i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԱՐԴ1/0107/02/14
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ1/0107/02/14 2016թ.
Նախագահող դատավոր` Ն. Տավարացյան
Դատավորներ` Գ. Կարախանյան
Ա. Պետրոսյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. Խունդկարյանի
մասնակցությամբ դատավորներ Տ. Պետրոսյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ Հակոբյանի
Ռ. Հակոբյանի
Ե. Սողոմոնյանի
2016 թվականի ապրիլի 22-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Սաթենիկ և Բաբկեն Գալստյանների ներկայացուցիչ Կարեն Ղոնյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.06.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ստյոպա Կարապետյանի ընդդեմ Արայիկ, Սաթենիկ և Բաբկեն Գալստյանների` գումարի բռնագանձման և բռնագանձումը պատասխանողների գույքի վրա տարածելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Սաթենիկ և Բաբկեն Գալստյանների ընդդեմ Ստյոպա Կարապետյանի` փոխառության պայմանագիրը Սաթենիկ և Բաբկեն Գալստյանների մասով չկնքված ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ստյոպա Կարապետյանը պահանջել է Արայիկ, Սաթենիկ և Բաբկեն Գալստյաններից համապարտության կարգով բռնագանձել 16.000.000 ՀՀ դրամ փոխառության գումար` բռնագանձումը տարածելով վերջիններիս պատկանող գույքի վրա, 18.02.2014 թվականից մինչև գումարի վերադարձման օրը 16.000.000 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել համապատասխան ժամանակահատվածներում ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսները, Արայիկ Գալստյանից բռնագանձել 5.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ փոխառության գումար, 18.02.2014 թվականից մինչև գումարի վերադարձման օրը 5.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել համապատասխան ժամանակահատվածներում ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսները, ինչպես նաև փաստաբանին վճարվելիք 165.000 ՀՀ դրամ:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Սաթենիկ և Բաբկեն Գալստյանները պահանջել են Արայիկ, Սաթենիկ ու Բաբկեն Գալստյանների և Ստյոպա Կարապետյանի միջև 18.02.2011 թվականին կնքված փոխառության պայմանագիրը Սաթենիկ և Բաբկեն Գալստյանների մասով ճանաչել չկնքված:
ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Մելքոնյան) (այսուհետ` Դատարան) 27.03.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է` Արայիկ Գալստյանից հօգուտ Ստյոպա Կարապետյանի բռնագանձվել է 16.000.000 ՀՀ դրամ և 5.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես փոխառության գումար` բռնագանձումը տարածելով Արայիկ Գալստյանի գույքի վրա, 19.02.2014 թվականից մինչև գումարի վերադարձման օրը 16.000.000 ՀՀ դրամի և 5.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի համաձայն հաշվարկվել է համապատասխան ժամանակահատվածներում ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսներ, և այդ գումարն Արայիկ Գալստյանից բռնագանձվել է հօգուտ Ստյոպա Կարապետյանի, իսկ ՀՀ պետական բյուջե` բռնագանձվող բանկային տոկոսների երկու տոկոսը, Արայիկ Գալստյանից Ստյոպա Կարապետյանի բռնագանձվել է 165.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, Արայիկ Գալստյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձվել է 367.400 ՀՀ դրամ` որպես չվճարված պետական տուրք: Հակընդդեմ հայցը բավարարվել է` Ստյոպա Կարապետյանի և Արայիկ, Սաթենիկ և Բաբկեն Գալստյանների միջև Վաղարշապատ քաղաքում 18.02.2011 թվականին 16.000.000 ՀՀ դրամի վերաբերյալ կնքված փոխառության պայմանագիրը (գրանցված նոտարական սեղանամատյանի 605 համարով)` Սաթենիկ և Բաբկեն Գալստյանների մասով, ճանաչվել է չկնքված, Ստյոպա Կարապետյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձվել է 4.000 ՀՀ դրամ` որպես չվճարված պետական տուրք:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.06.2015 թվականի որոշմամբ Ստյոպա Կարապետյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 27.03.2015 թվականի վճիռը մասնակիորեն բեկանվել է և փոփոխվել. հայցը` Սաթենիկ և Բաբկեն Գալստյաններից համապարտության կարգով 16.000.000 ՀՀ դրամ փոխառության գումար բռնագանձելու, բռնագանձումը վերջիններիս պատկանող գույքի վրա տարածելու, ինչպես նաև համապարտության