Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 372-ՐԴ ՀՈԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական               Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                        թիվ ԵԿԴ/4950/02/16

    Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/4950/02/16    2020 թ.

Նախագահող դատավոր` Ն. Կարապետյան

    Դատավորներ`        Ա. Պետրոսյան

                       Տ. Նազարյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

 

2020 թվականի օգոստոսի 27-ին

գրավոր ընթացակարգով քննելով Արտակ և Վեներա Գալստյանների ներկայացուցիչ Սուսաննա Սարգսյանի և Վեներա Գալստյանի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» 13.08.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արտակ, Վեներա Գալստյանների ընդդեմ Արթուր Անդրեասյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք Ասյա Գևորգյանի, Նոր Նորք նոտարական տարածքի նոտար Օսան Հակոբյանի` 08.08.2012 թվականին Նոր Նորք նոտարական տարածքում Վեներա Գալստյանի կողմից տրված հայտարարությունն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքները կիրառելու և պայմանագրից ծագած գրավի իրավունքի պետական գրանցումը վերականգնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Արտակ և Վեներա Գալստյանների ներկայացուցիչ Սուսաննա Սարգսյանը պահանջել է անվավեր ճանաչել Վեներա Գալստյանի կողմից Նոր Նորք նոտարական տարածքում 08.08.2012 թվականին տրված հայտարարությունը, կիրառել անվավերության հետևանք և վերականգնել Վեներա Գալստյանի` Երևան քաղաքի Փափազյան 11-րդ շենքի թիվ 60 բնակարանի նկատմամբ 27.07.2010 թվականի գրավի իրավունքը և 29.07.2010 թվականի հիփոթեքի պայմանագրից ծագած իրավունքի պետական գրանցումը:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ներսիսյան) 31.10.2017 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Ս. Միքայելյան, Ա. Սմբատյան, Հ. Ենոքյան) 29.03.2018 թվականի որոշմամբ Արտակ և Վեներա Գալստյանների ներկայացուցիչ Սուսաննա Սարգսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 31.10.2017 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ե. Եսոյան) (այսուհետ` Դատարան) 08.05.2019 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Ս. Թորոսյան, Ն. Բարսեղյան, Ա. Խառատյան) 01.07.2019 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Ս. Թորոսյան, Ն. Բարսեղյան, Ա. Մկրտչյան) 18.07.2019 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը կրկին վերադարձվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.08.2019 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Վճռաբեկ բողոք են ներկայացրել Արտակ և Վեներա Գալստյանների ներկայացուցիչ Սուսաննա Սարգսյանը և Վեներա Գալստյանը:

Վճռաբեկ բողոքների պատասխան չի ներկայացվել:

 

2. Արտակ և Վեներա Գալստյանների ներկայացուցչի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը երկու անգամ ներկայացված վերաքննիչ բողոքներն ըստ էության չի քննել և որոշում չի կայացրել, այսինքն` բողոքներում ներկայացված հիմքերն ու հիմնավորումները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից քննարկման առարկա չեն դարձվել:

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, ինչը սահմանափակել է հայցվորների` արդար դատաքննության բաղկացուցիչ մաս հանդիսացող բողոքարկման և դատարանի մատչելիության իրավունքները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 13.08.2019 թվականի թիվ ԵԿԴ/4950/02/16 քաղաքացիական գործով վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշումը և գործն ուղարկել Վերաքննիչ քաղաքացիական դատարան ըստ էության քննության»:

 

2.1. Վեներա Գալստյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը երկու անգամ ներկայացված վերաքննիչ բողոքներն ըստ էության չի քննել և որոշում չի կայացրել, այսինքն` բողոքներում ներկայացված հիմքերն ու հիմնավորումները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից քննարկման առարկա չեն դարձվել:

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, ինչը սահմանափակել է հայցվորների` արդար դատաքննության բաղկացուցիչ մաս հանդիսացող բողոքարկման և դատարանի մատչելիության իրավունքները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 13.08.2019 թվականի թիվ ԵԿԴ/4950/02/16 քաղաքացիական գործով վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշումը և գործն ուղարկել Վերաքննիչ քաղաքացիական դատարան ըստ էության քննության»:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի կիրառման կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր,

2) առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն վճռաբեկ բողոքների քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը կարո՞ղ է արդյոք դիտվել բողոքում նշված հիմքով նույն գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից արդեն իսկ կայացված որոշում:

Հաշվի առնելով, որ սույն գործով Արտակ և Վեներա Գալստյանների ներկայացուցիչ Սուսաննա Սարգսյանի ներկայացրած վճռաբեկ բողոքի հիմքը և հիմնավորումները և Վեներա Գալստյանի ներկայացրած վճռաբեկ բողոքի հիմքը և հիմնավորումները, ըստ էության, նույնաբովանդակ են, Վճռաբեկ դատարանը նպատակահարմար է համարում դրանց անդրադառնալ ներքոշարադրյալ ընդհանուր պատճառաբանությամբ.

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե՛ս, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված` անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):

Եվրոպական դատարանի կողմից արտահայտված մեկ այլ դիրքորոշման համաձայն` պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «...պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե՛ս, Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի գործով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Դատական ակտերի բողոքարկումը վերաքննության կարգով» վերտառությամբ 53-րդ գլխում, վերաքննիչ բողոք բերելու իրավունքի իրացման կարգն ու պայմանները սահմանելու հետ միաժամանակ ամրագրել է ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելու, ընդունումը մերժելու և վարույթ ընդունելու հիմքերը: Այսինքն, օրենսդիրը սահմանել է այն իրավական հետևանքները, որոնք վրա են հասնում կախված այն հանգամանքից, թե որքանով է վերաքննիչ բողոք բերած անձն իր վերաքննիչ բողոքարկման իրավունքն իրականացրել օրենքին համապատասխան: Ըստ այդմ էլ` ներկայացված վերաքննիչ բողոքի նկատմամբ կարող են կայացվել տարբեր դատավարական հետևանքներ ունեցող որոշումներ` վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում, վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշում կամ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշում:

i

Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե`

1) չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները.

2) վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին.

3) մինչև վերաքննիչ դատարանի կողմից բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը բողոք բերած անձից դիմում է ստացվել այն հետ վերցնելու մասին.

4) բողոք բերող անձի կողմից ներկայացվել է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ դրա չափը նվազեցնելու միջնորդություն, որը մերժվել է.

5) վերաքննիչ բողոք է բերվել մեկից ավելի դատական ակտերի դեմ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշվում են բողոքում թույլ տրված խախտումները:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, իսկ վճարման կարգադրության կամ որոշման դեմ ներկայացված բողոքով եռօրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը: Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե բողոքում նշված հիմքով նույն գործով վերաքննիչ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել:

i

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համանման հիմք առկա է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Դատական ակտերի բողոքարկումը վճռաբեկության կարգով» վերտառությամբ 55-րդ գլխում, որի 396-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե բողոքում նշված հիմքով նույն գործով Վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել: Ընդ որում համանման կարգավորում է սահմանված եղել նաև 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականից ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականից ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 233.1-րդ հոդվածով: Մասնավորապես, նշված հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե բողոքում նշված հիմքով նույն գործով վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել:

Համեմատական վերլուծության ենթարկելով վերաքննիչ և վճռաբեկ վարույթներում առկա վերը նշված կարգավորումը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ չնայած երկու վարույթներում առկա է նույնանման հիմքը (կապված ներկայացված վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքների հետ), այն է` բողոքում նշված հիմքով նույն գործով վերաքննիչ կամ վճռաբեկ ատյանն արդեն իսկ որոշում է կայացրել, այդուհանդերձ տարբեր են այդ հիմքով վրա հասնող դատավարական հետևանքները: Այսպես, եթե այդ հիմքն առկա է վերաքննիչ ատյանում, ապա վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման, իսկ եթե այն առկա է վճռաբեկ ատյանում, ապա վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ երկու դեպքում էլ, այն է` և՛ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշում կայացնելու, և՛ վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում կայացնելու, վերաքննիչ և (կամ) վճռաբեկ բողոքների ըստ էության քննություն չի կատարվում:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև հավելել, որ ՀՀ սահմանադրական դատարանը, իր 18.04.2017 թվականի թիվ ՍԴՈ-1363 որոշմամբ անդրադառնալով Նախկին օրենսգրքի 233.1-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի սահմանադրականությանը, ինչպես նաև այն հարցին, թե արդյո՞ք վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է դիտվել բողոքում նշված հիմքով նույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի արդեն իսկ կայացրած որոշում, արձանագրել է հետևյալը «(...) վճռաբեկ բողոքների վերաբերյալ (բացի միջանկյալ դատական ակտերի բողոքարկման դեպքերից) Վճռաբեկ դատարանը կայացնում է երկու տեսակի որոշումներ:

Առաջինն այն որոշումներն են, որոնք կայացվում են առանց բողոքն ըստ էության քննելու: Դրանք են`

1) բողոքը վերադարձնելու մասին (օրենսգրքի 233-րդ հոդված),

2) բողոքն առանց քննության թողնելու մասին (օրենսգրքի 233.1-րդ հոդված),

3) բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին (օրենսգրքի 233.2-րդ հոդված),

4) բողոքը վարույթ ընդունելու մասին (օրենսգրքի 234-րդ հոդված):

Երկրորդն այն որոշումներն են, որոնք Վճռաբեկ դատարանը կայացնում է բողոքը վարույթ ընդունելու և քննելու արդյունքում` իրացնելով օրենսգրքի 240-րդ հոդվածով սահմանված իր լիազորությունները:

Հարկ է նշել, որ բողոքը վերադարձնելու մասին, բողոքն առանց քննության թողնելու մասին և բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումները, ի տարբերություն մյուս որոշումների, չեն կայացվում հանուն Հայաստանի Հանրապետության: Նման որոշումներ կայացնելիս Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում բողոքում նշված հիմքերի քննարկմանը:

Ըստ օրենսգրքի 226-րդ հոդվածի` վճռաբեկ բողոք բերելու հիմքերն են`

1) դատական սխալը` նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա.

2) նոր երևան եկած կամ նոր հանգամանքները:

Այդ առումով ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Վճռաբեկ դատարանի կողմից բողոքն առանց քննության թողնելն այն հիմքով, որ բողոքում նշված հիմքով նույն գործով Վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել, չի վերաբերում վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշմանն այն պատճառով, որ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ չի կարող անդրադարձ կատարվել վճռաբեկ բողոքի հիմքերին, քանի որ դատավարության տվյալ փուլում դրանք գործի քննության առարկա չեն դառնում:

«Բողոքում նշված հիմքով նույն գործով վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել» ձևակերպման վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանն արտահայտել է իրավական դիրքորոշում իր ՍԴՈ-709 որոշման մեջ, այն է` «ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի` վիճարկվող 4-րդ մասում տեղ գտած դրույթը, համաձայն որի` բողոքը թողնվում է առանց քննության, եթե վճռաբեկ դատարանն այդ բողոքում նշված հիմքով նույն գործով արդեն իսկ որոշում է կայացրել, իրավազոր պահանջ է, քանզի բողոքն առանց քննության թողնելու նման հիմքի նախատեսումը կոչված է բացառելու կրկին անդրադառնալ այնպիսի հարցերի քննությանը, որոնց կապակցությամբ արդեն իսկ վճռաբեկ դատարանն արտահայտել է իր իրավական դիրքորոշումը, երբ ի հայտ չեն եկել նոր հանգամանքներ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 4-րդ մասում օգտագործվող` «բողոքում նշված հիմքով» և «նույն գործով» ձևակերպումները ենթադրում են, որ նույնաբնույթ է համարվում կրկին ներկայացված այն բողոքը, որում նույն դիմողը միևնույն առարկայի վերաբերյալ նույն պատճառաբանություններով ներկայացված բողոքի հիման վրա ձգտում է հասնել նպաստավոր որոշման»:

ՀՀ սահմանադրական դատարանի` վերը նշված իրավական դիրքորոշումներից ակնհայտ է, որ խոսքը վճռաբեկ բողոքում բարձրացված հարցերի վերաբերյալ արտահայտված որոշման մասին է, քանզի Սահմանադրական դատարանը հստակ շեշտել է` «որոնց կապակցությամբ արդեն իսկ վճռաբեկ դատարանն արտահայտել է իր իրավական դիրքորոշումը, երբ ի հայտ չեն եկել նոր հանգամանքներ»:

Ավելին, ըստ Սահմանադրական դատարանի` Վճռաբեկ դատարանը բողոքն առանց քննության պետք է թողնի այն դեպքում, երբ արդեն իրացվել է վճռաբեկ բողոք բերելու անձի իրավունքը, և բողոքում ներկայացված հարցերի առնչությամբ վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել: Հակառակ դեպքում, գործին մասնակցող տարբեր անձանց կողմից ինքնուրույն, սակայն նույն հիմքով բողոք բերելու պարագայում, եթե որևէ մեկի` վերադարձնելուց հետո նոր թերություններով ներկայացված բողոքի վերաբերյալ կայացվի բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում այն հիմնավորմամբ, որ բողոքում նշված հիմքով նույն գործով Վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել, ապա հաջորդ բողոքաբերների` նույն հիմքով ներկայացրած բողոքները նույնպես պետք է թողնվեն առանց քննության, քանի որ կհամարվի, որ ներկայացված հիմքով արդեն իսկ առկա է Վճռաբեկ դատարանի որոշումը: Նման իրավիճակը դատական պաշտպանության իրավունքի լուրջ սահմանափակում կհանդիսանա»:

Վերոգրյալ հիմնավորումներով ՀՀ սահմանադրական դատարանը որոշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը չի կարող համարվել բողոքում նշված հիմքով նույն գործով արդեն իսկ կայացված Վճռաբեկ դատարանի որոշում:

i

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ՀՀ սահմանադրական դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշումները հավասարապես կիրառելի են նաև 09.04.2018 թվականից ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի մեկնաբանման և կիրառման պարագայում, քանի որ վերաքննիչ դատարանի կողմից բողոքի ընդունումը մերժելու մասին որոշում կայացնելու համար հիմք է նաև բողոքում նշված հիմքով նույն գործով վերաքննիչ դատարանի կողմից արդեն իսկ որոշում կայացրած լինելու հանգամանքը:

Ըստ այդմ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում ամրագրված վերաքննիչ բողոքի վերադարձման կանոնակարգումներին, ինչից հետևում է, որ նախ` բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշվում են բողոքում թույլ տրված խախտումները, որոնք նույն օրենսգրքով սահմանված ժամկետներում վերացնելուց հետո վերաքննիչ բողոքը կարող է կրկին ներկայացվել վերաքննիչ դատարան:

Հարկ է նշել, որ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը, ի տարբերություն վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով կայացրած որոշման, չի կայացվում Հայաստանի Հանրապետության անունից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 363-րդ հոդվածի համաձայն` դատական ակտի բողոքարկման հիմքերն են`

1) նյութական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը,

2) դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը,

3) նոր երևան եկած կամ նոր հանգամանքը:

Այդ առումով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ որևէ անդրադարձ չի կատարվում վերաքննիչ բողոքի հիմքերին, քանի որ դատավարության տվյալ փուլում դրանք գործի քննության և/կամ գնահատման առարկա չեն դառնում: Այլ կերպ ասած, վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը կայացվում է առանց բողոքն ըստ էության քննելու, որպիսի պայմաններում վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշում կայացնելիս վերաքննիչ դատարանը չի անդրադառնում բողոքում նշված հիմքերի քննարկմանը: Հետևաբար բողոքում նշված հիմքով նույն գործով վերաքննիչ դատարանի կողմից արդեն իսկ որոշում կայացրած լինելը չի վերաբերում վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշմանը:

