(ուժը կորցրել է 16.08.18 թիվ 909-Ն որոշում)
i
040.1308.241114
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 նոյեմբերի 2014 թվականի N 1308-Ն
i
ՔՎՈՏԱՅԻ ՊԱՀԱՆՋԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՍՀԱՆՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ԴՐԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ, 10-րդ ու 11-րդ մասերը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել քվոտայի պահանջի չկատարման դեպքում կազմակերպության կողմից մասհանման կատարման և դրա օգտագործման կարգը` համաձայն հավելվածի:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի գանձապետական ստորաբաժանումում մինչև 2020 թվականի դեկտեմբերի 30-ը օգտագործման ժամկետով բացել արտաբյուջետային միջոցների հաշիվ` «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվի (այսուհետ` քվոտա) պահանջի չկատարման դեպքում կազմակերպության կողմից մասհանվող գումարների փոխանցումներն ապահովելու նպատակով:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
i
1) 2017 թվականին` մասհանումների կատարման` օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո մեկամսյա ժամկետում` տվյալ տարվա և հաջորդող տարվա մասհանումներից հավաքագրվող արտաբյուջետային միջոցների եկամուտների և ծախսերի նախահաշիվները ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն.
2) սկսած 2018 թվականից` յուրաքանչյուր տարի մասհանումների կատարման` օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո մեկամսյա ժամկետում` հաջորդող տարվա մասհանումներից հավաքագրվող արտաբյուջետային միջոցների եկամուտների և ծախսերի նախահաշիվը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն.
3) սույն որոշման 2-րդ կետով նախատեսված արտաբյուջետային միջոցների հաշիվը բացվելուց հետո եռօրյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անվամբ բացված արտաբյուջետային միջոցների հաշվի համարի տեղադրումը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջում:
(3-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2014 թվականի նոյեմբերի 19-ի
N 1308-Ն որոշման
ԿԱՐԳ
ՔՎՈՏԱՅԻ ՊԱՀԱՆՋԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՍՀԱՆՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ԴՐԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են հաշմանդամություն ունեցող և տարիքային կենսաթոշակի իրավունք տվող` տարիքը չլրացած անձանց (այսուհետ` հաշմանդամություն ունեցող անձ) աշխատանքի տեղավորման համար քվոտայի պահանջի չկատարման դեպքում կազմակերպության կողմից մասհանման կատարման և դրա` որպես նպատակային միջոցի օգտագործման հետ կապված հարաբերությունները:
II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՍՀԱՆՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ
i
2. Տվյալ հարկային տարվան հաջորդող հարկային տարում (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) պետական կառավարչական հիմնարկների և համայնքային կառավարչական հիմնարկների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, պետական ոչ առևտրային և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների համար քվոտայի պահանջն առաջանում է կազմակերպության աշխատողների միջին տարեկան քանակի երեք տոկոսի չափով, եթե տվյալ հարկային տարում կազմակերպության աշխատողների միջին տարեկան քանակը 100 և ավելի է:
(2-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)
i
2.1. Տվյալ հարկային տարվան հաջորդող հարկային տարում (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) ոչ պետական կազմակերպությունների համար, բացառությամբ համայնքային կառավարչական հիմնարկների և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, քվոտայի պահանջն առաջանում է կազմակերպության աշխատողների միջին տարեկան քանակի մեկ տոկոսի չափով, եթե տվյալ հարկային տարում կազմակերպության աշխատողների միջին տարեկան քանակը 100 և ավելի է:
(2.1-ին կետը լրաց. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)
3. Կազմակերպությունների աշխատողների միջին տարեկան թվաքանակը որոշվում է, տվյալ հարկային տարում յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ, կազմակերպության աշխատողների թվաքանակների հանրագումարը հարաբերելով 12-ի, իսկ տվյալ տարում նոր ստեղծված կազմակերպությունների աշխատողների միջին տարեկան թվաքանակը` ստեղծման օրվանից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում, յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ, կազմակերպության աշխատողների թվաքանակների հանրագումարը հարաբերելով կազմակերպության ստեղծման օրվանից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի ամիսների թվի վրա:
i
4. Եթե կազմակերպությունն ստեղծվել է տվյալ տարվա դեկտեմբեր ամսին, ապա աշխատողների միջին տարեկան թվաքանակ է համարվում տվյալ հարկային տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմակերպությունում առկա աշխատողների թվաքանակը:
(4-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)
i
4.1. Կազմակերպությունների աշխատողների միջին տարեկան քանակի նկատմամբ սույն կարգի 2-րդ և 2.1-ին մասերով սահմանված տոկոսների կիրառման արդյունքում տասնորդական կոտորակային թիվ ստացվելու դեպքում այն կլորացվում է մինչև միավորները, ընդ որում, տասնորդական կոտորակի ստորակետից հետո հինգից ցածր թվանշանի դեպքում հավասարեցվում է իրենից ցածր բնական թվին, իսկ տասնորդական կոտորակի ստորակետից հետո հինգ և բարձր թվանշանի դեպքում` իրենից վերև ընկած բնական թվին:
(4.1-ին կետը լրաց. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)
5. Համաձայն սույն կարգի` աշխատող է համարվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 17-րդ հոդվածով սահմանված անձը:
i
5.1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սույն կարգի 2-րդ և 2.1-ին կետերում նշված կազմակերպությունների կողմից հարկային մարմին ներկայացված աշխատողների անձնավորված հաշվառման վերաբերյալ տեղեկատվության ուսումնասիրության արդյունքներով, սույն կետում նշված ժամկետներում նախարարության www.mlsa.am կայքէջում տեղակայում է և դրանից հետո ամսական պարբերականությամբ (մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 25-ը) վերանայում ու ըստ անհրաժեշտության թարմացնում է հետևյալ տեղեկատվությունը`
1) մինչև 2016 թվականի փետրվարի 25-ը սույն կարգի 2-րդ կետում նշված կազմակերպությունների համար տվյալ հարկային տարում քվոտավորման ենթակա աշխատատեղերի, ինչպես նաև տվյալ պահի դրությամբ քվոտայի պահանջը չկատարած աշխատատեղերի քանակներն` ըստ կազմակերպությունների.
2) մինչև 2017 թվականի փետրվարի 25-ը սույն կարգի 2.1-ին կետում նշված կազմակերպությունների համար տվյալ հարկային տարում քվոտավորման ենթակա աշխատատեղերի, ինչպես նաև տվյալ պահի դրությամբ քվոտայի պահանջը չկատարած աշխատատեղերի քանակներն` ըստ կազմակերպությունների:
(5.1-ին կետը լրաց. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)
5.2. Սույն կարգի 2-րդ և 2.1-ին կետերում նշված կազմակերպությունների կողմից գրավոր դիմում ներկայացվելու դեպքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում տալիս է լրացուցիչ տեղեկատվություն և խորհրդատվություն տվյալ կազմակերպությունում քվոտավորման պահանջի և (կամ) մասհանման կատարման ապահովման վերաբերյալ:
(5.2-րդ կետը լրաց. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)
5.3. Հարկային մարմինը մասհանումներ չկատարելու դեպքում սույն կարգի 2-րդ և 2.1-ին կետերում նշված կազմակերպություններին օրենքով սահմանված վարչական պատասխանատվության ենթարկելիս հիմք է ընդունում սույն կարգի 5.1-ին կետում նշված և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության www.mlsa.am կայքէջում տեղակայված համապատասխան տեղեկատվությունը:
(5.3-րդ կետը լրաց. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)
6. Քվոտայի պահանջի չկատարման դեպքում կազմակերպությունը կատարում է մասհանում` մինչև քվոտայի պահանջն առաջանալու տարվան հաջորդող տարվա հունվարի 30-ը:
i
7. Մասհանումը կատարվում է քվոտավորման ենթակա և քվոտայի պահանջը չկատարած յուրաքանչյուր աշխատատեղի համար` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
(7-րդ կետը փոփ. 24.12.15 թիվ 1530-Ն որոշում)
8. Մասհանվող գումարները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անվամբ բացված արտաբյուջետային միջոցների հաշվին (հաշվի համարը տեղակայվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության www.mlsa.am կայքէջում):
III. ՄԱՍՀԱՆՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
9. Մասհանումները նպատակային միջոցներ են և օգտագործվում են հետևյալ ուղղություններով ու համամասնություններով`
1) հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորում, աշխատանքային և մասնագիտական վերականգնում, որոնց հատկացվում է մասհանումներով ձևավորված նպատակային միջոցների 60 տոկոսը.