կարգով Սաթենիկ և Բաբկեն Գալստյաններից 19.02.2014 թվականից մինչև գումարի վերադարձման օրը 16.000.000 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի համաձայն հաշվարկված ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսները բռնագանձելու պահանջների մասով, բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը մերժվել է: Մնացած մասով վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սաթենիկ և Բաբկեն Գալստյանների ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի 1-ին կետը, 878-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, 880-րդ հոդվածի 1-ին կետը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետը, 48-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, 51-րդ հոդվածի 1-ին կետը և 53-րդ հոդվածի 1-ին կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել սույն գործում առկա ապացույցները, մասնավորապես` Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել Ստյոպա Կարապետյանի կողմից տրված բացատրությունը, որով հիմնավորվում է, որ նա Սաթենիկ և Բաբկեն Գալստյաններին գումար չի տվել, այլ գումարը տվել է միայն Արայիկ Գալստյանին: Այսպես, բացատրության այն հատվածը շարադրելիս, ըստ որի` Արայիկ Գալստյանն իրենից գումար է խնդրել, Ստյոպա Կարապետյանը որևէ հարցի չի պատասխանել, այլ հայտնել է այն, ինչ իրեն հայտնի է եղել:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Սաթենիկ և Բաբկեն Գալստյանները դադարեցրել են լիազորագրի գործողությունը, ուստի և այդ հանգամանքով նույնպես հաստատվում է, որ վեճի առարկա գումարը տրվել է միայն Արայիկ Գալստյանին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.06.2015 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 27.03.2015 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Ստյոպա Կարապետյանի և Արայիկ, Սաթենիկ ու Բաբկեն Գալստյանների միջև 18.02.2011 թվականին կնքված, նոտարական սեղանամատյանում 605 համարի տակ գրանցված փոխառության պայմանագրի համաձայն` Ստյոպա Կարապետյանը 18.02.2011 թվականին հավասար բաժիններով Արայիկ, Սաթենիկ և Բաբկեն Գալստյաններին պարտք է տվել 16.000.000 ՀՀ դրամ, որը Արայիկ, Սաթենիկ և Բաբկեն Գալստյանները պարտավորվել են վերադարձնել մինչև 18.02.2014 թվականը (հատոր 1-ին, գ.թ.6):
2) 18.02.2011 թվականին նոտարական կարգով վավերացված և սեղանամատյանում 606 համարի ներքո գրանցված լիազորագրի համաձայն` Արայիկ Գալստյանը, Սաթենիկ Գալստյանը, Լիդա Գալստյանը և Լիդա Սարգսյանը լիազորել են Ստյոպա Կարապետյանին «իրենց փոխարեն, Ստյոպա Կարապետյանի հայեցողությամբ, գնով և պայմանով օտարելու կամ գրավ դնելու, հանելու գրավից սեփականության իրավունքով իրենց պատկանող Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի 109/1 բնակարանը ..., ինչպես նաև կատարելու նշված լիազորությունից բխող բոլոր գործողությունները» (հատոր 1-ին, գ.թ. 8):
3) 05.06.2013 թվականին նոտարական կարգով վավերացված հայտարարությամբ Արայիկ Գալստյանը, Սաթենիկ Գալստյանը, Լիդա Գալստյանը և Լիդա Սարգսյանն իրենց կողմից 18.02.2011 թվականին տրված, նոտարական կարգով վավերացված և սեղանամատյանում 606 համարի ներքո գրանցված լիազորագիրը համարել են անվավեր և վերացրել են (հատոր 2-րդ, գ.թ. 62):
4) ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննիչի կողմից 13.07.2013 թվականին կազմված «Բացատրություն վերցնելու մասին» արձանագրության համաձայն` Ստյոպա Կարապետյանը նշել է. «2010 թվականին, որքան հիշում եմ հուլիսի 3-ին, մեր տուն եկավ Արայիկ Գալստյանը և ինձանից պարտքով 45.000 ԱՄՆ դոլար ուզեց, ես էլ տվեցի: Ես պահանջեցի, որ նա ստացական գրի պարտքի մասին, իր ձեռքով գրեց ստացականը, ստորագրեց ու տվեց ինձ: Գումարը մեկ տարի ժամանակով էի տվել Արայիկին, մեկ տարին անցավ, բայց Արայիկը գումարը չվերադարձրեց: Մինչև մեկ տարին լրանալը` 2011 թվականի փետրվարին, Արայիկը նորից դիմեց ինձ և ևս 45.000 ԱՄՆ դոլար պարտքով գումար խնդրեց, ավելի ճիշտ դրամական տեսքով էր փողը ուզում` 16.000.000 ՀՀ դրամի չափով: Ես համաձայնվեցի, բայց պայմանով, որ նոտարական վավերացմամբ փոխառության պայմանագիր կնքենք: Ես հարցրեցի, թե արդյոք երաշխիք կա, որ կվերադարձնես գումարս, Արայիկն ասաց, որ եթե պետք է` իր ընտանիքի անդամներն էլ կարող են իրենց ստորագրություններով հաստատեն: Իր ընտանիքի անդամների հետ միասին ներկայացան նոտարական գրասենյակ, որտեղ կնքեցինք փոխառության պայմանագիր, որի համաձայն` ես Արայիկին տվեցի 16.000.000 ՀՀ դրամ գումար:... Հետաքննիչի այն հարցին, թե Արայիկ Գալստյանն իր բացատրությամբ նշել է, որ փոխառության պայմանագիրը նոտարական վավերացմամբ կնքվել է նաև իր ընտանիքի անդամների մասնակցությամբ Ստյոպա Կարապետյանի պահանջով, քանի որ վերջինս նպատակ է հետապնդել այդ ճանապարհով դառնալ Արայիկ Գալստյանի ընտանիքին պատկանող բնակարանի սեփականատեր և որ ինքը գումար չի ստացել, Ստյոպա Կարապետյանը պատասխանել է, որ Արայիկը ստում է, ինքը նման նպատակ չի ունեցել և իրականում պայմանագիր կնքելու ժամանակ նրան տվել է 16.000.000 ՀՀ դրամ գումար ...» (հատոր 2-րդ, գ.թ. 59-61):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ քրեական վարույթով հետաքննության ընթացքում տրված բացատրության` որպես քաղաքացիական դատավարությունում ինքնուրույն գրավոր ապացույցի թույլատրելիության, վերաբերելիության և բավարարության հարցերին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք: Փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրամ կամ այլ գույք հանձնելու պահից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխառության պայմանագիրը կնքվում է գրավոր: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ի հավաստումն փոխառության պայմանագրի և դրա պայմանների` կարող է ներկայացվել փոխառուի տված ստացականը կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթուղթ:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 882-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխառուն իրավունք ունի վիճարկել փոխառության պայմանագիրը, եթե ապացուցում է, որ ինքը փոխատուից իրականում դրամ կամ այլ գույք չի ստացել կամ ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վկաների ցուցմունքների միջոցով նույն հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքերով փոխառության պայմանագրի վիճարկում չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ պայմանագիրը կնքվել է խաբեության, բռնության, սպառնալիքի, փոխառուի ներկայացուցչի և փոխատուի չարամիտ համաձայնությամբ կամ այլ ծանր հանգամանքների բերումով: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` եթե փոխառության պայմանագիրը նույն հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքերով վիճարկելիս պարզվում է, որ փոխառուն դրամը կամ այլ գույքն իրականում չի ստացել փոխատուից, փոխառության պայմանագիրը համարվում է չկնքված: Եթե դրամը կամ այլ գույքը փոխառուն փոխատուից ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով, պայմանագիրը կնքված է համարվում ստացված քանակի գումարի կամ գույքի չափով:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերը նշված հոդվածների վերլուծությանը` դիրքորոշում արտահայտելով այն մասին, որ փոխառության պայմանագիրը գրավոր ձևով կնքվող գործարք է, որի ուժով փոխատուն փոխառուին է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով փոխատուին վերադարձնել փոխառության գումարը կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք: Փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրանով նախատեսված դրամը կամ այլ գույքը հանձնելու պահից: Փոխառության պայմանագրից բխող իրավահարաբերություններում փոխառուին իրավունք է վերապահված վիճարկել փոխառության պայմանագիրն այն դեպքում, երբ նա ապացուցում է, որ փոխատուից իրականում դրամ կամ այլ գույք չի ստացել կամ ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով (տե՛ս, Վահե Սահակյանն ընդդեմ Լեոնիդ Ներսիսյանի թիվ ԵՔԴ/0916/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերը նշված դիրքորորոշումը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ փոխառության պայմանագիրն անփողության հիմքով վիճարկելու դեպքում փոխատուի կողմից փոխառուին պայմանագրով սահմանված գումարը չտալու փաստը ենթակա է պարզման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված ապացույցների թույլատրելիության և վերաբերելիության կանոնների պահպանմամբ` հաշվի առնելով նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 882-րդ հոդվածի 2-րդ կետի սահմանափակումը վկաների ցուցմունքների վերաբերյալ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների ցուցմունքներով, գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ նույն օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավոր ապացույցներ են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների մասին տեղեկություններ պարունակող ակտերը, պայմանագրերը, տեղեկանքները, գործարար թղթակցությունը, այլ փաստաթղթերը և նյութերը, այդ թվում` էլեկտրոնային կամ կապի այլ միջոցով կամ փաստաթղթերի իսկությունը հաստատելու հնարավորություն ընձեռող այլ եղանակով ստացված ապացույցները:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):
i
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի և թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս, Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):
i
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ թեև քրեական գործերով հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ընդունված որոշումներով, այդ ընթացքում անձանց տված բացատրություններով հաստատված հանգամանքները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի իմաստով չունեն նախապես հաստատված ապացույցի ուժ, այդուհանդերձ դրանք դիտվում են որպես ինքնուրույն գրավոր ապացույցներ, որոնք կարող են պարունակել տեղեկություններ և գործում առկա այլ ապացույցների հետ համադրության արդյունքում հնարավորություն տալ դատարանին պարզելու գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը (տե՛ս, Վարթկես Հագոփյանն ընդդեմ Անահիտ Հակոբջանյանի և մյուսների թիվ ԱՐԱԴ/0093/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2010 թվականի որոշումը):
Սույն գործով Դատարանը, պատճառաբանելով, որ ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում Ստյոպա Կարապետյանի կողմից տրված բացատրությամբ հիմնավորվում է, որ Ստյոպա Կարապետյանի և Արայիկ, Սաթենիկ ու Բաբկեն Գալստյանների միջև 18.02.2011 թվականին կնքված փոխառության պայմանագրի առարկա հանդիսացող 16.000.000 ՀՀ դրամն ամբողջությամբ Ստյոպա Կարապետյանի կողմից տրամադրվել է Արայիկ Գալստյանին, ինչից ուղղակիորեն հետևում է, որ նշված գումարը Սաթենիկ և Բաբկեն Գալստյաններին չի տրամադրվել, հայցը բավարարել է միայն Արայիկ Գալստյանի մասով:
Անդրադառնալով հակընդդեմ հայցին` Դատարանն արձանագրել է, որ Ստյոպա Կարապետյանի և Սաթենիկ ու Բաբկեն Գալստյանների միջև 18.02.2011 թվականին նոտարական կարգով վավերացված փոխառության պայմանագրի ստորագրման պայմաններում բացակայում է օրենսդրի կողմից սահմանած պարտադիր` դրամ հանձնելու պայմանը, այն է` Սաթենիկ և Բաբկեն Գալստյանները Ստոպա Կարապետյանից չեն ստացել փոխառության գումարի իրենց բաժինները, հետևաբար կողմերի միջև առկա չէ նաև փոխառության գործարք, ուստի և փոխառության պայմանագիրը նրանց մասով ճանաչել է չկնքված:
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը բավարարելու և Դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու և փոփոխելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Արայիկ Գալստյանի դիմումի վերաբերյալ նախապատրաստված նյութերի շրջանակներում Ստյոպա Կարապետյանից վերցված բացատրությունը չի պարունակում արժեքավոր տեղեկություններ Սաթենիկ և Բաբկեն Գալստյանների կողմից փոխառության գումարը ստացած չլինելու փաստի հաստատման տեսանկյունից: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը նշել է, որ բացատրության բովանդակությունից հետևում է, որ նշված քրեական գործը հարուցվել է Արայիկ Գալստյանի դիմումի հիման վրա, և հետաքննիչի հարցերը վերաբերել են բացառապես վերջինիս, հետևաբար Ստյոպա Կարապետյանն իրեն ուղղված հարցերին պատասխանել է միայն Արայիկ Գալստյանի մասով` նկատի ունենալով, որ հետաքննիչին հետաքրքրել է միայն իր և Արայիկ Գալստյանի միջև ծավալված փոխհարաբերությունների բնույթը, որպիսի պայմաններում Ստյոպա Կարապետյանի բացատրությունը դեռևս չի կարող համարվել բավարար ապացույց` Սաթենիկ և Բաբկեն Գալստյանների կողմից փոխառության պայմանագրում նշված գումարը ստացած չլինելու փաստն ապացուցված համարելու համար:
Վերոնշյալ մեկնաբանությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին` Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ քրեական վարույթով հետաքննության ընթացքում անձանց կողմից տրված բացատրությունները քաղաքացիական դատավարությունում դիտվում են որպես ինքնուրույն գրավոր ապացույցներ, որոնք կարող են պարունակել տեղեկություններ և գործում առկա այլ ապացույցների հետ համադրության արդյունքում հնարավորություն տալ դատարանին պարզելու գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:
Վերոգրյալի համատեքստում անդրադառնալով Ստյոպա Կարապետյանի կողմից տրված բացատրությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը. Ստյոպա Կարապետյանն իր բացատրությունում նշել է, որ 2011 թվականի փետրվարին Արայիկ Գալստյանը պարտքով գումար է խնդրել իրենից և այդ գումարի վերադարձը երաշխավորելու համար առաջարկել է իրեն, որ իր ընտանիքի անդամներն իրենց ստորագրություններով հաստատեն փոխառության պայմանագիրը, Արայիկ Գալստյանն իր ընտանիքի անդամների հետ միասին ներկայացել է նոտարական գրասենյակ, որտեղ կնքել են փոխառության պայմանագիր, որով ինքն Արայիկ Գալստյանին տվել է 16.000.000 ՀՀ դրամ: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված տեղեկություններն ուղղակիորեն վերաբերում են սույն գործով պարզման ենթակա հանգամանքներին, այդ թվում նաև` Ստյոպա Կարապետյանի և Սաթենիկ ու Բաբկեն Գալստյանների փոխհարաբերություններին, հետևաբար անհիմն է Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, թե նշված բացատրությունը չի պարունակում արժեքավոր տեղեկություններ` Սաթենիկ և Բաբկեն Գալստյանների կողմից փոխառության գումարը ստացած չլինելու վերաբերյալ:
Բացի այդ, բացատրության ուսումնասիրությունից հետևում է, որ բացատրությունը չի վերցվել բացառապես հարցուպատասխանի ձևով, այլ մինչև հարցուպատասխանին անցնելը Ստյոպա Կարապետյանը պատմողական եղանակով ներկայացրել է ինչպես իր և Արայիկ Գալստյանի, այնպես էլ Սաթենիկ և Բաբկեն Գալստյանների միջև ծավալված փոխհարաբերություններն ու գործողությունները: Ընդ որում, այդ ընթացքում Ստյոպա Կարապետյանը, առանց հետաքննիչի կողմից որևէ հարցադրում կատարելու, հայտնել է, որ Արայիկ Գալստյանն իրենից խնդրել է, և ինքն էլ անձամբ նրան է տվել 16.000.000 ՀՀ դրամը: Ավելին, վիճելի գումարը միայն Արայիկ Գալստյանին հանձնելու փաստը Ստյոպա Կարապետյանը ևս մեկ անգամ պնդել է` պատասխանելով հետաքննիչի հարցին: Վերը նշված հանգամանքի մասին է վկայում նաև Սաթենիկ և Բաբկեն Գալստյանների վարքագիծը փոխառության պայմանագիրը կնքելու պահին և դրանից հետո: Այն է` փոխառության պայմանագիրը կնքելու նույն օրը Սաթենիկ և Բաբկեն Գալստյանների կողմից Ստյոպա Կարապետյանին համապատասխան լիազորագիր տալը և 05.06.2013 թվականին նոտարական կարգով տրված հայտարարությամբ իրենց կողմից 18.02.2011 թվականին տրված լիազորագիրը վերացնելը:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բացատրության մեջ առկա տեղեկություններով և կողմերի դրսևորած հետագա վարքագծով հաստատվում է Ստյոպա Կարապետյանի կողմից վիճելի գումարը միայն Արայիկ Գալստյանին տալու փաստը, որպիսի պայմաններում 18.02.2011 թվականին կնքված փոխառության պայմանագրից բխող իրավական հետևանքներն առաջացել են միայն Ստյոպա Կարապետյանի և Արայիկ Գալստյանի համար:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է Դատարանի այն հետևությունը, որ Ստյոպա Կարապետյանի և Սաթենիկ ու Բաբկեն Գալստյանների միջև բացակայում է օրենսդրի կողմից փոխառության պայմանագրով սահմանած պարտադիր` դրամ հանձնելու պայմանը, այսինքն` Սաթենիկ և Բաբկեն Գալստյանները Ստյոպա Կարապետյանից գումար չեն ստացել, որպիսի պայմաններում էլ Դատարանն իրավաչափորեն փոխառության պայմանագիրը Սաթենիկ և Բաբկեն Գալստյանների մասով ճանաչել է չկնքված, իսկ հայցը բավարարել է միայն Արայիկ Գալստյանից փոխառության գումարը բռնագանձելու պահանջի մասով: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը գործում առկա ապացույցների սխալ գնահատման արդյունքում սխալ եզրահանգման է եկել գործի ելքի վերաբերյալ:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանում է միայն Դատարանի վճիռը` հայցը մասնակիորեն բավարարելու, իսկ հակընդդեմ հայցը բավարարելու մասերով բեկանելու և փոփոխելու, այն է` հայցն ամբողջությամբ բավարարելու, իսկ հակընդդեմ հայցը մերժելու մասերով, նկատի ունենալով, որ Դատարանի վճիռը` վերաքննության կարգով, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկվել են միայն այդ մասերով:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:
Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:
i
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` գույքային պահանջի գործերով առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների համար պետական տուրքը գանձվում է հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից, նույն պահանջի գործերով դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 3 տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի 3 տոկոսի չափով, նույն պահանջի գործերով դատարանի դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքների համար հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից:
i
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները` պետական տուրքի վճարումից ազատում, պետական տուրքի նվազեցում, պետական տուրքի դրույքաչափի նվազեցում, պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում, պետական տուրքը սահմանված ժամկետում բյուջե չգանձելու համար հաշվարկված տույժերի վճարումից ազատում, նվազեցում, դրանք վճարելու ժամկետի հետաձգում:
Սույն գործով վճռաբեկ բողոք բերած անձինք միջնորդել են հետաձգել վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումը, որը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.11.2015 թվականի որոշմամբ բավարարվել է:
Հիմք ընդունելով վերը նշված իրավակարգավորումները, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ սույն գործով վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ հայցը մասնակիորեն բավարարելու և հակընդդեմ հայցը բավարարելու մասերով օրինական ուժ է տրվում Դատարանի 27.03.2015 թվականի վճռին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ստյոպա Կարապետյանից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 500.000 ՀՀ դրամ, որից 480.000 ՀՀ դրամը` որպես գույքային պահանջով (16.000.000 ՀՀ դրամի երեք տոկոսը), իսկ 20.000 ՀՀ դրամը` որպես ոչ գույքային պահանջով վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.11.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրք: Միաժամանակ Ստյոպա Կարապետյանից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 16.000.000 ՀՀ դրամի նկատմամբ սկսած 18.02.2014 թվականից մինչև սույն որոշման կայացման պահը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվելիք տոկոսագումարի երեք տոկոսը` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.11.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրք, որպիսի պետական տուրքի գումարն էլ գույքային պահանջի մասով չպետք է գերազանցի բազային տուրքի հազարապատիկը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.06.2015 թվականի որոշման` ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 27.03.2015 թվականի վճիռը մասնակիորեն` հայցը` Սաթենիկ և Բաբկեն Գալստյաններից համապարտության կարգով 16.000.000 ՀՀ դրամ և դրա նկատմամբ 19.02.2014 թվականից մինչև գումարի վերադարձման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի համաձայն հաշվարկված ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսների գումարը բռնագանձելու պահանջի մասով մերժելու և հակընդդեմ հայցը բավարարելու ու դրանց հետ կապված կողմերի միջև դատական ծախսերի բաշխման մասով բեկանելու և փոփոխելու մասերը և այդ մասերով օրինական ուժ տալ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 27.03.2015 թվականի վճռին:
2. Ստյոպա Կարապետյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 500.000 ՀՀ դրամ, ինչպես նաև 16.000.000 ՀՀ դրամի նկատմամբ սկսած 18.02.2014 թվականից մինչև սույն որոշման կայացման պահը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվելիք տոկոսագումարի երեք տոկոսը` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.11.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրք, որպիսի պետական տուրքի գումարն էլ գույքային պահանջի մասով չպետք է գերազանցի բազային տուրքի հազարապատիկը:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան
Դատավորներ` Տ. Պետրոսյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Ե. Սողոմոնյան