Ըստ այդմ էլ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը չի կարող հիմք հանդիսանալ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու համար, քանի որ բողոքի ընդունումը մերժելու նման հիմքի նախատեսումը կոչված է բացառելու այնպիսի հարցերի քննությանը կրկին անդրադառնալը, որոնք վերաքննիչ դատարանի կողմից արդեն իսկ ըստ էության քննության և/կամ գնահատման առարկա են դարձել:

Այսինքն, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված «բողոքում նշված հիմքով նույն գործով վերաքննիչ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել» իրավակարգավորումը վերաբերում է վերաքննիչ բողոքում բարձրացված հարցերի առնչությամբ արտահայտված իրավական դիրքորոշում պարունակող որոշմանը, այսինքն` այն որոշմանը, որով վերաքննիչ դատարանն արդեն իսկ իրավական գնահատական է տվել վերաքննիչ բողոքի հիմքերին: Հակառակ մեկնաբանման դեպքում, այն է` վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը, որպես բողոքում նշված հիմքով նույն գործով վերաքննիչ դատարանի կողմից արդեն իսկ կայացրած որոշում դիտարկելու պարագայում, կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը բոլոր դեպքերում ենթակա կլինի մերժման, քանի որ կհամարվի, որ բողոքում նշված հիմքով նույն գործով վերաքննիչ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքում նշված հիմքով նույն գործով վերաքննիչ դատարանի կողմից արդեն իսկ որոշում կայացրած լինելու հանգամանքը նախատեսելով որպես բողոքի ընդունումը մերժելու հիմք` օրենսդիրը նկատի է ունեցել վարույթ ընդունված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում կայացված եզրափակիչ դատական ակտերը, հետևաբար վերոգրյալ հիմքով վերաքննիչ դատարանը կարող է բողոքի ընդունումը մերժել միայն այն դեպքում, երբ իրացվել է վերաքննիչ բողոք բերելու անձի իրավունքը, և բողոքում ներկայացված հիմքերի վերաբերյալ վերաքննիչ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել` ըստ էության քննելով վերաքննիչ բողոքը:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 08.05.2019 թվականի վճռով հայցը մերժվել է:

Արտակ և Վեներա Գալստյանների ներկայացուցիչ Սուսաննա Սարգսյանի կողմից 15.06.2019 թվականին, փոստային ծառայության միջոցով Դատարանի վերը նշված վճռի դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք (հատոր 6, գ.թ. 3-35):

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.07.2019 թվականի որոշմամբ Արտակ և Վեներա Գալստյանների ներկայացուցիչ Սուսաննա Սարգսյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ «(...) կայացված դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք է բերվել միայն 15.06.2019 թվականին և միջնորդություն չի պարունակում բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին: Բացի այդ ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կանոնի` վերաքննիչ բողոքին չի կցվել պետական տուրքի վճարումը հավաստող ապացույց (որը տվյալ դեպքում կազմում է 20.000 ՀՀ դրամ), բացակայում է նաև պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ որևէ միջնորդություն` (...): Բացի այդ վերաքննիչ բողոքին չեն կցվել դրա օրինակը գործին մասնակցող անձանց ուղարկելու փաստը հավաստող ապացույցները»: Միաժամանակ վերը նշված որոշմամբ սահմանվել է 15-օրյա ժամկետ` որոշումը ստանալուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար (հատոր 6, գ.թ. 39):

Արտակ և Վեներա Գալստյանների ներկայացուցիչ Սուսաննա Սարգսյանի կողմից 13.07.2019 թվականին, փոստային ծառայության միջոցով կրկին ներկայացվել է վերաքննիչ բողոք (հատոր 6, գ.թ. 57-97):

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.07.2019 թվականի որոշմամբ հայցվորների ներկայացուցչի վերաքննիչ բողոքը կրկին վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ «(...) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք, որն էլ ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի (...) անստորագիր է (...)»: Նշված որոշմամբ նաև արձանագրվել է, որ «(...) նշված խախտումը թույլ է տրվել կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում, ուստի (...) այդ խախտումը վերացնելու համար նոր ժամկետ չի կարող տրամադրվել» (հատոր 6, գ.թ. 101):

Հայցվորների ներկայացուցիչ Սուսաննա Սարգսյանը 27.07.2019 թվականին, փոստային ծառայության միջոցով, կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք (հատոր 6-րդ, գ.թ. 120-148):

Վերաքննիչ դատարանի 13.08.2019 թվականի որոշմամբ 27.07.2019 թվականին ներկայացրած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է հետևյալ պատճառաբանությամբ. «Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ 15.07.2019 թվականին և 27.07.2019 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքները ամբողջությամբ նույնն են, և դրանցում որևէ տարբերություն առկա չէ: Ընդ որում, 15.07.2019 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքը դրանում մատնանշված հիմքերով Վերաքննիչ դատարանի այլ դատական կազմի կողմից արդեն իսկ վերադարձվել է, և հաշվի առնելով այդ բողոքը կրկին ներկայացված լինելու հանգամանքը` նոր ժամկետ չի տրամադրվել առկա թերությունները շտկելու համար: Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքում նշված հիմքով արդեն իսկ Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել: Հետևաբար սույն բողոքի ընդունումը ենթակա է մերժման» (հատոր 6, գ.թ. 151-153):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործով առաջին և երկրորդ անգամ ներկայացված վերաքննիչ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից կայացված 01.07.2019 թվականի և 18.07.2019 թվականի որոշումներով վերադարձվել են վերաքննիչ բողոք բերած անձի կողմից վերաքննիչ բողոքներն օրենքով սահմանված ձևին և բովանդակությանը համապատասխան ներկայացված չլինելու հիմքով:

Մասնավորապես, «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 01.07.2019 թվականի որոշման ուսումնասիրությունից հետևում է, որ առաջին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի հիմքով, մասնավորապես այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքը բերվել է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ և միջնորդություն չի պարունակել բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, ինչպես նաև վերաքննիչ բողոքին չի կցվել պետական տուրքի վճարումը կատարելու փաստը հավաստող ապացույց և բացակայել է նաև պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ որևէ միջնորդություն, բացի այդ, վերաքննիչ բողոքին չեն կցվել նաև դրա օրինակները գործին մասնակցող անձանց ուղարկելու փաստը հավաստող ապացույցները:

«Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 18.07.2019 թվականի որոշման ուսումնասիրությունից հետևում է, որ վերաքննիչ բողոքը երկրորդ անգամ վերադարձվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի և 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, մասնավորապես այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքն անստորագիր էր:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքները վերադարձնելու մասին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից կայացված 01.07.2019 թվականի և 18.07.2019 թվականի որոշումները դիտարկելով որպես բողոքում նշված հիմքով արդեն իսկ վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշումներ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի կիրառմամբ մերժել է երրորդ անգամ բերած վերաքննիչ բողոքի ընդունումը:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ վերաքննիչ բողոքները վերադարձնելու մասին վերոգրյալ երկու որոշումներով ներկայացված վերաքննիչ բողոքների ըստ էության քննություն չի կատարվել, որպիսի պայմաններում նաև անդրադարձ չի կատարվել և չէր կարող կատարվել վերաքննիչ բողոքի հիմքերին և հիմնավորումներին, նկատի ունենալով, որ դատավարության տվյալ փուլում դրանք գործի քննության առարկա չեն դառնում:

Վերոգրյալի հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 13.08.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ ոչ իրավաչափորեն է մերժել Արտակ և Վեներա Գալստյանների ներկայացրած վերաքննիչ բողոքի ընդունումը` վերջիններիս զրկելով Դատարանի վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից, միաժամանակ սահմանափակելով նրանց` ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը: Արդյունքում` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել այնպիսի դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 13.08.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը ենթակա է վերացման:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.08.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

 

Հրապարակման օրը` 13 հոկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.08.2020
N ԵԿԴ/4950/02/16
Որոշում