2) հաշմանդամություն ունեցող անձանց առողջական (բժշկական), սոցիալական վերականգնում, որին հատկացվում է մասհանումներով ձևավորված նպատակային միջոցների 40 տոկոսը:
10. Սույն կարգի 9-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված ուղղության համար մասհանումներից առանձնացված միջոցները ներառվում են զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման 1-ին կետի 8-րդ, 11-րդ և 15-րդ ենթակետերով հաստատված կարգերին համապատասխան` ուղղվում են զբաղվածության պետական կարգավորման ստորև նշված ծրագրերին`
1) աշխատատեղի հարմարեցմանն աջակցություն.
2) անհրաժեշտ աշխատանքային ունակություններ և կարողություններ ձեռք բերելու համար միանվագ փոխհատուցում.
3) մասնագիտական ուսուցում.
4) աշխատավարձի մասնակի փոխհատուցում:
11. Սույն կարգի 9-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված ուղղության համար մասհանումներից ձևավորված նպատակային միջոցների 40 տոկոսը ծախսվում է «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7.1-ին հոդվածով նախատեսված վերականգնողական օգնության տրամադրման շրջանակներում` հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական անհատական ծրագրերի իրականացման նպատակով:
12. Հաշմանդամություն ունեցող անձը սույն կարգի 9-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված ուղղություններով աջակցություն կարող է ստանալ մեկ անգամ, որի չափը չի կարող գերազանցել 150000 դրամը:
13. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը, հաշվի առնելով սույն կարգի 15-րդ կետով սահմանված առաջնահերթությունները և սույն կարգի 8-րդ կետով նախատեսված արտաբյուջետային միջոցների հաշվում առկա ֆինանսական միջոցների չափը, սույն կարգի 12-րդ կետով նախատեսված աջակցության առավելագույն չափը, ինչպես նաև հիմք ընդունելով հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական անհատական ծրագիրը` առողջական (բժշկական) և (կամ) սոցիալական վերականգնման նպատակով այդ անձանց ուղեգրում է «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11.1-ին հոդվածով սահմանված` վերականգնողական օգնություն տրամադրող կազմակերպություններ:
14. Սույն կարգի 9-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված ուղղություններով աջակցության տրամադրման շրջանակներում` յուրաքանչյուր տարվա համար հաշմանդամություն ունեցող անձանց առողջական (բժշկական) և (կամ) սոցիալական վերականգնման տեսակը սահմանում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:
15. Սույն կարգի 9-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված ուղղություններով միջոցների օգտագործման շրջանակներում առաջնահերթությունը տրվում է 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձին, նշված պայմանի հավասարության դեպքում` 16-30 տարիքային խմբում գտնվող` հաշմանդամություն ունեցող անձին, այդ պայմանի հավասարության դեպքում` հաշմանդամություն ունեցող այն անձին, որի ընտանիքն ստանում է ընտանեկան նպաստ, իսկ այդ պայմանի հավասարության դեպքում` ավելի վաղ հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ ստացած անձին:
16. Մասհանումների գումարների օգտագործման մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: