակի ապացույց է գտնվել Ընկերության տիրապետման տակ, որը պետք է ներկայացվեր Դատարան, սակայն չի ներկայացվել: Այսինքն` վերահաշվարկի վերաբերյալ ապացույցը պետք է իրականում գոյություն ունենա և չպետք է լինի ենթադրյալ, և միայն այդ պարագայում կարող է կիրառվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 4-րդ մասը:

i

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Ընկերության վրա էլեկտրաէներգիայի վերահաշվարկի պարտականություն չդնելու պայմաններում իրավասու չէր կիրառելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` վճիռը բեկանելու և այն փոփոխելու լիազորությունը, այլ կարող էր կիրառել միայն նույն հոդվածի նույն մասի 3-րդ կետով սահմանված` վճիռը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու լիազորությունը, քանի որ հակառակ պարագայում Ընկերությունը զրկվում է էլեկտրաէներգիայի վերահաշվարկի վերաբերյալ ապացույց ներկայացնելու հնարավորությունից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.08.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Տվյալ դեպքում Կազմակերպության կողմից հայցագնի հաշվարկը հիմնված է եղել գործում առկա փորձագետի 22.04.2016 թվականի թիվ 15-3416 եզրակացության վրա, ըստ որի տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի 10 տոկոսի հավելագրում, ինչը կազմում է 650 ԿՎՏ/Ժ մեկ օրվա կտրվածքով, ինչպես նաև 30.06.2016 թվականի քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշման վրա, որում ամրագրված է նույն փաստը:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Կազմակերպությունը չի պնդել Կանոնների 56-րդ կետով սահմանված վերահաշվարկի վերաբերյալ ապացույցները, ապա այդ եզրահանգումն անհիմն է, քանի որ նշվածն իմպերատիվ նորմ է և հստակ ամրագրում է, որ առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում մատակարարն է կատարում սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի վերահաշվարկ: Այսինքն` վերահաշվարկ կատարելու պարտականությունը, անկախ առևտրային հաշվառքի սարքի խախտման պատճառներից, պատասխանողինն է, այլ ոչ թե հայցվորինը և Կազմակերպությունը չէ, որ պետք է վերահաշվարկի վերաբերյալ ներկայացներ ապացույց:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Կազմակերպության և Ընկերության միջև 11.06.2009 թվականին կնքված Էլեկտրական էներգիայի մատակարարման թիվ 4230783 պայմանագրի համաձայն` մատակարարը պարտավորվել է սպառողին մատակարարել էլեկտրական էներգիա, իսկ սպառողը պարտավորվել է վճարել մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց (հատոր 1-ին, գ.թ. 58):

2) 21.05.2015 թվականին կազմված ենթակայանների և հաշվարկային սարքերի տեխնիկական զննման արձանագրության համաձայն` առկա է տարբերություն փաստացի օգտագործված էլեկտրաէներգիայի և հաշվիչի ցուցմունքի միջև (հատոր 1-ին, գ.թ. 7):

3) Կազմակերպության տնօրենի կողմից 26.07.2016 թվականին Ընկերության գլխավոր տնօրենին հասցեագրված թիվ 036/16 գրության համաձայն` վերջինիս հայտնել է, որ հանցագործության արդյունքում սպառողին պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս և խնդրել է վճարել տույժ` 7.800.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 20-21):

4) Ընկերության գլխավոր տնօրենի կողմից 27.09.2016 թվականին Կազմակերպության տնօրենին հասցեագրված թիվ 08-ԿՀ-09/3903 գրության համաձայն` հայտնվել է, որ 7.800.000 ՀՀ դրամի չափով տույժի պահանջը ենթակա չէ բավարարման (հատոր 1, գ.թ. 22-23):

5) ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչի 26.06.2015 թվականի որոշման համաձայն` հարուցվել է թիվ 15121315 քրեական գործը (հատոր 1-ին, գ.թ. 47):

6) «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 17.10.2016 թվականի փորձագետի թիվ 15-3416 եզրակացության համաձայն` հոսանքի տրանսֆորմատորներից ՏՇ 0.66 ՈՒԶ 1500/5 թիվ 36810 (արտադրված` 1989 թվականին) տրանսֆորմատորը ենթարկվել է մարդկային միջամտության, որի վերևի մասում` որտեղ պտուտակներ են, կան կայծերից առաջացած սևացած հետքեր: Այդ սևացած հետքերը չեն առաջացել ոչ բնական մաշվածությունից, ոչ տևական օգտագործումից: Դա մարդկային գործոնի հետևանք է` բնականոն գործունեությունը խափանելուն, իսկ մարդկային գործոնի ներազդման նպատակը եղել է օգտագործված էլեկտրաէներգիայի իրական ծախսը գերազանցելը (հատոր 1-ին, գ.թ. 9-19):

7) ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչի 30.06.2015 թվականի որոշման համաձայն` թիվ 15121315 քրեական գործով վարույթը կասեցվել է` որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու հիմքով (հատոր 1-ին, գ.թ. 67-70):

8) Կազմակերպության տնօրենի կողմից 11.10.2016 թվականին Ընկերության տնօրեն Կ. Հարությունյանին հասցեագրված թիվ 053/16 գրության համաձայն` խնդրվել է տրամադրել 21.05.2015 թվականին իրենց կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից համատեղ կազմած և ստորագրած ենթակայանների և հաշվարկային սարքերի տեխնիկական զննման արձանագրության բնօրինակ կամ վավերացված պատճենը (հատոր 1-ին, գ.թ. 25):

9) Ընկերության կողմից 17.11.2016 թվականին Կազմակերպության տնօրենին հասցեագրված գրության համաձայն` ի պատասխան 11.10.2016 թվականի թիվ 053/16 գրության տեղեկացվել է, որ իրենց Ընկերությունում չի պահպանվել 21.05.2015 թվականին կազմված արձանագրության բնօրինակը, հետևաբար չեն կարող ներկայացնել ոչ բնօրինակը և ոչ էլ վավերացված պատճենը: Հաշվի առնելով վերը նշվածը` կարող են տրամադրել Ընկերությունում առկա արձանագրության պատճենը (հատոր 1-ին, գ.թ. 55):

10) Դատարանը 27.11.2018 թվականի նախնական դատական նիստում չի մատնանշել սույն գործով կիրառելի իրավունքի նորմերը և ապացուցման պարտականությունը բաշխելիս Ընկերության վրա էլեկտրաէներգիայի քանակի վերահաշվարկի վերաբերյալ ապացույց ներկայացնելու պարտականություն չի դրել (հատոր 2-րդ, գ.թ. 89):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի կիրառման կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված` Դատարանի վճիռը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու, ինչպես նաև վճիռը բեկանելու և փոփոխելու լիազորությունների իրականացման առանձնահատկություններին, մասնավորապես` այն հարցին, թե արդյո՞ք Վերաքննիչ դատարանն իրավասու է կիրառել վճիռը բեկանելու և փոփոխելու իր լիազորությունն այն դեպքում, երբ Դատարանը թույլ է տվել ապացուցման բեռի բաշխման դատավարական կանոնների խախտում:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` փաստերը, որոնք, օրենքի կամ նորմատիվ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա` ղեկավարվելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:

i

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` եթե գործին մասնակցող անձի վկայակոչած փաստի վերաբերյալ ապացույցն օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով գտնվում է միայն գործին մասնակցող այլ անձի մոտ, ապա վկայակոչված փաստը համարվում է հաստատված, քանի դեռ գործին մասնակցող համապատասխան անձը հակառակը չի ապացուցել:

i

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք չունի ոչնչացնելու կամ թաքցնելու որևէ ապացույց կամ այլ եղանակով խոչընդոտելու դրա ձեռքբերմանը և հետազոտմանը` գործին մասնակցող մյուս անձանց համար անհնարին կամ դժվարին դարձնելով ապացույցներ հավաքելը և ներկայացնելը: Նման փաստերի առկայության դեպքում ապացուցման ենթակա փաստը վիճելի մնալու բացասական հետևանքները կրում է խոչընդոտող անձը:

i

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից և գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձը կարող է գործին մասնակցող այլ անձից ապացույց պահանջելու միջնորդությամբ դիմել գործը քննող առաջին ատյանի դատարան:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում` պարզում է հայցի առարկան, հայցի փաստական և իրավական հիմքերը:

i

Նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում` պարզում է պատասխանողի առարկությունների փաստական և իրավական հիմքերը:

i

Նույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում` կիրառելի իրավական նորմերը` չսահմանափակվելով գործին մասնակցող անձանց մատնանշած իրավական նորմերով:

i

Նույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում` գործին մասնակցող անձանց հետ քննարկում է ապացուցման պարտականությունը նրանց միջև բաշխելու հարցը:

i

Նույն հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում` գործին մասնակցող անձանց հետ քննարկում և լուծում է ներկայացված ապացույցների վերաբերելիության և թույլատրելիության հարցը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի իրավակարգավորումներից բխում է, որ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում ի թիվս հայցի և առարկությունների փաստական և իրավական հիմքերի, պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում` կիրառելի իրավական նորմերը` չսահմանափակելով գործին մասնակցող անձանց մատնանշած իրավական նորմերով և գործին մասնակցող անձանց հետ քննարկում է ապացուցման պարտականությունը նրանց միջև բաշխելու հարցը, ինչպես նաև քննարկում և լուծում է ներկայացված ապացույցների վերաբերելիության և թույլատրելիության հարցը: Միայն նշված գործողությունները կատարելուց հետո է դատարանը կայացնում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում: Նման իրավակարգավորման նպատակն այն է, որպեսզի ապացուցման պարտականությունը բաշխվի ճիշտ` կիրառելի իրավական նորմերին համապատասխան` վերը նշված հարցերը նախապես քննարկելով գործին մասնակցող անձանց հետ: Մասնավորապես, կիրառելի իրավական նորմերը որոշելիս կողմերի հետ այդ հարցի քննարկման պահանջն ինքնանպատակ չէ, այն կոչված է ապահովելու գործին մասնակցող անձանց դիրքորոշումների ճշտումը, ապացուցման գործընթացում նրանց պարտականությունների հստակեցումը: Հենց այդ պատճառով է սահմանված, որ դատարանը չի սահմանափակվում գործին մասնակցող անձանց մատնանշած իրավական նորմերով, այլ գտնելով, որ կիրառման են ենթակա նաև այլ իրավական նորմեր, դատարանը դրանք պետք է մատնանշի գործին մասնակցող անձանց: Նման մատնանշումը գործին մասնակցող անձանց հնարավորություն է տալիս ապացուցման գործընթացում իրենց դատավարական գործողությունները համապատասխանեցնել կիրառելի իրավական նորմերի պահանջներին և վերջին հաշվով նպաստում է ապացուցման գործընթացի արդյունավետությանը: Մասնավորապես, եթե մատնանշված կիրառելի իրավական նորմերի բովանդակությունից բխում է, որ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստի վերաբերյալ ապացույցը կարող է ձեռք բերվել միայն պատասխանողից, ապա հայցվորը պետք է հնարավորություն ստանա համապատասխան ապացույցը պահանջելու մասին միջնորդություն ներկայացնել, իսկ դատարանն էլ իր հերթին պարտավոր է ապացուցման պարտականությունը բաշխել կիրառելի իրավական նորմերի կարգավորումներին համապատասխան: Հակառակ դեպքում, եթե կիրառելի իրավական նորմերի պահանջների համաձայն պատասխանողի վրա որոշակի ապացույց ներկայացնելու պարտականություն չի դրվել, ապա դա նշանակում է, որ ապացուցման բեռի բաշխումը կատարվել է դատավարական նորմերի պահանջների խախտմամբ, իսկ պատասխանողի վրա որոշակի փաստի վերաբերյալ ապացույց ներկայացնելու պարտականություն չդրվելու պարագայում այդ փաստի չապացուցման բացասական հետևանքը ևս վերջինիս վրա դրվել չի կարող:

Ապացուցման պարտականության սխալ բաշխումը բերում է ապացուցման գործընթացի այնպիսի ձևախեղման, որը, որպես կանոն, հանգեցնում է գործով ձեռք բերված ապացույցների սխալ գնահատման և գործի սխալ լուծման: Մասնավորապես, դատարանի կողմից թույլ տրված այնպիսի խախտումը, որի արդյունքում ապացույցը մի կողմից պահանջելու փոխարեն պահանջվում է հակառակ կողմից, հանգեցնում է չապացուցման բացասական հետևանքի սխալ կիրառման, իսկ դա էլ իր հերթին, որպես կանոն, պայմանավորում է գործի սխալ լուծումը:

Վերաքննիչ դատարանը որպես առաջին ատյանի դատարանի դատական ակտերը վերանայող դատարան դատական ակտը համապատասխան հիմքով բողոքարկված լինելու պարագայում ստուգում է, թե արդյոք առաջին ատյանի դատարանը ճիշտ է կատարել ապացուցման բեռի բաշխումը: Եթե վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը սխալ է բաշխել, որի արդյունքում գործին մասնակցող անձի վրա չի դրվել որոշակի ապացույց ներկայացնելու պարտականություն, ապա այդ փաստը չի կարող հաղթահարվել վերաքննիչ ատյանում, քանի որ, իր գործունեության առանձնահատկություններով պայմանավորված, վերաքննիչ դատարանը լիազորված չէ ապացուցման գործընթաց կազմակերպել այնպիսի ծավալով, ինչպիսինն իրականացնում է առաջին ատյանի դատարանը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Ապացուցումը» վերտառությամբ 8-րդ գլխի իրավակարգավորումներին համապատասխան: Հետևաբար այն դեպքերում, երբ վերաքննիչ դատարանն արձանագրում է առաջին ատյանի դատարանի կողմից ապացուցման բեռի բաշխումն այնպիսի սխալով կատարելը, որի դեպքում ենթակա է կիրառման ապացուցման պարտականության չկատարման բացասական հետևանք, չի կարող կիրառել վճիռը բեկանելու և փոփոխելու իր լիազորությունը, այլ նրա կողմից ենթակա է կիրառման վճիռը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու լիազորությունը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Կազմակերպության և Ընկերության միջև 11.06.2009 թվականին կնքված Էլեկտրական էներգիայի մատակարարման թիվ 4230783 պայմանագրի համաձայն` մատակարարը պարտավորվել է սպառողին մատակարարել էլեկտրական էներգիա, իսկ սպառողը պարտավորվել է վճարել մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց:

21.05.2015 թվականին կազմված ենթակայանների և հաշվարկային սարքերի տեխնիկական զննման արձանագրության համաձայն` առկա է տարբերություն փաստացի օգտագործված էլեկտրաէներգիայի և հաշվիչի ցուցմունքի միջև:

Կազմակերպության տնօրենի կողմից 26.07.2016 թվականին Ընկերության գլխավոր տնօրենին հասցեագրված թիվ 036/16 գրության համաձայն` վերջինիս հայտնել է, որ հանցագործության արդյունքում սպառողին պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս և խնդրել է վճարել տույժ` 7.800.000 ՀՀ դրամ:

Ընկերության գլխավոր տնօրենի կողմից 27.09.2016 թվականին Կազմակերպության տնօրենին հասցեագրված թիվ 08-ԿՀ-09/3903 գրության համաձայն` հայտնվել է, որ 7.800.000 ՀՀ դրամի չափով տույժի պահանջը ենթակա չէ բավարարման:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչի 26.06.2015 թվականի որոշման համաձայն` հարուցվել է թիվ 15121315 քրեական գործը:

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 17.10.2016 թվականի փորձագետի թիվ 15-3416 եզրակացության համաձայն` հոսանքի տրանսֆորմատորներից ՏՇ 0.66 ՈՒԶ 1500/5 թիվ 36810 (արտադրված` 1989 թվականին) տրանսֆորմատորը ենթարկվել է մարդկային միջամտության, որի վերևի մասում` որտեղ պտուտակներ են, կան կայծերից առաջացած սևացած հետքեր: Այդ սևացած հետքերը չեն առաջացել ոչ բնական մաշվածությունից, ոչ տևական օգտագործումից: Դա մարդկային գործոնի հետևանք է` բնականոն գործունեությունը խափանելուն, իսկ մարդկային գործոնի ներազդման նպատակը եղել է օգտագործված էլեկտրաէներգիայի իրական ծախսը գերազանցելը:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչի 30.06.2015 թվականի որոշման համաձայն` թիվ 15121315 քրեական գործով վարույթը կասեցվել է` որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու հիմքով:

Կազմակերպության տնօրենի կողմից 11.10.2016 թվականին Ընկերության տնօրեն Կ. Հարությունյանին հասցեագրված թիվ 053/16 գրության համաձայն` խնդրվել է տրամադրել 21.05.2015 թվականին իրենց կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից համատեղ կազմած և ստորագրած ենթակայանների և հաշվարկային սարքերի տեխնիկական զննման արձանագրության բնօրինակ կամ վավերացված պատճենը:

Ընկերության կողմից 17.11.2016 թվականին Կազմակերպության տնօրենին հասցեագրված գրության համաձայն` ի պատասխան 11.10.2016 թվականի թիվ 053/16 գրության տեղեկացվել է, որ իրենց Ընկերությունում չի պահպանվել 21.05.2015 թվականին կազմված արձանագրության բնօրինակը, հետևաբար չեն կարող ներկայացնել ոչ բնօրինակը և ոչ էլ վավերացված պատճենը: Հաշվի առնելով վերը նշվածը` կարող են տրամադրել Ընկերությունում առկա արձանագրության պատճենը:

Դատարանը 27.11.2018 թվականի նախնական դատական նիստում չի մատնանշել սույն գործով կիրառելի իրավունքի նորմերը և ապացուցման պարտականությունը բաշխելիս Ընկերության վրա էլեկտրաէներգիայի քանակի վերահաշվարկի վերաբերյալ ապացույց ներկայացնելու պարտականություն չի դրել:

Սույն գործով Դատարանը հայցը մերժելիս պատճառաբանել է, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 27.12.2006 թվականի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» թիվ 358-Ն որոշման հավելվածով հաստատված մատակարարման և օգտագործման կանոնների 58-րդ և 59-րդ կետերը սահմանում են տարբեր պատճառներով պայմանավորված էլեկտրաէներգիայի վերահաշվարկման հստակ կարգ, ուստի հիշյալ դրույթների ուժով էլեկտրաէներգիայի վերահաշվարկված քանակի վերաբերյալ միակ թույլատրելի ապացույցը հիշյալ կանոններին համապատասխան իրականացված վերահաշվարկը ամփոփող փաստաթուղթն է: Անդրադառնալով այն փաստին, որ ապացուցման առարկայի մեջ ներառված փաստն ապացուցվում է գործում առկա փորձագետի եզրակացությամբ, քրեական գործ հարուցելու վերաբերյալ որոշմամբ և 21.05.2015 թվականին կազմված ենթակայանների և հաշվարկային սարքերի տեխնիկական զննման մասին արձանագրությամբ` Դատարանն արձանագրել է, որ դրանցից և որևէ մեկը վերահաշվարկված էլեկտրաէներգիայի քանակի վերաբերյալ տեղեկություններ չի պարունակում, ուստի դրանք հիշյալ հանգամանքը հաստատող ապացույցներ չեն:

Վերաքննիչ դատարանը Կազմակերպության բողոքը բավարարելիս պատճառաբանել է, որ գործում առկա ապացույցներով հաստատվում է այն հանգամանքը, որ սպառող «Հիմնարար հետազոտությունների կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 7.800.000 ՀՀ դրամ գումարի վնաս, ինչը տեղի է ունեցել հոսանքի տրանսֆորմատորների բնականոն գործունեությանը միջամտելու հետևանքով: «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 17.10.2016 թվականի փորձաքննության թիվ 15-3416 եզրակացությամբ հետևություն է կատարվել, որ հոսանքի տրանսֆորմատորների վերևի մասում, որտեղ պտուտակներ են, կան կայծերից առաջացած սևացած հետքեր, ինչը մարդկային գործոնի հետևանք է, և մարդկային գործոնի ներազդման նպատակը օգտագործված էլեկտրաէներգիայի իրական ծախսը գերազանցելն է եղել: Միաժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմաստով յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր վկայակոչած փաստերը: Սակայն, այն դեպքում, երբ գործին մասնակցող անձի վկայակոչած փաստի վերաբերյալ ապացույցն օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով գտնվում է միայն գործին մասնակցող այլ անձի մոտ, ապա վկայակոչված փաստը համարվում է հաստատված, քանի դեռ գործին մասնակցող համապատասխան անձը հակառակը չի ապացուցել: Տվյալ դեպքում վերը նշված թիվ 358-Ն որոշման հավելվածով հաստատված էներգիայի մատակարարման և օգտագործման Կանոնների 56-րդ հոդվածը նախատեսում է, որ առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի վերահաշվարկը կատարում է մատակարարը: Այսինքն` էներգիայի մատակարարման և օգտագործման Կանոնների 56-րդ հոդվածի ուժով վերահաշվարկ կարող է կատարել միայն պատասխանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը` որպես մատակարար: Այդուհանդերձ, վերջինս վերահաշվարկ չի կատարել և այդ մասին որևէ ապացույց Դատարանին չի ներկայացրել, ինչից հետևում է, որ հենց պատասխանողը պետք է կրի նշված փաստի չապացուցման բացասական հետևանքները` նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ պատասխանողի կողմից նման ապացույց չներկայացնելը գործին մասնակցող մյուս անձի` հայցվորի համար դիտարկվում է որպես խոչընդոտ: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանը հանգել է սխալ եզրակացության առ այն, որ փաստի ապացուցման պարտականությունը կրում է սպառող հանդիսացող հայցվոր կողմը:

Մինչդեռ վերն արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի հետևություններն անհիմն են հետևյալ պատճառաբանություններով:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 27.12.2006 թվականի` «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» թիվ 358-Ն որոշման հավելվածով հաստատված էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների 59.3-րդ կետի համաձայն` առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ սպառողը հիմնավոր փաստարկներ ունի, որ խախտումը պայմանավորված է մատակարարի գործողություններով (ներառյալ, սակայն չսահմանափակելով դեպքերը, երբ առևտրային հաշվառքի սարքի կնիքները պոկված, կեղծված կամ վնասված են, կամ առկա է այլ ներգործություն առևտրային հաշվառքի սարքի աշխատանքին), սպառողն իրավունք ունի մատակարարից պահանջել վճարելու տույժ` վերահաշվարկված էլեկտրաէներգիայի արժեքի հնգապատիկի չափով: Մատակարարի կողմից սպառողի տույժ վճարելու պահանջին համաձայնելու դեպքում մատակարարը հաշվարկված տույժը հաշվի է առնում վերահաշվարկի կատարմանը հաջորդող հաշվարկային ամսվա համար սպառողին ներկայացվող հաշվարկային փաստաթղթում: Մատակարարի կողմից սպառողի` տույժ վճարելու պահանջին չհամաձայնելու դեպքում սպառողը վեճը լուծում է դատական կարգով:

i

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 27.12.2006 թվականի թիվ 358-Ն որոշմամբ հաստատված` առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում սպառված էլեկտրաէներգիայի վերահաշվարկման կարգի 56-րդ կետի համաձայն` առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում մատակարարը կատարում է սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի վերահաշվարկ:

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 17.10.2016 թվականի փորձաքննության փորձագետի թիվ 15-3416 եզրակացությունը տեղեկություն է պարունակում միայն տրանսֆորմատորի վրա մարդկային գործոնի ազդեցության մասին, սակայն այն որևէ տեղեկություն չի պարունակում հաշվարկային սարքի ցուցմունքի և էլեկտրաէներգիայի իրական ծախսի, դրանց տարբերության մասին: Այսինքն` նշված փորձագետի եզրակացությունը պատճառված վնասի հաշվարկի վերաբերյալ տեղեկություն չի պարունակում: Այդպիսի տեղեկություն չեն պարունակում նաև հայցվորի կողմից ներկայացված մյուս ապացույցները:

i

Նման պայմաններում արձանագրելով, որ Կանոնների 56-րդ կետին համապատասխան էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի վերահաշվարկը կատարում է Ընկերությունը, Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված` պատասխանողի կողմից փաստի չապացուցման բացասական հետևանքը, հաշվի չառնելով, որ նշված իրավանորմերում խոսքն այն դեպքերի մասին է, երբ ապացույցը դատավարության կողմի մոտ առկա է, սակայն գործին մասնակցող անձն այն չի ներկայացնում կամ խոչընդոտում է դրա ձեռքբերմանը: Մինչդեռ տվյալ դեպքում խոսքն այն մասին է, որ իրավահարաբերությունը կարգավորող իրավական նորմի համաձայն էլեկտրաէներգիայի վերահաշվարկին վերաբերող ապացույցը ոչ թե առկա է պատասխանողի մոտ, այլ ենթակա է կազմման, ստեղծման պատասխանողի կողմից: Այնուհետև արձանագրելով, որ պատասխանողը վերահաշվարկ չի կատարել և այդ մասին Դատարան որևէ ապացույց չի ներկայացրել, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը կիրառելի իրավական նորմերին համապատասխան էլեկտրաէներգիայի վերահաշվարկ կատարելու և դրա վերաբերյալ ապացույց ներկայացնելու պարտականություն պատասխանողի վրա չի դրել, որպիսի պայմաններում պատասխանողի վրա չէր կարող դրվել նաև փաստի (վերահաշվարկված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի) չապացուցման բացասական հետևանքը:

Միաժամանակ որոշելով կիրառել Դատարանի վճիռը բեկանելու և փոփոխելու իր լիազորությունը, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ապացուցման գործընթացը կիրառելի իրավական նորմերին համապատասխան չկազմակերպելու հետևանքով է, որ Դատարանը պատասխանողի վրա չի դրել վերահաշվարկի վերաբերյալ ապացույց ներկայացնելու պարտականություն, ապացուցման բեռը ճիշտ բաշխելու դեպքում Ընկերությունը կարող էր ներկայացնել վերահաշվարկի վերաբերյալ պահանջվող ապացույցը, իսկ վերաքննության փուլում նրա նկատմամբ փաստի չապացուցման բացասական հետևանքը կիրառելով` Ընկերությունը փաստացի զրկվում է նման ապացույց ներկայացնելու հնարավորությունից: Հետևաբար սույն վեճին իրավաչափ լուծում տալու համար Վերաքննիչ դատարանը պետք է կիրառեր վճիռը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու իր լիազորությունը:

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 07.08.2019 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կիրառման է ենթակա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործն ընդհանուր իրավասության դատարան նոր քննության ուղարկելու լիազորությունը` գործի նոր քննության ընթացքում ապացուցման բեռի բաշխումը ճիշտ կատարելու և ըստ այդմ ձեռք բերված ապացույցների հիման վրա գործը լուծելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

 

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 401-րդ, 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.08.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության:

2. Դատական ծախսերի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 25 հունիսի 2021 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.06.2021
N ԵԿԴ/4497/02/16
Որոշում